Երևանի քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն՝ վերջին տարիներին մայրաքաղաքի հիմնանորոգվող փողոցներում ամբողջական նորոգման է ենթարկվում նաև արտաքին լուսավորության ցանցը: 2014 թվականին նման աշխատանքներ կընթանան թվով 23 փողոցներում: Զուգահեռաբար, մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 1719 օբյեկտների, ներառյալ փողոցների, այգիների, արձանների լուսավորության ցանցի շահագործումն ու պահպանումը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցանցի մասնակի ընդլայնման, թարմացման և մասնագիտական այլ բնույթի աշխատանքներ են ընթացել: Արտաքին լուսավորության ցանցի միացման օրական միջին տևողությունը 7 ամիսների կտրվածքով կազմել է 8 ժամ: Մատենադարանից Մաշտոցի պողոտայով մինչև Հաղթանակի կամուրջ և Իսակովի պողոտան ամբողջությամբ, մինչև օդանավակայնի ծառուղին միջինացված լուսավորվել է 10 ժամ տևողությամբ, իսկ ստորգետնյա անցումները լուսավորվել են շուրջօրյա: Ներկայում տարվում են աշխատանքներ կարգավարական համակարգն ինքնաշխատ դարձնելու, նոր տեխնոլոգիաներ ներդրելու ուղղությամբ: Փորձնական սարքավորումների նմուշները տեղադրված և միացված են փողոցների տեղային հատվածներին և իրականացվում են համապատասխան դիտարկումներ:
Tag Archives: Երևան
«Շարժվող Երևան»` հայկական պարարվեստը քաղաքի ռիթմին ներդաշնակ (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիսի 24-26-ը Երևանում նկարահանվեց «Շարժվող քաղաքներ» (“Moving Cities”) կարճամետրաժ, արտիստիկ ժանրի ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանական “Wind & Foster” շահույթ չհետապնդող ընկերության հիմնադիր Ջիվան Քոուդհարին, ով 2014 թվականից իրականացնում է «Շարժվող քաղաքներ» նախագիծը: Վերջինս իրենից ներկայացնում է մի ֆիլմաշար, որը պատմում է տարբեր մարդկանց մասին: Նրանք շարժվում են, աճում, փոփոխվում, զարգանում իրենց իսկ քաղաքներում: Նախագիծը նպատակ ունի ներկայացնել պատմամշակույթային արժեքներ ունեցող որոշ քաղաքների դինամիկայի և պարողների շարժման ներդաշնակությունը:
Լոնդոնի, Փարիզի, Լիոնի և Բրյուսելի ազգային բալետի պարողների մասնակցությամբ ֆիլմերի նկարահանումից հետո ռեժիսոր Ջիվան Քոուդհարը որոշեց իր հաջորդ ֆիլմում ներկայացնել Երևանը: Այդ նպատակով ընտրվեցին 47 պրոֆեսիոնալ պարողներ Երևանի պարարվեստի մասնագիտացված գրեթե բոլոր կենտրոններից, ինչպես նաև միջազգային մրցաշարերում հաջող հանդես եկած մարմնամարզիկներ, ակրոբատներ: Նկարահանման համար ընտրվեց երևանյան 23 տեսարան: Ռեժիսորի կարծիքով` նախագծի երևանյան տարբերակը առանձնանում է մյուսներից, քանի որ Հայաստանը շատ ավելին ունի ներկայացնելու աշխարհին: Նա ֆիլմում ներառել է հայկական ազգային հագուստը, պարերը, որոնք հետաքրքիր ներդաշնակության մեջ ներկայացնում են զարգացող հնամյա քաղաքը:
Անկախ-ի լրագրողը «Շարժվող Երևան» նախագծի մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Նարէ Աղաբաբյանի հետ: «Նկարահանումից դեռ երկու ամիս առաջ անհավանական բան էր, որ կկարողանանք իրականացնել այս նախագիծը: Ես կարճ ժամանակում շրջեցի Երևանի պարարվեստի բոլոր կենտրոններով, ընտրեցի ֆիլմի ձևաչափին համապատասխանող պարողների: Բոլորը սիրով համաձայնեցին մասնակցել նախագծին, ինչը զարմանալի էր, քանի որ այս ոլորտում աշխատող մարդիկ սովորաբար շատ զբաղված են լինում: Այնուհետև քաղաքի մի շարք հասարակական վայրերում, պատմամշակույթային հուշարձաններում նկարահանումներ անցկացնելու թույլտվություն ստացա և այդ մասին հայտնեցի Ջիվանին, որն էլ շտապեց Երևան գալ: Բավական դժվար աշխատանք էր 3 օրում 23 տարբեր տեսարաններ նկարահանել երևանյան 40 աստիճան շոգի պայմաններում: Սակայն մենք աշխատել ենք մեծ սիրով ու ոգևորությամբ` մշտապես ունենալով բարձր տրամադրություն: Ֆիլմը ինքնին մեծ ասելիք ունի, մենք աշխարհին ներկայացնում ենք մեր մշակույթը, պատմությունը, պարարվեստը, մեր քաղաքը, որը լույս է շնչում: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա իմ մասնակցությունն ու ներդրումը ունենալ այս նախագծում` աշխատելով Գոռ Սահակյանցի (ռեժիսորի օգնական, երկրորդ օպերատոր) և Ալեքսանդր Բաղդասարյանի (ֆիլմարտադրության օգնական) նման երիտասարդ և հաջողակ մասնագետների հետ»,-նշում է ֆիլմի պրոդյուսերը:
Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Քոուդհարը, մոր կողմից ունենալով հայկական արմատներ, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է իրականացրել ֆիլմի նկարահանումները, քանի որ միշտ երազել է լինել Երևանում: Նա նշել է, որ շատ բախտավոր է իրեն համարում Երևանում ֆիլմ նկարահանելու հնարավորություն ստանալու համար: «Ես մեծապես շնորհակալ եմ բոլոր արտիստներին, որոնք իրենց ժամանակն ու տաղանդը ներդրեցին այս նախագծում: Սա ինձ համար հերթական ֆիլմը չէ, այլ բացահայտումն է իմ ժառանգության և այն ժողովուրդի, որին այսքան մոտ դեռ երբեք զգացել ինձ: Հուսով եմ, որ ֆիլմը հանդիսատեսին հուզում է այնպես, ինպես ինձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր մաստակիցներին և Նարէ Աղաբաբյանին, առանց որի անհնար կլիներ այս նախագիծը: Մենք կարճ ժամանակում հասցրել ենք անել ահռելի մեծ աշխատանք: Ես հպարտ եմ իմ երկրորդ հայրենիքով և հուսով եմ, որ աշխարհը կգնահատի այն»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:
Նշենք, որ “Moving Cities” նախագիծն արդեն ընտրվել է Փարիզում, Լոնդոնում, Հռոմում և Սան Կարլոսում որպես ֆիլմերի փառատոնի պաշտոնական ծրագրերի մաս: Մասնավորապես “Moving Brussels” ֆիլմը կհեռարձակվի որպես Բրյուսելի հեռուստատեսային միջազգային ծրագիր, կներկայացվի մի շարք միջազգային փառատոներում: «Շարժվող Երևանը» նույնպես կմասնակցի մի շարք միջազգային կինոփառատոների, ինչպես նաև կհեռարձակվի հայկական և եվրոպական հեռուստաալիքներով:
Տաթևիկ Սարգսյան
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեցին Համահայկական Հ.Մ.Ը.Մ. խաղերը,լուսանկարներ
Երևանում տոնում են Վարդավառը, լուսանկարներ
«Ղալաթ եք արել». Լևոն Սարդարյանը՝ Նարեկ Սարգսյանին
Լրագրող, քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նարեկ Սարգսյանն էսօր հայտարարել ա, թե իրենք Երևանն անճանաչելիորեն փոխել են: Հիմա որ ասեմ՝ ղալաթ եք արել, պիտի նեղաղա՞: Ղալաթ եք արել, որովհետև քաղաքն էս աստիճան կարող էին պղծել միայն էն մարդիկ, ովքեր Երևանի նկատմամբ անասնական ատելություն են տածում: Ղալաթ եք արել, որովհետև Երևանն էս տիպի կարող էին այլանդակել միայն էն մարդիկ, ովքեր Քոչարյանի խոսքը, թե «փողի վրա նստած՝ փող եք ուզում», ընկալեցին որպես քաղաքը ամայացնելու ու թալանելու հրահանգ: Իսկ հիմա էսքան «ղալաթ եք արել»-ից հետո Ռուստամյան Արմենի սիրած էն մի բառն էլ ասե՞մ, որ պատկերն ամբողջական դառնա: Գոնե էնքան նամուս ունեցեք, որ ձեններդ կտրած պահեք, ախր…»:
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով այցելել է Էրեբունի: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Նոր Արեշ 127/3 հանրակացարանային շենքի հարակից տարածք, մասնակցել բակի բացման հանդիսավոր արարողությանը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում տարածքը հիմնովին բարեկարգվել է և ապահովվել բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Բակը կահավորվել է զրուցարաններով ու նստարաններով, խաղահրապարակի առանձնացված հատվածն էլ՝ մանկական խաղերով ու մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և արդեն աշնանը այստեղ կկազմակերպվի ծառատունկ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների մեկնարկից ակտիվ համագործակցություն է եղել բնակիչների հետ: Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի կանաչապատման աշխատանքներին և ակտիվացնել այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը:
«Եթե 2013 թվականին բարեկարգվեցին 400 բակեր, ապա արդեն այս տարի, մեր խոստմանը համաձայն, կբարեկարգվի ու բնակիչներին կհանձնվի շուրջ 600 բակային տարածք: Սա իսկապես մեծ ու կարևոր ձեռքբերում է Երևանի ու երևանցիների համար: Առաջնորդվելով նույն աշխատաոճով՝ վստահ եմ, որ առաջիկա տարիներին բակերի բարեկարգման խնդիր մայրաքաղաքում այլևս չենք ունենա: Բակերի բարեկարգման ծրագրում մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է, և հենց այդ նպատակով ընթացող բոլոր աշխատանքներում մենք շեշտը դնում ենք բնակիչների կարծիքները լսելու և նախագծերում դրանք ներառելու վրա, ինչը քաղաքացուն գործընթացի անմիջական մասնակիցն է դարձնում և ապահովում առավել արդյունավետ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետին՝ բնակիչները ողջունել են ցուցաբերվող մոտեցումն ու հատկանշել, որ վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի՝ իրենց համար արդեն իսկ նկատելի համաչափության պահպանումը խոսում է Երևանի զարգացման տեսանելի առաջընթացի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ Էրեբունի վարչական շրջանում է գտնվում նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, անդրադարձել է հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա ծրագրին՝ ընդգծելով, որ դրա ամբողջական իրագործումն իսկապես անհրաժեշտություն է. «Ամրոցի խնդիրները մշտապես եղել են քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում և բոլոր ժամանակներում էլ միջոցներ հատկացվել են ինչպես բուն ամրոցի, այնպես էլ պատմահնագիտական արգելոց-թանգարանի խնդիրները կարգավորելու համար: Անշուշտ, աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց այսքան պատկառելի տարիքով, ինչպես նաև քաղաքի հիմնադրման պահպանված բուն վայրի առկայությամբ: Եվ դա իսկապես լուրջ խթան է, որ մենք փորձենք վերաարժևորել մեր այս կարևոր պատմամշակութային արժեքն ու փորձենք այն առավել արդյունավետ կառավարել: Եվ այդ տեսանկյունից հատկապես վերջին մեկ տարում քաղաքային զարգացման առաջնահերթ ծրագրերի շրջանակում մեր կողմից առանձնակի է կարևորվել այս հարցն ու, ըստ այդմ, մշակվել է «Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա մեծ ծրագիր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ այս համատեքստում արդեն իսկ իրականացվել է ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տարածքում կառուցվել են թեքահարթակներ, թանգարանի շենքում էլ տեղադրվել է ջերմախոնավության համակարգ. «Մեր հետագա անելիքների մասով էլ ասեմ, որ նախ նախատեսում ենք աշխատանքներ տանել միջնաբերդի պահպանության ուղղությամբ, որի շրջանակում կիրականացվի ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնում և ամրացում, Արգիշտի արքայի պալատի և դրան կից պաշտամունքային աշտարակի վերականգնում և որմնանկարների իրականացում: Բացի այդ, նաև ուզում ենք վերականգնել Խալդ Աստծո տաճարն ու դրան կից աշտարակը՝ տեղադրելով որմնանկարները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նաև կվերականգնվի կարասային սրահի մի հատվածը: Նպատակ ունենք նաև միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին կառուցել ամֆիթատրոն և լուսաձայնային ներկայացումների միջոցով այցելուներին ներկայացնել մեր քաղաքի հիմնադրման պատմությունը: Մի խոսքով, պետք է նոր շունչ հաղորդենք ամրոցին, ինչը, համոզված եմ, կբարձրացնի թե՛ հասարակական հետաքրքրության աստիճանը և թե՛ զբոսաշրջիկների համար հնավայրը կդարձնի առավել գրավիչ»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Գրքերի հրավառություն Երևանում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաև դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն էր, քանի որ երևանցիները մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել գրքի ու գրականության նկատմամբ, ինչի վկայությունը նաև 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումներն էին: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ գրքերի այս ցուցահանդես-տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային միջոցառումների համատեքստում իր հատուկ տեղն ունի և կնպաստի նաև գրահրատարակչության գործի զարգացմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ կարևորել է ցուցահանդես –տոնավաճառի անցկացումը տուրիստական այս թեժ շրջանում՝ նկատի ունենալով հանգամանքը, որ ցուցահանդեսին ներկայացված են նաև գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած օտարալեզու գրքեր: Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցել են մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ և ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու առիթը բաց չի թողել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Իսկ գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական մասով: Նման ցուցահանդես-տոնավաճառներն ավանդական բնույթ կկրեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքում մեկնարկում են բակային ճամբարները
Մայրաքաղաքում «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օրեցօր շատանում են բակային ճամբարները տարբեր այգիներում, ընդարձակ բակերում։ Եվս մեկ բակային ճամբար է բացվել Աջափնյակ վարչական շրջանում, Շինարարների 15/1 հասցեի մեծ բակում։ Հարակից շենքերի երեխաները 15 օր շարունակ առավոտից մինչ ուշ երեկո ճամբարում խաղալու, մարզվելու են հատուկ ծրագրով, խաղավար-ջոկատավարների մասնակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ամառային ծրագիրը հատկապես այն երեխաների համար է, ովքեր ամառային արձակուրդի օրերին բակային խաղերով են զվարճանում։ Արձակուրդային առօրյան բովանդակալից դարձնելու համար քաղաքապետարանն այսպիսի ճամբարներով երեխաներին առաջարկում է բակային հանգստի լավագույն տարբերակը՝ բազմաթիվ գույնզգույն մանկական միջոցառումներով, մարզական մրցումներով»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։
«Աջափնյակ» անունը կրող ճամբարը յուրաքանչյուր օր մեկնարկելու է առավոտյան 9-ին, ընդմիջվելու է առավել շոգ ժամերին, ապա շարունակվելու է երեկոյան ժ. 17։00-20։00-ն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Արի տուն» ծրագրով Երևանում գտնվող երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարանը հյուրընկալել է սփյուռքահայ 160 երեխաների, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ճանաչողական այցելությունների ծրագրի երրորդ փուլով եկել են Հայաստան և, Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ, բնակվում են Երևանի վարչական տարբեր շրջաններում՝ նախապես հերթագրված հյուրընկալ ընտանիքներում։
Երևան քաղաքի պատմության թանգարանում երեխաներին դիմավորել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։
Թանգարանի էքսկուրսավարների ուղեկցությամբ երեխաները շրջել են Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ապա դիտել Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Երևանյան ամառ» ծրագրի օրը նվիրված էր Սահմանադրության օրվան
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի հուլիսի 5-ի միջոցառումները նվիրված էին Սահմանադրության օրվան։ Այդ համատեքստում էին բակային մի շարք միջոցառումներն ու այդ օրվա՝ ծրագրով նախատեսված բուն միջոցառումը։
Մաշտոցի պողոտայում Մատենադարանից Հանրապետության հրապարակ երթուղով հեծանվավազք էր. մասնակցում էին հեծանվորդ պատանի մարզիկներ ու սիրողական հեծանվորդներ, որոնց թվում պետական կառույցների աշխատակիցներ էին, փոքր ու միջին ձեռնարկություններ ղեկավարող գործարարներ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ։ Կազմակերպիչներն ասում են, որ այդ նախաձեռնությամբ հանդես են գալիս առողջ ապրելակերպի, ինչպես նաև օրենքի, հետևաբար, նաև իրավունքների պաշտպանության քարոզչությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ «Երևանյան ամառ» ծրագրում այսպիսի միջոցառում ներառելու՝ «GMG մեդիա-գրուպ» ընկերության նախաձեռնությանը Երևանի քաղաքապետարանը աջակցել է անհրաժեշտ բոլոր միջոցներով։
«Երևանի քաղաքապետարանն առողջ ապրելակերպի քարոզչության բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնում, իրականացնում և սիրով արձագանքում է նաև տարբեր առաջարկներ։ Հեծանվավազքի այս խորհրդանշական մրցումը մեկն է այն մարզական միջոցառումներից, որ քաղաքապետարանը ներառել է «Երևանյան ամառ» եռամսյա ընդգրկուն ծրագրում»,- նշել է Յուրի Մամիկոնյանը։
Հեծանվավազքի ընթացքում մասնակիցներին ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։
Հաղթողներն արժանացել են պարգևների, ստացել խրախուսական նվերներ։
Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի ընդարձակ այգում բակային ճամբարի փակման միջոցառումը զբաղեցրել էր ողջ այգին. ֆուտբոլի դաշտում վարչական շրջանի տարբեր հասցեներում բնակվող երեխաներից կազմված թիմերն էին մրցում, այգու ճեմուղում տոնական հեքիաթային կերպարների ու ծաղրածու-խաղավարների մասնակցությամբ միջոցառում էր ամենափոքրիկների համար, իսկ զրուցարան-տաղավարներում մրցում էին շախմատասեր փոքրիկներն ու Սահմանադրության օրվան համահունչ թեմաներով նկարում էին դպրոցահասակ երեխաները։ Երեխաներին այգի բերած ծնողների խոսքով՝ այս ամռանը բակային միջոցառումներին երեխաներն անհամբերությամբ են սպասել, առավել ևս, որ նորակառույց մեծ այգին շատ հարմարավետ է այդ բնույթի միջոցառումների համար։
«Երևանյան ամառ» ծրագրի օրվա ևս մեկ միջոցառում էլ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր։ Աբովյան փողոցում երեկոյան զբոսնողները «Երևան» փողային նվագախմբի հերթական ելույթն էին ունկնդրում։ Նվագախմբի կատարմամբ հնչում էին հայկական և արտասահմանյան հանրահայտ ֆիլմերի հայտնի մեղեդիներ։ Հանդիսատեսի խոսքով՝ միջոցառման մտահղացումն այնքան հաջողված է, որ այն կարելի է Երևանը բնութագրող իրադարձություն անվանել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 996 քաղաքացի, որից 116-ը՝ հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված հարցերը ստացել են համապատասխան լուծումներ:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող ընդունելություններին հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել է 2810 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 534-ը՝ վերջին ամսվա ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված 2200 հարցի տրվել է դրական լուծում և սպառիչ պատասխան: Բարձրացված հարցերից 18-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով: 522 դիմում էլ կատարման ընթացքում է և պատասխանատուների մշտական հսկողության տակ՝ հնարավորին սեղմ ժամկետում դրանց ևս լուծում տալու նպատակով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսից վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ամենշաբաթյա ընդունելություններին մասնակցում և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթանում են նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականները և աշխատակազմի քարտուղարը:
Ընդունելությունների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են համապատասխան լուծումներ կամ սպառիչ պատասխաններ:
Ինչպես ընդունելությանը մասնակցած բնակիչներն են նշել, քաղաքապետի տեղակալի ներկայությունն ու մասնակցությունն իր հերթին նպաստում է, որ տեղում լուծումներ գտնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար իրենք պետք է դիմեին քաղաքապետարան և որոնց համար որոշակի ժամանակ էր պահանջվելու: Պատասխանատուները նաև հենց այս հանգամանքով են պայմանավորում ընդունելություններին մասնակցող բնակիչների թվի աճը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթողները
ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև: Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգևատրվել են հուշամեդալներով: Չորս տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգևներ ու հավաստագրեր։ Մրցումներն անցկացվել են 7 մրցաձևերից. 30մ խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում։ Մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր նաև օդամղիչ հրացանով հրաձգությունը։ Յոթ մրցաձևերում հավաքած միավորների հանրագումարով էլ որոշվել են 4 տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները։
Երևանյան փուլում հաղթած 12 ընտանիքները թիմի ներկայացուցչի և 3 մարզիչների հետ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն նաև 12 վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող անձանց 1-ական ընտանիքներ։ Երևանյան մարզական ընտանիք պատվիրակության համար մինչև Ծաղկաձոր մեկնելը ձեռք կբերվի 76 լրակազմ մարզահանդերձանք։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը:
Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: «Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, հավաքվել եք Հայաստանում՝ ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն հաղորդելով այս գեղեցիկ միջոցառմանը: Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով սփյուռքում դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ արվեստի շնորհիվ ոչ միայն պահպանելով ձեր ազգային նկարագիրը, այլև հարստացնելով ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը:
Ձեր մասնակցության շնորհիվ այս դահլիճում համախմբվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի արվեստասեր հանրությունը: Այս եռամիության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Միայն միասնության շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարելու համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները», – նշել է կառավարության ղեկավարը:
Ընդգծելով, որ այս փառատոնը հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ դրսևորում է, վարչապետը հորդորել է մասնակիցներին շարունակել հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ողջ հայությունը մեծ ջանքեր է գործադրում պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Դուք ձեր ուրույն նպաստն եք բերում այդ գործընթացին՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը, մասնակցելով ազգային միջոցառումներին, տարածելով ազգային հարուստ մշակութային ավանդույթները», -հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելու համար:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնումը, երիտասարդ հայ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, ժամանակակից հայ արվեստի զարգացումն ու տարածումը: Փառատոնի շրջանակում մայր հայրենիքում ցուցադրական ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը, հայ դուդուկահարներն ու անհատ կատարողները, լրագրողները:
Մայրաքաղաքի ոռոգման համակարգը կընդլայնվի ևս 23 կմ-ով
Երևանի զարգացման քառամյա ծրագրով առաջիկա տարիներին լայնածավալ աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման համակարգի ընդլայնման և վերականգնման ուղղությամբ:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիրը հստակ է դրված: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման ծրագրերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Վերջին երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014թ-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի ևս 23 կմ:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Առաջարկությունների տաղավարներ»-ը բացվում են ամեն շաբաթ և ամփոփվում յուրաքանչյուր ամսվա վերջում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրված են «Առաջարկությունների տաղավարներ»:
Դրանք բացվում են յուրաքանչյուր շաբաթ, իսկ ամեն ամսվա վերջում արդեն ամփոփվում են ստացված առաջարկները: Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ «Առաջարկությունների տաղավարներ»-ով ստացվել է շուրջ 1000 նամակ։ Ներկայացված հարցերն ու առաջարկները բազմոլորտ են: Դրանք ուսումնասիրվում և խմբավորվում են, որից հետո, ըստ ոլորտների, փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներ՝ հնարավոր լուծումներ տալու նպատակով:
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ եթե սկզբնական շրջանում բարձրացվող հարցերը հիմնականում կոմունալ-կենցաղային կամ հաճախ տեղային բնույթ էին կրում, ապա այժմ երևանցիները հանդես են գալիս առավել ընդգրկուն առաջարկներով՝ նոր այգիների կառուցում, ինչպես նաև քաղաքաշինական հետաքրքիր այլ նախագծերով: Քիչ չեն նաև առաջարկները, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ ներառված են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում:
Երևանցիների կողմից նման ակտիվությունը պատասխանատուները պայմանավորում են ձևավորված վստահության մթնոլորտով. քաղաքացիները համոզված են, որ իրենց նամակները հասնում են պատասխանատուներին և, որ շատ ավելի կարևոր է, կյանքի են կոչվում:
«Այս տարի «Առաջարկությունների տաղավարներ»-ը տեղադրվեցին մայիսի 1-ին, և եթե առաջին ամսում քաղաքացիների կողմից ստացվել էր ավելի քան 500 նամակ, ապա այժմ արդեն կրկնակի աճել է այդ թիվը: Ստացված բոլոր նամակները մեկ առ մեկ ընթերցվում և համապատասխան ընթացք են ստանում: Հավանաբար, հենց սա է նամակների թվի ավելանալու հիմնական պատճառը: Հարկ է նշել, որ քիչ չեն նաև դեպքերը, երբ քաղաքացին, իրազեկված չլինելով այս կամ այն հարցի վերաբերյալ, քաղաքապետարան է դիմում մեր լիազորություններից դուրս հարցերով: Նման դեպքերում ևս մենք արձագանքում ենք նամակին և քաղաքացուն համապատասխան օղակ ուղղորդում: Երբեմն, որոշ հարցեր լուծելու նպատակով, կազմակերպվում է վարչական շրջանների ղեկավարների ամենշաբաթյա ընդունելություններին քաղաքացու մասնակցությանը»,-նշել է Սամվել Մերթարջյանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունի, առանց ավելորդ ժամանակ վատնելու, իրեն մտահոգող հարցերն ու առաջարկները Երևանի քաղաքապետարան ներկայացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Երևանյան բարդ»՝ «Երևանյան ամառ»-ում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագրի հերթական մեծ միջոցառումը «Կասկադ» համալիրում էր։ «Երևանյան բարդ» խորագրով համերգին ելույթ են ունեցել հեղինակ կատարողներ Էդվարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս Շիբոյանը, Գագիկ Շիբոյանը, Կարեն Մամիկոնյանը։
«Երգի այս տեսակը քաղաքային ֆոլկլորի անբաժանելի մասն է։ Մենք մեր հանդիսատեսի հետ ավելի շատ ակումբներում ենք հանդիպում, որտեղ տարածքը սահմանափակ է. քաղաքապետարանի շնորհիվ այսօր այստեղ ենք հավաքվել, և որքան շատ լինեն նման ձեռնարկումները, այնքան հաճախ երեկոն տոն կդարձնենք երևանցիների համար»,- նշել է հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանը։
Բացօթյա համերգին ներկա հարյուրավոր քաղաքացիները համակարծիք էին՝ նման նախաձեռնությունը ոչ միայն անակնկալ տոն է հեղինակային երգարվեստի սիրահարների համար և լավագույն հնարավորություն՝ ունկնդրելու սիրելի կատարողների հին ու նոր երգերը, այլ նաև մայրաքաղաքի մշակութային այս անկյունին ինքնատիպ կոլորիտ է հաղորդել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 26-ին, ժամը 17.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 13.20-ին, «քթի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 6-ամյա տղա, որի հայրը հայտարարել է, որ Երևանի Շարուրի փողոցում մեքենան, արգելակելու ժամանակ, հարվածել է երեխային:
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել 45-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 13.00-ին, երեխան վազելով դիպել է Շարուրի փողոցի թիվ 18 շենքի մոտ կայնված, իրեն ամրակցված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 18.05-ին Երևանի Թևոսյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 9/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 21.30-ին, Նարեկ-Ոստան գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 11.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 10 և 8 տարեկան տղաներ:
Մեկնած օպերատիվ խմբին 57-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թոռների վարած կվադրոցիկլը Նորատուս գյուղում շրջվել է:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Ճամբարակ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Կապան ճանապարհի 250-րդ կմ-ին «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջակողմյա ժայռին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 19.15-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նորոգման աշխատանքներն ավարտվել են Երևանի ևս մեկ մանկապարտեզում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզ՝ օրերս ավարտված վերանորգումից հետո շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով։ Մի քանի փուլով նորոգված մանկապարտեզում 15 օր առաջ ավարտվել են վերջին փուլում ծրագրված՝ միջանցքների, աստիճանավանդակների ամբողջական նորոգման ու շենքի արտաքին հարդարման աշխատանքները։
«Մանկապարտեզի նորոգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Աշխատանքների ճիշտ ծրագրված հերթականության շնորհիվ մանկապարտեզը նորոգման օրերին էլ է աշխատել, բոլոր 4 խմբերն էլ հաճախել են»,- քաղաքապետի տեղակալին ներկայացրել է մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը։
Այնուհետ, մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հրավիրել է դիտելու մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսը։
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին քաղաքապետարանի կողմից նվերները՝ դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները, այս մանկապարտեզի ավագ սաներին հանձնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հերթական այցելությունն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի հ. 40 տանը վարձակալությամբ բնակվող ամուսիններ Հակոբ Բերբերյանի և Սոնյա Դաբաղյանի չորս անձից բաղկացած ընտանիքին էր, որը վերջերս հյուրընկալել է նաև Սիրիայից ներգաղթած իրենց բարեկամուհուն՝ անչափահաս երկու երեխաների հետ:
Սոցիալական ապահովության վարչության պետը տանտիկնոջ հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները: Ընդգծելով, որ սիրիահայերը և նրանց խնդիրները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, Ռ. Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նման այցելությունները շարունակական բնույթ են կրում, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում արել և անում է հնարավորը մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու և նրանց սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն այս և մյուս սիրիահայ ընտանիքներին առաջարկել է ակտիվ կապ պահպանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների հետ՝ աջակցություններն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այս անգամ Բերբերյանների ընտանիքին որպես աջակցություն տրամադրվել է հագուստ, կոշկեղեն և դրամական օժանդակություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքում ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրի շրջանակում ապրիլի սկզբից մեկնարկել են մայթերի սալիկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 32000 քմ տարածք, որից 26400 մետրը՝ նոր սալիկներով, իսկ 4500 քմ տարածքում կհանվեն և նորոգումից հետո կվերատեղադրվեն հին սալիկները: Նորերով կփոխարինվեն Հանրապետության հրապարակի ավելի քան 500 քմ մակերեսով բետոնե մեծ սալերը: Մայրաքաղաքի 13 հասցեներում սալիկապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, 5 հասցեներում դեռևս ընթանում են: Այս ուղղությամբ աշխատանքները վարչական շրջաններից ստացված հայտերի համաձայն կշարունակվեն նաև մայրաքաղաքի մի շարք այլ վայրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

