Ջրաշեն թաղամասում վերանորոգումից հետո բացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

002Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ջրաշեն թաղամասում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի վերաբացմանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել է նաև հարակից տարածքը և դարձել հանգստի հարմարավետ գոտի: Պուրակը կահավորվել է նստարաններով, տեղադրվել են զրուցարան, աղբամաններ: Ձևավորված պուրակի տարածքում նաև մարզասարքեր են տեղադրվել:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին  հուշարձանի վերանորոգման հարցում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև հարակից տարածքը բարեկարգելու համար՝  բնակիչները նկատել են, որ տարիներ շարունակ անխնամ տարածքն այսուհետ թե՛ երեխաների և թե՛ մեծերի համար կլինի բոլոր հարմարություններով ապահոված հանգստի իսկապես հաճելի յուրօրինակ անկյուն: Բացի այդ, կարևորվելով հանգամանքը, որ տարածքը հարակից է հուշարձանին, բնակիչները վստահություն են հայտնել, որ այն նաև ազգային-հայրենասիրական ոգի դաստիարակելու խորհուրդ կունենա հատկապես մատաղ սերնդի համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով բնակիչներին, ընդգծել է, որ, հետամուտ լինելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծմանը, քաղաքապետարանը արել և անելու է հնարավորը՝ դրանք հստակ ծրագրեր դարձնելու և կարճ ժամանակում կյանքի կոչելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Միկոյանների կողմից գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե ՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին

collage_photocat

Այսօր հասարակական-քաղաքական քննարկում էր ծավալվել Անաստաս Միկոյանի  հուշարձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման, դրա արձագանքների ու հետևանքների թեմայով:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը քննարկման ժամանակ նշեց, որ դեմ է ժողովրդից Անաստաս Միկոյանին հեռացնելու բոլոր փորձերին և ներկայացրեց փաստեր, որ ցույց էին տալիս Միկոյանի` Ստալինի քաղաքականությանը դեմ լինելու հանգամանքը, սակայն արձանի տեղադրման հարցում չի կարողանում կողմնորոշվել`ճիշտ կլինի այն տեղադրել Երևանու ՞ մ, թե ՞ նրա ծննդավայրում:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ եթե մարդուն ասում են սրիկա,  բնականաբար, չի նշանակում, որ նա սրիկա է ամեն ինչում: Ըստ նրա` Անաստաս Միկոյանն  իր կամքով, թե դրան հակառակ` մասնակցել է հայ և մյուս ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին: Նա առաջնորդվել է սեփական շահերով միայն. մեկ կանգնել է Ստալինի, մեկ էլ`  Խրուշչովի կողքին: “Յուրաքանչյուրն էլ ինչ-որ լավ բան անում է, բայց անտեսել Միկոյանի նմանների վատ արարքները, համարում եմ սխալ:  Սովետական Միությունը մեր պատմությունն է, բայց դա չի նշանակում, որ պիտի սրբացնենք այն, սրիկաներին մեծարենք ու նրանց արձանը կանգնեցնենք, ինչ է թե ազգանունն ավարտվում է յան-ով>>,-նշեց Վարդան Հարությունյանը:

Ա1+ հեռուստատեսության տնօրեն Մովսես Մեսրոպյանը  համամիտ է Վարդան Հարությունյանի հետ. “Այդ որոշումը ընդունողների ու Միկոյանների միջև տարբերություն չեմ տեսնում: Երկուսն էլ ուզում են ավելի լավ կաթոլիկ երևալ,քան Հռոմի Պապը: Սա ասում եմ նրա համար, որ Հայաստանում առկա` Հայաստանը ամենայն հայոց գերեզմանոցի վերածելու հոգեբանությունը պիտի վերանա: Այս արձանի տեղադրման հարցն, ըստ իս, քննարկվում է այլ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար”,-նշեց Մովսես Մեսրոպյանը:

“Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ինչ-որ առումով  կողմ էր արձանը տեղադրելու գաղափարին. այն լավ միջոց կլինի մանակավարժների համար` ցույց տալու իրենց սաներին, թե ինչպիսին չպետք է լինի մարդը: Սանասարյանը ավելացրեց. “Վանդալիզմին դեմ եմ, բայց խոստանում եմ` այդ արձանը բարվոք վիճակում չի մնալու”: Իսկ վաղը Դավիթ Սանասարյանը Երևանի ավագանու հերթական նիստում “Ժառանգություն” կուսակցության ու այլ ուժերի անունից այս արձանի տեղադրման դեմ հայտարարությամբ է հանդես գալու:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր տագնապի մեջ ենք: “Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այս քայլը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած այն հազարավոր հայորդիների հանդեպ, ովքեր չկարողացան մազապուրծ լինել Ստալինյան մեծ ահաբեկչությունից: Պապս էլ նրանցից մեկն էր. մազապուրծ լինելով և հրաշքով փրկվելով թուրքերի չարագործություններից` հետագայում մեղադրվեց Խանջյանականության մեջ, իսկ նրա նման հազարավորները հուշարձանի արժանի են:  Հիմնական հարվածը արևմտահայությանը հասավ` ցեղասպանված արևմտահայությանը. նրանք կասկածի տակ էին, նրանք էին հայ ժողովրդի փլատակները վերականգնողները և անցանկալի տարր էին: Սա մեծ ոճիր էր: Գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Հայ ժողովրդի այդ “փունջը”, ըստ նրա, արժանի էր հավաքական հուշարձանի: Փոխարենը` “ի ՞ նչ է կատարվում.այսօր այդ Ստալինյան ոճրագործությունների մասնակից Միկոյանի արձանն են ուզում տեղադրել: Արձանի տեղադրման հարցն արծարծելն ու առավել ևս` քննարկելը, խիստ վտանգավոր է ու ամոթալի”,-ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Իսկ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ դեմ է արձանի տեղադրմանը նաև որպես մանկավարժ, քանի որ սերնդին հզոր կերպարներ է պետք դաստիարակել: Նա տեղեկացրեց, որ մշակույթի հանձնաժողովի նիստի ժամանակ ինքն էլ է կողմ քվեարկել արձանի տեղադրմանը`առանց հասկանալու խնդրի ողջ էությունը, սակայն Հայկ Դեմոյանի հայտարարությունից հետո ինքն ու մյուսները անմիջապես կողմնորոշվել են ու դեմ քվեարկել: Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ 140 ստորագրությամբ նամակ են ստացել մտավորականներից ու խնդրում են հանրությանն աջակցել իրենց  բոլոր հնարավոր ձևերով` կանխելու Միկոյանի արձանի տեղադրումը:

 

Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. Լևոն Շիրինյան

“Միկոյանն ո ՞վ է` ազգությամբ հայ, հետո ՞ ինչ”,-Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը լրագրողների հետ քննարկելիս նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անաստաս Միկոյան

Լևոն Շիրինյանը ներկայացրեց փաստեր Անաստաս Միկոյանի մասին, մասնավորապես      հայտնելով, որ 1918թ.-ին  Շահումյանի հետ կատարելով բոլշևիկյան իշխանությունների կամքը` Միկոյանը խաղ է խաղացել, որն ուղղված է եղել Ռուսաստանի համար Բաքվի նավթի պաշտպանությանը` հաշվի չառնելով այնտեղ հայ կմնա ՞, թե ոչ: 1918թ.-ի կեսերին Միկոյանը Շահումյանի հետ փախել է, իսկ Ցենտրոկասպիի կառավարությունը նրանց մեղադրել է պետական դավաճանության մեջ, և եթե գտնեին, անպայման կգնդակահարեին:

“Արձանը պատմական հուշ է, որը պետական ոգին է բարձրացնում, իսկ Միկոյանն ու նրա նմանները կարիերայի համար Հայաստանն են վաճառել: Այժմ էլ ուզում են տեղադրել նրանց արձանները. ի ՞նչ է եղել որ. հանցանքից հետո կարելի է փախչել Փարիզ, Նյու-Յորք, իսկ մահվանից հետո կկառուցենք նրանց արձանները` Հայաստանը դարձնելով “լավ հուշերի գերեզմանոց”,-նշեց քաղաքագետը:

“Ռոստոմ, Աբրահամ Գյուլխանդարյան, Համազասպ և այլք. սրանք այն մարդիկ էին, որ մինչև վերջին պահը կռվել են Բաքվի հայերի համար, իսկ Միկոյանի հանցանքը Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանելու մեջ է: 1920թ.-ի սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունեցել արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ հրեա կոմունիստ Բելա Կունի, Ռադեկի, հայտնի Էնվեր փաշայի կողքին նստած է եղել նաև Անաստաս Միկոյանը. նրանք որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, իսկ Հայաստանն այնտեղ պաշտոնապես հայտարարվեց իմպերիալիզմի սպիտակ շուն”,-հայտնեց Լևոն Շիրինյանը:
Ամփոփելով իր խոսքը` քաղաքագետն ասաց. “Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. իսկ հույսս երիտասարդությունն է, ուսանողությունը, նրանց պայքարը”:

Անկախ

Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան ԲարսեղյանըԵրևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա տարիներին ծրագրված աշխատանքները պետք է նպաստեն, որ մայրաքաղաքը դառնա գործարարական առումով հյուրընկալ և իր յուրաքանչյուր բաղադրիչով` ջերմ:

Ճարտարապետի խոսքով` դեռևս 2003-ից Երևանի քաղաքաշինական զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են ընդունվել և իրականացվել ի նպաստ մայրաքաղաքի բարեկեցիկ վիճակի:

«Երևանն առավել գեղեցիկ դարձնելու համար օրակարգային են գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների և  փոփոխությունների հետ կապված աշխատանքները, Փոքր կենտրոնի վերակառուցման օրենսդրական փաթեթի մշակումը, ինչպես նաև Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախագծման աշխատանքները: Առաջանահերթ են բնակելի թաղամասերի կանոնակարգումը, բակային տարածքներում պատշաճ միջավայր ստեղծելը, ճանապարհների բարեկարգումը, Կենտրոն վարչական շրջանը մեքենաներից բեռնաթափումը»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ առաջնահերթ ծրագրերի թվում են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, Կոնդ թաղամասի կառուցապատումը, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման նախագծերի մշակումը:

«Շուտով կկառուցվի Կիրովի անվան մանկական զբոսայգու տարածքը, ինչը բավական մեծ աշխուժություն կմտցի Երևանի ժամանցային կյանքում: Մխիթար Հերացի փողոցում ծրագրված է կարևորագույն պետական նշանակության կառույց, ինչպես նաև Օրբելի փողոցին հարող տարածքում` Կառավարման ակադեմիայի նոր շենքի շինարարություն»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Առաջիկա չորս տարիները կառանձնանան նաև ճարտարապետական և գեղարվեստական միջոցառումների առումով: Առաջիկայում նախատեսված են հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդաշնող հուշարձանի տեղադրում: Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի,  Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով:

Հուշարձան էլեկտրիկին` Իժևսկում

pic_ba2a3db143eacddd8c43bfb3f6aaa06dԻժևսկում, նոյեմբերի 1-ին Հոկտեմբերի 10 տարին փողոցի լապտերասյան վրա հուշարջան են տեղադրել: Ճնճղուկներին կերակրող էլեկտրիկի արձանը 4 մ բարձրության վրա ամրացված է լապտերասյան “անվտանգության կղզյակին”:

Նախագծի հեղինակ Սերգեյ Բուգրուան հայտնել է, որ քանդակը հատուկ համաձուլվածքից է, որն առանձնապես գին չունի: Այն 2մ-ից ավելի բարձրություն ունի, իսկ քաշը կազմում է 200 կգ:

Սա “Քաղաքացիները” շարքից առաջին քանդակն է: Հովանավորչական նախագծի շրջանակներում,  նախատեսվում է  տարբեր մասնագիտություններ ներկայացնող քանդակների շարք տեղադրել : Շուտով, առաջին ուսուցչուհուն նվիրված քանդակը պատրաստ կլինի, որի հեղինակը կրկին Բուգրուան է:

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

ադբաշյան «Սրտիցս արյուն է կաթում»,- «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կամ, ինչպես ժողովուրդն է ասում,  կլոր շենքի քանդման մասին լուրերին այսպես է արձագանքում Դմիտրի Աթբաշյանը, որը ժամանակին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետն էր և անձամբ է մասնակցել համալիրը կյանքի կոչելու ողջ գործընթացին:

Աթբաշյանը մասնագիտորեն է բացատրում, թե որքան ճիշտ և որքան մտածված էր համալիրը  նախագծված և կառուցված` ի տարբերություն նոր մասնաշենքի: Նա անգամ կարծում է, որ նոր շենքի կառուցման անհրաժեշտություն ընդհանրապես չկար, այլ կարելի էր հինը զարգացնել, որի շուրջ 90-ականների սկզբին լուրջ բանակցություններ են վարվել Ճապոնիայի, Կորեայի և այլ երկրների հետ:

Այսօրվա պես հիշում է. 1971 թվականն էր, նոր էր Ռուսաստանից հայրենիք եկել և ստանձնել քաղավիացիայի վարչության պետի պաշտոնը, երբ մի քանի օր անց իրեն զանգահարեցին և ասացին, որ օդանավակայանում նոր համալիր կառուցելու նախագծեր կան: Անտոն Քոչինյանը (ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ուզում է լսումներ անցկացնել դրանց վերաբերյալ և ցանկանում է լսել իր կարծիքը:

«Ներկայիս արտգործնախարարության շենքում, որն այն ժամանակ պետշինի շենքն էր, մի դահլիճ էին վերցրել, պատերին կախել այդ գծագրերը և տակը շարել նախագծերի մակետները: Վեց նախագիծ, վեց մակետ` յուրաքանչյուրն իր ճարտարապետական խմբով»,- հիշում է նա:- Վեցն էլ ելույթ ունեցան և իրենց պրոյեկտները գովեցին, բայց իմ կարծիքով` ոչ մեկն էլ չէր համապատասխանում քաղավիացիայի այդ ժամանակվա պահանջներին: Ասացի, որ նախ և առաջ պետք է գծել տեխնոլոգիան, հետո դրա շուրջ շարել պատերը, իսկ դուք արել եք ուղիղ հակառակը:  Այդ միտքը Քոչինյանին շատ դուր եկավ, և նա իմ ելույթից հետո ասաց, որ հասկացել է ինձ: Հետո Քոչինյանը հարցրեց, թե այդ վեց նախագծերի մեջ չկա՞ն գոնե երկուսը, որ խելքին մոտ են: Այո, կային, և այդ երկուսից մեկը Արթուր Թարխանյանինն էր: Քոչինյանը հանձնարարեց, որ այդ երկու նախագծերը ներկայացրած բյուրոները միանան և համատեղ աշխատեն: Դրանից հետո գնացի արտերկիր, ուսումնասիրեցի տարբեր օդանավակայաններ, որտեղից մի քանի ճամպրուկ գծագրեր բերեցի»:

զվարթնոց (1)

Աթբաշյանը պատմում է նաև, որ շենքի նախագիծն ուղարկել էին Մոսկվա այն ճարտարապետների մոտ, որոնք աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակներից մեկը` Մոսկվայի «Օստանկինոն» էին նախագծել; Երբ նրանք ամրության տեսանկյունից ուսումնասիրել էին «Զվարթնոցի» շենքի նախագիծը, ասել էին, որ այն «Օստանկինոյից» երկու անգամ ավելի ամուր է:

9Եվ այդպես 1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի  ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: Դրա բացմանը Մոսկվայից հատուկ պատվիրակություն էր եկել` Խորհրդային Միության ավիացիայի նախարարի առաջին տեղակալի գլխավորությամբ:

Կլոր շենքը դարձավ Հայաստանի այցեքարտերից մեկը և ներառվեց պատմա-մշակութային հուշարձանների ցանկում: Ամենակարևորը` սիրվեց ժողովրդի կողմից:

Այսօր արդեն ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ հանդիսացող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են կլոր շենքը քանդելու հարցը` պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Բացի այդ, ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք զարգացման ծրագիրն են ներկայացրել, և եթե նախատեսեն մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խանգարել:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

2107Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հայտնեց, այս տարեսկզբին շենքը քանդելու հարցը բերվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհուրդ, որի անդամ է նաև ինքը, և Նարեկ Սարգսյանը, որն այդ ժամանակ դեռևս Երևանի գլխավոր ճարտարապետն էր, անգամ հարցը քննարկման չի դրել` ասելով, որ միևնույնն է, քաղաքապետարանը պետք է մերժի, քանի որ չպետք է թույլ տալ այդ շենքը քանդել: «Դրանք Նարեկ Սարգսյանի խոսքերն են: Նա անգամ ասաց, որ Ծածկած շուկայի շուրջ աղմուկը քիչ է, հիմա էլ լրացուցիչ աղմուկ այս շենքի շուրջ չի կարելի հանել»,- ասում է Քալաշյանը` նշելով, որ դրանից հետո քաղաքապետարանը գրավոր մերժել է դիմումը:

Բայց ինչպես երևում է, օդանավակայանի ղեկավարությունը մտադիր չէ հանձնվել, և օրեր առաջ նույն հարցով Հանրային խորհուրդ է դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը և առաջարկել համատեղ քննարկել հարցը, որպեսզի նախքան վերջնական որոշում կայացնելն իրենք ունենան այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են հանրության շրջանում, և ներկայացնեն կառավարություն:

Հանրային խորհրդից տեղեկացրին, որ եկող շաբաթվա ընթացքում հարցը քննարկման է դրվելու խորհրդի մի շարք ենթահանձնաժողովներում` քաղաքաշինության, քաղավիացիայի, մշակույթի և այլն, որից հետո հանրային լայն քննարկում է կազմակերպվելու:

10Քալաշյանի խոսքով, ժամանակին, ինչպես շատ այլ արժեքավոր կառույցներ, կլոր շենքը նույնպես պատմա-մշակութային հուշարձանների ցանկից հանվել է, որպեսզի հեշտությամբ սեփականաշնորհվի, որից հետո այլևս չի ներառվել այդ ցանկում: «Անկախությունից հետո, երբ օլիգարխները սկսեցին իրենց «վաստակած» գումարները մարմնավորել բետոնի մեջ, որ կորստի չենթարկեն, որոշեցին շենքեր գնել, բայց երբ իմանում էին, որ դրանք հուշարձան են, հրաժարվում էին, դրա համար էլ հուշարձանների ցանկից հանում էին»:

Ճարտարապետը համամիտ է, որ ժամանակները փոխվել են, և օդանավակայանի  հին շենքը միգուցե չի համապատասխանում նոր պահանջներին, քանի որ խորհրդային տարիներին օդանավակայանն արտասահմանյան չվերթներ չէր սպասարկում, չկար մաքսակետի, այլ ծառայությունների կարիք, բայց նաև կարծում է, որ այն կարելի է այլ նպատակի ծառայեցնել:

Դմիտրի Աթբաշյանն էլ առաջարկում է կոնկրետ նպատակն ու լուծումը. առանց որևէ փոփոխության այդ շենքն օգտագործել որպես տրանզիտային օդանավակայան կամ, ինչպես դրսում է ընդունված ասել, «հաբ» օդանավակայան: «Բերել, տրանզիտային չվերթները Հայաստանում իջեցնել, և այն ուղևորները, որոնք պետք է մի քանի ժամ անցկացնեն օդանավակայանում և շարունակեն իրենց ճանապարհը, այդ ժամանակահատվածը կարող են անցկացնել կլոր շենքում, որտեղ բնականաբար պետք է լինեն տարբեր ծառայություններ` հյուրանոց, ռեստորան և այլն: Ուղևորներից յուրաքանչյուրն ամենապակասը 60-100 դոլար կթողնի այնտեղ»:

Աթբաշյանը համոզված է, որ դրա պահանջարկը կա, «Զվարթնոցն» էլ աշխարհագրական առումով հիանալի դիրքում է` տեղակայված է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Ասում է, որ 90-ականների սկզբին, երբ ինքը կրկին քաղավիացիայի վարչության պետն էր, այդ հարցը քննարկվել է: Օրինակ, Ֆրանսիայի հետ, որը պատրաստակամ է եղել տրանզիտային չվերթներ իրականացնել Հայաստան, բայց գործը, ցավոք, կիսատ է մնացել:

Սաշուր Քալաշյանին ցավ է պատճառում, որ XX դարի մեր ճարտարապետական նվաճումները հերթով հօդս են ցնդում: «Ոչ մի երկրում էդպիսի բան չկա, որ ճանաչում ստացած օբյեկտները քանդեն ինչ-ինչ պատճառներով: Դրանք պահպանվում են` անկախ  այն հանգամանքից` հնացել են, թե ոչ, կորցրել են իրենց պիտանիության արժեքը, թե ոչ: Դրանք արդեն մշակութայի՛ն արժեքներ են»:

Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բակում բացվեց նրա կիսանդրին

հուշարձան2Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բակում այսօր բացվեց մեծն գիտնականի  կիսանդրին և ցայտաղբյուր:

Բակ մտնող  աշակերտներին  դպրոցն այսօր դիմավորում էր «Սիրելի փոքրիկ, քո մայրենին քո պապերի 5000-ամյա հնագույն լեզուն է» գրությամբ:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանի խոսքով`  գրությունը պատահական չէ. հենց Ռաֆայել Իշխանյանն էր, որ դժվարին ժամանակներում բարձրացրեց  հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրը:

«Ռաֆայել Իշխանյանն իբրև մահկանացու չկա այսօր, սակայն այս կրթօջախի և հայ դպրոցի հարակայությամբ  նա մնալու է անմահ: Այսօրվա  հուշակոթողի բացումը,  և նաև հուշաղբյուրը իբրև հավերժության խորհուրդ ջրի առումով,  շատ մեծ իմաստ ունի իր մեջ,- ասաց  Սարգսյանը:-   Այսօր մեր կրթօջախը հպարտորեն կրում է մեծ գիտնականի, բանասերի, լեզվաբանի, հրապարակախոսի, մատենագետի, պատմաբանի անունը:  Նրա թողած բազմաշերտ ժառանգությունն անսպառ աղբյուր է դասագրքին զուգահեռ հայ երեխային, աշակերտին հայ դաստիարակելու ճանապարհին»:

Հուշակոթողի բացման իրավունքը տրվեց Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանին: «Գիտեք, չէի հավատում, բայց երազում էի, որ մի  օր ըստ արժանվույն կգնահատվի Ռաֆայել Իշխանյանը: Եվ այսօր անչափ երջանիկ եմ, որ նա գնահատվեց և այսպիսի հրաշալի դպրոց է կոչվում Ռաֆայել Իշխանյանի անունով»,- բացելով հուշակոթողն` ասաց տիկին Բյուրակնը:

Ցերեկույթին ներկա բանասեր Թամարա Ալեքսանյանը, ով  Ռաֆայել Իշխանյանի ուսանողն է եղել,  ևս ելույթ ունեցավ` նշելով, որ Իշխանյանի շնորհիվ է դարձել ուսուցիչ ու նաև մասնակցում է դասագրքերի ստեղծման գործընթացին. « Մարդու կյանքում լինում է ուսուցիչ, լինում է դասախոս, որը նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Ռաֆայել Իշխանյանը մեզ համար այդպիսի մեկն էր: Ես ինձ համարում եմ շատ երջանիկ, քանի որ եղել եմ Ռաֆայել Իշխանյանի ուսանողը: Այսօրվա ողջ միջոցառումը, և կիսանդրին տպավորիչ է և իրեն արժանի, շատ համեստ, բայց նաև շատ գեղեցիկ»:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները ներկաներին հիշեցրեցին Ռաֆայել Իշխանյանի` մատաղ սերնդին ուղղված լեզվի մասին կոչերի,  նրա գործերի ու ավանդի մասին:

Սամվել Կարապետյանը հիասթափված է

սամվելԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա շրջանակներում տեղի ունեցավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը, ով, թեև ընդգծեց, որ ուրախ է, որ հասկանալով խնդրի կարևորությունը, աշխարհն առանձնացնում է օր` նվիրված հուշարձանների պահպանությանը, բայց ինքն անձամբ մինչ օրս չի արձանագրել այս օրվա արդյունավետությունը:

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեր ինքը, եթե լիներ, օրինակ, մշակույթի նախարար, Սամվել Կարապետյանն ասաց. «Մի 5 րոպեով կուզենայի ոչ թե մշակույթի, այլ գիտության և կրթության նախարար լիներ, կհասցնեի երևի մի հրաման տալ, որ դպրոցականներին պետք է հնարավորինս շատ տանել արշավների, որպեսզի գոնե միջին և բարձր դասարանցիները տեսնեն, ճանաչեն իրենց հայրենիքը: Դպրոցահասակ տարիքում ես և իմ մոտ 4 ընկերները սեփական նախաձեռնությամբ գնում էինք արշավների, ճանաչում էինք հայրենիքը: Վստահ եմ, որ սա է պատճառը, որ ես և այդ մի քանի ընկերներս չլքեցինք և միտք չունենք լքել Հայաստանը, որովհետև այն ճանաչելուց հետո չսիրել հնարավոր չէ: Մինչդեռ այսօր շատերն այնպես են սպառում ամեն ինչ, որ երևում է` վստահ են, որ չեն ապրելու այստեղ: Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում, հավատացեք, մենք ամենանվազ հայրենաճանաչ պետություններից ենք` սա է արտագաղթել ցանկացողների մեծ տոկոս ունենալու պատճառը: Մեր երեխաները հայկական երգերով ու հեքիաթներով չեն դաստիարակվում, օտարը հարազատ են համարում, չգիտեն իրենց արմատները, դրա համար էլ կեր ու խում են սարքում պատմական վայրերի տարածքում և իրենց աղբն անգամ չեն հավաքում: Ապականված հասարակություն ունենք», – ասաց բանախոսը և չթաքցրեց, որ խորապես հիասթափված է արժեքային համակարգի խեղումներից: