Ուխտագնացություն 20 տարի անց

ուխտագնացություն (2)1994 թ. ապրիլ 21-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում շրջափակման մեջ հայտնվեց մայրաքաղաքի Շենգավիթի շրջանի «Մուշ» ջոկատի 272 ազատամարտիկ: Թեև վիրավոր` շատերը դուրս եկան շրջափակումից: Իսկ 14-ն այդպես էլ մնացին մահվան ճիրաններում:

Իրականում ի՞նչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, և որն էր զոհված տղաների հետքերով 20 տարի անց ուխտագնացության մեկնելու շարժառիթը, որը նախաձեռնել էին նրանց մարտական ընկերները` շրջանի թաղապետը, համայնքի երկրապահի նախագահը և հրամանատարը: Ուստի, վերջինիս հետ իմ հանդիպումը, կարծում եմ, միանգամայն արդարացված է:

Նպատակը մեկն էր. 20 տարին, նաև մարտական ընկերների հիշատակը հավերժացնող մի խաչքար դնել շրջկենտրոնի ֆիդայիների այգում, որի հարևանությամբ նաև Մարտակերտի ահեղ մարտերում նահատակվածների հիշատակին կառուցված հուշակոթողն ու թանգարանն են:

Շարժման առաջին օրից տարբեր մարտերի մասնակցած «Մուշ» ջոկատն իր 272 մարտիկներով 1994 թ. հունվարին կրկին Արցախում էր: Այս անգամ նրանց կցեցին Շուշիի բրիգադին, ու ջոկատն ինքնըստինքյան գումարտակ դարձավ, որն իր առջև դրված բոլոր խնդիրները միշտ էլ պատշաճ կատարեց` հրամանատար Մուշեղ Ղազարյանին հպարտանալու բազմաթիվ առիթներ տալով: «Գումարտակը եղել է Արցախի սիրտը, միշտ իր դիրքերում, նահանջ չի ունեցել, մի սանտիմետր հող չի տվել: Բայց 1994 թ. ապրիլի 10-ի մարտական գործողության ընթացքում առաջին վիրավորն ունեցանք: 11 օր ջոկատը պատերազմական թեժ գործողությունների մեջ եղավ, որի հետևանքով զոհերի թիվը 16-ի հասավ»,- խոստովանում է հրամանատարը:

Որպեսզի գնդապետ հրամանատարի պատմությունն առավել պատկերավոր լինի, մի պահ կտրվենք նրա խոսքից և վերհիշենք մինչ այդ Կարմիրավանի գլխով անցածը, քանզի մարտական թեժ գործողությունները հենց այստեղ են ընթացել:

ԿԱՐՄԻՐԱՎԱՆ

Մարտակերտից 14 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի դիրքը հարթավայրային էր, գյուղ, որ 1989 թ. ուներ 518 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թ.: 1950-ին միավորվել է Սեյսուլանի կոլտնտեսությանը, իսկ 1964 թ.` Մարտակերտի պետական տնտեսությանը: Մասնագիտացված էր խաղողագործության և անասնապահության ոլորտներում:

Կարմիրավանը, Լենինավանը, Մարաղան, Այգեստանը (Չայլու) հարևան գյուղեր էին, և, ցավոք, պատերազմի ժամանակ գրեթե նույն ճակատագրին արժանացան: Երբ 1992 թ. հունիսի 16-ին դատարկվեց Այգեստանը, մահվան օղակում կրկին հայտնվեց Մարաղան, իսկ հունիսի 28-29-ին արդեն ընկան Լենինավանն ու Կարմիրավանը:

Ուրեմն, գումարտակը պիտի հետ վերադարձներ կորցրածը… «Առաջադրանքն այն էր, որ մենք հնարավորինս վերցնենք մեր հողերից. խրամատավորվենք, դիրքավորվենք և պաշտպանության անցնենք: Իսկ մեր 14 զոհված ընկերները Շուշվա բրիգադի հետախուզական վաշտի մեջ էին, որի ղեկավարը նույն բրիգադի հրամանատարն էր: Նրանց 1994թ. ապրիլի 20-ին իրականացրած հետախուզությունը պարզել էր, որ մեր դիմացն ազատ է, թուրքեր չկան, հենց այդպես էլ զեկուցել էին, որ թուրքերը միայն պահակակետերում են: Այդպես ինձ զեկուցեց նաև իմ հետախույզ Վահագն Վարդևանյանը, թե իրականում առջևում դատարկություն է, ոչ ոք չկա: Բայց երեկոյան թուրք ասկյարները մոտավորապես 3 հազար մոջահեդ վարձկան դեսանտ իջեցրին»,- ասում է հրամանատարը` այսօր արդեն մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների վարչության պետը:

Դեսանտ իջեցրին, երբ միակ հարվածային ուժը Շենգավիթի տղաներն էին, որոնք, կռիվ տալով, դիրքավորվում էին, թեև նրանց էին կցել նաև Սովետական շրջանի գումարտակը, որը դեպի Մարտունի ձգվող թևն էր պահում: «Մենք միշտ խրամատավորվել ենք, որովհետև դա շատ ճիշտ է, հակառակ դեպքում մեր զոհերն ավելի շատ կլինեին»,- վստահեցնում է հրամանատարն ու հիշեցնում 1992 թ. «Արաբո» ջոկատի Կարմիրավանում տված 70 զոհերի մասին:

ԿՌԻՎԸ ԹԵԺԱՑԱՎ ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

ուխտագնացություն (1)1994 թ.ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-անց 20 րոպե սկսվեց հակառակորդի հարձակումը շենգավիթցիների կողմից պահվող 3 կմ ձգվող դիրքերի վրա: 25-30 մետրի վրա խրամատավորված պահակակետեր էին, որոնք տղաները փորել էին ընդամենը 4 ժամում: Դժվար է չհավատալ հրամանատարին, որ եթե խրամատավորված չլինեին` զոհերն ավելի շատ կլինեին, քանզի ուժային հարաբերակցությունն ակնհայտ էր: Այնուհանդերձ, գումարտակը չնահանջեց: Իսկ Կարմիրավանի «չանի բոչկաների» ուղղությամբ հետախուզման գնացած 14 տղաները հակառակորդի հարձակման ժամանակ ուղղակի չկարողացան հետադարձ ճանապարհն անցնել ու հասնել գումարտակին: Հետդարձի ճանապարհն արդեն փակ էր: Տղաներն իրենց վերջին մարտը տվեցին: Անձնվիրաբար կռվեցին, մինչև պարպվեց վերջին փամփուշտը:

Մինչ այդ հետախույզ տղաները տեղեկացրել էին, որ գումարտակը մոջահեդների շրջափակման մեջ է հայտնվել: Այդ մասին իր մոտ եղած ռադիոկապով նույնիսկ Վահագն Վարդևանյանն է հայտնել հրամանատարին: «Տանկերը եկան ու բարձրացան մեր պահակակետերի դիրքերի վրա: Նման բան միայն ֆաշիստական ֆիլմերում էինք տեսել, թե ինչպես է տանկը խրամատի վրա բարձրանում, պտտվում, խրամատը հողին հավասարեցնելով` առաջ շարժվում: Անգամ նման իրավիճակում մենք առանց խուճապի, նահանջի պահել ենք մեր դիրքերը»,- ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ցավով նշում է գնդապետը, որովհետև վերջնարդյունքում 76 վիրավոր տվեցին, այդ թվում նաև հրամանատարը, և 14 զոհ, որոնց մեջ էին նաև հրամանատարի մանկության ընկերներն ու բարեկամը: Բայց գումարտակն էլ իր հերթին գերիներ, վիրավորներ և դիակներ վերցրեց փոխանակումների համար:

Այյս ամենից հետո չես կարող չհամաձայնել նախաձեռնության հեղինակների այն մտքին, որ Մարտակերտում խաչքար տեղադրելու նպատակը ոչ միայն մարտական ընկերների հիշատակի հավերժացումն է, այլև եկող սերունդներին զգոն պահելը: Իսկ արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Օրեր անց` ապրիլի 24-ին, խաչքարի մոտ հանդիսավոր մոմավառության եղավ:

Ի՞ՆՉ ՏԵՍԱՎ ՈՒ ԶԳԱՑ ՄՈՐ ՍԻՐՏԸ

Տիկին Լալան ուխտագնացության մեկնած միակ մայրն էր: Իհարկե, ոչ այն պատճառով, որ մյուսները չէին ցանկացել. արդեն կենդանի չէին: Ասենք, ի՞նչ մայր լիներ, որ առողջություն ունենար ու դիմանար: Փոխարենը` հայրերը, կանայք ու զավակներն էին գնացել: Իսկ Տիկին Լալան էլ, ինչպես ասում են, մեռնելով գնացել ու արդեն 10 օր է, ինչ գամվել է անկողնուն, խելքի չի գալիս: Թեև առաջին անգամ չէր Արցախում, բայց անչափ հուզված էր, այն աստիճան, որ երբ սահմանամերձ N զորամաս գնացին, որտեղ ժամանակին վրաններում մնացել էին տղաները, ուխտ էր արել մի բուռ հող բերել ու խառնել որդու շիրիմին: Նրանք երկար ու լուռ հեռվից դիտեցին տղաների «մարտադաշտը», զննեցին շրջապատը, հիշողությունների գիրկն ընկան: Տիկին Լալան ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ սահմանապահ 60 զինվորներին թաղապետի կողմից տրամադրված անհրաժեշտ պարագաներով նվերների փաթեթը հանձնելու պահը եկավ: Զորամասին էլ հեռուստացույց նվիրեցին:

Իսկ երբ էջմիածնեցի զինվորին մայրաբար համբուրելով, բարի ծառայություն մաղթելով հանձնեց փաթեթը, ասես որդու ջերմությունը զգաց, կրկին շփոթվեց` մոռանալով իր ուխտի մասին:

Թեև մոր վիշտը թարմացավ, կրկին վերապրեց 88-ից Արցախյան հողում կռիվ տվող Արմեն որդու կորստի վիշտը, բայց լավ էր,որ այստեղ շատերն իմացան ապրիլյան այս պատմության մասին: Պարզվեց, որ անտեղյակներն էլ քիչ չէին, այն էլ` Մարտակերտի զոհված ազատամարտիկների թանգարանում, որի հարևանությամբ տեղադրվեց խաչքարը: Ուխտագնացները թանգարանում 14 զոհերի լուսանկարները չտեսան, պատմությանն այստեղ տեղյակ չէին:
Կարևորը` խոստացան կարճ ժամանակում բացը լրացնել:

Իսկ ԼՂՀ ՊՆ նախարարը տիկին Լալային պատվոգիր, իսկ 13 զոհերի հայրերին, հարազատներին անվանական ժամացույցներ հանձնեց: Չմերժվեց նաև ուխտագնացների` N զորամասի մի քանի զինվորի արձակուրդ ուղարկելու խնդրանքը: Գուցե այդ երեք զինվորն արդեն կարճատև հանգստի են մեկնել:

1999 թ. Արմեն Հովհաննիսյանի և Վահագն Վարդևանյանի դպրոցները հերոս զինվորների անուններով են անվանակոչվել: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ պատվախնդիր է առաջիկայում Արշակ Ղամբարյանի դպրոցն ազատամարտիկի անունով անվանակոչելուն:

1994 թ. ապրիլյան այս իրադարձությունից օրեր անց` մայիսի 12-ին, հրադադար կնքվեց, որով մեր Արցախ աշխարհի բազմաթիվ բեկորներ մնացին շան բերանում…

 

 

Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան

 Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ազատամարտիկ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի ժամանակ այդ շրջանում զոհված շենգավիթցի 14 ազատամարտիկների: Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամաների ու հարազատների հետ   ուխտագնացությանը մասնակցել են նաև ԵԿՄ վարչության անդամներ Գառնիկ Հովսեփյանը և Մուշեղ Ղազարյանը: Այցելության շրջանակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար է տեղադրվել: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. ««Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսի արդիականության լավագույն ապացույցն այս ուխտագնացություն-այցելությունն է և մեր ազտամարտիկների հիշատակը հավերժացնող այս խաչքարը: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա և միշտ առանձնակի երախտագիտությամբ կհիշի բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի ազատագրության»,- նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այս ուխտագնացությունը ևս մի առիթ է խոնարհումի ու ոգեկոչման՝ հանուն Արցախի  զոհված հայորդիների հիշատակի. «Զոհված ազատամարտիկների ընտանիքների և, ընդհանրապես, արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ ուշադրությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրային առաջնահերթություններից են և գտնվում են նրա մշտական ուշադրության կենտրոնում: Այս այցելությունն էլ իրականացվեց քաղաքապետի հետևողական ուշադրության ու անմիջական աջակցության շնորհիվ», – նշել է Արմեն Սարգսյանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում Արմեն Սարգսյանը և Մուշեղ Ղազարյանը պարգևատրվել են ԼՂՀ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով: Պատվոգրերով և հուշանվերներով են պարգևատրվել նաև զոհված ազատամարտիկների հարազատներն ու ընտանիքի անդամները: Վերջիններիս խնդրանքով ուխտագնացներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Կարմրավանի հակաօդային պաշտպանության զորամաս, հանդիպել զինծառայողների հետ, հանձնել են նվերներ: Չմերժելով ազատամարտիկների ծնողների խնդրանքը՝ զորամասի հրամանատարությունը ծառայությունում աչքի ընկած ու բարձր կարգապահություն ցուցաբերած երեք զինծառայողի տասնօրյա արտահերթ արձակուրդ է տրամադրել:

Վերադարձին՝ արդեն Երևանում, ուխտագնացները նաև Եռաբլուր պանթեոն են այցելել և հարգանքի տուրք մատուցել այնտեղ ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Արարատի գագաթին

արարատ (2)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

արարատ (1)Հայերիս համար ամենասուրբ, ամենագեղեցիկ, ամենասիրելի ու վեհաշուք լեռն Արարատն է: Անբացատրելի ուժ ու սրբություն կա մեր լեռան մեջ: Եվ շատերի նվիրական ցանկությունն Արարատի գագաթին հայտնվելն է:
Հայաստանի և սփյուռքի հայերի խմբի հետ անցյալ ամառ սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի կորուսյալ հայրենիք: Երեկոյան հասանք Բայազետ: Վաղ առավոտյան մի աննկարագրելի արևածագ էր: Արևն իր առաջին շողերն արձակեց Սիսի ետևից, և երևաց Մասիսն իր ողջ վեհությամբ: Այդպիսի գեղեցկություն երբևիցե չէի տեսել:
Նախաճաշից հետո հաջողություններ մաղթեցինք Արարատ բարձրացողներին` ակնկալիքով, որ երեք օր հետո ընդունելու ենք նրանց հաղթական վերադարձը:
Մինչ նրանք կվերադառնային` շարունակեցինք ճանապարհը Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով: Եղանք Մուշում, Էրզրումում, Բիթլիսում, Վանում, որտեղ էլ դիմավորեցինք լեռնագնացներին: Այնուհետև միասին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Իգդիր, Արդահան, Սարիղամիշ, Կարս, Անի: Տասը հոգուց Արարատի գագաթն էին բարձրացել իննը: Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից եկած 65-ամյա Վաչե Վարժապետյանը` երկրորդ անգամ էր փորձում հաղթահարել 5165 մ բարձրությունը: Ցավոք 4300 մ-ի վրա այնպիսի ծանր պայմաններ են եղել` թթվածնի պակաս, մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն, որ չդիմանալով ստիպված է եղել վերադառնալ: Վաչեն ամենատարեցն էր խմբում և ինքն իրեն գերազանցել էր ևս մի քանի տասնյակ մետրով:
Խմբում ամենաերիտասարդը 26-ամյա Հայկուշ Հակոբյանն էր Հոլանդիայից: Նա սովորում է Տիլբուրգի համալսարանում, նաև աշխատում է ապահովագրական ընկերությունում: Ընտանիքը Հայաստանից Հոլանդիա է տեղափոխվել 2000-ին: Նուրբ, հաճելի արտաքինով մի աղջիկ, և մտածել անգամ չէր կարող, որ կհասնի գագաթին: Իսկ նա չորրորդն էր բարձրացել: Ես արդեն Երևանում հարցերս ուղղեցի Հայկուշին:
– Սիրելի Հայկուշ, դուք այդքան նուրբ կառուցվածքի տեր աղջիկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի իրականացնեք այդպիսի դժվարին վերելք:
– Չորս տարի առաջ կարդացի մի գիրք, որ կոչվում էր «Արարատ», դա մի հոլանդացի էր գրել և պատմում էր, թե ինչպես է ինքը բարձրացել Արարատ լեռը: Մտածեցի` ինչպես է, որ այս հոլանդացին կարողացել է բարձրանալ մեր նվիրական սարը, իսկ ես, ինչ է չե՞մ կարող: Այդ ժամանակ մասնակցեցի ուխտագնացությանը դեպի Արևմտյան Հայաստան, և մենք էլ, ինչպես դուք այս անգամ, ճանապարհեցինք և ընդունեցինք Արարատ բարձրացողներին: Զրուցեցինք, ոգևորվեցինք, և ես որոշեցի լրջորեն պատրաստվել: Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունից առաջ հոգեպես պատրաստվելն էր: Հետո սկսեցի շաբաթը 2-3 անգամ վազել 5-10 կմ: Աստիճաններ էի բարձրանում, սովորեցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգնեց: Արտաշատում մորաքրոջս տանն էի մնում և մարզվում: Երբեմն, երբ շատ էի հոգնում` նայում էի վեհաշուք Մասիսին և ինքս ինձ ասում. «Հայկո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գեղեցկուհու համար»:

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

– Իսկ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելուց հետո վախ չկա՞ր, հանկարծ չկարողանաք:
– Դժվարությունը զգացի առավոտյան, երբ Բայազետում հյուրանոցի պատշգամբից տեսա Արարատը` իր ողջ շուքով: Այդ ժամանակ մտածեցի. «Ի՜նչ բարձր է, իսկ եթե չկարողանա՞մ բարձրանալ:
Սկսեցինք վերելքը: Առաջին ճամբար` 3200 մ հասնելիս խոշոր քարեր էին, հետո երկրորդ ճամբար` 4200 մ, ավելի խոշոր քարեր էին և մի զուլալ գետակ էր հոսում: Ճանապարհը գնալով բարդանում էր, դժվարանում էր բարձրանալը: Սփոփանքը շնչառությունդ պահող գեղեցկությունն էր, երբ ամպերն արագ անցնում էին մեր վրայով: Այնուհետև, երբ պիտի բարձրանայինք, ջերմություն ունեցա, ինքս էլ չհասկացա` ինչու: Գիշերը ժամը 2-30-ին սկսեցինք բարձրանալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք առնում, սառչում էինք, թթվածնի պակասությունն էլ զգալի էր, կարծես գլուխդ սեղմվում էր, ցավում: 4500 մ-ի վրա արդեն սրտխառնոց սկսվեց բոլորիս մոտ: Վատ էի զգում, և պահ եղավ, որ մտածեցի հետ դառնալու մասին: Բայց նորից, ինքս ինձ ներշնչելով, որոշեցի, որ ո՛չ, ես պիտի հասնեմ նվիրական գագաթին: Շարունակեցի առաջ շարժվել և ձյան շերտին առաջիններից մեկն էի, որ հասա: Այդտեղ օդը կարծես թեթևացավ, սկսեցի լավ զգալ, դա 4800 մ-ի վրա էր: Տեսարանը հիասքանչ էր: Չնայած գիշեր էր, ներքևում Բայազետն էր երևում, Պարսկաստանի սահմանամերձ մասը, իսկ երկինքն աստղաշատ էր, այդպիսի գեղեցկություն ես երբեք չէի տեսել: Երևում էր Սիսը մթության մեջ: Իսկ Մասիսի վրա լույսերով բարձրացող արշավախումբն էր: Այդպես բարձրանում էինք, 5 մետր բարձրություն էր մնում, ես սայթաքեցի և մի 10 մետր իջա ցած, ոչ մի ցավ չունեցա, բայց սկսեցի լաց լինել: Այդպես նորից բարձրացա և հասա գագաթին: Առաջինը Բագրատն էր, հետո Լևոնը, Զարեն և ես: Երբ հասանք գագաթին, քամին միանգամից կտրվեց: Ես նստեցի և չէի կարողանում հավատալ, որ հասել եմ գագաթին: Խառնվել էին իրականն ու անիրականը: Դա նաև թթվածնի պակասության հետևանքով էր մարդկային բանականության վրա: Երևանը չէր երևում, լեռան ներքևի մասը մշուշի մեջ էր: Հետո փոթորիկ էր սկսվելու և մենք պիտի իջնեինք: Դա արդեն երկար մի ճանապարհ էր, անդադար քայլել էր պետք: 20 ժամ քայլել ենք դեպի ներքև, որից միայն 2 ժամը` փոքր դադարներ: Իջնելիս ապշում էի, թե ինչպես ենք գիշերով բարձրացել, վտանգն ամեն քայլափոխի էր, կարող էիր սայթաքել և վնասվել: Իջնելն ավելի դժվար էր, բարձրանալիս գոնե տեսնում ես` որտեղ ես ոտքդ դնում:
– Իսկ ինչպիսի՞ն են զգացմունքներդ հիմա, երբ հաղթահարել ես դժվարությունները, և Արարատի գագաթը նվաճված է:
– Իջնելուց հետո մի շաբաթ կարծես օդում լինեի, նայում էի Արարատին և մտածում, մի՞թե հասել եմ, եղել եմ գագաթին: Ինձ թվում է, թե դա երազ էր, մի անուշ երազ: Հիմա արդեն կարոտում եմ այդ ամենը և ամեն ինչ կանեի, որ նորից անցնեի այդ դժվարություններով և հասնեի գագաթին:
Վաչեն, Հայկը և ես որոշել ենք հաջորդ տարի Ահորա գյուղը գնալ, դա Մասիսի վրա է, Հայաստանի կողմից, այդտեղ կիրճ կա, որտեղ հարթավայր է և պահպանված է գեղեցիկ վայրի բնությունը: Գուցե Սիսը բարձրանանք. գիտեմ, դա շատ ավելի դժվար է:Բայց եթե կա սեր և ձգտում, ամեն բարձունք էլ կարելի է հաղթահարել:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

Ամենազանգվածային ուխտագնացությունը

i (2)Արգենտինայում 2,5 մլն մարդ երկրի պատմության մեջ 60 կմ հեռավորությամբ  ամենազանգվածային ուխտագնացությունն է կատարել դեպի Բուենոս Այրեսի մոտ գտնվող Լուհան քաղաքի Տիրամոր տաճար:

Ոտքով  երիտասարդական ուխտագնացություն դեպի Լուհան կատարվում է 1975-ից ու համարվում է երկրի ամենախոշոր կրոնական միջոցառումը:

Հնդկաստանում 35 ուխտագնաց է զոհվել

iՀնդկաստանում ուղևորատար գնացքը վրաերթ է կատարել. 35 ուխտագնաց է զոհվել: Փաթնա ուղևորվող գնացքը  վրաերթ է կատարել այն ժամանակ, երբ 50 ուխտագնաց  իջել է մեկ այլ գնացքից ու փորձել հատել երկաթգիծը:

Կատարվածի ականատեսները փորձել են հաշվեհարդար տեսնել գնացքի մեքենավարի հետ ու այրել են գնացքը, հեռու քշել իշխանությունների ներկայացուցիչներին ու նույնիսկ հարձակվել նրանցից մի քանիսի վրա: