Հայ համայնքը չի ազդի Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքի վրա. թուրքագետներ

Արտակ Շաքարյան«Թուրքիայի նախագահական ընտրությունները հայ համայնքի վրա ազդել չեն կարող, որովհետև դրա  նկատմամբ  կայուն քաղաքականություն է վարվում, և նախագահի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Բացի այդ, համայնքը, իր հերթին, ընտրությունների վրա ազդել չի կարող, որովհետև ընդամենը 60 հազար է հայ կա այդ երկրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` նշելով, որ համայնքի հիմնական մասը նախընտրությունը կտա Էրդողանին, քանի որ նա համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի վարչապետը հեշտությամբ կհաղթի առաջին իսկ փուլում:

Հանդիպմանը ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` այս ընտրություններում Թուրքիայի քաղաքացիները ընտրելու են  ոչ թե հանուն ինչ-որ թեկնածուի, այլ ընդդեմ: «Ընդդիմությունը լիարժեք չմիավորվեց: Իսկ Էրդողանի դեպքում այնպես է , որ  որքան էլ սկանդալներ տեղի ունեցան նրա անվան շուրջ , նա սեղանին դնելու բան ունի: Նա հստակ ծրագրեր ունի, ինչ նախկինում խոստացել է` իրագործել է: Ընդդիմությունը ոչինչ չի արել, միայն քննադատում է Էրդողանին, ինչը ամենահեշտ բանն է: Էրդողանը տեսականորեն ունի վարչական ռեսուրս, ընտրազանգված և կատարած աշխատանք:», – նշեց նա:

Էրդողանն արդեն քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն սկանդալի հեղինակների դեմ: Մոտ հարյուր ոստիկան և ոստիկանապետ է ձերբակալվել Էրդողանի ընտանիքի անդամների հեռախոսազանգերը ապօրինաբար ձայնագրելու համար, մոտավորապես 1000-ի պաշտոնները փոխել են, այսինքն ՝ իջեցրել:

Անդրադառնալով Էրդողանի կատարած այն հայտարարությանը, թե «նա այլևս հեռախոսազրույց չի ունենա Օբամայի հետ»` Հակոբ Չաքրյանը նշեց, որ իրականում մոտ ապագայում երկու երկրների հարաբերություններում մեծ հաշվով ոչինչ փոխվի. «Ո´չ ԱՄՆ-ն կարող է  հրաժարվել Թուրքիայից, ո´չ էլ Թուրքիան` ԱՄՆ-ից»:

 

Անկախ

Էրդողանը կհաղթի նախագահական ընտրություններում առաջին փուլով. թուրքագետ

Էրդողան«Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ հենց առաջին փուլում կհաղթի ներկայիս վարչապետ Էրդողանը: Նա, հավանաբար, կստանա ձայների 53 տոկոսը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Այսօր լրանում է Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար մասնակից թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչ այս պահը գրանցվել է 3 թեկնածու.  Սելահադին Դեմիլթաշ, Էքմելեդդի Իհսանօղլու և Ռեջեփ Թայիփ Էրդողան:

Հակոբ Չաքրյանը նշեց, որ այս տարի ընտրությունները առանձնանում են նախորդներից, քանի որ նախկինում Թուրքիայում նախագահին ընտրում էր խորհրդարանը, և, բնականաբար, հաղթում էր այն գործիչը, ում ներկայացրել էր իշխող կուսակցությունը. այս տարի ժողովուրդն է ընտրելու:  «Էրդողանը գիտի իր ընտրազանգվածի պահանջները և կատարում է դրանք: Իսկ այդ մարդկանց չեն հետաքրքրում մարդու իրավունքները կամ դեմոկրատիան: Դա ապացուցում է այն հանգամանքը, որ, չնայած դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալին, Էրդողանի կուսակցությունը, այնումենայնիվ, հաղթեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ», – ասաց թուրքագետը` ընդգծելով, որ խնդիրը Էրդողանի հաղթանակը չէ, այլ նրա վերին աստիճանի հանդուգն կեցվածքը: Նրա` նախագահ դառնալու դեպքում Թուրքիան   հնարավոր է անցնի նախագահական համակարգի:

Հակոբ Չաքրյանի համոզմամբ` Արևմուտքը ևս աջակցում է Էրդողանին, քանի որ տարածաշրջանում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, և նրանց համար կարևոր է հուսալի մարդ տեսնել որպես Թուրքիայի ղեկավար. «Այո´, ԵՄ-ը և ԱՄՆ-ը քննադատում են Էրդողանին, բայց քննադատել միշտ չէ, որ նշանակում է ձերբազատվել: Էրդողանը չարյաց փոքրագույնն է նրանց համար», – ասաց նա:

 

Նրա խոսքով` ընտրությունների արդյունքները ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա. «1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց այդ երկրի հակահայկական քաղաքականությունը չի փոխվել: Հայաստանի հետ հարաբերությունները նրանք դիտում են որպես ներքին ազգային խնդիր, իսկ ազգային խնդրի հարցում պետական քաղաքականություն է կիրառվում, այդ պատճառով նախագահի կամ կառավարության փոփոխությունով այդ քաղաքականությունը չի փոխվի»:

 

 Անկախ

 

Ժխտման և պահանջատիրության պայքար. թուրքերն ու հայերը մրցում են, որ հետ չմնան 2015-ի պատրաստություններում

ծիծեռնակաբերդի հուշահամալիրՑեղասպանության 99-րդ տարելիցը նորից առիթ դարձավ, որ ակտիվանան քննարկումները, թե ինչ փուլում է ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, հայկական կողմը որքանով է արդյունավետ հակազդում թուրքական ժխտողականությանը, և ի վերջո, կարողանո՞ւմ ենք հայերս մեր պահանջները հստակ ներկայացնել միջազգային հանրությանը:

Հարցերի պատասխանն «Անկախը» փորձել է պարզել` զրուցելով հայտնի թուրքագետների հետ:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` ամեն ինչ իր հերթն ունի. նախ պետք է լինի ճանաչումը, ապա նոր հատուցումը: Իսկ մինչ այդ, հատկապես ներկայիս արտագաղթի տեմպերի պայմաններում, ըստ Չաքրյանի, վաղ է հողային հատուցման պահանջների մասին խոսելը:
«Քանի դեռ Միացյալ Նահանգները չի ճանաչել, գործընթացը լիարժեք չէ, բայց ԱՄՆ-ում էլ գործընթացը հասունացել է, նահանգների մեծ մասն արդեն ճանաչել է»,- ասում է Չաքրյանը` հավելելով, որ ակնկալում է` 1915-ին ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ նոր թափ կհաղորդի միջազգային ճանաչմանը:
«Այն երկրները, որոնք պատրաստ էին ճանաչելու Ցեղասպանությունը և հակադրվելու Թուրքիային, արեցին: Մնացածը դեռ պատրաստ չեն: Բայց ԱՄՆ-ի ճանաչումից հետո մյուս երկրներն էլ, մասնավորապես Մեծ Բրիտանիան ու Իսրայելն էլ կճանաչեն»,- ասում է Չաքրյանը:

Հակոբ Չաքրյան

Հակոբ Չաքրյան

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` ժամանակն է ավելի լուրջ քայլերի դիմելու և հարցը իրավական հարթություն տեղափոխելու, մանավանդ որ դա Թուրքիայի թույլ կողմն է:
Համակարծիք է նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ասում է, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը համատեղ ուժերով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգիծն են տարել: Այժմ հստակություն մտցնելու պահն է: «Միայն ճանաչմամբ ու դատապարտմամբ չէ, որ հարցը պետք է ընթանա, քաղաքականին զուգահեռ նաև իրավական հարթությունում քայլեր պետք է իրականացվեն,- ասում է Հովսեփյանը:- Քաղաքական հարթությունում հաճախ գործ ենք ունենում այլ պետությունների շահերի, ուստի նաև քաղաքական շահարկումների հետ, իսկ իրավական հարթությունում ավելի հստակ կլինի»:
Հովսեփյանի կարծիքով` մինչ հարցն իրավական հարթություն տեղափոխելը պետք է նախ մանրակրկիտ պլանավորվի, թե միջազգային որ դատարան ենք դիմելու, ինչ մեխանիզմներով, ինչ պահանջով և այլն: Այս գործընթացում, նրա կարծիքով, պետք է ներգրավվեն նաև միջազգային իրավունքի օտարերկրյա մասնագետներ:
Խոսելով ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից` Հովսեփյանն ասում է, որ ցանկացած երկիր, ճանաչելով կամ չճանաչելով, առաջնորդվում է իր շահերով: Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե այս տարի Օբաման ծանրակշիռ հայտարարություն է անելու, ասում է, որ ԱՄՆ-ի կողմից իրական քայլը կլինի ցեղասպանության իրավական գնահատական տալը և ճանաչումը:
«Ես լավատես չեմ, քանի որ պետք է առաջինը հաշվի առնենք տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, որ այսօր ունենք: Թուրքիան այլևս 15-20 տարի առաջվա պետությունը չէ, որ կախված էր ԱՄՆ-ից, հիմա Թուրքիան որոշակի աստիճանի ինքնուրույնություն ունի,- ասում է Հովսեփյանը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձի հնարավոր ճակատագիրը մեկնաբանելով:- Որքան էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքն Արևմուտքում է, դրան զուգահեռ արտաքին քաղաքականության ոլորտում այլընտրանքային մոտեցումների զարգացման հնարավորություններ են ստեղծվել. Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ, տարածաշրջանում դերակատարություն: Այսինքն` ցանկացած խնդիր լրջորեն կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ այս կոնֆիգուրացիայում Թուրքիան բավականին մեծ անելիքներ

Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան

ունի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական շահերի ու գործընթացների առումով. սիրիական և իրաքյան հիմնախնդիրներ, Ռուսաստանի հետ դիմակայություն` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Այս պարագայում ԱՄՆ-ի համար տրամաբանական չի լինի Թուրքիային կորցնելը, ուստի ենթադրելի է, որ բարձր մակարդակով բանաձևը կկասեցվի»:
Չաքրյանն ասում է, որ թուրքական ժխտողականությունն աստիճանաբար ավելի ագրեսիվ է դառնում, քանի որ, չնայած մեծ ներդրումներին ու ջանքերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է:
Ըստ Չաքրյանի, անտեղի են նաև Թուրքիայի փոխվելու մասին խոսակցությունները. շարունակում են իրենց նույն հակահայ քաղաքականությունը, ինչը հարյուր տարի առաջ էր:
Հովսեփյանը ևս կարծում է, որ ժխտողականությունը չի փոխվել, ընդամենը մարտավարությունն է որոշակի խմբագրումների ենթարկվել` կոշտից դառնալով այսպես ասած` փափուկ, որն ավելի վտանգավոր է:
Հովսեփյանը, խոսելով թուրք հասարակության և պետության փոփոխության մասին, ասում է, որ հասարակությունը պայմանական հասկացողություն է և շատ բազմաշերտ. գերակշռում են պահպանողական-ազգայնականները, որոնք ցանկացած հայկականությունը դիտարկում են որպես վտանգ ազգային անվտանգությանը, մի փոքր շերտ էլ ազատական մտածողություն ունի: Մտավորականության այս շերտը, սակայն, չի կարողանում ազդել ընդհանուր հասարակական կարծիքի վրա և մնում է մեկուսացված, մարգինալ վիճակում: Բայց, ըստ նրա, միևնույն է, առաջընթացը նկատելի է. ամեն դեպքում կա ազատական հատված, երիտասարդություն` նոր մոտեցումներով ու նոր աշխարհընկալմամբ:
«Թուրքական պետության էությունը մեծ հաշվով չի փոխվել, թուրքական պետությունը հենվում է ազգայնական-պահպանողական հատվածի վրա, որը գերակշռում է: Ցանկացած ուժ, որը ձգտում է կամ գալու է իշխանության Թուրքիայում, պետք է հենվի այդ ազգայնական-պահպանողական հատվածի վրա, իսկ դրա համար պետք է լինի կոնսոլիդացնող գործոն, որն է Հայոց ցեղասպանությունը և թշնամիներով շրջապատված լինելը»,- ասում է Հովսեփյանը` հավելելով, որ թուրքական պետության էությունը չի փոխվում, քանի որ ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմություն, իսկ դա պետք է ունենա հանրության մեծ շերտի վրա հիմնվելու արդյունքում, և այդ մեծ շերտն ազգայնական-պահպանողական հատվածն է. չես կարող հիմնվել այդ հինգ տոկոս ազատականների վրա:
Հովսեփյանը նշում է, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն ակտիվ պատրաստվում են 2015-ին: Թուրքական կողմը նոր չի սկսել պատրաստությունները, դեռ 2010-11-ից ակտիվ գործողություններ ու քննարկումներ են իրականացվում: Ընդ որում, եթե Հայաստանում մատնանշում են Թուրքիայի պատրաստությունները, ապա այնտեղ էլ հակառակն է, քննարկում են, թե ինչ մեծ թափով է հայկական կողմը պատրաստվում 2015-ին և ինչ պիտի անեն, որ հետ չմնան: