Օպերայի և բալետի թատրոնը՝ մշակութային մաֆիայի զոհ

Aram_Khchaturyan_Monument_in_Yerevan-1024x682Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ: Պատճառը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքն էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի պատճառները շատ ավելին են և ներխոհանոցային բնույթ ունեն: Ակնհայտ էր, որ թատրոնի ներսում անառողջ մթնոլորտ է:

Դրան հաջորդեց թատրոնի տնօրենի հրաժարականը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, որին դիմեց 9, սակայն ներկայացավ 7 մասնակից: Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցավ 3 թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը: Վերջինիս մասին միայն հայտնի էր, որ նա երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար և մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան` ՙընտանեկան խնդիրների բերումով՚: Իսկ թե ինչով է զբաղվել Հայաստանում այդ մի քանի տարիներին, անորոշ է: Նաև պարզվեց, որ նա միաժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ՝ արաբագետ, իսկ երաժշտության հետ որևէ առնչություն չունի:

manasyanԻնչևէ, հարցազրույցի փուլը հաղթահարեցին Գագիկ Մանասյանն ու Անդրանիկ Արզումանյանը: Հետաքրքիր է, որ հարցազրույցի փուլում արդեն անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Անդրանիկ Արզումանյանը փուլը հաղթահարեց 9 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գագիկ Մանասյանը՝ 7 կողմ, 5 դեմ:

Երկու մրցակիցներից լավագույնին ընտրելու ՙծանր գործը՚ մնաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուսերին: Եվ որքան էլ հանրության համար անակնկալ էր, Պողոսյանը նախապատվությունը տվեց հանրությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանին:

Եվ ահա Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ առանց այն էլ իրավիճակը լարված էր, թևակոխեց զարգացման նոր փուլ, և հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում թատրոնին:

Մեզ հետ զրույցում, սակայն, թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանն ուրախ տոնով հայտնեց, որ այսօր նոր տնօրենի աշխատանքային առաջին օրն է, և նա շատ հաճելի տպավորություն է թողել աշխատակազմի վրա: Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տնօրենը հանդես կգա առաջին մամլո ասուլիսով: Թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ պակաս ոգևորված չէր: Նրա խոսքով՝ թատրոնում այս պահին գերազանց վիճակ է: Փոխտնօրենը խոստովանեց, որ օպերայի թատրոնում միշտ էլ շատ խնդիրներ են եղել, բայց հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն: Այն դիտարկմանը, որ նոր տնօրենին հանրությունը, այդ թվում և մշակութային, գրեթե չի ճանաչում, և նրա կենսագրությունը հավատ չի ներշնչում, Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե դա կխոչընդոտի թատրոնի աշխատանքները. ՙԱշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում՚,- ամփոփեց նա:

Այնուամենայնիվ, թատրոնի արտիստներից ոմանք իրենց մտահոգությունը հայտնեցին, որ իրավիճակը թատրոնում իսկապես անորոշ է, քանի որ իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Նշենք նաև, որ Անդրանիկ Արզումանյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել հանձնաժողովի անդամներ Կարեն Դուրգարյանը՝ թատրոնի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

Իսկ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չափազանցրել էր ազատ և արդար մրցույթի անցկացման իր սպասումները: ՙԵս հետո հասկացա, որ Հայաստանում ոչինչ չի կարող արդար լինել: Հասկացա, երբ մի պաշտոնյա ինձ ասաց, որ ուզում են դրսից նոր մարդիկ բերել: Հիմա ես ի՞նչ մեղավոր էի, որ մութ ու ցուրտ տարիներին չէի գնացել էս երկրից, փոշմանե՞մ դրա համար՚:

Գագիկ Մանասյանի խոսքով՝ ինքը որոշել էր դիմել այդ մրցույթին՝ անկեղծորեն ցանկանալով հաղթելու դեպքում փոխել թատրոնի մթնոլորտը, իսկ որ դա իրեն կհաջողվեր` գրեթե կասկած չունի. ՙՕպերան այսօր ներսում խմբերի է բաժանված, աշխատողները մարդկային կոնտակտի կարիք ունեն, պետք է սիրեն իրար: Եթե սեր չդնես, ոչինչ չի ստացվի: Ինձ բոլորը գիտեն, ես ամեն տեղ խաղաղության աղավնի եմ, փորձում եմ հաշտեցնել մարդկանց, համերաշխություն մտցնել: Իմ աշխատողները, որոնք մոտ 300-ն են, ինձ սիրում են, ու երեկ, երբ իմացել են` ես չեմ անցել, քեֆ են արել: Անգամ զավեշտալի բան ասեմ՝ մի խումբ աշխատողներ իմ քննության օրը գնացել են եկեղեցի, մոմ են վառել, որ հանկարծ հաջողություն չունենամ: Այնպես որ, կոլեկտիվն ինձ սիրում է, ես էլ իմ կոլեկտիվն եմ սիրում, ու երևի թե բարին սա էր՚:

Այնուամենայնիվ, Մանասյանին մտահոգում է իշխանությունների որդեգրած ՙդրսից մարդ բերելու՚ քաղաքականությունը, որը, ըստ նրա, ուրիշ ոլորտներում նույնպես կիրառվելու միտում ունի, և իհարկե ձևական մրցույթների անցկացումը: Ինչ վերաբերում է իրեն հաղթած մրցակցին, ապա անգամ մրցույթից առաջ է իմացել, որ նրան են նշանակելու, սակայն որոշել է պայքարել՝ հավատալով արդարությանը:

Իսկ կասկածները խորացել են, երբ հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք իր ընկերներն են, լավ գիտեն իր անցած ուղու, իր կենսագրության մասին, դեմ են քվեարկել իր թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մանասյանը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիան ղեկավարում է 2006 թվականից: 2009-ից նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ և ղեկավարում է ՀԽ մշակույթի հանձնաժողովը: ՀՀ վաստակավոր գործիչ է:

Մանասյանը, որ մշակույթի ոլորտում բավականին մեծ կապեր ունի, մինչ այդ երբևէ չէր լսել իր մրցակցի մասին: Բոլորի պես միայն իմացել է, որ նա Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոն է ղեկավարել: ՙԿլուբի վարիչ է եղել, ոչ ավելին՚,-բնութագրում է նա:

Ինչպես Մանասյանը, այնպես էլ մշակութային հանրության լայն շրջանակներում կարծում են, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակումը պայմանավորված է Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությամբ: Արմեն Սմբատյանը ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենն է, և ըստ շրջանառվող լուրերի՝ հենց նա է մշակույթի նախարարի ստվերային հրահանգիչը շատ ու շատ որոշումներում: Շրջանառվում է նաև այն տեղեկությունը, որ Սմբատյանն էլ փոխարինելու է Պողոսյանին` մշակույթի նախարարի պաշտոնում:

загруженное (1)Ի վերջո, ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը և կկարողանա՞ բարեփոխել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, վերականգնել մարդկային խզված հարաբերություններն ու հաստատել ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ. այս հարցերն այսօր պատասխան չունեն թե հանրության շրջանում, թե° Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ թատրոնը փորձաքար դարձնելն ու ինչ-որ մարդկանց անձնական շահերին սպասարկելը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ այս կարևորագույն մշակութային օջախի համար:

Թատրոնի պաշտոնական կայքում, ցավոք, դեռևս նախկին տնօրենի տվյալներն ու կենսագրությունն են, ուստի մեզ չհաջողվեց գոնե այդ միջոցով ծանոթանալ նոր տնօրենի անցած ճանապարհին և հասկանալ, թե վերջապես ինչ ներդրում է ունեցել այդ մարդը հայ մշակույթի զարգացման և ընդհանրապես մշակույթի զարգացման ոլորտում, որ նման անվանի թեկնածուներից, որոնցից մեկն էլ, օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր, հենց նրան վստահվեց երկրի գլխավոր թատրոնի ղեկը:

 

Անկախ

 

 

 

 

Հայտնի են Օպերայի տնօրենի պաշտոնի համար մրցույթի հաղթողները

օպերա«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ/, Գագիկ Զալիկի Մանասյանը /7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ/:

Այսպիսով՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

 

Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու

օպերաՍ. թ. մարտի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն էր ս. թ. մարտի 15-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է

օպերա2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն:  Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Մրցութային հանձնաժողովի կազմը հետևյալն է.

Դավիթ Ղազարյան-նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան,

Արտակ Գևորգյան-քարտուղար, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

Հովհաննես Չեքիջյան-անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար,

Գեղամ Գրիգորյան-անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ռեժիսոր,

Կարեն Դուրգարյան-անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր,

Վարդան Աճեմյան-անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,

Շահեն Շահինյան-անդամ,  «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր,

Արթուր Ղուկասյան-անդամ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ,

Էդգար Գևորգյան-անդամ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ,

Վահան Դավթյան-անդամ, ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,

Վահան Եղիազարյան-անդամ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական,

Արմինե Խաչատրյան-անդամ, նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ:

 

Ապրիլի 2-ին «օպերայի» շենքը կլուսավորվի կապույտ լույսով՝ ի նշան աուտիզմով հիվանդների աջակցության

օպերաՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականի ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է՝ բարելավել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը, օգնել վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Ամեն տարի ապրիլի 2-ին աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն  իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում:

Հայաստանում 2012-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: 2014-ի ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամը»  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկազմակերպի քայլարշավ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վազգեն Սարգսյանի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Այնուհետև Ազատության հրապարակում կանցկացվի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն:

Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Llight It Up Blue»  նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Կապույտ լույսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում աուտիզմով տառապող տղաները չորս անգամ շատ են աղջիկներից, ինչը պայմանավորված է գենետիկայով:

«Կապույտ լույս վառենք» նախաձեռնության նպատակն է  գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրի վրա: Տարիների ընթացքում լուսավորվել են Նյու Յորքի Էմփայր Սթրեյթ շենքը, Սիդնեյի Օպերայի թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը, և ապրիլի 2-ի գիշերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:

Միջոցառմանը կմասնակցեն «Աուտիզմի ազգային հիմնադրամը», Երևանի քաղաքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսոցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլք:

Ո՞ւմ ջաղացին են ջուր լցնում ավեդիկյանականները

AnoushԵթե թերթատենք  անգամ 100 տարի առաջվա մեր արևելահայ ու արևմտահայ պարբերական մամուլը, ապա օրաթերթերի յուրաքանչյուր համարում անպայման կգտնենք  մշակույթի, մասնավորապես թատերական աշխարհում   տեղի ունեցող երևույթների մասին առնվազն մի քանի թերթերում հոդվածներ, գրված թատերագիտական, երաժշտագիտական և  մշակութաբանական տարբեր մոտեցումներով։ Քննադատական  միտքը համաչափ ընթացել ու ուղեկցել է  արվեստների զարգացմանը։ Իսկ այսպիսի ավանդույթը միտված է եղել միայն հօգուտ  մեր ժողովրդի բազմակողմանի  տաղանդի զարգացման։ Բնականաբար որևէ ներկայացման մասին  մանրամասն  հոդվածներն արտահայտել են  և դրական, և մերժողական, ինչպես նաև խորհրդատվական  վերաբերմունք։ Նման վերաբերմունքն իրական արվեստի ու նրա  գործիչների համար  զարգացման կարևոր  խթան է հանդիսացել ու այսօր էլ շարունակում է հանդիսանալ քաղաքակիրթ հասարակություններում։ Ինչպե՞ս  եղավ, որ  ավելի քան երկու տասնամյակ է, այս ձայնը լռել է։ Կորա՞ն մեր արվեստաբանները, երաժշտագետները, գրականագետները, սրտացավ հանդիսականը… Կարծես թե անապատում ենք հայտնվել։ Ո՛չ  հրաշալի, և ո՛չ էլ  ներկայացում հիշեցնող միրաժների մասին ոչ մի տող  չենք գրում, չենք խոսում, չենք հիանում ու  կարեկցում։ Իսկ եթե հանկարծ ժամանակ առ ժամանակ ազնիվ   մտահոգության արդյունք բռնկումներ են լինում մամուլում, ապա  այն «մաքառող միջակության» կողմից ինքնապաշտպանական մի այնպիսի  սվինների ես հանդիպում, որ   միայն ապշել կարելի է, թե ու՞ր  և ի՞նչ մակարդակի է հասել մեր «արվեստը»։          Պաշտպանվելու միակ ճանապարհ են ընտրել հարգարժան  մարդկանց  պիտակավորելու, իրենց կարգին սպառնալու տակտիկան, ստալինյան ժամանակները մտաբերելով ու զուգահեռներ անցկացնելով։  Անգամ ներկայացումը չնայած հաղորդավարներն ու հաղորդման մասնակիցներից ոմանք  հեռուստաէկրանից «խորհուրդ են տալիս» չգրել, չգրել, չգրել…, մանավանդ ղեկավարությանը։ Չէ ՞ որ մենք գերմանացիներ չենք, որոնք օրերս  հանդիսականի, քաղաքապետի և կառավարության մակարդակով արգելեցին  և խաղացանկից դուրս շպրտեցին Վագների «Տանհոյզեր»ի դյուսելդորֆյան մոդեռն ներկայացումը։ Այն ևս ավեդիկյանական  «Անուշ»ի նման փորձարարական անհաջող մոդերնիզմի զոհերից էր դաձրել։ Ավելին, «հանցավոր բեմադրիչը», Բուրկհարդ Կոսմինսկին   որ «արդեն ժողովրդին էր թողել» իր  բեմադրությունը, ստիպված է վերադարձնել ծախսված միջոցները։ Այ ժողովուրդ…,  որն իր ղեկավարության  մակարդակով տեր է կանգնում  և չի թույլատրում պղծել  իր ազգային մշակութային արժեքները։ Սա՞  էլ կապ ունի ստալինյան  ժամանակների նրանց մտաբերման հետ։

Չմոռանանք ռուս մտավորականության ընդվզումը վերջերս Մեծ թատրոնում  Չայկովսկու հայտնի օպերայի մոդերն բեմադրության առիթով։

Տեղին  հիշվեց նաև  Կարեն Դեմիրճյանի կողմից «Պեպո»ի բեմադրության  արգելելը։ Աճեմյանական բեմադրության մեջ գլխավոր հերոսի կերպարը  հանճարեղ մարմնավորած ականավոր դերասանը ցանկացել էր սեփական  մոտեցումներն արտահայտել  իր բեմադրած պիեսը նոր ժամանակներում տեսնելով։  Այս անգամ բեմադրիչը զիջել էր  աճեմյանական  Պեպոյին։ Այո, արվեստների հովանավոր ու գիտակ երկրի առաջին քաղաքական այրի մակարդակով այս սխալը կյանք չունեցավ (ԱՌԱՎՈՏ, 1.05.2013, էջ 6, Սամվել Դանիելյան, Ավեդիկյանը խմբագրել է 100-ամյա «Անուշը»)։

Սա  հիշեցնում է նաև այն, որ երբեմն տաղանդավոր կոմպոզիտորներ,  երգիչներ, արվեստագետներ փորձում են   դիրիժորական փայտիկը վերցնել ու կանգնել նվագախմբի առջև։ Որպես կանոն,  շատ քչերին է հաջողվում  չպսակազերծել  հայտնի ու բարի համբավը։ Լավագույն փիլիսոփայությունն այս առթիվ՝ «ամեն մեկն իր իմացած գործով պիտի զբաղվի» նշանաբանն է։

Միթե խղճի խայթ  չեն ունենալու, որ մի հյուրախաղի պատճառով պիտի խայտառակեն և իրենց, և  մեր մշակույթը, էլ չեմ ասում    Տիգրանյանի ու Թումանյանի ժառանգությունը։ Ֆրանսիան չի փախչի, գուցե  այնտեղ գնալու ավելի բարոյական ուղի ընտրվեր։ Միևնույնն է, հյուրախաղերի մասին  վարձու հոդվածները (այստեղի օրինակով), հնարովի պատմությունները «մեծ հաջողության» մասին ի վերջո հօդս են ցնդում մեր հայրենակից հանդիսականների առաջին իսկ Երևան զանգահարությունների հետ՝  «ամոթ չի՞ գաք մեզ խայտառակեք…»։

Մի քանի տարի առաջ թատրոնների  գեղարվեստական խորհուրդների  հանցավոր ոչնչացումն այսօր մեզ այս տխուր փաստի առաջ է կանգնեցրել։  Արվեստի  ոչ մի քննադատ ոչ միայն չի ուզում խոսել, գրել, այլև փիլիսոփայաբար որոշում է ընդունել չայցելել  թատրոններ, ցուցասրահներ  ու չնյարդայնանալ։ Միևնույնն է՝ գերիշխում է  հովանավորյալ տգիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, «մաքառող միջակությունը» ։

Ադրբեջանցի մեր հարևանները «Հայկական օպերան և պատմության  զեղծարարության փաստերը» վերնագրով ինտերնետային կայքում գրում են, որ «XX դ. սկզբին հայ երաժշտաբեմական ստեղծագործություն չի եղել։ Եթե իհարկե նկատի չունենանք Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը ներկայացվեց Ալեքսանդրապոլում  1912թ. սիրողական ուժերով, 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբով։ Ահա թե ինչու։

1959թ. հրատարակված «Երաժշտական հանրագիտարանում» առաջին հայկական օպերան համարվում է «ժողովրդա–կենցաղային», ավելի ստույգ՝  «իր սկզբնական վիճակում այն ոչ թե  ավանդական հասկացությամբ օպերա է եղել, այլ՝ թատերական ներկայացում, զարդարված մի քանի ժողովրդական երգերով։  «Օպերային լիբրետոներ» (1962թ., ռուս.) գրքում նշվում է, որ «Անուշ» օպերայի ստեղծումը եղել է Ա.Տիգրանյանի վաղեմի երազանքը։ Սակայն  չի կարելի չնշել այն փաստը, որ այս սյուժեի հիման վրա երկար աշխատել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը։ Սպենդիարյանը ևս մերժել է Թումանյանի  կողմից   իր պոեմի հիման վրա օպերա գրելու առաջարկը։ Այսպիսով «Անուշ»ի սյուժեի հիման վրա եղած երաժշտական ձևավորման բազմակի անդրադարձները ակնհայտորեն փաստում են Արմեն Տիգրանյանի «Անուշ»օպերայի   նախնական վիճակում եղած մակարդակը»։

            Մենք բոլորովին էլ չենք պատրաստվում մեկնաբանել հայ երաժշտական մշակույթի ձևավորման ավանդույթները, ինչպես նաև հայ եկեղեցական գործիչների կողմից այս ավանդույթը լոկ հայ մոնոդիկ երաժշտության ուղով զարգացնելուն միտված ջանքերը։ Բնականաբար նաև այն շրջանցողների նկատմամբ դրսևորած դիմադրությունը։

Մենք ստիպված ենք նշելու,  որ իսկապես այդ տարիներին Կոմիտասի, Նիկողայոս Տիգրանյանի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա–Մուրզայի և հայ  մյուս կոմպոզիտորների  մեծ ֆորմատի ստեղծագործություններ ստեղծելու  փորձերն ավաղ մնացել են որպես լոկ բարի ցանկություններ։

1912թ. Ալեքսանդրապոլում սիրողական ուժերով ներկայացված «Անուշ»ի բեմելը  բաղկացած է եղել  4 գործողությունից և 7 պատկերներից։ Լիբրետոյի հեղինակը եղել է Արմեն Տիգրանյանը, իսկ գործիքավորումը կատարել է 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ղեկավար Բուրկովիչը։

Արմեն Տիգրանյանի և  Ս.Շաթիրյանի կողմից վերախմբագրված 5 գործողությամբ և 7 պատկերներից և վերջերգից (էպիլոգ) բաղկացած օպերան դիրիժոր Գ.Բուդաղյանի մեծ ջանքերի շնորհիվ   վերագործիքավորվել է, հարմարեցվել սիմֆոնիկ մեծ նվագախմբի հնարավորություններին համապատասխան։ Հենց Գ.Բուդաղյանն էլ 1935թ. մարտի 27-ին ղեկավարել է «Անուշ»ի պրեմիերան։ Նույն խմբագրման վերջնական տարբերակը կոմպոզիտոր Անուշավան Տեր Ղևոնդյանի կողմից հարստացվել է և 1939թ. հոկտեմբերի 22-ին ներկայացվելով Հայ մշակույթի տասնօրյակի օրերին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ բուռն ու խանդավառ ընդունելության է արժանացել։

1950թ. ապրիլին, Արմեն Տիգրանյանի մահվանից մեկ ամիս անց կայացել է օպերայի նոր բեմադրությունը մեծահամբավ Արմեն Գուլակյանի  կողմից։ Դիրիժորական վահանակի մոտ է եղել  ականավոր մասետրո Միքայել Թավրիզյանը։

1956թ. ևս մեկ նոր, առավելագույնս հղկված բեմադրություն Արմեն Գուլակյանի կողմից։ Նույն թվականին այն Հայ մշակույթի տասնօրյակի օրերին դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում անասելի մեծ հաջողություն է ունեցել, ցնցելով խորհրդային երկրի մայրաքաղաքի  արվեստասեր հասարակայնությանը։ Հետագայում, նվագախմբի գործիքավորման հարստացման մեջ իր ավանդն է ունեցել նաև Բորիս Սակիլլարին։

«Անուշ» օպերան իր վերելքի հաղթարշավը շարունակել է  Թումանյանի 100-ամյակի առթիվ կատարված աճեմյանական հրաշալի ներկայացմամբ, որը 1969թ.  Օհան Դուրյանի ղեկավարությամբ Մոսկվայի Համագումարների պալատի դահլիճում  բուռն հաջողություն է արձանագրել։

1994 թ. օպերայի զարգացման ճանապարհը շարունակում է Տիգրան Լևոնյանի բեմադրությունը։ Այն հաջողությամբ ցուցադրվում է  ԱՄՆ-ում և Մոսկվայում։

Հետագայում ներկայացումը 2004թ. բեմադրվել է երգիչ Գեղամ Գրիգորյանի կողմից։

Այսպիսով, նման փառավոր զարգացման ուղի անցած «Անուշ» օպերայի ներկայացումը, որի պատմությունը միահյուսված է մեր բեմարվեստի  պայծառ  անունների, երաժշտական մշակույթի աստղերի հետ՝ այսօր վերադառնում է   «Ոսկե ձկնիկի» պառավի հին տաշտակին, ապացուցելու ոչ թե մեր ժողովրդի հանճարեղ ոգու գոյատևումն ու զարգացումը, այլ՝ ադրբեջանական հանրագիտարանային բարբաջանքները։

Օպերային մշակույթի ավանդույթներին անտեղյակ վավերագրող Սերժ Ավետիքյանը արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդում սևագրությունների մեջ իր պեղումներով։ Սևագրություններին կարելի է անդրադառնալ, եթե տվյալ գործի  արդեն մշակված տարբերակները ոչնչացել են, կորել և մնում է միայն այս ճանապարհով այն վերականգնել։ Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ավետիքյանն ու նրա համախոհները։

Ավեդիկյանական ջատագովների կեցվածքը փաստում է, որ նրանց չի հուզում ազգային մշակութային արժեքների խնդիրը։  Նրանք ոչ թե փորձում են  փրկել, շտկել իրավիճակը, այլ ամբողջ ուժով աշխատում են  իրենց անորակ ներկայացման համար մեղադրել  դիմացինին, շրջել հարցի էությունը, խնդիրը  անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելով։ Սա չափազանց ցավալի փաստ է։

Ամենաթողության, անարխիայի այս մթնոլորտը  ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։  Հարկ է, որ տեր կանգնենք մեր ժողովրդի ստեղծած  գոհարներին՝ Նախագահից մինչև  պարզ հանդիսատես։

 

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիրիժոր

 

Կրքեր «Անուշ» օպերայի շուրջ. մտավորականները կպահանջեն արգելել նոր «Անուշի» ներկայացումը Ֆրանսիայում

Սերժ ԱվետիքյանԱպրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Այն Հայաստանում կցուցադրվի նաև մայիսի 3-ին և 4-ին, այնուհետև կներկայացվի  Ֆրանսիայում:

Բեմադրության և լիբրետոյի ադապտացիան  ֆրանսահայ  դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստները, խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզեինը, գործիքավորումը և երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, լուսային ձևավորումը՝ Ժան-Մարկ Սկաչկոյի:

Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Պատահական չէ ընտրված նաև  բեմադրության  վայրը` ազգային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` «Անուշը» դասական օպերա չէ, որ օպերային թատրոնում բեմադվի:

«Անուշի» նորովի մեկնաբանությունը, սակայն, հայ մտավորականների մի մասի  շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Մտավորականների մի խումբ պատրաստվում է առաջիկայում բաց նամակով հանդես գալ, որով ՀՀ նախագահին կոչ կանեն միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում:

«Եթե սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կարոտախտը հրահրում է նմանատիպ ցածր որակի բեմադրություններ անել իրենց սիրողական ուժերով, ապա  ոչ միայն կարող ես աչք փակել թերությունների վրա, այլև ողջունել: Բայց երբ փորձ է արվում արտահանել Հայաստանի անունը կրող, Հայաստանում պատրաստված այսպիսի մի խայտառակ խառնաշփոթ, մի բալագանային ներկայացում, ապա ժամանակն է, որ մեր մտավորականությունը ոտքի կանգնի և թույլ չտա  արտահանել այն և դրանով իսկ դրսում վարկաբեկել ոչ միայն հայ ժողովրդին, այլև արվեստի գոհարներից «Անուշ» օպերան»,- ասում է դիրիժոր Արա Պետրոսյանը:

Նրա  խոսքով` Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբը իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի  աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Խախտվել են  գործիքավորման հարմոնիայի ամենատարրական կանոնները: Իբր թե մտցրել են ժողովրդական գործիքներ, բայց չկա գործիքավորում: Եթե վերցնեին սիմֆոնիկ նվագախմբի «Անուշի» արդեն գործիքավորված պարտիտուրը, փոփոխություն դրանում մտցնեին, դեռ հասկանալի կլիներ: Բայց երբ անգրագետ էքսպերիմենտներ են անում, դա ընդունելի չէ,- ասում է Պետրոսյանը հավելելով,- ի՞նչ նորամուծություն եք «Անուշում» մտցրել, բացի ճչացող անճաշակությունից և գռեհկության հասնող խառնաշփոթից: Բավական է ոտնահարվեն մեր դասական արժեքները»:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը ևս բացասական է ընդունել «Անուշի» նոր մեկնաբանությունը. «Այնտեղ ռեժիսուրա չկա, ո՛չ ձևավորում կա, ո՛չ զգեստների հագուկապ կա, ոչինչ չկա: Հասկանում եմ, որ ուզում էր նոր խոսք ասել, բայց չստացվեց: Այդ միջակ ներկայացումը չի կարելի Փարիզ տանել, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին»:

AnoushԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համար էլ նոր ներկայացումը բոլորովին ընդունելի չէ` սկսած հագուստներից մինչև ռեժիսուրան. «Ինձ հատկապես զայրացնում է Թումանյանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը»:

Գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը կարծում է, որ Անուշի նոր մեկնաբանությամբ Ավետիքյանը խախտել է Թումանյանի ու Տիգրանյանի հեղինակային իրավունքները. «Մոնտաժ անելը կամ անկիրթ ձևով Թումանյանին կամ Տիգրանյանին խմբագրելը որևէ ռեժիսորի իրավունքը չէ, դա  առնվազն հանցագործություն է : Չկա նորմալ ձևավորում, սյուժե: Սա կատարելագործված խայտառակություն է, որը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանից դուրս բերել ու որևէ տեղ ցուցադրել»:

Դավթյանն ասում է, որ 1947-ին, երբ  Գոհար Գասպարյանը  Հայաստան եկավ և Անուշ պիտի կատարեր, 6 ամիս Լոռիում ապրեց, ուսումնասիրեց բնությունը, քարերը, սարերը, տները, կենցաղը, որ կարողանա  Անուշ երգել, իսկ «այս մարդիկ ոնց որ ձեռք առնեն»:

Անդրադառնալով նկատառմանը, թե Ավետիքյանն աշխատել է «Անուշ» օպերայի առաջին տարբերակի վրա` վերականգնելով մինչխորհրդային տարիների տարբերակը, Դավթյանն ասում է. «Սովետական կարգերի ժամանակ Անուշը հնչել է աշխարհով մեկ և դա փառք ու պատիվ է բերել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ սովետական երաժշտական արվեստին: Այդպիսի բան չկա: Տիգրան Լևոնյանի բեմադրությունն արդեն մաքրված ու հստակ էր: Անուշը համաշխարհային գործ է և ոչ մի կապ չունի սովետական կարգերի հետ»:

Երևանի կոնսերվատորիայի վոկալի տեսական ֆալուկտետի թիվ 1-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին «Անուշի» նոր մեկնաբանությունում դուր չեն եկել կտրտված արիաները, որոնք փոխվում են գրական տեքստով. «Դեմ եմ, որ դա անվանվի օպերա` «Անուշ» օպերա, այն դեպքում, երբ  այդքան կրճատումներ են կատարվում, ոճը փոխվում է և դառնում է ժամանակակից բեմադրություն:  Հետաքրքիր բաներ կային մեջը, բայց սա «Անուշ» օպերա չէ, սա կարող է լինել գրական-երաժշտական կոմպոզիցիա, բայց ոչ «Անուշ» օպերա»:

Մարտիրոսյանի կարծիքով` ավելի հաջողված կլիներ, եթե Ավետիքյանն ուրիշ ստեղծագործությունների վրա էքսպերիմենտներ աներ, օրինակ` Կոմիտասի «Անուշը» վերցներ, որը հանդիսատեսին հայտնի չէ նախկին բեմադրություններով:

«Հիմա սա ինչի՞ համար է արվում, իմաստը չեմ հասկանում: Որպես մոդեռն ստեղծագործություն ներկայացվում է, որպեսզի մոռացվի՞ դասականը: Չհուզեց ինձ այն, ինչ տեսա, դա «Անուշ» չէր ինձ համար, դա ուրիշ անուն կարող էր ունենալ: Գոնե աճող սերունդը պետք է հասկանա, թե որն է «Անուշ» օպերան, սա «Անուշը» չէր»:

Ավետիքյանը, պրեմիերայի օրն անդրադառնալով հակասական կարծիքներին, ասել է. «Ժողովրդին է պատկանում այն, ինչ ուզում են, թող անեն: Դա էլ ինձ չի պատկանում, վերջացավ, ես տվեցի այսպիսով, հանձնեցի, ինչպես ասում են: Չսպասեք ինձնից, որ ասեմ` ա, ինչու են սա ասում, ա, լավ էր»:

«Անկախը» մինչ նյութի տպագրությունը չկարողացավ կապ հաստատել Ավետիքյանի հետ` նրանից մեկնաբանություն ստանալու համար:

Ավելի վաղ, սակայն,  Սերժ Ավետիքյանը Bravo.am-ի հետ հարցազրույցում, խոսելով «Անուշի» նոր բեմադրության մասին, ասել է, որ փորձել է լիբրետոյում վերականգնել այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը. «Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարևոր հաղորդագրություն ունեն, ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի և Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների և  գյուղի հանդեպ: Թումանյանը XIX դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա և  տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն  նրանց չեն թույլատրում, որովհետև գոյություն ունեն ադաթներ կամ, ինչպես ասում են, չգրված օրենքներ»:

Անդրադառնալով նոր բեմադրության ասելիքին` Ավետիքյանը նշել է, որ ցանկանում է`  գործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա. «Շատ կարևոր է ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների և ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետև դրանից դուրս, մեկ է, չես կարող ապրել»: