Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մասնակցելու Ադրբեջանի, Վրաստաի և Թուրքիայի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ` այցի շրջանակներում Յըլմազը երկկողմ հանդիպումներ կունեն իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իրակլի Ալասանիի հետ: Նախարարները կհանդիպեն նաև Նախիջևանի մեջլիսի ներկայացուցիչ Վասըֆ Թալիբովի հետ և կայցելեն զորանոցներ:
Tag Archives: նախիջևան
Երկրաշարժ Նախիջևանում
Նախիջևանի Ինքնավար Հանրապատությունում երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հայտարարությանը:
Ըստ հայտարարության՝ երկրաշարժը գրանցվել է հուլիսի 23-ին՝ տեղի ժամանակով 05:17-ին: Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ ՆԻՀ-ի Շարուրի շրջանում:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ՝13 կմ խորության վրա:
Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետություն-Նախիջեւան սահմանի վրա
Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից: Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված եւ սովորական երեւույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ: Թե՛ Նախիջեւանի եւ թե՛ Տավուշի ուղղությամբ արձանագրված դեպքերը խոսում են արդեն ոչ միայն արցախաադրբեջանական, այլ նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային գոտիներում) արձանագրվող զարգացումների մասին:
Արագ կարգով, մի քանի լրատվություն եւ ապա` որոշ հետեւություններ:
Ուրբաթ օր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային հարված էր ստացել ժամկետային մի զինվոր:
Հունիսի 5-ին ՀՀ-Նախիջեւան սահմանի Արարատի հատվածում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից սպանվել էին երկու պայմանագրային զինվորական ծառայողներ:
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը այցելել էր ՀՀ-ի հարավ-արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումներին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանության նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման եւ հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Դեպքերի բնույթն ու պատահարների մանրամասները իմանալու համար պետք է սպասել պաշտոնական լրահոսին: Եւ իրոք, սա այն ոլորտն է, որտեղ ենթադրությունների վրա հիմնված վերլուծումներն ու մեկնաբանությունները պետք է զիջեն առարկայական տեղեկություն հաղորդելու սկզբունքին. հատկապես մեր նման կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար իբրեւ աղբյուր պետք է նկատի ունենալ զինվորական համապատասխան գերատեսչությունների մամուլի ծառայությունների հաղորդածները:
Բայց անկախ դեպքերի բնույթից, հենակետերի կարգավիճակին վերաբերող մանրամասնություններից, նախահարձակման կամ համարժեք պատասխանների արդյունքներից, արժե մի քանի դիտարկում կատարել։
Արձանագրվող դեպքերի միջավայրերի եւ զինվորական ճակատների բռնկման հարավ-արեւմտյան զգալի բաժինները հայտնապես խոսում են ՀՀ-Նախիջեւան շփման գծերի մասին:
Դեպքերի շարժառիթներին, ռազմագիտական ակնոցով կատարվող դիտարկումներին որոշ հետեւություններ անելը պահանջում է մասնագիտական մոտեցում: Եւ առանց տիրապետելու իրավիճակի մանրամասներին, զարգացումների մասին եզրահանգումներ անելը լրագրողական առումով ճիշտ պիտի չլիներ:
Տեղեկատվականի դեպքում սակայն, փաստերի վրա հիմնվելով որոշ խորհրդածություն անելը կարող է օգտակար լինել։ Նախիջեւանի ուղղությամբ արձանագրված զարգացումների օրերին հայկական կողմից կային հերքումներ. ադրբեջանականը համեմատաբար զուսպ էր եւ պահում էր որոշակի լռություն: Աշխույժը ռուսականն էր, որը խոսում էր հայկական ուժերի առավելության, այդ ուղղությամբ հենակետ գրավելու եւ Նախիջեւանում ադրբեջանական գյուղի բնակչության տարհանման մասին:
Առայժմ ավելի հետեւություն անելը թվում է, թե նպատակահարմարություն չի ապահովի: Հայկական կողմից կա որոշակի զսպվածություն այս մասին բարձրաձայնումներ կատարելու: Նախիջեւանի աշխարհագրությունը նկատի ունենալով կան վերլուծություններ, որոնք նշում են հարցի արտակարգ տարողությունը` ընդգծելու համար, որ արձանագրվածը ռուս-թուրքական քաղաքական պարանաձգությունում տեղավորվող ուղերձների փոխանակում է:
Չէ բացառված, որ նախահարձակ կողմի, հենակետ գրավողի կամ տարհանված գյուղերի մասին լրատվությունները շարունակվեն: Նաեւ, որ` արցախաադրբեջանականից բացի ընդհանրապես հայ-ադրբեջանական շփման գծերի վրա շարունակվեն նման մասնակի բախումներ:
Պարզը այն է, որ ռուսական լրատվադաշտը մեծ լուսարձակներ է բացել ՀՀ-Նախիջեւան սահմանի վրա: Մինչ, առնվազն իրեն հատուկ թափով ադրբեջանական կողմը չի լուսաբանում արձանագրվող պատահարները:
Հայկական կողմը այս դեպքերի լուսաբանման համար բացառապես պետք է նկատի ունենա պաշտոնական լրահոսի փոխանցածները: Վաղ է հաստատել, որ Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները կարող են ստանալ տարածաշրջանային տարողություն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «կրակել» Նախիջևանից
Անցյալ շաբաթվա վերջը հայկական զինված ուժերի համար ցավալի ավարտ ունեցավ: Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի` Երասխ համայնքի տարածքում գտնվող դիրքերում հակառակորդի դիպուկահարների կրակից զոհվեց հայկական զինված ուժերի երկու զինծառայող` 26-ամյա սերժանտ Անդրանիկ Եղոյանն ու շարքային Բորիս Գասպարյանը: Այս օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծից եկած վերջին տագնապալի տեղեկատվությունը չէր սա, հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, ու արդեն քանիերորդ անգամ հայկական կողմը զոհեր է ունենում : Ընթացիկ իրավիճակը սահմանային գոտում կարելի է գնահատել կայուն լարված:
Նախիջևանն ավելի շատ թուրքական ֆորպոստ է
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Երասխի մերձակայքի դիրքերի միջադեպը, սահմանային միջադեպեր հիմնականում լինում էին Արցախի հատվածում և Հայաստանի համար, այսպես ասած, «ավանդական» շրջանում` Տավուշում: Այս անգամ միջադեպն աննախադեպ էր.հակառակորդը կրակ բացեց Նախիջևանի ուղղությունից, որտեղ իրավիճակը միշտ համեմատաբար ավելի կայուն է եղել, իսկ Երասխի ուղղությամբ վերջին գրեթե 20 տարիներին վիճակը հատուկենտ «անվնաս» կրակոցներից ավելի չէր սրվել, առավել ևս` զոհեր չէին եղել:
Եվ ուշադրության արժանի է այս հանգամանքը. 20 տավա ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղելՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքից ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա: Սա արդեն մտորելու տեղիք է տալիս: 2013 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով` Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, այն միշտ ընկալվել է որպես որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լրատվամիջոցներից մեկին այս առիթով ասել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել` համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է` սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»:
Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ իր հերթին է լրատվամիջոցներին ասել, թե Երևանին այդքան մոտ սահմանագծից հնչող կրակոցների փաստը վկայում է Ադրբեջանին Թուրքիայի անթաքույց աջակցության մասին:
Եվ իրոք, ինչպես դեպքի հաջորդ օրը պատմել են միջադեպի ականատեսները, հայ զինծառայողները խոցվել են ոչ թե պատահական, այլ դիպուկահար կրակից, այն էլ` հզոր զենքերից, քանի որ Անդրանիկ Եղոյանը խոցվել է զուգարանում, իսկ Բորիս Գասպարյանը` խրամատի հրակնատի անցքից, ընդ որում հակառակորդի գնդակից զինվորին չի պաշտպանել անգամ պողպատե սաղավարտը: Այսինքն` կրակողները եղել են բարձր կարգի պրոֆեսիոնալներ: Բացի այդ, թե՛ երասխցիները և թե՛ հայ դիրքապահները նկատել են, որ կրակոցների ժամանակ հայկական դիրքերից մոտ 300-350 մ հեռավորության վրա կայանված է սև ամենագնաց, դեպի որն էլ կրակոցներից հետո տարբեր դիրքերից շտապել են 6-7 դիպուկահարները: (Համազորային դիպուկահարները 6-7 հոգանոց խմբերով չեն «աշխատում», բացի այդ, հասարակ զինծառայողներին սև ամենագնացներով չեն տեղափոխում:) Ականատեսները պնդում են նաև, որ այդ դիպուկահարները եղել են մինչև դեպքի օրն ու դրանից հետո այդ դիրքերում երբևէ չտեսնված համազգեստներով:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը չի բացառում, որ դիպուկահարները կարող են թուրքական կողմի ներկայացուցիչներ լինել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ միջադեպի հաջորդ օրն ասել է, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:
Նախիջևանը հատուկ կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում, այն և՛ Թուրքիայի անմիջական ուշադրության կենտրոնում է ու անմիջական սահմանակիցը, և՛ Ադրբեջանի, որովհետև հակառակորդները հասկանում են, որ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումները կարող են լինել Նախիջևանի կողմից: Ուստի մայիսի 5-ի միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:
Ադրբեջանի` Նախիջևանի կողմից կրակելու մոտիվացիան
Նայենք, թե ինչ ընդհանուր համապատկերում տեղի ունեցան այս կրակոցներն ու փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ կարող էին դրանք հետապնդել:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում մի քանի հետաքրքիր դրույթներ կային:
«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և՛ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և՛ միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և՛ միջազգային հանրության նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքից անմիջապես հետո` հունիս 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պն հրավիրեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:
Դեսպան Կասպրշիկը մտահոգություն հայտնեց և խոստացավ քայլեր ձեռնարկել: Այսինքն` հերթական հերթապահ արտահայտությունը, որը դժվար թե շփման գծում իրավճակ փոխի, որովհետև մեր հակառակորդը թքած ունի ԼՂ հակամարտության միջնորդների հորդորների վրա, թե հարաբերությունների լուծման միակ ուղին վստահության վերականգնումն է, թե պետք է զերծ մնալ կրակոցներից ու դիվերսիոն-հետախուզական գործողություններից, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, միջադեպերի կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել և այլն:
Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար: Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր ակտիվացմանը` ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:
«Ե՛վ ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և՛ համանախագահները, և՛ Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որ վերջ դնեն տեղում դոփելուն: Իսկ դրան վերջ դնելու հիմքը մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամենին: Կարծում եմ` դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Բացի այդ, Հայաստանը պատրաստվում է մինչև հաջորդ ամսվա սկիզբն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բացահայտ Ադրբեջանի սրտով չէ: Ուստի, հակառակորդն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ անդամակցությանը խանգարի: Հակառակորդի կողմից մեր պաշտպանական դիրքերի ուժեղ և թույլ կողմերը գտնելու փորձերը, ինչպես օրերս Հ1-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, պլանային նպատակներ ունեն: Հակառակորդն անկասկած փորձում է իրավիճակը սրել, որովհետև նաև նպատակ ունի միակողմանի հաջողությունների հասնել բանակցությունների ընթացքում:
Բացի այս ամենը, կրակոցները պայմանավորված էին մի հանգամանքով ևս` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր խմբաքանակի զենք-զինամթերք- զինատեսակների մատակարարումով: Անկասկած, հակառակորդի կողմից սպառազինության ձեռքբերումը, ընդ որում` ոչ միայն հարձակողական բնույթի, մեզ համար մտահոգիչ է: Ու ցանկացած պարագայում Հայաստանը փորձելու է այնպես անել, որ հակառակորդը սպառազինություններով չգերազանցի մեզ ու երբեք ի վիճակի չլինի հարցերը լուծելու զինատեսակների գերակշռությամբ: Ինչպես այս կապակցությամբ մատնանշեց հենց Սեյրան Օհանյանը. «Հակառակորդը փորձում է մեզ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել, ու մենք շատ դեպքերում մեր երկրի սոցիալական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները սիպված ենք լինում ուղղել պաշտպանական ռեսուրսների ձևավորմանը: Իսկ հակառակորդն իր բախտը, ինչպես գիտենք, միշտ որոնում է հակամարտության ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ էլ ասեմ, որ նրանց մոտ գտնվող սպառազինության ամբողջ քանակն ու որակը մեր վերահսկողության տակ է, մենք ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, քանի որ գտնում ենք, որ սպառազինությունը չէ մարտական գործողությունների ընթացքում հաջողություն երաշխավորում, այլ մարդը` իր պատրաստվածությամբ, և այն բոլոր հնարամտությունները, որոնք կարող են օգտագործվել անհամաչափ գործողությունների, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղել է արցախյան գոյապայքարի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը` Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ:
Ցավոք սրտի, և սա ընդգծեց նաև ՀՀ պաշտպանության նախարարը, մինչև ԼՂ հակամարտության քաղաքական խնդրի լուծումը նման միջադեպերը մեր կյանքի ուղեկիցն են լինելու,և մենք ստիպված ենք լինելու զսպել հակառակորդի «եռանդը» պատժիչ գործողություններով:
Ադրբեջանի օդանավակայանում 8 ուղևոր վայրեջքի ժամանակ վնասվածքներ է ստացել
Բաքու-Նախիջևան չվերթի “Բոինգ 757” օդանավի 8 ուղևոր վայրէջքի ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, օդանավը, որում եղել է մոտ 180 ուղևոր, ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել: Ուղևորներից 8-ը ամրագոտիները ամրացրած չեն եղել, որի հետևանքով ընկել են ու տարբեր վնասվածքներ ստացել:
Նշենք, որ այդ ինքնաթիռը վայրէջք էր կատարում Նախիջևանի օդանավակայանում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնելու է Նախիջևան
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըմազը մայիսի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դերգահլըն:
Ըստ նրա` Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունի երկկողմ ռազմական համագործակցություն, ամեն տարի հաստատվում են տվյալ ոլորտի ծրագրերը:
“2013թ.-ի հուլիսին Բաքվում և Նախիջևանում, 2014թ.-ի փետրվարին Թուրքիայում` Կարսում, տեղի են ունեցել ադրբեջանաթուրքական համատեղ դաշտային զորավարժություններ: Նման միջոցառումներ կազմակերպվելու են նաև ապագայում”,- նշել է Դերգահլըն:
Ադրբեջանի զինված ուժերը լայնամաշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանում
Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դրանք իրականացվում են Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավարությամբ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Զորավարժության ընթացքում օգտագործվելու են ավիացիայի համակարգերը, հակաօդային պաշտպանությունը, հրթիռային և հրետանային զորքերը, այդ թվում՝ նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխանող զրահատեխնիկա։
Զորավարժությունների ընթացքում ստուգվելու է Նախիջևանում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը, տեղի է ունենալու մարտական տեխնիկայի կիրառման ուսուցում, ինչպես նաև ժամանակակից զենքերի կիրառում, հանձնարարականների ավելի օպերատիվ և արդյունավետ իրականացում, փոխգործակցության կազմակերպում ու ապահովում, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվելու մարտական գործողությունների տարբեր փուլերում տրված հանձնարարականների կատարմանը։
Նախիջևանցին փորձել է փախչել Հայաստան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից՝ սպիտակ դրոշով Հայաստան փախչելու փորձի ընթացքում, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը։
Իրավապաշտպան Հաքիմելդոսթու Մեհթիևի խոսքով՝ ապրիլի 12-ին Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել, և նման ռիսկային քայլի պատճառը եղել է այն, որ ոստիկանության սերժանտի վերաբերյալ նրա բողոքը հրաժարվել են քննել։
“Մոտ մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտը սպառնացել է Նազիմի կնոջն ու նրանից գումար հափշտակել։ Հետո կնոջը սկսել է շանտաժի ենթարկել՝ ստիպելով հանդիպել իր հետ։ Հանդիպումներից մեկի ընթացքում նրանց տեսել է Նազիմի որդին և ծեծկռտուք սկսել ոստիկանության սերժանտի հետ։ Կինը պատմել է Նազիմին ամեն ինչի մասին, և նա բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակցի դեմ”,- ասել է Մեհթիևը։
Իրավապաշտպանի խոսքով՝ տեղի ունեցածի մասին կարճ ժամանակում իմացել է Նազիմի ողջ գյուղը: “Բանբասանքների պատճառով ամուսնալուծվել են որդին ու դուստրը: Շուտով բաժանվել է նաև ինքը։ Նա ասում էր, որ կգնա հայերի մոտ, եթե չպատժեն ոստիկանության սերժանտին”,- տեղեկացրել է իրավապաշտպանը։
Մեհթիևը նշել է, որ երբ ոստիկանությունը հրաժարվել է քննել նրա հերթական բողոքը, Նազիմ Մամեդովը սպիտակ է հագել, վերցրել է սպիտակ դրոշն ու փորձել է անցնել հայկական կողմ:
Սահմանին նրան ձերբակալել են զինվորականները։ Այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության նախարարության տեղի բաժանմունքում, և նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Ադրբեջանական բանակի զինծառայողը սպանել է իր ծառայակցին
Ադրբեջանական բանակում սպանություն է տեղի ունեցել: Դեպքը գրանցվել է Նախիջևանում` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող զորամասերից մեկում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայող Նուրալ Բունյադլըն “անզգուշորեն” դանակով հարվածել է իր ծառայակից Թարիել Մամեդովին: Վերջինս ստացված վերքերից մահացել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատալ է այս դեպքը:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
«Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է». բողոքի երթ (տեսանյութ)
Թուրքիայի և Նախիջևանի միջև սահմանային նոր անցակետ է կառուցվում
Նախիջևանում արգելել են արտասահմանյան երաժշտությունը
Նախիջևանի ռադիոընկերությունների համար տարօրինակ արգելք է սահմանվել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։
Նախիջևանի հեռուստառադիոհաղորդումների հանձնաժողովն արգելել է արտասահմանյան էստրադայի հեռարձակումը։ Այժմ Նախիջևանում ռադիոյով հնարավոր կլինի լսել միայն ադրբեջանական երաժշտություն։
Արգելքի տակ են հայտնվել նաև այնպիսի ժանրեր, ինչպիսին են ռոքը, ռեփը, այդ թվում՝ ադրբեջաներենով։ Արգելվել է անգամ թուրքական երգերի հեռարձակումը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Նախիջևան
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 5-ին մեկնել է Նախիջևան` Առանձին համազորային բանակի` նոր ուսումնական տարվան պատրաստությունը ստուգելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը`հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը, Հասանովի գլխավորած աշխատանքային խմբի այցի նպատակը նյութատեխնիկական և սպառազինության ապահովման աստիճանի ստուգումն ու անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ծանոթանալն են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահի հրամանով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ստեղծվել է “Հատուկ համազորային բանակ” (այժմ` Առանձին համազորային բանակ)`Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա: “Համազորային բանակի” հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը:
Ադրբեջանում`Նախիջևանում, “Հատուկ համազորային բանակ” է ստեղծվել
Ադրբեջանի նախագահի հրամանով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ստեղծվել է “Հատուկ համազորային բանակ”`Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա: “Համազորային բանակի” հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
“Հատուկ համազորային բանակը” ծառայելու է Նախիջևանի պաշտպանական համակարգի արդյունավետության բարձրացմանը, մեկ ընդհանուր կենտրոնից կառավարմանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը մեկնել է Նախիջևան
Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 30-31-ը պաշտոնական այցով մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Ինչպես հաղորդում է ադրբեջական “Թուրան” գործակալությունը, Հասանովը այցելել է շրջանի բոլոր զորամասերը, հանդիպել է սպաների և զինվորների հետ, ծանոթացել է ծառայության պայմաններին:
Ըստ գործակալության`ՆԻՀ-ում կադրային փոփոխությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:
