ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության

Hovik-Abrahamyan1Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. «Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ և կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23.5 տոկոս, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, և այժմ աշխատում ենք այդ կարևոր փաստի վրա: Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»:
ՀՀ կառավարության երեկվա նիստում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այնտեղ կա կուտակված պարտք, և մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու և որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա, և եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են եղել այդ իրադարձություններում, պատասխան են տալու»: 
Վարչապետը խոսել է նաև ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով. «Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն ուղղակիորեն կախված է մեր տնտեսության զարգացումից, ինչից էլ կածանցվեն մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:

 

Անկախ

Ո՞ւր է Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքից ստացված 180 մլն դոլարը, եթե այն պետբյուջե չի մտել

Որոտանի ՀԷԿՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` կառավարությունը մինչև հիմա պատասխան չի տվել, թե Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքը որքանո՞վ է օրենքի շրջանակներում կատարվել: Տնտեսագետի տեղեկացմամբ` հնչել է միայն Արդարադատության նախարարի մանկամիտ պատասխանը, որով վերջինս փորձել է անօրինական գործարքի բացատրությունը տալ, ինչը հնարավոր չէ անել:

«Մենք պահանջում էինք ասել, թե ինչպե՞ս է կատարվել Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքի գործարքը, արդյոք եղե՞լ է կառավարության որոշում: Նրանք էլ պատասխանում էին, որ կառավարության որոշում չի եղել և ՀԷԿ-ի սեփականատերը կարող էր իր ցանկությամբ վաճառել այն, ինչը ոչ մի իրավական շրջանակներ մեջ չի տեղավորվում: Մարտ ամսին պարզ է դառնում, որ եղել է կառավարության որոշում: Որոշման մեջ կառավարությունը հստակ թույլ է տալիս Որոտանի ՓԲԸ-ին և Էներգետիկայի նախարարին վաճառել կառույցը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ին` որպես մասնավոր սեփականության, տնտեսագետը նշեց, որ իր կարծիքով` ՀԷԿ-ը որպես պետական սեփականություն պետք է ընդգրկված լիներ մասնավորեցման ցանկում, հետո նոր սեփականաշնորհվեր: Մասնավորեցման ընդհանուր կանոնների համաձայն` պետք է տեղի ունենար համապատասխան գնահատում, լիներ կառավարության որոշում, որի մեջ կնշվեր մասնավորեցման ձևը:

Վահագն Խաչատրյանի խոսքով` իրավական առումով ևս պայմանագրում մեծ հարցականներ կան: Պայմանագիրն ուսումնասիրելիս` առաջին հարցը, որ առաջանում է` ո՞ւր է առք ու վաճառքից ստացված 180 մլն դոլարը, չէ՞ որ դա պետական ունեցվածք է: «Պայմանագրի համաձայն այդ գումարն ամբողջությամբ չի փոխանցվում, այլ մասնակի: Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո փոխանցվում է մի մասը, իսկ մյուս մասը մեկ տարի հետո: Պայմանագրում գրված է, որ գումարը փոխանցվում է վաճառողին, բայց նշված չէ, թե ո՞վ է այդ վաճառողը` կառավարությո՞ւնը, Որոտան ՓԲԸ՞-ն, թե՞ Էներգետիկայի նախարարությունը: Այս հարցին է, որ կառավարությունը պատասխան չի տալիս: Պետական բյուջե այդ գումարը չի մտել, հարց է առաջանում` ո՞ւր է այդ գումարը»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ երկրորդ կարծիք չի կարող լինել, այդ գումարը պետք է մտնի պետական բյուջե:

Վահագն Խաչատրյանը պայմանագրի կարևոր մասերից մեկն էլ համարեց սակագնային փաթեթը: Նրա խոսքով` գնորդի շահագրգռվածությունը հենց այդ սակագնային փաթեթի մեջ է: Մասնագիտական գնահատականներով՝ ՀԷԿ-ի արժեքն իմանալու համար պետք է համեմատություն անցկացնել, թե նման կայանի կառուցումն ի՞նչ կարժենա: Նմանատիպ ՀԷԿ կառուցելու համար 900 մլն դոլար է հարկավոր:

 

 Անկախ

«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկար». Վահագն Խաչատրյան

Վահագն ԽաչատրյանՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը որևէ սահմանափակում չի տեսնում պետական ունեցվածքի վաճառքի հարցում, ըստ նրա, ցանկացած պետական ունեցվածք կարելի է վաճառել, որովհետև միշտ չէ, որ պետությունը կարողանում է արդյունավետ կառավարել իր ունեցվածքը, և կարող են գտնվել ավելի արդյունավետ կառավարող կազմակերպություններ, որոնց էլ կարելի է վաճառել պետական ունեցվածքը` երկու նպատակ հետապնդելով` գումար մուտք անել պետական բյուջե և պետական սեփականությունն ավելի արդյունավետ օգտագործել:

Սակայն այս տեսանկյունից Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը դիտարկելիս, Վահագն Խաչատրյանի խոսքով, հարց է առաջանում. արդյո՞ք Որոտանի ՀԷԿ-ը ներդրումների կարիք ունեցող կառույց է, գումարներ չունի, և պետք է այն վաճառել ու  արդյունավետ կառավարողի գտնել: Պատասխանը ըստ տնտեսագետի` միանշանակ ոչ է:

«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկար: Թեև Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ ՀԷԿ-ը 40 տարվա կառույց է, մաշված է, բայց իրականում այդպես չէ, քանի որ նման հիդրոկառույցներ ծառայում են մինչև 100 տարի: Ինժեներական առումով Որոտանի ՀԷԿ-ը շատ ունիկալ կառույց է: Նման կառույց վաճառել, նշանակում է տնտեսապես մի համեղ պատառ ուրիշին տալ, իսկ դրա համար պետք է թանկ գին վճարվի: Կա’մ դա վաճառելուց պետք է մեկ այլ մեծ տնտեսական ծրագիր իրականացվի, կա’մ էլ պետությունը խիստ ճգնաժամային իրավիճակում է գտնվում, և նրան մեծ գումարներ են անհրաժեշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով` տնտեսական կառավարման առումով նույնպես իմաստ չուներ ՀԷԿ-ը վաճառել, որովհետև տնտեսական ցուցանիշներին նայելիս` պարզ է դառնում, որ այն միշտ հաջող տնտեսական գործունեություն է ծավալել: Ճիշտ է, անցած, նախանցած տարիներին տնտեսական բալանսում ցույց է տվել բացասական հոսքեր, բայց դա զուտ հիդրոկայանի տնտեսական գործունեության հետ կապված չի եղել: Որոտանի ՀԷԿ-ի միջոցներով վճարվել են նաև Նաիրիտի աշխատողնրի աշխատավարձերը, այսինքն, կառավարությունը դրանով կարողացել է լուծել օպերատիվ խնդիրներ: Հիմա դա էլ չի լինի: Որոտանի ՀԷԿ-ի տնտեսական գործունեությունը երբեք բացասական չի եղել: Վերջին տարիներին գնվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է եղել: Եթե ժամանակին 1.2 դրամ էր, հետո դարձավ 4.3, հիմա դարձել է 7.9-8.2 դրամ: Դրանից էլ կախված է նաև այդ կառույցի շահութաբերությունը: Սա ամենաէժան հոսանք արտադրող կառույցն է:

«Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքի պայմանագիրը նայելիս` տեսնում ենք, որ այն ոչինչ չի տալու: Առաջին 5-7 տարիների ընթացքում կառույցը հասցվելու է հզորությունների մաքսիմալ օգտագործման, որը հավասար է տարեկան 1 մլրդ 200 մլն կիլովատ էներգիայի: Այդ 7 տարիների ընթացքում 70 մլրդ-ի ներդրումներ են կատարելու, ինչը այդքան էլ մեծ գումար չէ նման կառույցի համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

 Անկախ

Էներգետիկ լուրջ հզորությունը վաճառվեց ջրի գնով

մովսիսյանՀունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ–ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի–Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ–ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:

Բացի գույքի արժեքից` 180 մլն դոլարից, «Որոտանի կասկադը» գնող ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, ըստ գործարքի պայմանագրի, ստանձնեց պարտավորություն, այն է`  առաջիկա 6 տարվա ընթացքում կասկադում  ներդնել շուրջ 70 մլն դոլար  համալիրի արդիականացման և վերանորոգման համար:

 Հայտնի չէ, թե ինչ հիմքով է օտարվել «Որոտանի կասկադը»

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»: Իսկ գործարքի կայացումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս գործարքը Հայաստանի Հանրապետության համար «հաջող գործարք» անվանեց: Մի՞թե:

արծվիկ մինասյանՈրոտանի կասկադի վաճառքի հետ կապված երկու կարևոր հարց, ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բաց է մնում.  ՀՀ օրենսդրությունը պահպանվե՞լ է, և երկրորդ` տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

Առաջին հարցի կապակցությամբ պատգամավորը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում իրենք պահանջել են, որ նման օբյեկտները  միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո մասնավորեցվեն: Այն ժամանակ էներգետիկայի նախարարը նշել էր, որ կասկադի վաճառքի որևէ ցանկություն չկա, և, իհարկե, ծրագրում կընդգրկվի, նոր կորոշվի վաճառել այն: «Դրանից առաջ էլ կրկնվում էր, որ ծրագրում ընդգրկված է: Հետո պարզվեց, որ ծրագրում չէ, իսկ հետո էլ վերահաստատվեց, որ ծրագրում կընդգրկվի ու նոր կվաճառվի: Հետո մեր հանձնաժողովը քննարկեց համաձայնություն տալու հարցը, նույն հարցը ԱԺ-ում հնչեց, և էներգետիկայի նախարարը նորից պատասխանեց, որ նման որևէ գործարք չկա, և իրենք չեն կարող ԱԺ-ն շրջանցել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Բայց այժմ, երբ Որոտանի կասկադն արդեն վաճառվեց, պարզվում է, որ ԱԺ-ն, ամեն դեպքում, շրջանցվեց: Այսինքն` պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ձեռնարկությունն օտարվեց, և դա այն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն, կառավարությունն ունի միայն պետական սեփականության կառավարման իրավասություն, ոչ թե տնօրինման: Հետևաբար, այս հարցը պետք է պարզաբանում ստանա, թե իր ո՞ր իրավասությամբ է կառավարությունը նման գործարք իրականացրել:

Երկրորդ կարևոր հարցը. տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

«Ի վերջո, չմոռանանք, որ 500 մեգավատտից ավելի հզորությամբ պետական խոշորագույն սեփականություն հանդիսացող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»  գրեթե կես ատոմակայան է, և էներգետիկ անվտանգության բաղադրիչում պետական երևի թե ամենահզոր ու ամենամեծ սեփականությունն էր: Այս ամենից ելնելով` պետք է հստակ ներկայացվի, թե ինչո՞ւ է որոշվել պետական այս հսկայական սեփականությունն օտարել, ի՞նչ է արվելու գումարը, որ դրա դիմաց վերցվել է, ինչպե՞ս է որոշվել այդ գումարի մեծությունը, և որ ամենակարևորն է` Հայաստանի էներգետիկ համակարգը դրանից ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

վարդան բոստանջյան «Որոտանի կասկադը», ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, շահագործվող, աշխատող համակարգ է, որը մեր կողմից շահագործվելու առումով որևէ դժվարություն չէր ներկայացնում և շահութաբեր էր Հայաստանի Հանրապետության համար: Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի` էլեկտրաէներգիա արտադրող ամբողջ համակարգի մեջ «Որոտանի կասկադը» ամենաէժան էներգիան էր արտադրում` «1 Կվտ/ժ.-ի համար 4-4.5 դրամի սահմաններում», ուստի այդպիսի տնտեսությունը պետք է օգտագործվեր հենց Հայաստանի Հանրապետության կողմից: «Ես ուզում եմ մտածել, որ մասնագիտական առումով էլ դա անելու բավականաչափ մեծ պոտենցիալ կար: Դա չի եղել: Արդեն իսկ դրանով պայմանավորված` ես այս երևույթը համարում եմ ոչ ողջունելի մեզ համար»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Որոտանի կասկադը 180 մլն դոլարով վաճառելուն, ապա Վարդան Բոստանջյանը նշեց.-«180 մլն ամերիկյան դոլարն այդպիսի համակարգի համար բավականաչափ փոքր գումար է: Երկրորդ`  չի կարելի հուզական անդրադառնալ այն 70 մլն դոլար ներդրումներին, որ խոստացել են կատարել գնորդները. նման համակարգերի շահագործումը մշտապես ենթադրում է համակարգերի տեխնիկական արդիականացում: Եվ կարծում եմ`  այստեղ ևս Հայաստանի Հանրապետությունն ինքը մեծ հնարավորություն ուներ այդ 70 մլն դոլարի ներդրումներն ինքնուրույն կատարելու»:

«Տալ 180 մլն դոլարով և ասել, թե 6 տարում ևս 70 միլիոն կներդնի` լուրջ չէ: Որովհետեւ 500 մեգավատտ հզորության դեպքում արտադրում ես տարեկան 1.5-2 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա, եթե դա վաճառում ես 18 դրամով, վաճառքի ծավալը կազմում է 30-40 մլրդ դրամ, այսինքն` 100 միլիոն դոլար, ուրեմն միայն ամորտիզացիան, որ հաշվում ենք, ստացվում է, որ 6 տարում մենք միայն 40 մլն ինքներս կներդնեինք»,- իր հաշվարկները ներկայացրեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ այդ գործարքը տնտեսական առումով ոչնչով աչքի չի ընկնում:

հրանտ բագրատյան«Որոտանի կասկադը», ըստ Բագրատյանի, երևի աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն էր, քանի որ ինքնուրույն աշխատող, հումք չպահանջող, առանձնապես մեծ մարդկային ռեսուրսներ չպահանջող համալիր է: Տնտեսագետն էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհման իմաստը չի տեսնում, իսկ հիդրոէներգետիկ օբյեկտների սեփականաշնորհումն ընդհանրապես անհասկանալի է համարում: Բիզնես միջավայրում հնարավոր է, ինչ-որ ապրանք վաճառվի իր ինքնարժեքից ավելի էժան միայն այն բանի համար, որ գնորդը համարվի ստրատեգիական ներդրող, հետագայում կարող է լուրջ ներդրումներ իրականացնել ոլորտում կամ երկրում: Բայց Որոտանի համալիրը վաճառվել է մի ընկերության, որը տնօրինում է ընդամենը 3500 մեգավատտ հզորության:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Որոտանի կասկադի» վաճառքի պես գործարքներ նախկինում շատ են եղել: Պարզապես այս պարագայում գործարքի միակ հիշարժան մասը կարելի է համարել այն, որ, օտարերկրյա ներդրումները դիվերսիֆիկացնելով, ամերիկացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանում ներդրումներ կատարել: Կասկադն ընդամենը 180 մլն դոլարով վաճառելու առումով Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ամեն ինչ հարաբերական է. հարցին պետք է նայել ենթակառույցների տեսանկյունից:

«Էներգետիկ ենթակառույցի իմաստով, կարևոր է, թե որքանով է դա ծառայում տնտեսությանը, որքանով է ինտեգրված մարզի, համայնքի և երկրի տնտեսություններին: Այս պարագայում նոր կարելի է գնահատականներ տալ, ընդ որում` ոչ միայն այսօրվա դրությամբ, այլև հեռանկարի առումով… Հարցերը բազմաթիվ են»,- նշեց տնտեսագետը` չցանկանալով միանգամից, առանց խոր մասնագիտական վերլուծության գնահատական տալ գործարքին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Որոտանի կասկադը ձեռք բերող ընկերությունն ընդամենը 5-6 տարվա պատմություն ունեցող և մոտ 3500 ՄՎտ էներգետիկ հզորություններ տնօրինող ընկերություն է, հետևաբար կասկածելի է, որ կարող է Հայաստանի համար հեռանկարային` ռազմավարական ներդրող հանդիսանալ, տնտեսագետը հիշեցրեց, որ մեր տնտեսության մեջ պարադոքսները քիչ չեն:

Անկախ

 

 

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը` ոչ պետական մտածելակերպի արդյունք

vorotan-640x3501Վաճառվել է  Որոտան հիդրոէլեկտրակայանների  համալիրի գույքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոր հիասթափությամբ նշեց  Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը.  «Մեր կառավարությունը հերթականանգամ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը վաճառեց, այն մեր

տնտեսության մեջ որոշակի ներդրում ուներ»,-ասացԱրմենակ Դավթյանը` շեշտելով, որ  ամենահասարակ հաշվարկներով անգամ կարելի է տեսնել, թե ինչպիսի

շահութաբերությամբ էր աշխատում Որոտանի հիդրոէլեկտրոկայանը. «Տարեկան 90-95 միլիոն դոլարի շրջանառություն կա այնտեղ, եթե ծախսերը հանենք,այն տարեկան 50

միլիոն դոլարի շահույթ էր բերում մեզ: Այն ներդրումները, որ պիտի արվի վեց տարում,

Որոտանի համալիրը կարող էր սեփական շահույթով ձեռք բերել երկու տարվա ընթացքում: Իսկ վաճառքի պարագայում

Հայաստանի շահույթը կլինի միայն բյուջե մուծած ինչ-որ եկամտահարկեր ու շահութահարկեր»:

Բանախոսը շեշտեց, որ հարցը նաև քաղաքական կողմ ունի. արդեն քանի տարի է՝ մեր ներկա ու նախկին կառավարությունները որոշում են վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները:

Ասուլիսի մյուս բանախոս, իրավաբան Խաչատուր Մարոզյանը, անդրադառնալով այս խնդրին, կառավարության գործելաոճը «հոգեվարքային» անվանեց. «Անտնտեսվարություն բառը չի բնութագրում մեր կառավարության գործելակերպը, որի արդյունքում մեր տնտեսությունը

հայտնվել է անհուսալի վիճակում: Նույնիսկ բիզնեսից հեռու մարդը գիտի, որ ակտիվները չպետք է վաճառել:

Ոչ պետական մտածելակերպի արդյունք է սա: Վաճառել ռազմավարական օբյեկտը, որ օտարն ունենա շահույթ: Ո՞րն է սրա նպատակը, երևի միայն  սեփական գրպանները լցնելը: Հասարակությունը պետք է ըմբոստանա, այլընտրանք չկա», – եզրափակեց բանախոսը: