“Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի”. վարորդներ

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ տեսախցիկներից և արագաչափերից դժգոհ վարորդներն այսօր ՀՀ նախագահին նամակ կուղարկեն՝ խնդրելով ներել մինչ օրս արձանագրված եռապատիկ ու հնգապատիկ տուգանքները: Նրա խոսքով՝ կբողոքեն այնքան, մինչև հարցը լուծում ստանա:

“Խնդրի լուծման կապակցությամբ հանդիպել եմ Ճանապարհային Ոստիկանության պետի, նրա տեղակալների հետ: Բոլորը թեև սրտացավ են մոտենում խնդրին, բայց հարցը լուծում չի ստանում: Այսօր ավտովարորդները հայտնվել են սնանկ վիճակում, կոմունալ վճարները չեն կարողանում անել: Ոստիկանությունը խնդիրն ուղարկում է Ազգային Ժողով, որտեղ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը ևս խնդրով մտահոգ է, և քաղաքապետի հանձնարարականով լրջորեն աշխատում են Երևան քաղաքի կայանատեղիների ավելացման ուղղությամբ: Անձամբ ինքը Նոր Նորքի և Արաբկիր համայնքներում շուրջ 50 կայանատեղ է նշել:
Տիգրան Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքապետարանին շտապողականություն չցուցաբերել խնդրի կապակցությամբ:
“Ոստիկանությունը չի կարող օգնել, դրա համար դիմում ենք ՀՀ նախագահին, որ նա ուղերձով դիմի Ազգային Ժողով` ներելու արձանագրված եռապատիկ և հնգապատիկ տուգանքները: Լուրջ քաղաքականություն պետք է իրականացնել, որ այս ամենը դիտարկվի որպես կարգապահություն, այլ ոչ թե կողոպուտ»,- ասաց բանախոսը:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` մեծ է նաև խախտումների համար սահմանված գումարը, անգամ ԱՄՆ-ում այնքան չէ, որքան Հայաստանում:
Վարորդները ներկայացրին իրենց խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին կայանատեղիների խնդրին: Նրանք նշեցին, որ 200-300 հազար դրամի ակտեր ունեն, որոնք չեն մուծելու, քանի որ ի վիճակի չեն: Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի: Ժողովրդի գրպանն են թալանում, հերի՛ք է:

Անկախ

“Արագաչափերը դարձել են բիզնեսի տեսակ”». Ավտովարորդների պաշտպանության լիգա

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների հարցում կարգապահություն սահմանելու հարցում, հակառակ դեպքում վարորդները բացահայտ կթալանվեն:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների շնորհիվ վարորդները, իհարկե, ավելի կարգապահ են դարձել, սակայն տուգանքներն այնքան են շատացել, որ դրանց հանդեպ քաղաքացիներն ատելություն են զգում:
“Եթե մենք լուսարձակի կարմիր ազդանշանի տակ խախտում ենք գծանշանը, ապա նույն պահին էլ հետ ենք գնում, սակայն, միևնույն է, տուգանվում ենք: Սրա դեմ պետք է քայլեր ձեռնարկվեն: Քայլեր պետք է ձեռնարկվեն նաև տուգանքների չափի և դրանց համապատասխան գանձումներ կատարելու հարցում: Նվազագույն գերազանցման դեպքում, օրինակ, 5 հազար դրամ, արագության գերազանցման առավել կոպիտ խախտումների դեպքում՝ 10 կամ 15 հազար դրամ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ տեսախցիկները դարձել են բիզնեսի տեսակ:

Բանախոսը նշեց, որ սպասում են ոստիկանապետի պատասխանին: Բայց, եթե պատասխան չստանան, շարունակելու են իրենց պայքարը:
Վարորդ Արայիկ Բեգլարյանն իր դժգոհությունը հայտնելով նշեց, որ արագության սահմանման ցուցանակները խիստ խաբուսիկ են: Շատ դեպքերում էլ ցուցանակներ ուղղակի չկան:

“Մայրուղիներում սահմանված արագությամբ վարելով` մեկ էլ տեղեկանում ես, որ որոշ տարածություն անցնելիս պետք է իջեցնեիր արագությունդ, սակայն համապատասխան ցուցանակ չտեսնելով և չիջեցնելով` տուգանվել ես: Ստացվում է` պետք է անգիր անես ճանապարհները: Երբ պետք է գումարներ գանձեն քաղաքացիներից, հիշեցնում են միջազգային փորձի մասին, երբ պետք է կարգավորեն իրավիճակը` ոչ: Տաքսիստներից, տուգանքների ձևով, գանձում են իրենց ամսական եկամտի ամենաքիչը 20 տոկոսը”,- ասաց վարորդը:

Անկախ

Սպառնում են տաքսու վարորդները

տաքսու վարորդներՏաքսու վարորդները մեքենաները կայանելու համար հատուկ պայմաններ են պահանջում: Նրանք կոչ են անում դադարեցնել տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքները,  քանի դեռ  իշխանությունների կողմից  չի լուծվել նրանց կայանատեղի հարցը:  Վարորդները բողոքարկելու են, ցույցեր ու զանազան միտինգներ են անելու հարցի վերջնական լուծումը ստանալու համար:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ  կայանատեղերի համար սահմանված ընդհանուր կանոնները հարմար չեն տաքսու վարորդներին։

Վարորդ Հմայակ Ներսիսյանի խոսքով կառավարության կողմից ժողովրդի գլխին ինչ փորձանք ասես չի բերվում, սոցիալապես անապահով այս ժամանակահատվածում միայն տեսախցիկներն էին պակաս.

ՙՈչ բարեկեցիկ կյանքով ենք ապահովված, ոչ էլ աշխատավարձներն են կարգին, ամեն օրվա հաց չենք կարողանում վաստակել ուր մնաց 50 կամ 100 հազար տուգանքները փակենք՚:

Հարցը բարձրացված է, սակայն պատասխան չկա, նրանք սպասում են եւ սպառնում տուգանքները չմուծել, մինչեւ չլուծվի կայանատեղի հարցը: Երեւանում մեքենաների թիվը գնալով ավելանում է, խցանումներն ու բողոքները շատ են, կարմիր կետագծերի սթրեսից հետո հերթը տաքսու վարորդներինն է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

 

Մաքսային միություն մտնելուց հետո խոշոր ավտոներկրողները մենաշնորհ կստեղծեն, իսկ մանր և միջին ավտոներկրողները կկորչեն

Տիգրան Հովհաննիսյան«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Մաքսային միություն մտնելուց հետո խոշոր ավտոներկրողները մենաշնորհ կստեղծեն, իսկ մանր և միջին ավտոներկրողները կկորչեն: Ապա տեղեկացրեց, որ ավտոներկրողները ցանկանում են հանդես գալ օրենքի նախագծով, համաձայն որի` իրենց բիզնեսին կարգավիճակ կտրվի: Ավտոներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնած, նրանք մեքենաներ են ներկրում և երկրորդ մեքենայից սկսած ավելացված արժեքի հարկ պետք է վճարեն:

«Բավական չէ, որ մաքսային վճարներն ենք տալիս, հիմա էլ ավելացված արժեքի հարկ պետք է վճարենք երկրորդ մեքենա բերելու համար: Մենք այդքան շահույթ չենք ստանում: Երկրորդ մեքենա ներմուծելու համար ստիպված ենք լինում մեկ ուրիշի անունով ձևակերպել մեքենան, որպեսզի ավելացված արժեքի հարկ վճարենք: Մենք դիմելու են Կառավարությանը` մեզ հարկային դաշտ մտցնելու համար, որպեսզի կարողանանք այնքան մեքենա ներկրել Հայաստան, որքան կկամենանք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Հարցին` ինչո՞ւ ավտոներկրողները չեն դիմում Պետեկամուտների կոմիտե և պահանջում գրանցել իրենց, Ավտոներկրողների միության նախագահը պատասանեց. «Պետեկամուտների կոմիտեն ավտոներկրողների նկատմամբ ռեկետ է իրականացնում: Եվ առհասարակ մեր հարկային մարմիններում ավտոներկրողների նկատմամբ ռեկետ են իրականացնում: Երկրորդ մեքենայի ներկրումը որակում են որպես ապօրինի և պահանջում վճարել մեքենայի 20 %-ը: Սպառնում են քննչական ուղարկել և այլն: Արդեն հոգնել ենք այս ամենից»:

Անկախ

Ինչո՞ւ ոչ ոք տաքսիստներին չի սիրում, անգամ` ԱՊՊԱ-ն

taxi-1Որքան ժամանակ է` չեմ օգտվում տաքսի ծառայության ավտոմեքենաներից, նախընտրում եմ անհատ տաքսու վարորդների հետ երթևեկել: Պատճառները մի քանիսն են. նախ` ավտոմեքենաների մեծ մասի անսարքությունն այնքան ակնառու է, որ թվում է` ուր որ է ավտոմասերն իրարից կանջատվեն, ու մեքենան կտոր-կտոր կլինի, ավտոմեքենայի խցիկը, մեղմ ասած, ոչ հիգիենիկ վիճակում է, կեղտոտ, տհաճ հոտով ու ծխախոտի ծխով պատված, իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև տաքսի ծառայության հեռախոսավար-օպերատորների ականջ ծակող, մեկ-մեկ էլ մուննաթով և վարորդների նկատմամբ ակնհայտ ճնշման գործադրմամբ հրահանգները, որոնք ստիպված ես լսել, ապա միանգամայն բնական է, որ չցանկանաս այլևս օգտվել այդ ծառայություններից: Եթե նախկինում այս ամենը քաղաքացին ստիպված էր տանել` հաշվի առնելով, որ տաքսի ծառայության ընկերությունների գները, անհատների տաքսի ծառայության գների համեմատ, ավելի մատչելի են, ապա այսօր այդ տարբերությունը գոյություն չունի, ավելին,` երբեմն անհատ տաքսու վարորդները նույն տեղն ավելի էժան են հասցնում:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում տաքսի ծառայության ընկերություններն աստիճանաբար կզիջեն դիրքերը անհատ տաքսու վարորդներին` դուրս մղվելով շուկայից:

Հասկանանք` ինչու է ստեղծվել այս իրավիճակը:
Բանն այն է, որ Ազգային ժողովի նախորդ տարվա վերջին նիստերից մեկի ժամանակ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարվող բարեփոխումները: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, համաձայն որոնց հեշտացվում է ոլորտում գործունեություն իրականացնելը, և վերանում են բիզնեսին խանգարող մի շարք պահանջներ, անօրինական գործունեության համար էլ բարձրացվում է տուգանքների չափը: Մասնավորապես, այս բիզնեսով զբաղվելու իրավունք վերապահվեց նաև ֆիզիկական անձանց, որոնք փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմեքենայով: Սահմանվեցին ավտոմեքենայի կահավորմանը ներկայացվող պահանջները, հանվեցին վարորդների ամենօրյա բուժզննման և մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները: Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվեց, որ ֆիզիկական անձինք ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վճարում են պետական տուրք, ինչի մեջ ներառված է նաև արտոնագրային վճարը: Եթե տաքսիները մինչ այժմ դեղին համարանիշները պարտավոր էին ձեռք բերել ամբողջ տարվա համար և վճարումն էլ կատարել միանվագ (ամսական 17.500 դրամ), ապա այսօր սպիտակ ինքնակպչուն ժապավենները կարող են ձեռք բերել իրենց ցանկացած ամիսների համար` վճարելով ամսական 12 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում անհատ տաքսիստների հարկային բեռն անհամեմատ ավելի նվազեց, մինչդեռ տաքսի ծառայութան սեփականատերերը, լիցենզավորման գումարներից բացի, պարտավոր են վճարել եկամտահարկ, արտոնագրային վճար և այլ վճարներ:

Տաքսի ծառայության սեփականատերերից մեկի խոսքով` ամեն վարորդի համար իրենք ամսական վճարում են 30-40 հազար դրամ: Ուստի, երկու դրույքաչափով վարորդ չեն պահում: Պարզ է, որ մեկ վարորդը, որն աշխատում է տաքսի ընկերությունում 50-50 ձևաչափով, ստիպված է օրնիբուն աշխատել, որպեսզի վճարի սեփականատիրոջ հիսուն տոկոսը, մի բան էլ իրեն մնա:

big_1a725948e«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ տեղի ունեցած վերջին բարեփոխումներն էլ ավելի վատացրին ոլորտը. «Իրավիճակը փակուղի է մտել: Ապահովագրական կազմակեպությունները հայտարարում են, որ տաքսի ընկերությունների ավտոմեքենաները չեն ապահովագրում, քանի որ ռիսկային են: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց պետք է հասկանալ նաև այդ ապահովագրական ընկերություններին»:

Ի դեպ, ապահովագրական ընկերություններից մեկի գործակալը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ էլեկտրոնային պայմանագիրը կազմելիս լրացնում է այն հատվածը, որտեղ նշված է` տաքսի ծառայության ավտոմեքենա, վերջում ծրագիրը թույլ չի տալիս պայմանագիրը հաստատել, տեխնիկական խոչընդոտ է ի հայտ գալիս: Գործակալի խոսքով` որևէ պաշտոնական բացատրություն չկա, սակայն իրենք գիտեն, թե բանն ինչ է:

Երբ վարորդների բողոքների հիման վրա «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որն իրականացնում է ապահովագրական գործընթացի վերահսկողություն, ապա զրուցել է մի շարք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց կողմից նույնպես մի շարք հարցեր են բարձրացվել. «Ապահովագրական ընկերությունները շատ ճիշտ են նկատել, որ տաքսի սերվիսների, ուղևորափոխադրող կազմակերպությունների վարորդներն աշխատում են ութ ժամից ավելի և շաբաթական սահմանված քառասուն ժամը գերազանցում են մի քանի անգամ: Տաքսի ծառայություններում նույնիսկ «սուտկա» հակացողություն կա: Դրա հետևանքն այն է, որ երթևեկության կանոնները խախտվում են ամեն րոպե, և ապահովագրական ընկերություններն էլ չեն ուզում ռիսկային պայմանագրեր կնքել»:

Տիգրան Հովհաննիսյանը ո՛չ տաքսու վարորդներին է մեղադրում, ո՛չ էլ ապահովագրական ընկերություններին: Ասում է` կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, սակայն այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը արտասահմանից գրանտներ է ստանում օրենքները կտրտելու համար. եկել-հասել են տրանսպորտի ոլորտին, որոշել են բուժզննում, տեխզննում դրույթները կտրել-հանել: Այսինքն` վարորդներն անվերահսկելի վիճակում են վարում մեքենաները»:

Ճիշտ է` նախկինում օրենքով պարտադրված վարորդների բուժզննման և մեքենաների տեխզննման դրույթները նույնպես չեն կատարվել, այլ ընդամենը ձևականորեն թղթեր են լրացվել, սակայն Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեին այդ դրույթների իրականացումը վերահսկելու կամ թևթևացնելու ուղղությամբ, ոչ թե ընդհանրապես օրենքից հանեին: (Ի դեպ, Օրենսդրության ազգային կենտրոնի կարգախոսը հետևյալն է` կտրենք միասին:)

Տիգրան Հովհաննիսյանը, օրինակ, առաջարկում է բուժզննումը ոչ թե ամեն օր իրականացնել, այլ գոնե մեկ-երկու ամիսը մեկ կամ էլ լիցենզիա տալուց առաջ. «Չիմանա՞ս` էդ մարդն ի վիճակի է տաքսու վարորդ աշխատել` թե չէ, ինֆարկտի ենթակա է` թե չէ, տեսողության խնդիներ ունի, չունի: Ո՞նց կարելի է` ում պատահի թուղթը տաս, ասես` քշի: Հեշտացում պետք է լինի, բայց ոչ անվերահսկելի իրավիճակի և աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու հաշվին»:

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իսկապես սիրում են այդ գործը և բարեխղճորեն են կատարում, բայց երբ ոլորտում հայտնվում են ամեն տիպի մարդիկ` ընդհուպ քրեական անցյալ ունեցող, թմրամոլ ու հարբեցող, արդեն նորմալ վարորդներին էլ են ծուռ աչքով նայում:

Այո, կար ժամանակ, երբ տաքսու վարորդ լինելը ոչ միայն եկամտաբեր գործ էր, այլև պատվաբեր: Մարդիկ հպարտությամբ էին այդ գործն անում, քանի որ գիտակցում էին դրա պատասխանատվությունն ու լրջությունը: Այսօր մարդ տեղափոխելը որոշ վարորդների համար չի տարբերվում, ասենք, մի պարկ կարտոֆիլ կամ կաղամբ տեղափոխելուց: Կարևորը` մարդը նստի, իսկ տեղ հասնելը կախված է վարորդի ինքնազգացողությունից, տրամադրությունից, նյարդային համակարգից, անգամ լսած երաժշտությունից…

 

Անկախ