Ստրասբուրգում հայ խորհրդարանականները Ադրբեջանի նախագահին հակահայ շոուի շանս չեն տվել

EXXVԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարց ուղղելը տակտիկապես սխալ կլիներ, քանի որ այն ևս մեկ հնարավորություն կտար ադրբեջանական կողմին հակահայկական պրոպագանդայի, հակահայկական շոուի նոր արարի, որին վստահաբար ձգտում կամ սպասում էր Ադրբեջանի ղեկավարը: <<Հայաստանի այս պատվիրակությունը աչքի է ընկնում նրանով, որ մեծ մասը ԵԽԽՎ-ում 5,8,10 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն և այդ տարիների ընթացքում նման իրավիճակների մեջ հայտնվել են, փորձարկել են նման իրավիճակներ: Այնպես, որ համաձայնության եկանք պատվիրակության բոլոր անդամներով և կայացրինք նման որոշում: Մեր պատվիրակության անդամները պատրաստել են ելույթներ, որոնց տեքստերը կցվել են վեհաժողովի արձանագրությանը: Դրանցում մենք ներկայացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին՝ շեշտելով Ադրբեջանի պահվածքը, անհարիր լինելը նախագահողի դիրքին>>:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված և շարունակելու է ակտիվ ու աշխույժ աշխատանքն առաջիկա վեց ամիսներին, այսինքն՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության ժամկետում:

“Կարելի էր և բոյկոտել, և աղմկել, և թողնել հեռանալ, ընդհանրապես դահլիճ չգնալ, սակայն նախընտրեցինք մնալ և աշխատել դահլիճում: Դահլիճում մնալով` մենք հետևում ենք տարբեր պատվիրակների հակազդեցությանը, նրանց արձագանքներին: Դա ևս օգնեց` հասկանալու, թե ինչ բնույթի քայլեր ենք անելու: ԵԽԽՎ-ի աշխատանքներն այդ 30 վայրկյանանոց հարցի մեջ չեն, մանավանդ որ դու հետագայում չունես արձագանքելու հնարավորություն”,-նշեց Նաղդալյանը՝ իրենց հետագա աշխատանքում կարևորելով եվրապատգամավորների հետ անհատական աշխատանքը առանձին հարցերի ուղղությամբ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ևս, անդրադառնալով Ալիևին հարցեր չուղղելու վերաբերյալ դիտարկմանը, ասաց, որ հարցեր չհնչեցնելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հնարավորություն չտրվի հակառակորդ երկրին թեմայից շեղվելու, իր խնդիրներից չխոսելու և նեգատիվն ուղղելու մեր հիմնախնդիրներին: <<Այն ցինիզմը, բացասականը, ագրեսիան, որ Ադրբեջանը պատրաստել էր մեր հարցերին պատասխանելու համար, ուղղեց եվրոպացի պատգամավորներին, ինչով կարծիքը լուրջ փոխվեց և բացասական կարծիք ստեղծվեց Ալիևի մասին”,-ասաց պատգամավորը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ևս ընդգծեց, որ հակառակորդ երկրին հարց ուղղելով՝ հնարավորություն կտրվեր նրան եվրոպական բարձր ամբիոնից հնչեցնել այն, ինչն այլ կերպ չէր կարող ասել:

 

Անկախ

Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալները քննադատել են Իլհամ Ալիևի ելույթը

1“Ադրբեջանը՝ առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է ԵԽԽՎ նստաշրջանում նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ այն համարելով անհիմն և կողմնակալ:

Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալներին միավորող դաշինքի հայտարարությունում նշված է. “Ալիևի կոպիտ արտահայտությունները, նրա սպառնալիքներն ու անհարգալից վերաբերմունքը ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ, նրա պնդումները, թե երկրում չկան քաղբանտարկյալներ, ԵԽԽՎ անդամները սուտ դիրքորոշումը հաստատում են, որ Ադրբեջանի իշխող ռեժիմը ինքնակամ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել ժողովրդավարական նորմերը”:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ադրբեջանի իշխանությունները գործում են Ալիևի ելույթին համապատասխան՝ շարունակելով խախտել իրավունքներն և հետապնդել իրենց ընդդիմախոսներին:

Դաշինքը Ադրբեջանի իշխող ռեժիմից պահանջում է դադարեցնել այդ անարդար պրակտիկան, իսկ ԵԽԽՎ-ին՝ պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու համար ադեկվատ քայլեր ձեռնարկել՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով:

Անկախ  

Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր. Արփինե Հովհաննիսյան

Արփինե-Հովհաննիսյան-600x600ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից հարց չտալու փաստին`մեկնաբանելով դրդապատճառները:

Նա գրում է. «Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել.

ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և դիվանագիտական մոտեցումներ: Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր: Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:
Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք:
Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի»:

Բողոքի ակցիա՝ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ

3 (4)Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի դահլիճում, Եվրոպայում հաստատված մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել պատգամավորների առջև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, նստելով դահլիճի առաջին շարքերում՝ նրանք սև կտորներով փակել են իրենց բերանները: Նրանց հագուստների վրա պատկերված են եղել Ադրբեջանի քաղբանտարկյալների լուսանկարները:

Այդ կապակցությամբ ելույթը ժամանակավորապես դադարեցվել է: Որոշ ժամանակ անց Ալիևը շարունակել է իր ելույթը:

Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

11391_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում:
Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է և մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլև պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը:
ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել և փոխանցել Հայաստանի հարցով ԵԽԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները: Աքսել Ֆիշերը և Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը: «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե´ Հայաստանի, թե´ Եվրոպայի համար»,– ընդգծել են համազեկուցողները:
Հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը: Վարչապետն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերություններին և ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել

եխխվԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել:

Հովհաննիսյանը գրում է. «Մայիսի 26-27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ներառված էր նաև ««Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին»  ԵԽԽվ բանաձևի նախագիծը: Այն վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին: Բանաձևն ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումն  եղել է կոնվենցիայի չարաշահում և հակասում է բարի կամքի և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի կողմից չարաշահվել է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի նպատակը առավելապես մարդասիրական է և այն չպետք է օգտագործվի այլ նպատակներով:
Նշեմ, որ ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ:
Շնորհակալ եմ զեկուցողին` անաչառ և անկողմնակալ փաստաթուղթ ներկայացնելու, իսկ եվրոպացի գործընկերներիս` արդարությանը և իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան գնահատականների ու քվեարկության համար»:

ԵԽԽՎ բյուրոյի նիստի ընթացքում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել

2 (1)Բաքվում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի նիստի ընթացքում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել։ Բյուրոն որոշել է առաջիկա 2 տարիների ընթացքում չեղյալ համարել Ադրբեջանում կայանալիք բոլոր նիստերը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Այդ որոշումը, որը ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունիսի մեկից, ընդունվել է՝ պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուկին մուտքի արտոնագիր չտրամադրելու քայլով։

Ըստ կայքի՝ ԵԽԽՎ բյուրոն կարծում է, որ փոխնախագահին վիզա չտրամադրելը խախտում է կառույցի անդամների ազատ տեղաշարժման արտոնությունը։ Սահմանափակումը չի տարածվելու ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային առաքելության վրա։ Դրա հետ մեկտեղ ԵԽԽՎ-ն կարող է չեղյալ հայտարարել այդ որոշումը, եթե նորից ապահովվի Վեհաժողովի անդամների ազատ տեղաշարժը։

Նման որոշում 2013թ.-ի նոյեմբերին ընդունվել էր նաև Վրաստանի վերաբերյալ։

ԵԽԽՎ փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուկեի մուտքն Ադրբեջան արգելվել էր, քանի որ վերջինս Լեռնային Ղարաբաղ է այցելել առանց Բաքվի թույլտվության:

 

 

ԵԽԽՎ նախագահը կայցելի Ադրբեջան

 Անն ԲրասյորԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը մայիսի 22-23-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Բրասյորը Բաքվում մասնակցելու է Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում նաև հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, Միլլի մեջլիսի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:

Ըստ գործակալության`մայիսի 23-ին ԵԽԽՎ-ի նախագահի ասուլիս կունենա:

Անկախ

Ադրբեջանն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

1Մայիսի 14-ին Ադրբեջանը 2001թ.-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, նախարարների կոմիտեի նախագահությունը մայիսի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված ԵԽ անդամ երկրների արտործնախարարների 124-րդ հանդիման շրջանակներում Ավստրիայից անցել է Ադրբեջանին: Վերջինս կնախագահի 6 ամիս՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Մայիսի 13-ի երեկոյան Ադրբեջանի նախագահության կապակցությամբ Ստրասբուրգի քաղաքապետարանի դիմաց բարձրացվել է Ադրբեջանի դրոշը:

ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը` ինտերնետի հասանելիության վերաբերյալ (Թուրքիայի խախտումների օրինակներով):

Նաիրա-Կարապետյան“Ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ եկամուտուց, և անհրաժեշտ է ավելի խիստ պահանջներ ներկայացնել` ինտերնետ հասանելիությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով ապահովելու համար” – նշված է քննարկվող բանաձևի նախագծում:

Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:

Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:

Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական ​​մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:

Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:

 

Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:

Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների` այնուամենայնիվ հաղթել է ընտրություններում:

Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ խիստ կարևորել քննարկվող բանաձևի հոդված 2-ը. “Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և խիստ կարևորում ինտերնետի հասանելիության կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում:

 

 

ԵԽԽՎ պատգամավորներն Անար Մամեդլիի ձերբակալության առնչությամբ հռչակագրով են հանդես եկել՝ կոչ անելով ազատ արձակել նրան

մամեդլի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 30 երկիր ներկայացնող ավելի քան 60 պատգամավոր քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստ, Ադրբեջանի Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի ձերբակալության առնչությամբ հռչակագրով են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, հռչակագրի տակ ստորագրել են ԵԽԽվ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որը տարածվել է որպես ձմեռային նստաշրջանի մասնակիցների պաշտոնական փաստաթուղթ: Փաստաթղթում նշվում է, որ Մամեդլին քաղաքացիական հանրության հայտնի ակտիվիստ է, որը համագործակցել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ:

Մամեդլիի գլխավորած կազմակերպությունն իրականացրել է 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի վերաբերյալ զեկույցը ընտրական գործըթնացի վերաբերյալ քննադատություն է պարունակել: Նրա գլխավորած կենտրոնը Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի (EPDE) ադամ է, և Մամեդլին ընտրվել է հարթակի վարչության անդամ:

Հռչակագրի հեղինակները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել Մամեդլիի համար արդար և թափանցիկ իրավական գործընթաց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների լիակատար կիրառմամբ: Բացի այդ՝ ԵԽԽՎ-ի անդամները կոչ են արել Մամեդլիին ազատ արձակել նախքան դատավարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Գորգի Գորիան հայտարարել էր, որ Ադրբեջանում ընտրությունների մոնիթորինգի ոլորտում ականավոր մասնագետի ձերբակալությունը վկայում է, որ իշխանությունները մտադիր են “փակել” նրանց բերանը, ովքեր հետաքննում են  ընտրակեղծիքները: Միջազգային “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին ճանաչել է քաղբանտարկյալ:

Անար Մամեդլին ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին: Դեկտեմբերի 23-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանաքը: Նա զրկվել էր իր փաստաբանի հետ շփվելու հնարավորությունից, այնուհետև իշխանությունները փորձել են նրան պարտադրել օգտվել իրենց փաստաբանի ծառայություններից: Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը կենտրոնի նկատմամբ հետաքննություն է սկսել “հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման” մեղադրանքների հոդվածներով:

Անկախ

ԵԽԽՎ-ն ճանաչել է Իլհամ Ալիևի լեգիտիմությունը

4Վիեննայում նոյեմբերի 22-ին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովը   նիստի ժամանակ, հավանություն է տրվել Ադրեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցին, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը: ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Վալտերը նշել է, որ խորհրդարանականները և միջազգային դիտորդները ընտրությունները գնահատել են որպես ադրբեջանցի ժողովրդի կամքի արտահայտում:

“Ինձ մտահոգել է, որ միջազգային դիտորդները միասնական դիրքորոշում չեն դրսևորել: Սակայն այն, որ ԵԱՀԿ միջազգային մյուս դիտորդներից տարբեր դիրքորոշում ունի, նորություն չէ: Իհարկե, Ադրբեջանում կան որոշակի խնդիրներ: Ընտրությունների օրը մեր դիտորդները մի շարք խնդիրներ և թերություններ են արձանագրել: Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները պետք է շարունակվեն, և  մենք ևս պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները: Ընտրությունների արդյունքները վկայում են, որ Իլհամ Ալիևը ստացել է ձայների ավելի քան 85%-ը: Նա լեգիտիմ նախագահ է, և այդ փաստը կասկած րի հարուցում”, -ասել է Վալտերը:

 

Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. «Ինչո՞ւ պիտի Հայաստանը հաշվետու լինի Ադրբեջանին»

samad-seyidov«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դուք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,-այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Առավոտը: Շարունակելով միտքը` ՀՀ նախագահը հայտարարեց, որ դա ՀՀ-ի գործն է, թե որ միություն մուտք կգործի և «ինչո՞ւ պետք է Ադրբեջանին հաշվետու լինի»: Սամադ Սեյիդովը հերթական անգամ հայտարարեց, թե «ՀՀ-ն բռնազավթել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց. «Պետք է Ձեր թվաբանական գիտելիքներն ու վերաբերմունքը ՀՀ-ի մասին թարմացնեք»: Պարոն Սարգսյանը նշեց. «Այսօր մենք համարում ենք, որ ՀՀ զինված ուժերն են ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա ՀՀ-ն իր կարողությունների համաձայն պաշտպանելու է ԼՂՀ-ն: Եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո Դուք կդժգոհեք տարածքների 25-30 տոկոս բռնազավթման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Ով է հարց տալու իր իրավունքը զիջել Զարուհի Փոստանջյանին

Arpine-ZaraԶարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Այս մասին գրում է ilur.am-ը` հավելելով, որ իր ունեցած  տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը: Հավելենք, որ Ս. Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էին 27 պատգամավորներ, սակայն հարցեր կարողացել են հնչեցնել միայն 15-ը: Հերթով 17-րդը հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր, որին, սակայն, հարց հնչեցնելու հերթ չի հասել: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե արդյոք նա վերջերս խաղացե՞լ է Եվրոպայի կազինոյում, և որքան գումար է տանուլ տվել:

«Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները». Վահե Ղազարյան

vahe_xazaryanՀեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն ի ֆեյսբույքն էջում գրել է.

«Պերճանքի ու թշվառության ամենավառ դրսևորում: Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները: Մինչ այժմ շատերը հարգանքով էին վերաբերում տ-ն Փոստանջյանի անձին, սակայն ասեկոսեների մակարդակով եվրոպական բարձր ամբիոնից նման հարցի հնչեցումը խայտառակություն է: Կատարվածը չի տեղավորվում տրամաբանական ոչ մի հարթությունում ու միանշանակ ջուր է լցնում թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին: Չզարմանանք, եթե Ալիևի նախընտրական ելույթներից մեկը սրան նվիրվի: Իսկ եվրոպացիք լրիվ իրավունք ունեն մտածելու, որ մեզանում ազատ խոսքի գաղափարը միանշանակ բռնաբարվել է,իսկ քաղաքավարության տարրական նորմերի բացակայությունը` դարձել աքսիոմ»,-գրել է օգտատերը:

Եվրոպան կքննարկի կոռուպցիան Ադրբեջանում

ԵԽԽՎԱդրբեջանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկների մասին “Կոռուպցիա. սապառնալիք օրենքի գերակայությանը” զեկույցում, որը պատրաստվել է էստոնացի խորհրդարանական Մաիլիս Ռեպսի զեկույցի հիման վրա, հաղորդում  է “Հագին”կայքը:

Զեկույցը կազմված է 63 հոդվածից և արտացոլում է Եվրոպայի խորհրդի երկրներում կոռուպցիայի մակարդակը և նրա դեմ պայքարը:

34-րդ հոդվածը ամբողջովին նվիրված է Ադրբեջանում “Գյուլարգեյթի” սկանդալին: Մասնավորապես՝  նշվում է, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի՝ արտերկրում գտնվող ռեկտոր Էլշադ Աբդուլաևը 2012թ. սեպտեմեբրի 25-ին համացացնում տեսանյութ է տեղադրել իր և այդ ժամանակ մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հետ զրույցից, որի ժամանակ Ահմեդովան խոստացել է, որ 2005թ. ընտրություններում Աբդուլաևը պատգամավոր կընտրվի 1 մլն դոլարի դիմաց:

24-րդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը միջազգային Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2012թ. զեկույցում զբաղեցնում է 139-րդ տեղը և Եվրոպայի խորհրդի երկրների առաջին հնգյակում է ընդգրկված:

30-րդ հոդվածում նշվում է Ադրբեջանի իրավապահ մարմինների կոռումպացվածության մասին:

36-րդ հովածը անդրադարձել է Ադրբեջանի այսպես ասած “խավիարային” քաղաքականությանը, որի նպատակը ԵԽԽՎ-ում և Եվրոպայի խորհրդում Բաքվի հասցեին քննդատական զեկույցների և փաստաթղթերի ընդունման կանխումն է:

46-րդ հոդվածում Ադրբեջանը նշվում է այն 11 երկրների շարքում, որոնք չեն միացել Կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատավության մասին կոնվենցիային:

Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:

 

Արցախյան հիմնահարցը և Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում

N. KarapetyanԱրդեն շուրջ մեկուկես ամիս է, ինչ  Հայաստանը ստանձնել է եվրոպական
ամենահին և հեղինակավոր կառույցներից մեկի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը՝  հունիսի 24-ին, ԵԽԽՎ լիագումար
նիստին Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և ԵԽ
գործունեության մասին զեկույցով հանդես եկավ մեր արտգործնախարարը, որը
հանդիսանում է ԵԽ Նախարարների կոմիտեի կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանի ելույթին և դրան հաջորդած հարցուպատասխանի մասին
լրատվամիջոցներում տարբեր արձագանքներ եղան, որոնցից որոշներում փորձ էր
արվում քննադատել թե Հայաստանի նախագահության գործունեությունը, թե
Հայաստանի արտգործնախարարի ելույթն ու հարցերի պատասխանները:

Մասնավորապես դժգոհություն կար՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախարար
Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձ չի կատարել իր ելույթի
ընթացքում: Առկա էր նաև այն մտայնությունը, որ Հայաստանը արդյունավետ չի
օգտագործում իր այս հնարավորությունը ի շահ Արցախյան հարցի: Այս
համատեքստում հայ քաղաքական գործիչներից  մեկը զուգահեռներ անցկացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ, որ ամեն կերպ ձգտում է օգտագործել իրեն ընձեռնված լծակները՝ Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի
օրակարգ բերելու համար: Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞
է Հայաստանի արտգործնախարարը հապաղում օգտագործել այդ «ոսկե
հնարավորությունը»:

Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին հորդորները հենց Ադրբեջանի ցանկությունն է, և արժե նաև հիշել, որ այս թեմայի հետ կապված հարցեր ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանին ուղղում էին հենց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները: Նաև պետք չէ մոռանալ, որ նախկինում հենց Ադրբեջանն է բազմիցս փորձել հարցը տեղափոխել այլ կազմակերպությունների օրակարգ: ԵԽԽՎ-ում թուրք Մեվլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում էր հենց, որ փորձ արվեց վերակենդանացնել ղարաբաղյան հարցով զբաղվող ենթահանձնաժողովը, երևի մեր դժգոհողները մոռացել են, թե ինչ հսկայական ջանքեր պահանջվեցին այդ
կառույցի հնարավոր գործունեությունը կասեցնելու համար:

Այժմ անդրադառնանք նաև այն հարցին, թե  ԵԽ հայկական նախագահության
առաջնահերթությունները  ի՞նչ առնչություն կարող են ունենալ
արցախա-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման համար: Ըստ էության, այժմ թե Հայաստանի, թե Արցախի, թե միջազգային հանրության համար ավելի քան պարզ է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը Ադրբեջանում տիրող հայատյացության և ռասիզմի մթնոլորտն է: Ուստի խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունն իր գնահատականը տա այդ երկրում պետական մասշտաբով իրականացվող այլատյացության քարոզչությանը:

Ստեղծված պայմաններում հայկական դիվանագիտությունը պարզապես պարտավոր էր ընձեռնված միջազգային բարձր հարթակն օգտագործել այդ հանցավոր քաղաքականությանը համապատասխան միջազգային որակում տալու, նման երևույթների դեմ ԵԽ նման կառույցի հնարավորություններն օգտագործելու
համար: Ուստի պատահական չէ, որ հայկական նախագահության կարևոր
գերակայությոըններից մեկը այլատյացության և ռասիզմի դեմ պայքարն է:
Մասնավորապես, հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել «Ոչ
ատելության քարոզչությանը»  խորագրով համաեվրոպական երիտասարդական
նախաձեռնությունը: Այս ծրագիրն արդեն գործում է ԵԽ անդամ 34
պետություններում: Հայկական նախագահության կարևոր նպատակներից մեկն է
լինելու այս նախաձեռնության արդյունքում ձևավորված հասարակական կարծիքը
վերածել գործուն քաղաքականության:

Վերոհիշյալը միայն մի մասն է այն քայլերի, որ Հայաստանի Հանրապետությունը
իրագործելու է իր նախագահության վեց ամիսների ընթացքում, ուստի այն
անհիմն քննադատությունները,  թե հայկական դիվանագիտությունը արդյունավետ
չի օգտագործում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, մեր խորին
համոզմամբ, տեղին չեն: Պարզապես միշտ չէ, որ լուրջ և ծավալուն
դիվանագիտական աշխատանքը տեսանելի է լինում հասարակության համար:

 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ,

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

 

ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը

1 (5)Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մոտ երկու ժամ տևած հանդիպմանը հայկական և ադրբեջանական պատվիրակությունները մասնակցել են ողջ կազմով: Քննարկումների օրակարգում է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման հարցը:

“Դա հանդիպում էր ընկերների միջև, հայերի, ադրբեջանցիների, խորհրդարանականների միջև՝ Ասամբլեայի նախագահի մասնակցությամբ: Մենք որոշում ենք ընդունել այսուհետ ևս, որպես ընկերներ, հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության օջախում, և քննարկել, թե ինչպես կարող ենք համագործակցել: Ես նկատել եմ, որ երկու կողմերն էլ անկեղծ ցանկություն և քաղաքական կամք ունեն համատեղ աշխատելու և համագործակցելու: Մենք որոշել ենք շարունակել նման հադիպումները: Հանդիպումները տեղի կունենան նաև հաջորդ նստաշրջանների ժամանակ”,-հայտարարել է Մինյոնը:

APA-ն հավելում է, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության կասեցումից (գործունեությունը կասեցված է 2009թ-ից) հետո Ժան-Կլոդ Մինյոնը բազմիցս հանդես է եկել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու օգտին:

ԵԽԽՎ-ի ամառային նստաշարջանը տեղի է ունենալու հունիսի 24-28-ը:

ԵԽԽՎ-ն լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից

images (1)Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և բյուրոյի նիստում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից: «Կովկասի բոլոր երեք երկրներն առաջընթաց են արձանագրել ժողովրդավարական արժեքների և եվրոպական հիմնական արժեքների հանդեպ հարգանքի հարցում»,-ասաց նա` միաժամանակ հրաժարվելով համեմատություններ անցկացնել երեք երկրների միջև,-Եվրոպայի խորհուրդն իր կողմից պատրաստ է սատարել պետություններին, սակայն անհրաժեշտ է հենց պետությունների պատրաստակամությունը՝ հետագայում այդ ուղով ընթանալու համար»:

Ժան-Կլոդ Մինյոնի խոսքով` ԵԽ-ն պատրաստ է սատարել նաև սառեցված հակամարտությունների կարգավորմանը` չնայած որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է:

 

ԵԽԽՎ նիստում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

154213Այսօր Երևանում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, որտեղ ասված է. “Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման որոնումը բխում է պարտավորություններից, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են Եվրոպայի խորհուրդ մտնելիս: ԵԽԽՎ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին, որոնք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա և հիմքեր են ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել Եվրոպայի խորհուրդը նախագահելու տրված հնարավորությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խնդրի ինտենսիվ լուծումներ գտնելու համար: Իր հերթին ԵԽԽՎ-ն պատրաստ է իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել ամեն բան բանակցային գործընթացը հեշտացնելու և երկու անդամ երկրների պատվիրակությունների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար”: