Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի. փոխնախարար

ծԻՐԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը:  Նախ` փոխնախարարը ներկայացրեց ցրտահարության հետևանքով գրանցված կորուստների տվյալները:

Դրանց համաձայն`  նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:  Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ 287 համայնքում շուրջ 3700 գյուղացիական տնտեսություն` հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում:

Փոխնախարարը խոսելով ծիրանենու կրած վնասների մասին` նշեց, որ  6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը, իսկ Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:  Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծիրանենու բերքն այս տարի կազմում է շուրջ 8000 տոննա, այն դեպքում, երբ անցյալ տարի այն կազմում էր շուրջ 89000, որից  23000-ն արտահանվել է:

“Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի”-, նշեց փոխնախարարն ու վերամշակողներին խորհուրդ տվեց  պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին”:

Նախարարի տեղակալի խոսքերով որոշ վնասներ են արձանագրվել նաև դեղձենու, կեռասենու, սալորենու ծաղկած այգիներում, իսկ խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի` խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքսերի հետ կապված վնասներ չեն գրանցվել:

Այնուհետ Գառնիկ Պետրոսյանն անդրադարձավ այն գործողություններին ու ծրագրերին, որն իրականացնում է նախարարությունը` հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Մասնավորապես` նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը և փոխվարչապետը եղել են տեղերում, հանդիպումներ ունեցել մարզպետարանների, համայնքների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ`պարզելու նախնական իրավիճակը, այնուհետ աշխատանքային մասնագիտական խմբերը գործուղվել են  համայնքներ, մարզեր և մանրակրկիտ ուսումնասիրություններ  կատարել, իսկ դրան հաջորդել է ՀՀ կառավարության որոշումը, որով 278 մլն. դրամ գումար է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով  փոխհատուցելու համար, 487 մլն.դրամ` ոռոգման ջրի վարձավճարի 50%-ի փոխահատուցման նպատակով, իսկ 85մլն. դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, իսկ  ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն:

“Այսօր ունենք նաև տեղական լոլիկի շուրջ մեկ միլիոն սածիլներ, որ կարող են ինքարժեքով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին”,-հավելեց փոխնախարարը` նշելով, որ նաև նախատեսվում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով աջակցություն տրամադրում: Անապահով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներգրավվելով իրենց իսկ գյուղացիական տնտեսության աշխատանքերում` ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն:  Նաև աշխատանքեր են տարվելու տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը սառեցնելու, հետաձգելու ուղղությամբ և այլն:

“Փոխհատուցման խնդիր չի դրվել` բացառությամբ ոռոգման ջրի և հողի հարկերից. հիմնական նպատակը գյուղացուն աջակցություն ցուցաբերելն է, որ վերջինս հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարի ստեղծված իրավիճակը”,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:

Անկախ

Ցրտահարության հետևանքները կփորձեն մեղմել, իսկ հետո՞…

ցրտահարությունԱրդեն երկու շաբաթ է անցել Արարատյան հարթավայրի ու հանրապետության ցածրադիր վայրերի գյուղատնտեսությանը պատուհասած ցրտահարությունից: Եղածն անդառնալի է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Ու հիմա գլխավոր հարցը մնում է գյուղացիական տնտեսությունների վնասի փոխհատուցումը, գյուղացիների հոգսի գեթ մասամբ մեղմացումը:

Կառավարությունը, ինչ խոսք, հայտարարեց իր աջակցության մասին: Ցրտահարությունից հետո կայացած առաջին նիստում էլ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ցրտահարության խնդրին, թե շուրջ 11 հազար 500 հեկտար տարածքի վրա արձանագրվել են վնասներ, դրանց վերջնական չափերն ու ծավալներն էլ ճշգրտման փուլում են: Նա շեշտեց, որ վնաս կրած գյուղացիներին տրամադրվելիք օգնությունն ու օժանդակությունն առարկայական կլինի:

«Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Գյուղացիների, գյուղապետների, մարզպետների բարձրացրած ամենակարևոր հարցերից մեկը, բնականաբար, գյուղացիների վարկային պարտավորություններին էր վերաբերում: Գյուղացիները վերցրած վարկեր ունեն, որոնք հիմնականում փակում են իրենց այգիներից ստացված բերքը վաճառելով: Ու քանի որ այդ բերքն այլևս չկա, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ մի քանի ամսից մի քանի հազար գյուղացի չհայտնվի ԴԱՀԿ տեսադաշտում: Այս կապակցությամբ, ինչպես այն ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը, կառավարությունը խնդրել է ԿԲ-ին, որպեսզի քննարկվեն ֆինանսական խնդիրները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արվել են, տարբեր գյուղերում հարցումներ են կատարվել, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Արթուր Ջավադյանը, մոտ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը: Այսինքն` ինչպես անցած տարի Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցին վարկային միջոցներով, վերաձևակերպումներով, տոկոսադրույքները սուբսիդավորելով, այս տարի նույն գործիքը կօգտագործվի, և պետական բյուջեն կաջակցի գյուղացիներին այդ հարցում: Բայց պետական բյուջեով կառավարությունը կօգնի գյուղացիական տնտեսություններին նաև ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել և՛ գարնանացանը, և՛ աշնանացանը:
Կառավարությունը հաջորդ նիստում, արդեն առանց Տիգրան Սարգսյանի, կրկին անդրադարձավ այս խնդրին և հաստատեց ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները հնարավորինս մեղմելու և նրանց աջակցություն և օգնություն տրամադրելու մի շարք որոշումներ:

Օգնության ձևն ու չափը պարզ են

Առաջինը «Սերմացուների ձեռքբերումը թույլատրելու և դրանք մարզերի` ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին հատկացնելու մասին» որոշման նախագիծն էր, որով նախատեսվում է, ըստ առաջացած պահանջարկի, ձեռք բերել 85 մլն դրամ արժողությամբ տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ և դրանք անհատույց հատկացնել ցրտահարությունից առավել տուժած այգետերերին: Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ձեռք կբերվեն հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ 3.5 տոննա տարբեր սերմեր ու սերմացուներ:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2014 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցնել 150 դրամի: Իսկ 2014 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի և դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում որոշվեց ազոտական պարարտանյութի և վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած այգետերերին մատակարարել առանց սահմանափակման` փաստացի ունեցած հողատարածքի չափով:

ցրտահարությունԿառավարությանը մի որոշման նախագիծ էլ ներկայացրել էր տարածքային կառավարման նախարարությունը, ըստ որի` ցրտահարությունից տուժած մարզերին որոշակի օժանդակություն տրամադրելու նպատակով մարզերին հրատապ ծրագրերի իրականացման համար տրամադրված 10 մլրդ դրամից, որոշ ծրագրերի իրականացումը հետաձգելով, առանձնացնել ընդհանուր մոտ 750 մլն դրամ, որից 450 մլն ջրի վարձի 50 տոկոսը փոխհատուցելու և 271 մլն դրամ` հողի հարկի վճարումները կատարելու համար:

«Մեր պայմանավորվածությունը նաև հետևյալն է. մարզային իշխանությունները տեղական իշխանությունների հետ միասին պետք է կազմեն այն բոլոր շահառուների ցուցակը, որոնք այս օժանդակությունից օգտվելու են: Այդ ցուցակները պետք է լինեն հրապարակային»,- հայտարարեց նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Ցրտահարությունից տուժածներին ցուցաբերվող օժանդակության և օգնության ծրագրերը, նշեց Արմեն Գևորգյանը, շարունակություն են ունենալու նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ժամանակավոր զբաղվածության ծրագրերի շրջանակներում այդ տնտեսություններին ցուցաբերվելիք օժանդակության մանրամասները: Ըստ այդմ` այն գյուղացիական տնտեսությունների համար, որոնք կհամապատասխանեն չափորոշիչներին, կիրականացվի նույնպիսի ծրագիր, ինչ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելիս: Հիշեցնենք, որ անցած տարի 630 տնտեսությունների 120 մլն դրամի չափով օժանդակություն ցույց տրվեց` փոխհատուցելով աշխատողների օրական աշխատավարձը 4000 դրամի չափով: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այս նպատակով նախատեսվել է 150-200 մլն դրամի գումար, ինչը, Արմեն Գևորգյանի մեկնաբանությամբ, որոշ չափով կթեթևացնի ցրտահարությունից տուժած տնտեսություններում առաջացած ֆինանսական խնդիրները:

Սրանք նախկին կառավարության որոշումներն էին, և վստահաբար կարելի է ասել, որ նոր կառավարությունը կշարունակի այս մոտեցումը:

Բայց մի կարևոր հարց է բաց մնում: Ինչո՞ւ չեն ստեղծվում այնպիսի մեխանիզմներ, որ կառավարության միջամտության ու առարկայական աջակցության կարիքը ծայրահեղ դեպքերում զգացվի: Ինչո՞ւ գյուղատնտեսության ոլորտում չի ներդրվում ապահովագրության ինստիտուտը, ինչի մասին թե՛ գյուղացիները, թե՛ ոլորտի մասնագետները բազմիցս նշում են: Այդ մասին անցյալ տարի մայիսին ԱԺ-ում հայտարարում էր անգամ գյուղատնտեսության նախարարը: Կամ ինչո՞ւ է կառավարությունը, ի դեմս գյուղնախարարության, ամեն տարի ցրտահարության դեմ պայքարելու համար խորհուրդ տալիս դիմել ավանդական միջոցների ու քայլեր չի ձեռնարկում միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում ներդնելու ուղղությամբ:

Մի խոսքով` գյուղացիները հավանաբար արդարացի են իրենց բողոքներով, երբ նշում են, որ իրենք մենակ են բնության ու նրա արհավիրքների դեմ, իսկ իրենց հույսն էլ Աստծո ողորմածությունն է:

 

 

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին

սերգոԿառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը

 

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:
Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:
Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:
Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարի պաշտոնակատարին: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն: Այս վերջին ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Բնական աղետներն այս տարի էլ մարտահրավեր նետեցին հայ գյուղացուն

ցրտահարությունՄարտի 28-ին գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարություն-նախազգուշացումով, որ հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների` այգիները ծխեցնել, և եթե հնարավոր է` առատ ոռոգել:

Ցուրտ էին սպասում` ձյուն ստացան

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջև են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում` վաղահաս խաղողի վազերը: Այնուհետև Գառնիկ Պետրոսյանը երկար ու մանրամասն բացատրում էր «ավանդական» մեթոդների կիրառման տեխնոլոգիաները` ժամերը և այլն, քանի որ վստահ էր, որ -1-ից -2 աստիճան ցրտի դեպքում ցրտահարությունից հնարավոր կլիներ 100 տոկոսով պաշտպանվել, իսկ մինչև -6 կամ -7 աստիճան ցրտի դեպքում` ցրտահարության վտանգն էականորեն մեղմել:

Գյուղնախարարությունում նույնիսկ արտակարգ նիստ-խորհրդակցություն հրավիրեցին, քննարկեցին ցրտահարության դեմ պայքարի միջոցները, կազմեցին ծրագրեր, այնուհետև լրատվամիջոցներով ու երեք բջջային օպերատորների կողմից ուղարկվող sms հաղորդագրությունների միջոցով լայնորեն տեղեկացրին ցրտահարության վտանգի ու «ավանդական» միջոցներով դրա դեմ պայքարելու մասին: Սա, ինչպես նշում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, իհարկե ճիշտ են արել:

Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա. նախարարությունը խորհուրդ էր տալիս ոռոգել այգիները, իսկ այն հարցին` ոռոգման հնարավորություն կա՞, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում էր, թե կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, և այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է:
Այս էլ որերորդ տարին է, որ Հայաստանում խոսվում է ցրտահարության վտանգի, դրա դեմ ծխահարությամբ ու առատ ոռոգումով պայքարելու մասին, բայց հենց գալիս է վճռական պահը, պարզվում է, որ ոռոգման սեզոն չլինելու պատճառով պոմպակայանները պատրաստ չեն աշխատանքին: Ընդ որում` նույնիսկ 1-2 օրով հնարավոր չի լինում այդ պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի:

Բայց այս պահին սա հարցի ոչ այնքան կարևոր կողմն է: Որովհետև մարտի 31-ին, երբ արդեն պարզ էր, որ ցրտահարությունն ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, պարզվեց, որ Արարատյան հարթավայրում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը, լրիվ ցրտահարվել են բաց դաշտում տնկված սածիլները: Վնասվել են Արարատի, Արմավիրի գրեթե բոլոր համայնքները, իսկ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերը` մասամբ:

Ինչպես նշում էր Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը մարզում գետնի մակերեսին գրանցվել է ոչ թե -1 կամ -2 աստիճան ցուրտ, այլ -3.5 աստիճան հողի մակերևույթին ու -2.5 աստիճան` օդում: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն էլ Հայպետհիդրոմետը ցուրտ էր կանխատեսում -6-ից -7 աստիճանի սահմաններում, սակայն պարզվեց, որ որոշ համայնքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10 աստիճան:

Եղանակներն ինքնուրույն կտաքանան, բայց գյուղացիների վարկերն ինքնուրույն չեն մարվի

Այստեղ արդեն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները` ավանդական միջոցներով` ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չէին տալու: Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի»:

Վայոց ձորի մարզում, ինչպես տեղեկացրեց մարզպետ Էդգար Ղազարյանը, ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում, քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ են եղել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել: Անցած օրերի ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկի` Արմավիրի մարզի Այգևան համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը պատմեց, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր համայնքի ժողովուրդը ցրտահարության գիշերներին. փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն:

Ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չէ ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որևէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձևով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք` անօգուտ էր»:

Մայիսյանի և Այգևանի համայնքապետները նշեցին, որ համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեին, մեծ մասի հույսը տարվա բերքն էր, որը, սակայն, փչացավ: Սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում, չնայած այլ հարցեր էլ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է ցրտահարությունից տուժած մարզեր` ստեղծված իրավիճակին ծանոթանալու և առաջացած խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար: Այդ այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները, մասնավորապես` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնելու և այլ միջոցներով: Համայնքների ղեկավարները և բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում հնչած մտահոգություններին` փոխվարչապետը նշեց. «Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որ վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ իր ղեկավարած նախարարությունն աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային մշակաբույսերի որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ մշակաբույսերի սերմեր: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը:

Ցրտահարության հասցրած ամբողջ վնասը դեռ վերջնականապես կճշտվի ու կհրապարակվի, բայց ակնհայտ է` այս տարի ծիրանը «կարոտով» ենք հիշելու, ու խիստ «հարգանքով» ենք վերաբերվելու վաղահաս կեռասին, դեղձին, խաղողի սեղանի սորտերին: Բայց կարևորն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ ու վարկերի տակ «ճկռած» գյուղացիներին անհրաժեշտ օգնությունը տեղ հասնի, ինչպես որ խոստանում են պատկան մարմինները:

 

Ստեղծվել են մասնագիտական խմբեր ցրտահարության վնասներն ուսումնասիրելու համար

ցրտահարությունՄարտի 30-ին  Հայաստանում տեղի ունեցած ցրտահարության վնասների չափի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին «Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:  Նա տեղեկացրեց, որ նախարության կողմից ստեղծվել են հատուկ մասնագիտական խմբեր, որոնք կատարում են ուսումնասիրություններ, և շուտով կներկայացնեն տեղեկատվություն վնասի չափերի մասին:

Նա նշեց նաև, որ գյուղացիներին փոխհատուցումներ կատարելու մասին ոչինչ չի կարող ասել, մինչև կոնկրետ տվյալներ չհավաքվեն  վնասների մասին:

Հիշեցնենք, որ մարտի 30–ին հանրապետության գրեթե ողջ տարածքում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում: Առատ ձյուն է տեղացել ։ Օդի ջերմաստիճանը նվազել է 10-12 աստիճանով։  Արարատյան դաշտում, որտեղ ծիրանի ծառերը արդեն բողբոջներ էին տալիս, դիտվել է ցրտահարություն: Հիմնականում տուժել են Արմավիրի և Արարատի մարզերի այգիները։

Հիդրոմետ ծառայության հաղորդած տվյալներով` առաջիկա գիշերվա ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է

գյուղնախԵրեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն  վնասի նախնական չափերի մասին:

Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում   ցրտահարության վտանգը  դեռևս պահպանվում  է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

 

Բերդի տարածաշրջանում ցրտահարության վտանգի տակ են միայն հոնի և դեղձի ծառերը

1959482_721444767878115_219337058_nԱյսօր տեղացած ձյունն ու ջերմաստիճանի անկումը վնասել են Բերդի տարածաշրջանի հոնի ծառերը: Մարտին, բարեբախտաբար, այստեղ միայն հոնի ծառերն են ծաղկած: Մյուս պտղատուների բողբոջները դեռևս չեն բացվել:

<<Վտանգ կա, որ ցրտահարությունը կվնասի հոնի և դեղձի ծառերին, խնձորենիները դեռևս չեն բողբոջել: Խաղողի այգիների զգալի մասում, բարեբախտաբար, հյութաշարժությունը դեռևս չի սկսվել, հետևաբար զանգվածային վնասներ չեն լինի: 40սմ ձյուն ա նստած, մինուս ա, եթե գիշերը աստղեր դուրս եկան, պարզկա եղավ, վտանգը մեծանում է>>,-նշեց Բերդի տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը:

Ըստ նրա, տարածաշրջանում կան մոտ տասը ջերմոցային տնտեսություններ, որոնք ևս հնարավոր է` ցրտահարվեն: Պաշտպանվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վառարաններ տեղադրել:  Ագրարային տնտեսությունների բանջար-բոստանային մշակաբույսերի սածիլները ևս ջերմոցներում են, որոնք ևս ցրտի վտանգի տակ են:

 

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին ահազանգում է

ցրտահարությունՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:

Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին ու խորհուրդներին և հենվելով սեփական փորձի վրա, հանրապետության ողջ տարածքում գյուղացիական տնտեսությունները հանգամանորեն նախապատրաստվում էին այգիների ծխահարման և ոռոգման, ինչպես նաև ավանդական մյուս միջոցներով, սպասվող վտանգը դիմագրավելուն: Այդ և նախարարության պատասխանատուների ու մասնագետների կողմից տեղերում անընդմեջ իրականացվող հերթապահությունը հույս էին ներշնչում, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան ըստ ամենայնի խուսափել բերքի կորստից:

Ցավոք, ջերմաստիճանի կտրուկ անկումն այս անգամ անսպասելիորեն զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և քամու ուժեղ պոռթկումների հետ:

Այսօր և առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Առաջիկա գիշերը սպասվում է – 40C,  մայիսի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -50C –  -60C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:

Կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել: Առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Այս պահին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

Անկախ

Ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս

ցրտահարված-470x265Համաձայն Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:

Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝  այգիների հարակից ճանապարհների  վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ  ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:

Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:

Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն  նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Անկախ

Հրատապ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ

 սերգո կարապետյան   ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանի  մոտ տեղի է ունեցել  հրատապ խորհրդակցություն  հանրապետությունում սպասվող  կլիմայական  կտրուկ  փոփոխությունների վերաբերյալ։

Արարատյան  դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով  մարտի 31-ից  սպասվում  է ջերմաստիճանի անկում՝  գիշերը կդիտվի  օդում  մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։  Մեծ է  ցրտահարման վտանգը  հանրապետության ցածրադիր գոտում  ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի  չթաղված վազերի համար։

Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով  նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝

  • Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների   ուղարկումը երեք կապուղիներով։
  • Համապատասխան  տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը  վտանգի ենթակա տարածաշրջանների  բնակիչներին  զանգվածային լրատվության  բոլոր միջոցներով։
  • Հեռուստատեսային համապատասխան  տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։
  • Կազմել մարտի 30-ից  փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների  գլխավորությամբ  խորհրդատվական խմբերի  մարզային  և համայնքային  այցելությունների  գրաֆիկ և խստորեն  ապահովել  վերջինիս  կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև  ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։  Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։

ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող  փոփոխությունների  և համապատասխան խորհրդատվության  համար օգտագործել  մարզային հեռուստատեսությունների և  ռադիոյի հնարավորությունները։

Հանձնարարվել է  նախարարի տեղակալ  Գառնիկ  Պետրոսյանին մարտի 28-ին, ժամը՝ 12:00-ին  «Հայացք» մամուլի ակումբում   հանդես  գալ մամուլի  ասուլիսով  և հանգամանորեն ներկայացնել  իրավիճակն  ու հանձնարարվող խորհրդատվությունը։

Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո  Կարապետյանը  Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի  այդ մարզերի  բոլոր համայնքապետերին, տեղում  կծանոթանա  սպասվող  վտանգը  դիմագրավելու հնարավորություններին,  կտա  համապատասխան  հանձնարարականներ ու խորհուրդներ։

Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը  Վայոց Ձորի և  Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի  մարզպետարաններում  կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։

Գյուղնախարարությունը զգուշացնում է հնարավոր ցրտահարության մասին և կոչ անում միջոցներ ձեռնարկել

ցրտահարությունՀամաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:

Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝  այգիների հարակից ճանապարհների  վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ  ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:

Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:

Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն  նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները:

Ցրտահարությունից Լեհաստանում 11 մարդ է մահացել

европа-390x290 (1)Արևմտյան Եվրոպայում  ձյան առատ տեղումներ են ու սառնամանիք, որի հետևանքով Լեհաստանում արդեն 11 մարդ է մահացել. իշխանությունների տվյալներով, զոհվածներն անօթևաններ են եղել: Հիմա շտապ կարգով  նրանց համար կազմակերպվում են կացարաններ ու անվճար տաք սնունդ ապաովում:

Ռումինիայում առաջին անգամ վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել: Բուխարեստում քամու արագությունը հասնում է 80 կմ/ժամի: Առատ ձյան պատճառով փակ են  Դանուբի վրայով ձգվող Ռումինիան Բուլղարիայի հետ կապող ավտոճանապարհները:

Բուլղարիայում  եղանակի պատճառով ավտոտերերը դժվարանում են  ձյան բլուրների տակ գտնել իրենց մեքենաները:

Անկախ

Բրազիլիայում ցրտահարությունից 3 մարդ է մահացել

i (1)Բրազիլիայի հարավում սնդիկի սյունն իջել է մինչև  -7,4 աստիճան ըստ Ցելսիուսի: Երկրի համար անսովոր եղանակի պատճառով հարավային Ռիո-Գրանդի-դու-Սուլ նահանգում երկու մարդ, մեկն էլ` Սան-Պաուլույում մահացել են ցրտահարությունից: Շուրջ 11 հազար անօթևանի ցրտահարության պատճառով տեղափոխել են ժամանակավոր կացարաններ:

Սոցցանցերում Բրազիլիայի 130 քաղաքներում պատրաստված ձնեմարդու նկարներ են հայտնվել: Անտարկտիդայից եկած ցուրտ ալիքը ոչ միայն Բրազիլիային է պատուհասել, այլև Պարգվային, Ուրուգվային, Արգենտինային ու Չիլիին: Վերջին օրերին ցրտից Պարագվայում ու Ուրուգվայում 6 մարդ է մահացել: