«Զվարթնոցի» կլոր մասնաշենքի ճակատագրի հարցը կարող է վերանայվել

Մկրտիչ-ՄինասյանՃարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Զվարթնոցի» կլոր շենքի ճակատագրին և խնդրի շուրջ նոր զարգացումներին: Նա տեղեկացրեց, որ  վերջերս մի քանի ճարտարապետների հետ միասին եղել է Քաղավիացիայի գլխավոր վարչությունում. «Ասեմ, որ իրենք էլ են անհանգստացած, բայց որևէ պատասխան չեն տալիս, միայն ասում են, որ սեյսմիկ վտանգը մեծ է, ուստի նպատակահարմար է քանդել կլոր մասնաշենքը», – ասաց Մկրտիչ Մինասյանը, բայց և նշեց, որ վերջին հանդիպումից պարզ դարձավ՝ հնարավոր է երկխոսութան միջոցով ավելի լավ որոշման հանգել:

«Հանդիպմանը ներկա էր նաև կոնսենսիոների ներկայացուցիչը, ով խոստացավ իրենց ճարտարպետների օգնությամբ կրկին վերանայել հարցը: Մենք առաջարկեցինք հարցին նայել և՛ մասնաշենքը պահելու, և՛ այն լայնացնելու տեսանկյունից: Երբ ստանանք նրանց նոր առաջարկները, միությունում կքննարկենք դրանք, որպեսզի հասկանանք, թե ինչ ռեսուրսների շնորհիվ հնարավոր կլինի պահել կլոր շենքը»,- ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը նաև անդրադարձավ Երևանի ճարտարապետական դեմքին առհասարակ: Նա մատնանշեց, որ ամբողջ աշխարհում է ընդունված պահպանել քաղաքի դեմք հանդիասցող շենքերը: «Եթե մենք հանում ենք Զվարթնոց օդանավակայանը, Երիտասարդական պալատը և մյուս նման շենքերը, ստացվում է, որ խորհրդային շրջանի մեր ճարտարապետները որևէ մնայուն կառույցով հանդես չեն եկել», – հավելեց ճարտարապետների միության նախագահը:

Հանրային խորհուրդն անդրադարձել է Քեսաբի դեպքերին և ՍԴ որոշմանը

484_bՍ.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամուլի ծառայությունից, առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը և «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին:

Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքերն ավելի արդյունավետ դարձնելու և ՀԽ-ն հանրային կյանքում որպես մնայուն մարմին ունենալու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Հանրային խորհրդի կողմից մշակված օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի, ինչպես նաև իրավաբանների մասնակցությամբ, որոնք գտնում են, որ մշտական գործող և լիարժեք մարմին ունենալու համար Հանրային խորհուրդը պետք է նախատեսվի ՀՀ Սահմանադրության մեջ (օրինակ` ինչպես դա արված է Ֆրանսիայում): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրումից հետո միայն նպատակահարմար կլինի ընդունել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» լիարժեք օրենք:

Եվ քանի որ մոտ ժամանակներում նախատեսվում է ընդունել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ, Հանրային խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Հանրային խորհրդի հիշատակումը վերը նշված փոփոխությունների մեջ ներառելու հարցը՝ առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը տեղափոխվում է քաղաքական դաշտից հանրային դաշտ:  Իսկ մինչ այդ պահպանել գործող Հանրային խորհուրդը, գործող ՀԽ կանոնադրության մեջ  ամրագրել որոշ դրույթներ, որոնք նախատեսվում են նաև քննարկվող օրենքի նախագծում: Դա թույլ կտա ինչպես փորձարկել այդ դրույթները, այնպես էլ՝ նորացնել Հանրային խորհրդի կազմը՝ ստեղծելով ՀԽ մի քանի նոր հանձնաժողովներ և կազմակերպելով դրանցում հանձնաժողովի նախագահի ընտրություններ, որոնք      կդառնան ՀԽ անդամներ:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և դրա հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերին: Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը) ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀԽ անդամները նաև նշել են, որ նմանատիպ դեպքերը միշտ տեղի են ունենում անսպասելիորեն, և ցավոք, մեր հասարակությունն ու պետական մարմինները լիարժեքորեն պատրաստ չեն լինում դրանց, իսկ նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ գոյություն չունեն: Ուստի Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական և հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:

Նիստի օրակարգի համաձայն՝ քննարկվել է նաև Հանրային խորհրդի կողմից վերջին շրջանում բարձրացված երեք կարևոր հարցերի ընթացքը, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգին:

Քննարկելով պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ Հանրային խորհուրդը բարձր է գնահատել հասարակական այն պայքարը, որի արդյունքում այսօր մենք ականատես ենք լինում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Միաժամանակ հանրային խորհուրդը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ Հայաստանը կատարում է մի նոր կարևոր քայլ դեպի իրական իրավական պետության կայացում: Հանրային խորհուրդը շարունակելու է ուշադիր հետևել հետագա գործընթացներին և խնդրի վերջնական լուծմանը:

Հանրային խորհուրդը կարևորել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման նպատակով հանրության կուռ կարծիքի ձևավորումը, ինչպես նաև կոնցեսիոների և կառավարության պատրաստակամությունը՝ հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին: Նշվել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է համագործակցել կոնցեսիոների հետ շենքի պահպանման, ամրացման և հետագա շահագործման հարցերի շուրջ:

Հանրային քննարկումների և ՀԽ համառ ջանքերի արդյունքում ունեցած կարևոր հաջողություն է համարվել նաև Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրին պետական ամենաբարձր մակարդակով կարևորություն տալը և խնդրի լուծման նպատակով գործողությունների համալիր ծրագիր մշակելու կառավարության քայլը: Նշվել է, որ ՀՀ վարչապետն իր շնորհակալական խոսքն է հղել Հանրային խորհրդին այդ կարևորագույն հարցում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար, միաժամանակ ընդգծվել է, որ այդ հարցում դեռ անելիքները շատ են, և Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողական լինել խնդրի վերջնական լուծման ուղղությամբ:

 

Անկախ

«Այս գործի մեջ բոլորն անխտիր շահում են». «Զվարթնոց»-ի պայքարն արդյունք է տալիս

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի գլխին կուտակված սև ամպերը կարծես ցրվում են, և հարցը լուծվում է` հօգուտ շենքի պահպանման:

Գրեթե մեկ տարի տևող բուռն քննարկումների արդյունքում կառավարությունն ի վերջո ընկրկեց հանրային դիրքորոշման առջև` հանձնարարելով օդանավակայանի ղեկավարությանը ճարտարապետների հետ միասին քննարկել օդանավակայանի զարգացման այնպիսի լուծումներ, որոնք կերաշխավորեն կլոր շենքի պահպանումը:

Հանրային խորհուրդը, որտեղ նախորդ տարվա օգոստոս ամսին դիմել էր քաղավիացիայի գլխավոր վարչությունը` քննարկելու շենքի քանդման կամ պահպանման հարցը, և որը կայացրել էր շենքը պահպանելու որոշում, ս.թ. մարտի 26-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:

Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:

Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները»:

ՀԽ հաղորդագրության մեջ նաև նշված է, որ խորհուրդը շարունակելու է հետևել գործընթացին և պատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանման և հետագա շահագործման հետ կապված խնդիրները:

Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկել է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Հանրային խորհուրդը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մասնագետներին, քաղաքացիներին ու շահագրգիռ անձանց, որոնց ջանքերով ձևավորվել է «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանման վերաբերյալ հանրային կուռ կարծիք, ինչպես նաև բարձր գնահատել ՀՀ կառավարության և կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին»:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիպման մասին «Անկախ»-ին մանրամասներ ներկայացրեց Գրիգոր Ազիզյանը:

Նրա խոսքով` հանդիպմանը մասնակցել են Ճարտարապետների միության մի խումբ անդամներ` միության նախագահի ղեկավարությամբ, կոնցեսիոների ներկայացուցիչն ու քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներ:

Քննարկումը վարել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա ներկայացրել է նոր որոշումը, որը քաղավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարություն:

«Նոր որոշման մեջ կոնցեսիոներն ընդունում է այն առաջարկը, որ պետք է քննարկվեն շենքը պահպանելու վերաբերյալ լուծումներ: Իսկ լուծում միշտ կգտնվի»,-նկատեց Ազիզյանը:

Նրա խոսքով` քննարկումը բավականին լուրջ ու հետաքրքիր է եղել և անցել է բոլորովին այլ մթնոլորտում. «Որ շենքն արժեք է, պետք է ամեն ինչ անել այն պահպանելու համար և այլն»:

Ինչպե՞ս է ավարտվել հանդիպումը հարցին Ազիզյանը ծիծաղելով պատասխանում է. «Համընդհանուր լուսանկարվելով»,-ապա ավելացնում,-քանի որ հենց Էռնեկյանի կողմից է եղել առաջարկը, որ գտնենք հնարավորություն շենքը պահպանելու, ուստի կոնցեսիոները պետք է վերանախագծի իր մաստեր պլանը, մենք էլ բնականաբար մասնակցելու ենք այդ քննարկումներին, մեր առաջարկներն ենք ներկայացնելու և միասին փորձելու ենք գտնել լուծումներ շենքը պահպանելու նպատակով»:

Ի դեպ, Գրիգոր Ազիզյանը նշում է, որ այդ հանդիպման ժամանակ բոլորն էին ուրախ` անգամ քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակիցները: Ազիզյանին դուր չի եկել միայն կոնցեսիոների ներկայացուցչի այն կարծիքը, որ կլոր շենքը սեյսմիկ տեսանկյունից շատ վատ վիճակում է, և իրենք արտերկրից պետք է հրավիրեն մասնագետներ, որոնք պետք է քննարկեն շենքի սեյսմակայունության և ամրացման հարցերը: «Ես պարզապես ասացի, որ եթե հանկարծ արտասահմանյան մասնագետները որոշեն, որ հնարավոր չէ շենքն ամրացնել, դիմեք մեզ, մենք անպայման կգտնենք լուծում»:

Իսկ լուծման տարբերակ, ըստ Ազիզյանի, մեկը չէ, այլ առնվազն վեցն է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ազիզյանը նաև «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրենն է, և հենց այդ կառույցն է ժամանակին մրցույթով շահել «Զվարթնոցի» կլոր շենքի նախագծման և կառուցման պատասխանատվությունը, ուստի նրա համար շենքի պահպանումն ունի բոլորովին այլ նշանակություն:

Ազիզյանն ուրախ է, որ Հանրային խորհրդի հետևողական ջանքերն ու հանրային պայքարն իրենց ցանկալի արդյունքը տվեցին: «Այս գործի մեջ պարտվող չկա, բոլորն անխտիր շահում են` և´ պատվիրատուն, որն իզուր տեղը փող չի ծախսելու շենքի քանդման վրա, և´ պետությունը, և´ իհարկե ժողովուրդը»:

Հաջորդ քայլն, ըստ Ազիզյանի, պետք է լինի կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: Շուտով տեղի է ունենալու մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող փորձագիտական հանձնաժողովի նիստ, որը զբաղվում է նաև հուշարձաններին կարգավիճակ շնորհելու հարցով: Հանձնաժողովի անդամ է նաև Գրիգոր Ազիզյանը, նրա խոսքով` այդ նիստի ժամանակ քննարկվելու է նաև «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը:

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ համատեղ քննարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը:

Երկարատև ու համակողմանի քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդը որոշել էր դիմել կառավարություն չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, ինչպես նաև հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

ՀԽ հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի պահպանման հարցի վերաբերյալ

arm138805273927ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:

Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:

Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները:

Հանրային խորհուրդը շարունակելու է հետևել գործընթացին և պատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանման և հետագա շահագործման հետ կապված խնդիրները:

Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկում է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Հանրային խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մասնագետներին, քաղաքացիներին ու շահագրգիռ անձանց, որոնց ջանքերով նաև ձևավորվեց «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանման վերաբերյալ հանրային կուռ կարծիք:

Հանրային խորհուրդը բարձր է գնահատում ՀՀ կառավարության և կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին:

 

ՀՀ Հանրային խորհուրդ
26.03.2014 թ.

Անկախ

«Առանց տեսլականի, առանց իրար նկատմամբ վստահության, առաջ գնալ չենք կարող». Վազգեն Մանուկյան

վազգեն մանուկյանՓետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների հետ` քննարկելու հանրությանը հուզող մի շարք հարցեր:

ՀԽ նախագահն իր խոսքում անդրադարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի, այլև բարձրացրել պետության, հասարակության, հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող համընդհանուր խնդիրներ:

Վազգեն Մանուկյանի ելույթը  ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելիʹ պարոն վարչապետ, կառավարության անդամներ, գործընկերներ

Հայաստանն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը պահանջում է շուտափույթ լուծումներ: Մենք մեր կողմից այսօր կներկայացնենք մի շարք խնդիրներ, որոնք առաջ են քաշված հասարակության կողմից: Դրանց մի մասի վերաբերյալ Հանրային խորհուրդն ունի իր հստակ կարծիքը և լուծումներ է առաջարկում, և կան հարցեր, որոնք դեռ պահանջում են համատեղ մասնագիտական քննարկումներ:

Բայց Հանրային խորհուրդը մտահոգված է ոչ միայն այդ որոշակի խնդիրների լուծմամբ. խնդիրներ լինելու են միշտ: Դրանց լուծման համար պետք են բանիմաց մասնագետներ, արդյունավետ կառավարություն, բայց հնարավոր չի լինի դրանք լուծել, եթե հասարակության շրջանում չկա համապատասխան մթնոլորտ` վստահություն, էներգետիկա, լավատեսություն: Նման պայմաններում խնդիրների լուծումը որևէ մասնագետի միջոցով հնարավոր չէ: Ցավոք, մեր կարծիքով, Հայաստանում այսօր այդպիսին է մթնոլորտը, և մենք կարծում ենք, որ  իշխանության քայլերն էլ, ցավոք սրտի, միշտ չէ, որ նպաստում են այդ մթնոլորտի փոփոխմանը, ընդհակառակը` երբեմն նույնիսկ խորացնում են:

Հասարակության  մի մասի շրջանում, արդարացի թե ոչ արդարացի, տպավորություն է ստեղծվում, որ իրենց մասին մտածող չկա, իրենք մնացել են միայնակ, և բոլոր որոշումները, որ ընդունվում են, այս կամ այն ձևով իրենցից գումար վերցնելու նպատակ ունեն: Անկախ այն հանգամանքից, թե տնտեսական ինչ հեռանկարային խնդիրներ ու համակարգ է ներդրվում, ամեն մի որոշման մեջ փող վերցնելու գաղափարը կա, և դա կարծես դոմինանտ է որոշումների մեջ:

Այդ տեսանկյունից ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնել ենք և´ մամուլով, և´ նախագահի մոտ, և´ կառավարությունում: Դրանցից մեկը պարտադիր կենսաթոշակային համակարգին է վերաբերում: Ընդ որում, պետք է ասեմ` մեր քննարկումների ժամանակ մենք որպես մոդել դրական ենք գնահատել այդ համակարգը կենսաթոշակային հարցերը լուծելու համար:

Բայց ի՞նչ էր առաջարկում Հանրային խորհուրդը: Մենք առաջարկում էինք, օրինակ, նվազեցնել 5% դրույքաչափը, սահմանված գանձումն իրականացնել հարկված աշխատավարձից, կամ եթե նույնիսկ 5% դրույքաչափը պահպանվի, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչև 2020 թ. այն աստիճանաբար հասցնելով 5%-ի (հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատելու առաջարկվող մոդելի արդյունավետությունը): «Պարտադիր» բաղադրիչի մասով առաջարկում էինք, որ փոքր չափի աշխատավարձերի (ասենք` մինչև 80.000 դրամ) դեպքում գործատուն կամ պետությունը (եթե բյուջետային աշխատող է) ամբողջ ծավալով իր վրա վերցնի վճարումները, նշված չափից բարձր աշխատավարձի դեպքում (ասենք` 80.000-ից մինչև 150.000 դրամ), աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչև 5%-ի, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը տարածել միայն 500.000-ի հատվածի վրա, իսկ դրանից բարձր հատվածի դեպքում թողնել աշխատողի կամավոր ցանկությանը:

Այսինքն` մենք խոսում ենք ոչ թե մոդելի  փոփոխման մասին, այլ մոդելն այնպես անելու, որ ընկալելի լինի հասարակության կողմից:

Երկրորդ հարցը, որ բարձրացրել ենք, և անկեղծ ասած, չգիտենք, թե դրա պատասխանը որն է, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակի հարցն է: Մենք շատ հստակ ենք հարցը դրել. չենք պնդում, որ դա պատմամշակութային արժեք է, ասում ենք` կա համապատասխան հանձնաժողով և կա ճարտարապետների կարծիք: Թող միասին քննարկեն, եթե այն համարվի պատմամշակութային արժեք, այդ դեպքում  կգործի համապատասխան  օրենքը: Սակայն այդ հարցը չի քննարկվել:

Երկրորդ առաջարկն այն է, որ եթե օդանավակայանը զարգացման համար շարունակում է ինչ-որ ուղղությամբ ընդլայնվել, եթե այլընտրանքային տարբերակ կա, ապա դրա բիզնես պլանն էլ ներկայացնել, տարբերությունը հասկանալ: Առաջարկել ենք նաև քննարկել, թե կարելի՞ է հին համալիրն օգտագործել: Սակայն դրա վերաբերյալ նույնպես որևիցե լուրջ քննարկում չի եղել:

Կառավարության որոշումից մենք տպավորություն ստացանաք, որ այդ հարցը հետաձգվել է և ճարտարապետների հետ դեռ պետք է քննարկվի, բայց քաղավիացիայի գլխավոր վարչության պետն իր բոլոր ելույթներում ասում է, որ աշտարակը պետք է քանդվի, կարծես ինչ-որ անձնական շահագրգռվածություն ունի աշտարակը քանդելու հարցում: Այդ աշտարակը մեր ժողովրդի համար դարձել է խորհրդանիշ: Եթե այդ խորհրդանիշը պահելը շատ թանկ է կամ անհնար է, պետք է բացատրել ժողովրդին, իսկ եթե լուծում կա, ապա այդ լուծումը պետք է տալ:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ հասարակության մեջ դժգոհությունը կուտակվում է, մարդկանց մեջ անվստահություն է առաջանում ոչ միայն երկրի ապագայի, այլև իրենց ընտանիքների, իրենց ապագայի նկատմամբ: Անորոշություն է, թե ուր ենք գնում: Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ է հռչակել, ի՞նչ է անում: Այդ անորոշությունը հանգեցնում է նրան, որ ամեն մի կեղտոտ բամբասանք հեշտությամբ տարածվում է ժողովրդի մեջ, և կա մամուլ, որը լավ օգտագործում է դա: Մարդու միակ հույսը մնում է այն, որ թողնի փախչի էս երկրից:

Եթե մենք կարողանայինք ապահովել կտրուկ տնտեսական աճ Հայաստանում, դա կառաջացներ և´ ոգևորություն, և´ վստահություն ապագայի նկատմամբ: Բայց կարծում եմ` և´ արտաքին պայմանները, և´ այս ներքին լճացումը չեն նպաստում, որ Հայաստանում կտրուկ տնտեսական աճ լինի: Այդ դեպքում վերադառնում եմ Ձեր բարձրացրած հարցին, պարոն վարչապետ: Անցյալ անգամ Դոʹւք այդ հարցը բարձրացրիք, և ես  նույնպես շատ եմ կարևորում: Ասացիք, որ իսկապես Հայաստանում պակասում է տեսլականը: Եթե ուշադիր նայենք, ոչ մի երկիր չի կարողացել ծանր վիճակից դուրս գալ և ոտքի կանգնել, եթե չի ունեցել նպատակներ, երազանքներ ու տեսլական: Ո՞րն է մեր տեսլականը: Դա պիտի լինի մի տեսլական, որը համախմբում է մարդկանց, որի մեջ վեհություն կա, թիմային զգացողություն, բայց միաժամանակ իրականացումն ապահովում է ամեն մեկի ընտանիքի բարեկեցությունը: Այսինքն` ոչ միայն անձնազոհություն է  պահանջում, այլև ապահովում է յուրաքանչյուրիս ընտանիքի, երեխաների ապագա բարգավաճումը: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի իշխանություն, որն անկեղծորեն դրանով տարված է:

Երբ մենք շարժումով եկանք իշխանության, այդ շարժման մեջ ազգային և ժողովրդավարական մեծ հոսանք կար: Հետզհետե պարզվեց, որ ազգայինը «կեղծ կատեգորիա» է, և միայն դեմոկրատիան է  կարևոր: Դեմոկրատիան էլ հանգեցրեց նրան, որ նրանք, ովքեր հռչակում էին այդ դեմոկրատիան, հենց դրա անվան տակ էին փող աշխատում: Հետո ամեն ինչ փոխվեց: Դեմոկրատիան դարձավ մի քիչ երկրորդական, առաջ մղվեց ազգայինը, և այդ անվան տակ թալանվեց ինչ կար-չկար, վաճառքի հանվեց այն ամենը, ինչ որ ազգային արժեք էր: Այսինքն` ստացվեց, որ այդ գաղափարն էլ մարդիկ օգտագործեցին անձնական հարստացման համար: Հիմա էլ, եթե տեսլական ունենանք, այն ներկայացնենք, բայց որպես իշխանություն սկսենք օգտվել դրանից, այդ տեսլականը ոչ մի արժեք չի ունենա:

Ես կարծում եմ, որ  իշխանության պարտքն է, հասարակության լայն շերտերին հավաքելով, միասին ներկայացնել, ձևակերպել այդ տեսլականը; Հասարակությունը պետք է մասնակից լինի, որ դա լինի ոչ թե իշխանության տեսլականը, այս կամ այն կուսակցության տեսլականը, այլ ողջ ժողովրդինը:

Մենք հանդիպումներից մեկի ժամանակ ողջունեցինք նախագահի` Սահմանադրությունը վերամշակող աշխատանքային մարմին ստեղծելու նախաձեռնությունը և  առաջարկեցինք, որ ստեղծվի մի հասարակական խումբ, որում ներգրավված լինեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության տարբեր շերտեր: Մենք ուզում էինք, որ հասարակությունը, ներգրավվելով դրա մեջ, հասկանար, թե ինչու է այդ բարեփոխումն անհրաժեշտ, որն է դրա նպատակը, այսինքն` հասարակությունը մտներ այդ բանավեճի մեջ: Դրա փոխարեն, ցավոք, ստեղծվեց մի մասնագիտական խումբ, որը փոխում է Սահմանադրությունը, բայց թե ինչի համար, չենք հասկանում: Հասարակությունն օտարված է զգում իրեն բոլոր որոշումներից:

Ես անձամբ կարող եմ առաջարկել այդ տեսլականը: Դա առաջարկել եմ 1990 թվականին ու առաջարկում եմ հիմա: Այդ տեսլականը համաշխարհային ազգն է: Դա նշանակում է, որ աշխարհով մեկ սփռված հայությունը` իր ողջ բազմազանությամբ, իր բազմակարծությամբ, ձևավորվի որպես մի խումբ, մի թիմ, որը մրցակցության մեջ մտնի ուրիշների հետ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայն պետություններն էին  իրար հետ մրցում: Հիմա մրցում են ոչ միայն պետությունները, այլև մարդկանց տարբեր խմբեր` աշխարհով մեկ սփռված, տրանսնացիոնալ խոշոր ընկերություններ: Օրինակ` Իտալիան որոշում ընդունեց, որ իր սփյուռքից 20 հոգու դարձնում է խորհրդարանի անդամ: Նույն որոշումն ընդունեց Հունգարիայի խորհրդարանը: Մինչև հիմա լուրջ սփյուռք ունեին հրեաները և հայերը, բայց արդեն բոլորը հասկացել են, որ  նոր մրցակցության ժամանակաշրջան է սկսվել` գլոբալ մրցակցության ժամանակաշրջան, և այդ ժամանակաշրջանում աշխարհի ամեն կետում է մրցակցություն ընթանում, և պետության հետ միասին պետք է կարողանալ համախմբել աշխարհով մեկ սփռված մարդկային ցանցը:

Ես կարծում եմ, որ սա կարող է դառնալ քննարկան ձող: Բայց առանց տեսլականի, առանց վստահության իրար նկատմամբ` իշխանությունը հասարակության, հասարակությունն իշխանության, մենք առաջ գնալ չենք կարող:

Իմ ասածը մի քիչ շեղվում է այն տնտեսական հարցերից, որոնք հավաքվել ենք քննարկելու, բայց ես կարծում եմ, որ առանց հիմնարար քաղաքական հարցեր լուծելու, շատ դժվար կլինի տնտեսական հարցեր լուծել, մանավանդ որ աշխարհը փոխվել է և շատ բարդ իրավիճակում է:

Մենք պետք է ադեկվատ լինենք այդ աշխարհին:

Շնորհակալություն»:

 

Անկախ

Ի՞նչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպմանը

հանրային խորհուրդՍ.թ. փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ:

Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ:

Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր:

Կբարձրացվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և դրա հետ կապված հանրային դժգոհության հարցը: «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը նույնպես հանդիպման օրակարգում է: Նշենք, որ և՛ կենսաթոշակային համակարգի, և՛ օդանավակայանի հին ուղևորային համալիրի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ՀՀ նախագահին ու վարչապետին:

Գիտակրթական ոլորտին առնչվող հիմնախնդիրները նույնպես վարչապետի հետ հանդիպման օրակարգում են: Մասնավորապես, կբարձրացվեն ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները, գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Հանրային խորհուրդը հանդես կգա առաջարկությամբ՝ կառավարության և խորհրդի միջև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ՝ գիտության և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներն առավել խորությամբ ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված սեյսմիկ ու բնապահպանական իրավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Հստակ օրինակներով կներկայացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող կառուցապատման երևույթները, որոնք նաև հանրային դժգոհության ալիք են բարձրացրել, ինչպես նաև կներկայացվեն առաջարկներ երևույթի տարածումը կանխելու համար:

Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ և կիսափակ համակարգերի անցնելու, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ՀԽ օրակարգում և կներկայացվի վարչապետին, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, և կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր:

Վարչապետի հետ հանդիպմանը կներկայացվեն նաև տնտեսությանն ու արդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ: Մասնավորապես կբարձրացվի «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների հարցը, որոնք ըստ խորհրդի, կարող են խոչընդոտել արտասահմանյան ներդրումները: Կներկայացվի նաև ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պարտքերի մարման ժամանակացույցի կիրառման հարցը, քանի որ տնտեսվարողների նկատմամբ ֆինանսական միջոցների կալանքի կիրառումը հանգեցնում է դրանց սնանկացմանը: Երևանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հարցերը նույնպես հանդիպման օրակարգում են: Վարչապետի ուշադրությունը կհրավիրվի նաև Վրաստանից ազոտական պարարտանյութերի ներմուծման փոխարեն ազոտական պարարտանյութ արտադրելու նպատակով Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության վրա:

Որպես առողջապահության ոլորտին առնչվող մասնավոր հարցեր՝ կներկայացվեն սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինասնավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտությունը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ և հարկվում պետության կողմից), ինչպես նաև քաղցկեղով հիվանդների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը:

Կբարձրացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ամբողջական հայեցակարգ ունենալու հարցը, մշակույթի ոլորտում պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը, ազգային անվտանգության հայեցակարգի դրույթների խախտման և մի շարք այլ հարցեր:

 

Անկախ

Հանրային խորհուրդը փետրվարի վերջին կհանդիպի վարչապետի հետ

IMG_3059Փետրվարի 5-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը հրավիրել է նիստ` քննարկելու փետրվարի վերջին ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` վարչապետի հետ հանդիպմանը պետք է ներկայացվեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, առանձին ոլորտներին վերաբերող հարցեր ու մասնավոր ծրագրեր, ինչպես նաև որոշակի լուծումներ:

Քննարկման ընթացքում կարևորվել է տնտեսությանը, բիզնեսի զարգացմանը, ներդրումներին խոչընդոտող խնդիրների վերհանումը, պետական համակարգում կադրային խնդիրների առկայությունը: Որպես գերակա խնդիր` առանձնացվել է կրթության և գիտության ոլորտը` առանձին քննարկվելով, օրինակ, ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները:

Խորհրդի ներկայացուցիչները բարձրացրել են նաև պետական կառավարման համակարգի և հանրության, հասարակական կառույցների միջև հետադարձ կապի բացակայության հարցը, քննարկել հանրության կողմից ներկայացված առաջարկները չլսելու և բարձրացրած հարցերին ընթացք չտալու իրողությունը:

Խորհրդի նիստում քննարկման առարկա է դարձել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը և ներկայումս ստեղծված անորոշ իրավիճակը` կապված աշխատավարձերից համատարած պահումների հետ:

ՀԽ անդամներն առաջարկել են վարչապետի հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրացնել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը` նշելով, որ շենքի քանդումը հիմնավորող համոզիչ փաստարկներ ու հաշվարկներ Հանրային խորհուրդը կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից չի ստացել:

Որպես ոլորտային խնդիրներ` խորհրդի անդամները մտադիր են վարչապետի հետ հանդիպմանը ներկայացնել մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված էկոլոգիական իրավիճակը, առողջապահության ոլորտին` մասնավորապես պետպատվերի շրջանակներում իրականացվող բժշկական ծառայություններին առնչվող հարցեր, հստակ առաջարկներ արդյունաբերության, հեռահաղորդակցման ոլորտում:

Մինչ կառավարության ղեկավարի հետ հանդիպումը, ՀԽ անդամներն իրենց կողմից բարձրացված հարցերը կքննարկեն համապատասխան հանձնաժողովներում կամ աշխատանքային խմբերի միջոցով, անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն այդ հարցերի շուրջ նաև համապարփակ քննարկումներ համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Վարչապետի հետ հանդիպման վերջնական օրակարգը կհստակեցվի առաջիկա փոքր խորհրդի նիստի ժամանակ:

 

Անկախ

Հանրային խորհուրդն ուշադրությամբ հետևելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող լուծումներին

загруженноеՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված ս.թ. հունվարի 23-ի պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել ու հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը: Միաժամանակ գլխավոր վարչության պետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ եղել է առաջարկ դիմել Կոնցեսիոներին՝ ևս մեկ անգամ օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով:

Ըստ Արտյոմ Մովսեսյանի՝ այդ առաջարկի վերաբերյալ Կոնցեսիոները ներկայացրել է, որ իրենք կսկսեն ուսումնասիրել հնարավոր լուծումները և ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղյակ կպահեն:

ՀՀ Հանրային խորհուրդն  ուշադրությամբ հետևելու և իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ «Զվարթնոց»-ի Կլոր շենքի  վերաբերյալ ՀԽ դիրքորոշման համատեքստում:

Անկախ

«Զվարթնոց»-ի բոլորաձև մասնաշենքի պահպանության խնդիրը ճարտարապետների պատվի հարցն է

TH_Zvartonts

Ճարտարապետ Արտակ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի խնդրին: Նա մասնավորապես գրել է.

«Զվարթնոց օդանավակայանի համալիրի բոլորաձև մասնաշենքի պահպանության հարցը, առաջին հերթին, բոլոր ճարտարապետների պատվի հարցն է: Քանդելու որոշման ոչ մի փաստարկ չի կարող համեմատվել անգամ այս բացառիկ ճարտարապետական ստեղծագործության արժեքի հետ: Այս տրամաբանությամբ շարժվելով՝ Հայաստանում կարելի է հիմնավորել ու քանդել ցանկացած շենք… Սա անթույլատրելի հանցագործություն կլինի մեր ոչ հեռու անցյալի ճարտարապետական ժառանգության հանդեպ: Հասել ենք մի հանգրվանի, երբ նույնիսկ անուրանալի ստեղծագործական նվաճումները կասկածի տակ են դրվում ամենաբարձր մակարդակներում, իսկ բնագավառի պետական լիազոր մարմինների անճարակ լռությունը կասկածի տակ է դնում հենց իրենց գոյության անհրաժեշտությունն անգամ: Մակետ-մանրակերտ ստեղծելու գաղափարը հուսահատության հասցնող գռեհկություն է ու ցինիզմ՝ ուղղված հենց ճարտարապետներիս: Բոլոր ճարտարապետ գործընկերներիս խնդրում եմ գոնե այս անգամ լինել հետևողական, միաբան ու անզիջում…

Հայաստանի օդային դարպասի այս նվիրական ու ինքնատիպ խորհրդանիշը ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԻ…»:

 

Անկախ

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել վարչապետի հետ

IMG_2961

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:
«Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային համալիրը քանդելու հարցը: Շեշտվել է վարչապետի կողմից քաղավիացիայի գլխավոր վարչությանը տրված հանձնարարականը` ճարտարապետների հետ հարցը մեկ անգամ ևս քննարկելու վերաբերյալ:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Խորհուրդը, օրինակ, առաջարկել էր, որպեսզի մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն ներառի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:
Առաջարկ է եղել պարզելու, որ եթե օդանավակայանի նոր մասնաշենքն ընդլայնելու համար որոշվի ոչ թե քանդել հին համալիրը, այլ շրջանցել այն, ապա դա որքա՞ն հավելյալ ծախս կպահանջի: Դրա վերաբերյալ նույնպես արձագանք չի եղել: Հանրային խորհուրդն առաջարկել է նաև անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա հին համալիրի վերանորոգումն ու պահպանումը կամ հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի այլ նպատակներով օգտագործելու համար: Այս և այլ հարցերի վերաբերյալ չեն տրվել պատասխաններ, ուստի Հանրային խորհուրդը շարունակում է պնդել իր տեսակետը, որ քանի դեռ չկա հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը, և հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ և գնահատվում որպես պատմամշակութային արժեք, ապա Հանրային խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման:
Օրակարգի երկրորդ հարցի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները նույնպես շարունակելու են մնալ Հանրային խորհրդի օրակարգում, քանի դեռ հասարակության մի ստվար հատվածի կողմից այդ համակարգն ընդունելի չէ, և դրանում առկա են բազմաթիվ խնդրահարույց դրույթներ:
Հանրային խորհուրդը վերոնշյալ երկու հարցերը ներառել է նաև կառավարության ղեկավարի հետ առաջիկա հանդիպման նախնական օրակարգ, որում ներառվել են նաև հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Խորհրդի անդամների կողմից առաջարկ է եղել, մասնավորապես, վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել իշխանության և հասարակության միջև ոչ լիարժեք երկխոսության առկայության հարցը, հանրությանը կառավարության որոշումներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, կառավարության սոցիալական քաղաքականությանն առնչվող հարցեր:
Վարչապետի հետ հանդիպման նախնական օրակարգում տեղ են գտել նաև մենաշնորհային տնտեսությանը, կոռուպցիային, Երևանում բիզնեսը կենտրոնացնելու դեմ քայլեր ձեռնարկելուն, մարզերը զարգացնելուն առնչվող հարցեր: Առաջարկ է հնչել նաև քննարկելու ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգի և դրա դրույթների խախտման հարցը: Կարևորվել է ՀՀ ազգային անվտանգության կառույցի հետ այդ խնդրի վերաբերյալ համատեղ քննարկում անցկացնելու հնարավորությունը:
Առաջիկա նիստում Հանրային խորհուրդը կհստակեցնի վարչապետի հետ հանդիպման օրակարագը:

 

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

Անկախ

 

«Զվարթնոցի» պայքարը թևակոխում է նոր փուլ

i (1)«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ:

Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը:

Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է: Ամենազավեշտալին այն է, որ հենց քաղավիացիայի գլխավոր վարչությունն է որոշել դիմել այդ կառույցին, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հարցը քննարկվի նաև ոլորտի մասնագետների և հանրության լայն շերտերի հետ և հաշվի առնվի նրանց կարծիքը:

Մասնագետներն ու հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներն այդ քննարկումների արդյունքում հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը` շենքը պետք է պահպանվի, սակայն քաղավիացիայի գլխավոր վարչությունը շարունակում է պնդել իր տեսակետը:

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական քավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ է արել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի լխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել դրանց մակետները: Դա կարող է լինել «Զվարթնոցը», Գառնու տաճարը, այդ այգին ժամանցի վայր միգուցե դարձնել…»:

Նման անորոշ ձևակերպումներով արտահայտած միտքը միայն նոր հարցեր կարող էր առաջացնել, և պատահական չէր, որ լրագրողները փորձեցին հստակեցնել` ի վերջո շենքը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ: Արտյոմ Մովսեսյանը պարզաբանեց. «Կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը, այսինքն` քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:

Ինչևէ, Արտյոմ Մովսեսյանը հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ վարչապետի վերջին նիստին հնչեցրած միտքն ամենևին կապ չունի շենքի պահպանման հետ, այլ այն ընդամենը ինչ-որ լուծումներ գտնելու մասին է:

Հիշեցնենք, որ այդ նույն նիստի ժամանակ վարչապետը հստակ հանձնարարություն էր տվել Արտյոմ Մովսեսյանին ճարտարապետների հետ քննարկում կազմակերպելու վերաբերյալ, սակայն դրա հետ կապված նորություն կարծես թե չկա:

Ինչ վերաբերում է Մովսեսյանի ասած  «փոխարինող լուծումներին», մասնավորապես` այգի հիմնելուն և այնտեղ տարբեր մշակութային կոթողների մանրակերտերը տեղադրելուն, ապա կարծում ենք` դա առնվազն սփոփանքի ժանրից է:

Բայց արդյոք հանրությանը, առավել ևս մասնագետներին հնարավո՞ր է նման ծրագրով սփոփել:

Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներառված բազմաթիվ ճարտարապետներ Արտյոմ Մովսեսյանի վերջին հայտարարությունից հետո առավել մարտական են տրամադրված: ՀԽ քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովի անդամ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ ճարտարապետներն արդեն ստորագրահավաք են սկսել ընդդեմ կլոր շենքի քանդման և պատրաստվում են այն ներկայացնել երկրի ղեկավարին:

Այսօր` հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում կրկին դրվել է  «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը և ևս մեկ անամ հաստատվել, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

ՀԽ նախագահ Վազեն Մանուկյանի խոսքով` խորհուրդն առաջարկել էր, որ մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն պետք է ներառվի հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:

«Մենք առաջարկել ենք պարզել նաև, որ ենթադրենք օդանավակայանի շենքն ընդլայնելու համար չեն քանդում հին համալիրը, այլ այն շրջանցում են, դա որքա՞ն հավելյալ ծախս է պահանջում: Պատասխան չկա: Առաջարկել ենք անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա այդ շենքի վերանորոգումն ու պահպանումը: Առաջարկներից մեկն էլ եղել է այն, թե հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի և այլ նպատակներով օտագործել: Մեր այս հարցերին պատասխաններ չեն տրվել, միայն իմանում ենք, որ կառավարությունը հաստատել է մաստեր պլանը»:

Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը հետամուտ է լինելու հարցի լուծմանը:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով` «Զվարթնոցի» կլոր շենքի քանդումը կլինի հերթական մշակութային կորուստը: «Երևանը կորցնում է իր հիշողությունը: Սա շատ ծանր է ընկալվում մտավորականության կողմից, և մենք գտնում ենք, որ այդ որոշումը պետք է վերանայվի և քննարկվի շենքի պահպանման հարցը: Դա նաև օրինակ կլինի, սկիզբը այն փոփոխությունների, որ պետք է տեղի ունենան այս ոլորտում, և ոչ միայն այս: Վերջապես պետք է Հայաստանում հաշվի առնվի հանրության, մասնագետների կարծիքը, ոչ թե միայն բիզնեսը որոշի, թե որն է իրեն այս պահին  շահեկան, ու վերջ»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ. մաստեր պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոցի» կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետներն այն համարում են արժեքավոր ժառանություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Ակնհայտ է, որ նիստի ընթացքում վարչապետի հայտարարածը, քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը բոլորովին չեն համապատասխանում իրար: Համենայն դեպս, մի բան ակնհայտ է` ճարտարապետներն առաջարկում են լուծում, որում կանգուն «Զվարթնոցի» գաղափարն է և ոչ թե քանդված:

Անի Գասպարյան

Անկախ

«Քանդում լինելու է» Արտյոմ Մովսեսյանը՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի մասին

imagesՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի՝ կլոր շենքի քանդման հարցին: Նա հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ էր հնչեցրել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել իրենց մակետները կամ չգիտեմ….ժամանցի վայր միգուցե դարձնել: Վարչապետի այդ խոսքը ես փոխանցել եմ նաև Էռնեկյանի թիմին, և իրենք դրական են ընդունել, բայց իրենք ժամանակ են խնդրել այս տարվա ընթացքում վերջնական տարբերակ ունենալու համար»:

Լրագրողները այնուամենայնիվ փորձեցին հստակեցնել՝ կլոր շենքը քանդվելո՞ւ է, թե ոչ:

Մովսեսյանը պարզաբանեց, որ կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը. «Այսինքն, քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր  «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում էր կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը վարչապետին է ներկայացրել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր: Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հանրային խորհուրդը բացասական որոշում էր կայացրել շենքի քանդման վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Անկախ

Վարչապետը հանձնարարել է ևս մեկ անգամ քննարկել «Զվարթնոց»-ի քանդել-չքանդելու հարցը

1379596_10152035954930809_1982994149_nԱյսօր ՀՀ կառավարությունը հաստատել է  «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում է կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը նիստից առաջ վարչապետին է ներկայացվել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր:

Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:

Վազգեն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետը քաղավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է հարցը մեկ անգամ ևս քննարկել կոնցեսիոների և ճարտարապետների հետ: ՀԽ անդամի խոսքով՝ Հանրային խորհուրդը շարունակելու է հարցը պահել իր օրակարգում, քանի դեռ կառավարությունը վերջնական որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել էին ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:

Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի էր ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և եզրակացությունն ուղարկվել էր ՀՀ կառավարություն:

ՀԽ չորս ենթահանձնաժողովներ դեկտեմբերի 24-ին հրավիրել էին ընդլայնված նիստ՝ անվանի մի շարք ճարտարապետների մասնկացությամբ, որի ընթացքում վերահաստատվել էր Հանրային խորհրդի դիրքորոշումը՝ շենքի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ կոչ անելով կառավարությանը մերժել շենքը քանդելու վերաբերյալ կոնցեսիոների և քաղավիացիայի գլխավոր վարչության առաջարկը:

Անկախ

Հանրային խորհրդում կրկին քննարկելու են «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցը

загруженноеՎաղը՝ դեկտեմբերի 24-ին (երեքշաբթի), ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցեն` Աբովյան 2) տեղի կունենա ՀԽ չորս ենթահանձնաժողովների (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) համատեղ նիստ, որի օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցն է:Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:

Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը, և եզրակացությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:

Մաստեր պլանը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից, իսկ մինչ այդ Հանրային խորհուրդը կրկին կազմակերպում է հանրային քննարկում, որպեսզի հանրության կարծիքը կառույցը քանդելու վերաբերյալ ևս մեկ անգամ բարձրաձայնվի:

Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

«Զվարթնոցի» թնջուկը մոտ է հանգուցալուծմանը

Zvartnoc06

Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Անկախին» հայտնեց, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված մաստեր պլանը:

Սա նշանակում է, որ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի խնդրի լուծումը մոտենում է ավարտին, քանի որ մաստեր պլանում ներառված է նաև  համալիրի քանդման հարցը:

Սակայն Մաստեր պլանը կյանքի կոչվելու համար դեռևս պետք է հաստատվի կառավարության նիստում: «Անկախի» տեղեկություններով` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում հարցը ներառել նիստի օրակարգ և որոշում կայացնել հօգուտ կոնցեսիոների:

«Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած այսօրվա նիստի արդյունքներից` ասելով` «Եթե հաստատվել է, ուրեմն լավ է»:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման կամ պահպանման հարցը, մասնակցել  է նաև Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը` ներկայացնելով ՀԽ-ի դիրքորոշումը, ըստ որի` շենքը պետք է պահպանվի, և պետք է քննարկվեն դրա հետագա օգտագործման եղանակները:

«Անկախի» հետ զրույցում Գագիկ Մանասյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ իր կողմից ՀԽ դիրքորոշումը ներկայացնելուց հետո նիստի մասնակիցներն իրեն հարցեր են ուղղել: Ներկաները հետաքրքրվել են, թե արդյոք համալիրը երբևէ ներառված եղե՞լ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Մանասյանը հայտնել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ կառույցը երբևէ ներառված չի եղել այդ ցանկում, սակայն նշել է, որ դեռևս ուշ չէ, կարող է ներառվել: «Ինձ նաև հարցրեցին, թե ինչո՞վ է որոշվում՝ դա հուշարձան է, թե ոչ: Ասացի, որ դա որոշելու համար կա լիազոր մարմին: Բայց եթե իմ կարծիքն են ուզում իմանալ, ապա ընդամենը մեկ փաստարկ կարող եմ բերել. «Զվարթնոցը» 1985 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն պետք է անցներ այդ ցուցակի մեջ: Դա ամրագրված է նաև փորձագիտական հանձնաժողովի չափորոշիչներում, բայց թե ինչու նման բան տեղի չի ունեցել, միայն ենթադրություններ կարելի է անել»:

Մանասյանը հիշում է, որ առաջին ցուցակը հաստատվել է 1982 թ., երկրորդը՝ 2002-ին: «1982-ին համալիրը դեռ նոր էր կառուցվել, հավանաբար չեն հասցրել ներառել, իսկ 2002-ին արդեն կնքվել էր կոնցեսիոների հետ պայմանագիրը, և բնական է, որ կառավարությունն ամեն ինչ արել է վարձակալին գրավիչ պայմաններ ներկայացնելու և խոչընդոտներ չառաջացնելու համար»,- նկատում է նա:

Այն, որ կոնցեսիոները դեռևս տարածքը վարձակալելու ժամանակ է «աչքի տակ ունեցել» օդանավակայանի  հետագա զարգացումը «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի հաշվին իրականացնելու տարբերակը, բանավոր հնչել է նաև ընկերության ղեկավարության շուրթերից:

Մանասյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՀԽ-ի դիրքորոշումը լսելուց և դրա շուրջ որոշակի քննարկում ծավալելուց հետո, ՀԽ-ի ներկայացուցիչներին քաղաքավարի ձևով դուրս են հրավիրել՝ ասելով, որ իրենք պետք է շարունակեն քննարկել մաստեր պլանը:

Գագիկ Մանասյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը սկսեր «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: «Թող մշակույթի նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը որոշի` դա հուշարձան է, թե ոչ, և եթե հուշարձան է, ապա հարցը կփակվի, իսկ կոնցեսիոները ստիպված կլինի այլընտրանքային ծրագիր ներկայացնել»:

Միաժամանակ նա համոզված է, որ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը հօգուտ «Զվարթնոցի» շենքի կլինի:

Ինչ վերաբերում է կառույցի պահպանմանը, ապա Մանասյանը կարծում է, որ դա պետք է ստանձնի և´ կոնցեսիոները, և´ պետությունը կամ երկուսը միասին, կամ էլ աճուրդով այն տրվի որևէ այլ կազմակերպության, որը դրա հետ կապված ծրագիր կներկայացնի:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի երկրի գործադիրը չհամաձայնի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Փոխարենը Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունը պահանջի կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրի հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, հանձնարարի համապատասխան կառույցին քննարկելու կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Այդպիսով՝ Հանրային խորհուրդն անհարմար կացության մեջ է դրել կառավարությանը, քանի որ վերջինս, ի դեմս ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, ամիսներ շարունակ առաջ էր տանում «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու գաղափարը` պաշտպանելով կոնցեսիոների շահերը, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչության` Հանրային խորհրդի տեսակետը լսելու և հանրության կարծիքը հաշվի առնելու նախաձեռնությունն ընդամենը պայմանավորված էր հարցի նկատմամբ հասարակական բուռն արձագանքը մեղմելու նկատառումով:

Եթե իսկապես կառավարությունը որոշի ընդունել կոնցեսիոների առաջարկը կլոր շենքը քանդելու վերաբերյալ, ապա կնշանակի, որ ամիսներ շարունակ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի քննարկումներն ապարդյուն էին:

Ի դեպ, դեկտեմբերի 10-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստին ներկա է եղել նաև Հանրային խորհրդի քաղավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ  Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ Հանրային խորհրդի` կլոր շենքը պահպանելու մասին որոշումն անհիմն է, ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ բնույթ ունի, բայց քանի որ ՀՀ նախագահը մեծ տեղ է տալիս Հանրային խորհրդի կարծիքին, շատ դժվար կլինի վարչապետին համոզել, որ շենքը պետք է քանդել:

«Այս ցնցող դիրքորոշման համաձայն` ստացվում է, որ նախ` շենքի պահպանումը չի բխում  ավիացիայի և բիզնեսի շահերից, ինչը, ըստ Մովսեսյանի, քաղավիացիայի համար պարզ է: Երկրորդ` վարչապետը որոշում ընդունելիս կարող է չղեկավարվել ավիացիայի շահերով, այլ հաշվի առնել նախագահի վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` փորձելով պարտադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությանը կատարել ավիացիոն բիզնեսի տեսանկյունից չհիմնավորված ծախսեր՝ ճարտարապետական նշանակություն ստացած շինության պահպանման համար»,-ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Նա կարծում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, շահարկելով Հանրային խորհրդի դիրքորոշումը, փաստորեն, փորձում է ճնշում գործադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» վրա` միաժամանակ վարկաբեկելով Հանրային խորհուրդը: Մինչդեռ Հանրային խորհուրդը երկրի ավիացիոն զարգացումը պակաս չի կարևորում, քան պատմամշակութային կոթողի պահպանումը, և ամենևին էլ չի ասում, որ շենքը պետք է պահպանվի ավիացիայի զարգացման հաշվին:

Անի Գասպարյան

Անկախ

 

 

Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդմանը. որոշումը կուղարկվի կառավարություն

MHM83166 copyՀանրային խորհրդում այսօր հանգուցալուծվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ երկարատև քննարկումները: ՀԽ լիագումար նիստին ներկա խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնությունը կողմ արտահայտվեց ՀԽ որոշման նախագծին, երկուսը` դեմ:

Որոշման նախագծում նշված է, որ Հանրային խորհուրդը դիմելու է կառավարություն` չհամաձայնելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ, չեն ներկայացվել նաև այլընտրանքային ծրագրեր` համեմատելու այդ հաշվարկները:

Մինչդեռ կառույցը հանդիսանում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և այլ երկրներում նման շենքերն առնված են պաշտպանության տակ:

Նշվեց, որ ՀԽ չորս ենթահանձնաժողովներում և հանձնաժողովներից մեկի կոլեգիալ նիստում դեմ են արտահայտվել կառույցի քանդմանը, ներկայացվել են շենքի հետագա օգտագործման բազմաթիվ առաջարկներ: Հանրային խորհուրդը նաև գտնում է, որ պետք է անցկացվի անկախ փորձաքննություն հին ուղևորային համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար:

Կոնցեսիոների կողմից կառույցը քանդելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ օդանավակայանը, մասնավորապես վերջերս կառավարության կողմից ընդունված բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, ընդլայնման անհրաժեշտություն ունի, քանի որ ուղևորահոսքերը կարող են ավելանալ:

Վազգեն Մանուկյանի խոսքով` բաց երկնքի քաղաքականությունը դեռ չի նշանակում, որ ուղևորահոսքերը կավելանան, քանի որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է համալիր լուծում:

Հանրային խորհուրդը չունի այն գլխավոր հարցի պատասխանը, թե հանուն ինչի է քանդվում շենքը, և որն է դրա համարժեքը: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, որը նույնպես ներկա էր նիստին, հայտարարեց, որ համարժեքն արդեն արված է, դա օդանավակայանի նոր համալիրն է, որն անհրաժեշտ է ընդլայնել, իսկ կլոր շենքի տարածքը նախատեսվում է օգտագործել միմիայն ավիացիոն նպատակներով:

MHM83167 copyՄանուկյանը նաև նշեց, որ Հանրային խորհուրդն առաջարկում է կառավարությանը քննարկել շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառելու հարցը, որից հետո արդեն Կոնցեսիոների առջև նոր խնդիր կդրվի` օդանավակայանը զարգացնել այլ ուղղությամբ:

Ի դեպ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը հայտարարեց, որ իրենք դիմել են համապատասխան կառույցներին և հետևողականորեն ուսումնասիրել կառույցի` պատմամշակութային հուշարձանների ցուցակում ժամանակին ներառված լինելու հարցը, սակայն պարզվել է, որ այն երբևէ ներառված չի եղել այդ ցուցակում:

Սակայն Հանրային խորհուրդը գտնում է, որ եթե անգամ դա այդպես է, միևնույնն է` այն ժողովրդի կողմից ընկալվում է որպես հուշարձան, և հանրությունը դեմ է դրա քանդմանը, ուստի Վազգեն Մանուկյաի կարծքով` կառույցին կարելի է ձեռք տալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և այդ խիստ անհրաժեշտությունը պետք է ներկայացվիի ոչ թե բանավոր, այլ  գրավոր` հիմնավոր հաշվարկների միջոցով:

Սակայն, եթե Կոնցեսիոները որոշի շենքը չքանդել և զարգացման այլ տարբերակ մտածել, ապա Մանուկյանը կարծում է, որ մեկ այլ մտավախություն կարող է առաջանալ. միգուցե Կոնցեսիոները շատ ավելի մեծ գումարներ ստիպված լինի ծախսել, ինչը, բնականաբար, արվելու է ոչ թե ընկերության, այլ ժողովրդի գրպանի հաշվին:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նկատեց, որ քանի որ շենքն իրենից արժեք չի ներկայացնում, ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, ապա կառավարությունն ազատ է իր գործունեության մեջ: Իսկ ՀԽ կողմից առաջարկվող տարբերակները` շենքն օգտագործել բիզնես նպատակներով` ռեստորաններ, ազատ գոտի, խանութներ, հյուրանոց և այլն, նպատակահարմար չէ: «Անձամբ ես հակված եմ ավիացիոն զարգացումներին` նոր լուծումներով, քան շենքի պահպանմանը»:

Հանրային խորհրդի անդամ Անելկա Գրիգորյանը Արտյոմ Մովսեսյանին հարց ուղղեց. «Այսինքն, եթե դուք Ձեր տունը վերանորոգում եք, և Ձեր տատը նոր դիզայնի հետ համահունչ չի լինում, տատին դո՞ւրս եք հանում»: Արտյոմ Մովսեսյանին օրինակը բոլորովին դուր չեկավ, և նա իր վրդովմունքն արտահայտեց` ասելով, որ իրենց ընտանիքը խիստ ավանդապաշտ է և այդ առումով կարող է օրինակ ծառայել: Սակայն Անելկա Գրիգորյանը պարզաբանեց, որ ինքը վիրավորելու նպատակ չուներ, այլ պարզապես որպես օրինակ էր նշում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

TH_ZvartontsՀարցը քննարկվել էր նախ ՀԽ ենթահանձնաժողովներում, ապա հոկտեմբերի 31-ին տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավա կայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն էլ դրվեց քվեարկության և ընդունվեց 20 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այսպիսով, Հանրային խորհուրդն իր դիրքորոշումն արտահայտեց, մնում է, որ կառավարությունն իր որոշումն ընդունելիս դրա հետ հաշվի նստի: