Իսրայելը Գազայում Հոլոքոսթ է իրականացնում. Հալիդ Մաշալ

mashalՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալը, խոսելով Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի իրականացրած գործողությունների մասին, նշել է. «Այն, ինչ Իսրայելն անում է Գազայում վերջին 45 օրվա ընթացքում, իսկական Հոլոքոսթ է»:

Մաշալի խոսքով` պաղեստինցիների նկատմամաբ կատարվող գործողությունները հիշեցնում են այն չարագործությունները, որոնք տասնամյակներ առաջ արել է Հիտլերը:

 

Անկախ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել

kahire

Կահիրեում պաղեստինյան դիմադրության պատվիրակության անդամ Քեյս Աբդալքարիմը հայտնել է, որ հաշտության հասնելու համար տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել: Վերջինիս խոսքերով` պատճառը իսրայելական կողմի` պաղեստինցիներին ներկայացված զինաթափման պահանջն էր: Աբդալքարիմի համոզմամբ` այդ պահանջը բավական էր, որպեսզի համաձայնությունը չկայանար:

Իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Մուսա Աբու Մարզուքը իր «Facebook»-յան էջում գրել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է զինադադարը երկարաձգելու Եգիպտոսի առաջարկից, ինչը կարող է պատճառ հանդիսանալ նախկին իրավիճակի վերականգնման համար: Նրա կարծիքով` Նեթանյահուն իր երկրում դարձել է ներքին հակասությունների գերին:

Պաղեստինցիները շտապել են օգտվել 72-ժամյա զինադադարից


gaza (1)

Իսրայելական բանակի ստորաբաժանումները, որոնք հետ են քաշվել Գազայի հատվածից, տեղավորվել են սահմանի երկայնքով` հիմնվելով 72-ժամյա զինադադարի վրա: Չհրապարակվող աղբյուրները նշում են, որ իսրայելական կողմի գլխավոր նպատակը` Գազայում թունելների ոչնչացումը, իրականացվել է, և Գազայում մնալու պատճառ այլևս չկա: Սակայն եթե ՀԱՄԱՍ-ը չպահի զինադադարի պայմանները, ապա իսրայելական բանակը կրկին կմտնի Գազա:

Իսկ Գազայի բնակիչները շտապել են օգտվել 72-ժամյա զինադադարից: Ձկնորսները իջել են ծովափ և սկսել ձուկ որսալ: Նշենք, որ ձկնորսությունը պաղեստինցիների համար գոյության պահպանման հիմնական միջոցն է:

Իսպանիան դադարեցրել է զենք արտահանել դեպի Իսրայել

զենք

Իսպանիայի կառավարւթյունը հյատարարել է, որ դադարեցնում է Իսրայելին զենքի մատակարարումը: Սրա մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել, սակայն իսպանական լրատվամիջոցները, հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած աղբուրների վրա, հաստատում են, որ ստեղծված իրավիճակում Իսրայելին այլև զենք չի մատակարարվելու: Այս որոշումը կայացվել է ռազմական արտահանման կառավարական հատուկ հանձնաժողովի կողմից, որի մեջ ընդգրկված են եղել ԱԳ նախարարության, առևտրի և պաշտանության նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության մասնագետներ:

Նշենք, որ անցած տարի Իսրայելը Իսպանիայից 4,9 մլն եվրոյի զենք է գնել: Ամենից շատ զենք արտահանվել է դեպի Պարսից ծոցի երկրներ: 2013 թվականին Իսպանիան այս պետություններին 1,24 մլդ դոլարի զենք է մատակարարել: Ավելի վաղ Իսպանիան դադարեց զենք արտահանել դեպի Եգիպտոս, Լիբիա և Վենեսուելա:

Իսրայելը Գազայի հատվածից դուրս է բերում զորքերը

f_35Իսրայելը հրադադարի շրջանակներում, Գազայի հատվածից դուրս է բերում ցամաքային զորքերը, հաղորդում է   Reuters-ը:

Ավելի վաղ Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել էին նոր` 72-ժամյա հրադադարի վերաբերյալ, որը կսկսվի օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին:

Հասան Ռոհանի. «Իսրայելի վարչակարգը ոտնահարում է մարդկային սկզբունքները, միջազգային օրենքները»

Հասսան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում մեկնարկած պաղեստինյան կոմիտեի անդամ երկրների (ԱԳ նախարարների նիստում ասել է, որ այդ նիստը լավ առիթ է Գազայում տիրող իրավիճակը քննարկելու և  այդ հատվածի ժողովրդին օգնելու նպատակով գործնական ելքեր գտնելու համար:

«Իսրայելի վարչակարգն անցած շաբաթների ընթացքում ոտնահարելով մարդկային սկզբունքները, միջազգային օրենքները  և մարդու իրավունքները և կիրառելով ամենաարդիական զենքեր մի անհավասար պատերազմում հարձակման է ենթարկել Գազայի հատվածը»,- նշել է Իրանի նախագահը:

Իսրայելը չի պատրաստվում նահանջել

israilԻսրայելական բանակը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պատրաստվում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելները` այսպիսով հասկացնելով, որ չի պատրաստվում նահանջել և գնալ զինադադարի: Իսրայելը ծրագրել է Գազայի և Իսրայելի միջև անվտանգության գոտի ստեղծել, որը կգտնվի իսրայելացի զինվորների վերահսկողության տակ:

Նշենք, որ Գազայի հատվածում հուլիսի 7–ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով արդեն 1650 մարդ է զոհվել, 8900 հոգի վիրավորվել է:

 

Անկախ

Գազայում 3 օր մարդասիրական հրադադար է հաստատվել

israel-isnt-eager-for-a-big-escalation-in-gaza-but-might-get-one-anywayՈւրբաթ օրը Գազայում Համասի և Իսրայելի միջև մարդասիրական հրադադար է հաստատվել:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ ասվում է, որ հրադադարը կշարունակվի 72 ժամ, որը հնարավորություն կտա ավելի երկարատև լուծում գտնել կոնֆլիկտի համար:

Իսրայելի և Համասի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ընդունում են հրադադարը, որը նախատեսված է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կոնֆլիկտի հետևանքով Գազայից կես միլիոն մարդ է տեղափոխվել: Այս թիվը կազմում է Գազայի 1,8 միլիոն բնակչության 14 տոկոսը:

Հրադադարի ընթացքում Գազայի հատվածում սնունդ կտրամադրվի, վիրավորների համար` բուժօգնություն և զոհվածների հուղարկավորություն կկազմակերպվի:

Հրադադարի ընթացքում Իսրայելի և Պաղեստինի պաշտոնատար անձիք կհանդիպեն Կահիրեում՝ փորձելով կայուն հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել:

 

Անկախ

Իսրայելը մոբիլիզացրել է ևս 16 հազար պահեստայինի

o_983769Իսրայելը հայտարարել է ևս 16 հազար պահեստայինի մոբիլիզացիայի մասին: Պաշտպանության բանակի զինհրամանատարության կարծիքով, այդ քայլը հնարավորություն կտա էականորեն ընդլայնելու Գազայի հատվածում ռազմական օպերացիան, որը  շարունակվում է արդեն 23 օր: Այն սկսվել է հուլիսի 8-ին ու արդեն  1360 պաղեստինցի է զոհվել:

Իսրայելական կողմից 56 զինվորական է զոհվել ու 3 խաղաղ բնակիչ: Ներկա դրությամբ  Գազայի հատվածում օպերացիայի համար Իսրայելի ռազմական հրամանատարությունը մոբիլիզացրել է ընդհանուր առմամբ 86 հազար պահեստայինի:

Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում

ԴավութօղլուԹուրքիան, փորձեր կատարելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ստանձնելու հաշտարար միջնորդի դերը, շարունակում է բանակցություններ վարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ: Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար ԱՀմեդ Դավութօղլուն խոսել է Քոնիայում Ռամազանի ավարտին նվիրված տոնակատարության ժամանակ:

Դավութօղլուն նշել է, որ գալիք նախագահական ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն 77 միլիոնանոց Թուրքիան, այլև մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները: «Կարող եք վստահ լինել, որ օգոստոսի 10–ին Գազայում բնակվող ընտանիքները ևս հետևելու են նախագահական ընտրություններին, քանի որ պաղեստինցիները գիտեն, որ միայն Թուրքիայի նախագահը կարող է նրանց մեջքին կանգնել: Նրանք գիտեն, որ եթե նրանց գլխին թեկուզ փոքր քարեր թափվեն, թուրք առաջնորդները իրենց աջակցություն կցուցաբերեն: Այդ պատճառով էլ Գազայի մասին մտքերը զբաղեցնում են մեր ուղեղն ու սրտերը: Մինչև ապահովված չլինի Գազայի բնակչության խաղաղությունը, մենք աշխատելու ենք օր ու գիշեր»,-հայտարարել է Դավութօղլուն:

 

Իսրայելը չի պատրաստվում նահանջել. Նեթանյահու

Նեթայնահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաքացիներին կոչ է արել պատրաստ լինել երկարատև պատերազմի: Վերջինս խոստացել է, որ չնայած միջազգային հանրության աճող ճնշումների, Իսրայելը կանգ չի առնի, քանի դեռ բանակը չի կատարել իր առջև դրված առաջադրանքը: Նեթանյահուն նշել է, որ ծրագիրը մնացել է նույնը` ոչնչացնել միջսահմանային տասնյակ թունելներ, որոնք օգտագործվում են պաղեստինցիների կողմից իսրայելական տարածքներ անցնելու համար:
«Այս պահին մենք շարունակում ենք ոչնչացնել ահաբեկչական թունելները: Մենք չենք ավարտի այս գործողությունը առանց բոլոր այն թունելների ոչնչացման, որոնք նախատեսված են մեր երեխաների և խաղաղ քաղաքացիների սպանության համար: Մենք պետք է գործենք վճռական և խելամիտ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»,-հայտարարել է վարչապետը:

Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անարդյունք են. վերլուծաբան

gaza (3)Որոշ իսրայելական վերլուծաբաններ Գազայի հատվածոում Իսրայելի իրականացարծ ռազմական գործողությունները անարդյունավետ են համարում: Տեղական թերթերից մեկի սյունակագիրը նշում է, որ չնայած Գազայի հատվածում բազմաթիվ զոհերին՝ Իսրայելը չի հասել ցանկալի արդյունքի, ավելին, ռազմական իրավիճակի պատճառով խախտվել է Թել Ավիվի` որոշումների ընդունման համակարգը: «Չնայած մեծ կորուստներին` Իսրայելի համեմատությամբ բավական փոքր ՀԱՄԱՍ շարժումը չի համաձայնում գնալ հաշտության, ինչը իշխանությունների զայրույթն է հարուցում»,-գրում է նա:

Վերջինիս խոսքով` Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազայի քաղաքները` հույս ունենալով, որ ՀԱՄԱՍ-ը զինդադար կստորագրի:

Նշենք, որ Գազայի հատվածում մոտ 3 շաբաթ տևող ռազմական գործողությունների հետևանքով 1062 մարդ է զոհվել, 6300 հոգի վիրավորվել է:

 

Իսրայելը թույլ չի տալիս բժշկական օգնություն տրամադրել Գազայի հատվածին

Իսրայել,բժշկական օգնություն, Գազայի հատված    Չնայած Գազայի հատվածում 12-ժամյա զինադադար է հաստատվել, այնուհանդերձ իսրայելական բանակը շտապ օգնության մեքենաներին թույլ չի տալիս մտնել ռազմական գործողությունների տարածք: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`ժամանակավոր զինադադարի սկզբից 8 րոպե անց Գազայի բնակչությանը հեռախոսային հաղորդագրություն է ուղարկվել, որով նրանց զգուշացվել է ոչ մի դեպքում չվերադառնալ իրենց լքած տները մինչև համապատասխան հայտարարությունը: 13 րոպե անց իսրայելական կողմը դադարեցրել է կրակը, սակայն հետախուզական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել ռազմական գոտում:

 Անկախ

Գազայում 12 ժամ տևողությամբ հրադադար է հաստատվել

Շաբաթ օրը Իսրայելը և Համասը 12 ժամ տևողությամբ մարդասիրական հրադադար են հաստատել Գազայում:

Գազա

 

 

 

 

 

 

 

 

Այս ժամանակավոր հրադադարը որևէ փոփոխություն չի մտցնի ներկայիս թշնամանքում՝ հաշվի առնելով Արևմտյան ափին պատերազմի տարածման նշանները և Իսրայելի պաշտպանության ուժերի նախազգուշացումը այն մասին, որ իրենք հնարավոր է շուտով մեծամասշտաբ գործողություններ սկսեն Գազայում:

Իսրայելի տեղեկություններով 12 ժամ տևողությամբ հրադադարը սկսվել է շաբաթ օրը առավոտյան 8:00-ին: Իսրայելը նշել է, որ իրենց զորքերը պատասխան հարված կհասցնեն, եթե ահաբեկիչները օգտագործեն ժամանակավոր հրադադարը Իսրայելի զինվորների կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար: Երկրի զինված ուժերի տվյալներով՝ Գազայի հատվածում թունելների հայտնաբերման և չեզոքացման իրենց գործողությունները կշարունակվեն:

Իսրայելը հուլիսի 8-ին լայնածավալ օդային հարձակում է սկսել Գազայում, իսկ ավելի ուշ ցամաքային զորքեր ուղարկել այդ տարածաշրջան՝ փորձելով կասեցնել Պաղեստինի հրթիռային կրակը և ոչնչացնել մերձսահմանային թունելների ցանցը, որոնք զինյալները օգտագործում են հարձակումներ իրականացնելու համար:

Գազայի անմեղ զոհերն ու մեծ քաղաքականությունը

gazaՀուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է «Պաշտպանության սահմանը» անվանումը։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռների հարվածներն են։ Իսրայելական կողմը դա համարել է ահաբեկչություն` ուղղված իրենց քաղաքացիների դեմ` պնդելով, որ վերջին 2 օրվա ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնց մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակօդային պաշտպանության համակարգի միջոցով:
Չնայած դրան` որոշ փորձագետներ Իսրայելի նախաձեռնությունը պայմանավորեցին հունիսի 12-ին 3 իսրայելցի պատանիների սպանության հետ, որոնց առևանգման պատասխանատու Իսրայելը համարել էր ՀԱՄԱՍ-ին, իսկ վերջինս հերքել էր դա:
Հուլիսի 18-ին Իսրայելը Գազայի հատվածում անցավ լայնամասշտաբ ցամաքային գործողությունների՝ իսրայելական օդուժի, ռազմածովային ուժերի, ինժեներական, զրահատանկային զորքերի ու նավատորմի մասնակցությամբ:
Ժամեր անց արդեն հայտնի էին ցամաքային հարձակման առաջին զոհերը, իսկ Գազայից ստացված լուսանկարները՝ սարսափ էին հարուցում:
Երկու շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվն անցել է 600-ը, և այն օրեցօր ավելանալու միտում ունի:
Զոհերից անմասն չէ նաև Իսրայելը. մինչ այս պահը` 27 զինծառայող: Սակայն պաղեստինյան զոհերը հիմնականում խաղաղ բնակիչներ են, այդ թվում նաև բազմաթիվ երեխաներ:
Պաղեստինի վարչապետ Ռամի ալ Համդալլահը Գազայում իսրայելցիների իրականացրած օպերացիան իսկական ցեղասպանություն որակեց:

Միջազգային հանրության արձագանքն ու քաղաքական շահերի բախումները
Չնայած միջազգային հանրության` արյունահեղությանը վերջ դնելու կոչերին` Իսրայելը կարծես թե մտադիր չէ հետ կանգնել իր գործողություններից: Խաղաղության կոչերով մշտապես հանդես եկող ԱՄՆ-ն օրը ցերեկով իրականացվող հարյուրավոր սպանությունների նկատմամբ լուռ է և չի պատրաստվում մեղադրել Իսրայելին: Ավելին, նա ասես պաշտպանում է սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա իրականացվող գործողությունները` կոչ անելով ընդամենը գործողությունները սահմանափակել «ճշգրիտ հարձակումներով» և ավելի մեծ ջանքեր գործադրել պաղեստինցի խաղաղ բնակիչների կորուստը կանխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելից պահանջեց անհապաղ դադարեցնել հարձակումները: Միաժամանակ Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի հետ տեսակապի ժամանակ հայտարարեց, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիների համար անհապաղ 115 մլն դոլար է անհրաժեշտ բնակչության հումանիտար կարիքները հոգալու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատության ենթարկեց Թուրքիայի դիրքորոշումն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիայի համար ստեղծել է բոլոր պայմանները:
Սակայն ամենակոշտ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվի:
Նա Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ պարբերաբար ցեղասպանության փորձեր իրականացնելու մեջ:
«1948 թվականից յուրաքանչյուր Ռամադանի մենք ականատեսն ենք լինում ցեղասպանության իրականացման: Աշխարհը լռում է, որովհետև նրանք, ովքեր իրենց կյանքն են կորցնում, պաղեստինցիներ են»,- հայտարարեց Թուրքիայի
վարչապետը:
Նա ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերը որակեց որպես ցուցադրություն, որը ոչ մի էական ազդեցություն չի թողնում:
Էրդողանը մեղադրանքներ ներկայացրեց նաև իսլամական աշխարհին՝ ասելով, որ որ երբ Արևմուտքը լռում է, իսլամական աշխարհը նույնպես հետևում է նրա օրինակին:
Իսկ Իսրայելի վարքագիծը Թուրքիայի վարչապետը համեմատեց Հիտլերի հետ՝ նշելով, որ Իսրայելը ո՛չ խիղճ ունի, ո՛չ պատիվ, ո՛չ հպարտություն: «Նրանք, ովքեր օրուգիշեր դատապարտում են Հիտլերին, բարբարոսությամբ գերազանցել են նրան»,- հայտարարեց Էրդողանը:
Իսրայելի պատասխանը չուշացավ, իհարկե` ոչ նման բարձրաստիճան մակարդակով: Թուրքիայի վարչապետի հայտարարությանն արձագանքեց Իսրայելի փոխադրումների նախարար Իսրայել Կացը՝ հիշեցնելով Էրդողանին 1915-ի Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ մեկուկես միլիոն հայ է սպանվել:
Այնուհետև Իսրայելի ԱԳՆ-ն հետ կանչեց Անկարայում և Ստամբուլում իր դիվանագետներին, որից հետո բողոքի մեծ ցույցեր տեղի ունեցան այդ քաղաքներում դեսպանության և հյուպատոսության առջև:
Թուրք-իսրայելական լարվածությունը տեղափոխվեց նաև տնտեսական դաշտ: Իսրայելական «Rami Levi» և «Blue Square» սուպերմարկետների ցանցերը բոյկոտ հայտարարեցին թուրքական ապրանքների դեմ, ցուցափեղկերից հանվեցին թուրքական արտադրության բոլոր ապրանքները, չնայած այդ բոյկոտը սուպերմարկետներին 93 մլն դոլարի վնաս կարող է հասցնել:
Ի հեճուկս այս ամենի` Ստամբուլում եռօրյա սուգ հայտարարվեց Գազայի զոհերի հիշատակին, և հազարավոր մարդիկ դուրս ելան հակաիսրայելական ցույցերի:
Թուրքիայի կոշտ դիրքորոշումը բարձր գնահատվեց Պաղեստինի կողմից: Հուլիսի 23-ին երկօրյա այցով Թուրքիա ժամանեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ նախագահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այսպիսով, Թուրքիային հաջողվեց ցույց տալ, որ տարածաշրջանում մուսուլման եղբայրների նեցուկն ու ապավենն է, դրանով իսկ փորձելով ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում:
Սակայն Գազայի իրադարձությունները կարող են ստվերել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ասել է, որ Էրդողանի հակասեմական խոսքերը պղծել են Հոլոքոստի զոհերի հիշատակը:
Մինչդեռ Էրդողանը տեղն է դրել նաև ԱՄՆ-ին. «Որոշ ամերիկացիներ հարցնում են` ինչո՞ւ է վարչապետը Հիտլերի հետ նման համեմատություններ անում: Ձեզ ի՞նչ: Դուք Ամերիկան եք, ի՞նչ կապ ունի Հիտլերը ձեզ հետ»:
Նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի անհամաչափ գործողությունները պաշտպանելու մեջ` նշելով, որ չէր կարող նման անարդարություն սպասել «արդարության առաջամարտիկ» Վաշինգտոնից:
Մինչ գերտերությունները փորձում են Գազայի իրադարձությունների ֆոնին իրենց դերերը վերագնահատել տարածաշրջանում, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ ամենից օգտվում է նաև ՀԱՄԱՍ-ը՝ բնակչության շրջանում մեծ զոհերի գնով ցանկանալով բորբոքել հակաիսրայելական տրամադրությունները արաբական և մահմեդական աշխարհում և ձեռք բերել միլիոնավոր դոլարների հումանիտար օգնություն Գազայում բնակչությանը վերահսկելու, ինչպես նաև իր ռազմական ներուժը հզորացնելու նպատակով: Իսկ Պաղեստինի հասարակ ժողովուրդը սպանվում է, հազարավոր մարդիկ դառնում են հաշմանդամ, փախստական ու անօթևան:
2008 թ. հետո սա Իսրայելի և Գազայի միջև երկրորդ խոշոր ռազմական ընդհարումն է: 2008-ին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել էր 1000-ից ավելի մարդ:

 

ՀԱՄԱՍ-ը նոր հովանավոր է փնտրում. արաբագետ

DSC08969 (1)Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Եթե դարասկզբին մասնագետները գտնում էին, թե իսլամական արմատական գործողություններն անկում են ապրում և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դիտարկում որպես վերջակետ, ապա հիմա հակառակ միտումներն են նկատվում; «Մերձավոր Արևելքում 3 թեժ գծում այդ խմբավորումները ակտիվ գործողություններ են ծավալում. դրանք են` Իրաքը, Գազայի հատվածը և Սիրիան, որն անտեսվում է, ինչը սխալ է, քանի որ այնտեղ կատարվում են բավականին լուրջ գործընթացներ: Երեքի դեպքում էլ կա ընդհանրություն. հակամարտության կողմերից մեկը պետություն է, մյուսը իսլամիստական արմատական կազմակերպություն», – նշեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար գլոբալ առումով, այլև քրիստոնեական և էթնիկական փոքրամասնությունների համար: «Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորումը քրիստոնյաների նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է սկսել վարել. նրանց տներին նշաններ են դնում, հայտարարում, որ նրանց ունեցվածքը իրենց է պատկանում և պահանջում գլխահարկ»:  Արաբագետի խոսքով` նրանց դեմ դժվար է` պայքարել, քանի որ այդ խմբավորումը էներգակիրներով հարուստ տարածքներ է գրավել, այսինքն` ֆինանսապես կախյալ վիճակում չէ:

Նման առավելությունից զրկված է Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Դրա կենտրոնը նախկինում Դամասկոսում էր, սակայն վերջին իրադարձություններից հետո այն տեղափոխվեց Քաթար: Ըստ արաբագետի` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը վերսկսվեց, քանի որ այդ խմբավորումը նոր հովանավոր է փնտրում. «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կրկին հայտարարում են, թե «գցելու են իսրայելցիներին ծովը»:  Նրանք փորձում են ցույց տալ, որ լուրջ գործոն են տարածաշրջանում: Եվ կարծես, թե դա նրանց հաջողվում է. երեկ ԱՄՆ-ը 24 ժամով դադարեցրեց չվերթները դեպի Թել Ավիվ: Իսրայելը իր հերթին փորձում է ճնշել իսլամիստական արմատական խմբավորումներից եկող վտանգները», – նշեց նա:

 

Անկախ

Իսրայելական սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները

boykot«Rami Levi» և «Blue Square» իսրայելական սուպերմարկետների ցանցերը բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքների դեմ: Թուրքիայի` Գազայի հարցում Իսրայելի նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական սուպերմարկետների ցուցափեղկերից հանվել են թուրքական արտադրության բոլոր ապրանքները: Իսրայելական հեռուստաալիքի հաղորդմամբ`այս բոյկոտը սուպերմարկետներին 93 միլիոն դոլարի վնաս կարող է հասցնել: Սպասվում է, որ բոյկոտին կմիանա նաև իսրայելական սուպերմարկետների ամենամեծ «Super Sol» ցանցը: Նշենք, որ Իսրայելում թուրքական ապրանքներն ավելի էժան են, քան մյուսները:

 

Անկախ

Փարիզում պաղեստինցիների աջակցության ցույց կանցկացվի

parisՓարիզի քաղաքապետն ի վերջո արտոնել է պաղեստինցիների աջակցության վաղվա ցույցը: Ակցիան կազմակերպվել է Իսրայելի և Պաղեստինի միջև արդար և կայուն խաղաղության աջակցության կոմիտեի կողմից: Այն կսկսվի վաղը 18:30-ին՝ Փարիզի հայտնի Հաշմանդամների տան դիմացից: Ցույցին աջակցելու են աշխատակցական միությունները, իրավապաշտպան կազմակերպություններ, կոմունիստական և հակակապիտալիստական կուսակցություններ:

Նշենք, որ ավելի վաղ Փարիզի իշխանություններն արգելել էին պաղեստինցիների աջակցության ցույց անցկացնել` ելնելով անվտանգության նկատառումներից: Սակայն քաղաքական կուսակցությունները քննադատության ենթարկեցին այս որոշումը` հայտարարելով, որ նման արգելքն ավելի է հրահրում ցույցերը:

 

Անկախ

Թուրքիայում Գազայի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել

gaza (2)Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծման հետևանքով զոհվածերի հիշատակին: Թուրքիայի նախարարների խորհրդի համապատասխան որոշման մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: «Շուջայա թաղամասում 60-ից ավել անմեղ մարդ զոհվեց իսրայելական հարձակման պատճառով: Մենք դատապարտում ենք այն դաժան զանգվածային սպանությունները, որոնք Իսրայելն իրականացնում է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մեր նախարարական կաբինետը որոշել է Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել»,-նշել է Արընչը:

Գազայի հատվածում երկկողմ զոհերի թիվը շարունակում է աճել

gaza (1)Գազայի հատվածում իսրայելական բանակի կորուստների թիվը հասել է 27-ի: Վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով 2 զինծառայող է զոհվել, 7 հոգի վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծանր է գնահատվում: Իսկ պաղեստինցիների շարքերում զոհերի թիվը հասել է 583-ի, 3554 հոգի վիրավորվել է:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` արյունահեղությունը Գազայի հատվածում շարունակվում է: ՀԱՄԱՍ շարժման անդամներից Մուսա Աբու Մարզուկի հաղորդմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի պատասխանել 5 ժամով զինադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկին: «Եթե չդադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը կարող է ավելի վատանալ»,-օրերս հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

Անկախ