Մանվելը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից բջջային հեռախոս է գողացել

«Զվարթնոց» օդանավակայանՀունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանվել Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել է ուղևորների հաշվառման ծառայության աշխատակցի բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

«Զվարթնոցում» փարթի կազմակերպելու համար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է խիստ նկատողություն եւ ազատել աշխատանքից.NEWS.am

«Զվարթնոց»Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների  ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողությունհաղորդում է NEWS.am:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին «ընտրյալների խնջույք» էր կայացել: «Հաստատությունը» վարձակալել էր «Տեմպ վենչուրս» ընկերությունը, մասնակցել էին հայ եւ ռուս գործարարներ, կայացել էր մրցույթ, վերջում էլ ֆուրշետ:  Սակայն, ըստ մամուլի. Կազմակերպիչը եղել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի ՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վճարովի հիմունքներով պատմամշակութային  հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումը: Հուշարձանի վարձակալման վճարը մեկ օրվա համար կազմում է 200-ից 700 հազար դրամ:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

«Զվարթնոց»-ի բոլորաձև մասնաշենքի պահպանության խնդիրը ճարտարապետների պատվի հարցն է

TH_Zvartonts

Ճարտարապետ Արտակ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի խնդրին: Նա մասնավորապես գրել է.

«Զվարթնոց օդանավակայանի համալիրի բոլորաձև մասնաշենքի պահպանության հարցը, առաջին հերթին, բոլոր ճարտարապետների պատվի հարցն է: Քանդելու որոշման ոչ մի փաստարկ չի կարող համեմատվել անգամ այս բացառիկ ճարտարապետական ստեղծագործության արժեքի հետ: Այս տրամաբանությամբ շարժվելով՝ Հայաստանում կարելի է հիմնավորել ու քանդել ցանկացած շենք… Սա անթույլատրելի հանցագործություն կլինի մեր ոչ հեռու անցյալի ճարտարապետական ժառանգության հանդեպ: Հասել ենք մի հանգրվանի, երբ նույնիսկ անուրանալի ստեղծագործական նվաճումները կասկածի տակ են դրվում ամենաբարձր մակարդակներում, իսկ բնագավառի պետական լիազոր մարմինների անճարակ լռությունը կասկածի տակ է դնում հենց իրենց գոյության անհրաժեշտությունն անգամ: Մակետ-մանրակերտ ստեղծելու գաղափարը հուսահատության հասցնող գռեհկություն է ու ցինիզմ՝ ուղղված հենց ճարտարապետներիս: Բոլոր ճարտարապետ գործընկերներիս խնդրում եմ գոնե այս անգամ լինել հետևողական, միաբան ու անզիջում…

Հայաստանի օդային դարպասի այս նվիրական ու ինքնատիպ խորհրդանիշը ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԻ…»:

 

Անկախ

«Քանդում լինելու է» Արտյոմ Մովսեսյանը՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի մասին

imagesՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի՝ կլոր շենքի քանդման հարցին: Նա հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ էր հնչեցրել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել իրենց մակետները կամ չգիտեմ….ժամանցի վայր միգուցե դարձնել: Վարչապետի այդ խոսքը ես փոխանցել եմ նաև Էռնեկյանի թիմին, և իրենք դրական են ընդունել, բայց իրենք ժամանակ են խնդրել այս տարվա ընթացքում վերջնական տարբերակ ունենալու համար»:

Լրագրողները այնուամենայնիվ փորձեցին հստակեցնել՝ կլոր շենքը քանդվելո՞ւ է, թե ոչ:

Մովսեսյանը պարզաբանեց, որ կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը. «Այսինքն, քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր  «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում էր կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը վարչապետին է ներկայացրել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր: Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հանրային խորհուրդը բացասական որոշում էր կայացրել շենքի քանդման վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Անկախ

«Զվարթնոցի» թնջուկը մոտ է հանգուցալուծմանը

Zvartnoc06

Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Անկախին» հայտնեց, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված մաստեր պլանը:

Սա նշանակում է, որ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի խնդրի լուծումը մոտենում է ավարտին, քանի որ մաստեր պլանում ներառված է նաև  համալիրի քանդման հարցը:

Սակայն Մաստեր պլանը կյանքի կոչվելու համար դեռևս պետք է հաստատվի կառավարության նիստում: «Անկախի» տեղեկություններով` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում հարցը ներառել նիստի օրակարգ և որոշում կայացնել հօգուտ կոնցեսիոների:

«Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած այսօրվա նիստի արդյունքներից` ասելով` «Եթե հաստատվել է, ուրեմն լավ է»:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման կամ պահպանման հարցը, մասնակցել  է նաև Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը` ներկայացնելով ՀԽ-ի դիրքորոշումը, ըստ որի` շենքը պետք է պահպանվի, և պետք է քննարկվեն դրա հետագա օգտագործման եղանակները:

«Անկախի» հետ զրույցում Գագիկ Մանասյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ իր կողմից ՀԽ դիրքորոշումը ներկայացնելուց հետո նիստի մասնակիցներն իրեն հարցեր են ուղղել: Ներկաները հետաքրքրվել են, թե արդյոք համալիրը երբևէ ներառված եղե՞լ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Մանասյանը հայտնել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ կառույցը երբևէ ներառված չի եղել այդ ցանկում, սակայն նշել է, որ դեռևս ուշ չէ, կարող է ներառվել: «Ինձ նաև հարցրեցին, թե ինչո՞վ է որոշվում՝ դա հուշարձան է, թե ոչ: Ասացի, որ դա որոշելու համար կա լիազոր մարմին: Բայց եթե իմ կարծիքն են ուզում իմանալ, ապա ընդամենը մեկ փաստարկ կարող եմ բերել. «Զվարթնոցը» 1985 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն պետք է անցներ այդ ցուցակի մեջ: Դա ամրագրված է նաև փորձագիտական հանձնաժողովի չափորոշիչներում, բայց թե ինչու նման բան տեղի չի ունեցել, միայն ենթադրություններ կարելի է անել»:

Մանասյանը հիշում է, որ առաջին ցուցակը հաստատվել է 1982 թ., երկրորդը՝ 2002-ին: «1982-ին համալիրը դեռ նոր էր կառուցվել, հավանաբար չեն հասցրել ներառել, իսկ 2002-ին արդեն կնքվել էր կոնցեսիոների հետ պայմանագիրը, և բնական է, որ կառավարությունն ամեն ինչ արել է վարձակալին գրավիչ պայմաններ ներկայացնելու և խոչընդոտներ չառաջացնելու համար»,- նկատում է նա:

Այն, որ կոնցեսիոները դեռևս տարածքը վարձակալելու ժամանակ է «աչքի տակ ունեցել» օդանավակայանի  հետագա զարգացումը «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի հաշվին իրականացնելու տարբերակը, բանավոր հնչել է նաև ընկերության ղեկավարության շուրթերից:

Մանասյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՀԽ-ի դիրքորոշումը լսելուց և դրա շուրջ որոշակի քննարկում ծավալելուց հետո, ՀԽ-ի ներկայացուցիչներին քաղաքավարի ձևով դուրս են հրավիրել՝ ասելով, որ իրենք պետք է շարունակեն քննարկել մաստեր պլանը:

Գագիկ Մանասյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը սկսեր «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: «Թող մշակույթի նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը որոշի` դա հուշարձան է, թե ոչ, և եթե հուշարձան է, ապա հարցը կփակվի, իսկ կոնցեսիոները ստիպված կլինի այլընտրանքային ծրագիր ներկայացնել»:

Միաժամանակ նա համոզված է, որ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը հօգուտ «Զվարթնոցի» շենքի կլինի:

Ինչ վերաբերում է կառույցի պահպանմանը, ապա Մանասյանը կարծում է, որ դա պետք է ստանձնի և´ կոնցեսիոները, և´ պետությունը կամ երկուսը միասին, կամ էլ աճուրդով այն տրվի որևէ այլ կազմակերպության, որը դրա հետ կապված ծրագիր կներկայացնի:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի երկրի գործադիրը չհամաձայնի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Փոխարենը Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունը պահանջի կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրի հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, հանձնարարի համապատասխան կառույցին քննարկելու կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Այդպիսով՝ Հանրային խորհուրդն անհարմար կացության մեջ է դրել կառավարությանը, քանի որ վերջինս, ի դեմս ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, ամիսներ շարունակ առաջ էր տանում «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու գաղափարը` պաշտպանելով կոնցեսիոների շահերը, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչության` Հանրային խորհրդի տեսակետը լսելու և հանրության կարծիքը հաշվի առնելու նախաձեռնությունն ընդամենը պայմանավորված էր հարցի նկատմամբ հասարակական բուռն արձագանքը մեղմելու նկատառումով:

Եթե իսկապես կառավարությունը որոշի ընդունել կոնցեսիոների առաջարկը կլոր շենքը քանդելու վերաբերյալ, ապա կնշանակի, որ ամիսներ շարունակ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի քննարկումներն ապարդյուն էին:

Ի դեպ, դեկտեմբերի 10-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստին ներկա է եղել նաև Հանրային խորհրդի քաղավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ  Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ Հանրային խորհրդի` կլոր շենքը պահպանելու մասին որոշումն անհիմն է, ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ բնույթ ունի, բայց քանի որ ՀՀ նախագահը մեծ տեղ է տալիս Հանրային խորհրդի կարծիքին, շատ դժվար կլինի վարչապետին համոզել, որ շենքը պետք է քանդել:

«Այս ցնցող դիրքորոշման համաձայն` ստացվում է, որ նախ` շենքի պահպանումը չի բխում  ավիացիայի և բիզնեսի շահերից, ինչը, ըստ Մովսեսյանի, քաղավիացիայի համար պարզ է: Երկրորդ` վարչապետը որոշում ընդունելիս կարող է չղեկավարվել ավիացիայի շահերով, այլ հաշվի առնել նախագահի վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` փորձելով պարտադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությանը կատարել ավիացիոն բիզնեսի տեսանկյունից չհիմնավորված ծախսեր՝ ճարտարապետական նշանակություն ստացած շինության պահպանման համար»,-ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Նա կարծում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, շահարկելով Հանրային խորհրդի դիրքորոշումը, փաստորեն, փորձում է ճնշում գործադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» վրա` միաժամանակ վարկաբեկելով Հանրային խորհուրդը: Մինչդեռ Հանրային խորհուրդը երկրի ավիացիոն զարգացումը պակաս չի կարևորում, քան պատմամշակութային կոթողի պահպանումը, և ամենևին էլ չի ասում, որ շենքը պետք է պահպանվի ավիացիայի զարգացման հաշվին:

Անի Գասպարյան

Անկախ

 

 

Դեկտեմբերի 10, «Զվարթնոց» օդանավակայան, Վարշավա-Երևան և Մոսկվա-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»  օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Վահե Ա.-ն, որը 2005 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը սեպտեմբերի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Հարուցվել է քրեական գործ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ

մաքսային

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները` օգտվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետի և նույն բաժանմունքի տեսուչների կողմից անձնական այլ շահագրգռվածությամբ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, վերջիններիս օժանդակությամբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «կարմիր ուղի» ընթացակարգով առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել են թվով 30 «iphone 5S, 16 GB» մակնիշի, թվով 17 «Sony xperia Z» մակնիշի և թվով 5 «Sony xperia Z1» մակնիշի բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Հանրային խորհուրդը սպասում է Կոնցեսիոների փաստաթղթերին

ՀԽ փոքր խորհրդի նիստԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, ՀԽ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստումը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օրենքի նախագծի որոշ փոփոխություններ, որոնք քննարկվել են խորհրդի անդամների կողմից:

Առաջարկվել է նաև օրենքի նախագիծը տեղադրել ՀԽ պաշտոնական կայքում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա իր տեսակետներն ու առաջարկները հայտնել դրա վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀԽ նախագահի կողմից խորհրդի անդամներին առաջարկել է պատրաստել և ներկայացնել հարցեր, որոնք կարող են ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ: Լիագումար նիստի օրակարգային հարց է համարվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը, որի վերաբերյալ մինչ այդ Հանրային խորհրդում պետք է քննարկումներ տեղի ունենան:

Օրակարգի երրորդ հարցի քննարկումը, որը վերաբերում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, սահմանափակվել է ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից հարցին առնչվող առկա տեղեկատվության ամփոփ ներկայացմամբ, մասնավորապես՝ ՀԽ 4 ենթահանձնաժողովների քննարկումների արդյունքների, մամուլում տեղ գտած ուշագրավ հրապարակումների, ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ:

Ցավոք, խորհրդի անդամները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նաև հակառակ կողմի՝ Կոնցեսիոների տեսակետի հետ, որպեսզի պատկերն ամբողջական և հստակ լինի: Մինչդեռ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում որոշվել էր, որ հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար պետք է ուսումնասիրել նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը, լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, և այդ նպատակով հոկտեմբերի 14-ին Հանրային խորհրդի կողմից պաշտոնապես դիմում էր հղվել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ ստանալու համապատասխան  փաստաթղթերը (մաստեր պլան, Կոնցենսիոների կողմից Երևան քաղաքի ճարտարապետական հանձնաժողովին ուղղված դիմում և այլն):

ZvartnocՈւստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել սպասել Կոնցեսիոների կողմից այդ փաստաթղթերի տրամադրմանը, որպեսզի դրանք ուսումնասիրելուց և հակառակ կողմի տեսակետը լսելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների) քննարկման էր դրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի  պահպանման կամ քանդմանը հարցը, և ենթահանձնաժողովները կառույցը քանդելու վերաբերյալ բացասական կարծիք էին տվել՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովն առաջարկում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը կրկին ներառել մշակութային հուշարձանների ցանկում

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի` Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր:

Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները:

Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` 30 տարի ժամկետով, ընկերությունը որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել. «Սակայն ընկերությունը հիմա բացեիբաց հրաժարվում է կառավարության հետ կնքած պայմանագրից բխող պարտականություններից, ըստ որոնց պարտավորվում է պատշաճ ձևով օգտագործել այն և ցանկության դեպքում ներդրումներ և շինարարաություն իրականացնել»:

MHM82115 copyԱնահիտ Թարխանյանը նշեց, որ կառույցը հանդիսանում է Հայաստանի հանրապետության սեփականությունը, և քանի որ սեփականատերը հրաժարվել է որևէ պատասխանատվություն կրելուց, ապա ինքն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել իր սեփականությունը հանդիսացող գույքը, նոր վարձակալ գտնել և շենքն օգտագործել փոքր ավիացիայի և մոտ տարածքներ չվերթներ իրականացնելու նպատակով:

Ներկաներից մեկն էլ հարց բարձրացրեց. եթե շենքում 10 տարուց ավելի է` ներդրումներ չեն արվել և այն կիսաքայքայված վիճակում է, ապա ինչպե՞ս պետք է պետությունը գտնի նոր վարձակալ:

Ճարտարապետի դուստրը կարծում է, որ այն պայմաններով, ինչով որ շենքը հանձնվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, նոր վարձակալ կգտնվի, իսկ եթե ոչ, ապա ինքը հանդես կգա առաջարկությամբ` ստեղծել քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ, որը կդիմի կառավարությանը, որպեսզի կառույցը վարձակալությամբ տրվի խմբին. «Ես համոզված եմ, որ Հայաստանում մոտ տասը նվիրյալներ կգտնվեն, որպեսզի ցանկություն հայտնեն դառնալու այդ շենքի վարձակալը, և մի քանի տարվա մեջ հետ կբերեն այն գումարները, որ վաստակել է նախկին վարձակալը, ինչպես նաև կվերականգնեն շենքը»:

Ինչ վերաբերում է շենքի ներկայիս ոչ բարվոք վիճակին, ապա Թարխանյանը չի հավատում ներկայացվող թվերին. «Ժամանակին այն կառուցվել է որպես ռազմավարական կառույց, ինչը նշանակում է, որ դրանք հաշվարկվել են 10 բալանոց սեյսմակայունության համար: Ինձ համար զարմանալի են չակերտավոր եզրակացություններն այն մասին, որ շենքը սեյսմակայունության խնդիր լինի: Կարող ենք գնալ և տեղում տեսնել, թե ինչպես  են բարբարոսաբար քանդել շենքի երեսպատումը, որի ընթացքում, պարզ է, երևում են նաև արմատուրաները, սակայն դա լուծելի խնդիր է և շենքի սեյսմակայունության վրա չի կարող ազդել»:

Նրա խոսքով` կառույցը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլլար:

Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` կարծես մի չար ձեռք վերացնում է մշակութային արժեքները, որոնք խոսում են մեր ճարտարապետության, մեր անցյալի և մեր ազգի տեսակի մասին: Նրա կարծիքով` այս անհասկանալի երևույթը պետք է կանխվի:

Վլադիմիր Պողոսյանը, որը ոչ միայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի, այլև մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հանդես եկավ կոնկրետ առաջարկով` որոշում կայացնել դիմելու մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողով կառույցը պետական մշակութային հուշարձանների ցուցակում ներառելու համար: Նա նշեց, որ կառույցը ժամանակին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն հետագայում անհայտ պատճառներով ցանկից հանվել է:

Առաջարկը դրվեց քվեարկության` ընդունվելով միաձայն:

Հշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի  քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում: Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:

ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:

«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցը քննարկվելու է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում

timthumbՀԽ մամլո ծառայությունից հայտնում են, որ վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցեն` Աբովյան 2), տեղի կունենա Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է Զվարթնոցի հին ուղևորային համալիրի (Կլոր շենք)պահպանման կամ քանդման հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
 Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի  քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում:Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:
ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:

Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովը դեմ է Կլոր շենքը քանդելուն

g_imageՀանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում այսօր քննարկվում էր «Զվարթնոց» օդանավակայանի կլոշ շենքը քանդել-չքանդելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

MHM81659Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում ընդգրկված անվանի ճարտարապետներ, Հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ մինասյանը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նախագահ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի քաղաավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը:

Հխ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ հարցը քննարկվել է նաև ՀԽ քաղավիացիայի ենթահանձնաժողովի նիստում, որտեղ ընդունվել է որոշում, ըստ որի «Զվարթնոցի» հին համալիրը չպետք է քանդել, այլ պետք է գտնել լուծումներ այն այլ նպատակներով օգտագործելու համար: Ենթահանձնաժողովն իր հերթին մի շարք առաջարկներ է ներկայացնել լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Սաֆարյանը չբացառեց, որ հարցը կքննարկվի նաև ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում, Հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովում. «Այնպես որ Հանրային խորհուրդը շաMHM81660ատավորն է, և որի  կարծիքը պետք է հաշվի առնի թե՛ «Զվարթնոցի»  սեփականատերը, թե՛ Քաղավիացիայի վարչությունը:

Մինչ բուն քննարկմանն անցնելը, ՀԽ քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ հարցն ընդգրկվել է նաև  Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստի օրակարգ, որտեղ միաձայն ընդունվել է բացասական որոշում:

Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով` վարչապետի որոշմամբ, որը քննարկումներ է կատարում այն բոլոր հարցերի շուրջ, որը վերաբերում է կոնցեսիոներին և իր որոշումների մասին տեղյակ է պահում կառավարությանը: «Նաև այս հարցի վերաբերյալ են քննարկումներ, հնչել են բազմաթիվ կարծիքներ` շատ հիմնավոր վերլուծություններով, և որոշում է կայացվել, որ քանդել-չքանդելու հարցը չպետք է վերապահվի մի խումբ մարդիկանց, այլ պետք է լինի հանրային քննարկման արդյունքում: Եվ այն որոշումը, որը կկայացնի հանրությունը, կլինի ընդունելի նաև մեզ համար»,-ասաց նա:

Միաժամանակ Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյան նշեց, որ Կլոր շենքն ունի պահպանման խնդիր` այն այժմ չի օգտագործվում, գտնվում է անմխիթար վիճակում, կա քանդման վտանգ: «Մենք կոնցեսիոներին առաջարկեցինք կազմել նախահաշիվ և ներկայացնել, թե տարեկան ծախսը որքան կկազմի պահպանման համար, վերջինս ասաց, որ տարեկան պահպանման ծախսեր առայժմ չի կարող ներկայացնել, սակայն ներկայացրեց մեկ այլ ծախս, որ 10-12 միլիոն դոլլար է պետք շենքը վերակառուցելու և դրա քանդման վտանգը կանխելու համար»:

MHM81661Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նախ հարցրեց, որ եթե այդ տարածքը նախատեսվում է հետագա զարգացման համար, ապա ինչո՞ւ է հիմա քանդելու խնդիր դրվում կամ կա՞ արդյոք նախահաշվային փաստաթուղթ, որը հիմնավորում է  վերակառուցման համար 10-12 միլիոն դոլլար ծախսը և կա՞ համապատասխան կազմակերպության կողմից ուսումնասիրություն ներկայիս սեյսմիկ վիճակի մասին: «Դեռևս մի քանի տարի առաջ այդ շենքը վերանորոգված էր և ծառայում էր իր նպատակին»,-հիշեցրեց Մուշեղյանը:

Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ կոնցեսիոների կողմից նախագծային աշխատանքներ հավանաբար արված կլինեն, և 10-12 միլիոն դոլլարը «օդի միջից վերցված թիվ չի լինի»:

Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը և այն հարցին, որ ընդամենը մի քանի տարի առաջ շենքն օգտագործվում էր, ասաց. «Բոլորս գիտենք, թե ինչպես էր շահագործվում, միշտ վտանգը կար, երբ մեքենան բարձրանում էր, արագ իջնում էր: Այնտեղ անմխիթար վիճակ է»:

Մուշեղյանն էլ նկատեց, որ անմխիթար վիճակ արտահայտությունը հաճախ է օգտագործվում, երբ ցանկանում են որևէ բան քանդել կամ կառուցել:

Ներկաներին հետաքրքրում էր նաև, թե քանդելու նպատակի վերաբերյալ մշակված որևէ ծրագիր կա՞, թե ոչ, և եթե որոշվի այն քանդել, ապա ինչ է լինելու դրա փոխարեն: Այս և այլ հարցեր, այնուամենայնիվ, մնացին անպատասխան, որովհետև օդանավակայանի միակ ներկայացուցիչը, որը մասկանցում էր քննարկմանը, հրաժարվեց պատասխանել հարցերին` նշելով, որ ինքը ներկա է գտնվում միայն քննարկումն իր ղեկավարությանը փոխանցելու նպատակով և հարցերին պատասխանելու իրավասություն չունի:

Ներկաները խոսեցին շենքի ճարտարապետական-մշակութային բարձր արժեքի մասին` նշելով, որ մինչ վերջերս այն տարբեր երկրներում ներկայացվում է ցուցահանդեսաների` որպես խորհրդային ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության փայլուն նմուշ: Ներկաներից մեկը հռետորական հարց բարձրացրեց` արդյո՞ք օդանավակայանի սեփականատերը տեղյակ է, թե ինչ գանձի է տիրապետում:

Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովը նույնպես որոշեց, որ կլոր շենքը պետք է պահպանվի, և պետք է գտնել տարբերակներ այն որևէ նպատակով օգտագործելու, որպեսզի պահպանման ծախսերը հոգան այդ ճանապարհով:

Հանրային խորհրդի ենթահանձնաժողովների որոշումները կներկայացվեն Հանրային խորհրդի նիստին, և համապատասխան փաստաթուղթ կուղարկվի Քաղավիացիայի գլխավոր վարչություն:

 

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

ադբաշյան «Սրտիցս արյուն է կաթում»,- «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կամ, ինչպես ժողովուրդն է ասում,  կլոր շենքի քանդման մասին լուրերին այսպես է արձագանքում Դմիտրի Աթբաշյանը, որը ժամանակին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետն էր և անձամբ է մասնակցել համալիրը կյանքի կոչելու ողջ գործընթացին:

Աթբաշյանը մասնագիտորեն է բացատրում, թե որքան ճիշտ և որքան մտածված էր համալիրը  նախագծված և կառուցված` ի տարբերություն նոր մասնաշենքի: Նա անգամ կարծում է, որ նոր շենքի կառուցման անհրաժեշտություն ընդհանրապես չկար, այլ կարելի էր հինը զարգացնել, որի շուրջ 90-ականների սկզբին լուրջ բանակցություններ են վարվել Ճապոնիայի, Կորեայի և այլ երկրների հետ:

Այսօրվա պես հիշում է. 1971 թվականն էր, նոր էր Ռուսաստանից հայրենիք եկել և ստանձնել քաղավիացիայի վարչության պետի պաշտոնը, երբ մի քանի օր անց իրեն զանգահարեցին և ասացին, որ օդանավակայանում նոր համալիր կառուցելու նախագծեր կան: Անտոն Քոչինյանը (ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ուզում է լսումներ անցկացնել դրանց վերաբերյալ և ցանկանում է լսել իր կարծիքը:

«Ներկայիս արտգործնախարարության շենքում, որն այն ժամանակ պետշինի շենքն էր, մի դահլիճ էին վերցրել, պատերին կախել այդ գծագրերը և տակը շարել նախագծերի մակետները: Վեց նախագիծ, վեց մակետ` յուրաքանչյուրն իր ճարտարապետական խմբով»,- հիշում է նա:- Վեցն էլ ելույթ ունեցան և իրենց պրոյեկտները գովեցին, բայց իմ կարծիքով` ոչ մեկն էլ չէր համապատասխանում քաղավիացիայի այդ ժամանակվա պահանջներին: Ասացի, որ նախ և առաջ պետք է գծել տեխնոլոգիան, հետո դրա շուրջ շարել պատերը, իսկ դուք արել եք ուղիղ հակառակը:  Այդ միտքը Քոչինյանին շատ դուր եկավ, և նա իմ ելույթից հետո ասաց, որ հասկացել է ինձ: Հետո Քոչինյանը հարցրեց, թե այդ վեց նախագծերի մեջ չկա՞ն գոնե երկուսը, որ խելքին մոտ են: Այո, կային, և այդ երկուսից մեկը Արթուր Թարխանյանինն էր: Քոչինյանը հանձնարարեց, որ այդ երկու նախագծերը ներկայացրած բյուրոները միանան և համատեղ աշխատեն: Դրանից հետո գնացի արտերկիր, ուսումնասիրեցի տարբեր օդանավակայաններ, որտեղից մի քանի ճամպրուկ գծագրեր բերեցի»:

զվարթնոց (1)

Աթբաշյանը պատմում է նաև, որ շենքի նախագիծն ուղարկել էին Մոսկվա այն ճարտարապետների մոտ, որոնք աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակներից մեկը` Մոսկվայի «Օստանկինոն» էին նախագծել; Երբ նրանք ամրության տեսանկյունից ուսումնասիրել էին «Զվարթնոցի» շենքի նախագիծը, ասել էին, որ այն «Օստանկինոյից» երկու անգամ ավելի ամուր է:

9Եվ այդպես 1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի  ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: Դրա բացմանը Մոսկվայից հատուկ պատվիրակություն էր եկել` Խորհրդային Միության ավիացիայի նախարարի առաջին տեղակալի գլխավորությամբ:

Կլոր շենքը դարձավ Հայաստանի այցեքարտերից մեկը և ներառվեց պատմա-մշակութային հուշարձանների ցանկում: Ամենակարևորը` սիրվեց ժողովրդի կողմից:

Այսօր արդեն ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ հանդիսացող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են կլոր շենքը քանդելու հարցը` պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Բացի այդ, ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք զարգացման ծրագիրն են ներկայացրել, և եթե նախատեսեն մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խանգարել:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

2107Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հայտնեց, այս տարեսկզբին շենքը քանդելու հարցը բերվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհուրդ, որի անդամ է նաև ինքը, և Նարեկ Սարգսյանը, որն այդ ժամանակ դեռևս Երևանի գլխավոր ճարտարապետն էր, անգամ հարցը քննարկման չի դրել` ասելով, որ միևնույնն է, քաղաքապետարանը պետք է մերժի, քանի որ չպետք է թույլ տալ այդ շենքը քանդել: «Դրանք Նարեկ Սարգսյանի խոսքերն են: Նա անգամ ասաց, որ Ծածկած շուկայի շուրջ աղմուկը քիչ է, հիմա էլ լրացուցիչ աղմուկ այս շենքի շուրջ չի կարելի հանել»,- ասում է Քալաշյանը` նշելով, որ դրանից հետո քաղաքապետարանը գրավոր մերժել է դիմումը:

Բայց ինչպես երևում է, օդանավակայանի ղեկավարությունը մտադիր չէ հանձնվել, և օրեր առաջ նույն հարցով Հանրային խորհուրդ է դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը և առաջարկել համատեղ քննարկել հարցը, որպեսզի նախքան վերջնական որոշում կայացնելն իրենք ունենան այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են հանրության շրջանում, և ներկայացնեն կառավարություն:

Հանրային խորհրդից տեղեկացրին, որ եկող շաբաթվա ընթացքում հարցը քննարկման է դրվելու խորհրդի մի շարք ենթահանձնաժողովներում` քաղաքաշինության, քաղավիացիայի, մշակույթի և այլն, որից հետո հանրային լայն քննարկում է կազմակերպվելու:

10Քալաշյանի խոսքով, ժամանակին, ինչպես շատ այլ արժեքավոր կառույցներ, կլոր շենքը նույնպես պատմա-մշակութային հուշարձանների ցանկից հանվել է, որպեսզի հեշտությամբ սեփականաշնորհվի, որից հետո այլևս չի ներառվել այդ ցանկում: «Անկախությունից հետո, երբ օլիգարխները սկսեցին իրենց «վաստակած» գումարները մարմնավորել բետոնի մեջ, որ կորստի չենթարկեն, որոշեցին շենքեր գնել, բայց երբ իմանում էին, որ դրանք հուշարձան են, հրաժարվում էին, դրա համար էլ հուշարձանների ցանկից հանում էին»:

Ճարտարապետը համամիտ է, որ ժամանակները փոխվել են, և օդանավակայանի  հին շենքը միգուցե չի համապատասխանում նոր պահանջներին, քանի որ խորհրդային տարիներին օդանավակայանն արտասահմանյան չվերթներ չէր սպասարկում, չկար մաքսակետի, այլ ծառայությունների կարիք, բայց նաև կարծում է, որ այն կարելի է այլ նպատակի ծառայեցնել:

Դմիտրի Աթբաշյանն էլ առաջարկում է կոնկրետ նպատակն ու լուծումը. առանց որևէ փոփոխության այդ շենքն օգտագործել որպես տրանզիտային օդանավակայան կամ, ինչպես դրսում է ընդունված ասել, «հաբ» օդանավակայան: «Բերել, տրանզիտային չվերթները Հայաստանում իջեցնել, և այն ուղևորները, որոնք պետք է մի քանի ժամ անցկացնեն օդանավակայանում և շարունակեն իրենց ճանապարհը, այդ ժամանակահատվածը կարող են անցկացնել կլոր շենքում, որտեղ բնականաբար պետք է լինեն տարբեր ծառայություններ` հյուրանոց, ռեստորան և այլն: Ուղևորներից յուրաքանչյուրն ամենապակասը 60-100 դոլար կթողնի այնտեղ»:

Աթբաշյանը համոզված է, որ դրա պահանջարկը կա, «Զվարթնոցն» էլ աշխարհագրական առումով հիանալի դիրքում է` տեղակայված է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Ասում է, որ 90-ականների սկզբին, երբ ինքը կրկին քաղավիացիայի վարչության պետն էր, այդ հարցը քննարկվել է: Օրինակ, Ֆրանսիայի հետ, որը պատրաստակամ է եղել տրանզիտային չվերթներ իրականացնել Հայաստան, բայց գործը, ցավոք, կիսատ է մնացել:

Սաշուր Քալաշյանին ցավ է պատճառում, որ XX դարի մեր ճարտարապետական նվաճումները հերթով հօդս են ցնդում: «Ոչ մի երկրում էդպիսի բան չկա, որ ճանաչում ստացած օբյեկտները քանդեն ինչ-ինչ պատճառներով: Դրանք պահպանվում են` անկախ  այն հանգամանքից` հնացել են, թե ոչ, կորցրել են իրենց պիտանիության արժեքը, թե ոչ: Դրանք արդեն մշակութայի՛ն արժեքներ են»:

Վտանգված է «Զվարթնոց» օդանավակայանի շենքը

TH_Zvartonts

Ճարտարապետները վախենում են, որ, եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք մեր քաղաքի ճանաչելիությունը: Կարճես թե վտանգի առաջ կանգնելու հերթը հասել է «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքին: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը քանդելու համար այն պատճառաբանությամբ, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է դիմումը:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այդ շենքի ողջ արժեքը. ««Զվարթնոց» օդանավակայանի շենքը Սովետական շրջանի մոդեռնիստական ստեղծագործությունների շարքին է պատկանում, միութենական մրցանակի է արժանացել: Սեփականատիրոջ բերած մտահոգությունները, որ կոնստրուկցիաները թույլ են, վերջին հաշվով կարելի է վերականգնել, ուժեղացել ու պահել», – ասաց բանախոսը և հավելեց. « «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: Կան հուշարձաններ, որոնք գրանցված չեն, բայց մեծ արժեք են ներկայացնում: Սակայն պարզվել է, որ անպաշտպան են այդ ցանկերում ընդգրկված հուշարձանները ևս: Մինչև օրինախախտները չպատժվեն, նմանատիպ խնդիրները չեն լուծվելու»,-ասաց Մ. Մինասյանը: