Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի գյուղատնտես Լյութֆու Ային հաջողվել է հսկա ձմերուկ աճեցնել, որը 58 կգ է կշռում: Այի խոսքերով` այս տարի իրենք որոշել էին ձմերուկի նոր տեսակ աճեցնել, որը քիմիական հավելումներ չի պարունակի: Հսկա ձմերուկի համար միայն պարարտանյութ է օգտավործվել: 58 կիլոգրամանոց ձմերուկը իր նման երկու «եղբայր» էլ ունի, որոնք կշռում են 54 կգ և 48 կգ:
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին
Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար: Կողմերը փաստեցին, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է և ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Մենք ունենք ամենաթույլ նախագահը՚
Ինչու է պետք փոխել երկրի մայր օրենքը, որովհետև այն չի կարգավորում մի շարք խնդիրներ՝ կոռուպցիա, իշխանությունների կամայականություն, գերկենտրոնացում, սոցիալական լարված վիճակ և այլն: Ըստ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նոր սահմանադրությունն այդ խնդիրները չի լուծելու, բայց դրանց մեծ մասն անցնում է սահմանդրական փոփոխություններով: Նա Սահմանադրությունը համեմատում է արձակ ստեղծագործության հետ ու նշում, որ գլխավոր գործող հերոսը պետք է լինի ոչ թե նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, այլ հասարակ մարդը:
Քանի որ Թովմասյանն իր կարծիքն հայտնում էր Գյումրիում, համահունչ օրինակով շարունակեց.
ՙՍահմանադրորեն ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք: Չունենք չէ էդ իրավունքը, բայց դրա կողքին մենք գրել ենք ընտրական, կրթական իրավունք: Եթե բնակարանի իրավունքը չենք ապահովում, ով ասաց որ կրթության իրավունքը պետք է ապահովենք՚, – ասում է Հրայր Թովմասյանը: Հետո հստակեցնում է՝ երբ ասում ենք իրավունք՝ հասկանում ենք պետության պարտականություն, եթե պետությունը ոչինչ չունի այստեղ ասելու, ոնց է էս ամեն ինչը ապահովելու:
Անդրադառնալով պետության կառավարման մոդելին, Թովմասյանը նշեց. ՙԻրական կյանքում չկա կիսանախագահական համակարգ. այսօրվա սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը, որովհետև չունի լիազորություններ՚:
Հրայր Թովմասյանը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցն է և գտնում է, որ կիսանախագահականը չի արդարացնում իրեն, անգամ, եթե նախագահն ԱԺ-ում ունի մեծամասնություն, կառավարությունում բոլորն իր թիմակիցներն են, ուրեմն՝ բոլոր հավկիթները գտնվում են մեկ զամբյուղի մեջ, որը մի մարդու ձեռքում է: Իսկ եթե կառավարությունը տարբեր կուսակցություններից է կազմված, ինչպես մեր դեպքում, արդյունքն էլի նույնն է՝ հավկիթները տարբեր զամբյուղների մեջ են, բայց բոլորն էլ գտնվում են մեկ մարդու ձեռքում: Արդյունքում, ի վերջո, նախագահը պատասխանատու է ընդամենը երեք ոլորտների համար՝պահպանություն, պաշտպանություն և արտաքին հարաբերություններ, որոնց պարագայում էլ աշխատում է կառավարության հետ: Հետևապես, նախագահի պաշտոնն այս պարագայում իմաստ չունի:
Դոնեցկի մարզում մալազիական Boeing է կործանվել
Ուկրաինայի տարածքում մալազիական ինքնաթիռ է կործանվել:
Ինքնաթիռում 280 ուղևոր է եղել և անձնակազմի 15 անդամ:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing 777 –ը Ամստերդամից Կուալա Լումպուրու էր թռչում: Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, ինքնաթիռն անսպասելի սկսել է իջնել: Հետո այն հայտնաբերել են գետնին` այրվող: Տեղեկություն կա, որ ինքնաթիռը պետք է ռուսական սահմանը հատեր 17:25: «Այն ընկել է սահմանից 60 կմ հեռավորության վրա, ինքնաթիռի վթարային ցուցիչն է աշխատել»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ավիադիսպետչերական աղբյուրը:
Ուկրաինայում տեղեկությունը չեն հաստատում:
Գազայի հատվածում ավարտվել է ժամանակավոր զինադադարը
Իսրայելի և Գազայի հատվածի միջև 5 ժամանոց զինադադարը ավարտվել է: ՄԱԿ-ի ջանքերով այսօր առավոտյան հաստատված զինադադարի ընթացքում տուժածներին հումանիտար օգնություն է հասցվել: Օրեր առաջ Գազայի հատվածում իսրայելական կառավարության վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 230-ի, վիրավորներինը`1685-ի: Ավերվել է 694 տուն, 6 մզկիթ, վնասվել է 62 դպրոց, 8 բուժկենտրոն:
Ստամբուլի եկեղեցիները պետական պաշտպանության տակ են առնվել
Անցած շաբաթ Ստանբուլի Յեշիլքյոյ թաղամասում Լատինական կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակում էր տեղի ունեցել: Կաթոլիկ համայնքից բացի եկեղեցի այցելու են նաև ասորիները և դեպքի օրը եկեղեցում ասորական մկրտություն էր տեղի ունենում: Դանակները ձեռքին եկեղեցի մտած անհայտ անձանց թուրքական ոստիկանությունը այդպես էլ չի կարողացել ձերբակալել, այդ պատճառով էլ իշխանությունները հարցի մեկ այլ լուծում են գտել խուսափելու համար դեպքից հետո առաջացած դժգոհության ահագնացումից:
Տեղի ունեցած հարձակումից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը զանգահարել է Բեյօղլուի Սուրբ Աստվածածին ասորական եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսինին և իր մտահոգությունը հայտնել դեպքի վերաբերյալ: Նա հայտնել է, որ նմանօրինակ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն: Փոխվարչապետի կարգադրությամբ` եկեղեցու մուտքի մոտ ոստիկանության աշխատակիցներ են հերթապահելու: Պաշտպանության տակ են առնվել նաև Բաքըրքյոյ թաղամասում գտնվող բոլոր եկեղեցիները, այդ թվում` նաև հայկական: Այսուհետ կիրակի օրերին անվտանգության պետական և քաղաքացիական աշխատակիցները կհսկեն եկեղեցու շքամուտքերը:
Կիպրոսի խնդրի լուծման համար անհրաժեշտ է հունա-կիպրական ժողովուրդի կամքը. Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Կիպրոսի խնդրի լուծման մասին, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հունա-կիպրական ժողովուրդը կամք դրսևորի: Էրդողանի հայտարարել է, որ իրենք խնդրի քաղաքական լուծման են ձգտում` հիմնված Կիպրոսի երկու համայնքներ փոխհամաձայնության և քաղաքական հավասարության վրա: «Մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունը հունա-կիպրական ժողովուրդին կհայտնի մեր այս վճռական որոշման մասին»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ԵՄ անդամագրության գործընթացին: Նա նշել է, որ Թուրքիան մեծ սպասումներ ունի Իտալիայից, որը այս ամիս ստանձնել է ԵՄ նախագահություն: Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հետ բանակցությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:
Առաջատար ղեկավարներ՝ պետական և մասնավոր հատվածի համար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Սիանս Պո” ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Հայաստանում “Սիանս Պո” Արմենիա-ի գործունեությունը` կարևորելով վերջինիս գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում: Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով, որ պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումներին:
“Սիանս Պո” ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա` Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին: Վերջինիս խոսքով` “Սիանս Պո” Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին և ուսանողներին առաջարկում է համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն` ընդգծելով, որ ընկերությունն իր ծառայությունը կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին` դառնալով նաև տարածաշրջանում միջազգային մակարդակի կառույց: Քրիստիան Դյուվալը նշել է նաև, որ Էքս-ան-Պրովանսի “Սիանս Պո” քաղաքագիտության ինստիտուտի առաքելությունը ի սկզբանե եղել է առաջատար ղեկավարների պատրաստումը թե՛ Ֆրանսիայի պետական համակարգի, թե՛ մասնավոր հատվածի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների շարժունության, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու, ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման և այլ հարցեր:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի դեսպանատանն իրենց ավարտական վկայականներն են ստացել դասընթացի առաջին 7 շրջանավարտները:
«BMW» ընկերությունը հետ է ընդունում 2000-2006 թթ. արտադրության 1,6 մլն ավտոմեքենա
Գերմանական ավտոմեքենաների «BMW» ընկերությունը հետ է ընդունում 2000-2006 թվականներին արտադրված 1,6 մլն 3-րդ սերիայի մեքենաները, որոնք խնդիր ունեն անվտանգության բարձիկների հետ կապված: Նման մեքենաների կեսից ավելին`574 հազարը հետ են ընդունվելու Ամերիկայից: Ընկերությունը այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ ճապոնական «Takata Corp» ընկերության արտադրած անվտանգության բարձիկները թերություններ ունեն: Նշենք, որ 2013 թվականի մայիսին «BMW»-ն նույնանման խնդրի պատճառով հետ էր ընդունել 42 հազար մեքենա:
Քաբուլի միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողություն է իրականացվել
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ռազմական հատվածի մերձակայքում: Աֆղանստանի ներքին գործերի նախարար Այուբ Սալանգին նշել է, որ պայթյունից հետո «Թալիբան» խմբավորման զինյալները ներխուժել են օդանավակայանի շենք: Անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում 5 թալիբ է սպանվել: Սալանգիի խոսքերով` օդանավակայանին վնաս չի հասցվել: Միևնույն ժամանակ «Թալիբանի» մամլո քարտուղար Զաբիուլահ Մուջահիդը հերքել է իշխանությունների այն տվյալները, թե բախման ժամանակ մեծ թվով աֆղանցի և օտարազգի զինծառայողներ են սպանվել, իսկ օդանավակայանի ռազմական տարածքին մեծ վնաս է հասցվել:
Վարչապետն ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրաց¬ված խնդիր¬ներին, ինչը վկայում է ՀՀ կառա¬վարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին:
Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, և աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար:
Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարևորել և բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:
Երկուստեք կարևորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը: «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու և ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով:
ՍԴ նախագահը Գյումրիում ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Գյումրիում ներկայացրեց ՀՀ սահմանադրության փոփոխման նախագիծը, պատասխանել ներկաների հարցերին: Շիրակի մարզպետարանի դահլիճում խոսելով սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին` ՍԴ նախագահը կարծիք հայտնեց, թե այսօր Հայաստանում չկա սահմանադրության պաշտոնական մեկնաբանման ինստիտուտ, չկա սահմանադրական օրենքի ինստիտուտ, չկա սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ: ՙԵրբ այս խնդիրները ծագում են, դրանք տեղափոխվում են այն կուտակող բացասական էներգիայի դաշտ: Մնում է միակ ճանապարհը՝ փոփոխել: Մենք հասարակական օրգանիզմի համար այսօր ձևավորել ենք մի իրավիճակ, եթե հիվանդանում ենք, միայն պետք է վիրաբույժին դիմենք, այլ ճանապարհ գոյություն չունի՚, – ասաց Գ.Հարությունյանը:
Սոցիալական կոնֆիլկտների կուտակումները պետք է կարողանալ գնահատել, բացահայտել, հաղթահարել, և Սահմանադրությունն ինքը պետք է այդ պոտենցիալն ունենա:
Ըստ բանախոսի, մեր գործող մայր օրենքում պակասում է մի կարևոր բան՝ մարդն ու իր իրավունքները: Երկրի գլխավոր օրենքում 2005-ի բարեփոխումների ծրագրով չի հաջողվել անցում կատարել իշխանակենտրոն մոդելից մարդակենտրոն սահմանադրական մոդելին: ՙՑավոք, մեզանում իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն և, հաճախ, այն հասնում է կամայականության՚, -նշեց ՍԴ նախագահը՝ ավելացնելով, որ մեր քաղաքացիներին պետք է ոչ թե ուղղորդենք դեպի Ստրասբուրգ, այլ կատարենք փոփոխություններ. իշխանությունը պետք է սահմանափակված լինի օրենքով:
Գագիկ Հարությունյանի խոսքով, սահմանադրությամբ գրել ենք օրենքներ, բայց չենք հստակեցրել, թե ինչը օրենքով չի կարելի սահմանափակել: Որպես լավագույն օրինակ՝ նա նշեց կուտակայինի փաստը. ՙՍեփականության իրավունքի օրինակը. իրականում, 10 անգամ ՍԴ-ն որոշում է ընդունել, որ այս իրավունքը սահմանափակվող իրավունք չէ, մենք հերթական անգամ ընդունում ենք օրենք, որը սահմանափակում է այդ իրավունքը: Դա նշանակում է, որ սահմանադրության առաջին և երրորդ հոդվածները չեն գործում՚:
Անդրադառնալով երկրի կառավարման մոդելի փոփոխմանը՝ Հարությունյանը նկատեց, որ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները չնչին են, նա ունի աջակցող խումբ՝ ԱԺ-ի մեծամասնությունն իր թիմն է, բայց չունի խորհրդարանը ցրելու իրավունք: Ներկաների այն հարցին, թե ի վերջո դեպի որ համակարգին է անցնելու Հայաստանը՝ նախագահական, խորհրդարանական, թե մնալու է խառը կառավարման համակարգում, ՍԴ նախագահը կոնկրետ ոչինչ չասաց, այլ նշեց, որ գործընթացը դեռևս մշակման փուլում է, և հստակ տեսակետ կկարողանա ներկայացնել սեպտեմբերին:
«Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերն անդրադառնում են յուրահատուկ թեմաների
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագիրն այս տարի աչքի է ընկնում յուրահատուկ պատմություններով և թեմատիկ բազամազանությամբ: Գերակշռում է ազգային թեման. Իսրայելի անկախության տոնին նվիրված արարողությունից մինչև Ռուսաստանի մասին օտարեկրացիների մոտ ստեղծված կաղապարները: Սակայն մեծ թեմաները կինոդիտողին են հաղորդվում մեկ կերպարի կամ զույգի կյանքի դրամայի միջոցով:
Ֆիլմերից մեկը Հեյլիկա Պիկկովի «Ձիթենյաց լեռան ծաղիկներ» կինոնկարն է: Այն պատմում է 82-ամյա էստոնացի միանձնուհի մայր Քսենյայի մասին, ով ապրում է Երուսաղեմի կողքին, ռուսական ուղղափառ վանքում՝ Ձիթենյաց լեռան վրա: Միանձնուհիների աստճանակարգման մեջ այժմ նա հասել է վերջից երկրորդ աստիճանին: Մայր Քսենյան գնում է դեպի բացարձակ լռություն, մեծ սխիմա: Բայց մինչ այդ նա թույլտվություն է ստացել մի վերջին անգամ իր կյանքի պատմությունն անելու:
«Ինձ հաճախ են հարցնում` արդյոք սա ֆիլմ է կրոնի մասին: Ո´չ, սա ներքին կոնֆլիկտների մասին է, այն մի կնոջ մասին է, ով անցնում է երկրից երկրիր, 80 տարեկանում հայտնվում մենաստաում, որտեղ պետք է շարունակի կյանքը: Սակայն մեկ հետաքրքիր փաստ կա` նա երեք անգամ ամուսնացած է լինում»,- ասաց ֆիլմի հեղինակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ իր համար կարևոր է, որ ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում:
Երևանում է նաև ներկայացված ֆիլմերից մյուսի` «Արարողություն» կինոնկարի հեղինակները` Ավի Վայսբլայը և Էլիրան Քնոլերը: Ֆիլմը պատմում է 80-ամյա գնդապետ Դավիթ Ռոքնիի մասին, ով Իսրայելի անկախության օրվան նվիրված ազգային արարողության հրամանատարն է լինելու: Ինչպես վերջին 30 տարում, նա զբաղված է ավանդական ռազմական շքերթի համար անհրաժեշտ լարված վարժանքներով, տողանցի և քայլերթի մարզումներով, մի գործ, որն ուրիշ ոչ ոք գլուխ չի բերի: Բայց արարողությունից մեկ շաբաթ առաջ անսպասելի փորձանք է պատահում: Առաջին անգամ Ռոքնին հայտնվում է արարողության հետ կապված անսովոր իրավիճակում, որը կփոխի նրա կյանքը:
«Գնդապետի կերպարի միջով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է անցնում անկախության տոնը մարդու էության միջով», – այսպես է բնութագրում իր ֆիլմը Ավի Վայսբլայը: Ֆիլմի հեղինակները պատմեցին, որ, թեև թեման ռազմական ոլորտին է վերաբերում, սակայն ոչ մի խոչընդոտ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից չի եղել. «Ընդհակառակը. սկզբում նրանք էին մեզ օգնում: Մեր առջև բացված էին բոլոր դռները: Խոչընդոտներ եղան միայն այն ժամանակ, երբ նկարահանում էինք այն պահը, երբ խնդիր էր ծագել: Մեզ արգելեցին աշխատել պրոֆեսիոնալ տեսախցիկներով: Ստիպված էինք հեռախոսով և սիրողական սարքերով նկարահանել, մինչև զինվորականները հասկացան, որ նրանց դեմ ոչինչ չենք անում», – պատմեց Էլիրան Քնոլերը:
Այս տարի շատ հետաքրքիր աշխատանք է ներկայացրել Ռուսաստանը: Ֆիլմը, որի անունն է «Կինոգնացք. Ռուսական ձմեռ», նկարահանել է միանգամից 6 նկարահանող խումբ;
«Կինոգնացքը» պատմում է այն մասին, թե ինչպես 2013-ի հունվարին 14 երկրներից եկած 21 կինեմատոգրաֆիստներից կազմված խումբը առաջին անգամ հավաքվեց Մոսկվայում: Հաջորդ օրը նրանք մեկնեցին ուղևորության՝ նկարահանելու ֆիլմեր, որոնք վեր կհանեին Ռուսաստանի մասին տարածված կարծրատիպերը: Հաջորդ ամսվա ընթացքում այս կինոնկարը նկարահանվեց և մոնտաժվեց:
Էլվիրա Նևերա և Պյոտր Ռոսոլովսկին «Ոսկե ծիրանում» ներկայացնում են «Դոմինոյի էֆեկտ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Աբխազիայում: Հեղինակները պատմեցին, որ նախապես ծրագրել էին նկարահանել ֆիլմ «պատերազմից բզկտված» երկրում տեղի ունեցող դոմինոյի առաջնության մասին: Սակայն նկարահանումների ընթացքում նրանք հանդիպեցին Աբխազիայի սպորտի նախարար Ռաֆայելին , ինչի արդյունքում սյուժեն ամբողջովին փոխվեց: «Սա սիրո պատմություն է, որն ունի սոցիալական և քաղաքական հենակետ», – նշեց Պյոտր Ռոսոլովսկին;
«Դոմինոյի էֆեկտ» ֆիլմը Ռաֆայելի և ռուս օպերային երգչուհի Նատաշայի սիրո պատմության մասին է: Ռաֆայելը հույս ունի, որ իր կազմակերպած դոմինոյի խորհրդավոր համաշխարհային առաջնությունը, վերջապես, աշխարհի ուշադրությունը կբևեռի իր սիրելի հայրենիքի վրա և խենթի պես սիրահարված՝ չի նկատում, որ իր սիրասուն կինն օտարերկրուհի է: Հպարտ ռուս օպերային երգչուհի Նատաշան հրաժարվել է իր տնից ու ռուս դստեր խնամքից՝ նոր կյանք սկսելու համար: Բայց քանի որ նա տեղացիների համակրանքը չի վայելում, իսկ Ռաֆայելի մարզական իրադարձությունը մռայլող խնդիրներ կան, նրանց պայծառ ապագան և նույնիսկ ազգային հպարտությունը սկսում են երերալ:
Վարչական շրջանների ղեկավարները ծանոթանում են ճամբարականների առօրյային
ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորութուններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները: ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից երկրորդ հերթափոխում հանգստանում է 35 երեխա:
Հյուրերն այցելել են նաև «Արի տուն» ճամբար, որտեղ հանգստանում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում «Արի տուն» ծրագրով հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ:
Կիսվելով երևանյան հյուրընկալ ընտանիքների մասին իրենց տպավորություններով՝ վերջիններս նշել են, որ նրանց շնորհիվ ամրացել է կապը հայրենիքի հետ և վստահեցրել, որ ավելի հաճախ կգան հայրենիք ու արդեն իսկ շատ սիրելի դարձած Երևան:
Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հուշանվերներ են ստացել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավի կարիքները որոշակիորեն մեղմելու նպատակով մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելով իրականացնում է սոցիալական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այս անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ-ի` ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների պարենային աջակցության ծրագիրը: Շահառուներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 40.00 և ավելի միավոր ունեցող, երկու և ավելի ծնողազուրկ երեխաներ ունեցող շուրջ 260 ընտանիքներն են: Ծրագիրը մեկնարկել է Աջափնյակ, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, այնուհետև կշարունակվի նաև մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում: Նախաձեռնության շրջանակում այցելություն է կազմակերպվել Աջափնյակում բնակվող, ծնողազուրկ երեխաներ ունեցող երկու ընտանիքներ, որոնց, պարենային ծանրոցներից զատ, նաև հագուստ է նվիրաբերվել: Ծրագրի շահառուները ինչպես սոցիալական ծառայության տարածքային բաժիններում, այնպես էլ տնային այցելությունների ժամանակ շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իրենց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և պարբերական աջակցություն ցուցաբերելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ադրբեջանում տիրող ռեժիմը խնդիրներ է ստեղծում Արևմուտքի համար. Կարլ Բիլդտ
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Վաշինգտոնում լուրջ հայտարարություն է արել՝ կասկած հայտնելով բռնապետական ռեժիմի պատճառով Ադրբեջանի իշխանությունների անկեղծության՝ Եվրամիության “Արևելյան գործընկերության” ծրագրին մասնակցելու նկատմամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
“Ադրբեջանը հատուկ պատմություն է: Նրանք նստած են նավթի և բռնապետական քաղաքական զարգացման վրա, ինչը մեզ համար խնդիրներ է ստեղծում”,- ասել է նա՝ անցած շաբաթ Վաշինգտոնում ելույթի ժամանակ:
Հանդես գալով Ատլանտյան խորհրդի նիստում՝ Բիլդտը նշել է, որ “Արևելյան գործընկերություն” ծրագիրը բախվում է ավելի լուրջ մարտահրավերների, քան 2008թ.-ին՝ դրա ընդունման ժամանակ:
Ավտոմեքենան առևանգած և վթարի ենթարկած 14-ամյա պատանու նպատակը «մի քիչ քշել»-ն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արգենտինայի ֆուտբոլիստները պարգևավարի մի մասը նվիրաբերել են ուռուցքաբանության կենտրոնին
Յոահիմ Լյով. «Շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը»
Այս օրերին Գերմանիան ցնծում է: Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Բրազիլիայից վերադարձել է հայրենիք: Գերմանացի խաղացողներին դիմավորում են ինչպես ազգային հերոսների: Ուր որ նրանք են գնում` մի քանի հարյուր հազար ֆուտբոլասեր է հավաքվում:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած եզրափակչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ խաղաժամանակում, Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ, հաղթել է արգենտինացիներին և 24 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հռչակվել աշխարհի ուժեղագույն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուշադրության կենտրոնում էր պահում առաջնությունը: Նա ներկա էր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը, և երկրորդ անգամ Բրազիլիա է ժամանել, որպեսզի հետևի եզրափակչի ընթացքին: Գերմանիայի ղեկավարը վարձահատույց եղավ, ազգային թիմի ֆուտբոլիստները նրան հուսախաբ չարեցին:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որպես պարգև, Գերմանիայի հավաքականին կհանձնի 35 մլն դոլար:
Առաջնությունն ուշագրավ էր գերմանացիների համար նաև այն առումով, որ այդ երկրի հավաքականի փորձառու խաղացող Միրոսլավ Կլոզեն, կիսաեզրափակչի` Բրազիլիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դառնալով, աշխարհի առաջնություններում իր 16-րդ գնդակը խփեց: Այսպիսով, իտալական «Լացիոյի» հարձակվողը դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով առաջ անցնելով բրազիլացի Ռոնալդոյից:
Ի դեպ, երկար ժամանակ է, ինչ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը վստահվել է Յոահիմ Լյովին, սակայն նրա թիմը չէր կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Եվ ահա, մարզչի օգնությամբ Գերմանիայի հավաքականը բարձունքին է:
Ընդ որում, Լյովը հայտնել է, որ իր թիմը կշարունակի ձգտել հաղթանակների:
«Աշխարհի չեմպիոնի տիտղոսը վստահություն է ներշնչում մեզ: Հիանալի հեռանկարներ ունենք և փայլուն ապագա: Այժմ մեր նպատակն է դառնալ Եվրոպայի 2016-ի առաջնության չեմպիոն: Կարծում եմ` շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը: Հաստատ գիտեմ, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք նոր նվաճումների ձգտել»,- ասել է նա:
Կինոն երկրորդական բան է ինձ համար. Հայաստանում է Օթար Իոսելիանին
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի հյուրընկալել է հանրաճանաչ Օթար Իոսելիանուն: Վրացի ռեժիսորի 80-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակներում կցուցադրվեն «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» և «Խաժամուժ» ֆիլմերը:
«Կինոն ինձ համար երկրորդական բան է. մի քանի անհրաժեշտ բաներից մեկը: Սակայն, ցավոք, ուրիշ բան չեմ կարողանում անել», – ասաց ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել ռեժիսորի մասնագիտությունը ընտրելու համար. «Ցանկանում էի երաժիշտ դառնալ, սակայն մի օր, երբ սենյակումս պարապում էի, հորեղբայրս ներս մտավ, նայեց ինձ ու ասաց. «Այդպես էլ ամբողջ կյանքումդ ուրիշների տեսքտե՞րն ես կարդալու»: Ես հասկացա նրա միտքը, որովհետև նա ճիշտ էր: Գուցե դա նրանից էր, որ ես Ռիխտեր չէի դառնալու: Հետո ընդունվեցի Մոսկվայի համալսարանի Մաթեմատիկայի բաժինը: Մի օր ռազմական հանձնաժողով եկավ ընտրելու լավագույն ուսանողներին. ես գիտեի նրանք զենք են ուզում պատրաստել, ռումբեր: Նրանք ուզում էին ինձ հետ անել այն, ինչ Սախարովի հետ արեցին: Եվ ես թողեցի մաթեմատիկան ու, ի վերջո, ընտրեցի ռեժիսուրան»:
Մոսկվայում Խորհրդային տարիներին այնքան էլ հեշտ չէր աշխատել այն ռեժիսորների համար, ովքեր ազատ միտք ունեին և չէին ուզում զբաղվել կուսակցության քարոզով: Սակայն լավ ֆիլմեր, այնումենայնիվ, նկարահանվում էին, չնայած կառավարության Ճնշմանը և դրանք արգելվելու վտանգին: Այդպիսի ճակատագրի արժանացան Օթար Իոսելիանու առաջին ֆիլմերը, այն նույն ֆիլմերը, որոնք այժմ այդ տարիներին ստեղծված լավագույն գործերի շարքում են դասվում: «Հակախորհրդային ֆիլմեր նկարահանելը, իհարկե, իր պատիժը կունենար, սակայն «ոչ խորհրդային» ֆիլմեր ստեղծելը հնարավոր էր », – նշեց ռեժիսորը:
Ներկայումս նա աշխատում է Ֆրանսիայում, սակայն ապրում է Թբիլիսիում:
Խոսելով Հայաստանի մասին` Օթար Իոսելիանին ասաց, որ չի կարող չնկատել, որ Երևանը պարզապես այլանդակվել է և այնպիսին չէ, ինչպես նախկինում. «Երևանը համեստ, բայց գեղեցիկ ճարտարապետություն ուներ այն ժամանակ: Ես այստեղ եղել եմ մի քանի անգամ, վկա եմ եղել այն բանին, թե ինչպես է կառուցվել ձեր կեղծ տաճարը` Գառնին: Դե, դա ավիրվել էր, բայց նորից կառուցեցին: Սակայն առաջին հերթին մարդիկ են փոխվել: Հիշում եմ` մի անգամ նստած էի շատրվանների մոտ և խմում էի. մի փոքր հեռու հայեր էին նստած, զրուցում էին: Հանկարծ նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ասաց. «Դուք արդեն կարծես թե շատ եք խմել: Եկե´ք միացեք մեզ, միասին շարունակենք: Ահա այդպիսին էին մարդիկ այն ժամանակ»:
Նա նշեց, որ նման փոփոխություններ տեսնում է նաև Վրաստանում: «Թբիլիսին հայկական քաղաք էր: Ես մեծացել եմ հայերի շրջապատում: Սակայն եկավ ժամանակ, երբ նրանք հեռացան: Հայերը գնացին, մտավորականությունը գնաց: Քաղաքը դատարկվեց: Քայլում էինք փողոցում և ոչ ոք մեզ չէր ճանաչում: Բայց դա բնական է. երբ գնում ես այլ երկիր, պետք է պատրաստ լինես, որ հայրենիք գալով արդեն արտասահման ես հայտնաբերելու», – ասաց Օթար Իոսելիանին:
