Ո՞վ է ավելի համառ՝ «աֆրիկյաննե՞րը», թե՞ Լևոն Վարդանյանը

MHM88883Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված երևանյան ամենագեղեցիկ ու յուրօրինակ շենքերից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի ճակատագիրը դեռևս անհայտ է:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ շենքի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար հիմք է ծառայում ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության կողմից ներկայացված գրությունը՝ ուղղված «Միլենիում քոնստրաքշն» ընկերության տնօրեն Թադևոսյանին: Գրության մեջ նշված է, որ շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել, իսկ ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը: Ուստի, գործակալությունն անհրաժեշտ է  համարում անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները մինչև համապատասխան փաստաթղթերի առկայության ապահովումը:

Ըստ նախաձեռնության անդամների, շենքի ապամոնտաժման աշխատանքների դադարեցման համար հիմք է նաև այն, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբան լաբ Երևան» քաղաքաշինական հասարակական կազմակերպությունը համատեղ հայցադիմում են ներկայացրել դատարան, որով վիճարկում են Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի որոշումները:

Հայցը վարույթ ընդունելու  կամ մերժելու ժամկետը՝ օրեքով տրված դատարանին, լրանում է ուրբաթ օրը` հունիսի 27-ին:

AVetiq_IshkhanyanՀայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքում ընկած փաստերը. «Մեր իրավական դիրքորոշումն այն է, որ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը: Մենք նաև բազմաթիվ այլ փաստեր ենք ներկայացրել՝ այդ թվում մշակույթի նախարարության համապատասխան գործակալության գրությունը, ըստ որի քանդման աշխատանքները պետք է դադարեցվեն, մինչև համապատասխան փաստաթղթերի ներկայացումը»,-ասաց Իշխանյանը:

Այս ամենից հետո, ըստ իրավապաշտպանի, շենքի քանդման աշխատանքները շարունակելը նույնիսկ քրեական հանցագործություն է: «Փաստորեն, քաղաքացիները Հայաստանում պաշտպանում են օրինականությունը, մինչդեռ ոստիկանները` ոչ, նրանք կատարում են անօրինական հրաման՝ դեմ գնալով քաղաքացիների օրինական պահանջին և իրենց գործողություններով նպաստելով Հայաստանում անօրինականությանն ու հանցագործությանը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի պնդմանը, որ իրենց գործողություններին օրինական են, նախագիծն իրականություն է դառնալու, և Աֆրիկյանների շենքը նույնությամբ վերակառուցվելու է «Հին Երևանի» տարածքում, Իշխանյանը հակադարձում է. «Ինչ տեսակետներից են իրենք այդ քայլերն իրականացնում՝ անձնական շահերից ելնելով, թե «ճարտարապետական լուծումներից», դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է երկու հարց՝ Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանումը և օրենքի կիրառումը Հայաստանում: Փաստորեն, այդ գործընթացը կատարվում է անօրինական ձևով, իսկ մնացած ամեն ինչ մտավարժանքներ են»:

Եթե դատարանը չվաբարարի հայցը, ո՞րն է լինելու հասարակական կազմակերպությունների հաջորդ քայլը: Իշխանյանը պատասխանում է. «Շարունակելու ենք պայքարը՝ դատական մյուս ատյաններ դիմելով և աջակցելով քաղաքացիական հասարակության շարժումներին: Համենայնդեպս, երբ մենք դիմում ենք, չենք մտածում՝ տեսնենք` ինչ կստացվի, մենք դիմում ենք հաղթելու նպատակով»:

Նրա համոզմամբ՝ տեղի ունեցողն անօրինականություն է, իսկ մշակույթի նախարարությունը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, այնպես էլ այս հարցում, անիմաստ կառույցի դեր է կատարում, քանի որ չի կարողանում, որպես կարևոր գերատեսչություն, իր ֆունկցիաները կատարել:

Լևոն Վարդանյան«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որի նախաձեռնությամբ է ապամոնտաժվում Աֆրիկյանների շենքը, հակադարձում է իրենց ընդդիմախոսներին: Մեզ հետ զրույցում նա ևե մեկ անգամ հայտարարեց, որ իրենց գործողություններն օրինական են: Ավելին, նա որպես ճարտարապետ՝ վստահ է, որ Երևանում երբևէ պատմամշակութային այլ շենքերի ապամոնտաժման աշխատանքներն այսքան օրինական, ճշգրիտ ու պրոֆեսիոնալ ձևով չեն իրականացվել, որքան այս շենքի դեպքում:

Ինչ վերաբերում է հնչող այն տեսակետին, թե չի կատարվում մշակույթի նախարարության պահանջը, ճարտարապետը հիշեցնում է, որ գրության հեղինակը ոչ թե նախարարությունն է, այլ մշակույթի նախարարության գործակալությանը՝ նշելով, որ նախարարությունը չի կարող դեմ լինել իր իսկ կողմից ժամանակին հաստատված նախագծին: «Շենքի ապամոնտաժման և «Հին Երևան»-ի տարածքում վերակառուցվելու նախագիծը հաստատվել է նախ մշակույթի նախարարության կողմից, ապա ուղարկել Երևանի քաղաքապետերան, իսկ վերջինս շինարարության թույլտվություն է տվել: Հիմա մշակույթի նախարարության ինչ որ գործակալության պետ՝ Արմեն Աբրոյանը, հայտարարում է, որ թերի փաստաթղթեր կան: Հո իր ասելո՞վ չի: Այդ մարդն ինքնագործունեությամբ է զբաղված, և դրա մասին թող իր նախարարը մտածի»,-ասում է Վարդանյանը:

Ճարտարապետը նաև չի ընդունում այն փաստարկը, որ եթե հայց է ներկայացվել դատարան, նշանակում է՝ ապամոնտաժման աշխատանները պետք է դադարեցվեն. «Երբ դատարանը որոշում կկայացնի, որ պետք է դադարեցնել, խնդրեմ, թող որոշումը տանեն քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ եթե ասի՝ դադարեցրեք, դադարեցնենք: Երևանի տարածքում մի մարդ իրավունք ունի դադարեցնել շինարարությունը՝ դա Երևանի քաղաքապետն է: Իսկ քանի դեռ նման որոշում չկա, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք»:

Լևոն Վարդանյանը ակտիվիստներին կոչ է անում մտածել իրենց գործողությունների իրավաչափության մասին, թե արդյոք հասարակական կարգն ու հարակից բնակիչների անդորրը խանգարելը որքանո՞վ է օրինական:  «Գալիս են, աղմկում, խփում դարպասներին, իրենց թվում է՝ դա թատերաբեմ է: Բնակիչներն էլ ինձ են բողոքում, ասում են՝ հիվանդներ կան, փոքր երեխաներ,-ասում է Վարդանյանը,-ինչ վերաբերում է ինձ՝ ես խնդիր չունեմ, ես իմ աշխատանքը շարունակելու եմ և իմ ճարտարապետական նախագծի տերն եմ, իսկ Աբրոյանը մշակույթի նախարարի խնդիրն է, մարդկանց հանգիստը խանգարողներն էլ՝ ոստիկանության խնդիրը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակն ուրախ է, որ դատարան այդ հարցով հայց է ներկայացվել, քանի որ ինքը՝ որպես նախագծող, կարող է բոլոր հարցերի պատասխանները տալ և ապացուցել, որ ինքը ճիշտ է:

Բայց արդյոք դատարանը կարո՞ղ է որոշել՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, դա էլ հարց է, քանի որ Հայաստանում հույս դնել դատարանների վրա, մեղմ ասած, միամտություն կլինի:

Հարցի միակ պատասխանը թերևս կարող է տալ «Հին Երևան» նախագծի իրականացումը, որին այդպես համառորեն չեն հավատում ակտիվիստները, և որը տարիներ ի վեր համառորեն առաջ է քաշում ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Փաստն այն է, որ այսօր նախագծի իրականացումը դեռևս տեսանելի չէ:

 

Անի Գասպարյան

 Անկախ

Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները

որոշումՄշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:

Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Փահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի

տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն  իրականացվում է ՀՀ կառավարության  7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀՍահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային  պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց  համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը  տրամադրել է անօրինական  ապամոնտաժման թույլտվություն։

Ելնելով վերնշյալից՝ Պահպանենք Աֆրիկյանների տունը  քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և  «Ուրբանլաբ Երևան»   ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել ` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:

Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնություն

Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը

загруженноеՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

“Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների  վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը”:

 

Անկախ

 

«Բավական է ամեն ինչ չափել փողով եւ փորով». Մարգարիտ Եսայանը՝ Գառնու տաճարի խնջույքի մասին

231758661390990470

ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Միլիոն տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Գառնի-Գեղարդ, շատ փոքր էի, բայց շատ պարզ հիշում եմ առաջին տպավորությունս՝ սարսուռն էր, ակնածանքը, մի անբացատրելի վախ եւ թրթիռ…Ես փոքրիկ էի, իսկ Գառնու տաճարի սյուները՝ հսկա եւ անհասանելի…երկար ճանապարհ էինք անցել Երեւանից եւ մենք՝ ինձանից ավելի փոքր քույրս, եղբայրս եւ ես քաղցած էինք, բայց մայրս մեզ արգելեց անգամ բուլկի ոտել տաճարի տարածքում. «Չի կարելի,-ասաց, -սա սուրբ վայր է, համբերեք»: Մենք երեխա էինք եւ համբերեցինք… Տարիներ անց նաեւ այսօր, երբ Գառնի եմ գնում, հիշում եմ մորս ձայնը, ինձ համակած անբացատրելի սարսուռը եւ ակնածանքը.. Վերջին անգամ Գառնիում եմ եղել մեկ տարի առաջ…..Սա, որպես հուշ, իսկ ավելի խիստ, ասելիքս այն է, որ հերիք եղավ, բավական է ամեն ինչ չափել փողով եւ փորով, հերիք եղավ անհարկի եւ անտեղի փորձել ապացուցել, որ մարդը միայն հացիվ է եւ ոգու սովն է սպառնում… հերիք եղավ, Գառնին սրբություն է, Գառնին պատմություն է, մշակույթ, հիշողություն, իսկ հիշողության վրա հաց չեն ուտում, հիշողությունը գուրգուրում են, փայփայում, խնամում եւ գնահատում….Թե ով կամ որ կազմակերպությունն է նման միտք հղացել եւ իրականացրել Գառնու տաճարի մոտ կորպորատիվ կամ նման մի բան կազմակերպելը, արդեն կարեւոր էլ չէ՝ սա պետության կողմից պահպանվող հուշարձան է եւ հենց պետությունը, այս դեպքում, կարծում եմ, մշակույթի նախարարությունը պետք է համարժեք պահվածք ունենար եւ մերժեր ցանկացած առաջարկ, անգամ եթե այդ առաջարկը գայթակղիչ է եւ շահեկան, ոչ ոք իրավունք չունի մեր պատմական հուշարձանների հետ վարվել վայրագի պես, մենք մեր հուշարձանների հանդեպ այսպիսի վերաբերմունք իրավունք չունենք ունենալ, մենք անցողիկ ենք, հուշարձանները՝ հավերժ եթե կարողանանք պահպանել, եթե մենք մեր հողի վրա ենք այսպես անգրագետ եւ անխնա, ուրիշից ինչպե՞ս պահանջենք հարգել մեզ, մեր պատմությունը եւ մեր պատմական հուշարձանները…կարծում եմ՝ մեղավորները պատժի են արժանի, նորից այսպիսի սխալներն աններելի են…. Ես, որպես ԱԺ պատգամավոր, դատապարտում եմ կատարվածը»:

 

Անկախ

«Հ.Պողոսյանը խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած «Ակունքը» և ազգային մշակույթը…»

1184870_618748261498820_685661602_n

«Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի խորոց սրտի՝ խոսք ընդ հին ու նոր ՀՀ Մշակույթի նախարարին,

Պատճենը՝ ՀՀ Նախագահին.

Մշակույթը հայ փոքրաթիվ ժողովրդի ինքնահաստատման զորավոր զենքերից մեկն է և այն ոչ միայն պետք է գտնվի պետական հոգածության, այլև՝ պետական հսկողության տակ, ինչպես օդի ու ջրի մաքրության պահպանման խնդիրները:

Այսօր ՖԲ-ի իմ ընկեր Լևոն Դռնոյանի պատին կարդացի-<Հայ երգի համար արգելք չկա> գրառումը:
Իմ ընկերը լավատես է, անուղղելի լավատես: Կուզենայի այդպես լիներ, բայց բերեմ չոր փաստեր՝ հայ երգի կրողներից մեկի՝ «Ակունք» ազգագրական համույթի անտերության մասին:

«Ակունք» ազգագրական համույթը հիմնել է բանասիրական գիտությունների թեկնածու, երաժշտագետ Մարո Մուրադյանը՝ հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստրը,1975-1976 թ-ին:

1981թ-ին ազգային ոգու զարթոնքի հարցում անուրանալի դերակատարում ունեցած Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանը <Ակունքը> դարձնում է պետական խումբ, նշանակում պլանավորված ձայնագրություններ ու հեռուստաելույթներ, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում համույթը դառնում է բազմաթիվ խմբերի ստեղծման խթանն ու դրոշակակիրը: Այն ժամանակների համար նրա համարձակ և ազգային մշակութային քաղաքականության շնորհիվ, մոռացության ու կորստի վտանգից փրկվում են ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր:
Սակայն 2001թ-ին, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության վերակազմավորման ժամանակ, վերագրանցելու պայմանով լուծարվում են ռադիոյի բոլոր երաժշտական կոլեկտիվները, այդ թվում նաև «Ակունքը»,  սակայն ի տարբերություն մյուսների՝ «Ակունքն» այլևս չի վերականգնվում: Առ այսօր:

Պետական կարգավիճակի վերականգնման վերաբերյալ ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Հանրային ռոդիոյի տնօրենին գրված խնդրագրերը, անգամ ՀՀ նախագահի առաջին տիկին Ռ.Սարգսյանին գրված միջնորդագրերը արդյունք չեն տվել: Կարգավիճակի վերականգնումը խմբի համար ինքնանպատակ չէ. ազգագրական բազմաթիվ նմուշներ չեն գրառվում, ֆոնդավորվում՝ այդ նպատակի համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով /մշտական փորձասրահ, համույթի անդամների գոնե նվազագույն վարձատրություն, ձայնագրման ու տեսագրման ծախսեր/:

Մոռացության և կորստի վտանգի տակ են համույթի կողմից ամբարած ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր, իսկ գրառված եզակի ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի նախագահ Ա.Ամիրյանի բարեսրտության և աջակցության շնորհիվ, այնինչ զավեշտական է ու անտրամաբանական, որ ազգային մշակույթի նվաճումներով հպարտացող երկիրը չունենա պետական գոնե մեկ ժողովրդական-ազգագրական անսամբլ։

Բարեբախտություն է, որ մշակութային արժեքների այս ոլորտի պահպանման առաքելությունն ուսերին վերցրած հայ երգի նվիրյալները չեն կոտրվում դժվարություններից և գոյատևում են ամբարածն ամեն գնով պահպանելու, սերունդներին փոխանցելու մեծ նվիրվածության շնորհիվ: Բայց մինչև երբ:

Շատ նախագահներ, կառավարություններ ու մշակույթի նախարարներ են եկել-գնացել:
Արդյունքում՝ մշտական փորձատեղ ունենալն անգամ այսօր համույթի համար դարձել է գերխնդիր:

Վերջաբան.
Մի մեջբերում արևմտաեվրոպական ականավոր վիպասան, Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլի <Բիլյարդ ինն անց կեսին> գրքից.
Հայնրիխ Ֆեմելը փառաբանված ճարտարապետ է, նա շատ շինություններ ու կամուջներ է կառուցել: 30 տարի անց այն օրից, որ նա կառուցել է Սուրբ Անտոնիոսի աբբայությունը, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեք օր առաջ, նրա որդի Ռոբերտ Ֆեմելին, որ սակրավորական զորքերի սպա էր, պայթեցնում է հոր կառուցած կամուրջներն ու աբբայությունը:
Ծննդյան ութսունամյակի օրը, ի մի բերելով իր կյանքի հանրագումարը, նա իրեն սնանկացած է զգում և երիտասարդ սերնդին կոչ է անում թքել իր շիրմաքարի վրա:
Վերջերգ.
2011թ-ին <Մեցցո> համերգասրահում կայացավ Ստեփան Պողոսյանի մեծարման երեկո, որում, հոբելյարի ցանկությամբ հրավիրվել էր նաև Ակունք համույթը: Ամենայն հավանականությամբ՝ նա ցանկացել էր համոզվել. ապրում է արդյոք այն մշակույթը, որի համար, ինչպես Կոմիտասն է ասել՝ ինքը մեռավ: Համույթն, այդ օրն, անշուշտ, իր երախտիքի խոսքն ասաց, և, ցավոք, իր ելույթն այդ մեծ մարդու համար դարձավ վերջերգ:
Ահա այդ օրը, ինչպես Հայնրիխ Ֆեմելը և նրա որդի Ռոբերտ Ֆեմելը, կողք-կողքի նստած էին հայրը և նրա աղջիկը՝ հայ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, որ խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած «Ակունքը»  և ազգային մշակույթը՝ 2006թ-ից առ այսօր»:

 

Անկախ

Հասմիկ Պողոսյանը կրկին մշակույթի նախարար

հասմիկ պողոսյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:

Անկախ

Հայտնի են Օպերայի տնօրենի պաշտոնի համար մրցույթի հաղթողները

օպերա«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ/, Գագիկ Զալիկի Մանասյանը /7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ/:

Այսպիսով՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

 

Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու

օպերաՍ. թ. մարտի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն էր ս. թ. մարտի 15-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է

օպերա2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն:  Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Մրցութային հանձնաժողովի կազմը հետևյալն է.

Դավիթ Ղազարյան-նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան,

Արտակ Գևորգյան-քարտուղար, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

Հովհաննես Չեքիջյան-անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար,

Գեղամ Գրիգորյան-անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ռեժիսոր,

Կարեն Դուրգարյան-անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր,

Վարդան Աճեմյան-անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,

Շահեն Շահինյան-անդամ,  «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր,

Արթուր Ղուկասյան-անդամ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ,

Էդգար Գևորգյան-անդամ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ,

Վահան Դավթյան-անդամ, ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,

Վահան Եղիազարյան-անդամ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական,

Արմինե Խաչատրյան-անդամ, նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ:

 

“Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է”,- Վահե Անթանեսյան

Գառնիի տաճարը“Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածելակերպով պղծում է Գառնու տաճարը։ Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է։ Ամեն ինչ անում են փչացնելու ու պղծելու համար մեր մշակույթը”։ -Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու մշակույթի նախարարության որոշուման մասին՝ ասաց պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը։ Արորդաց ուխտի հետնորդների խոսքով` որևէ կերպ արդարացված չէ մշակույթի նախարարության որոշումը։ Ազգի պատմության ամենամեծ անձնագիրը Գառնու տաճարն է, չի կարելի այն պղծել, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը։”Եթե խաշանոցներ են ուզում սարքել, թող սարքեն տարածքից մի քիչ հեռու։ Վստահ եմ և հուսով, որ նման բան չեն անի։ Մենք առաջարկում ենք մշակույթի նախարարությանը, բոլոր ազգասեր ուժերին և պատրաստ ենք նաև ֆինանսավորել, որ Գառնիի տարածքի մուտքի աջ հատվածում գտնվող կիսավեր տարածքում հնագիտական թանգարան կառուցվի։ Այդպես ավելի շատ զբոսաշրջիկներ կլինեն”,- ասաց քուրմ Վարուժ Աղաջանյանը։ «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպության անդամ Արման Մխիթարյանի խոսքով` սրճարանի կառուցումը անհնար կդարձնի մշակութային շերտերի նոր ուսումնասիրումը: Ըստ բանախոսների` Մշակույթի նախարարությունը պատճառաբանում է, թե տարածքի պահպանման համար գումարները չեն բավարարում, այնտեղ նստարաններ ու ծածկ է դրվելու, որտեղ սուրճ, հյութ ու ջուր են վաճառելու։ “Չեմ կարծում, թե սուրճ ու ջուր վաճառելով հնարավոր կլինի իրենց նպատակն իրագործել”,- ասաց Արման Մխիթարյանը` ավելացնելով, որ պայքարի համար կան քաղաքակիրթ միջոցներ, քարով ու փայտով չեն պատրաստվում պայքարել, բայց եթե քաղաքակիրթ տարբերակը չգործի, քար ու փայտի տարբերակը միշտ էլ կա։ Քրմերի խոսքով` Գառնիից հեռախոսազանգ են ստացել, որ այս պահին շինարարություն է ընթանում։ Շրջանցել են օրենքի այն կետը, որ շինարարություն սկսելու համար պարտադիր է նաև համայնքի ղեկավարի ստորագրությունը, ինչը, սակայն, համայնքի ղեկավարը չի անում: Անկախ

Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ

Ներսես տեր վարդանյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։

***
Ներսես Տեր-Վարդանյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
17 հունիսի 1981 թ., ք. Երևան

Կրթություն
1997-2001 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ,
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, ասպիրանտուրա
2011 թ. – Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ), Հանրային կառավարման և հանրային քաղաքականության վերապատրաստման դասընթաց

Աշխատանքային գործունեություն
1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպություն, «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող
2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու
2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Պատմական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ տարբեր գիտական պարբերականներում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, ինչպես նաև Կահիրեի պետական համալսարանի և Բրիտանական խորհրդի դասընթացներին: Տիրապետում է անգլերենի ռուսերենի, գերմաներենի:
2005-2008 թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2013 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, 2004 թ. մինչ օրս «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Միջազգային սեմինար` նվիրված հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը

բրոնզՍ. թ. հունվարի 15-21-ը, Հայաստանի պատմության թանգա­րա­նում կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը: Այն անցկացվում է 2011 թվականի հունիսին Երևանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմու­թյան թանգարանի միջև Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Սեմինարի նպատակն է երիտասարդ մասնագետներին նախապատրաստել հնագիտական մետաղյա առար­կաների պահպանության կազմակերպման գործընթացին` փաստաթղթավորումից մինչև  համակարգչային հիշողության մեջ ներառելը: Սեմինարին մասնակցում են Հայատանի պատմության թանգա­րանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Մատենադարանի, Մշակութային ժառանգության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները,  ինչպես նաև մասնակիցներ արտերկրից /Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Իրաք, Ռուսաստան/:

ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 15-16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի իններորդ հարկի դահլիճում կկազմակերպվեն բաց սեմինարներ` «Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և «Կանխարգելիչ կոնսերվացում» թեմաներով: Հունվարի 17-ին, 18-ին և 21-ին հայ և արտասահմանցի մասնագետները կանցկացնեն համատեղ քննարկումներ և կմասնակցեն ճապոնացի մասնագետների դասախոսություններին:

Դարի հայազգի լուսանկարիչը` Հայաաստանում

գյուլերԱշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որին Թուրքիայում անվանում են նաև “Ստամբուլի աչք”, հունիսի 4-ին Երևանում էր` մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված իր լուսանկարներ “Բարև ձեզ” ցուցահանդեսի բացմանը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի այլ վայրերում արված շուրջ 100 լուսանկարներ: Գյուլերի տեսախցիկն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Սալվադոր Դալին, Ինդիրա Գանդին, Դասթին Հոֆմանը, Սերգեյ Փարաջանովը, Արամ Խաչատրյանը, Սոֆի Լորենը, Բրիջիտ Բարդոն և ուրիշներ: Նրա լուսանկարները տասնամյակներ շարունակ զարմացրել են աշխարհին` արժանացնելով լուսանկարչին բազմաթիվ մրցանակների և տիտղոսների ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհում:

2012 թվականին Ստամբուլում մշակույթի և արվեստի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Էրդողանը Արա Գյուլերից վերցրել է ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Այդ միջոցառման ժամանակ Գյուլերը ճանաչվել է դարի լուսանկարիչ:

Դարի լուսանկարիչը Հայաստանում մեծ ոգևորությամբ և մեծարանքով ընդունվեց: Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանի կողմից նրան շնորհվեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում:

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, որը նույնպես ծնվել է Ստամբուլում և Գյուլերի հետ նույն դպրոցում սովորել, հիշեց, որ դեռևս այն ժամանակ Արան տեսնում էր այն, ինչ ոչ ոք չէր տեսնում, և զգում էր այն, ինչ ոչ ոք չէր զգում: “Նա տաղանդ էր, որով բոլորս հիանում էինք: Ժամանակն ապացուցեց, որ նա իսկապես բացառիկ մարդ է”:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ աշխարհահռչակ լուսանկարչի արվեստը բոլոր ժամանակներում ապշեցրել է ամբողջ աշխարհին: Հետաքրքիր է, որ ինքը` Գյուլերը, լուսանկարչությունն ամենևին էլ արվեստ չի համարում:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները Արա Գյուլերը նվիրում է Հայաստանին: Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ լուսանկարները կախված են մնալու Ազգային պատկերասրահում, մինչև դրանց համար առավել հարմար վայր գտնվի:

Վարպետի մասին խոսք ասաց նաև լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը. “Աշխարհում կան բազմաթիվ լուսանկարիչներ, բայց ամբողջ աշխարհը ճանաչում է երեք հայ լուսանկարչի, որոնցից մեկն էլ Արա Գյուլերն է”,- ասաց նա:

Ի դեպ, նրա ելույթի ժամանակ միջադեպ եղավ նրա ու մշակույթի նախարարի միջև, որը հավանաբար մի քանիսը միայն նկատեցին, այդ թվում և մենք՝ մոտ կանգնած լինելով նրանց: Զավեն Սարգսյանը հայտարարեց` ամոթ է, որ մենք այսօր չունենք լուսանկարների պրոֆեսիոնալ թանգարան, որտեղ մեր մեծ վարպետների գործերը, վավերագրական կադրերը կհավաքվեին, և մենք այսօր ստիպված չէինք լինի նման անհաջող դահլիճում այս լուսանկարները ցուցադրել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այլայլված շշնջաց. “Что ты говоришь… “:

Լուսանկարիչը շարունակեց. “Երևանը չունի հատուկ դահլիճներ, ի՞նչ են մեր դահլիճները, միշտ զբաղված…:

“Միշտ մի դառը բան Զավենը չի կարողանում չասի:  Պրոբլեմ ա: Հնարավոր ամենալավ դահլիճը այս պահին մենք տրամադրեցինք, որ այս լուսանկարներն այսօր ցուցադրվեն”,- իր կողքի պաշտոնյային ասաց նախարարը:

Իսկ երբ Զավեն Սարգսյանն ավարտեց խոսքը և շրջվեց դեպի Հասմիկ Պողոսյանը` պարզելու, թե ինչու է նախարարն անհանգիստ, վերջինս ասաց. “Завен, отстань, это невозможно…: Ի պատասխան,  Զավեն Սարгսյանն ասաց. “Нельзя правду говорить?”

Նկատենք, որ դահլիճի անհարմարությունը նաև Արա Գյուլերն էր նկատել. “Ես հիմա մտածում եմ, թե այս աղմուկի մեջ ինչպես եք ցուցահանդեսը նայելու: Օրինակ` ես այսքան մարդու մեջ ցուցահանդես չէի կարող նայել, կփախչեի…”:

Ցուցասրահն իսկապես լեփ-լեցուն էր, և մարդիկ դժվարությամբ էին տեղաշարժվում: Ինչ վերաբերում է լուսանկարները դիտելուն, ապա դրանք դեռ 3 ամիս կախված են  մնալու այնտեղ, և հնարավորություն կա դրանք առավել խաղաղ պայմաններում դիտելու: