Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը

putin erdogan«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: «Կողմերը քննարկել են օրակարգային մի շարք կարևոր հարցեր` ներառյալ համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է ռուս-թուրքական հարաբերությունների և բազմակողմանի համագործակցության ընդլայնման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Անկախ

Հայտնի է դարձել Թուրքիայի նոր վարչապետի թեկնածուի անունը

unnamedԹուրքիայի նորընտիր նախագահ, ԱԶ կուսակցության գործող ներկայացուցիչ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է նոր վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուի անունը: Ինչպես և սպասելի էր, Էրդողանը նշել է ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի անունը: «Երկար մտորումներից հետո մենք համաձայնության ենք եկել վարչապետի թեկնածուի շուրջ` հիմնվելով փորձի, անձնական հատկանիշների և բանիմացության նման չափանիշների վրա: Մենք մեր ճանապարհը կշարունակենք խաղաղության և եղբայրության մթնոլորտում»,-հայտարարել է Էրդողանը` նշելով, որ կուսակցության անկումն ակնկալողներին մեծ հիասթափություն է սպասվում:

Վերջինս ընդգծել է, որ Դավութօղլուի ընտրության ժամանակ կարևոր դեր է խաղացել նրա ցուցաբերած վճռականությունն, այսպես կոչված, «զուգահեռ պետության» դեմ պայքարում:

 

 Անկախ

Թուրքիայի հայերը Էրդողանից ներողություն են պահանջել

Էրդողան

Օրերս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` հայկական ինքնությանը վիրավորող, խտրական արտահայտությունը բողոքի ցույցի են դուրս բերել տեղի հայությանը: «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը, մի խումբ հայեր, Ժողովուրդների դեմոկրատակա կուսակցության պաշտոնակատար անձինք հավաքվել են Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան շենքի առաջ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով խտրականության դեմ: Հավաքվածները Էրդողանին անվանել են ատելության գլուխ` նրանից պահանջելով ներողություն խնդրել:

«Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակ Սայաթ Թեքիրը իր խոսքում նշել է, որ Էրդողանը իր հնչեցրած արտահայտությամբ ատելության հանցանք է գործել: «Նման արտահայտությունները վնասում են Թուրքիայում խաղաղ միջավայրին: Մենք` որպես հայեր, ալևիներ, հրեաներ, գիտենք, թե նման խոսքերը ինչ հետևանքներ են ունենում: Այժմ մենք հավաքվել ենք այն տեղում, որտեղ սպանվեց Հրանտ Դինքը»,-նշել է Թեքիրը:

Էրդողանը կարգադրել է իրեն գաղտնալսած ոստիկաններին ձերբակալել

da3001406697677Հուլիսի 29-ին Թուրքիայի դատարանը կարգադրել է մինչև դատական գործընթացի ավարտը հսկողության տակ պահել 11 ոստիկաններին , որոնք կասկածվում են վարչապետ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների անօրինական գաղտնալսման մեջ. դրա մասին է հաղորդել է  Անկարայի Reuters գործակալությունը:

Վերջին 10 օրում Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են  115 օրինախախտի` կառավարության ղեկավարի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման կասկածանքով: Իսկ ավելի քան 30 մարդ էլ գտնվում է  քննչական մեկուսարաններում:

Թուրքիայում որոշ ԶԼՄ-ներ մոտ կես տարի առաջ հրապարակեցին Էրդողանի` որդու հետ հեռախոսային խոսակցությունները: Զրույցի իմաստը հետևյալն էր` պետք է  թաքցնել ֆինանսական մեքենայությունների հետքերը: Ըստ էության, այդ ձայնագրությունը վկայում էր այն բանի մասին, որ Էրդողանը կարողացել է  հասնել նրան, որ աշխատանքից ազատեն ու ձերբակալեն «վատ» ոստիկաններին, գրում է  .isra.com-ը:

Էրդողանը մալազիական ինքնաթիռի կործանման մեջ մեղադրել է Ռուսաստանին

Թայիփ ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Ուկրաինայի օդային տարածքում կործանված Մալազիական ինքնաթիռի մասին, նշել է, որ դրա անկման պատճառը ռուսական հրթիռն է եղել: «Ինչ կար այդ ինքնաթիռում: Ուղևորներից մոտ 160-ը հոլանդացի էին: Հոլանդիայից Մալազիա ընթացող ինքնաթիռը հրթիռային հարված է ստացել Ուկրաինայի օդային տարածքում: Ինչ մոտեցում է սա: Աշխարհը դեպի խաղաղությու՞ն չէր շարժվում: Նրանք ասում են, թե ուժեղ են և իրենց ուզածի պես կարող են գործել: Իսկ մենք ասում ենք, որ նրանց լարած թակարդների վրա մեծ թակարդ կա, և մի օր դուք ընկնելու եք այդ թակարդը»,-հայտարարել է Էրդողանը:

Անկախ

 

Սամսունում փորձել են զինված հարձակում իրականացնել Էրդողանի վրա

samsunԹուրքիայի նախագահի թեկնածու Թայիփ Էրդողանը կիրակի օրը իր նախընտրական քարոզարշավը սկսեց Սամսուն քաղաքից, որտեղ արտակարգ միջադեպ է գրանցվել: Զինված մի մարդ ցանկացել է մոտենալ վարչապետին, երբ նա իջել է մեքենայից: Սակայն Էրդողանի պահակախմբի անդամները շուտ են նկատել քաղաքացու ձեռքի ատրճանակը, հաջողությամբ վնասազերծել նրան և հեռացրել տարածքից: Ձերբակալված քաղաքացուն տարել են հարցաքննության: Նախապատրաստվող հարձակման շարժառիթները առայժմ հայտնի չեն, ոստիկանությունը առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:

Առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած Էրդողանի նախընտրական քարոզարշավը անցնելու է քաղաքների այն հերթականությամբ, որով ժամանակին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իրականացնում էր թուրքական պետության քաղաքների «ազատագրումը օտար զավթիչներից»: Մի շարք փորձագետներ Էրդողանի այս որոշումը որակել են որպես պոպուլիստական:

Անկախ

Թայիփ Էրդողանի սկանդալային խոսակցության ձայնագրությունը մոնտաժի արդյունք է

montajԹուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի փորձագիտական քննության արդյունքների համաձայն՝ ամիսներ առաջ «Youtube» կայքում հայտնված վարչապետ Թայիփ Էրդողանի խոսակցության ձայնագրությունները մոնտաժի արդյունք են: Այս եզրակացությունը խորհուրդը ուղարկել է Անկարայի գյխավոր դատախազություն:

Փորձագետները արձանագրել են, որ Թայիփ Էրդողանի խոսակցությունը որդու՝ Բիլալ Էրդողանի հետ տարբեր ժամանակներում հնչած արտահայտություններից մոնտաժված մի ձայնագրություն է: Ընդ որում, օգտագործվել են ոչ միայն Էրդողանի կողմից հնչեցված բառեր և արտահայտություններ, այլև վանկերի համադրման եղանակով ստեղծվել են նոր բառեր:

ԲԵՌԼԻՆ – ԱՆԿԱՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ

5Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 28-ին դիմել է դիվանագիտական սուր քայլի`իր մոտ է հրավիրել Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլիողլուն: ԱԳՆ-ի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը (Hans-Dieter Lucas, 51տարեկան) նրան զայրացած հայտնել է իր կառավարության վրդովմունքը`վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի 12Կանաչների կուսակցության համանախագահ`ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի (48 տ-ն) հասցեին հնչեցրած վիրավորանքների ու սպառնալիքների համար: Քրիստոնյա-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերտի (Armin Laschet, 53 տ-ն) միջոցով քաղաքական Բեռլինն արդեն հայտարարել էր, որ «Օտար պետության ղեկավարի սպառնալիքը Բունդեսթագում ներկայացված կուսակցության ղեկավարի` Օզդեմիրի հասցեին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակետը, հարված է բոլոր ժողովրդավար ստանդարտներին և Էրդողանի հարձակումը նրա վրա, միաժամանակ դիտվում է որպես հարձակում գերմանական պետության և ժողովրդավարության վրա»: էրդողանյան թեման մայիսյան տաք քննարկումների նյութ է դարձել նաև Գերմանիայի նախագահական Բելեվյու ամրոց-նստավայրի և կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության գրասենյակներում: Երևույթի նախապատմությունն ու սրընթաց զարգացումները, արդեն 10 օրից ավելի է, ինչ իրենց են գամել քաղաքական և լրատվական Գերմանիայի խոսափողներն ու գրիչները և սերտորեն առնչվում են 2014թ. օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրությունների և դրա առաջին թեկնածուի` սկանդալային Էրդողանի հետ:

 

2014-ի մայիսի 24-ը Գերմանիայի 2000-ամյա պատմական քաղաքում

 

24Ոչ միայն գերմանական Արաքսը`1238,8 կմ երկարությամբ ձգվող Հռենոսն (գերմաներեն`  Rhein, լատիներեն`Rhenus) էր այդ օրը ավանդաբար երկու մասի բաժանում բնակչությամբ չորրորդ գերմանական քաղաքին`մեկ միլիոնանոց բազմազգ Քյոլնին, այլև Թուրքիայի նախագահական աթոռի համար կատաղի պայքարող անհավասարակշիռ մի քաղաքական գործիչ, ում այցի նկատմամբ անցյալում այդպիսի ընդգրկուն բողոքի դրսևորում դեռ չէր արձանագրել քաղաքական և էթնիկ Գերմանիան: «Եվրոպայում թուրք ժողովրդավարների միությունը», որը, հիրավի, համարվում է Թուրքիայի իշխանության երկարացված ձեռքը Եվրոպայում, հիմնադրման 10-ամյա հոբելյանին մասնավոր այցով Քյոլն էր հրավիրել նախագահական ընտրությունների իր թեկնածուին: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումով, օրվա ընտրությունը շատ հանդուգն էր: Ներքին առումով` որովհետև Թուրքիայի ածխահորերում ցայսօր եղած ամենամեծ մարդկային ողբերգության` Սոմայի աղետի ու դրան հաջորդած 300-ից ավելի ածխահատների հողարկավորության սգո օրերին, երկրի վարչապետը սառնասրտորեն արտասահմանյան նախընտրական արշավի է մեկնում: Արտաքին առումով` քանզի այցի հաջորդ օրը`մայիսի 25-ին, Գերմանիայի բնակիչները միաժամանակ երեք` եվրոպական, նահանգային և ինտեգրացիոն կառույցների ընտրության էին գնալու: Ուստի պաղարյուն վարչապետին թե´ ներքին և թե´արտաքին աշխարհից համահունչ ապտակի արժանացրին: Գերմանիայի ալեվիների հարյուրհազարների հասնող համայնքը նախաձեռնեց այստեղ երբևէ Էրդողանի դեմ եղած ամենահզոր ցույցի կազմակերպումը: Երկրի ամենամեծ մուլտիֆուկցիոնալ դահլիճում` Քյոլնի Lanxess Arena-ում ելույթի եկած Էրդողանի դեմ բողոքին Քյոլն էին ժամանել ցուցարարներ տարբեր քաղաքներից, ինչպես նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, ընդհանուր`400 ավտոբուս, քյոլնեցիների հետ միասին մոտ 65 հազար ցուցարար (ըստ կազմակերպիչների`100 հազար): Գերմանիայում հակաէրդողանյան ցույցերի շղթան արդեն ավանդույթի է վերածվում: Ցուցարարների բազմալեզու պաստառները`«Տաքսիմը ամենուր է», «Մենք ոչ´ենք ասում Էրդողանին», «Թայիբ Էրդողան=գայլ`գառան դիմակով», «Մարդասպան Էրդողան», «Ամենուր դիմադրություն Էրդողանին», «Կորչի դիկտատոր Էրդողանը», և այլն, վկայում են մասնակիցների վճռականության մասին: Ալեվիների հետ համերաշխ քայլարշավի էին ելել գերմանացիներ, այլախոհ թուրքեր, ասորիներ, քրդեր, դերսիմցիներ, եզդիներ, հույներ և հայեր: Հռենոսի մյուս կողմում` Քյոլնի արենայում, վարչապետի մոտ 18 հազար երկրպագուներ չպարզեցին ոչ մի քաղաքական պաստառ: Արենայի ուխտավորները միայն ծափահարում էին Գերմանիայի կանցլերին, քաղաքական գործիչներին ու ԶԼՄ-ներին անհարիր շանթահարող իրենց վարչապետին ու միաշունչ բղավում`«Ռեջեբ Թայիբ Էրդողան»:

 

Հայ Ակադեմիականների Միության մասնակցությունը հակաէրդողանյան մեծ ցույցին

 

Գերմանիայում հայկական կառույցներից մայիսի 24-ի ցույցին մասնակցեց Հայ Ակադեմիականների Միությանը (ՀԱՄ): Հայկական դրոշների հետ միության անդամները պարզել էին «Էրդողանն ահաբեկիչ է», «Արարա´տ, մենք քեզ հետ ենք» «Արարատը եղել և մնում է հայկական» պաստառները: Քյոլնի և առհասարակ հակաէրդողանյան ցույցերին մասնակցելու միության գաղափարական հենքը հետևյալն է.

  1. Էրդողանը Թուրքիայի խոսնակն ու խորհրդանիշն է արտասահմանում և նրա դեմ պայքարը, պայքար է ուրացող պետության դեմ, որին եվրոպական բեմերում ասում ենք` հիշու´մ ենք մեր պատմությունը, պահանջատե´ր ենք և դեռ լուծելու խնդիրներ ունենք Թուրքիայի հետ: Ամենուր պետք է այդ երկրի ղեկավարներին դիմավորենք բողոքի ու պահանջատիրության մեր մշտական ներկայությամբ
  2. Համերաշխ ենք թուրքական ներկա իշխանությունների դեմ Արևմտյան Հայաստանի դրացի հալածված ազգերի պայքարի հետ, քաղաքական դաշնակից ենք նրանց
  3. Գերմանական ժողովրդավար քաղաքական դաշտում ներկայություն ենք դառնում, փաստում ենք կազմակերպված առկայություն, գերմանացի և մյուս ժողովրդավար քաղաքական գործիչների մեջ բարեկամներ ենք ձեռք բերում, գործիչներ, որոնցից շատերն իրենք են հայերին փնտրում

Ի կատարումն այս ծրագրային դրույթների, ՀԱՄ-ի անդամները ակտիվ ներկայություն ապահովեցին մայիսի 24-ի Քյոլնի մեծ ցույցին:

 

Իսկ գերմանական արձագանքը, ինչպիսի՞ն էր այն:

Էրդողանի այցի, դրա նախորդ և հաջորդ օրերին, տեղի ունեցավ խոսափողերի և հեռուստաէկրանների իսկական փոխհրաձգություն, որին մասնակցեցին ավագ և կրտսեր սերնդի բազմաթիվ գործիչներ:

Նախ`Եվրոպառլամենտի պրեզիդենտի պաշտոնի համար մոտ 400 մլն. եվրոպացիների ձայները շահելու ելած թեկնածուները`գերմանացի Մարտին Շուլցը (Martin Schulz, 58 տ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուս.) և լյուքսենբուրգցի Ժան-Քլոդ Յունկերը (Jean-Claude Juncker, 59 տ-ն, Քրիստոնյա-սոցիալ-ժողովրդական կուս.) իրենց ընտրությանը և Էրդողանի այցին նախորդող շաբաթվա վերջին Համբուրգում կայացած հեռուստաբանավեճին հակառակ իրենց բազմաթիվ տարակարծիք մոտեցումներին, միաձայն հաստատեցին, որ «ներկա Թուրքիան, նրա ղեկավարությունը, տեղ չունեն Եվրոպական Միությունում, հասուն չեն դրա համար»: Այս ելույթները լուրջ ազդանշաններ էին հակաէրդողանյան մթնոլորտի թեժացման համար: Զգուշավոր, բայց վճռական էր նաև կանցլեր Անգելա Մերկելի (Angela Dorothea Merkel, 59 տ-ն, Քրիստոնիա-դեմոկրատ) ելույթը, որով աշխարհի ներկա թիվ մեկ կին գործիչը հույս էր հայտնում, որ «Էրդողանը գիտակցում է, թե այս անգամ որքան զգայուն է այցի օրը և որ նա ամենայն պատասխանատվությամբ ելույթ կունենա»: Հատկապես մտահոգիչ և խարազանող տոնով հանդես եկավ Քյոլնի քաղաքագլուխ Յուրգեն Ռոթերսը (Juergen Roters, 65 տ-ն, Սոցիալ-դեմոկրատ, 2009-ից Քյոլնի քաղաքագլուխ), ով հեռուստաէկրանից հայտնեց, որ «պատշաճ կլիներ, եթե Էրդողանը Գերմանիա գալու փոխարեն մնար իր երկրում և պարզեր Սոմայի աղետի խնդիրները… նրա այցը որոշակի սադրանք է»: Գերմանիայի չորս գլխավոր կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատների, Սոցիալ-դեմոկրատների, Կանաչների և Ձախերի հայտնի շատ գործիչներ Էրդողանին Գերմանիա կատարելիք այցից հրաժարվելու խորհուրդներ և սուր գնահատականներ հնչեցրին: Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա (ՀՀՎ) մարզի, (Քյոլնը այս մարզի ամենամեծ քաղաքն է),  աշխատանքի և ինտեգրացիայի նախարար Գունթրամ Շնայդերը (Guntram Schneider, 63տ-ն, Սոցիալ-դեմոկրատ) Էրդողանի այցը համարեց «հյուրընկալության իրավունքի չարաշահում», ձաղկող էին նաև մարզի Կանաչների նախագահ Սվեն Լեհմանի (Sven Lehmann, 35տ-ն) խոսքերը: Կարծր էին հատկապես բեռլինյան ձայները: Ըստ կառավարող Քրիստոնյա-դեմոկրատական միության փոխնախագահուհի Յուլիա Կլյոքների (Julia Kloeckner, 42 տ-ն)`«խելացի կլիներ, եթե նա չգար…Էրդողանը երբեք այսքան հեռու չէր եղել եվրոպական արժեքներից, որքան հիմա է…հուսով եմ, որ Թուրքիայից եկած շատ քաղաքացիներ նրան այստեղ ուղղակի կարհամարեն, որը հստակ դիրքորոշում կլինի նրա նկատմամբ»: Նույն օրերին Քրիստոնյա-սոցիալ. միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը (Andreas Scheuer, 40տ-ն) Բավարիայից հայտարարեց, որ «Էրդողանն իրավունք չունի իր ընտրապայքարի ճակատամարտերը Գերմանիա տեղափոխել»: Քրիստոնյա-դեմոկրատների ցուցակով Բունդեսթագ անցած առաջին մուսուլման պատգամավոր, Հունաստանից Գերմանիա տեղափոխված թուրք ընտանիքի դուստր Ջեմիլե Յուսուֆը (Cemile Giousouf, 36տ-ն) հայտնեց, որ «վստահ է, որ Սոմայի ողբերգությունից հետո, շատերը կարծում են, որ վարչապետը պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կա, այն է`իր երկրում և աղետի վայրում, այլ ոչ թե մեկնի Գերմանիա` հոբելյանական տոնակատարության»: Ամենաաղմկահարույցն ու խոցելին, իհարկե, մայիսի 19-ին «Գերմանաիա» ռադիոկայանի լրագրող Յասպեր Բարենբերգի (Jasper Barenberg) հետ Չեմ Օզդեմիրի ունեցած հարցազրույցն էր, որտեղ Կանաչների համանախագահը ուղղակի ասում է. «Էրդողանը կորցրել է իրականությունը ճանաչելու կարողությունը և նրա նախագահ դառնալը Թուրքիայի համար անկում  կնշանակի …» ապա ավելացնում`«մենք պետք է ծրագրեր մշակենք հետէրդողանյան Թուրքիայի համար, քանիզի Էրդողանը բևեռացնում, բաժան-բաժան է անում Թուրքիայի հասարակությունը և նույնն է անելու նաև Գերմանիայում թուրքական ծագմամբ քաղաքացիների հետ»:

Գանահարող նույն մթնոլորտն էր տիրում նաև 24-ի մեծ ցույցի ամբիոնում: Բազմաթիվ ալեվի գործիչների կողքին ելույթներ ունեցան Եվրոպառլամենտի պատգամավոր, Եվրոպայի Կանաչների կուս. համանախագահ Ռայնհարդ Բյուտիկոֆերը (Reinhard Buetikofer, 61 տ-ն), Բունդեսթագի պատգամավորներ` պրոֆ.դր. Հերիբերթ Հիրթեն (Prof. Dr. Heribert Hirte, 56տ-ն, Քրիստոնիա-դեմոկրատ) Ֆոլկեր Բեքը (Volker Beck, 54տ-ն, Կանաչներ), Սևիմ Դագդելենը (Sevim Dağdelen, 38տ-ն, Ձախեր), ՀՀՎ խորհրդարանից`Սերդար Յուկսելը (Serdar Yüksel, 41տ-ն, Սոցիալ-դեմոկրատ), Բերնհարդ ֆոն Գրյունբերգը (Bernhard von Grünberg, 68 տ-ն, Սոցիալ-դեմոկրատ), դանիական ծագումով Եվրոպառլամենտի թեկնածու Թինե Հյորդումը (Tine Hørdum, 31տ-ն, Սոցիալ-դեմոկրատ) և ուրիշներ: Օրվա բեմից բազմաթիվ հռետորներ Էրդողանից պահանջում էին նաև ճանաչել Հայոց ցեղասպանությանը:

Հակաէրդողանյան հարյուրավոր հոդվածներն ու քաղաքական գործիչների բուռն արձագանքներն արդյո՞ք միայն բարոյախառն ելույթներ էին և չունեին որևիցե դիվանագիտական հարվածի ուժ կամ նպատակ, թե՞ սա ուղղակի արդեն նշանակում է, որ գերմանացիները թուրք ղեկավարի համար միակողմանի թռիչքի տոմս են պատվիրել և առաջարկում են նրան եվրոպական քաղաքական օդանավակայանից Թուրքիա թռչել Մուամար Կադաֆիի, Հոսնի Մուբարաքի և Զին բեն Ալիի ինքնաթիռով:

Ի հեճուկս վերոհիշյալի, Անկարայի տիրակալը իր հյուսիսային հպատակներին հրամայեց ավելի վեր բարձրացնել սպիտակ աստղով կիսալուսինը և մեկ ու կես մլն. ընտրողների սրտերը նվաճելու բաղձանքով ժամանեց Գերմանիա: Թուրքիայի ԱԳ նախարար Դավիթօղլուի և իշխանամետ «Յենի Սաֆակ» թերթի կողմից գերմանացիներին ուղղված պատասխան կրակոցները բավարար չհամարելով, աներեր Էրդողանը արենայի բեմից նախ ամպահար արեց հյուրընկալ երկրի գործընկերներին, հետո, կարծես բոլոր քննադատողներին որպես հավաքական պատասխան` թուրքական հեռուստաէկրանից դիմեց Չեմ Օզդեմիրին. «այդ այսպես կոչված թուրքին այլևս չեմ ուզում տեսնել Թուրքիայում… Դու արդեն շատ հեռուն գնացիր քո արտահայտությունների մեջ… »:

Դատելով Էրդողանի և նրա էմիսարների համառ պահվածքից, հատկապես այստեղ մշտապես հնչեցրած նրանց ագրեսիվ ելույթներից, կարելի է եզրակացնել, որ Գերմանիա հաճախակի կատարվող նրանց այցերի չբարձրաձայնվող նպատակներից է թուրքական սփյուռքի ազգայնամոլության վերարտադրության ապահովումը, Գերմանիայում թուրք երիտասարդ սերնդի գաղափարապես թուրքական ազգայնամոլությունից և իսլամից հեռանալու հնարավորությունները նվազագույնի հասցնելու մարմանջը:

Հստակ է արդեն, որ Անկարայի ներկա պետական սփյուռքյան դոկտրինը ազգայնամոլությունն ու մարտնչող իսլամիզմն է, որը Բեռլինում արդեն գիտակցում են:

Իսկ Բոսֆորի ափի բնակիչը, 21-րդ դարի սկզբին, կարծես սկսում է նորից հիվանդանալ:

 

Ազատ Օրդուխանյան

Հայ Ակադեմիականների Միության նախագահ

2 հունիսի 2014թ, Բոխում, Գերմանիա

Էրդողանը, Պուտինը և Հիլարի Քլինթոնը դարձել են լիբանանյան գովազդի հերոսներ

putinԼիբանանյան լրատվական կայքերից մեկը հրապարակել է «Թերթը կարդացեք մինչև այն կհրատարակվի» անունը կրող գովազդը, որի մեջ օգտագործել են տեսարաններ համաշխարհային առաջնորդների առօրյա կյանքից: Մանսավորապես ներկայացված են հայտնի քաղաքական գործիչները առավոտյան ժամերին: Այսպես, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պատկերված է առավոտյան հայելու դիմաց ատամները խոզանակելիս, իսկ ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  սափրվելիս: Գովազդային ակցիայի հերոսուհին է դարձել նաև ԱՄՆ-ի նախկին արգործնախարար Հիլարի Քլինթոնը, որը առավոտյան մազերն է հարդարում:«Թերթը կարդացեք մինչև այն կհրատարակվի» անունը կրող գովազդը Լիբանանում մեծ արձագանք է գտել:

 Անկախ

Պետական մակարդակով ծեծեցին հանքափորի աղետյալներին. Անդրանիկ Իսպիրյան

“Ընտրություններից հետո Թուրքիայի քաղաքական դաշտում լիցքաթափում չէր եղել և ընդամենը փոքր կայծ էր պետք բողոքի նոր ալիքի բռնկման համար: Այս կայծը Թուրքիայի Սոմայի շրջանի ածխահանքի պայթյունն էր`300զոհով: Եվ Թուրքիայի վարչապետ  Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցը աղետի վայր բողոքի նոր ալիք բարձրացրեց թե՛ դեպքի վայրում, թե՛ ողջ Թուրքիայում,- այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ներքաղաքական օրակարգերի, բողոքի ալիքի մասին խոսելիս նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրանիկ Իսպիրյան

Ըստ թուրքագետի` վարչապետը, այցելելով Սոմայի շրջան, դարձավ բողոքի թիրախ: Լրատվամիջոցներում տեղ գտած հոլովակներն, ըստ նրա, չտեսնված էին. Էրդողանը մոտենում է ձայնարկող քաղաքացուն և սպառնում բռնությամբ, ապա ապտակում նրան: Սա ողջ աշխարհում մեծ արձագանք գտավ, Թուրքիան հանվեց անպատվության խարան: Իսկ Էրդողանի աջ ձեռքը` խորհրդականը մոտենում է գետնին ընկած ցուցարարին ու հարվածում: Թուրքագետը  երկու բառով մեկնաբանեց սա. “սա նշանակում էր, որ Թուրքիայի իշխանությունները պետական մակարդակով ծեծեցին աղետյալներին”:

Ըստ թուրքագետների` սկսած նախորդ  ընտրություններից, Էրդողանի նյարդերը տեղի էին տալիս և այս դեպքը ցույց տվեց իր անվստահությունը, քինախնդրությունը սեփական ժողովրդի նկատմամբ: Մեկ տարվա մեջ Էրդողանը կորցրեց իր հեղինակությունը ողջ աշխարհում, նրան սկսեցին կոչել բռնապետ, նրան անգամ կոչում էին Ֆյուրեր: Թուրքիայում այժմ պահում են նախագահական ընտրությունների հետ կապված ինտրիգը: Ըստ ներքին կուսակացական օրենքների` երեք անգամից ավել ոչ ոք չի կարող դառնալ վարչապետ: Կա միտում, որ Էրդողանը կառաջադրվի նախագահ: Էրդողանի` նախագահի  պաշտոնում առաջադրելու հավանականությունը կապված է իր այն հայտարարության հետ, որ եթե դառնա նախագահ, ապա իր նախագահությունը չի լինելու արարողակարգային բնույթի: Ըստ քաղաքագետի` եթե դեպքերի բերումով Աբդուլա Գյուլը չառաջադրվի նախագահական ընտրություններում, չընդդիմանա Էրդողանին, ապա Գյուլը կրկին կընտրվի նախագահ: Ի տարբերություն Էրդողանի` Գյուլն իր լեգիտիմությունն ապահովել է թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում:

Ցեղասպանության 99-ամյակի առիթով հայերին ուղղված Էրդողանի ուղերձը  մեկնաբանելիս, Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ այստեղ 2 դիտարկում պետք է անել. Էրդողանի ուղերձը չպաշտպանվեց իր մերձավոր շրջապատի կողմից, թեև ուղերձում Թուրքիայի ազգային անվտանգությանը, շահերին վտանգող ոչ մի միտք չկար: Եվ երկրորդ` ցավոք, աշխարհը, նաև որոշ հայեր Էրդողանի լղոզված հայտարարությանը արձագանքեցին այնպես, ինչպես Թուրքիան էր ուզում: Իսկ Պոլսո հայոց պատրիարք Արամ Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Էրդողանի հայտարարության համար:

Առաջնային եւ երկրորդական հասցեատերերը

Շահան ԳանտահարյանԹուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանգներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսեւորումը, ապրիլյան օրերին իբրեւ ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը եւ ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված հետ քայլը:

Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության շրջանակներում եւ այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները  մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որը ի վերջո բարձրագույն մակարդակից թուրքական պետության ներկայացուցիչը հայտարարում է, որ Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարեւոր նշանակություն ունի: Մնացյալը, ցավակցություն, հոգիների խաղաղություն, ընդհանուր զոհեր եւ ցավեր շարունակվում են տեղավորվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ։ Ապրիլ 24-ի բաժինը եւս որոշակիորեն համահունչ կարող է  նկատվել այդ բոլորին: Չպետք է մոռանալ միաժամանակ, որ նախ՝ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ներկայացնող թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում  Ստամբուլի, Անկարայի եւ տարբեր շրջաններում ծայր առած եւ հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչման միջոցառումներին։

Բայց կարեւոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ ընդհանրապես բոլոր հայերին  Էրդողանի ակնարկը, որովհետեւ ծխածածկույթի եւ մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:

Մշուշապատման այս պետական փորձը մատնում է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական «Թե.Ռե.Թե. Հաբեր» հեռուստակայանի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավութողլուն վարչապետ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրեւ Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավութողլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Այստեղ եւս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովրդների միջեւ ընթացող հարաբերությունները եւ ոչ թե Անկարա-Երեւան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:

Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը հավանաբար ունի առաջնային եւ երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականորեն ո՛չ հայության ցավակից լինելն է, ո՛չ  Թուրքիայում զուտ հայկական շրջանակների ապրիլյան միջոցառումներ կազմակերպելու թույլտվություն տալը, ո՛չ էլ ընդհանուր զոհերի հոգիներին խաղաղություն ցանկանալը: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարեւոր դրույթներին համահունչ  կարեւոր առավելություններ ձեռք բերելն է միջազգային ընտանիքի առաջ: Եւ ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:

Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլ նաեւ ապրիլյան միջոցառումներ իր քաղաքներում արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետությունը չէ, այլ նաեւ Ա. աշխարհամարտի ընթացքում ընկած զոհերի ժառանգորդներին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի ազգաբնակչության տեղահանության պատճառ հանդիսացող պետությունը չէ, այլ նաեւ ցեղասպանությունից վերապրածների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: Եւ նման շատ  ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի  տեսությունը ընդունողին:

Ուրեմն նման փորձերով միջազգային ընտանիքը դրվում է Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումներ»-ի իրականության առջեւ:

Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն Սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաեւ Անկարան եւ իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման բառախաղ : Թիրախային հասցեատերը այս դեպքում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք եւս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Էրդողանը մատ է թափ տվել Օբամայի վրա Սպիտակ տանը կայացած թեժ զրույցի ժամանակ

Հարութ ՍասունյանՊուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետևեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:

 

Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին: Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը Հերշին ասել էր. «հայտնի էր, որ Էրդողանը սատարում է ապստամբ ընդդիմության շրջանում ջիհադական «ալ-Նուսրա ճակատ» խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբավորումների»: Հերշը պարզել էր, որ ԱՄՆ ռազմական հետախուզությունը 2013 թվականի հունիսի 20-ին մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ էր պատրաստել, հաստատելով, որ «Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում գտնվող քիմիկոսները փորձել էին զարին գազի բաղադրիչների մեծ խմբաքանակ ստանալ տասնյակ կիլոգրամներով, հնարավոր է, Սիրիայում զանգվածային արտադրության փորձի համար»:

 

Արդարև, նախորդ տարվա մայիսին «ալ-Նուսրա ճակատի» մի քանի անդամներ ձերբակալվեցին Թուրքիայում, որոնց մոտ հայտնաբերվել էր երկու կիլոգրամ զարին: Թուրքական դատարանը մեղադրեց խմբին Սիրիայի վրա քիմիական հարձակում սկսելու համար հարակից այլ նյութեր ձեռք բերելու մեջ: Շուտով ձերբակալվածներից հինգին ազատ արձակեցին, իսկ մնացածին բաց թողեցին մինչև դատը: Սակայն նրանք անհայտացան…

 

2013 թվականի գարնանը, ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ առաքելության` Սիրիա մեկնելուց հետո, ՄԱԿ-ի գործունեությանը լավատեղյակ մի անձնավորություն հայտնել էր Հերշին, որ «ապացույցներ կան սիրիական ընդդիմության` Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ գյուղում մարտի 19-ին արձանագրված առաջին գազային հարձակման հետ ունեցած առնչության վերաբերյալ…. Ակնհայտ էր, որ ապստամբները գազ էին կիրառել»:

2013 թվականի սեպտեմբերին Սիրիայի վրա ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական համատեղ հարձակումից անմիջապես առաջ նախագահ Օբաման անսպասելիորեն որոշեց հետաձգել հարվածը, պատճառաբանելով, որ նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հարձակման հետաձգման իրական պատճառը Նախագահի բացահայտումն էր, որ նրան Սիրիայի դեմ «անհիմն» հարձակման էր դրդել Թուրքիան, սակայն նա չուզեց հրապարակավ ընդունել իր սխալը՝ որը կարող էր ամբողջ Մերձավոր Արևելքի համար աղետալի հետևանքներ ունենալ: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ փրկեց նախագահ Օբամային դժվար կացությունից՝ երաշխավորելով Սիրիայի համաձայնությունը հանձնելու իր քիմիական զենքի պաշարները, դրանով իսկ քողարկման միջոց ապահովելով Նախագահի համար՝ հրաժարվելու իր հարձակման սպառնալիքից:

 

Հետաքննող լրագրող Հերշը նաև պարզել էր, որ քիմիական զենքերը հասել էին սիրիացի ապստամբներին ԿՀՎ-ի «առնետային արահետ» կոդային անվամբ գործողության միջոցով (թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն, 2012 թ.), որպեսզի Լիբիայից զենք ու զինամթերք տեղափոխեն Սիրիա Թուրքիայի տարածքով: Լիբիայում Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակումից հետո, այս գաղտնի գործողության կենտրոնը` ԱՄՆ-ը, դուրս եկավ նշված գաղտնի համաձայնությունից, սակայն Թուրքիան շարունակեց լիբիական զենք մատակարարել սիրիական ապստամբներին:

 

Քանի որ ապստամբները 2012 թվականի ավարտին պարտվում էին Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում, ամերիկացի մի հետախույզ հայտնել է Հերշին, որ «Էրդողանը զայրացած էր», ինչը նրան ստիպեց դավադիր մի ծրագիր մշակել, որով ապստամբները զարին գազ կիրառելով սիրիական կառավարությանը կեղծ մեղադրանք կներկայացնեին, այսպիսով դրդելով Միացյալ Նահանգներին հարձակվել Սիրիայի վրա:

 

Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետը մեկնեց Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնի Սիրիայի վրա ամերիկյան հարձակման իր ծրագիրը` փրկելու համար ապստամբներին հասատ պարտությունից: 2013 թվականի մայիսի 16-ին Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ միասին, աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տանը նախագահ Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ: Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի դժկամությունից վրդովված, Էրդողանը «սրիկայաբար մատ է թափ տվել նախագահի վրա Սպիտակ տանը», Դոնիլոնը զեկուցել է այս շշմեցուցիչ դրվագի մասին արտաքին քաղաքականության մի փորձագետի, որն էլ այդ մասին հայտնել է Հերշին: «ԿՀՎ աջակցությամբ Սիրիա զենք առաքելուն վերջ դնելու ամերիկյան որոշումը Էրդողանին անպաշտպան թողեց քաղաքական և ռազմական առումով», բացատրեց Հերշը: «Առանց ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության, ասաց մի նախկին հետախույզ, «Էրդողանի` Սիրիայում կախյալ պետություն ունենալու երազանքը հօդս է ցնդում և նա կարծում է՝ մեր մեղքով: Եթե Սիրիան հաղթի պատերազմը, նա գիտի, որ ապստամբները, ամենայն հավանականությամբ, դառնալու են իր դեմ. էլ ո՞ւր կարող են նրանք գնալ: Ուստի, նա ունենալու է հազարավոր արմատականներ իր երկրի ներսում»:

 

2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Գուտա արվարձանում  քիմիական  հարձակումից հետո մի նախկին հետախույզ ասել էր Հերշին. «Այժմ մենք գիտենք, որ դա գաղտնի գործողություն էր՝ ծրագրված Էրդողանի մարդկանց կողմից, որպեսզի Օբամային դրդեն հատել կարմիր գիծը…. Գործարքն տպավորիչ և ուշագրավ պետք է լիներ…. Զարինը մատակարարվել էր Թուրքիայի միջոցով»:  Ըստ Հերշի զեկույցի` թուրք պաշտոնյաների մեղսակցության մյուս ազդանշանը Միացյալ Նահանգների կողմից գաղտնալսված հեռախոսազանգերն էին, որոնցով բացահայտվում էր նրանց ուրախությունը հաջող քիմիական հարձակում կազմակերպելու համար…

 

Հերշն իր բացահայտումը եզրափակում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի առավել մտահոգիչ դիտողությամբ. «Ես հարցրեցի իմ գործընկերներին, թե կա՞ արդյոք որևէ միջոց կանգնեցնելու Էրդողանի շարունակական աջակցությունը ապստամբներին, հատկապես հիմա, երբ գործերն այնքան անհաջող են ընթանում, նա պատասխանեց. «Մենք անտանելի վիճակում ենք: Կարող ենք ամեն ինչ հայտնել, եթե Էրդողանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, սակայն Թուրքիան առանձնահատուկ դեպք է: Նա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքերը չեն վստահում Արևմուտքին: Նրանք չեն կարող մեր կողքին մնալ, եթե մենք թուրքական շահերի դեմ ակտիվ դիրքորոշում ունենանք: Եթե հայտարարենք, թե ինչ դեր է խաղացել  Էրդողանը գազի հետ կապված պատմության մեջ` այն կործանարար կլինի: Թուրքերը կասեն. «Մենք ատում ենք ձեզ այն բանի համար, որ մեզ թելադրում եք, թե ինչ կարող ենք անել և ինչ` ոչ»:

 

Վերջին հարյուր տարիների իրարահաջորդ ամերիկյան կառավարություններն այդպես էլ չեն կարողացել հասկանալ մի կարևոր աշխարհառազմավարական ճշմարտություն, որ Թուրքիան ավելի շատ ունի Միացյալ Նահանգների կարիքը, քան ԱՄՆ-ը երբևէ կունենա նրա կարիքը: Անկասկած, ինչ-որ սարսափելի սխալ է կատարվում, երբ «պոչն է թափահարում շանը»…

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

[Նախորդ շաբաթվա հոդվածի («Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ») երկրորդ մասը կհրապարակվի ավելի ուշ]

 

Էրդողանն ու Գյուլը ընդգրկվել են «Time» հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում

Էրդողան,Գյուլ  Ամերիկյան «Time» հանդեսը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին և վարչապետ Թայիփ Էրդողանին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում: Հանդեսը նշել է, որ Գյուլին հաջողվում է կուսակցության ներսում հանդես գալ որպես հավասարակշռող կողմ՝ ի հակադրություն Էրդողանի միապետական դիրքի: Էրդողանը իր հերթին հայտնվել է այս ցուցակում հակակառավարական ցույցերի և կոռուպցիոն սկանդալների ալիքը հաղթահարելու և ՏԻՄ ընտրություններում առաջատար լինելու շնորհիվ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ վերոնշյալ ցուցակում ընդգրկվել են մի շարք այլ անվանի անձինք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը, Բիլ Գեյցը, Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, պակիստանցի պատանի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը և այլք: Ամենաազդեցիկ մարդկանց ընտրությանն ուղղված քվեարկությունը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը: Պաշտոնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 24-ին:
 

 Անկախ

Թուրքիայում լույս է տեսել Էրդողանի արտասահմանյան այցերի մասին պատմող «Մի ճանապարհորդության պատմություն» գիրքը

էրդողանԹուրքիայում լույս է տեսել մի գիրք, որը պատմում է վարչապետ Թայիփ Էրդողանի 11 տարվա վարչապետության շրջանում կատարած 305 արտասահմանյան այցելությունների մասին: Գիրքը կրում է «Մի ճանապարհորդության պատմություն» վերնագիրը, որը, հեղինակների խոսքերով, խորհրդանշում է «Թուրքիայի ճանապարհը դեպի արդիականացում և ժողովրդավարություն»: 460 էջանոց գրքի նախապատրաստումը տևել է 2 տարի: Գրքում ընդգրկվել են Էրդողանի ճամփորդություններից 2 հազար լուսանկար: Իր վարչապետության 11 տարիների ընթացքում Էրդողանը անցել է 2 մլն 150 հազար կմ, կատարել 305 արտասահմանյան այց աշխարհի 93 երկրներում:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ գրքում հետաքրքիր մանրամասներ են բերվում դիվանագիտական հանդիպումներից, բանակցություններից, համաժողովներից, որոնց մասնակցել է Էրդողանը: Վերջինս ամենից շատ այցելել է եվրոպական քաղաքներ, մասնավորապես Գերմանիա, որտեղ նա եղել է 15 անգամ: ԱՄՆ-ը վարչապետը այցելել է 14 անգամ, իսկ Ադրբեջան և Բելգիա 12 անգամ:

Անկախ

 

Ռոուհանին շնորհավորել է Էրդողանին

ՌոուհանիԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ շնորհավորելով նրան ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ռոուհանին կարևորել է, որ բնակչության ակտիվ է մասնակցել ընտրություններին: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ մահմեդական երկրում ժողովրդավարությունը հաղթել է:

ԻԻՀ նախագահը նաև նշել է, որ իր երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հետ երկկողմանի կապերը ամրապնդելուն:

Էրդողանն իր հերթին  շնորհակալկություն է հայտնել  Հասան Ռոուհանիին, նաև նշել, որ այս ընտրությունները պատասխանն էին այն թյուր քննադատությունների, թե Անկարան խախտում է մարդու իրավունքները և ժողովրդավարական նորմերը:

Անկախ

 

Էրդողանի անճանաչելի ձայնը զարմացրել է բոլորին (տեսանյութ)

Էրդողան


Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, այսօր նախընտրական ելույթով հանդես գալով Վան քաղաքում, զարմացրել է բոլորին: Դուրս գալով բեմ՝ Էրդողանը հավաքվածներին է դիմել շատ բարակ ու անճանաչելի ձայնով: Չնայած կտրված ձայնին՝ Էրդողանը ներկայացել է հանրահավաքին և ելույթ ունեցել: «Սիրելի վանեցիներ, սիրելի եղբայրներ: Սրտանց ողջունում եմ ձեզ: Այստեղից իմ բարևներն ու սերն եմ փոխանցում ողջ Վանին, բոլոր վանեցի եղբայրներիս: Նախ ուզում եմ ներողություն խնդրել ձայնիս համար»,-ասել է Էրդողանը՝ դիմելով հանրահավաքին եկածներին:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Էրդողանը դեղեր է օգտագործում ձայնը վերականգնելու համար, սակայն դրանք առայժմ արդյունք չեն տալիս: Հայտնի է, որ վարչապետը չի պատրաստվում դադարեցնել իր քարոզարշավը և վաղը ելույթ է ունենալու Դիարբեքիրի իր ընտրողների առաջ, այնուհետև մեկնելու է Քոնյա, իսկ կիրակի՝ նախընտրական վերջին օրը, ելույթ է ունենալու Ստամբուլում:

 

Անկախ

 

«Էրդողանն ընկել է իր իսկ մերձավորների լարած թակարդը». Դևլեթ Բահչելի

bahceliԹուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանն ընկել է իր իսկ մերձավոր շրջապատի թակարդը: «Էրդողանի ադմինիստրացիայում կան մարդիկ, որոնք նրան խորհուրդներ են տալիս հասարակական կարծիքի կառավարման հարցի շուրջ: Ահա նրանք Էրդողանին համոզում են ժողովրդին հայտարարել, որ կոռուպցիոն սկանդալն իր դեմ ուղղված զրպարտանք է: Սակայն այդ մարդիկ վստահաբար Էրդողանի ընկերները չեն, այլ ընդհակառակը՝ թշնամիները: Նրանք միայն իրենց մասին են մտածում: Վերջին իրադարձությունները երկրում բողոքի զանգվածային ալիք են բարձրացրել, որը գնալով աճում է: Մարդիկ կարող են ատել իրար: Մենք չպետք է դա թույլ տանք: Դրա համար ուժեղ ազգ է անհրաժեշտ»,-Օրդու քաղաքում հայտարարել է Բահչելին:

 

Անկախ

«Թվիթեր-մվիթեր, բոլորը արմատախիլ կանենք, ինձ չի հետաքրքրում աշխարհի կարծիքը». Էրդողան

ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ Բուրսայում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «Թվիթեր-մվիթեր, բոլորը արմատախիլ կանենք, ինձ չի հետաքրքրում աշխարհի կարծիքը: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության հզորությունը»: Այս խոսքերից հաշված ժամեր անց Թուրքիայում արգելափակվել է աշխարհում ամենաշատ օգտատեր ունեցող սոցիալական ցանցերից մեկը: Էրդողանի խոսքով՝ «Թվիթերը»-ը ոչ մի կապ չունի ազատության հետ: «Ազատությունը ինչ-որ մեկի անձնական տարածություն մտնելը չէ: Ազատությունը չի նշանակում, որ այդ կայքերի միջոցով կարելի է աշխարհով մեկ տարածել պետական գաղտնիքները»,-նշել է Էրդողանը:

«Թվիեթր»-ի արգելափակումից րոպեներ անց սոցիալական մեդիան հեղեղվել է հազարավոր մեկնաբանություններով, հակակառավարական արտահայտություններով, պայքարի դուրս գալու կոչերով: Սրան հետևել է համաշխարհային հանրության խիստ արձագանքը: Մասնավորապես ԱՄՆ-ի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ իրենք բավականին անհանգստացած են սոցիալական կայքի փակման պատճառով: Եվրահանձնաժողովի թվային ռազմավարության գծով պատասխանատու Նելլի Քրոսն իր հերթին հայտարարել է. «Թուրքիայում «Թվիեթր»-ի արգելափակումն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է: Թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը սա կդիտարկի որպես գրաքննություն»:

Erdogan-and-TwitterԱյսպիսով Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրություններից հաշված օրեր առաջ գնում է վտանգավոր քայլերի: Նրա կատարած քայլը այսօր թերևս ամենաքննարկվողն է դարձել: Էրդողանը կրկին հայտնվել է համաշխարհային ամենաառաջատար լրատվամիջոցների առաջին էջերին՝ որպես բռնապետ: Թուրքիայում արդեն նյութեր են հրապարակվում, թե ինչպես կարելի է շրջանցել արգելքը և այնուամենայնիվ փորձել մտնել կայք:

Նշենք, որ աշխարհում ամենահայտնի սոցիալական կայքերից մեկը` «Թվիեթր»-ը, որն ընդհանուր առմամբ ունի 250 մլն օգտատեր, իսկ Թուրքիայում 12 մլն, արգելված է միայն Չինաստանում: Այս կայքն արգելվեց նաև Իրանում 2009 թվականի նախագահական ընտրություններից առաջ, սակայն 2013 թվականի սեպտեմբերին կրկին բացվեց: Կայքը կարճ ժամանակով արգելափակվել է նաև Եգիպտոսում Մուբարաքի դեմ ցույցերի ժամանակ:

Անկախ

Էրդողանի դեմ դատական գործ է հարուցվել Բերքին Էլվանին ահաբեկիչ անվանելու համար

unnamedԹուրքիայի «Ժողովրդական տներ» հասարակական կազմակերպությունը Ստամբուլի դատախազություն հայց է ներկայացրել վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան ատելության ու թշնամության հրահրման մեջ: Էրդողանը մարտի 14-ին իր նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր գիտակցության չգալուց հետո մահացած 15-ամյա Բերքին Էլվանին անվանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ: Էրդողանը հայտարարել էր, որ ոստիկանները գործել են օրենքի շրջանակներում և չէին կարող իմանալ, թե տղան քանի տարեկան էր, քանի որ նրա երեսը ծածկված է եղել թաշկինակով:

Հիշեցնենք, որ երեխայի մահից հետո Թուրքիայի տասնայակ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան Էրդողանի վարչակարգի դեմ: Բերքին Էլվանի թաղման արարողությանը մասնակցեցին  հազարավոր մարդիկ: Ի պատասխան սրան` Էրդողանը հայտարարեց. «Մի՛ խաբվեք, այդ մարդիկ երեխային հրաժեշտ տալու համար չեն հավաքվել: Նրանց նպատակը մեր տնտեսությանը վնասելն ու հաշտեցման գործընթացը խոչընդոտելն է»:

 

Անկախ

Իլհամ Ալիևն աջակցում է Էրդողանին գյուլենական շարժման դեմ պայքարում

DD0CD904-83E2-4670-A025-E60634A945A8_mw1024_n_sԹուրքական իշխանամետ լրատվամիջոցներից «Յենի Շաֆաք»-ը հաղորդում է «Ադրբեջանում զուգահեռ պետության դեմ օպերացիայի» մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվության բաժնի պետ Էլնուր Ասլանովը, որի անունը կապվում է Ադրբեջանում գյուլենական շարժման հետ: Ասլանովը, լինելով պետական ապարատում ազդեցիկ գյուլենականներից մեկը, հանդիսանում է Ադրբեջանում գյուլենական շարժամ առաջնորդը:

Այսպիսով, Իլհամ Ալիևը սկսեց բացահայտ աջակցություն ցուցաբերել Թայիփ Էրդողանին Ֆեթուլահ Գյուլենի ու նրա շարժման մեջ պայքարում: Էրդողան-Գյուլեն հակամարտությունը շարունակվում է՝ լարվածության մեջ պահելով Թուրքիայի ներքաղաքական դրությունը:

 

Անկախ