Ի՞նչ տվեց մերոնց հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնության մասնակցությունը

1-ին  նյութ Հարություն Մելքոնյան-319Հայաստանի ներկայացուցիչները նորամուտ նշեցին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացված հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Թվում էր, թե ստուգատեսը զանգվածային բնույթ ունի, սակայն այն շատ ավելի լուրջ էր: Մերոնք. հանդիպելով ուժեղ մրցակիցների, անհաջողության են մատնվել, սակայն կարծում են, որ կատարվածից պետք է դասեր քաղել, ավելի նպատակադիր նախապատրաստվել երկու տարի հետո Ֆրանսիայում կայանալիք ստուգատեսին: Մեր երկրի այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահության անդամ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին, որ գլխավորել է Հայաստանի հանդբոլի պատվիրակությունը, նախ, հարցրինք, թե ինչ տվեց մերոնց մասնակցությունը:

– Դրականն այն է , որ մրցավայրում անցկացրած 7 օրվա ընթացքում Հայաստանը ներկայացնող Վանաձորի թիմը 7 խաղ անցկացրեց: Այսպիսի ծանրաբեռնված ծրագրով հանդես գալը դժվար էր: Ինքնին հարց կարող է ծագել` մի՞թե նույն պայմաններում չէին մյուս երկրների թիմերը: Մասնակցում էին պատանիների 22 և աղջիկների 21 թիմեր: Մրցավայր էին ժամանել ուսումնական տարբեր հաստատությունների, դպրոցների, գիմնազիաների, հիմնականում` լիցեյների թիմեր: Վերջիններս մարզական թեքումով կրթօջախներ են, որտեղ արմատավորված է հանդբոլը:
Մասնավորապես, Գերմանիան ներկայացնում էր մի կրթօջախի թիմ, որն ունի հանդբոլի 60 դասարան: Եվ կազմվել է հաստատության հավաքականը: Մինչդեռ Հայաստանի պատիվը պաշտպանում էր հանրակրթական դպրոցի թիմ: Ընդ որում, առաջնությանը մասնակցում էին եվրոպական երկրների ներկայացուցիչներ, բացառություն էր միայն Բրազիլիան: Ի դեպ, վերջինիս թիմը եզրափակչում միայն Գերմանիայի պատվիրակներին զիջեց, որը հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչների հետ նույն խմբում: Ուշագրավ է, որ գերմանացիները խմբային մրցաշարում պարտվեցին Սլովենիայի թիմին, սակայն հետո դարձան չեմպիոն:
Ինչևէ, ուժեղ թիմեր էին ներկայացել մրցավայր, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչները չունեին 12 արժանավոր խաղացող, որոնք այդ ստուգատեսում կարող էին հանդես գալ: Բանն այն է, որ բուհական ընդունելության քննությունների պատճառով, որոնք անցկացվում էին նույն ժամանակահատվածում, թիմը զրկվել էր հիմնական կազմի 4-5 խաղացողից: Արտասահմանյան երկրներում բուհ ընդունվելու, բանակ զորակոչվելու խնդիրներ չկան: Ուսումը բուհում շարունակելու համար խաղացողները համակարգչային տարբերակով ուսումնական հաստատություններ են ներկայացնում իրենց տվյալները և ազատ են նմանատիպ հոգսերից: Այնպես որ մեր թիմը համալրելու ժամանակ խնդիրներ էին ծագեցին, որոնք այդպես էլ մնացին բաց: Եթե այդ մի քանի խաղացողն էլ թիմի կազմում լինեին, հավանաբար պահեստայինների նստարանն ավելի «երկարեր», բայց էապես ոչինչ չէր փոխվի: Այդուհանդերձ, մերոնք հաղթելու հնարավորություններ ունեին: Մի քանի խաղում Հայաստանի ներկայացուցիչները գնդակների փոքր տարբերությամբ զիջեցին մրցակիցներին: Բացի այդ, այնպես էր ստացվել, որ թիմն ուներ հուսալի մեկ դարպասապահ, և հանդիպումների ամբողջ ծանրությունը ստիպված էր նա կրել: Կա նաև մեկ այլ խնդիր: Մեր թիմի հանդբոլիստները շաբաթական 2-3 պարապմունք են անցկացնում, մինչդեռ պարզվեց, որ մեր մրցակից թիմերի ներկայացուցիչները շաբաթական 6-9 պարապմունք են անցկացնում, և այս ընթացքում երկու տարին մեկ մասնակցել են աշխարհի առաջնություններին: Իսկ մերոնց համար ուժերի այս ստուգատեսը նորություն էր: Ընդ որում, մրցակից թիմերը միջանկյալ շուրջ 6 տասնյակ ընկերական խաղ են անցկացնում, լրջորեն նախապատրաստվում:

a04263– Մրցակարգում որևէ նորություն չկա՞ր:
– Անսպասելի էր, որ առաջնությունում ոչ-ոքի հասկացողությունը չկար: Եթե խաղում հավասար արդյունք էր գրանցվում, ամեն թիմ արագորեն հարձակվելու 5 հնարավորություն էր ստանում: Դարպասապահը գնդակը փոխանցում էր իր թիմակցին և վերջինս, երեք քայլ կատարելով, փորձում էր գրավել մրցակցի դարպասը: Ոչ-ոքիի դեպքում հաղթողին որոշելու համար մեզ հայտնի էր միայն 7 մետրանոցների հարվածաշարի տարբերակը: Երկրորդ նորությունն այն էր, որ եթե խաղի առաջին10 րոպեի ընթացքում թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, հանդիպումը դադարեցվում էր, և անկարող թիմին 0: 6 հաշվով պարտություն էր գրանցվում: Մեր թիմն այդպիսի իրավիճակում չհայտնվեց, սակայն առաջնությունում այդպիսի դեպք եղավ:

– Ինչո՞ւ էր որպես մրցավայր ընտրվել Տրապիզոնը:
– Քաղաքը մեծ չէ, մոտավորապես Գյումրիի չափ է: Բայց մրցումների օրերին 12 մարզասրահում եղանք, որոնցում անցկացվում էին առաջնության խաղերը: Բոլորն էլ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Այնինչ, Հայաստանում այդպիսի թեկուզ մեկ մարզասրահ չկա: Վանաձորի թիմը պարապում է անհամեմատ փոքր` 24×12 մ չափերի մարզասրահում: Սա չեմ ասում մերոնց արդարացնելու համար: Ի դեպ, հանդբոլը բոլոր երկրներում էլ, այդ թվում նաև Հայաստանում, դպրոցական ծրագրով դասավանդվում է, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրում է: Բայց այն, ինչ արվում է մեր երկրում, չի կարող համեմատվել արտասահմանյան ուսումնական հաստատություններում եղածի հետ: Երևանի մարզական պետական քոլեջում երկար ժամանակ է` ցանկանում ենք հանդբոլի դասարան հիմնել, բայց չի ստացվում: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունն է առաջարկել, ուսումնական հաստատության ներկայացուցիչներն էլ պատրաստ են ընդառաջել, բայց ծնողները թույլ չեն տալիս, որ իրենց երեխաներն ուսումն այդ հաստատությունում շարունակեն:

– Առաջնությունը հավուր պատշա՞ճի էր կազմակերպված:
– Պարզապես կարելի էր հիանալ: Մասնակիցներն իջևանեցին օլիմպիական ավանում. 2-3 տեղանոց հյուրանոցային համարներ էին: Ծախսերը հոգացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ապահովել է ուղևորության, սննդի ծախսերը: Խաղերը սպասարկում էր մրցավարական 40 բիգադ: Բոլորի կազմում երկուական երիտասարդ էին: Հայաստանից չէին հրավիրել, քանի որ համապատասխան կարգի մրցավարներ չունենք: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք նախապատրաստել երկու երիտասարդ մրցավարի, որպեսզի իրավունք ունենան սպասարկելու միջազգային հանդիպումներ: Առաջնության մասնակցությունն օգտակար էր ոչ միայն խաղացողների, այլև մարզիչների համար: Նրանք շատ բան սովորեցին, շփվեցին արտասահմանցի իրենց գործընկերների հետ:

– Վերաբերմունքը Հայաստանի պատվիրակության նկատմամբ ինչպիսի՞ն էր:
– Ոչ մի հայ չզգաց, որ Թուրքիայում է: Հայեր գուցե կային, բայց նրանցից ոչ մեկին չհանդիպեցինք: Ակամա ստանձնել էի թարգմանչի դեր, քանի որ տիրապետում եմ այդ երկրի լեզվին: Ի դեպ, պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության բաժնի պետ Մանվել Մանուկյանը:
Հնարավորն արվում էր, որ մեր երկրի պատվիրակներն իրենց անկաշկանդ զգան: Ի դեպ, մերձեցման օր անցկացվեց, բոլոր երկրների ներկայացուցիչները նախապես պատրաստվել էին և իրենց տիպական ցուցաբաժիններով ներկայացան: Հայաստանն առանձնանում էր: Ներկայացվեցին ազգային կերակրատեսակներ: Հանդիպումներ ունեցանք Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Եվրոպան ներկայացնում էր մեր լավ բարեկամ, չեխ Ֆրանտիշեկ Տաբորսկին: Զրուցեցինք նաև Տրապիզոնի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց ցանկացած ժամանակ հյուրընկալել Հայաստանի ներկայացուցիչներին, աջակցել, որպեսզի բարվոք պայմաններում մարզվեն, նաև ընկերական խաղեր անցկացնեն:

Արտագնա ընկերական խաղեր Վրաստանի հանդբոլի տարբեր թիմերի հետ

c4d89371 նոր հանդբոլՀայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստները Թբիլիսի էին  ուղևորվել, որպեսզի կարողությունները փորձեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Մերոնք ընկերական 5 խաղ անցկացրին`տանելով 2 հաղթանակ, կրելով նույքան պարտություն և մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի:
Նախաձեռնողն Աջափնյակի համայնքի մարզադպրոցն էր, որը ղեկավարում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Արսեն Մխիթարյանը: Նա էլ գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը: Ի դեպ, թիմում Աջափնյակի համալիր մարզադպրոցի 7 հանդբոլիստ էր: Այն ուժեղացրել էր Ալավարդիի 4 և ԽՄՕՄՄ-ի 2 խաղացող:
Իսկ աջակցել էր Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչությունը:
Հայաստանի ներկայացուցիչները 36:30 հաշվով հաղթեցին Գորիի թիմին, ապա 24:26 հաշվով զիջեցին Կարիշխի հավաքականին: Բայց վեևջինիս հետ անցկացրած հաջորդ խաղում Հայաստանի թիմը վրեժխնդիր եղավ և առավելության հասավ 27:22 հաշվով:
Վերջում մերոնք երկու մրցամարտ անցկացրին Վրաստանի չեմպիոն «Պեգասուսի» հետ: Նախ, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 26:26 հաշիվը, հետո էլ տանտերերն առավելության հասան 31:25 հաշվով:

Տրաբզոնում ավարտվեց դպրոցական հանդբոլիստների աշխարհի առաջնությունը

c4d89371 նոր հանդբոլԹուրքիայի Տրաբզոն քաղաքում ավարտվեց դպրոցական հանդբոլիստենրի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Վանաձորի պատանիների թիմը զբաղեցրեց վերջին` 22-րդ տեղը:

21-22-րդ տեղերի համար մրցավեճում մերոնք զիջեցին Սլովակիայի թիմին 21:26 հաշվով:

Հայաստանի դպրոցական հանդբոլիստները կմրցեն Սլովակիայի թիմի հետ

հանդբոլ - լավ gandbolՀայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ այս տարի Հայաստանի պատանի հանդբոլիստները  նորամուտ են նշում Թուրքիայի Տրաբզոն քաղաքում անցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությունում: Իսկ աջակցել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան և ՀՀ  ԿԳ նախարարությունը:
Փորձություն կրող Վանաձորի ներկայացուցիչները, ցավոք կրկին  անհաջողության մատնվեցին: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները մրցեցին C խմբում 5-րդ տեղը գրաված Հոլանդիայի թիմի հետ և զիջեցին 20:29 հաշով:
Այսօր մերոնք ուժերը կչափեն  A խմբում 6–րդ տեղը գրաված Սլովակիայի  թիմի հետ: Կորոշվեն 21-22-րդ տեղերը գրավողները:

Վանաձորի թիմը զիջեց Մակեդոնիայի ներկայացուցիչներին

թat handballԹուրքիայում անցկացվող դպրոցական հանդբոլիստների աշխարհի առաջնությունում մրցեցին  C և D խմբերում 6-րդ և 5-րդ տեղերը գրաված Մակեդոնիայի և Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի պատիվը պաշտպանող Վանաձորի թիմը զիջեց  21:46 հաշվով:

Հունիսի 26-ին մերոնք կմրցեն C խմբում 5-րդը ճանաչված Հոլանդիայի պատվիրակների հետ:

 

Դժվարին նորամուտ` դպրոցականների աշխարհի առաջնությունում

a04263Թուրքիայի Տրաբզոն քաղաքում ակցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցում է պատանիների 22 և աղջիկների 21 թիմ:
Հայաստանի պատիվը պաշտպանում է Վանաձորի պատանիների թիմը (մարզիչ` Արարատ Բարսեղյան):
Վիճակահանությամբ մերոնց ուժեղ մրցակիցներ են բաժին հասել: Եվ այս ստուգատեսում նորամուտ նշող Հայաստանի հանդբոլիստները պարտվել են Բելգիայի (8:25), Սլովենիայի (11:34), Իրանի (15:40), Գերմանիայի (6:44) իրենց հասակակիցներին:

Լավագույնները` շենգավիթցի հանդբոլիստուհիները և հանդբոլիստներն են

c4d89371 նոր հանդբոլԱմառային այս շոգ օրերին ևս դադար չի տրվում, հանդբոլի խաղահրապարակում եռուզեռ է:

Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում կայացան մինչև 14 տարեկան աղջիկների և պատանիների բաց առաջնություններ:

Մարզուհիներ պայքարում առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը: Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաները հաղթեցին բոլոր մրցակիցներին և արժանիորեն ճանաչվեցին ուժեղագույնը: Ապա հաջորդեցին Աջափնյակի, Նոր Նորքի, ՀՄԴ-ի հավաքականները:

Պատանիների պայքարում հավասարը չունեցավ Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Զեփյուռ Վանեսյան):

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՀՄԴ-ի և Աջափնյակի հավաքականները:

Կյանքից հեռացավ հայկական հանդբոլի կնքահայրը

a0388885-րդ աշունը չթևակոխած կյանքին հրաժեշտ տվեց հայկական հանդբոլի երախտավոր Սպարտակ Ծառուկյանը: Հիրավի, մեծ է նրա ներդրումն այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու գործում: Ծառուկյանը տարիներ շարունակ գլխավորել է Հայաստանի հանդբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: Այնպես որ, մեր երկրի բոլոր ճանաչված խաղացողները, այդ թվում նաև հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը, նրա սաներներն են: Պատահական չէ, որ Սպարտակ Իշխանիչին արժանիորեն համարում են մեր բոլոր մարզիկների, մարզիչների կնքահայրը:

Ծառուկյանը ծնվել է 1929-ի նոյեմբերի 7-ին  Սարդարապատում  (Արմավիրի մարզ): 1955-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն բուհի մարզական խաղերի ամբիոնում` որպես դասախոս, 1995-ից կրել է դոցենտի կոչում: Մարզական բնագավառում նա փառահեղ ուղի է անցել: Նախ, Ծառուկյանն ինքն է եղել առաջատար մարզիկ: Ի դեպ, սկզբում հրապուրվել է բասկետբոլով և 1954-ին դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Ապա, անդավաճան նվիրվելով հանդբոլին, նա  խաղահրապարակում իր թիմակիցների հետ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի  պատիվը, հետո էլ  արդեն մեր երկրի հավաքական թիմերի գլխավոր մարզիչն է եղել:
1966-ից Ծառուկյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է: Նրա մի քանի տասնյակ սաներ ներկայումս մարզչական աշխատանք են կատարում մեր երկրի տարբեր հաստատություններում: Ընդ որում, այդ մասնագետներից շուրջ մեկուկես տասնյակը կրում են Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ծառուկյանը մի շարք գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է:
Նա մինչև կյանքի վերջը մասնակցում էր Հայաստանի հանդբոլային անցուդարձին, ներկա էր գտնվում մրցումներին, ֆեդերացիայի նախագահության նիստերին, օգտակար խորհուրդներ տալիս:
Անվանի մասնագետի հիշատակը հավերժ վառ կմնա ճանաչողների սրտերում:
«Անկախի» խմբագրակազմը  ցավակցում է Սպարտակ Ծառուկյանի ընտանինքին, հարազատներին, կիսում նրանց վիշտը:

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները

29856Գյումրիի մարզադպրոցի դահլիճում պայքարը շարունակեցին մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Մրցակիցների ուժերն անհավասար էին: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Գյումրի-Վանաձոր`17:30 (6:17), Արցախ-Ալավերդի` 15:27 (7:17):

4-ական հաղթանակ են տարել և աղյուսակը գլխավորում են Վանաձորի և Ալավերդիի հավաքականները: Միայն պարտություններ են կրել Արցախի և Գյումրիի թիմերը:

Վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները: Վերջիններիս մրցամարտը սկզբունքային կլինի, քանի որ կորոշվի Հայաստանի առաջնությունում պայքարի շարունակելու իրավունք տվող 3-րդ ուղեգրի հարցը:

Այդ իրավունքն արդեն իրենց համար ապահովել են Վանաձորի և Ալավերդիի հանդբոլիստները:

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության առաջին շրջանի մրցաշարը` Գյումրիում

29856Գյումրիում մեկնարկեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:

Տևական ժամանակամիջոց Գյումրիում հանդբոլի Հայաստանի առաջնության մրցաշար չէր անցկացվել, և ստուգատեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Շուքով կազմակերպվեց բացման հանդիսավոր արարողությունը:

Մասնակիցիներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ, նախկինում ճանաչված բռնցքամարտիկ` Եվրոպայի չեմպիոն,  «Բարի կամքի» խաղերի հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող Մեխակ Ղազարյանը:

Մրցաշարին մասնակցում է 4 թիմ: Պայքարը կշարունակեն առաջին երեք տեղերը գրավողները:

Վանաձորի հավաքականը 32:21 (15:10) հաղթեց Արցախի թիմին, Ալավերդի հավաքականն էլ ուժեղ էր Գյումիի ընտրանիից` 24:14 (12:6):

Հանդբոլի Վանաձորի երիտասարդական հավաքականը` Հայաստանի չեմպիոն

img_0644Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում ավարտվեց  մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր-Ալավերդի` 42:32 (21:17),  Աջափնյակ- ՀՄԴ` 24:26 (11:12), ԽՄՕՄՄ-Արցախ` 45:41 (21:19):
Փայլուն հանդես եկավ Վանաձորի հավաքականը: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները 5 հաղթանակ տարան, չկրեցին ոչ մի պարտություն և արժանիորեն հռչակվեցին Հայաստանի չեմպիոն:
Համեմատության համար նշենք, որ երկրորդ և երրորդ մրցանակակիր դարձած Աջափնյակի և ՀՄԴ-ի թիմերy 3 և 2 հաղթանակ են տարել:

Ապա հաջորդում են 2-ական հաղթանակ տարած Ալավերդիի, ԽՄՕՄՄ-ի հավաքականները: Արցախի ներկայացուցիչները մեկ հաղթանակ են տարել: «Պոլիտեխնիկը» բոլոր խաղերում պարտվել է:

Վանաձորի հանդբոլիստների հավաքականը` Հայաստանի առաջնության առաջատար

IMG_0646Երևանի ճարտարագիտական համալսարանի մարզասահում պայքարը շարունակեցին մինչ 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Կայացան 2-րդ տուրի հանդիպումները:
Սկզբունքային մրցավեճ ծավալվեց առաջին տուրում իրենց օգտին հաղթանակ գրանցած Աջափնյակի և Վանաձորի հավաքականների միջև: Առաջին կեսից հետո վանաձորցիները պարտվում էին 11:12 հաշվով, սակայն հանգստից հետո նրանք կարողացան վերականգնել  հավասարակշռությունը, իսկ ի վերջո հաղթեցին 30:25 հաշվով:
Արցախ-ՀՄԴ խաղում հավասար մրցակցություն էր: Առաջին կեսն ավարտվեց 12:12 հաշվով: Ի վերջո, մեկ գնդակի առավելությամբ` 28:27 հաշվով հաղթեցին ՀՄԴ-ի ներկայացուցիչները:
«Պոլիտեխնիկը» զիջեց ԽՄՕՄՄ-ին` 30:36 (13:16) հաշվով:
Վաստակած 4 միավորով աղյուսակը գլխավորում է Վանաձորի հավաքականը:
2-ական միավոր ունեն Ալավերդիի, ՀՄԴ-ի, ԽՄՕՄՄ-ի, Աջափնյակի թիմերը, Արցախի ընտրանին և «Պոլիտեխնիկը»  միավոր չունեն:

Մեկնարկեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

IMG_0635Այսօր Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում մեկնարկեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնը հայտնի կդառնա մայիսի 11-ին:

Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Վանաձորի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները: Վանաձորցիներն առավելության հասան 43:20 (25:7) հաշվով:  Աջափնյակի հավաքականն ուժեղ էր «Պոլիտեխնիկից»` 36:21 (18:9):
Լարված բնույթ կրեց Ալավարդի-Արցախ մրցամարտը: Առաջին կեսի ավարտից հետո հաշիվը հավասար էր`18:18: Հանգստից հետո թիմերը փոփոխակի հաջողություններով հանդես եկան: Ի վեջո, երեք գնդակի տարբերությամբ առավելության հասան ալավերդցիները:
Մրցումները կշարունակվեն վաղը:

Կկայանան «Պոլիտեխնիկ»-ԽՄՕՄՄ, Արցախ-ՀՄԴ, Աջափնյակ- Վանաձոր հանդիպումները:

Շենգավիթի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստուհիների հավաքականներն իրավունք ստացան խաղալու Հայաստանի առաջնությունում

20140430_5Մայրաքաղաքաի Շենգավիթի համայնքի համալիր թիվ  1 մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Երևանի առաջնությունը:

Վերջին տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ԽՄՕՄՄ-Աջափնյակ` 12:21, Նոր Նորք-Շենգավիթ`3:20:

Թիմերը մրցաշարային աղյուսակում  տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ. 1. Շենգավիթ (8 միավոր), 2.Աջափնյակ (6), 3. ԽՄՕՄՄ (4), Նոր Նորք (2), ՀՄԴ (0):

Այսպիսով, ուղեգրերը բաշխվեցին: Շենգավիթի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստուհիների հավաքականներն իրավունք ստացան խաղալու Հայաստանի առաջնությունում:

Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի, ՀՄԴ-ի հանդոլիստների թիմերը պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում

20140501_134006Մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում պայքարն ավարտեցին Երևանի  մինչև 14 տարեկան պատանիների առաջնության մասնակիցները:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` ՀՄԴ-Շենգավիթ`22:20, Աջափնյակ-ԽՄՕՄՄ` 34:29:
Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ` 1. Աջափնյակ (6 միավոր), 2. ԽՄՕՄՄ (4), 3. ՀՄԴ (2), 4.Շենգավիթ (0):
Առաջին երեք տեղերը գրավածները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:
Իսկ ահա,  մինչ 14 տարեկան աղջիկների առաջնությունը դեռ  չի ավարտվել, թիմերն անհավասար թվով խաղեր են անցկացրել:
Մարզուհիների պայքարում ՀՄԴ-ի թիմը 1:18 հաշվով պարտվեց Աջափնյակի ներկայացուցիչներին: Ուշագրավ է, որ նախորդ երեք խաղում ՀՄԴ-ի հավաքականի խաղացողները  սեփական դարպասն ընդունել են 55 գնդակ, մինչդեռ մրցակիցների դարպասը գրավել են ընդամենը  2 անգամ: ԽՄՕՄՄ-ի հավաքականը 24:10 հաշվով առավելության հասավ Նոր Նորքի թիմի նկատմամբ:

4-ական միավորով առջևում են Շենգավիթի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչնրը, սակայն շենգավիթցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: Ապա հաջորդում են  Աջափնյակի (2), Նոր Նորքի (2), ՀՄԴ-ի (0) հավաքականները:

Պայքար` Հայաստանի հանդբոլի առաջնության ուղեգրերի համար

20140429_170635Մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում մեկնարկեցին մինչ 14 տարեկան պատանիների և աղջիկների Երևանի առաջնության մրցաշարերը:
Մասնակցում են պատանիների 4 և աղջիկների 5 թիմեր: Մրցաշարերում առաջին երեք տեղերը գրավողները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը:
Առաջին օրը խաղից ազատ էր մարզուհիների Աջափնյակի հավաքականը:
ՀՄԴ-ի աղջիկների թիմն ակնհայտորեն թույլ էր Նոր Նորքի հավաքականից և պարտվեց 1:17 հաշվով: Շենգավիթի ընտրանին էլ 28:10 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի հավաքականի նկատմամբ:
Պատանիների մրցաշարում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Շենգավիթ-ԽՄՕՄՄ` 15:36, ՀՄԴ-Աջափնյակ` 23:35:

Սարգիս Գրիգորյան. «Մեր գործարարները չեն ցանկանում հարստանալ սպորտի միջոցով և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում»

Սարգիս ԳրիգորյանՀայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը թևակոխեց 60-րդ գարունը: Նա երկար տարիներ եղել է մեր երկրի հանդբոլի հավաքականի դարպասապահը, վերջին տասներկու տարին էլ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է և մեր երկրի պետական կառույցներում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Անցած բեղուն ճանապարհի, նաև անկատար ծրագրերի մասին զրուցեցինք հոբելյարի հետ:

– Պրն Գրիգորյան, ինչո՞ւ հենց հանդբոլն ընտրեցիք:
– Ճակատագրական դեր է ունեցել հայկական հանդբոլի հիմնադիրներից Սպարտակ Ծառուկյանը: Նա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր, նաև հանդբոլի խմբեր էր մարզում 26 կոմիսարների շրջանի մարզադպրոցում: Այն ժամանակ սովորում էի Երևանի թիվ 76 դպրոցում: Նա է ինձ նկատել, երբ Ֆիզկուլտուրայի դասին բասկետբոլ էինք խաղում: Մեր ուսուցիչը` Ալեքսանդր Սարգսյանը, խնդրեց մոտենալ, ծանոթացրեց Ծառուկյանի հետ, խորհուրդ տվեց լսել նրան: Ծառուկյանը բացատրեց, թե ինչ է հանդբոլը, և առաջարկեց պարապել:

– Սպորտով զբաղվելը կյանքում օգնե՞լ է:
– Շատ: Ներկայումս առողջական տարբեր խնդիրներ ունեմ: Բայց նախկինում շուրջ 10 տարի ակտիվորեն սպորտով զբաղվելն է օգնում, որ սիրտս այդ ամենին դիմանում է:

– Ընդհանրապես մարզաշխարհի ներկայացուցիչները փոքր-ինչ առանձնանում են սովորական մահկանացուներից: Հանդբոլն ինքնատիպ է, շատ բանով է տարբերվում մյուս մարզաձևերից: Ձեր աշխատանքի ոլորտներն էլ ուրիշ են եղել: Կա՞ն ընդհանրություններ վերջիններիս աշխատանքի և սպորտի միջև:
– Հանդբոլը մարտունակ մարզաձև է: Այն, ինչպես մյուս մարզաձևերը, դաստիարակչական մեծ դեր ունի, խաղային բոլոր մարզաձևերի նման սովորեցնում է, որ մարդու համար կյանքի մարտահրավերների դեմ միայնակ, առանց թիմի պայքարելը դժվար է: Հանդբոլն իր բնույթով կոշտ խաղ է, կյանքում էլ այն օգնում է շատ դժվարություններից թևաթափ չինել: Ոչ մի ընդհանրություն չկա գործունեությանս ոլորտների և սպորտի միջև: Շուրջ չորս տասնամյակ պետական կառույցներում եմ աշխատում: 20 տարեկանում, երբ ավարտեցի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատանքի անցա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության վերահսկողական վարչությունում որպես վերահսկիչ և վերստուգիչ: Հետագայում պատասխանատու մի շարք բարձր պաշտոններ եմ վարել Հայաստանի հարկային, մաքսային, տրանսպորտի և կապի, այլ ոլորտներում, տարբեր գերատեսչություններում նախարարի տեղակալ եմ եղել: Շարքային աշխատողից հասել եմ Հայաստանի կառավարության վերահսկողական ծառայության պետի աստիճանին: Հավանաբար, մինչև կենսաթոշակի անցնելը շարունակեմ աշխատել պետական ոլորտում: Պատճառը երևի այն է, որ, անկախ կամքիցս, պետական մտածողությունն իմ խառնվածքում մի փոքր ավելի շատ է: Ի դեպ, երբեք չեմ փորձել օգտագործել զբաղեցրած դիրքը և աջակցության ակնկալիքով դիմել սպորտի, օլիմպիական կոմիտեի ղեկավարներին: Չեմ էլ ցանկանա, որ նման քայլ կատարեմ, քանի որ իմ սկզբունքներին դա դեմ է: Քաջ գիտակցում եմ, որ երկու կառույցներն էլ ունեն բազմաթիվ անելիքներ: Ինքս խնդիր եմ դրել, որ դժվարին պայմաններում փոքրիշատե լուծվեն հանդբոլի հարցերը, այն զարգանա:

– Երկար ժամանակ է, ինչ ստանձնել եք Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկը, ի՞նչն է ստացվել, ինչը` ոչ:
– Երբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գլխավորեցի, կարելի է ասել` այն չկար: Կազմակերպության նախկին նախագահ Հարություն Մելքոնյանը դիմեց, որ օգնեմ: Խոստացա առանց պաշտոն զբաղեցնելու հնարավորինս աջակցել, սակայն նա ասաց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը տեղակալի պարտականությունները կատարի, կազմակերպչական աշխատանքներում ներգրավվի, իսկ ես անմիջականորեն գլխավորեմ ֆեդերացիան: Դժվարին իրավիճակ էր: Մրցումներ, Հայաստանի առաջնություններ գրեթե չէին անցկացվում: Նախ` ֆեդերացիան նորովի վերակառուցվեց: Առաջին խոշոր միջոցառումն իմ մարզչի, հայկական սպորտի երախտավոր Սպարտակ Ծառուկյանի ծննդյան հոբելյանին նվիրված մրցաշարն էր: Աստիճանաբար, Երևանում, Հայաստանի տարբեր մարզերի մարզօջախներում հանդբոլի թիմեր ստեղծվեցին: Թեև մարզաձևը հիմնականում տարածված է մայրաքաղաքում, ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունն այն է, որ մարզերում էլ այն տարածվի: Ներկայումս Լոռիում մեծ առաջընթաց կա: Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ևս հանդբոլն աշխուժացել է: Նպատակն այն էր, որ մարզաձևը դառնա մասսայական:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերում մերոնց խաղալուն, ապա երբեք չենք ձգտել դրանցում մեծ հաջողությունների հասնել, մրցանակային տեղեր գրավել: Նկատի ունեմ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Իրատես ենք և քաջ գիտակցում ենք, որ դրա համար պետք է պրոֆեսիոնալ ակումբներ ունենալ, մինչդեռ Հայաստանում դրանք չկան, և հանդբոլը սիրողական մակարդակի է: Ուրախալի է, որ մարզաձևի մասսայականացման գործում կարողացել ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը: Հայաստանում կանոնավոր հանդբոլ է պարապում շուրջ 2 հազար մարդ, կա երկու տասնյակ թիմ: Սկսած դպրոցականներից մինչև ուսանողները հանդբոլի մրցումների են մասնակցում: Տարեկան շուրջ երեք տասնյակ մրցաշար է անցկացվում: Ամեն տարի մերոնք կարողություններն են փորձում 2-3 միջազգային պաշտոնական ստուգատեսներում, միջազգային տարբեր մրցաշարերի են մասնակցում: Հայաստանի անունը դուրս չի մնում հանդբոլային միջազգային անցուդարձից: Իսկ կատարված աշխատանքն աննկատ չի մնում նաև հանդբոլի միջազգային կազմակերպությունների աչքից, աջակցություն է ցույց տրվում: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան «Սմարթ» ծրագրով երրորդ անգամ անընդմեջ գնդակներ, մարզագույք է տրամադրում, սեմինարներ անցկացնելու համար մասնագետներ է գործուղում Հայաստան, ի վերջո, հանրակրթական դպրոցներում կանոնավոր խմբեր են գործում:

Երբ մեր մարզիկները եվրոպական միջազգային մրցաշարերում պարտություն են կրում, նախատողներ են հայտնվում, թե ինչու ենք մասնակցում: Հասկանալի է, որ մամուլն իր մոտեցումներն ունի, սակայն մեր համոզմունքներին անդավաճան ենք: Պատանեկան, երիտասարդական հանդբոլը զարգացնելու համար անպայման պետք է միջազգային մրցաշարերի մասնակցել, անկախ այն հանգամանքից, թե ինչ ներուժ ունենք:

– Կարելի՞ է սպասել, որ Հայաստանում հանդբոլը երբևէ բարձր մակարդակ կունենա:
– Մեր երկրում սոսկ սիրողական հանդբոլը կզարգանա: Պրոֆեսիոնալ հանդբոլը կարող է հաջողություններ ունենալ միայն այն դեպքում, եթե ֆինանսական մեծ ներդրումներ կատարվեն: Առանց դրա` որևէ ակնկալիքի մասին խոսելն անիմաստ է:
Էական նշանակություն չունի` պետությունն աջակցության կարգով Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային տարեկան 18, թե՞ 28 կամ 38 մլն դրամ է տրամադրում: Դա կախված է պետական հնարավորություններից: Այդ միջոցներով ամեն ամիս Հայաստանում հանդբոլի մի քանի մրցաշար է անցկացվում, մեր երկրի հավաքականները խաղում են միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, տարբեր մրցաշարերում: Շուրջտարին ֆեդերացիան ապահովում է միջոցառումների կազմակերպումը, պատվիրակություններ գործուղում միջազգային տարբեր մրցաշարերի: Ցավոք, երբ հասունանում է պրոֆեսիոնալի անցնելու պահը, այդ ժամանակ էլ խզում է առաջանում, դադարում է զարգացումը: Պետությունն այդ պարագայում դեր չունի, ներդրումների խնդիր է: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե մեծահարուստները ֆինանսներ ներդնեն, կարող են քաղել պտուղները: Սակայն մեր գործարարները սպորտի միջոցով հարստանալ չեն ցանկանում և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում:

– Ունե՞ք դեղատոմս կյանքում, նաև սպորտում, եթե անհաջողությունները հաղթահարելու կարիք է առաջանում:
– Հեշտ ոչ մի բան չի տրվում, և այդ ամենի կողքից լուրջ մարդը չի կարող անտարբեր անցնել, հնարավոր չէ: Ինքս, նույնիսկ ամենափոքր չհաղթահարված արգելքի հանդիպելով, սրտնեղում եմ, դժվարությամբ տանում, և դա անդրադառնում է առողջական վիճակիս վրա: Թեթև ոչ մի բան չեմ ընդունում ո՛չ աշխատանքում, ո՛չ էլ հանդբոլում: Նույնիսկ, երբ քաջ գիտակցում ենք, որ մերոնք հանդբոլային առումով ուժեղ երկրների հավաքականների հետ մրցամարտերում դատապարտված են պարտության, այդ անհաջողությունն էլ դառնությամբ եմ ընդունում: Բայց կյանքում անհնարին ոչինչ չկա: Իսկ դեղատոմսն այն է, որ մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային մցաշարը: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմն ուժեղացրել են աշխարհի տարբեր երկրներից, հիմնականում Ֆրանսիայից հրավիրված մեր հայրենակիցները: Երկու խնդիր է միաժամանակ լուծվում: Մեր երկրում զարգանում է հանդբոլը, քանի որ մարզասերները, պատանի խաղացողները բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ հանդիպումների ընթացքին հետևելու հնարավորություն են ստանում: Բացի այդ, ավելի են ամրապնդվում հայրենիք-սփյուռք կապերը: Ընդ որում, արտասահմանից այնպիսի հայ խաղացողներ են Հայաստան այցելում, որոնք իրենց նախնիների երկրի տեղն անգամ չեն իմացել: Մեծ մասը խառն ամուսնությունների ծնունդ են և Հայաստան գալուց հետո են միայն փորձում հայերեն խոսել սովորել: Եվ միասնական ուժերով համալրված Հայաստանի հավաքականներն էլ կարողանում են հաջող մրցելույթներով ուրախացնել մարզասերներին: Այդ մրցաշարերի ընթացքում մերոնք տարբեր երկրներ ուժեղ հավաքականների նկատմամբ հաղթանակներ են տարել, նաև բարձր տեղեր զբաղեցրել: Երազել անգամ չէինք կարող, որ կարող ենք առավելության հասնել Իրանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հաջողությունները հոգեբանական լուրջ ազդակներ են, սեփական ուժերի նկատմամբ վստահության ներշնչանքի միջոց և օգտակար են հատկապես մեր երիտասարդ, պատանի հանդբոլիստների, նաև մարզիչների համար: Այժմ էլ նպատակ ենք դրել, որ 2015-ին կայանալիք Համահայկական խաղերի ծրագրով անցկացվի նաև հանդբոլի մրցաշար:

– Անկատար երազանքներ ունե՞ք:
– Ուտոպիա կլինի, եթե երազենք, որ Հայաստանի հանդբոլիստները կդառնան Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոն, մրցանակակիր. ֆինանսների խնդիր է: Հանդբոլը թանկ մարզաձև է ոչ այնքան ծախսատարության, որքան եկամուտների առումով: Եվրոպայում իր եկամտաբերությամբ, կարելի է ասել, այն ֆուտբոլից հետո երկրորդ մարզաձևն է: Ամեն դեպքում, որոշ երկրներում այն շատ տարածված է: Եվ գործարարները դրանից օգտվում են: Նպատակս է, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինող գտնվի, որը կշարունակի զարգացնել այն, ինչին հաջողվել է հասնել: Նորովի մտածող նոր մարդ է պետք, որը ժամանակ կտրամադրի խնդիրների լուծմանը: Ֆեդերացիայի նախագահի 2015-ին կայանալիք ընտրություններում, եթե նոր ղեկավարի թեկնածություն չառաջադրվի, ապա վերջին անգամ կգլխավորեմ կազմակերպությունը: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա աղջիկս, տղաս ընտանիք են կազմել, թոռներ ունեմ: Կցանկանայի, որ կենսաթոշակային տարիքս լրանալուց հետո վաստակած հանգստի անցնեի, լիակատար տնօրինեի անելիքս, ընտանիքիս անդամների, զավակներիս, նրանց փոքրիկների կողքին լինեի: Անցած տարիներին չի հաջողվել շատ ժամանակ տրամադրել երեխաներին, քանի որ աշխատանքն ամբողջ օրը խլում է: Այդ բացը պետք է լրացնել: Գաղտնիք չէ, որ գեղանկարչության մեծ սիրահար եմ, դրանով տարվելու համար ևս ժամանակ, հնարավորություն է պետք:

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը` Հայաստանի չեմպիոն

dscn5073Ֆիզիկական կուլտուրաի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն դարձավ Շենգավիթի ընտրանին:

Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաներն առավելության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ: Ընդ որում, նրանք վերջին տուրի վերջին խաղում հաղթեցին մինչև այդ նույնպես վերելքով  հանդիպումներն անցկացրած ՀՄԴ-ի հավաքականին` 24:17 (11:8) հաշվով:

Իսկ մինչև այդՎանաձորի թիմը 37:32 (19:13) հաշվով պաչտության էր մատնել  Արցախի ներկայացուցիչներին:

Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (6 միավոր), 2. ՀՄԴ (4), 3. Վանաձոր (2), 4. Արցախ (0):

Չեմպիոնը կորոշվի մրցաշարի վերջին օրը

dscn5078Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում շարունակվող մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ տուրում Շենգավիթի և ՀՄԴ-ի հավաքականները շարունակեցին հաղթարշավը:

Շենգավիթցի հանդբոլիստուհիներն առավելության հասան Արցախի ներկայացուցիչների նկատմամաբ` 39:24 (19:13) հաշվով:

ՀՄԴ-ի հավաքականն էլ դժվարին պայքարում հաղթեց Վանաձորի թիմին` 24:19 (12:10) հաշվով:

Վաստակած 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Շենգավիթի և ՀՄԴ-ի հավաքականները:

Վաղը կայանալիք վերջին տուրի այս թիմերի մրցավեճում էլ կորոշվի Հայաստանի չեմպիոնը:

Միմյանց հետ ուժերը կչափեն նաև առայժմ միայն պարտություններ կրած Վանաձորի և Արցախի թիմերը:

Հայաստանի հանդբոլի առաջնության ուղեգրերը բաշխվեցին

pat-20524Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մայրաքաղաքի հանդբոլի պատանեկան առաջնությունը: Վիճարկվում էր Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող երեք ուղեգիր:
Ուշագավն այն է, որ մրցաշարի ավարտից հետո երեք թիմ հավաքեց 4-ական միավոր: Վերջնական տեղաբաշխման համար հաշվի առնվեցին  լրացուցիչ ցուցանիշները:
Վերջին օրը կայացած երկու խաղերում էլ լարվածությունը մեծ էր:
ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները միայն մեկ գնդակի տարբերուոյամբ զիջեցին Դավթաշենի հավաքականին` 27:28 հաշվով: Ընդ որում, առաջին խաղակեսում նրանք առջևում էին 13:10 հաշվով:
Շենգավիթի հավաքականն էլ երկու գնդակի տարբերությամբ պարտվեց Աջափնյակի թիմին` 26:28 (12:16) հաշվով:
Ի վերջո, մրցաշարային աղյուսակում հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Դավթաշեն, Շենգավիթ, Աջափնյակ (բոլորն էլ` 4-ական միավոր), ԽՄՕՄՄ (0):

Դավթաշենի, Շենգավիթի, Աջափնյակի ներկայացուցիչները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում: