Ամփոփվել են «Թվինինգ» ծրագրի արդյունքները

Երևանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն դատական համագործակցությանը» ԵՄ «Թվինինգ» ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը,  ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

IMG_4959

Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել «Թվինինգ» ծրագրի կազմակերպիչներին և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը, որը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցում:

Նրա խոսքով՝ «Թվինինգ» ծրագիրը մեծապես նպաստել է թարգմանությունների ինստիտուտի կայացմանը, որի շրջանակներում իրականացվող քայլերն առանցքային նշանակություն ունեցան քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության և բաժնետիրական ընկերությունների ոլորտում:

«ԵՄ փորձագետները մեծ ներդրում ունեցան եվրոպական փորձի հաղորդման, մեր մասնագետների հմտությունների կատարելագործման և համակարգչային ծրագրերի ներդրման գործում: Այս ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր ոչ միայն Արդարադատության նախարարության աշխատակիցների, այլև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների, դատախազների, փաստաբանների համար»,-նշել է նախարարը:

Ծրագրի մշտական խորհրդատու Բերնդ Մեսերշմիթի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը արդյունավետ էր:

« Հայաստանը լավագույնս կատարել է իր առջև դրված խնդիրները: Մեծ աշխատանքներ են տարվել օրենքների մոտարկման և օրենքի նախագծերի պատրաստման աշխատանքներում: Ծրագրի նպատակն էր համապատասխան մեթոդոլոգիական մոտեցումներով խթանել ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև ճիշտ մոտեցումներ մշակելու օրենքների մոտարկման գործընթացի ապահովման համար»,- նշել  է բանախոսը՝ հավելելով, որ իրենց կողմից այդ աշխատանքների ապահովման համար ցուցաբերվել է նաև նյութական աջակցություն:

Թարգմանությունների կարճաժամկետ փորձագետ, Լատվիայի Թարգմանությունների կենտրոնի ներկայացուցիչ Ինես Տրեյմանեն ծրագրի բաղադրիչ 3-ի ամփոփման ժամանակ հատուկ  շնորհակալություն է հայտնել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ծրագրի շրջանակներում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:

«Թվինինգ» ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Նպատակն է օժանդակել Արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին՝ հնարավոր դարձնել արդարադատության հատվածի՝ անդամ պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների և լավագույն գործելակերպի հետ համահավասարեցումը, ինչպես նաև օժանդակել «Թարգմանությունների կենտրոն»-ի՝ արդի թարգմանչական մեթոդաբանությամբ և տեխնիկայով վերազինելուն:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Բելառուսի գործընկերները ծանոթացել են Պետռեգիստրի աշխատանքներին

IMG_4872

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին և իրավախորհրդատու Իննա Լեուսին:

Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկիի ողջույնները և առաջիկայում հանդիպելու վերաբերյալ ցանկությունը: Բելառուսի ռեգիստրի պետը շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց խնդրանքը չմերժելու և գործընկերային ձևաչափով Հայաստանի պետռեգիստրի աշխատանքներին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

новый коллаж

Նախարարը հյուրերին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հորդորելով քննարկումների ժամանակ վեր հանել ոչ միայն դրականը, այլև փոխանակվել երկու երկրների ռեգիստրի համակարգում առկա խնդիրներով և միասին փորձել լուծումներ գտնել: Այնուհետև հյուրերը փոխնախարար Արման Թաթոյանի և նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ այցելել են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ծանոթացել աշխատանքի կազմակերպման մեթոդներին, էլէկտրոնային գրանցման հնարավորություններին: Պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Արմեն Մաշինյանը, Գրանցման բաժնի պետ Արմեն Առաքելյանն ու Վերակազմակերպման և հիմնադրամների գրանցման բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել են էլեկտրոնային գրանցման կարգն ու ընթացակարգերը:  Բելառուսական պատվիրակության ներկայացուցիչները անդրադարձել են իրենց երկրում գործող պետական ռեգիստրի վարման ձևերին ու եղանակներին:

Գործընկերները քննարկել են իրենց ամենօրյա աշխատանքում ծագող խնդիրները, ինչես նաև համեմատել ոլորտին առնչվող երկու երկրների օրենսդրական կարգավորումները: Երկուստեք մտքեր են փոխանակվել կատարելագործման մեխանիզմների ներդրման, օնլայն գրանցման արդյունավետության, տվյալների բազայի վարման վերաբերյալ:  Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում առկա համակողմանի հարցերին, որոնք, ըստ Արմեն Առաքելյանի, անընդհատ շտկվում են աշխատանքի ընթացքում: Խոսվել է նաև էլեկտրոնային համակարգի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք օգնում են բացահայտել և ուղղել առկա սխալները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել նաև քաղաքացիների սպասարկման որակի կատարելագործման մեխանիզմների քննարկումը:

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր

 

Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

Հիմնականում քաղաքացիները  ներկայացրել են իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձել են որոշակի ապօրինությունների արդյունքում ստեղծված իրավիճակներին, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվել են իրավական խորհրդատվությամբ, փորձել են անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարևանների,  ծանոթների խնդիրների լուծման ուղիները: Միայն Վայոց Ձորին հատուկ հումորով՝ մարդիկ  անկաշկանդ պատմել են մինչ օրս տարբեր գերատեսչությունների դիմած և սպառիչ պատասխան չստացած խնդիրների մասին: Այն որ արդարադատություն բառը շատ հաճախ է ասոցացվում դատարանների գործունեությանը,  ևս մեկ անգամ զգացվել  է  հանդիպման ընթացքում: Քաղաքացիները նախարարից խնդրել են արդարադատ լինել և լուծում տալ դատական տարբեր ատյաններում բողոքարկած իրենց դիմումներին: Հանգամանորեն բացատրելով ՀՀ արդարադատության նախարարության դերը և լսելով բոլորին՝ նախարարը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում օգնել մարդկանց:Հովհաննես Մանուկյան

Քաղաքացիների ընդունելությանը հաջորդել է դատական ակտերի հարկադիր կատարման, այլընտրանքային պատիժների կատարման  ծառայությունների Վայոց Ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների, ծառայողների հետ հանդիպումը: Ներկաներին նախարարը հորդորել է անկաշկանդ ներկայացնել աշխատանքի ընթացքում ունեցած և լուծումներ պահանջող բազմաբնույթ խնդիրները: Խոսելով իրենց գործունեությունից՝ վայոցձորյան մեր գործընկերները հիմնականում խնդրահարույց են համարել շենքային պայմանները: Պատկերավոր նկարագրելով իր աշխատավայրը՝ Վայք  և  Ջերմուկ տարածքը սպասարկող ռեգիստրի աշխատակիցը նշել է, որ բիզնեսի մուտքը սկսվում է պետռեգիստրից, իսկ անմխիթար աշխատանքային պայմաններում քաղաքացիներ սպասարկելը չի կարող դիտվել նպաստավոր ու բավարար պայման: Շենքային խնդիր ունի նաև այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունը, բացի դրանից՝ ծառայողններն անդրադարձել են որոշ կնճռոտ, օրենսդրական միջամտություն պահանջող հարցերի,  որոնց հաճախ են բախվում դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում: Անդրադառնալով աշխատանքային գործունեության այլ խոչընդոտներին՝ նոտարները նշել են, որ չունեն թարգմանիչ, ինչը բավական բարդացնում է քաղաքացիների սպասարկումը: Լսելով աշխատակիցներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի և խնդիրները վեր հանելու համար՝ ավելացնելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում հարցերին օրենսդրական լուծումներ տալու համար, իսկ աշխատանքային պայմանների բարելավման հարցում կփորձեն մարզպետի հետ պատշաճ լուծումներ գտնել:

Հովհաննես Մանուկյան

Նախարարի այցի հաջորդ հանգրվանը Խաչիկ համայնքն էր: Սահմանամերձ Խաչիկ գյուղում նախարարը կանգ է առել սոցիալապես անապահով մի ընտանիքի տան  մոտ: Հյուրընկալ ընտանիքի դուստրը այս տարի ուսանողուհի է դարձել և պատրաստվում է տարիներ անց համալրել սոցիալական աշխատողների շարքերը: Զրուցելով ընտանիքի հոր հետ՝ նախարարը փորձել է հնարավորության սահմաններում թոթափել ընտանիքի հոգսերը: Իսկ գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկի տանը հետաքրքիր քննարկում է ծավալվել գյուղ-քաղաք տարբերության և նմանությունների շուրջ: Հենց այս տանն էլ նախարարին անակնկալ կերպով մոտեցել է  Խաչիկի գյուղացիներից մեկը և հրավիրել իր տուն՝ ճաշի:  Հրավերը սիրով ընդունվել է:

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վիրահայոց թեմ

Հովհաննես ՄանուկյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» մշակութային կենտրոն: Դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով:

Սրբազանը նախարարին ներկայացրել է, որ արդեն իսկ կատարվել են եկեղեցու ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջևում է: Նա հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

«Հարցը չափազանց կարևոր է». արդարադատության նախարարը՝ բանկային հաշիվների արգելափակման մասին

news_0508977925681_18_b

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ,

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և իմ անմիջական հսկողության ներքո:

Հարցը չափազանց կարևոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում թույլ չտալու և մարդկանց համար կենցաղային դժվարություններ չստեղծելու տեսանկյունից: Այն ուսումնասիրվել է խորությամբ և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ խնդիրն արագ կարգավորելու համար: Նշված դեպքերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածում է բացառապես այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, և դա ակնհայտ երևում է կատարողական ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս:

Ավելին, ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: Խնդրո առարկան պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով: ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ճանապարհներ է փնտրում նշված խնդիրը կարգավորելու համար:

Հավաստիացնում եմ, որ հարցը գտնվում է իմ և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողի ուշադրության կենտրոնում և շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում՝ մեր քաղաքացիների իրավունքների վերականգնման և հետագա գործընթացներում նման բարդություններից զերծ մնալու տեսանկյունից»:

 

Անկախ

Հովհաննես Մանուկյանի հորդորով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլ

հովհաննես մանուկյան

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով  ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում  պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները  դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:

 Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարույթունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները  կներկայացվեն հանրությանը:

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է

10466677_805132329526797_1276465130_nՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է   Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:

Նախարարն այսօր հանդիպել է Սերբիայի Հանրապետության  արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝  քննարկվել է փորձի և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Քննարկվել են նաև երկու նախարարությունների փորձագետների փոխայցելությունների հնարավորություններին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն այցելության վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր  մասնակցելու  է  նաև Եվրասիական տնտեսական համագործակցության արդարադատության նախարարների խորհրդի նիստին: Նիստի մասին մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ:

Հիշեցնենք, որ ԱՊՀ  մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 2005թ. օգոստոսի 26-ի որոշմամբ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ` համաձայն նախորդ նիստի ընթացքում անցկացման վայրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության։ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 9–րդ նիստի ընթացքում, բացի  օրակարգային մի քանի հարցերից, նախատեսվում է քննարկել նաև ԱՊՀ մասնակից պետություններում նոտարական գործունեության ոլորտի նորարարությունները, նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննության ոլորտում փորձի փոխանակումը, էլեկտրոնային կառավարմանն առնչվող խնդիրները, դատական փորձաքննության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև՝ Խորհրդի 8–րդ նիստի ընթացքում թիվ 4 որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի կատարողականը։

Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող իրավաբանական 4–րդ ֆորումին բացի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների պատվիրակություններից, մասնակցելու են օտարերկրյա տարբեր պետությունների արդարադատության ոլորտները համակարգող մարմինների բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև` միջազգային համբավ ունեցող իրավաբաններ։ Ֆորումը միջազգային հարթակ է 63 երկրից շուրջ 2500 մասնակցի (խոշոր տնտեսական և իրավական համակարգերը ներկայացնող քաղաքական գործիչներ, իրավաբաններ, տնտեսագետներ, գիտնականներ), այդ թվում՝ 21 երկրի արդարադատության նախարարների ղեկավարած պատվիրակությունների երկխոսության համար։ Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքին, օրենքի գերակայությանը, կորպորատիվ պրակտիկային, իրավաբանի մասնագիտության չափորոշիչներին, դատական և արբիտրաժային պրակտիկային, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը, բնապահպանությանը, մասնավոր իրավունքին, մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

 

 

 

Հովհաննես Մանուկյանը հունիսի 1-ին այցելեց անչափահաս դատապարտյալներին

Հովհաննես ՄանուկյանՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնռցին, որ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը:

Հովհաննես Մանուկյանը զրուցեց անչափահաս դատապարտյալների հետ, լսեց նրանց հուզող խնդիրներն ու ապագայի հետ կապված ծրագրերը: Շրջանավարտ դատապարտյալներին կոչ արեց շարունակել ուսումը և, օգնության կարիք ունենալու դեպքում, դիմել իրեն:

Նախարարի խոսքով՝ Հունիսի մեկը ստիպում է բոլորիս ևս մեկ անգամ վերաիմաստավորել մեր երախաների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

«Ես, որպես նոր ձևավորված Կառավարության անդամ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մեր առաջնահերթություններից մեկը մեր երեխաների համար խաղաղ ու ապահով հայրենիք ստեղծելն է: Եթե մենք կարողանանք  որոշ ժամանակ անց մեր սերունդներին փոխանցել շատ ավելի կայուն ու ապահով Հայաստան, դա կնշանակի՝ մենք մեր առաքելությունը որոշ չափով կատարել ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ կոչ անելով բոլորին Հայաստանի նորագույն պատմությունը կերտել ավելի մեծ հավատով ու ոգով:

Նախարարի խոսքով՝ այսօր ավելի շատ պետք է մտածենք այն երեխաների մասին, ովքեր զրկված են ծնող ունենալու բերկրանքից, մայրական սիրուց ու քնքշանքից, այն երեխաների մասին, որոնք ճակատագրի բերումով գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, այն երեխաների մասին, որոնք ծանր սոցիալական վիճակում են: «Մենք պետք է փորձենք մեր ունեցած ուժերի սահմանում մի փոքր ավելի պայծառ դարձնել այդ երեխաների կյանքը»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ բոլորին մաղթելով համբերություն և հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ:

Նախարարը մասնակցեց «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անչափահաս դատապարտյալների ձեռքով պատրաստված կավե հուշանվերի ու նկարների ցուցահանդես վաճառքին:

 

Օրվա կապակցությամբ նախարարն անչափահաս դատապարտյալներին ու դատապարտված կանանց երեխաներին նվերներ հանձնեց Նախարարության կողմից:

Անչափահաս դատապարտյալների համար անակնկալ էին պատրաստել նաև «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպությունն ու «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ն, «Տոսպ» ԲԲԸ-ն ու «Հայ կոլա» ընկերությունը:

 

Անկախ

Արդարադատության նախարարը բոլոր ծխողներին հորդորում է թողնել ծխելը

18_bԱրդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես մանուկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հորդորել է թողնել ծխելու վնասակար սովորությունը: Նա մասնավորապես գրել է.

“Մինչև վերջնականապես չծխողների շարքը համալրելը, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ պարբերաբար թողնում էի ծխելը…: Եվ ինչ-որ պահի, սրանից տարիներ առաջ, հասկացա, որ ծխելը ոչ միայն ինքնակործանում է, այլև անազնիվ և անպատասխանատու՝ հարազատներիդ և շրջապատիդ համար:

Այսօր հետաքրքիր բան պարզեցի, որ մեր փոխնախարարներն ու ես ճշտորեն համադրելի ենք աշխարհում ծխողների և չծխողների թվի հարաբերակցությանը. այսինքն 5-ից մեկն է ծխում: Այժմ հայտարարում եմ, որ եթե մինչև մյուս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրը փոխնախարարը չմիանա մեզ՝ չծխողներիս, ապա կկանգնի մեր թիմից դուրս մնալու իրական վտանգի առաջ:
Բոլոր ծխողներին խորհուրդ եմ տալիս և հորդորում թողնել այդ կործանարար սովորությունը, հենց թեկուզ նրա համար, որ չծխողներն ավելի պայծառ երազներ են տեսնում …”:

 

Անկախ

 

Նախարարը լրագրողների հետ շրջայց կատարեց Իրավաբանական ինստիտուտի նոր մասնաշենքում

հովհաննես մանուկյանՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են որ,

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:

Նախարարը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ և նշեց, որ նման միջոցառումներին լրագրողների մասնակցությունը և հանրության համար դրանց լուսաբանումը կնպաստի նախարարության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը՝ զարգացնելով հասարակություն- գերատեսչություն համագործակցությունը:

Լրագրողները տեղում փորձարկեցին հրաձգարանի հնարավորությունները՝ մասնակցելով նախարարության կազմակերպած հրաձգության մրցույթին: Առաջին երեք պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները նախարարի կողմից  պարգևատրվեցին հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ–ը 2013 թվականից սկսել է իր ուսումնական կենտրոնի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող շենքի  վերանորոգման (նաև վերակառուցման) աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2015 թվականի դեկտեմբերին:

2014 թվականից շահագործման են հանձնվել ուսումնական կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը, որտեղ ներկայում իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների (քրեակատարողական ծառայողներ և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներ) վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները: Ուսումնական կենտրոնում առկա են ժամանակակից լսարաններ՝ համապատասխան գույքով և էլեկտրոնային գրատախտակներով, ունկնդիրների գիշերակացը կազմակերպելու համար նախատեսված կացարաններ, մարզադահլիճ, ճաշարան, հրաձգային վարժասարք, փակ հրաձգարան՝ ատրճանակով հրաձգություն անցկացնելու համար:

 Անկախ

Արդարադատության նախարարը շնորհավորել է շրջանավարտներին

հովհաննես մանուկյանՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ:

Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն:  «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

Նախարարի խոսքով՝ սա անչափ կարևոր ու պատասխանատու պահ է, մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, ճիշտ քաղաքացի դաստիարակելու, հայրենասեր սերունդ ունենալու համար: «Կրթությունն  այն կարևոր ինստիտուտն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերը հասարակական կյանքում: Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից և վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը՝ դրսևորելով բարձր իրավագիտակցություն, հոգատարություն և սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ»,- ասաց նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն ուսման ու աշխատանքի մեջ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

«Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում». արդարադատության նորանշանակ նախարար

հովհաննես մանուկյանԱրդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար:
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:

Գնահատում եմ և շնորհակալությունս եմ հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմին և աշխատակազմին անցած ավելի քան երեք տարիների համատեղ աշխատանքի համար”:

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, որը մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանն էր:

 

Անկախ

Կառավարության 3 նոր անունները. Արամայիս Գրիգորյան, Երվանդ Զախարյան, Հովհաննես Մանուկյան

3 նոր նախարարԱյսօր հայտնի դարձան կառավարության 3 նոր անդամների անունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էներգետիկայի նախարար  նշանակվեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը` փոխարինելով Արմեն Մովսիսյանին:

RA Government sessionԲնապահպանության նախարարի պաշտոնում  Արամ Հարությունյանին փոխարինեց Արամայիս Գրիգորյանը:

Հրայր Թովմասյանի փոխարեն արդարադատության նախարար դարձավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

zatik5Հատկանշական է, որ Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով Հովիկ Աբրահամյանին չշնորհավորելու Նիկոլ Փաշինյանի վարքագծին, մի անեկդոտ էր հիշել. «Գերեզմանաքարի տապանաքարի վրա գրված է՝ ի հիշատակ բոլորից, բացի Վալոդից: Պարոն Փաշինյան, կարող էիք ընդհանրապես չասել, որ չեք շնորհավորում, մենք կհասկանայինք»:

Փաշինյան էլ «տակ չէր մնացել». «Քանի որ ձեր կառավարության ամբողջական կազմը դեռ լրացված չի, ես հույս ունեմ, որ ձեր կառավարությունում դեռ Վալոդ անունով նախարարներ կնշանակվեն: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ ձեր փոխարեն հենց Վալոդն է նշանակվելու արդարադատության նախարար»:

Հրայր Թովմասյանն արձագանքել էր. «Վլադիմիր անունով շատ հանճարեղ իրավաբան ենք ունեցել, որը հիմա չկա: Իսկ էդ լուրերը գիտեք, թե ինչպես են շրջանառվում, Դուք լրատվական դաշտից եք եկել»:

Փաստորեն, Փաշինյանի կանխատեսումը Հրայր Թովմասյանին փոխարինելու վերաբերյալ ճիշտ էր, սակայն Վալոդի առումով` սխալ:

Ինչևէ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որը վերջին շրջանում հատկապես «փայլում էր» պատգամավորների հետ իր սուր վեճերով և դրանց շուրջ առաջացած աղմուկով, Ազգային ժողովում կհիշվի Վալոդի մասին պատմած իր վերջին անեկդոտով:

 

Անկախ

Արդարադատության նոր նախարարը Հովհաննես Մանուկյանն է

հովհաննես մանուկյանՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Մանուկյանին նշանակել է արդարադատության նախարար:

Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար»:

Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: