Author Archives: ankakh
Հայ գերին մահացել է «սրտանոթային սուր անբավարարությունից»
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ մահացել է երեկ ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը: Ազերիները նշել են, որ Կարենը մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից:
Կարենի մահվան մասին լուրը Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Էդ էրեխեն էլ չկա»,-հուզված ձայնով նշեց նա: Չինարեցիների խոսքով՝ Կարենը որևէ առողջական խնդիր չի ունեցել:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի էր ընկել ադրբեջանական կողմին: Կարենը բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, եղբայրն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, քույրն ամուսնացած է:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնել էր, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր էին տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական գերության մեջ:
Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության պաշտոնական այցն ԱՄՆ
ԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք:
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Կողմերը կարևորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը և վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:
Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:
Վաշինգտոնից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մեկնել է Նյու Յորք, որտեղ ս.թ. օգոտոսի 8-ին նախատեսվում են հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Էդմոնդ Մուլետի և ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մախսուդ Ահմեդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահ զորախմբի առաջիկա ներգրավմանը, Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի առաքելություններին հայկական կողմի հնարավոր մասնակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
35 մարդ է զոհվել Հնդկաստանում, ջրհեղեղից
Հնդկաստանի Օդիշա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 35 մարդու կյանք է խլել, հաղորդում է Вести.Ru:
Ամենաշատ վնաս է պատճառվել Բհադրաք ու Ջաջպուր մարզերին: Այնտեղ ավերվել է 15 հազար տուն: Աղետի գոտում 1.8 մլն մարդ է գտնվում: Ներկա պահին վտանգի օջախից տարհանվել է 70 հազար մարդ:
Ողջ նահանգում ջրից վնասվել է 200 հազար հա բերք: Ավելի վաղ, Մահարաշտրա նահանգի Պունա մարզում սողանքների հետևանքով զոհվել էր 120 մարդ:
Բաքվում շրջափակվել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակը
Ադրբեջանում տեղի ժամանակով 14:30-ին մի քանի ոստիկաններ և քաղաքացիական անձիք գնացել են Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակ, որը տեղակայված է մայրաքաղաք Բաքվում:
Վերջիններս պահանջել են դուռը բացել` չբացատրելով` ովքեր են իրենք և ինչ են ուզում: Գրասենյակում գտնվող աշխատակիցները հրաժարվել են բացել դուռը, և այժմ շրջափակված են:
Իր հերթին վերոնշյալ անձիք սպառնում են ջարդել մետաղական դուռը: Այս մասին “Թուրան” գործակալությանը տեղեկացրել են ինստիտուտի աշխատակիցները:
Հավելենք, որ ավելի վաղ դատախազությունը արգելափակել է այս կառույցի, ինչպես նաև դրա տնօրեն Էմին Հուսեյնովի անձնական հաշիվները: Վերջինիս նաև օգոստոսի 6-ին մերժել են երկրից դուրս գալու թույլտվություն տրամադել`Թուրքիայիում բուժում ստանալու համար:
Ռուսաստանցի պաշտոնյաներին կարգելվի e-mail-ով աշխատանքային փաստաթղթեր ուղարկել
ՌԴ Պետդումայում առաջարկվել է պաշտոնյաների աշխատանքային փաստաթղթերը gmail.com, mail.ru և yandex.ru փոստով ուղարկելը հավասարեցնել պետական գաղտնիքները տարածելուն, հաղորդում է «Известия”:
Պետդումայի անվտանգության ու կոռուպցիայի հարցերով նախագահ Իրինա Յարովայան կարծում է, որ անհրաժեշտ է ռուս պաշտոնյաների համար քրեական պատասխանատվություն սահմանել ծառայողական տեղեկությունները ոչ պետական փոստային սերվերներով փոխանցելու համար:
“Այդ տեղեկությունը չպետք է հրապարակվի սոցցանցերում ու փոխանցվի սովորական սերվիսներով”,-հավելել է նա: Ընդ որում, պատգամավորը ճշտել է, որ նկատի ունի միայն ծառայողական տեղեկությունները, իսկ բաց աղբյուրների վրա դա չի տարածվում:
Ադրբեջանցիները Սպիտակ տան դիմաց ցույց են կազմակերպել` վանկարկելով “Կամ Ղարաբաղ, կամ մահ”
ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ նախօրեին Վաշինգտոնի Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով նախագահ Օբամայից “դատապարտել հայկական ագրեսիան” և “ոչ ասել ռուսական գերիշխանությանը”:
Հատկանշական է, որ ակցիան տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի` Սոչիում Հայաստանի նախագահի հետ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալիք հանդիմանը մեկնելուց մի քանի ժամ առաջ:
Սփյուռքի որոշ կազմակերպություններ ներկայացնող մի քանի տասնյակ ադրբեջանցիներ և թուրքեր “Թուրան” գործակալությանը տեղեկացրել են, որ բողոքի ակցիային սեփական նախաձեռնությամբ են մասնակցել:
Ցուցարարները անգլերենով վանկարկել են “Մենք խաղաղություն են ցանկանում”, իսկ այնուհետև ադրբեջաներենով` “Կամ Ղարաբաղ, կամ մահ”: Նրանք ասել են, որ դրանք դեռ առաջին քայլերն են, և իրենք նոր միջոցառումներ են նախատեսում` ամերիկյան վարչակազմին և Կոնգրեսի անդամներին “ճշմանրիտ տեղեկություն” տրամադրելու համար:
Նշենք, որ այն ժամանակ, երբ իշխանամետ ադրբեջանցիները, օգտվելով ԱՄՆ-ում ժողովրդավարության նորմերից, բողոքի ցույց են կազմակերպում Վաշինգտոնում` նածագահի գրասենյակի դիմաց, Բաքվում իշխանությունները ճնշման են ենթարկում և բանտարկում են նրանց, ովքեր փորձում են որևէ առիթով խաղաղ ցույց կազմակերպել:
Վարորդը և ուղևորը մահացել են
Օգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը` 1957 թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
ԵՄ-ն հաշվել է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներից մոտավոր ֆինանսական կորուստները
Մոսկվայում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել է, որ ռուսական պատժամիջոցներից որոշակի ապրանքային կատեգորիաներից կորուստները կարող են հասնել մինչև 12 մլրդ եվրոյի, գրում է «Дни.ru»-ն:
“Մենք խոսում ենք էական գումարների` մոտ 12 մլրդարտահանման մասին : Մենք առարկայորեն դեռևս չենք վերլուծել, թե որ ապրանքները կարող են պատժարգելքի տակ հայտնվել, սակայն դա կարող է հասնել 12 մլրդ եվրոյի: Այն, ինչ մենք արտահանում ենք Ռուսաստան,` արդյունաբերություն ու ապրանք, կազմում է 10%”,-ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը տարեկան արգելք էր մտցրել պատժամիջոցներ կիրառող երկրներից ձկնեղենի, կաթնային ու պտուղբանջարեղենային ապրանքի նկատմամբ: Համապատասխան հրաման է արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Պուտինը ` ՌԴ ազգային շահերից ելնելով:
ԱՀԿ-ն Էբոլայի տենդը միջազգային նշանակության սպառնալիք է ճանաչել
ԱՀԿ-ի փորձագետները Ժնևում, արտակարգ կոմիտեի երկօրյա նիստից հետո Էբոլայի տենդը միջազգային նշանակության սպառնալիք են ճանաչել, հաղորդում է Газета.Ru-ն
Կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ հասարակական առողջապահության ոլորտում
արտակարգ դրություն հայտարարելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան”,-ասվում է փաստաթղթում:
“Պեtությունների ղեկավարները պետք է հայտարարեն արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին, անձամբ դիմեն բնակչությանն ու տեղեկացնեն այն քայլերի մասին, որոնք կձեռնարկվեն համաճարակի վերահսկման ուղղությամբ”,-նշվում է հաղորդագրության մեջ:
Տարվա սկզբից Էբոլայի տենդից Գվինեայում, Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում արդեն մահացել է 900 մարդ:
Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին:
«Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ, պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում: Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:
Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:
«Երևանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: Երկրորդ և երրորդ հորիզոնակնները համապատասխանաբար զբաղեցրել են Շենգավիթ և Նորք Մարաշ վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշագավաթներով են պարգևատրվել բոլոր թիմերը: Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:
Կիսվելով միջոցառման մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարևորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլև Երևան քաղաքի միասնությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բրազիլիայում սպասուհիներն ու այգեպանները պաշտոնապես աշխատանքային իրավունք են ստացել
Բրազիլիայում օրենսդրությունը գործատուներին պարտադրել է գրանցել իրենց տան աշխատողներին, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Նոր օրենքը տարածվում է սպասուհիների, դայակների, խոհարարների ու այգեպանների վրա, որոնք երկրում մոտ 6 մլն են: Ավելի վաղ նրանք դուրս էին մնացել Բրազիլիայի աշխատանքային օրենսդրությունից:
Սակայն, հիմա գործատուն նոր օրենքին չհետևելու դեպքում մի քանի հարյուր դոլար կտուգանվի:
2013-ին Բրազիլիայում նման աշխատողների համար զբաղվածության շեմ էր սահմանվել առավելագույնը շաբաթական 44 ժամը: Դրա պատճառով էլ շատ ընտանիքներ հարկադրված նոր մարդկանց էին վարձում` հերթափոխով աշխատելու համար:
Կողոպուտներ Մալաթիայում. ձեռագիրը նույնն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«6 օր Սևանի շուրջ». կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները
Oգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:
Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։
Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ադրբեջանում իրավապաշտպանները ծանր պայմաններում են հայտնվել. Նիլս Մուժնիեկս
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինս քննադատել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշման փաստերը, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
“Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը և Էմին Հուսեյնովի նկատմամբ կիրառվող երկրից դուրս չգալու արգելքը ցույց են տալիս, թե Ադրբեջանում իրավապաշտպանները ինչպիսի ծանր պայմաններում են հայտնվել”,- նշել է Մուժնիեկսը:
Ըստ հանձնակատարի` Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը քրեական հետապնդման միջոցով համակարգված կերպով ենթարկվում է ճնշման, և այդ փաստերը գրանցվել են իրավապաշտպան Լելյա Յունուսի և իր ամուսնու` կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի ձերբակալություններից անմիջապես հետո:
“Ադրբեջանը չի իրագործում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպիսիք են խոսքի, հավաքների և միավորումների ազատությունը: Իշխանությունները պետք է բարեփոխեն ստեղծված իրավիճակը և, առաջին հերթին, պետք է ազատ արձակեն բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են իրենց կարծիքը հայտնելու համար”,- նշված է հանձնակատարի հայտարարությունում:
«Ներեցեք, հայ լինելը հանցա՞նք է». Թուղրուլ Թուրքեշը՝ Էրդողանին
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Ալփասլան Թուրքեշի որդին` Թուղրուլ Թուրքեշը, որը հանդիսանում է կուսակցության փոխնախագահն ու թուրքական մեջլիսի՝ Անկարայից ընտրված պատգամավորը, անդրադարձել է նախօրեին նախագահի թեկնածու, վարչապետ Թայիփ Էրդողանի հայկական ինքնության վերաբերյալ վիրավորական արտահայտությանը: Թուրքեշը ԱՇ կուսակցության պաշտոնական կայքում «Ներեցեք, հայ լինելը հանցա՞նք է» վերնագրով մի հրապարակում է հեղինակել:
«Պարոն Էրդողան, մենք տեղյակ ենք 21-րդ դարի մասին: Հայ լինելը հանցանք, թերություն, տգեղություն, ամոթ կամ մեղք չէ: Այն էթնիկական և մշակութային խմբերը, որոնք մենք ունենք, Բարձրյալի շնորհն է մեզ, և դրանց ամոթանք տալն ու ստորացնելը ամենամեծ մեղքն է: Ավելին, նման խոսքերը, համաձայն մեր օրենքների, ատելության հանցանք են համարվում»,-գրել է Թուրքեշը:
Վերջինիս համոզմամբ` Էրդողանն այդպիսով արտահայտել է իր ներսում կուտակված և խեղդված զգացմունքները:
Ջեյմս Ուորլիքը ողջունել է Սոչիի հանդիպման նախաձեռնությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր «Twitter»-յան էջում թողած գրառմամբ ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանի
և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք Պուտինի նախաձեռնությունը` կապված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ: Մենք կոչ ենք անում պահպանելու զինադադարի ռեժիմը»,-գրել է Ուորլիքը իր միկրոբլոգում:
Կինոփառատոները միացնում են աշխարհի մարդկանց . Ռիչարդ Պենյա
Իսպանական ընտանիքում հասակ առած կինոքննադատ Ռիչարդ Պենյայի վրա մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Լուիս Բունյուելը, նրան ոգեշնչել և հավատ է ներշնչել, որ արվեստը փոփոխության հասնելու համար հզոր գործիք է: 1988 թ. Ռ. Պենյան դարձավ «Լինքոլն» կենտրոնի կինոընկերության ծրագրերի մշակման տնօրենը:
«Անկախը» ներկայացնում է Ռիչարդ Պենյայի հետ հարցազրույցը:
– Պարոն Պենյա, այսօր ի՞նչ է փոխվել կինոարտադրության ոլորտում:
– Շատ բան, սակայն ամենամեծ փոփոխությունը թերևս այն է, որ տեխնոլոգիապես կինոն առաջ անհասանելի արվեստ էր, դժվար էր ֆիլմ նկարահանել, մինչդեռ այսօր յուրաքանչյուր հասուն մարդ կարող է կինո նկարել, որովհետև տեխնիկան մարդկանց համար դարձել է մատչելի և բավականին էժան:
– Հաճախ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչ մասնագիտություն կընտրի: Ձեր մասնագիտության ընտրության հարցում է՞լ են ծնողները դեր ունեցել:
– Ոչ, նրանք հարգել են իմ ընտրությունը և երբեք չեն պարտադրել, օրինակ, իրավաբանի, բժշկի կամ տնտեսագետի մասնագիտություն ընտրել: Երջանիկ եմ, որ կարողացել եմ շարունակել ընտրածս ուղին: Իրականում կինոքննադատ լինելն ինձ համար աշխատանք չէ, այլ հաճույք:
– Ի՞նչ դրույթների, սկզբունքների հիման վրա եք որոշում` այս կամ այն ֆիլմը լավն է, թե վատը:
– Շատ բարդ է բացատրել, թե ինչ չափանիշներով եմ առաջնորդվում ֆիլմերը որակելու հարցում: Երբ մարդիկ ֆիլմ են դիտում, առաջին արձագանքը ավելի շատ ներքին է և արագ, այնուհետև, հաշվի առնելով ֆիլմի պատմության և այլ գիտելիքներ, ինքներս մեզ փորձում ենք բացատրել, թե ինչու է այս կամ այն ֆիլմը մեզ դուր գալիս կամ ոչ, իսկ վերջում փաստարկ ենք բերում, թե ինչու ենք այն այդ կերպ որակել: Կինոն որակելիս փառատոնի որոշ պատասխանատուներ պետք է վստահ լինեն` արդյոք քեզ վրա ոչ մի ազդեցություն չկա՞, և ֆիլմը դիտում ես բացառապես արվեստի ընկալման քո չափանիշներո՞վ:
– Ի՞նչ են առհասարակ կինոփառատոները բերում մարդկանց, կինոարտադրողներին ու աշխարհին:
– Կարող եմ խոսել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրինակով: Այն մի քանի գործառույթ ունի, որոնցից մեկն ինձ նման արտերկրից եկած մարդկանց համար այս տարածաշրջանի` Կովկասի կինոնկարներ դիտելու հրաշալի հնարավորություն է: Այս տարածաշրջանի մարդկանց համար նույնպես լավ առիթ է, օրինակ` Կիմ Կի Դուկի, Ամոս Գիտայի, Ցզյա Չժանկեի նման աշխարհահռչակ կինոգործիչների աշխատանքները տեսնելու համար: Այսինքն` կարելի է ասել, որ սա մի վայր է, որտեղ աշխարհը հանդիպում է Կովկասին, Կովկասը` աշխարհին:
– Բավականին երկար ժամանակ` 1988-2012 թթ. եղել եք Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը: Այն ի՞նչ առավելություն ունի մյուս կինոփառատոների համեմատ:
– Ամեն տարի նոր կինոփառատոներ են ծնվում, սակայն Նյու Յորքի կինոփառատոնում կարծես ընդգրկվում է լավագույն ընտրանին, և այն հեռու է ավելորդ գլամուրից: Ի դեպ, այնտեղ մի քանի անգամ քննարկվել է հայկական կինեմատոգրաֆի ցուցադրություն կազմակերպելու հարցը: Հուսամ` մի օր այն կիրականացվի, քանզի հայ ռեժիսորները մեծ ավանդ են ունեցել համաշխարհային կինոյում:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
Օրացույցի այս օրը
Այսօր Ալպինիզմի միջազգային օրն է(Լեռնագնացի օրը): Այս տոնը սահմաններ չի ճանաչում ու միավորում է բոլորին` տղամարդկանց ու տոկուն ոգով կանանց;
Օրվա ընտրությունը պայմանավորված է 1786-ին Ալպերի ամենաբարձր գագաթը` Մոնբլանը նվաճելու ամսաթվի` օգոստոսի 8-ի հետ: Այդ օրն առաջին անգամ շվեյցարացիներ` բժիշկ Միշել Գաբրիել Պակկարդն ու լեռնային ուղեկցորդ Ժակ Բալմանը հաղթահարեցին ծովի մակարդակից 4810 մ բարձրությունը:
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական վառ երևակայության արդյունքը
Օգոստոսի 7-ին ադրբեջանական “vesti.az” էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է:
Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:
Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:
—
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


