Հակառակորդի գնդակոծությունից Բրուտյանները փրկվել են ազատամարտիկ հայրիկի հնարամտության շնորհիվ

պառավաքարՎեց-յոթ տարի կլիներ` հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի ուղղությամբ կրակոցներ չէր արձակել, ավելի ճիշտ` բնակավայրի ուղղությամբ, քանի որ այս գյուղի հայկական դիրքերի կողմը երբեմն-երբեմն կրակոցներ հնչել են: Բայց պառավաքարցին միշտ էլ զգուշացել է` գիտակցելով, որ քանի դեռ ապրում է պատերազմի ու խաղաղության սահմանագծին, պետք է մշտապես զգոն լինի, չվստահի դարանակալած հարևանին:

Երբ հունիսի 28-ին ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ինտենսիվ կրակ բացեց նախկին Շամշադինի շրջանի սահմանապահ գյուղերի ուղղությամբ, գնդակոծությունից զերծ չմնաց նաև Պառավաքարը: Երեկոյան ժամը 5:00-ի առաջին կրակոցից հետո Պառավաքարի խաղողի այգիներում գրեթե մարդ չմնաց: Բրուտյանները չհասցրին փախչել: Հովհաննեսն էր, հայրը` Լևոն Բրուտյանը, մայրը` Գայանեն, քույրը` Ալինան: Նրանք էտելիս ու ծերատելիս են եղել այգին, երբ սկսվել են կրակոցները: «Երևի 5-անց կես- 6-ն էր, ժամ չկար մոտներս, այգում աշխատում էինք, սկսվեցին կրակոցները, մենք իմաց արինք Լևոնին, որ գա մեզ տուն բերի, մաշինը բերեց, մտցրեց այգու արանքը, որ մեզ փրկի, էն էլ ավելի ուժեղ կրակեցին ու խփեցին մեքենայի կուզովին, էրեխեն վիրավորվեց: Լևոնին թողեցինք, մենք ուրիշների այգիների միջով փախանք, վազանք արանքներովը թաքնվելով`փախել ենք, որ մեզ չտենան, արյունը հոսելով փախել ենք»,- պատմում է Հովհաննեսի մայրը` Գայանեն:

Դեպքի պահին մայրը զավակների հետ իրենց բեռնատար ավտոմեքենայի մոտ է եղել: Տիկին Գայանեն պատմում է, որ ինքն այդ պահին դստեր հետ զրուցելիս է եղել, որդին էլ` մեքենայի վարորդի հատվածի բաց դռան մոտ կանգնած: Գնդակը դիպել է մեքենայի խցիկին, բեկորներն էլ թռել, վնասել են Հովհաննեսի ձեռքն ու ոտքը: «Մենք գիդացինք, թե մենակ ձեռքն ա վիրավոր, տաք ա եղել, չի զգացել, բայց փախչելիս ճամփի կեսին ասեց` մամ, էլ ոտքս չի պառավաքար3աշխատում»,- շաբաթ օրվա մղձավանջն է հիշում տիկին Գայանեն: Հակառակորդն ամբողջ ընթացքում հետևել է նրանց գործին ու փախուստին` հետապնդելով և փորձելով վնասել: Գայանեն, Հովհաննեսն ու Ալինան, սողալով, վեր կենալով, մի կերպ տուն են հասել մոտ երկուսուկես ժամում ու տղային տեղափոխել Բերդի հոսպիտալ: «Հիմա ցավեր չունեմ, լավ եմ, գնում եմ, վիրակապը նայում են, գալիս եմ տուն»,- ասում է 16-ամյա Հովհաննես Բրուտյանը:

10544421_769778009711457_3145928548885983353_nՀովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը, արցախյան ազատամարտի մասնակից է: 1990-ականների թեժ կռիվների ժամանակ գյուղի կամավորներից է եղել, վիրավորվել է Պառավաքարի Խաչի քարի վրա տեղակայված հայկական դիրքում: «Գյուղն էինք պահըմ: Հըմի իբր թե հրադադար ա, բայց ոնց ա հրադադար, որ օրական կրակըմ են: Շաբաթ օրը բաղըմն ինք, հենց ուզըմ ինք գործ անենք` խփըմ ին: Ով էր տեսած բանվորի վրա կրակեն: Հիմա էլ քյնամ կաղնեմ` խփըմ ա: Բայց դե կարո՞ղ ա չքյնամ, քշերը քյընըմ ենք բաղը սրսկըմ: Ռուբիկը (հարևանն է ու նաև 1990-ականներին նրա հրամանատարն է եղել- Մ. Խ.) որսորդական հրացանով ինձ պահըմ ա, ես էլ սրսկըմ եմ: 30-40 տոննա խաղող եմ վեր ունըմ, հանձնում կոնյակի գործարան, բա հո թողիլ չդեմ իրանց: Էրեխեքիս բա ոնց պահեմ: Էրեխու դեպքից հետո մի հատ կրակեցին, վազանը կպավ, քիչ մնաց աչքս հանի: Ես տեսա, որ թիրախում մեքենան ա, որովհետև հակառակորդին թվաց, թե մենք բեռնախցիկում ենք, սկսեց մաղել, ավտոն տարա կանգնեցրի էնտեղ, որտեղ խփում էր, էրեխեքը փախան»,- ասում է Հովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը:
1992 թ. սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիները հասել են մինչև Պառավաքարի բարձունք` մինչև գյուղացիներին հայտնի Խաչի թաղ, որտեղ էլ Լևոնը վիրավորվել է: «Մենք այդ պահին Լևոնի կողքին չենք եղել, լսեցինք, որ վիրավոր է, իջեցրել ենք գյուղ, տեղափոխել Բերդի հիվանդանոց»,- հիշում է Ռուբիկ Գասպարյանը:

Հայկական դիրքից իջնելուց հետո Լևոն Բրուտյանն այնուհետև զորակոչվել է բանակ, ծառայել սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ նույնպես վիրավորվել է: Իսկ այս տարվա հունիսի 28-ի դեպքի վերաբերյալ Լևոն Բրուտյանն ասաց, որ իր բեռնատարն ամբողջութամբ գնդակոծվել է, մեքենան մի քանի տեղից վնասվել է, տեղափոխվել է Բերդ, որտեղ էլ պետք է իրականացվի փորձաքննություն:
«Ես թուրքից վախըմ չեմ, պետք լինի, կմտնեմ Քյոնաշ թաղ (Պառավաքարի հարևան ադրբեջանական բնակավայրն է – Մ.Խ.), կկռվեմ: Բայց դե ես կուզեմ, որ դրա կարիքը երբեք չլինի, խաղաղություն լինի, ապրենք, աշխատենք, ստեղծենք: Դեմ եմ, որ հողերը չբեջարենք: Մեր վազնուտը հենց թուրքի ըռխըմն ա, ամենասահմանը, բայց դե պետք ա մշակենք, լիքը էրեխեք ունեմ, եկամուտս հիմնականում դրանից ա»,- ասում է Լևոնը, որ ութ երեխա ունի: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Դուստրերից մեկն ամուսնացել է, մյուսը` Ալինան, որը կրակահերթի ժամանակ ևս այգում է եղել և հրաշքով անվնաս դուրս եկել ադրբեջանական դիրքապահների կրակային շրջափակումից, այս տարի ավարտել է 12-րդ դասարանը: Նա ցանկանում է վարսահարդար դառնալ, սովորելու հարցում սահմանամերձ գյուղի աղջկան պատրաստ է աջակցել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:
պառավաքար2Հունիսի 28-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած Հովհաննես Բրուտյանի առողջական վիճակը Բերդի հոսպիտալի պետի անմիջական հսկողության տակ է: Բժիշկ Էդվարդ Գրիգորյանի խոսքով` տղայի վիճակն արդեն լավ է, մոտ մեկ շաբաթից կհանեն նաև ձեռքի գիպսը, որից հետո Հովհաննեսն ազատ կքայլի և կշարժի ձեռքի մատները: Բերդի հոսպիտալի պետը վստահեցնում է, որ հետագայում սպիներ չեն լինի:

Ի դեպ, այս դեպքի օրը բանակից վերադարձել է ավագ որդին` Սուրենը, որը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում: Բրուտյանների բազմանդամ ընտանիքը փառք է տալիս Աստծուն, որ ավագ որդին բարեհաջող բանակից տուն է վերադարձել, նրա զորացրման ու Հովհաննեսի հետ տեղի ունեցած դեպքի հետ կապված` Պառավաքարում պատրաստվում մատաղ անել:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ադրբեջանական դիրքապահների կողմից վիրավորված տավուշցի տղան սկսել է քայլել

chinari_gyuxy_gndakotvel_e_776555128Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ, հակառակորդի գնդակից վիրավորում ստացած 16-ամյա Արմեն Բրուտյանի առողջական վիճակը լավ է: Բերդի հոսպիտալի պետ Էդվարդ Գրիգորյանը մեր թղթակցին հայտնել է, որ Արմենն այսօր սկսել է քայլել, ձեռքի մատներն արդեն իսկ կարողանում է շարժել: Արմեն Բրուտյանը մոտ երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ Անկախ-ը տեղեկացրել էր, որ հունիսի 28-ին Բրուտյանների ընտանիքը խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել էր հակառակորդի թիրախում, ինչի հետևանքով ձեռքի և ոտքի վիրավորում էր ստացել ընտանիքի որդին` 16-ամյա Արմեն Բրուտյանը, որը երեկ վիրահատվել էր:

Հակառակորդի կրակոցից վիրավորված տավուշցի Արմենին վիրահատել են

berdՀակառակորդի գնդակից հունիսի 28-ին վիրավորված Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 16-ամյա բնակիչ Արմեն Բրուտյանին մի քանի ժամ առաջ վիրահատել են Բերդի հոսպիտալում:

Հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը Անկախ-ի թղթակցին ասել է, որ տղայի վիճակը լավ է, մոտ մեկ շաբաթից դուրս կգրվի հիվանդանոցից:

Արմեն Բրուտյանը վիրավորվել է գյուղի իրենց այգում` ադրբեջանական դիքապահների արձակած կրակոցից: Նրանց ընտանքը` մայրը, հայրը և քույրը միասին խաղողի այգում են եղել, երբ սկսվել են կրակոցները: «Էլ ճար չկար, ժամը հինգից սկսել են, մինչև երեկոյան 7-ը, պառկել էինք, չէինք կարողանում վեր կենալ, հետո իմ բեռնատար մեքենան մի կերպ տարել եմ, կանգնեցրել ընդեղ, սկսել են մեքենան գնդակոծել, հինգ մետրանոց ավտոն հողից մինչև վերև մաղել են: Հեռադիտակով նայում-խփում էին, հետո նոր մենք կարողացանք փախչել»,-ասաց Արմենի հայրը` Լևոն Բրուտյանը:

Արմեն Բրուտյանը վիրավորվել է ոտքից և ձեռքից: Վնասվել են տավուշցի պատանու ծնկոսկրը և ձեռքի ափը, կտրվել են նյարդերը: Բերդի հոսպիտալի պետը նշել, որ տղայի ձեռքից ու ոտքից զենքի բեկորները հանվել են: «Քանի որ վերքն ինֆեկցված էր, սպասեցինք մի քիչ լավանա, նոր: Վիրահատությունը կատարվել է դեպքից երկու օր անց»,-նշեց Էդուարդ Գրիգորյանը:

Ուշագրավն այն է, որ վերջին ամիսներին հրադադարի խախտումների, հյուսիսարևելյան սահմանին լարվածության ընթացքում հակառակորդը կարծես թե շրջանցել էր սահմանամերձ Պառավաքար գյուղը: Սակայն շաբաթ օրը` հունիսի 28-ին, հակառակորդը գնդագոծել էր ոչ միայն Այգեպարը, Ներքին կարմիրը, Այգեպարն ու Չինարին, Չորաթանը, այլև Պառավաքարը: «6-7 տարի ա` էդ պոստից` գիլասկուտի պոստ են ասում, չեն կրակել, 400-500 մ է մեր այգիներից բաժանում, թե էդ ինչից էր, որ կրակեցին»:

Ի դեպ, Լևոն Բրուտյանը նույնպես արցախյան ազատամարտի մասնակից է, տասն անգամ հակառակորդի կողմից վիրավորում է ստացել:

 

Անկախ

 

Մեկ ամիս է` անձրևը Տավուշից դուրս չի գալիս` խոչընդոտելով ճանապարհի կառուցմանը

10462467_756472597708665_1213984644702584883_nՏավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն այլընտրանքային ճանապարհի շահագործման ժամկետները դեռևս հստակ չեն:

Ծրագրի համաձայն, այն կբացվի մեկ ամսից: 2013-ի հոկտեմբերին Պառավաքար-Վազաշեն ճանապարհի գնդակոծությունից հետո որոշվեց հանրապետական նշանակության ճանապարհի վտանգավոր հատվածին շրջանցիկ` 3,4 կմ ճանապարհ կառուցել: Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհի հողային աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս մյուս աշխատանքներն ինտենսիվ և արագ ավարտել: <<Մեկ ամիս ա` անձրևը մեր մարզից դուրս չի գալիս: Պառավաքարի հատվածի կառուցման համար պայթեցումներ պետք է արվեն: Աշխատանքներն այսօր էլ ընթանում են, որոնց խոչընդոտում է անձրևոտ եղանակը: Հենց որ եղանակը տաքանա, խոնավությունը չխանգարի, արդեն կսկսենք ճանապարհի ասֆալտապատման, ծածկի աշխատանքները>>:

10409496_756472337708691_2238422917776929524_nՃանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել հուլիսին: Նորակառույց շրջանցիկ ավտոճանապարհը հակառակորդից պաշտպանված կլինի հենապատով: Իսկ առայժմ սահմանամերձ Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհն  է շահագործվում: Վարորդները, ռիսկի դիմելով, նախընտրում են երթևեկել բարեկարգ, բայց հակառակորդի տեսադաշտում գտնվող ճանապարհով: Բնակիչների խոսքով, այս հատվածում, բարեբախտաբար, վերջին շրջանում կրակոցներ չեն հնչել:

 

Անկախ

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են

պառավաքարՏավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:

Այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի  և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության և ուշադրության ներքո: Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքների որակը գնահատելու նպատակով Տրանսպորտի և  կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կառուցվող նոր ճանապարհահատվածում էին:

 Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

պառավաքար2Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջևանի ճանշինի ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից  գոհ է, սակայն նշում է, որ կան նաև դժվարություններ. դրանք հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ:

Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա  3.2 կմ  երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կրկին գնդակոծվել է

101220131(1)Այսօր կեսօրին մոտ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Բարեբախտաբար, կրակոցների ժամանակ այդ ուղղությամբ երթևեկ չի իրականացվել, զինվորական ու քաղաքացիական ավտոմեքենաներ չեն անցել, ուստի հայկական կողմից տուժածներ չկան: Հայ դիրքապահները հակառակորդին տվել են համարժեք հակահարված:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը Անկախի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին կրակոցներ չկան: Նա  հրադադարի ռեժիմի խախտումների մասին հարցին խուսափել է պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններն ավելի լավ է ճշտենք Բերդի տարածաշրջանից: «Մի սար էն կողմ զանգահարեք»,-կես կատակ ասել է Բադիրյանը:

Այնուհետև մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել Պառավաքարի համայնքի ղեկավարի հետ: Նրա վարորդը հայտնել է, որ գյուղապետը սարերում է, հեռախոսը չի կարող փոխանցել: Իսկ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով հաճախ`գրեթե ամեն օր, երթևեկող վարորդներից հնարավոր է եղել ճշտել, որ գնդակոծությունների մասին լուրերը արդեն երկու օր է՝ պտտվում են: Եվ չնայած դրան, Բերդից Իջևան կամ Երևան ու հակառակ ուղղությամբ երթևեկությունը իրականացվում է Վազաշենով: «Դե Աստծո հույսին, էլի, կարելի ա ասել՝ ճամփեն կիսափակ ա, մեկ էդտեղով ենք գնում-գալիս, մեկ՝ Ճամբարակով»,-նշել են Բերդից Երևան ուղևորներ տեղափոխող վարորդները:

Ավելի ուշ Անկախ-ի հետ զրույցում ճանապարհահատվածի գնդակոծման մասին լուրը հաստատել է նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

 

Անկախ

 

 

Հակառակորդը լռել է, երբ մեր դիրքապահնեը «նրանց պորտը տեղն են դրել»

սահմանամերձ գոտի«Դրանց պետք է վախեցնել, որ խելքները գլուխները հավաքեն». Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով` հունվարի 22-ին և 23-ին հակառակորդը լռել է, երբ մեր դիրքապահնեը «նրանց պորտը տեղն են դրել»: Այդ օրերի խիզախության և նաև Բանակի օրվա առիթով չինարեցիները շնորհավորում և շնորհակալություն են հայտնում մեր հենակետերում ծառայող բոլոր զինվորներին: Նրանք նախատեսում են այցելել «Մեհրաբ» զորամաս, որտեղ գյուղապետը պատվոգրեր կհանձնի զինվորներին:

Առավոտյան սահմանամերձ Չինարիում` «Արծիվ մահապարտ» հուշարձանի մոտ, հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանում ու Արցախում նահատակված բոլոր ազատամարտիկների հիշատակին: Իսկ սահմանամերձ Պառավաքար համայնքի ղեկավարի հետ տոնական հանդիպմանը մեր դիրքապահները սահմանային հենակետերից փոխանցել են, որ այս պահին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին իրավիճակը հանգիստ է և վերահսկելի, մեր բանակայինները` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանը տալու արժանի հակահարված: Ինչ վերաբերում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, ապա Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ ճանապարհն այս պահին էլ, թեև երթևեկելի է, բայց ռիսկային է: Նախօրեին Տավուշից Երևան հիվանդ տեղափոխելիս գնդակոծված ճանապարհատվածն անցնելու հետ կապված դժվարություններ էին առաջացել: Ճանապարհը վերահսկող պաշտպանության նախարարության աշխատակիցները նախ արգելել էին անցնել վտանգավոր հատվածով, ապա երկար բանակցություններից հետո, երբ նրանց տեղեկացվել էր, որ հիվանդ են տեղափոխում, թույլատրվել էր անցնել:

 

Անկախ

Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը

Սահմանամերձ գյուղՀացուպանրի տոպրակը միշտ թախտի ոտքից կախված էր: Ամեն րոպե հավանական էր ստիպված տնից փախչելը, տեղափոխվելը հատուկ կացարաններ` ապաստարաններ, գիշերը կամ գուցե մի քանի օր այնտեղ մնալը: Կռիվ սկսելու համար ադրբեջանական կողմի համար ժամ-պատարագ չկար: Մի անգամ հողը հերկելն էր կիսատ մնում, մեկ ուրիշ անգամ` խաղողաքաղը, մեկ այլ դեպքում ադրբեջանական գնդացիրը դպրոցական դասերն էր անավարտ թողնում, կամ էլ գյուղի մշակույթի տան ամանորյա հանդեսի երգերի ձայներն էին խլանում հակառակորդի կրակահերթի տակ: Ու եթե Բերդի ռադիոն այդ օրը լռում էր վիրավորների կամ զոհերի մասին, նշանակում էր` կարելի է լույսը բացվելուն պես շարունակել գյուղական առօրյան, ապրել ու ապրեցնել հայրենիքի այդ հողակտորը:

Ադրբեջանի հետ Հայաստանի ամենաերկար սահմանը հյուսիսարևելյան դարպասն է` Տավուշի մարզը: Ապաստարաններում միայն կանայք, երեխաներն ու պապիկ–տատիկներն էին: Տղամարդիկ դիրքերում էին, կամավոր, զենքը ձեռքին: Ասկյարը հենց որոշ ժամանակ կտրում էր ձայնը, գյուղի ամենաընդարձակ ապաստարանը` դպրոցի նկուղը, միանգամից դատարկվում էր: Եթե ոչ, ապա մեծերը զրուցում էին, փոքրերը հայրենասիրական երգերը բարձր ձայնով երգում: Խմբակային համերգը կուլ էր տալիս գյուղի վրա թափվող անգամ ամենամեծ տրամաչափի զենքի` գրադի դղրդացող աղմուկը:

90-ականների պատերազմական իրավիճակում շատերը չէին էլ գիտակցում այն նվիրական գործը, որ կատարեցին նոր ծնվող հայկական բանակն ու կամավորական ջոկատներն անկախացող Հայաստանի կայացման ու հետագա ընթացքի համար: Այդ օրը նենգ թշնամին առանց նախնական փոքր կրակոցների, միանգամից սկսեց Տավուշի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծումը: Հացուպանրի տոպրակը մնաց թախտի ոտքից կախ… Ապաստարան չկարողացանք հասնել: Բոլորի տան պատուհանները փակված էին ավազով լի մի քանի պարկերով. այդպես ավելի անվտանգ էինք զգում: Մտել էինք սեղանի տակ ու ձեռքերով ամուր փակել ականջները: Հակառակորդը դադարեցնում էր կրակահերթը, երբ մերոնք մի լավ պատասխան էին տալիս, ու մենք գիտեինք` որոնք են մեր կողմից տրվող հակահարվածները, անգամ մեր զենքերի ձայնն էինք տարբերում…

Նման մի օր էր, երբ խոզերին կերակրելիս Ռուբեն պապիկը խփվեց, գնդակից հրդեհված խոտի դեզը փրկելիս Տիգրան պապիկի ոտքը ջարդվեց, հնգամյա Ավետիքը ծանր վիրավորվեց, երիտասարդ Վարսիկին հացի հերթում այլևս չտեսանք: Երբ կրակը մի քիչ դադարեց, սեղանն ազատ թողեցինք ու բակ դուրս եկանք: Տատիկս մինչև այգու ծայրը հասավ ու արագ էլ վերադարձավ. «Վարուժը, Սաշայի տղա Վարուժը…»: Տատ, Վարուժն ի՞նչ…

1743191_691784970844095_1468161855_n1992-ի ամառն էր` օգոստոսի առաջին օրը: Տավուշի ամբողջ սահմանագծում լարված իրավիճակ էր: Վարուժան Պողոսյանն ընդամենը 19 տարեկան էր, բայց հասցրել էր արդեն Հադրութում բազկի ուժը ցույց տալ, ապա վերադառնալ հայրենի գյուղ, մտնել կամավորական ջոկատ ու դառնալ զինվորական, հագնել հայրենիքի պաշտպանի համազգեստը: Այգեպարի ուղեկալում էր, Վարուժանը եղավ նաև Պառավաքարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի սահմանագծում: Վարուժանի տատը` Խանում տատիկը, հետո, արցունքները սրբելով, պետք է պատմեր, որ կես ժամով թոռը եկավ տուն, ինչքան համոզեց` իր պատրաստած կարտոֆիլի տապակայից մի քիչ գոնե ուտի, նոր գնա, զինվոր թոռը չլսեց, շտապում էր, դիրքեր պետք է բարձրանար: Հին գերեզմանոցի տարածքը հիմա էլ Այգեպարի ամենավտանգավոր հատվածն է: Հակառակորդը սկսեց Մովսեսից, այնուհետև Այգեպարի սահմանագծում հարձակման անցավ: Վարուժանն ու նրա մարտական ընկերները` թովուզցի Աշոտը, վերինկարմիրաղբյուրցի Ռոբերտը, նավուրցի Հրաչն ու այգեպարցի Դավիթը, հակահարաձակման անցան: Դավիթ Անիկյանը, որ այժմ Պառավաքարի գումարտակի հրամանատարն է, ասում է, որ իրավիճակն առավել քան լարված էր: Թշնամին ընդամենը հարյուր մետրի վրա էր, դիրքը` խաչաձև կրակի տակ: Այն տարիներին այստեղ խրամատներ չկային, տղաները ցրված էին, քարերի հետևից դիմագրավում էին հակառակորդի առաջախաղացումը: Դավիթն ամենամոտն էր Վարուժանին: Երբ փամփուշտները սպառվեցին, Դավիթն իջավ լիցքավորելու զենքը: Մի քանի մետր էր հեռացել մարտական ընկերոջից: Թշնամին նախ տանկն էր գործի դրել, ապա հետևակը:

Տանկը դեռ չէր մոտեցել, Վարուժանը նռնականետով հետ շպրտեց դավադիր հակառակորդին: Իսկ տանկի դեմ տղաների պայքարը վերածվեց հերասամարտի: Ադրբեջանցիների առաջխաղացումը կանխվեց: Դավիթը հիշում է` Վարուժանը ծնկաչոք մարտնչում էր: Վարուժանը կյանքի գնով պաշտպանեց հայրենի հողը` կասեցնելով ադրբեջանցիների ներթափանցումը: Լսված վերջին բառերը` վայ, խփվեցի… Մենք այլևս չտեսանք հարևան Վարուժանին: Վստահ էինք, որ հենց խաղաղվի, նրա հարսանիքն է լինելու: Բակի հինգ-վեց երեխաներով չարաճճիությամբ հետևում էինք, գիտեինք, որ Վարուժանն ընտրած հարսնացու ունի: Նրանց այլևս չտեսանք:

Հիմա մեծ է գիտակցությունը, թե որքան թանկ է զինվորի սխրանքը, որի արդյունքն այժմ անկախ Հայաստանն է ու նրա ամուր բանակը, անվտանգ սահմաններն ու հայրենիքի խաղաղ լուսաբացները: Վարուժանի աճյունն ամփոփված է հայրենի գյուղի գերեզմանատանը: Հայացքը հայրենի եզերքին, հպարտ կանգնած, դեմ դիմաց Ղարադաշին, որը հիմա հակառակորդի համար Տավուշի ուղղությամբ գլխավոր դիտակետն է:

krtser-serzhant-arme-d106

Արմեն Հովհաննիսյան

Դարանակալած թշնամին զգուշանում է, քանի դեռ քաջարի մարտիկի հայրենիքում Վարուժանի օրինակը ոգեշնչում է անընդհատ հզորացող Հայկական բանակ զորակոչվող նոր զինվորին: Այս դեպքից անցել է ուղիղ 22 տարի, շատ բան է փոխվել, բայց հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Վարուժանը ևս 19 տարեկան էր, ինչպես և Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդության սահմանագիծը նոր-նոր հատող, հայրենիքի պաշտպանի համազգեստով տղաների սխրանքի շնորհիվ թշնամին նահանջեց: Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ