Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանը.ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցի՞ք

հրանտ բագրատյանԱզգային ժողովում 2013-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.- “Ամեն անգամ բյուջեում կարդում ենք բյուջեն հաստատվել է էսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են էսքան, քանի որ եղել են էսքան, բյուջեն պետք ա  լիներ էսքան, կատարվել է այսքանով: Տարօրինակ է, բայց մենք չունենք բյուջեի մի թիվ: Մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ”: Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է մտնի բյուջե: “Եվ ընդհանրապես ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է լինի: Պետության փողերը, մենք, ի դեպ, շատ մեծ պաշտոնյա ենք ունեցել, որը եկավ, դարձավ նախագահ, ասաց.պատկերացնում ե՞ք բյուջեում փող չկա: Բյուջեում փող չպետք է լինի, ընկերներ, պետության փողերը, այ որ Նվագախմբի տղաները ֆիլմի մեջ ասում ա. որտե՞ղ են հանրապետության փողերը, դրանք ԿԲ –ի պահուստում են: Եթե բյուջեում փող կա կամ ծախսեր կան, տակը փող չկա, դա վատ է: Եվ նա է վատ, և նա”: Բյուջեն, ըստ նախկին վարչապետի, պետք է լինի բալանսավորված: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իդեալական պետության մեջ ինչքան փող կա, էնքան էլ ծախս կա: “Արտաբյուջետային ֆոնդերը երբեմն կազմում են եկամուտների տասը տոկոսը, որը թույլ է տալիս կառավարությանը խաղեր տալ: Ինչ բան է արտաբյուջետային ֆոնդը: Եթե նման եկամուտ կա, պետք է մուտքագրվի բյուջե, պետք է նախօրոք պլանավորել: Այդ բոլոր գումարները պետք է փոխանցվեն բյուջե: Երկրորդը՝ պարոն Ջանջուղազյանը նստած է, մի քանի անգամ հանդիպել ենք, մենք պիտի ստանանք բյուջեի հստակ պատկերը: Կատարվել, չի կատարվել ինչի հաշվին: Պարոն Ջանջուղազյանը գտնում է, և ֆինանսների նախարարությունը նույնպես, որ այդպիսի անալիզ հնարավոր չէ: Գոյություն ունի ֆակտորիալ կամ դրայվերներով անալիզ, որով մենք ասում ենք, ասենք թե բյուջեն կատարվել է, ինչքան մասն է կատարվել ինֆլյացիայի հաշվին: Դրա ինչքան մասն է կատարվել տնտեսական աճի հաշվին, ինչքան մասն է կատարվել տնտեսական վարչարարության հաշվին: Հարց եմ տալիս՝ բյուջեն կատարվել է, թե չէ, ոնց եք դատում: Տնտեսական աճը նախատեսված էր 5,2 տոկոս, նախատեսված էր , եղել է 3,5 տոկոս, եղել է, 2,7 տոկոս պակաս, բա դուք ոնց եք բյուջեն կատարել: Ոնց եք բյուջեն կատարել, ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցիք: 3-րդը, որ ուզում եմ ասել, այս տարվա աշնանը լուրջ կռիվ կլինի սրա համար, մենք բյուջեն պետք է հաստատենք հարկերով: Մենք բյուջեն հարկերով չենք հաստատելու: Չենք հասկանում, նույնիսկ եթե բյուջեի ընդհանրական մեկ թիվը նորմալ է պլանավորվածի, դա լավ է, թե վատ: Հարկատեսակների առումով հսկայական տարբերություններ ունենք: Եթե ունենք, ինչու նախօրոք չենք պլանավորում”: Հրանտ Բագրատյանը վստահ է, որ տնտեսվարողը ստաբիլ պետք է իմանա՝ ինչ ֆիսկալ սպասի պետությունից: Իսկ արտաբյուջետային ֆոնդերը, պատգամավորի խոսքով, խեղաթյուրում են բյուջեի պատկերը:

Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

վաչե գաբրիելյանԱյսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է:
Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ: Հայեցակարգի նախագիծը նաև քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի հետ:
Հայեցակարգով, մասնավորապես, նախատեսվում է միջազգային չափանիշերին համապատասխան փոփոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործող ինստիտուցիոնալ համակարգը: Հայեցակարգի հիման վրա ընդունվող իրավական ակտերով նախատեսվում է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման սկզբունքները, գործառույթները, գործունեության կարգը, ինչպես նաև ձևավորել մշտապես գործող, անկախ փորձագիտական հանձնախումբ, որն ապահովելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Հայեցակարգը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Հայեցակարգի դրույթներն իրացվելու են դրա հիման վրա ՀՀ կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան ընդունվող հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի միջոցով:
ՀՀ կառավորության որոշման համաձայն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, նախատեսվելու են հետևյալ չորս բնագավառները՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Հայեցակարգի մշակման փուլում փորձագիտական աջակցություն են տրամադրել մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Նշված կառույցների փորձագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում մասնավորապես քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության նպատակները, խնդիրները, հայեցակարգային լուծումները, արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման նախադրյալները, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար թիրախավորված ոլորտների ընտրության չափանիշները:

Գյումրիում սկսել են նորմալ հարկեր հավաքագրել

գյումրիԳյումրու ավագանին հաստատեց 2013թ. քաղաքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ բյուջեի եկամուտների պլանը շատ մոտ է եղել 100 տոկոսանոց ցուցանիշին, մի բան, որ Գյումրիում երբեք չի եղել: «Բյուջեի եկամուտների պլանը կատարել ենք 99.1%-ով. կարելի է ասել՝ հանրապետությունում ամենափայլուն ցուցանիշն է: Փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 113 մլն 295.5 հազար դրամ: Պլանավորած ծախսերն ամբողջովին չենք կատարել, ունենք նույնիսկ տնտեսում, որի արդյունքում ունեցանք ազատ միջոց, որը տեղափոխել ենք 2014թ. բյուջե»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ բյուջեի կատարողականի առումով այս տարին ևս շատ լավ է սկսվել Գյումրիում. «Փայլուն արդյունք ունեցանք: Եռամսյակը լրանալուց նույնպես փայլուն արդյունք ենք ունենալու՝ 100 տոկոս կատարելու ենք, նույնիսկ գերակատարելու ենք: Այսպիսի նախադեմ Գյումրիում երբեք չի եղել»: Իսկ թե ինչու նախորդ տարվա բյուջեն ևս հարյուրտոկոսանոց կատարում չի ստացել՝ քաղաքապետը դա կապում է մի քանի խնդրի հետ. «Ավելի շատ կկատարեինք, եթե իհարկե կարողանայինք ավտոկայանատեղիների հետ կապված հարցը լուծել, այն հիմա դատական պրոցեսում է: Նաև՝ որոշ տրանսպորտային գծեր պետք է մուծումներ կատարեին՝ չկատարեցին»:

Անկախ

Հրապարակվել է 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարողականը

բյուջե2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամիսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%: ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6%‑ով կամ 1.7 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել  ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել  73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6%‑ով կամ 1.9 մլրդ դրամով:

Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 30.1 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

 

Ֆինանսների նախարարության պարզաբանումը բյուլետենների և պետբյուջեի կրած վնասների վերաբերյալ

ֆիննախԻնչպես Անկախը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով  Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է.

Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար–հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը: Ավելին` մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։
Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թ.-ի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ։
Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս։ Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։
Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։
Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի։
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ:

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչություն
Հ.Գ. Հունվարի 17-ին ֆինանսների նախարարության վերահսողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը մամուլի ասուլիսում ամփոփել էր 2013 թվականի ստուգումների արդյունքները: Նա խոսել էր նախորդ տարի իրականացված բոլոր ստուգումների մասին՝ իրականացված արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում ու դրանց ենթակա այլ կազմակերպություններում, Արարատի, Կոտայքի, Լոռու,Գեղարքունիքի մարզերում, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում, նաև՝ անդրադարձել հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռքբերելու նպատակով պետական աջակցության ծրագրում հայտաբերված չարաշահումներին:

Հրապարակվել է 2013 թվականի պետական բյուջեի 11 ամիսների կատարողականը

ֆիննախ2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 901.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.9%‑ով և 84.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը:

2012 թվականի 11 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 15.1%-ով (126.7 մլրդ դրամ)` նախորդ տարվա 10.8%-ի (82.3 մլրդ դրամի) դիմաց, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 914.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 89.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 15.4%‑ով կամ 122 մլրդ դրամով` նախորդ տարվա 11.8%-ի կամ 83.7 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 224.9 մլրդ դրամ:

Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (69.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.4%-ի (34.8 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 77.0 մլրդ դրամով` տարեկան ծրագրով նախատեսված 33.0 մլրդ դրամի փոխարեն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Կառավարությունը հուշանվերների վրա 5.7 մլն դրամ է ծախսել

կառավարությունՏարեվերջյան հուշանվերների համար ՀՀ Կառավարության աշխատակազմը պետական բյուջեից միայն անցյալ տարվա նոյեմբերին 5.7 մլն դրամ է ծախսել: Սրանք պաշտոնական տվյալներ են, որ հրապարակվել են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, մեկ անձից կատարած գնումների հրապարակումներից պարզ է դառնում, որ, օրինակ, միայն 2013թ. նոյեմբերի 13-ին կառավարության աշխատակազմը 993 600 դրամի պայմանագիր է կնքել «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունն, ի դեպ, կոնյակի ֆիրմային խանութ է, որտեղից նույն ամսվա ընթացքում, 3 օրվա պարբերականությամբ, կառավարությունը ևս 3 անգամ գնումներ է կատարել` նոյեմբերի 15-ին` 441 600 դրամի, նոյեմբերի 18-ին` 159 000, նոյեմբերի 21-ին` 993 600  դրամի կոնյակ գնելով:

Բացի վերոհիշյալ «Ագուլիս Մեկ»-ից, կառավարությունը  նոյեմբերի 15-ին ևս 392 000 դրամի կոնյակ է գնել նաև «Գրեյթ Սակրա» ՍՊԸ-ից, որն ի դեպ, «Գրեյթ Վելլի» ընկերության ֆիրմային խանութն է:

Դրանից 3 օր անց կառավարությունը ևս 528 000 դրամի հուշանվեր-խմիչք է ձեռք բերել նաև տեղական մեկ այլ արտադրող «Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ից: այս ընկերությունը նույնպես գինի- կոնյակ արտադրող տեղական ընկերություն է, որն իր գործունեության 1-2 տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ Կառավարության կողմից արժանացել է տարբեր արտոնությունների և կառավարության ղեկավարի այցելությունների:

Ինչևէ, միայն 2013-ի նոյեմբերին կառավարության գնած հուշանվեր- խմիչքների արժեքը, ըստ այս հրապարակումների, փաստորեն գերազանցում է 3 ու կես միլիոն դրամը: Իսկ թե ու՞մ համար են նախատեսված եղել կոնյակի տեսքով այս հուշանվերները և ի՞նչ արժեք են դրանք ունեցել, կառավարությունը չի հրապարակում:

Բայց «հուշանվերներ» անվան տակ կառավարության աշխատակազմի կատարած ծախսերն այսքանով չեն սահմանափակվում:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2014-ի բյուջեի նախագիծը

666ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2014-ի ֆինանսական տարվա  դաշնային բյուջեի նախագիծը.կողմ է քվեարկել 332 օրենսդիր, դեմ` 96-ը:

Հաջորդ ֆինանսական տարվա վերջին բյուջեի դեֆիցիտը կնվազի 23 մլրդ դոլարով, հայտարարել են դեմոկրատ սենատոր Պետի Մյուրեյը ու հանրապետական-կոնգրեսական Փոլ Ռայանը, որ բանակցություններ էր վարում բյուջեն համաձայնեցնելու ուղղությամբ: Փաստաթղթում  նշվել է նաև, որ 2014-ի ֆինանսական տարում պաշտպանության ծախսերը կկազմեն 520,5 մլրդ դոլար:

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ բյուջեի քննարկում կանցկացնի սենատը: Եթե այն հաստատվի, ապա  նախագիծը կփոխանցվի ԱՄՆ նախագահին` ստորագրման: Միացյալ Նահանգների ադմինիստրացիան վարկենապես արձագանքել է քվեարկությանը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին այն անվանել է “դրական քայլ երկրի  և տնտեսության համար”: Նա նշել է, որ դա միայն առաջին քայլն է,ու կոնգրեսը պետք է ավելի շատ անի ազգային էկոնոմիկայի համար: Նա նշել է, որ երկրին նոր աշխատատեղեր են հարկավոր, իսկ առանց աշխատանքի մնացածներին հատկացվող նպաստի ժամկետը պետք է երկարաձգել:

ՊԵԿ ներկայացուցիչները մտահոգվելու տեղ ունեն

msp-taxesԵկող տարվա բյուջեի նախագիծը, պարզվեց, ՀՀ տնտեսության համար իսկական սթրես–թեստ է լինելու: Ինչպես հիշում ենք, Աժ–ին 2014-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից և 2014-ի ընթացքում  հարկային վարչարարության խստացում ու հարկային բեռի ավելացում չի նախատեսում: «2013 թ. հարկային վարչարարությունը խստացել է, և դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել»,- նշել էր վարչապետը:

 Առհասարակ երկրների բյուջեների եկամուտներն ապահովվում են երկու ճանապարհով` հարկերի միջոցով և տնտեսական գործունեությամբ: Առաջին տարբերակը պարզ է. պետությունը հարկեր, տուրքեր, վճարներ, մաքսեր է հավաքում: Իսկ երկրորդ դեպքում պետությունն ինքն է տնտեսական նախաձեռնություններով հանդես գալիս, օրինակ` գործարան է կառուցում ու շահագործում կամ պետական ընկերություններ է հիմնադրում ու աշխատացնում ու դրանցից ստացված եկամուտներն օգտագործում է իր կարիքները հոգալու համար:

Անկախացումից հետո Հայաստանն ազատականացրեց իր տնտեսությունը և աստիճանաբար պետական հիմնարկ-ձեռնարկությունները, արտադրությունը, հողը հանձնեց մասնավոր հատվածին ու սկսեց հարկեր հավաքելով` բյուջեն կազմավորել: ՀՀ պետբյուջեի մուտքերն այժմ հիմնականում ձևավորվում են հարկերից, տուրքերից ու վճարներից: Այսինքն` որքան շատ հարկեր հավաքվեն, այնքան բյուջեն մեծ կլինի, պետությունը շատ փող կունենա ու ավելի շատ ու մեծ ծրագրեր կկարողանա իրականացնել: Մի խոսքով, հարուստ կլինի: Որպեսզի այդ հարկեր-տուրքերի հավաքումը նորմալ ընթանա, առանց խնդիրների, տվյալ պետությանը ծառայի և դեռ շատանա,  երկու պայման է պետք` տնտեսական աճ և հարկային վարչարարության անընդհատ կատարելագործում: Առաջին դեպքում տնտեսությունը զարգանում ու հզորանում է, ավելի մեծ շրջանառություն է սկսում ունենալ, հետևաբար նաև ավելի շատ հարկեր է մուծում: Իսկ երկրորդ դեպքում հարկային վարչարարության գործիքներով հարկահավաքման գործընթացն այնպես է կազմակերպվում, որ տնտեսվարողները չկարողանան թաքցնել իրենց տնտեսությունների իրական վիճակն ու ավելի քիչ հարկեր չմուծեն, քան պահանջվում է: Կամ ստվերային տնտեսություն  չվարեն: Դրա համար պետությունն անընդհատ  նոր գործիքներ է օգտագործում, նոր միջոցներ ձեռնարկում ու միջոցառումներ է իրականացնում, որպեսզի տնտեսվարողները չհասցնեն նախորդ գործիքի թերություններն ու բացերը յուրացնել ու քիչ հարկեր տալ: Դա կոչվում է պայքար ստվերային տնտեսության դեմ:

Մարտահրավեր ՊԵԿ–ին

Հենց այստեղ առաջանում են հիմնական հարցերը: ՊԵԿ-ում 2014 թ. բյուջեն ռիսկային են համարում, քանի որ դեռևս լուրջ մարտահրավերներ կան հենց հարկերի ճիշտ հավաքման առումով. հարկային արտոնությունները, որոնք տրվում են ՓՄՁ-ին,  պարզվում է` դուր չեն գալիս խոշորներին: Նրանք անմիջապես փորձում են փոխել տնտեսվարողի կարգավիճակը: Արմեն Ալավերդյանն այդ առնչությամբ էր ԱԺ-ում ասում. «Մենք հիմա կիրառում ենք վարչարարության նախկին գործիքները: Եթե մեկ օր, մեկ ժամ վարչարարությունը թուլանա և դա զգա խոշոր հարկատուն, միանգամից եկամուտների ու հարկերի թերհայտարարագրում է լինելու, որովհետև շուկան փոքր է, իսկ մրցակցությունը` մեծ: Խոշոր հարկատուներն անպայման պետք է զգան վարչարարության շունչը»:

Բայց փաստն այն է, որ 2014 թ. հարկային վարչարարության փոփոխություն չի լինելու, տնտեսվարողներն աշխատելու են խաղի նախկին կանոններով թեպետ   նախատեսվում է ևս 100 մլրդ դրամով ավելացնել հավաքվող հարկերի ծավալը:  Կրկնում ենք, դա կարող է կատարվել երկու եղանակով` տնտեսական աճի և ստվերի կրճատման: Սակայն  ստվերի կրճատման համար նոր գործիքներ նախատեսված չեն:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այս առումով նշում է, որ տարիների ընթացքում փորձ է արվել բարձրացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, որը ստվերի տոկոսն է:

«Վաղուց միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում իրականացնում էինք հարկեր -ՀՆԱ հարաբերակցության աճ 0.3-0.4 տոկոսի չափով, իսկ դա այլ բան չի նշանակում, քան ստվերի տոկոսը. վերջին տարիներին մենք իջեցնում էինք ստվերի մակարդակը: Վերջին 1-2 տարվա ընթացքում այդ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճը չափազանց բարձր մակարդակի է, և այս տարվա ավարտին մենք կունենանք 23.1-23.6 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն: Եվ այս իրողությունը մեզ ստիպել է հաջորդ տարի այն 0.3-0.4 տոկոսի աճը չպլանավորել»,- նշում է Գագիկ Մինասյանը

Այսինքն`  եկող տարի տնտեսական զարգացման տեսանկյունից շատ ավելի լավ պայմաններ պետք է լինեն և այդ 100 մլրդ դրամով հարկային եկամուտների աճը պայմանավորված է լինելու դեֆլյատորի և տնտեսական աճի մակարդակներով:

«Մենք ասում ենք, որ տնտեսական աճ ենք ապահովելու և բյուջետային եկամուտներն ապահովելու ենք հիմնականում տնտեսական աճի հաշվին: Պարոն Ալավերդյանն այն միտքը հայտնեց, որ եթե տնտեսական աճ չապահովվի, ապա նշանակում է, որ և՛ հարկ վճարողները, և՛ հարկային մարմինները հայտնվելու են շատ վատ վիճակում»,- լրագրողներին ասել է  ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Ըստ Միրումյանի` եթե տնտեսական աճի հաշվին չապահովվեն եկամուտները, նշանակում է ճնշում կլինի հարկ վճարողների` բիզնեսի նկատմամբ: Այսինքն` եթե  տնտեսական աճի դանդաղում կա, նշանակում է հարկային մարմինները պետք է շատ ավելի ջանքեր գործադրեն, որպեսզի ստվերից շատ ավելի մեծ գումարներ դուրս հանեն:

Ուրեմն հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է այդքան մտահոգված ՊԵԿ-ը: Հիշեցնենք` նախորդ տարի կառավարության կանխատեսումները տնտեսական աճի մասով չիրականացան: Բյուջեն ԱԺ-ին ներկայացնելու ժամանակ Տիգրան Սարգսյանը դա բացատրում էր գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմամբ, շինարարության ոլորտի անկմամբ` պայմանավորված արտաքին ներդրումների նվազեցմամբ:

Եվ ՊԵԿ-ն այս առումով մտահոգվելու տեղ ունի: Որովհետև ՊԵԿ-ում քաջ գիտակցում են, որ ճիշտ ու վստահելի կանխատեսումներ անելու համար հարկավոր են ճիշտ տվյալներ` ճիշտ վիճակագրություն: Քանի որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպես է մեր երկրում վարվում վիճակագրությունը և ինչպես են «ծնվում» թվերը, ապա հարց է առաջանում, թե ինչպես է ապահովվելու տնտեսական աճը և ապահովվելո՞ւ է արդյոք…

Ինչպես երևում է, եկող տարվա պետբյուջեն հարկային եկամուտների հավաքման առումով իսկական սթրես-թեստ է դառնում կառավարության համար, քանի որ եթե կառավարության կողմից ներկայացված բոլոր թվերը «նկարված» լինեն, ապա տնտեսական աճը, եթե լինի էլ, ապա չի լինի այն մակարդակի, որ նախանշված գործընթացներն ամբողջությամբ կյանքի կոչվեն, հարկային վարչարարության նոր գործիքներ էլ չկան, որ ստվերի հաշվին հարկային եկամուտների ավելացման նախանշված թիվն ապահովվի, ու այդ դեպքում թե՛ ՊԵԿ-ը, թե՛ կառավարությունը հայտնվելու են, իրոք, վատ վիճակում:

 

 

2014 թ. բյուջեի մեծ մասը կկազմեն սոցիալական նշանակության ծախսերը

 բյուջե2Ազգային Ժողովում ավարտվեցին ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված նախագծով` 2014 թ. բյուջեում եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 134 միլիարդ 415 միլիոն 568 հազար  դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 244 միլիարդ 945 միլիոն 143 հազար դրամ, և բյուջեի պակասուրդը կկազմի 110 միլիարդ, 534 միլիոն 580 հազար դրամ:

ՀՀ  2013 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 միլիարդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, պակասուրդը` 124 միլիարդ դրամ: Այսինքն` նախորդ տարվա բյուջեի համեմատ մոտ 75 միլիարդ դրամով ավելացել են բյուջետային մուտքերը և մոտ 61 միլիարդով` ծախսերը: 

Տնտեսական առումով` զսպողական, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական բյուջե

Նախագիծն ԱԺ ներկայացնելու ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունն առաջին անգամ ներկայացնում է ծրագրային պետբյուջեի նախագիծ:

«Սա նոր մոտեցում է, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև, ուստի խնդրում եմ այս առումով շատ խիստ չդատել մեզ: Մեր գնահատականներով` առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի ներդնենք ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի որակական հատկանիշներ դնել իրականացվող ծրագրերի մեջ»,- ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ 2013-ի տնտեսական աճի տեմպը դանդաղում է, որը պայմանավորված է բիզնես միջավայրի բարելավման առումով չլուծված խնդիրներով և վերջին հինգ տարիներին ներդրումների կայուն նվազմամբ, մասնավորապես` շինոլորտում: Տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդել է բարձր գնաճային միջավայրը, որը պայմանավորված է 2013 թ. գազի և էլեկտրաէներգիայի շեշտակիորեն բարձրացած գներով, ինչպես նաև պետբյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակը, որը պայմանավորված է ճանապարհաշինարարական  ծրագրերի դանդաղեցմամբ:

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ 2014թ. պետբյուջեի առանձնահատկությունն  այն է, որ այն չի նախատեսում հարկային բեռի ավելացում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվելու:

Պատասխանատուների ներկայացմամբ` 2014 թ. բյուջեով նախատեսվում է պետական կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում, սոցիալական քաղաքականության փոփոխություն, թոշակների բարձրացում, ինչի շնորհիվ մոտ 32 հազար մարդ դուրս կգա աղքատության խմբից, ուժային կառույցների և քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն:

Կառավարության ղեկավարի հավաստմամբ` հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, որովհետև հատկացումներն ավելացվում են կրթության,  առողջապահության և սոցիալական ոլորտում:

Ընդհանուր առմամբ` բյուջեից  սոցիալական պաշտպանության համար կծախսվի բյուջեի 29.08%-ը, տնտեսական հարաբերությունների համար` 9.3%-ը, կրթության համար` 9.8%-ը, պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 15.6%-ը, առողջապահությունը` 6.45%-ը, հասարակական կարգի պահպանման ծախսերը` 6.6%-ը, կոմունալ-շինարարությունը` 2.5%-ը, մշակույթին ու հանգստին կհատկացվի բյուջեի 1.7%-ը, շրջակա միջավայրի պաշտպանությանը`  0.4%-ը: Ընդհանուր բնույթի հանրային ծախսերը կկազմեն բյուջեի 16.97%-ը և պահուստային ֆոնդերի համար նախատեսված է 1.6%-ը:

բյուջեԵկող տարվա համար կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2%-ի աճ, ինչն, ի դեպ, համապատասխանում է  նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել էր, որ 2014-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի շուրջ 5,3%:

Անդրադառնալով  2014 թ. բյուջեի նախագծին` տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ  տնտեսական նշանակության առումով բյուջեն ունենալու է զսպողական ազդեցություն, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական:

«Սոցիալական ուղղություններով կառավարությունը ծախսերն ընդլայնել է, սակայն մարդկանց եկամուտների վրա հարկումը խստացրել է և հնարավոր է, որ որոշ խավեր ոչ թե բարելավում, այլ ընդհակառակը` վատթարացում զգան: Ընդհանուր առմամբ կառավարությունը նախատեսում է մեկ տոկոսով ՀՆԱ-ում ավելացնել  հարկային կշիռը, ինչը նշանակում է հարկային քաղաքականության խստացում և՛ քաղաքացիների, և՛ բիզնեսի նկատմամբ: Չնայած վարչապետը հայտարարում էր, որ խստացումներ չեն լինի, սակայն եթե ուշադիր կարդանք բյուջեի նախագիծը, կտեսնենք, որ իրականում հարկային առումով խստացումներ կան»,- ասաց Սամվել Ավագյանը:

 Ավելի լավատեսական բյուջեներ էլ են եղել` «տխուր» ճակատագրով

Ինչպես հիշում ենք, 2013 թ. գազի գինը բարձրացավ, և ընդամենը օրեր առաջ կառավարությունը որոշեց 2014-ից գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները կտրել: Անդրադառնալով գործազրկության նպաստների վերացմանը` վարչապետն ԱԺ-ում ասել էր, որ այդ համակարգը խիստ անարդյունավետ էր. «Ֆինանսական միջոցների 94 տոկոսը չէին հասնում շահառուին: Այս համակարգն աղքատ երկրների համար անարդյունավետ է: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 18 հազար նպաստները ստանում էին ապահով մարդիկ: Մեր խնդիրն է` բացահայտել աշատանք փնտրողներին և աջակցել նրանց»,- ընդգծեց նա:

Մի խոսքով` բյուջեից արդեն պետք է միջոցներ հատկացվեն ոչ թե գործազուրկներին նպաստ ապահովելու ծրագրին, այլ տնտեսությունը զարգացնելու, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն ու բազմաթիվ գործազուրկները կարողանան աշխատանք գտնել: Եվ ի սկզբանե ամենահետաքրքիր հարցերից էին, թե բյուջեում ինչպես կարտացոլվեն այդպիսի ծրագրերը: Փաստորեն` 2014 թ. բյուջեով նախատեսվում է ընդամենը մոտ 2.4 մլրդ դրամ ուղղել տնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծախսերին:

«Փոքր ու միջին  բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, անկախ հայտարարություններից, քանի որ կոռուպցիան ու հավասար մրցակցության պայմանները ամենևին էլ չեն փոխվում և ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունենք վատացման միտումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով 2014 թ. բյուջեին:

Երկրորդ հետաքրքրող հարցը. գազի գնի բարձրացման ժամանակ կառավարությունը նշում էր, թե գնի 20%-ը կսուբսիդավորվի: Եվ այժմ հետաքրքիր է, թե գազի գնի սուբսիդավորման համար կառավարությունը որքան միջոցներ է նախատեսել: Սակայն պարզվեց, որ 2014 թ. պետբյուջեով գազի գնի սուբսիդավորում նախատեսված չէ, քանի որ, ինչպես ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ և ռուսական կողմը պատրաստ է թեթևացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30% մաքսատուրքը:

Բյուջեն «լոմբարդային» է համարում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա տպավորությունն այնպիսին է, որ ամբողջ  գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, վարկերի, բրոքերների և այլն:

«Միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013 թ. բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, ու իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7%-ը չապահովելը: Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով` հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումներն ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013 թթ. ցուցանիշների ճակատագրին:

Պետական բյուջեն շարունակվում է կատարվել հավելուրդով. ՖՆ

Պետական բյուջե ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց պետբյուջեի ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվության արդյունքները, ըստ որի եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Տիկին Զարգարյանի պարզաբանմամբ, քանի որ 8 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ ութ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 88.4 և 81.8 տոկոսով:

Բյուջեի եկամուտներն աճել են 18.5% ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա ութ ամիսներին  պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.7% ով կամ 103.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրված մեկ միասնական հարկի` եկամտային հարկի աճով և նոր ներդրված շրջանառության հարկի մուտքերով:

Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետը հավաստեց՝   պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի,  պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած  պարտավորությունների ամբողջ ծավալով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 590.2 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով  7.9%-ով կամ 43.3 մլրդ դրամով:

Գ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Կառավարությունը ձեռնամուխ է լինում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը

10692_am_6Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Ըստ նախնական տարբերակի 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:
Կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության և փորձագիտական խմբի գործունեության ապահովման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանձնանշանի և կարգախոսի մրցանակային ֆոնդի, ինչպես նաև պետական հանձնաժողովի գործունեության պաշտոնական կայքէջի պատրաստման նպատակով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացնել շուրջ 24.5 մլն դրամ:

Կատարելագործվում է ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտը

Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2012թ փետրվարի 2-ին: Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում, հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները, առաջ են եկել կիրառական մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմք: Ազատ տնտեսական առաջին գոտին ստեղծվել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սույն որոշումը կոչված է կատարելագործել շենքում կամ շենքի որևէ հատվածում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությունը կարգավորող իրավական դաշտը:
Կառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ կողմից ավելի վաղ ընդունված որոշման համաձայն ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքի ժամկետը և ապրանքների ցանկը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցվող 5 հեկտար ջերմոցային տնտեսության համար կատարում է ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում, ինչի շնորհիվ տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Կստեղծվի 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով մոտ 100 աշխատատեղ:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, գործադիրը նպատակ ունի ստեղծել թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպաստավոր պայմաններ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված երկրորդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի ինը հենակետի և բարձունքային ցանցի տասնմեկ հենանիշի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունը որոշել է ներդրումային ծրագիրն իրականացնող կազմակերպությանը տրամադրված միջոցներից ավելի քան 12 մլն դրամը նախատեսել նշված աշխատանքների համար:

Ստեղծվում է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Կառավարության որոշմամբ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերի դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց միջոցով կապահովվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ տրամադրվող` գործունեության տեսակների անվանումները ներառող տեղեկությունների ավտոմատ մշակումը և իրացումը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը հստակեցրել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրության մի շարք դրույթներ`ապահովելով հիմնադրամի արդյունավետ գործունեությունը:

Հստակեցվում է խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման կարգը: Փոփոխությունների նպատակը խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակի հստակեցումն է և ընդհանուր տիպի և հատուկ տիպի տուն-ինտերնատ ընդունվող քաղաքացիների տարանջատումը: Որոշման մեջ, որպես սոցիալական վերականգնման միջոց, ավելացվել է «աշխատանքային թերապիայի» դրույթը: Ակնկալվում է, որ այս ամենը կնպաստի սոցիալական պաշտպանության հաստատություններում տարեց և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը:
Նիստում սահմանվել են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել գիշերօթիկ կամ երկարօրյա պայմաններում կրթություն ու դաստիարակություն ստացող երեխաների իրավունքները:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է հատուցման դեպքի ի հայտ գալու պարագայում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիության ամբողջական գործընթացը և տեղեկությունների փոխանակումը:

Համալրվում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը

ՀՀ կառավարությունը հաստատել է`

-2013թ. ՀՀ ԿԱ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական հինգ միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները,
-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013թթ. դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013թ. ընթացքում նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 2 մլն դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրին»:
Գործադիրը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված 3,5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը` տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրական գործընթացի կազմակերպման համար նախատեսված կնիքների, դրոշմակնիքների պատրաստման, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրության աշխատանքներն իրականացնում է բանակցային ընթացակարգով, քանի որ ընտրական օրենսգրքով այդ աշխատանքների համար սահմանվել են խիստ որոշակի ժամկետներ:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքում ամրագրել այն դրույթը, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարք` եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Խնդրի առնչությամբ իր դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանը: Կառավարությունն օրինագծի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կառավարության որոշմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրվել է միջուկային նյութերի արտահանման արտոնագիր, որով հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ներկայումս ԱԷԿ-ում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները, որոնք ԱԷԿ են ներկրվել 1979 և 1987 թվականներին և առկա թերությունների պատճառով չեն օգտագործվել:
ՀՀ կառավարությունը որոշել է 2005թ. հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությամբ ամրագրված պարտավորությունների իրականացման իրավասու մարմիններ նշանակել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն` իրենց իրավասությունների շրջանակներում:

Միջնաժամկետ հիմնական ծախսերն ուղղվելու են թոշակներին ու աշխատավարձերին

ծախսԱռհասարակ, յուրաքանչյուր երկրում կարևոր տեղ է հատկացվում տվյալ երկրի միջնաժամկետ ծախսային ծրագրերին: Դա կարևոր է այնքանով, որ ցանկացած բյուջետային ծրագիր հետապնդում է 1 տարվա նպատակների իրականացում: Սակայն կան բազմաթիվ, հատկապես կապիտալ բնույթի միջոցառումներ` ծախսեր, որոնք ոչ թե 1 տարվա պլանավորում են պահանջում, այլ շարունակական բնույթ ունեն: Այդ առումով չափազանց կարևոր է միջնաժամկետ ծախսային ծրագրերի ինստիտուտը, և հասկանալի է, որ դա պետք է երկրում իրականացվող շարունակական ծրագրերի իրականացման ժամանակ  ծառայի ծրագրերի կայունությունը, ռիթմիկությունը, շարունակականությունն ապահովելուն: Այսինքն`  միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ըստ էության, կարևոր է աշխարհի ցանկացած երկրում բյուջետային համակարգի արդյունավետությունը բարձր պահելու համար:

Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում, համենայն դեպս` «բյուջետային համակարգի մասին» օրենքով: Ու հենց օրենքին համապատասխան էլ կառավարությունը ներկայացնում է միջնաժամկետ ծախսային ծրագիր: Այդպիսի մի ծրագիր էլ` «2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», կառավարությունը հաստատեց իր  անցյալ նիստի ժամանակ: Հայաստանում այն խնդիրներն ու նպատակները, որոնք անհետաձգելի են եղել, գերխնդիրներ ու գերնպատակներ են հետապնդել և պահանջել են շարունակական բնույթ, ծախսային ծրագրում ունեցել են իրենց արտացոլումը և հնարավոր այն ֆինանսական մակարդակները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերն իրականացնելու համար: Այդպես է ներկայացրել գործադիրը:

Հայաստանում այնքան ծրագրեր են տապալվել կամ այլ ուղիով ընթացել, որ ակամա հարց է առաջանում` արդյոք այս անգամ ներկայացված ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր երկրի համար գերակա համարվող խնդիրների լուծման անհրաժեշտությանը. «Որպես կանոն, փոքր-ինչ շեղումներով, տարբեր տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերը համապատասխանել են այն բոլոր խնդիրներին, ինչը որ դրված է եղել: Այս ծրագիրը ևս իրատեսական է: Իրատեսականության հարցում կարող եք չկասկածել, այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կարող է պատահել, չկարողանա այդքան ծավալի հատկացումներ ապահովել»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոլոր դեպքերում, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ներկայացման մեխանիզմն այնպես է նախատեսված, որ գործում է հանձնաժողով, որտեղ կոլեգիալության սկզբունքով նշվում են գերակա խնդիրները, հիմնական ուղղությունները, և հնարավոր հատկացումների ծավալը գնահատելով, ինչպես նաև գնահատելով տվյալ տարվա համար պետական բյուջեի հնարավոր մուտքերը` կազմվում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

«2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իհարկե, համապատասխանում է այն խնդիրների ու հարցերի լուծման տրամաբանությանը, որոնք այսօր լուծում են պահանջում: Այլ բան է` դրանք արդյունավե՞տ կիրականացվեն, թե՞ ոչ, բայց համապատասխանության հարցում կասկածել պետք չէ: Իհարկե, ՀՀ միջոցները ամենազանազան ծրագրերի նախագծերի համար միշտ էլ բավարար չեն, մենք չունենք մեծ հնարավորություններ, բայց ինչ վերաբերում է չափաքանականերին, ուղղորդումներին` տարիների կտրվածքով, բնականաբար, դրանք հետապնդում են ավելի գերակա խնդիրների իրականացում և հատկապես ուղղվում են նման լուծումներ պահանջող  տեղամասեր»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Կառավարությանը ներկայացնելով ծրագրի հիմնական թվերն ու ուղղությունները` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես 2014 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6.9 տոկոս աճ, շուրջ 10 տոկոս նոմինալ աճ` 2015 թվականին և շուրջ 11 տոկոս` 2016 թվականին: Այս աճերի պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների գումարը 2014 թ. կկազմի 1 տրիլիոն 146 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.63 տոկոսը: Ընդ որում`113 միլիարդ դրամով ավելացման մեծ մասը (շուրջ 110 միլիարդ դրամի չափով` 2013 թվականի համեմատ) տեղի է ունենալու հարկային եկամուտների հաշվին:

«Նմանատիպ աճեր 2015 և 2016 թ2. նույնպես նախատեսված են. 116 միլիարդ հարկային եկամուտների աճ 2015 թ. և նմանատիպ սկզբունքով հաշվարկ` նաև 2016 թ. համար: Հիմնական սցենարով հարկերի հավաքագրման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի միջինը 0.3 տոկոսի չափով: Ըստ այդմ` նաև ծրագրված են պետական բյուջեի ծախսերը, որոնք 2014 թ. համար կկազմեն 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93 տոկոսը,  այլ կերպ ասած` 2013 թ. համեմատ աճը կկազմի շուրջ 105 միլիարդ դրամ: Նմանատիպ ծախսերի նախատեսում արված է նաև 2015 և 2016 թթ. համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

Առաջիկա երեք տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական շեշտադրումները վերաբերում են երկու խոշոր ծախսային հոդվածներին: Առաջինը աշխատավարձերի բարձրացումն է, քանի որ ենթադրվում է, որ 2014 թ. հունվարի 1-ից հանրային բոլոր բնագավառներում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ` տարբեր չափերով,  դա կկազմի շուրջ 51 միլիարդ դրամի ծախս: Դրանից բացի, քանի որ հունվարի 1-ից սպասվում է նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացում մինչև 50 հազար դրամ, ապա ևս 10 միլիարդ դրամ կուղղվի աշխատավարձերի այդ բարձրացմանը:

«Ընդհանուր առմամբ` մենք ունենք 240 միլիարդից ավելի աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից: Աճը հաջորդ տարի կկազմի 60 միլիարդ կամ շուրջ 40 տոկոս: Բայց դա միջինացված է, քանի որ տարբեր սանդղակներով, տարբեր աշխատատեղերի համար ու տարբեր սկզբունքներով է կատարվելու»,- նշեց ֆինանսների նախարարը:

Ծախսերի ավելացման հաջորդ խոշոր ուղղությունը կենսաթոշակներն են: Մի կողմից` շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում` պայմանավորված այն հանգամանքով, որ 2014 թ. ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը, որով քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի 5 տոկոսի չափով գումար փոխանցել իրենց անձնական հաշիվներին որպես ապագա կենսաթոշակ, իսկ պետությունը ևս 5 տոկոսի չափով մասնակցելու է այդ կուտակմանը: Ուստի այդ ծրագիրը շուրջ 20 միլիարդ դրամ է պահանջելու: Դրանից բացի, ծախսեր են լինելու սոցիալական ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ կենսաթոշակային ծախսերը, բացի կուտակային համակարգի ծրագրից, կազմելու են շուրջ 37.7 միլիարդ դրամ: Կան այլ ուղղություններ ևս: «Օրինակ` պաշտպանության, գիտության ֆինանսավորման ավելացումը և մնացած բոլոր հոդվածները, որոնք, որպես սկզբունք, վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես ավելացվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Այս ծրագրին չի հավատում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը: Նա նույնիսկ չուզեց խոսել կառավարության որևէ ծրագրի մասին. «Ի՞նչ կարելի է սպասել այս կառավարությունից, թող նրանք օֆշորներում իրենց փողերը լվան»,- ասաց նա:

 

Վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է 2012-ի բյուջեի կատարման արդյունքները

10427_am_5ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ.

«Հարգելի պատգամավորներ,
հարգելի գործընկերներ,
Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր դրույթների վրա, որոնք բնութագրում են 2012 թվականի պետական բյուջեի կատարողականը: Առաջին հերթին ես կանդրադառնամ մակրոտնտեսական միջավայրին և տարեվերջյան ցուցանիշներին: Կարևոր է ընկալելու, թե պետական բյուջեի իրականացումն ինչպիսի միջավայրում է եղել ու նաև այդ միջավայրն ինչպես է նպաստել տնտեսական աճին:
2012 թ. փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության վերականգնման նախորդ տարիների միտումը տարվա ընթացքում շարունակվել է՝ հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի զգալի բարելավմանը: 2012 թ. արտաքին միջավայրում, այնուամենայնիվ, եթե համեմատենք 2011 թ. հետ, ապա որոշակի վատթարացում էր ապրել, քանի որ գործընկեր երկրներում գրանցվեց ավելի ցածր տնտեսական աճ, իսկ մետաղի գները միջազգային շուկաներում նվազման միտում ունեցան: Կարելի է փաստել, որ 2012 թ. տնտեսական աճի բարձր տեմպը գերազանցապես պայմանավորված է եղել ներքին տնտեսությանը բնորոշ գործոններով և կառավարության նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականությամբ:
Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2012 թ. գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը: Ուրախալի է, որ տնտեսական աճի համար շարունակում է առաջնորդող լինել տնտեսության արտահանելի հատվածը, թիրախ, որ կառավարությունը նպատակադրել էր 2009 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Այստեղ տեղին է հիշատակել դեռևս 2011 թ. դեկտեմբերին կառավարության կողմից հաստատված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ հաստատված գործողությունների մեկնարկը: Մենք տեսնում ենք, որ 2012 թ. այդ գործողությունների ծրագիրը տվել է դրական արդյունքներ: Մասնավորապես, տնտեսական աճին շարունակում է դրական նպաստում ունենալ 7 տոկոսային իրական աճ արձանագրած արդյունաբերության ճյուղը՝ 2012 թ. 7,2 տոկոսի մեջ ապահովելով 1,2 տոկոսը: Իր հերթին, արդյունաբերության աճին դրական նպաստում է ունեցել մշակող արդյունաբերությունը, որին բաժին է ընկել արյունաբերության բարձր աճի 1,9 տոկոսային կետը: Հանքագործական արդյունաբերությունը ևս շարունակել է աճի բարձր տեմպերը և այդ տեմպերը կազմել են 16,7 տոկոս: Թեև մետաղների գներն այդքան էլ նպաստավոր չեն եղել ճյուղի համար, հանքագործական արդյունաբերությունն ընդհանուր արդյունաբերության աճին նպաստել է 2,7 տոկոսով: 2012 թ. արդյունքներով՝ արդյունաբերությունն էական նպաստում է ունեցել արդյունաբերության ներսում էլեկետրականության և ջրամատակարարման ավելացված արժեքի բարձր մակարդակների ապահովման գործում, և նրանք նախորդ տարվա համեմատ աճել են 9,4 և 21,7 տոկոսներով:
Արդյունքում՝ 2012 թ. տարեվերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է 17,2 տոկոս՝ մինչճգնաժամային 2008 թ. 13,3 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա՝ հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի:
Երկրորդ ոլորտը գյուղատնտեսությունն էր, որտեղ երկրորդ տարին անընդմեջ մենք արձանագրում ենք աճի բարձր տեմպեր: 2012 թ. այն կազմել է 9,5 տոկոս և 1,9 տոկոսով նպաստել է ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշին: Ճյուղը կրել է ինչպես կառավարության կողմից նախաձեռնված գյուղատնտեսության և հատկապես բուսաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի, այնպես էլ բարենպաստ բնակլիմայական պայմանների ազդեցությունը: Մասնավորապես, կառավարությունը 2011 թ. ձեռնարկեց մի շարք ծրագրեր, վարկերի տոկոսադրույքների լայնածավալ սուբսիդավորման ծրագիրը, որի արդյունքնում 2012 թ. տրամադրվել է 14 մլրդ 760 մլն դրամի վարկային միջոց: Շնորհիվ պետական բյուջեից հատկացված 568 մլն դրամ սուբսիդիայի՝ վարկերը տրամադրվել են շուկայականից էապես ցածր՝ 8-10 տոկոս տոկոսադրույքով: Երկրորդ, պետք է նշել գյուղացիական տնտեսություններին արտոնյալ գներով պարարտանյութերի և վառելիքի մատակարարման ծրագրերը: Պարարտանյութերի համար 2012 թ. տրամադրվել է 1 մլրդ 433 մլն դրամ սուբսիդիա, որի արդյունքում գյուղացիներին մեկ պարկը 6 հազար դրամ մատչելի գնով հատկացվել է 30 հազար տոննա ազոտական պարարտանյութ: Վառելիքի սուբսիդավորման համար տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ, ինչի արդյունքում մեկ լիտրը 350 դրամով գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 21 մլն 648 հազար լիտր դիզելային վառելիք: Ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի միջոցով 7 հազար 400 շահառուի հատկացվել է շուրջ 3 հազար 400 տոննա սերմացու: Ծրագրի իրականացման արդյունքում 2012 թ. ցորենի ցանքերի քանակն ավելացել է շուրջ 17 հազար հեկտարով: Աշնանացան ցորենի համախառն բերքը 2011 թ. կազմել է 211 հազար տոննա, իսկ 2012 թ. 234 հազար տոննա:
Հաջորդը՝ տոհմային երինջների ներկրման ծրագիրն է. 466 մլն դրամով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 485 գլուխ տոհմային բարձր արտադրողականության երինջ և բաշխվել 24 տնտեսվարող սուբյեկտների: Վերոհիշյալ ծրագրերի իրականացման արդյունքում բուսաբուծության համախառն թողարկման իրական աճը կազմել է 14 տոկոս՝ ապահովելով գյուղատնտեսության տարեկան աճի հիմնական մասը: Այստեղ ևս պետք է փաստել, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային 2008 թ. 16,3 տոկոսից աճել է՝ 2012 թ. կազմելով 19 տոկոս:
Ծառայությունների ոլորտում նախորդ տարվա համեմատ այս տարի ունեցել ենք աճի տեմպերի արագացում և այն կազմել է 6,5 տոկոս՝ 2011 թ. 4,7 տոկոսանոց աճի փոխարեն: Կարելի է նշել, որ վերջինս շարունակել է հանդիսանալ տնտեսության աշխուժացման շարժիչ ուժերից մեկը և 7,2 տոկոսանոց աճի մեջ նրա մասնաբաժինը կազմել է 2,5 տոկոսային կետ, ընդ որում, եթե նայենք ծառայությունների ոլորտի կառուցվածքին, ապա ամենամեծ նպաստումը ծառայությունների ոլորտի իրական աճին ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 2,4 տոկոսային կետով, իսկ վերջինս սպասարկում է նաև տնտեսության արտահանելի հատվածին: Արդյունքում՝ ծառայությունների մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային տարվա՝ 2008 թ. 33 տոկոսի փոխարեն 2012 թ. կազմել է շուրջ 40 տոկոս:
Տնտեսությունում հաշվետու տարվա ընթացքում դրական կարելի է համարել նաև այն, որ նկատվում է շինարարության ճյուղի կայունացում: Առաջին անգամ 2012 թ. մենք արձանագրեցինք, որ այն բարձր անկման տեմպերը, որ կային շինարարության ոլորտում, ոչ միայն դադարեցին, այլև մենք 2012 թ. գրանցեցինք 3,3 տոկոս աճի ցուցանիշ: Աճին մեծապես նպաստել են բնակչության կողմից ֆինանսավորվող շինարարական ծավալները՝ արձանագրելով 26,7 տոկոս աճ: ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինն ի տարբերություն գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտի, էապես նվազել է՝ 2-ից ավելի անգամ, 25,3 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշից իջնելով 12,2 տոկոս ցուցանիշի:
Թեև փոքր-ինչ դանդաղ, տնտեսության արտաքին հատվածում ևս դրական ձեռքբերումներ են արձանագրվել: Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է 0,3 տոկոսային կետով, ընդ որում, 2012 թ. խթանելով արտահանելի հատվածի աճը՝ արձանագրել ենք արդյունաբերության և գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցուցանիշների բարելավում: Արտահանման աճին նպաստել է նաև ընթացիկ հաշվի բարելավումը: Տարվա արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում աճել է՝ կազմելով 25 տոկոս, մինչճգնաժամային ցուցանիշը կազմում էր 15 տոկոս: Սա վերջին 4 տարիների ընթացքում մեր գրանցած ամենակարևորագույն արդյունքներից մեկն է:
2012 թ. հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններն իրականացվել են կոորդինացված ձևով, արդյունքում՝ մենք արձանագրել ենք 3,2 տոկոս գնաճ, որն ամբողջությամբ գտնվում է մեր կողմից թիրախավորված ցուցանիշի միջակայքում: Ձևավորված գնաճային ցածր միջավայրին նպաստել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բարձր աճը: Հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումը եղել է բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված: Ընդ որում, մի կողմից նպատակ է դրվել չհակազդել տնտեսական վերականգնմանը, մյուս կողմից մակրոտնտեսական կայունության նպատակադրմամբ պայմանավորված ապահովել արդյունավետ պարտքի կառավարում և պակասուրդի աստիճանական կրճատում, ինչպես նաև հավաքագրել հարկային եկամուտներ՝ հիմնականում ստվերային տնտեսությունը կրճատելու ճանապարհով:
Հատկանշական է, որ արձանագրվել է հարկերի հավաքագրման աննախադեպ բարձր մակարդակ՝ շուրջ 22 տոկոս, բարելավելով նախորդ տարվա մակարդակը 1,4 տոկոսային կետով: Զուգահեռաբար գրանցվել է արտաքին պետական պարտքի մակարդակի կայունացում, իսկ պետական պարտքի կայունության խաթարման ռիսկերը միջնաժամկետ կտրվածքով այս պահի դրությամբ հավասարակշռված են:
Կարևոր է նաև պետական բյուջեի ժամանակին և ամբողջական կատարումը: Այսպես, Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեով ծրագրավորված 4,2 տոկոս տնտեսական աճի պայմաններում ծրագրավորվել էր ստանալ 911 մլրդ դրամի եկամուտներ, որից 895 մլրդ դրամը սեփական եկամուտների, իսկ 16 մլրդ դրամն արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված ճշգրտումները՝ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ 33 մլրդ դրամով, այսինքն՝ 3,6 տոկոսով մենք ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը և այն կազմել է 944 մլրդ դրամ, որից 922 մլրդ դրամը սեփական եկամուտների հաշվին, իսկ 22 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհների գծով: Հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների տարեկան ծրագիրը կատարվել է հարյուր տոկոսով:
2012թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 93,4 տոկոս կամ 1 տրիլիոն 6 մլրդ դրամ: Շեղումը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսած միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաև այն մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով: 2012թ. սոցիալական պաշտպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվեցին և խորացան: 2011թ. նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը բարձրացվել էր նախկին 10500 դրամի փոխարեն` կազմելով 13000 դրամ: 2012թ. առաջին անգամ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման նպատակով մենք ծախսել ենք 12 մլրդ դրամ: Շուրջ 4 մլրդ դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով: 2012թ. պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 2 տոկոսը` 19 մլրդ դրամ, այս աճի պայմաններում, սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորումն արձանագրել է զգալի աճ`13,9 տոկոս կամ 35 մլրդ դրամ, որը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթի հատկացմամբ, կենսաթոշակների, նպաստների, միանվագ դրամական օգնությունների ծավալների աճով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության տրամադրված վարկային միջոցների հաշվին, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով միջոցների հատկացմամբ: Արդյունքում` սոցիալական պաշտպանության ծախսերի բաժինը համախառն ներքին արդյունքում 2012թ. 1,1 տոկոսային կետով գերազանցել է կառավարության ծրագրով ամրագրված թիրախը, և այն այսօր համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 7,3 տոկոս:
Կրթության և առողջապահության ոլորտում 2012թ. ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացում է տեղի ունեցել. այսինքն`ֆինանսավորման պահպանման կամ որոշակի նվազեցման շրջանակներում հիմնականում շեշտադրում է եղել ծառայությունների որակի և մատչելիության արդյունքների բարձրացման ուղղությամբ: Պետբյուջեի միջոցներից պետպատվերի շրջանակներում միայն 2012թ. առողջապահական օգնություն է ստացել 293 հազար քաղաքացի: Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության շրջանակներում 52 հազար երեխա ստացել է առողջապահական խնամք:
2012թ. ենթակառուցվածքներում կատարված ներդրումների տեսանկյունից առանձնահատուկ են ճանապարհային տնտեսությանը հատկացված միջոցները: Այս ոլորտին պետբյուջեից տրամադրվել է 29 մլրդ դրամ, որը 19 տոկոսով ավելի է 2011թ. ցուցանիշից: 2012թ. ընթացքում վերանորոգվել և կառուցվելէ 182 կմ ճանապարհ: 2012թ. սեպտեմբերին մեկնարկել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացումը, և արդեն իսկ 2012թ. ծախսվել է 7մլրդ դրամ:
Կառավարության կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտի կապիտալ շինարարություն: Արդյունքում նորոգվել և կառուցվել է 178 կմ խմելու և կոյուղու ջրագիծ, 60 խմելու ջրի պոմպակայան, 10 խմելու ջրի ջրամբար, 75 կմ ոռոգման ջրագիծ և ջրատար, 30 ոռոգման ջրի պոմպակայան, 5 ոռոգման ջրի ջրամբար, 44 կմ դրենաժ, 31 կմ մայր ջրանցք:
Հաջորդ կետը դա գործարար միջավայրի բարեփոխումների խնդիրն էր: 2012թ. ցուցանիշը, որը մենք արձանագրել ենք, դա Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թ. զեկույցն է, որով Հայաստանի վարկանիշը բարելավվել է 18 կետով, և այսօր մենք զբաղեցնում ենք 185 երկրների շարքում 32-րդ տեղը: Բարեփոխումները ներառել են հետևյալ ոլորտները` բիզնես սկսելու գործընթացի պարզեցում և բարելավում, հարկային և մաքսային վարչարարության մեջ էլեկտրոնային հաշվետվության ներդրում, ինչպես նաև հաշվետվությունների և վճարումների հաճախականության կրճատում, շինարարական թույլտվությունների ստացման պարզեցում, էլեկտրականության միացման գործընթացների և ժամկետների կրճատում և պարզեցում, սեփականության գրանցման պարզեցում, վարկերի ստացման գործընթացի պարզեցում, ներդրողների պաշտպանվածություն, կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու գործընթացի պարզեցում:
2012թ. շարունակվել են պետական կառավարման մարմիններում ներքին աուդիտի ներդրման աշխատանքները և այս պահի դրությամբ արդեն 52 պետական կառավարման մարմիններում և Երևան քաղաքում ներդրվել է ներքին հսկողության համակարգ:
2012թ. սկսվել է կառավարությանն անընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը: Այսօր կադաստրի համակարգում գործարքը գրանցվում է առավելագույնը 3 օրում`նախկինում նվազագույնը 7 օրվա փոխարեն:
2012թ. գործարկել ենք նաև պետական բոլոր վճարների էլեկտրոնային եղանակով վճարումների իրականացման համակարգը: Այսպես, արդեն 2012թ. 2500 քաղաքացի իր պետական տուրքը կամ վճարումն իրականացրել է ոչ թե որևիցե բանկի, այլ հեռախոսի կամ համացանցի միջոցով: Սա շատ հեռանկարային համակարգ է, և 2013թ. ակնկալում ենք, որ ծավալները կտրուկ կաճեն:
2012թ. գործարկվել է նաև կառավարությանն առընթեր Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Համակարգի ներդրման արդյունքում այսօր ավտոմեքենայի գրանցումը միջինում փաստացի տևում է 24 րոպե, իսկ քաղաքացիները հնարավորություն են ստացել վարորդական իրավունքի վկայականներ ստանալիս չներկայացնել բազմաթիվ տեղեկանքներ:
2012թ.-ից սկսվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրումը: Արդեն իսկ տրամադրվել է 60 հազար նույնականացման քարտ: Վերջիններս հետագայում կփոխարինեն ինչպես վարորդական վկայականներին, այնպես էլ առողջապական ապահովագրական քարտերին:
Կառավարությունը հետագայում նույնպես հետևողականորեն ընդլայնելու է էլեկտրոնային կառավարման գործիքակազմը և արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևորագույն ծրագրեր, ինչպիսիք են` քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային հյուպատոսության համակարգ, էլեկտրոնային առողջապահության համակարգ, վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ և այլն: Այս աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին:
2012 թ. պետական բյուջեն կատարվել է 59 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 132 մլրդ դրամի 45 տոկոսը: Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2012թ. կազմել է 1,5 տոկոս` ծրագրավորված 3,1 տոկոսի փոխարեն: Իսկ 2011թ., հիշեցնեմ, որ այն կազմում էր 2,8 տոկոս:
2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն դոլար, դա կազմում է ՀՆԱ-ի 37,7 տոկոսը` 2011թ. 1 տրիլիոն 376 մլրդ դրամի կամ 3 մլրդ 568 մլն դոլարի փոխարեն: Այս պարտքի 594 մլն դոլարը Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են, և 254 մլն դրամը դա ներքին պետական պարտքի անվանական արժեքն է:
Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին, քանի որ ծրագրի իրականացմանն էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից և այն համատեղ աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք: Իմ գործընկերներն ավելի մանրամասն, ըստ ճյուղերի, կներկայացնեն ծրագրերը, որոնք մենք իրականացրել ենք 2012թ. և կպատասխանեն ձեր հարցերին:

Շնորհակալություն»:

2013 թվականի առաջին եռամսյակում բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով

բյուջե2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103%-ով և 88.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7%‑ը, իսկ ծախսերը` 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.3%-ով, ծախսերի գծով` 20.1%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1%‑ով կամ 42.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3%‑ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 199.8 մլրդ դրամ` 91.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.9%-ով կամ 19.6 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 89.7%-ը և 20.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

 

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -3.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -22.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն օգտագործվել են 2.2 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 39.6 մլրդ դրամի փոխարեն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին