Հոգ չես տանում ծնողներիդ մասին` տուգանք վճարիր

o_918442Այն ռուսաստանցիները, ովքեր հոգ չեն տանում ծնողների մասին` տուգանք են վճարելու: Օրենքի նման նախագիծ է այսօր ՌԴ Պետդումա մտցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այն անձինք, ովքեր  հոգ չեն տանի իրենց անգործունյա ծնողների մասին, ադմինիստրատիվ պատասխանատվության կենթարկվեն: Նախաձեռնությունը «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևին է պատկանում: Առաջարկվում է ՌԴ իրավախախտության մասին Կոդեքսում մի նոր հոդված ավելացնել, որի համաձայն, առաջարկվում է ծնողներին չխնամողներին տուգանել 100-1000 ռուբլի կամ էլ  նախազգուշացնել:Առաջարկվում է նշված գումարի կրկնապատիկով տուգանել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների մասին հոգ չեն տանում 500-1000 ռուբլի:

Անկախ

Վճարովի ավտոկայանատեղերի համար չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ն է անցնում գործի

New parking rules entered into force from 1 July in ArmeniaԵրևանում «կարմիր գծանշումներ» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները դրանց ներդրման օրվանից տարբեր ու տարաբնույթ դժգոհությունների և բողոքների տեղիք են տվել: Վերջերս էլ «Անկախը» բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել այդ ավտոկայանատեղերում ավտոմեքենաները կայանելու դիմաց վճարումները կատարելու կամ դրանից հրաժարվելու դեպքում վճարման պարտադրանքի կապակցությամբ:

Մեզ բողոքում են, որ անգամ այն դեպքում, երբ իրենք համաձայն չեն այդ կայանատեղերում իրենց կայանելու համար արձանագրված ժամանակին, հետևաբար նաև գանձվելիք գումարի մեծությանը և ուշացնում են վճարումը բողոքելու կամ դատարան դիմելու մտադրությամբ, միևնույն է, իրենցից բռնագանձում են վճարվելիք գումարները. ԴԱՀԿ-ի միջոցով արգելք է դրվում, օրինակ, իրենց հաշվի կամ աշխատավարձի վրա:

«Ես կայանել եմ «Անի» հյուրանոցի մոտ շուրջ 1.5 ժամ, բայց ինձ ուղարկված թղթով նշվում է, թե 10-15 րոպե եմ կայանել, հետո կցված ինչ-որ նկարներ են ուղարկել, որ տուգանվել եմ, բայց այդ լուսանկարների որակն այնքան վատ է, որ չի երևում անգամ` ի՞մ մեքենան է լուսանկարված, թե՞ մեկ այլ… Պատրաստվում էի տուգանքի կապակցությամբ դիմել դատարան, մեկ էլ իմացա, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել բանկային հաշվիս վրա»,- պատմեց Վ.Ի.-ն:

Մեզ դիմած քաղաքացիները ԴԱՀԿ-ի «գործին խառնվելը» պայմանավորում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը շահագործող ընկերության տիրոջ անձի հետ, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենասերտ կապեր ունի ԴԱՀԿ-ի հետ: Ընդ որում` մեզ բողոքող քաղաքացիներից մեկն էլ նշում էր, որ ինքը տուգանվել է 5000 դրամի չափով, բայց իր հաշվից 10 000 դրամի վրա է կալանք դրված, պատճառաբանել են, որ 5000 դրամն էլ ԴԱՀԿ-ին վճարվելիք գումարն է կատարած գործողությունների դիմաց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս կապակցությամբ ասաց` զարմանալի է, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում չեն բողոքում, բայց հետո սկսում են դժգոհել, այնինչ կարող են ուղղակի ներկայանալ քաղաքապետարանի` նշանակված տուգանքների քննարկման համար հրավիրված նիստերին ու իրենց բողոքները կամ դժգոհությունները բարձրաձայնել:

վճարովի ավտոկայանատեղի (3)Երևանի քաղաքապետարանին ևս մեկ անգամ զարմանք չպատճառելու համար որոշեցինք օգտվել խորհրդից և բարձրաձայնել մեր ասելիքը` խնդրեցինք պարզաբանել, թե ինչ սկզբունքներով է կատարվում գումարը հարկադիր գանձելու գործընթացը, ինչ հիմքերով ու մեխանիզմներով է տեղի ունենում վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձումը և ինչ հավելյալ գումարներ է գանձում ԴԱՀԿ-ն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը պարզաբանեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մի խոսքով`օրենքն այս դեպքում կարմիր գծանշումները շահագործող տնտեսվարողի, տուգանող մարմնի ու ԴԱՀԿ-ի օգտին է «արտահայտվում»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:
Այսինքն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու պահից 10 օր անց դառնում է անբողոքարկելի և կարող է ներկայացվել հարկադիր կատարման կայացման պահից եռամսյա ժամկետում:
Իսկ դրանից հետո եռամսյա ժամկետում արդեն դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, եթե այդ ընթացքում տուգանքը չի մուծվում:

Ի՞նչ 5000 դրամ է մնում ԴԱՀԿ-ին

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ԴԱՀԿ-ն նշանակված տույժ-տուգանքով սահմանված գումարից ավելի` 5000 դրամ գումար պահում, ապա քաղաքապետարանից նշում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարվում է ոչ թե վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձում, այլ իրականացվում է նշված տեղական տուրքը վճարած չլինելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 5.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարի գանձում: Այս դեպքում արդեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը սահմանում է, թե ինչ գումարներն են դրանք. «կատարողական գործողությունների կատարման կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցներ»: Փաստորեն, նույն օրենքի մեկ այլ` 67-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից. մինչև 10.000 դրամի չափով` պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացվելուց հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներ համապատասխան գումարի գանձումն ապահովելու նպատակով: Այսինքն` կարող է կալանք դրվել ինչպես հաշվի, այնպես էլ աշխատավարձի վրա, նաև կարող է տվյալ անձի գույքը բռնագանձվել…

Ստացվում է, որ եթե արդեն որևէ քաղաքացու տուգանել են, ու նա չի պատրաստվում վճարել այն, այլ ցանկանում է իրեն նշանակված տույժ-տուգանքի վերաբերյալ որոշումը բողոքարկել դատարանում, ապա պետք է իմանա, որ առաջին հերթին պարտավոր է 10-օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը: Հակառակ դեպքում դատարանը չի ընդունի քաղաքացու փաստարկը, թե չի իմացել 10-օրյա ժամկետում իրեն նշանակված տուգանքը կամ տույժը բողոքարկելու դրույթի մասին: Որովհետև օրենքի կամ իրավանորմի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Եվ օրենքն այդ դեպքում կլինի «կարմիր գծերը» շահագործողի օգտին:

 

«Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել 15 մլն դրամի չափով

վեստաԱյս  կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն  է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ի դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:

ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա»  խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ  այս   սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ»  լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը այս  և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրացվող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար հանձնաժողովը որոշեց ընկերությանը տուգանել 15 մլն դրամի չափով և հանձնարարել անհապաղ վերացնել խախտումները:

 

Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ

նկար ասուլիսիցԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:

Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:

Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:

«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:

Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:

«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:

«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:

 

BP-Azerbaijan-ը վճարել է 650 հազար մանաթ տուգանք

 BP-Azerbaijan,տուգանք “Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարում Ադրբեջանի նավթային ոլորտում ավելի քան 50 դժբախտ պատահար է տեղի ունեցել: Սակայն այս թվերը իրականությանը չեն համապատասխանում: Շատ հաստատություններ գերադասում են թաքցնել այդ պատահարները”- հայտարարել է նավթի արդյունաբերության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահ Միրվարի Գահրամանլըն, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ նրա՝ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով անցած տարի 6 աշխատակից է մահացել, 33 հոգի արտադրական վնասվածքներ են ստացել:

SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը) և այլ ընկերություններ տուգանվել են, իսկ BP-Azerbaijan-ը վճարել է 650 հազար մանաթ՝ շրջակա միջավայրին վնաս պատճառելու համար:

Անկախ

Ձերբակալվել են թռչնագրիպի համաճարակի մասին լուրեր տարածող բլոգերները

2434381 (1)Չինաստանի միանգամից մի քանի նահանգներում ոստիկանությունը ձերբակալել է համացանցային օգտատերերին, որոնք բլոգոլորտում թռչնագրիպի համաճարակի մասին լուրեր են տարածում: Նրանց մեծ մասը տուգանքի ու ադմինիստրատիվ կալանքի է ենթարկվել:

Չինաստանում գործում է սոցցանցերի օգտատերերի նույնականացման համակարգ: Ոստիկանությունը կարողացել է պարզել` ով ով է: Օգտատերերից մեկն, օրինակ, ԶԼՄ-ում H7N9 –ի մասին հայտնված լուրի տակ ավելացրել է իր բնակավայրի անունը ու վարակման մի քանի դեպքեր և իր խոսքով` “հումորը” բլոգի տեսքով տարածել   ընկերներին: “Նորությունը” շատ արագ տարածվել է սոցցանցերում ու հանգեցրել խուճապի:

Ոստիկանությունը “կատակասերին” ձերբակալել է 10 օրով ու տուգանել 500 յուանով: Նման դեպքեր գրանցվել են նաև մյուս նահանգներում ու քաղաքներում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներկայում թռչնագրիպով հիվանդների թիվը 100-ից ավելի է: Նրանցից 19-ը մահացել են: Իշխանությունները հավատացնում են, որ մարդուց մարդուն վարակի փոխանցման անհերքելի վկայություններ դեռևս չկան:

Անկախ

50 հազար դոլար տուգանք` հակառակորդի քուղերը քանդելու փորձի համար

o_876065Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) տուգանել  է “Նյու Յորք” թիմի պաշտպան Ջեյ Ար Սմիթին 50 հազար դոլարով: Նման պատիժ է կայացվել այն պատճառով, որ բասկետբոլիստը փորձել է “Դեթրոյտ” ակումբի մրցույթում,տուգանային նետման ժամանակ քանդել հակառակորդի քուղերը:

Անցած շաբաթ “Դալասի” ակումբի խաղում նա նույն հնարքին էր դիմել, սակայն դրանից հետո NBA-ն Ջեյ Ար Սմիթին զգուշացրել էր ու խնդրել ձեռնպահ մնալ նման արարքներից:

 

Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց

Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան»  ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման  կիրառմամբ:

համասեռամոլներՎերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի,  կայացրած 2013թ. օգոստոսի 28-ի դատավճիռը:

Ամբաստանյալներն իրենց  բողոքներում միջնորդել էին  բեկանել հիշյալ դատավճիռը և իրենց արդարացնել,հաղորդում էՓաստինֆոն:

Հիշեցնենք, որ  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով`  նրանք մեղավոր են ճանաչվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով ՝  Սուտ մատնությունը, և դատապարտվել  300.000-ական  ՀՀ դրամի  տուգանքի:

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Ադրբեջանում քրեական պատասխանատվություն են սահմանելու ինտերնետում զրպարտության և վիրավորանքի համար

համացանց-տուգանքԱդրբեջանում Միլլի մեջլիսը (խորհրդարան) առաջիկայում քննարկելու է օրենքի փոփոխություններ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ինտերնետում զրպարտության և վիրավորանքի համար, հաղորդում է “Contact.az”-ը:

Գլխավոր դատախազությունը օրենսդրական նախաձեռնության կարգով փոփոխություններ է ներկայացրել Քրեական օրենսգրքի 147 (զրպարտություն) և 148 (վիրավորանք) հոդվածների համար: Հոդվածների պատժամիջոցները մնում են նույնը` 100-500 մանաթ տուգանքներ, մինչև 240 ժամ հասարակական աշխատանքներ կամ 6 ամսով ազատազրկում:

Մեդիա-փորձագետ Ալեսքեր Մամեդլին “Թուրան” գործակալության հայտնել է, որ նորարարությունների իմաստն անհասկանալի է: Լրատվամիջոցների մասին օրենքով ինտերնետն արդեն լրատվամիջոց է, իսկ այժմ սանկցիաների տակ են հայտնվում ինտերնետում բոլոր ռեսուրսները`սոցցանցերը ներառյալ:

Փորձագետը չի բացառել, որ օրինագիծի նպատակը ինտերնետից օգտվողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է: