Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար։ Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի», – նշել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական սերտ կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական, միջպետական հարաբերությունները մշտապես նշանավորվել են վերընթաց զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները որակել է որպես առանձնաշնորհյալ և օրինակելի ու շնորհավորանքի խոսք հղել նաև Ֆրանսիայում բնակվող հայերին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն երկու երկրների բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:
«Ուրախ եմ նշել, որ այսօր երկու պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակի փոխայցերով: Ասվածի վառ վկայությունն է այս տարվա մայիսի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Մեր երկրներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում։ Կարևորում եմ նաև Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հայ ժողովրդի հետաքրքրվածության ու համակրանքի մասին։ Մենք բարձր ենք գնահատում նաև Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը», – հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպան Ռենոյի անձնական ներդրումը բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերություններում և նշել. «Այս գեղեցիկ տոնի առիթով բարեկամ Ֆրանսիային մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նոր ձեռքբերումներ»:
Վարչապետ Աբրահամյանն այնուհետև մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաների կատարմամբ ունկնդրել Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը:
Tag Archives: վարչապետ
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ և չորրոդ ցուցակները:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ,
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել և նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Անկախ
Վարչապետն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:
Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, եղել է Նոր կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում տեղեկատվություն կներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարությունը կգնահատի և որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:
Հանրապետության վարչապետը գյուղացիների հետ զրուցել է նաև նրանց հուզող մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, դպրոցաշինությանը և այլ հարցերի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կքննարկի և հնարավորության շրջանակում կփորձի լուծում տալ այդ խնդիրներին:
Գեղանիստ համայնքում կառավարության ղեկավարն անակնկալ այցելել է համայնքի բնակիչներից մեկի տուն, որտեղ ներկա է գտնվել բանակ զորակոչվող երիտասարդի ճանապարհման արարողությանը և բարի ծառայություն մաղթել նորակոչիկին:
Հաջորդիվ՝ մինչև մարզկենտրոն Գյումրի հասնելը, վարչապետը կայցելի մարզի ևս մի քանի համայնք:
Վարչապետն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող երեխաներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետն իր կողմից երեխաների համար նախատեսված նվերներ է հանձնել ճամբարին, դիտել մանուկների պատրաստած պարային երաժշտական ելույթները: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով երեխաներին, հորդորել է նրանց միասնական լինել և պահպանել ձեռք բերած ընկերությունը: «Սիրելի երեխաներ, մեր պետության ապագան կապում ենք ձեզ հետ, և ամեն տարի կառավարությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ճամբարներում ձեզ համար բարեկեցիկ պայմանների ապահովմանը», – նշել է երկրի վարչապետը:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են սահմանվել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաև նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
2014 թ. ճամբարային ծրագրով կհանգստանա շուրջ 4500 երեխա՝ 3 հերթափոխով, 20-ական օրով, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1500 երեխա: Այս տարի 1-ին հերթափոխին ԼՂՀ-ի երեխաների համար հատկացվել է 200 տեղ, ջավախահայ երեխաների համար՝ 150 տեղ, իսկ 2012 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման շնորհիվ ծրագրում ընդգրկվել են նաև սիրիահայ
երեխաներ:
Անկախ
Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Անկախ
Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:
Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը ևս կնպաստի միության զարգացմանը:
Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը և կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաև ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:
Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին և նախաձեռնություններին:
Քննարկվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի նիստ:
Նիստում քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը, ինչպես նաև Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Նոր Շիրակ փողոցի ու Արտաշատի խճուղու վերակառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին սկսել համապատասխան մրցութային գործընթացը:
Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ տարանջատմանն ու պարզեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին շարունակել քննարկումները և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
Անկախ
Ֆինլանդիայի վարչապետը հեռացավ պաշտոնից
Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն երկուշաբթի դիմեց պաշտոնից հեռանալու համար: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է ցրվի: Նախագահն ընդունել է նրա հրաժարականն ու խնդրել շարունակել պաշտոնավարումը, մինչև նոր կաբինետ ստեղծվի,ինչը նախատեսվում է առաջիկա օրերին:
Ֆինլանդիայի ԵՄ գործերով ու արտաքին առևտրի նախարար Ալեքսանդր Սթուբը ընտրվել է Ազգային կոալիցիոն կուսակցության նոր նախագահ: Քվեարկությունը անց է կացվել Լախտի քաղաքում, համագումարի ժամանակ: Սթուբը կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը մինչև 2015-ի խորհրդարանական ընտրությունները:
Կատայնեն կառավարությունը գլխավորել է 2011-ից: 2 պաշտոններից հեռանալու մասին հայտարարել է ապրիլին: Նա պլանավորում է աշխատանք ստանալ ԵՄ կառույցներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ֆինլանդիայի վարչապետը հեռանում է պաշտոնից
Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն հայտարարել է, որ երկուշաբթի, հունիսի 16-ին երկրի նախագահին իր հեռանալու մասին դիմում է ներկայացնելու: Բացի այդ նա արդեն հեռացել է Ֆիննական խորհրդարանի կոալիցիոն կուսակցության նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 10 տարի:
Կատայնենի խոսքով, ինքը մտադիր չէ, որևիցե «քաղաքական կտակ» թողնել, հաղորդում է “Россия 24”-ը: Նոր նախագահին, որը Ֆինլանդիայի վարչապետ կդառնա, կոալիցիոն կուսակցությունը մտադիր է ընտրել այսօր, հունիսի 14-ին:
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ:
Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:
Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:
Բելգիայի վարչապետը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել
Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո դի Ռուպոն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:
Բելգիայի թագավոր Ֆիլիպը հայտարարել է կառավարող նոր կոալիցիայի ձևավորման համար հիմնական քաղաքական կուսակցությունների խորհրդակցություններ սկսելու մասին: Այդ բանակցություններում ամենայն հավանականությամբ միջնորդի դերը կհանձնարարվի Անթվերպենի բուրգոմիստր, Ֆլանդրիայում հաղթանակած «Ֆլամանդական նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ Դե Վեվերին, որը նաև վարչապետի թեկնածու է:
Բելգիայի քաղաքականության գլխավոր պրոբլեմը Ֆլանդրիայի ու ֆրանսալեզու Վալլոնիայի միջև սուր խնդիրներն են մնում:
Թաիլանդի վարչապետը կանգնել է դատարանի առաջ
Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթը այսօր, մայիսի 6-ին Թագավորության Սահմանադրական դատարանում ցումունք է տվել: Նրան պաշտոնեական իրավասությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա դա կհանգեցնի նախարարների կաբինետի պաշտոնաթողության:
Չինավաթին դատի է տվել ընդդիմադիր սենատորների խումբը: Նրանք վստահ են, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Տավիլ Պլիենսրիին պաշտոնից հեռացնելով, Չինավաթը չարաշահել է իր իրավասությունները: Հայցատու սենատորները համոզված են, որ Անվտանգության խորհրդի ղեկավարին ազատելով, Չինվաթը «գործել է շահադիտական նկատառումներից» ելնելով:
Խոսքը 2011-ին կատարվածի մասին է, սակայն այս տարվա մարտին Պլիենսրին բողոքարկեց այն Գերագույն վարչական դատարանում ու կարողացավ վերականգնվել իր պաշտոնում: Եթե դատարանը Չինավաթի գործողություններն անօրինական ճանաչի, ապա դա կհանգեցնի նրա պաշտոնաթողության, և, որպես դրա հետևանք` նախարարների ամբողջ կաբինետի ցրման, որը 2011-ին հաստատել էր վարչապետի` Պլիենսրիին պաշտոնից հեռացնելու որոշումը:
Հենց դրան են ձգտում ընդդիմադիրները, որոնք ավելի քան կես տարի Բանգկոկում ցույցեր են անում: Նրանց առաջնորդ Սութեփ Տաուգսուբանը ավելի վաղ հայտարարել էր, որ երբ դատարանի որոշմամբ Չինավաթը հեռացվի պաշտոնից, ապա ինքն անձամբ կդիմի Թաիլանդի թագավորին` նոր վարչապետ նշանակելու խնդրանքով: Վարչապետի թեկնածու այդ դեպքում կառաջարկեն իրենք` ընդդիմադիրները: Իրադարձությունների նման զարգացումը Թաիլանդում, արդեն կնքել են «ճակատագրական շրջադարձ» անունով:
Սակայն, գործը դրան դեռևս չի հասել, քանի որ դատարան ներկայացած Չինավաթը հրաժարվել է ընդունել մեղքը.»Ես մերժում եմ, բոլոր մեղադրանքները, որ առաջ են քաշվել իմ հասցեին: Որպես վարչպետ ես իրավունք ունեմ իմ պարտականությունները կատարել ու որոշումներ ընդունել` առաջնորդվելով հասարակության շահերով»,-հայտարարել է նա:
Ինչ կրթություն են ստացել Հայաստանի 13 վարչապետները
1963-1968 թթ. – Երևանի պետական համալսարան
1966-1967 թթ. – Մոսկվայի պետական համալսարան
1969-1972 թթ. – Միութենական ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտուրա
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գագիկ Հարությունյան
1965-1970 թթ. Երևանի պետական համալսարան
1970-1973 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Իրավաբանական գիտությունների դոկտոր
Խոսրով Հարությունյան
1966-1972 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Հրանտ Բագրատյան
1975-1979 թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ
1982-1985 թթ. ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
Տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր
Արմեն Սարգսյան
1970-1976 թթ. Երևանի պետական համալսարան
1976-1978 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
Ռոբերտ Քոչարյան
1977-1982 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Արմեն Դարբինյան
1981-1986 թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան
1986-1989 թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վազգեն Սարգսյան
1976-1980 թթ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
Արամ Սարգսյան
1979-1981 թթ. Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարան
1984-1989 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Անդրանիկ Մարգարյան
1967-1972 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Սերժ Սարգսյան
1971 – 1979 թթ. – Երևանի պետական համալսարան
Տիգրան Սարգսյան
1977-1978 թթ. – Երևանի թիվ 14 տեխնիկական ուսումնարան
1978-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
1980-1983 թթ.- Ռուսաստանի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ (Լենինգրադ)
1983-1987 թթ. – Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա
1994 թ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Հովիկ Աբրահամյան
1980-1984 թթ. Երևանի ավտոճանապարհային տեխնիկում
1985-1990 թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ
Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ 13-րդ վարչապետ
Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետ է նշանակվել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ մամլո խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց նոր վարչապետի անունը։
Հիշեցնենք, որ ապրիլի երեքին հրաժարականի դիմում էր ներկայացրել Տիգրան Սարգսյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց 6 տարի:
Լավագույն կառավարության աշխատանքի արդյունքներն աննշան կլինեն Հայաստանում. տնտեսագետ
Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ քննարկվում է, թե ով պետք է լինի հաջորդ վարչապետը, ինչ հատկանիշներ պետք է ունենա կառավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեման տնտեսական տեանկյունից դիտարկեց կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:
Հայաստանի տնտեսությունը ունի երեք խոշորագույն կախման ուղիներ. ներքին` օլիգարխիկ տենտեսությունը սերտաճած է պետական մարմիններին: «Եթե կառավարությունը չլինի հարմարվող, կարող է դիպչել օլիգարխների շահերին, կսկսվի պայքար, որում կհաղթի օլիգարխիան»:
Ըստ տնտեսագետի` կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են Հայաստանի վրա. Հայաստանը ունի մեծ տնտեսական կախվածություն Ռուսաստանիից և ֆինանսական կախվածություն ԱՄՆ-ից:
«Յուրաքանչյուր կառավարություն պետք է այդ հանգամանքերը հաշվի առնի: Ռուսաստանի ճնշումը արտահայտվում է Մաքսային Միության կազմ մտնելու պարտադրանքով, իսկ Արևմուտքը պարտադրում է մասնակցել ԵՄ տնտեսական համաձայնագրերին: Մենք միշտ մեծ ակնկալիքներ ենք ունենում կառավարությունից, բայց հաշվի չենք առնում այդ ճնշումները»,-նշեց Մեսրոպյանը:
Նրա կարծիքով` կուտակային կենսաթոշակների հարցը ևս դրվում է Արմուտքի ճնշման միջոցով. «Ասում են` Հայաստանի ութսուն տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակներին, սակայն ԱՄՆ-ը բառացիորեն ստիպում են ընդունել դա, իսկ մի՞թե ԱՄՆ-ը հանդես չի գալիս ժողովրդավարական արժեքների տարածողի դերում» :
Հայաստանի կառավարությունը դրսում պինդ հենարան չունի, ներսում էլ չունի , քանի որ օլիգարխները ևս այստեղ շահեր ունեն: «Եթե Հայաստան գա աշխարհի լավագույն կառավարությունը, դրա արդյունքները կլինեն աննշան»,-ասաց կառավարման մասնագետը բացատրելով դա նրանով, որ 1991 թվականին մեր հանրապետությունը ստեղծվեց շատ անհաջող ձևով: Հայաստանը խորհրդային համակարգը կարկատեց իրեն: Մյուս կոպիտ սխալը «մեզ հետ ես` պաշտոն ունես, մեզ հետ չես` պաշտոն չունես» սկզբունքի օգտագործումն էր, որը նույնպես ժառանգվել է կոմունիստական համակարգից: Արդյունքում լավագույն ռեսուրսները չօգտագործվեցին:
Ով էլ լինի նոր վարչապետը…
Այս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:
Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:
Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում
Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:
«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:
Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:
Սակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:
Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ
Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:
Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:
Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:
Վարչապետի կատուն կերել է սիրամարգին, իսկ ոստիկաններին ազատել են աշխատանքից
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքից դուրս գտնվող առանձնաըունը հսկող 3 ոստիկանները զրկվել են աշխատանքից: Նրանք չեն հետևել կենդանիներին, ինչի արդյունքում վարչապետի կատուն հարձակվել է այգում ճեմող սիրամարգի վրա ու կերել խեղճին, իսկ թռչնի մնացորդներն այգեպանն է գտել:
Pakistan Today- գրել է, որ կատարվածից հետո ղեկավարությունը պատասխանատվության է կանչել առանձնատունը հսկող բոլոր ոստիկաններին` 21 մարդու: Նրանք, ճիշտ է, արդարացել են,թե չեն պատկերացրել, որ կատուն իրենից խոշոր թռչնի հախից կգա, բայց թե ինչու չեն միջամտել` այդպես էլ անհասկանալի է մնում:
3 ոստիկանները, որոնք հսկում են մարագետինների մոտ, որտեղ ազատ զբոսնում են սիրամարգերը` հեռացվել են աշխատանքից:
