ՎԱԼԵՐԻ-ԱՇԽԵՆ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ. «ԱՍՍԱԼԱ-ն հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը»

ԱշխենՔիչ են պատահում մարդիկ, որոնք դառնում են լրագրողների սիրելի կերպարը: Այդ քչերի շարքում է երևի  «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին հիմնադիր-սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Սփյուռքահայ կինն իր բարեհամբույր վերաբերմունքով միշտ էլ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ հարցադրումները կարող են բազմազան լինել՝ քաղաքականությունից մինչև բիզնես, ընտանեկան հարաբերություններից մինչև Հայաստան-Սփյուռք կապեր:

Ավելի քան 17 տարի Վալերին ապրեց ու աշխատեց Հայաստանում: Իր ասելով` կատարվեց երազանքը: Աբովյան փողոցում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանին էլ հարազատի պես էր նվիրված, բայց կյանքի բերումով ստիպված էր վաճառել ու հեռանալ Հայաստանից՝ իր ապագա ծրագրերը կապելով հայրենի Ֆրանսիայի հետ:

Վալերին արդեն բավական ժամանակ է, ինչ ապրում է Փարիզում՝ իր ընտանիքի հետ: Նա թաքուն հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, հաճախ էլ զարմանքն ու զայրույթը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում:

 – Աշխեն, այնուամենայնիվ, Դուք նախանձելի կյանք եք ապրել. այն եղել է շքեղ, հարուստ, հետաքրքիր:

– Այո՛, համաձայն եմ: Ես լավ եմ ապրել ու ապրում եմ, իմ կյանքը հարուստ է, լեցուն է վառ հիշողություններով, սիրով: Հիշո՞ւմ ես, մի անգամ պատմել եմ Աֆրիկայի սքանչելի հիշողությունների մասին, պատմել եմ, որովհետև շատ սիրուն էր և տպավորիչ: Վաղ երիտասարդության տարիներն էին, Եգիպտոսում էինք և հաճախ Ալեքսանդրիա էինք գնում ու հիանում այնտեղի մշակույթով: Եկավ ամուսնանալու ժամանակը: Ինձ հարս տարավ Առնո Բաբաջանյանը: Արա Բաբաջանյանի հետ ամուսնացա ու չորս տարի սիրով ապրեցինք մի հարկի տակ՝ Առնոյի երաժշտության տակ: Այդ տարիներն իմ երիտասարդության սքանչելի տարիներն էին. պատիվ ունեցա հանդիպելու շատ ու շատ հայ և ռուս արվեստագետների հետ: Անգամ ռուսերենին էի լավ տիրապետում: Հետո ամուսնացա լիբանանահայի հետ, որ ինձ ծանոթացրեց Բեյրութի պատերազմական խնդիրներին, պաղեստինյան պայքարին: Այս անգամ էլ, բնականաբար, ամուսնացա հայի հետ: Տհաճ հիշողություններ ունեմ այս առիթով: Բայց ես ուզում էի գալ Հայաստան ու աշխատատեղեր հիմնել, օգնել: 17 տարի ապրեցի Հայաստանում, ու աչքովս շատ բան տեսա, շատ բան հասցրեցի սովորել:

– Ձեր ամուսինները կարծես մի բանով էին միայն իրար նման. նրանց երակներով հայի արյուն է հոսում…

– Այո՛, երեքն էլ հայ են եղել: 16 տարեկան էի, զբոսաշրջիկի կարգավիճակով եկա Հայաստան,  սիրահարվեցի Հայաստանին: Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր: Դժբախտաբար, Մոսկվայում ապրեցի: Իսկ երկու տղաներիս հորն էլ պայքարի մեջ հանդիպեցի: Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը պայքարում էր: Հիանում էի տղաներով, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել: Ես էլ իրենց հետ միասին պայքարում էի: Երրորդ ամուսնուս միամտորեն հավատացի, թե սիրում է ինձ: Ես արդեն որոշել էի Հայաստանում գործ դնել: Ինքն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր, հետո եկավ Փարիզ, ու չնայած համաձայն չէր` ես Հայաստանում գործ դրեցի ու սխալվեցի:

– Լսել եմ, որ եղել եք նաև Հայկական գաղտնի բանակի՝ ԱՍՍԱԼԱ–ի անդամ, ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:

– Ես գործում էի Փարիզում և իրականում հայկական պայքարի անդամ էի: Մի օր ինձ նամակ տվեցին, մարդ չկար, որ այն Բեյրութ հասցներ, ես այն տարա, և այդպես մտա ԱՍՍԱԼԱ: Դա արդեն դարձել է պատմություն: Գիտես, այդ շրջանն իմ կյանքում ճիշտ պայքար էր և ինձ հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը: Այդ ժամանակ ես հանդիպեցի Մոնթե Մելքոնյանին, Ալեք Ենիգոմշյանին, Մարտիրոս Ժամկոչյանին և այլ մարդկանց, որոնք պայքարում էին միմիայն հայության համար: Սա ես երբեք չեմ կարող մոռանալ: Նրանք են ինձ ուժ տվել:

– Աշխեն, նորություններ ունեք, բայց չեք ցանկանում բարձրաձայնել: Ֆեյսբուքում գրել էիք, որ Ձեզ հաջողվել է հանդիպել այն տղամարդուն, որը Ձեզ քաջալերում է: Ի վերջո, ո՞վ է նա:

– Այո՛, ճիշտ է: Ես ընկեր ունեմ, որ ինձ համար ճիշտ տղամարդու սիմվոլն է: Երբ նա ինձ հաճոյախոսություններ է անում, գիտեմ, որ հաստատ սուտ չի ասում: Ես ինձ գեղեցիկ կին եմ զգում: Նա ինձ միշտ ուժ է տալիս, միշտ քաջալերում է: Նա միշտ ասում է` դու այն կինը չես, որ տղամարդու միջոցով է կին, այլ դու կին ես՝ հենց քո ուժերով: Նա ինձ կարող է պաշտպանել, երբ դրա կարիքը լինի: Նա իդեալական տղամարդ է ինձ համար:

– Հետաքրքիր է իմանալ՝ ինչով են զբաղվում Ձեր երկու զավակները:

– Մեծ տղաս մենեջմենթի կրթություն է ստացել և աշխատում է մի ընկերությունում, որը 80 երկրների գազ է մատակարարում: Իսկ կրտսեր որդիս` Վահագնը, աշխատում է Փարիզի հյուրանոցներից մեկում, բայց շուտով, եթե Աստված կամենա, իր սեփական սրճարանը կհիմնի:

– Ժամանակն ինչպե՞ս է անցնում սիրո քաղաքում:

– Պետք է անկեղծ խոստովանեմ, որ իրականում բավականին դժվար էր Փարիզում  նորից դասավորվել: 17 տարի ապրել եմ Երևանում, հասկացեք: Բայց արդեն մտել եմ իմ նորմալ կյանքի մեջ, հանդիպում եմ ընկերներիս հետ, փնտրում եմ այն դերը, որով Փարիզում պետք է գործեմ, շարունակում եմ իմ հայկական կյանքը` մասնակցելով տարբեր բարեգործական միջոցառումների:

– Կարծիք կա, որ կինը պետք է լինի խոհանոցում ու չզբաղվի բիզնեսով: Հայկական լրագրերից մեկը վերջերս հրապարակման մեջ տեսակետ էր ներկայացրել, թե կին գործարարները վաղ թե ուշ տապալում են բիզնեսը…

– Քանի տարի է` կինն անդադար պայքարում է իր սահմանադրական իրավունքների համար: Այո՛, ցանկանում է վերականգնել իր խախտված իրավունքները, բայց մեկ է, չի հաջողվում: Եվրոպայում բավականին առաջ են գնացել այս առումով, բայց դեռևս ամեն ինչ արդար չէ: Հայաստանում կինը երկար ճանապարհ պետք է անցնի, որ կարողանա իր գիտելիքներով, արժանիքներով հավասարվել տղամարդուն, չնայած միշտ նկատել եմ, որ այդտեղ կինն ավելի շատ է աշխատում, քան տղամարդը:

Հայ կինը նախևառաջ պետք է իրեն հարգի, որ կարողանա առաջ գնալ: Շատ կարևոր է, որ այն սխալ սովորությունները, որոնք հասարակության մեջ կան, վերանան, որ առողջ հասարակություն լինի, և կինն իրեն մարդ զգա:

 – Աշխեն, հիշում եմ՝ երբ գնում էիք Հայաստանից, ասացիք. «Ես հեռանում եմ, պարոն պետություն, ես չեմ ենթարկվում ձեր ճնշումներին»:

– Հայաստանի մեջ եթե իրենց օրենքներով չլինես, չես կարող գործել: Եթե իրենց պես կաշառակեր չլինես կամ կաշառակերությամբ չզբաղվես, չես կարող աշխատել: Գիտես, Հայաստանում շատ դժվար է այդ օրենքներով աշխատելը: Ես չգիտեմ ու չեմ կարող կաշառել մարդկանց, ոչ էլ ուզում եմ, մտքովս անգամ չի անցել:

– Երբ դեռ Հայաստանում էիք, շատ ակտիվ մասնակցում էիք ֆեյսբուքյան քննարկումներին: Մեկնաբանություններ էիք անում և հիմա էլ շարունակում եք անել՝ թիրախ ընտրելով քաղաքական զարգացումները…

– Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր էլ ցավալի վիճակում է: Եվ դրա մեղավորը քաղաքական մարդիկ են: Այն օլիգարխներն են, որոնք երկրի հարստությունը մոնոպոլ են դարձրել և ուրիշ երկիր սարքել:

Եթե մարդ ինձ նման հայասեր է և պայքարում է հայության համար, նրան օգտագործում են ուրիշ նպատակներով: Ուղղակի զզվելի է, հոգնել եմ արդեն: Եթե հարցազրույց են ուզում, ու զրուցում եմ, հետո հայկական լրատվամիջոցները վատաբանում են ինձ: Կա՛մ երևի ես անչափ կարևոր մարդ եմ նրանց համար, կա՛մ էլ չգիտեմ…

 – Դուք պայքարում էիք նաև այն ժամանակ, երբ Առնո Բաբաջանյանի հա՞րսն էիք:

– Երբ Առնո Բաբաջանյանի հարսն էի, պայքար չկար: Բայց պայքարողներ եղել են, ես էլ եղել եմ նրանց կողքին: Եվ դա բոլորը գիտեն: Չպետք է մտածել, որ ես հայ եմ դարձել այն ժամանակ, երբ եկել եմ Հայաստան: Ես եկա Հայաստան, որովհետև հայասեր էի, թե չէ Փարիզում շատ ավելի լավ էի ապրում: Երանի չգայի: Այդքան փող չէի կորցնի, իմ կյանքս կշարունակեի, ոչ էլ այդքան մարդու կհանդիպեի, որ ինձ «քցեին» ու դավաճանեին:

Երանի նրան, ով առանց տեսնելու հավատում է

gaxut2Արմանն արդեն 27 տարեկան է, որից 13 տարին անցկացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Դեռևս անչափահաս` ուղղիչ գաղութում էր, բայց կյանքի մրուրը ճաշակած տղային չուղղեցին  գաղութի կանոնները: Հաջորդ  հանգրվանը պատժիչն էր…

Վարույթը բացվեց մի կիսատ ընտանիքի պատմությամբ: Պարզվեց, որ դեռևս դպրոցական` Արմանը (անունը փոխված է իր խնդրանքով) առաջին անգամ իր աչքերով է տեսել, թե ինչպես է սեփական հայրը ծեծում մորը. հարբեցող հայրը կյանքից շուտ հեռացավ: Դպրոցականի մանկական հոգին միանգամից մթագնեց, և  երևան եկան կյանքի դառնությունները:

Արմանը դպրոցում լավ էր սովորում, և՛ մատյանով էր առաջին համարը, և՛ գիտելիքներով: Բայց կյանքը մի թվականով փոխվեց. սովորական 1999-ին փոխարինեց «պատմական» 2000-ը:

– Հայրս միշտ խորհուրդ էր տալիս, որ լավ կրթություն ստանամ: Դպրոցում գերազանց եմ սովորել: Ծնողական ժողովներին մայրս գնում էր հպարտությամբ, որովհետև գիտեր՝ տուն է վերադառնալու հատուկ տրամադրությամբ: Դասղեկի ամենասիրելի աշակերտն էի, դասարանում միակ օրինակելի տղան: Բայց կյանքս, չգիտեմ ինչու, միանգամից փոխվեց: Դա ամենածանր տարին էր, երբ կորցրեցի հորս:

– Հայրդ ցանկանում էր, որ լավ կրթություն ստանաս…

– Այո՛, ես էլ էի ցանկանում, մայրս էլ էր ցանկանում, բայց սովորեցի այնքան ժամանակ, որքան կարողացա: 14 տարեկան կլինեի, որ առաջին անգամ թմրադեղ օգտագործեցի: Հորս մահը սարսափելի հարված էր ինձ համար: Վերջին տարիներին նա աշխատանք չուներ ու իր նյարդայնությունը մեր վրա էր կոտրում կամ էլ այդ նյարդային վիճակը  խեղդում էր օղու շշի մեջ:

Դպրոցական տարիներին իմ ամենասիրելի առարկան գրականությունն էր: Հանձնարարված գրքերից բոլորը մեկ առ մեկ կարդացել եմ: Անգամ հիշում եմ՝ ամառային արձակուրդին գրադարանից գրքեր էի վերցնում ու կարդում: Խնկո Ապոր անվան գրադարանի լավագույն դպրոցական ընթերցողն էի. գրադարանավարուհին արդեն ինձ վստահում էր, ու քանի որ կենտրոնից մի քիչ հեռու էինք ապրում, ինձ միանգամից մոտ 5 գիրք էր տալիս, հետո գրքերը վերադարձնելիս նրան պատմում էի իմ տպավորությունները:

– Գրքի հանդեպ սերդ մարեց ու սկսվեց ա՞յլ կյանքով ապրելու ցանկությունդ:

– Դա այնքան արագ ստացվեց, որ անգամ չեմ էլ կարողանում հասկանալ: Լինելով դեռ անչափահաս` միանգամից անսպասելի ապտակ ստացա կյանքից: Դա իմ կյանքում տիրող խառնաշփոթից էր: Պատճառը երևի հետաքրքրասիրությունն էր: Սուտ է, որ ասում են՝ ըհը, վատ շրջապատ ընկավ, նարկոման դարձավ: Եթե տղան չուզենա, շրջապատի ընկերները նրան զոռով դեղեր չեն ներարկի:

– Եվ ի՞նչն էր հետաքրքիր:

– Հետաքրքիրն էն էր, թե մարդ ինչ զգացողություններ է ունենում, ինչ է իրենից դա ներկայացնում: Դա ծխելու պես մի բան ա, ու որ առաջինը ծխում ես, էլ չես մտածում, որ կգայթակղվես ու կցանկանաս երկրորդ կամ երրորդ անգամ:

– Առաջին անգամ դու հայտնվեցիր անչափահասների ուղղիչ քրեակատարողական հիմնարկում, ու որքան տեղյակ եմ, ոչ թմրադեղերի համար:

– Այո՛, փառք Աստծո, որ մեկ երկու անգամ փորձելուց հետո գլխիս խփեցի ու հասկացա, որ դա իմը չէ: Ղումարբազ էի դարձել ու պարտվել, փող էր անհրաժեշտ: Ընկերներիցս հարցուփորձ արեցի, ու խորհուրդ տվեցին գողություն անել: Հենց առաջին փորձն անհաջող էր: Ինձ սխալ ինֆորմացիա էին տվել, ու արագ բռնվեցի: Բայց փողն ամեն դեպքում ճարեցի, տվեցի: Դասարանցիներս ինձ շատ օգնեցին: Ոստիկանության քննիչները դպրոցից բնութագիր էին վերցրել: Հիշում եմ՝ այնպիսի արտահայտություններ էին գրված, որ ես էլ էի զարմացել: Դպրոցի տնօրենը գրել էր, որ ուղղակի չի հավատում կատարվածին, ու մեղադրում էր ոստիկաններին անմեղ երեխային բերման ենթարկելու համար: Քննիչն ինձ ձերբակալեց, իսկ դատախազն ասաց. «Այ այլանդակ, դու նստելու ես գողության համար, սրիկայի մեկը»: Դատավորը մի քիչ մարդ էր ու հաշվի առավ, որ երեխա եմ դեռ ու գուցե չմտածված եմ արել դա: 

– Ու սկսվեց անազատությո՞ւնը:

– Սկսվեց դաժան անազատությունը: Ես երբեք քյարթու չեմ եղել ու չեմ էլ կարող լինել, գողական էլ երբեք չեմ ձևացել ու չեմ ցանկացել լինել: Առաջին անգամ կյանքում տեսա անարդարություն: Սիրտս մի տեսակ փշրվեց, հասկացա, որ այնքան գրքերը, որ քարոզում էին բարություն, այնքան էլ երևի ճշմարիտ չէին:

Այնտեղի օրենքները մի քիչ այլ էին. կա՛մ պետք է ենթարկվեիր ռեժիմին, կա՛մ պատժվեիր հենց ներսում: Մայրս այդ ժամանակ ամեն հնարավոր տարբերակ օգտագործում ու այցելում էր ինձ: Երևի միակ մարդն էր, որ  իրեն էր մեղադրում անուշադրության համար: Ասում էր՝ անցումային տարիքում ամեն ինչ էլ երեխաներն անում են: Փաստորեն, սփոփում էր ինձ: Հիմա մամայի առողջականն այնքան էլ լավ չէ: Աշխատում եմ անել ամեն հնարավորը, լավ է՝ արդեն մամայի տրամադրությունը մի քիչ փոխվել է: Երևի ներել է ինձ:

– Ինչպե՞ս էր անցնում ժամանակը քրեակատարողական հիմնարկում: 

– Ժամանակն ինձ համար գոյություն չուներ: Ես ինձ մեղավոր էի համարում ու որևէ մեկին չէի ցանկանում տեսնել: Ֆիզիկայի դասատու ունեի, ինձ շատ էր սիրում, մամային խնդրել էր, որ գա տեսնի ինձ: Ես չէի ուզում, բայց նա եկավ: Ասաց, որ շատ երկար ժամանակով չի եկել: Մի քանի թանկ խորհուրդներ տվեց կյանքի հետ կապված ու մի գիրք նվիրեց: Այդ գիրքը մինչև այսօր իմ կողքին է: Դա Աստվածաշունչն է: Ես կարդում էի ու հասկանում, որ, այո՛, եթե ես մեղավոր եմ եղել, ուրեմն պետք է պատժվեմ դրա համար: Բայց ես կյանքում երևի շատ ավելի թանկ վճարեցի:

– Ինչպե՞ս էին քեզ վերաբերվում:

– Ես խցի գիտունիկն էի, բոլորը տարբեր հարցերով ինձ էին դիմում, սիրում էին ինձ, բայց երբ գալիս էր քնելու ժամանակը, անտանելի էր: Անգամ սկզբնական շրջանում վախենում էի: Հասկանում ես՝ դու մեն-մենակ ես, մի խցում ու կրում ես քո պատիժը: «Ներսում» էի, երբ իմացա, որ ինձ մեղադրող դատախազին հանել են գործից, սիրտս ընկավ տեղը: Գաղութի պետը միջնորդություն էր տվել մի քանի տարի անց, և ինձ ազատ արձակեցին: Եկա տուն, տեսա մորս ու խոստացա, որ էլ երբեք գաղութ չեմ ընկնի:

– Եվ պահեցի՞ր քո խոստումը:

– Պահեցի, բայց որոշ ժամանակով: Ավելի շուտ ես խոստացա, որ էլ երբեք հանցագործություն չեմ անելու: Մի քանի ամիս աշխատում էի, մամային էի օգնում: Որոշեցի անգամ բարձրագույն ընդունվել: Դասատուները ստուգեցին գիտելիքներս ու ասացին, որ անգամ անվճար էլ կարող եմ սովորել: Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

– Էլի գողությո՞ւն:

– Բանակից նոր էի եկել: Սիրած աղջիկ ունեի` Մարիաննան, ու նրա սիրո համար պատրաստ էի համարյա ամեն ինչի: Միասին գծել էինք մեր ապագան ու ցանկանում էինք միասին լինել: Իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակներն էին:

Մի օր իմացա, որ «երրորդ ավելորդ» է հայտնվել ու Մարիշի սրտում տեղ է փնտրում: Խոսեցինք ու հասկացանք իրար: Տղան շատ համարձակ էր ու ամեն ինչ անում էր, որ Մարիշն ինձնից հիասթափվի: Ասել էր՝ ընկերդ նարկոման ա, գող ա, նստած-հելած ա, մերն էլ՝ հավաքարարություն ա անում, դու է՞դ աղջիկն ես, որ իրան ընտրես: Մարիշն օր օրի փոխվում էր, սկսել էինք հաճախ կռվել: Այդ տարի նա գործերը համալսարան էր տալու: Մոնումենտի այգում նստած էինք, ու նա այս ամենի մասին պատմեց ինձ, պատմեց ուղղակի, առանց հետին մտքի, անգամ չմտածեց էլ, որ կարող եմ հաշվեհարդար տեսնել: Իմ ու մորս արժանապատվությանն էր կպել, տաքացել էի, ու վերջը դանակահարեցի: Ծնողները բողոքեցին ու ինձ էլի նստացրին: Մամայի տրամադրությունն էլի ընկել էր, իսկ մինչ այդ անշիրիմ հորս գերեզմանի մոտ երդվեցի, որ կպաշտպանեմ մամային:

– Խոստումդ կատարեցիր, բայց էլի անազատության գնով…  

– Այս անգամ չփոշմանեցի, որովհետև ինձ այլ բան չէր էլ մնում անելու: Բոլորն էլ իմ կողմից էին, այս անգամ՝ նաև հուսալքված մայրս: Եթե առաջին անգամ ամաչում էի նայել ընկերներիս ու բարեկամներիս աչքերին, վախենում էի, ապա այս անգամ ներքին հպարտություն ունեի, ու մի տեսակ ապահով էի ինձ զգում:

«Ներսում» անցկացրած տարիների մասին հիմա չեմ էլ ուզում խոսել, պատմել: Դա որքան դաժան էր, անմարդկային, այնքան էլ՝ ուսուցանող: Ես «ներսում» էի իմ ճիշտ քայլի համար, ու չէի էլ զղջում:

– Իսկ ի՞նչ ես զգում հիմա` արդեն ազատության մեջ:

– Տղան, որին դանակահարել էի, եկավ գաղութ ու ներողություն խնդրեց ինձնից: Իմ ամենածանր հանդիպումն էր, չէի ուզում լսել ու տեսնել նրան: Խորհուրդ տվեց Մարիշից հեռու մնալ ու ասաց, թե ինչեր գիտի: Հանցագործությունը պետք է կրկնվեր, բայց կանխեցին հսկող ոստիկանները: Օրերն էի հաշվում, որ դուրս գամ ու… Սեփական աչքերով տեսա, որ իմ սիրած աղջիկը մարմնավաճառ է դարձել ու փողի դիմաց անում է ամեն ինչ: Ոչինչ չեմ խոսել նրա հետ: Երիտասարդ կյանքս էլի թունավորման ճանապարհին էր, որոշել էի խմել: Մանկության ընկեր ունեմ՝ Տիգրանը, հիմա ծրագրավորող է, նա ինձ կարողացավ «վերակենդանացնել», ու ես դարձա հին Արմանը, որի մանկության երազներում գիրն ու գրականությունն էին, որը լիդեր էր ուսման մեջ ու հարգված ընկերական շրջապատում:

«Ներսում» ապրած ժամանակն ու անցած-գնացած օրերը ստիպեցին ինձ հասկանալ կյանքն ամբողջությամբ, ստիպեցին, որ անկախ ամեն ինչից չկորցնեմ հավատը ու գնամ առաջ: Հիմա ես աշխատում եմ ու չեմ դժգոհում: Ուղղակի ցանկացա պատմել, որ մարդիկ իմանան` հնարավոր է ուղղվել, հնարավոր է ինքնամաքրվել ու չկործանվել… Աստվածաչնչում է գրված. «Երանի նրան, ով առանց տեսնելու հավատում է»:

 

 

ԷԴՎԱՐԴ ՏՈՒՆԱԿԱՆԻՁԵ. «Իմ դռները հատկապես բաց են հայերի համար»

տԷդվարդ Տունականիձեի հետ ծանոթացանք Հայաստանի սահմաններից դուրս: Նա ծնվել ու մեծացել է հենց Վրաստանի սրտում: Ասում է` սիրում է իր երկիրը ու եթե բացակայում է, ապա ամենաշատը մի շաբաթով:

Նա զրույցի հենց սկզբում խորն ակնածանքով արտահայվեց հայերի մասին: Դա պատահական չէր, նրա երակներով նաև հայի արյուն է հոսում:

 Բացի այդ, Էդվարդի կյանքի երկրորդ կեսը հայուհի է` Թամարան:

– Էդվարդ, ասում եք` Վրաստանը Ձեզ համար կյանք է: Ինչո՞վ կբացատրեք ձեր այս տեսակետը:

– Գիտեք, ապացույցը ծովն է, հետո` օդը: Վրաստանում մարդիկ հոգատար են, սիրում են օգնել միմյանց: Մեր ընտանիքում էլ է այդպես: Լուսահոգի հայրս շատ մարդասեր էր ու սիրում էր «լավություն» անել դիմացինին:

Հորս պարտադրանքով ես այս բառը երևի կասեմ չակերտների մեջ, երկու բան պետք է անեի կյանքում: Առաջինը հայուհու հետ ամուսնանալն էր, երկրորդը` ամենաքիչը 4 երեխա ունենալը (Էդվարդն այժմ երեք երեխա ունի):

Մենք հայրենադարձ չենք: Տատիկս հայ է: Պապիկի հետ ընտանիք են կազմել դեռ անցյալ դարի սկզբին ու երջանիկ ապրել: Այնպես որ` երակներումս հայի արյուն էլ կա:

– Ձեր կինը հայուհի է, Դուք` բնիկ վրացի: Հետաքրքիր է` ազգությունների բախում տեղի չի ունենում:  

– Չէ՛, երկուսս էլ հանդուրժող ենք: Շատ ենք սիրում միմյանց ու շատերի համար էլ օրինակ ենք ծառայում: Մեր ընտանիքում բախումներն ընդհանրապես բացառված են, հա, հնարավոր է, որ կենցաղային մանր-մունր հարցերով վիճենք, բայց, դե, առանց դրա էլ չի լինի: Թամարը հրաշալի հոգի ունի ու մի բառից հասկանում է ինձ: Մենք քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ ենք: Անգամ հեռուստատեսության լուրերի թողարկումներին այդքան պատրաստակամությամբ չենք հետևում, գործերը չեն թողնում:

– Հենց Ձեր գործերի մասին էլ ցանկանում եմ զրուցենք:

– Ո՞ր գործերի:

– Հյուրանոցի, սրճարանի…

– Այո՛, դա մեր ապրուստի միակ միջոցն է: Սրճարանը աշխատում է արդեն 15 տարի և ունի իր մշտական հաճախորդները: Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին, ասեմ, որ ես այս շինությանն այնքան էլ հյուրանոց չէի անվանի: Սա առանձին շենք է` առանձին համարներով, որ զբոսաշրջիկներն օրավարձով վարձակալում են: Հյուրանոցը ենթադրում է շատ շքեղություն, սպասարկում, բայց մեզ մոտ սպասարկում չկա:

– Սեզոնայի՞ն է «հյուրանոցի» գործը:

– Պատկերացրեք` չէի ասի, թե սեզոնային է: Զբոսաշրջիկները շատ-շատ են, ու ոչ միայն ամռան տապին: Օրինակ` այս օրերին շատ են հայերը: Որ իմանում եմ հայեր են եկել, աշխատում եմ նվազագույն գներով տրամադրել համարները: Այստեղ ներքին համոզմունք կա, որ եթե մարդիկ վրացերեն չեն խոսում, ապա պետք է մի քիչ ավելի վճարեն (կեսկատակ ասում է Էդվարդը,-հեղ.): Բայց իմ դռները հատկապես բաց են հայերի համար:

– Այո՛, ես զգում եմ, որ ամեն ինչի համար վճարում եմ կրկնակի, եթե, ասենք, ապրանքներին գնապիտակներ չկան…

– Դե, այստեղ այնքան էլ թանկ չէ: Հնարավոր է` տուրիստներին մերոնք մի քիչ ավելի թանկ վաճառեն, բայց հաստատ Հայաստանի գներին չի հասնի: Դուք հարուստ եք: Մի տարի առաջ եմ եղել Հայաստանում, ընտանիքով էինք եկել, ու պատկերացրեք` բավական գումարներ ծախսեցինք: Օրինակ` նույն սրճարանների գները ձեզ մոտ կրկնակի բարձր են: Ես դեռ խոսում եմ սովորական, շարքային քաղաքացիների մասին: Շքեղություն մեզ մոտ էլ կա, ձեզ մոտ էլ կա, ուղղակի դա մեզ պես մարդկանց համար չէ:

– Հե՞շտ է հայերի հետ լեզու գտնելը: Գիտեմ, որ զբոսաշրջիկ հայերին այնքան էլ չեն սիրում:

– Գիտեք, շատ հակասական է: Հիմա միանշանակ չեմ կարող պատասխանել. դա լավ է, թե վատ է: Հայերի հատուկ տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ է: Օրինակ` երկու տարի առաջ մի հայ ընտանիք էր եկել. օգնեցի, տեղավորեցի լավագույն համարներից մեկում, բայց գոհ չէին: Պատճառը նույն շենքում թուրք ընտանիքի ներկայությունն էր:

Հետաքրքիր է, որ թուրք ընտանիքին չէր էլ հետաքրքրում, թե ովքեր են հանգստանում, որ ազգից են, փաստորեն, հայերին դա ամենից շատ էր հետաքրքրում: Հայ ընտանիքի կինը դժգոհել էր, թե դիտավորյալ եք նման բաներ կազմակերպում, որ էլ այստեղ էլ չգանք:

– Իսկ ընդհանրապես շատ բան է փոխվել, չէ՞:

– Այո՛, անշուշտ: Հինն ու նորը խառնվել են իրար ու հետաքրքիր բան է ստացվել: Թբիլիսին, օրինակ, մնացել է իր հետաքրքիր ձևաչափով: Քաղաքում պահպանվել է հինը, որը հիշեցնում է հին ժամանակները, և կողքին կա նաև նորը, որը չի խանգարում հնին: Վրաստանի իշխանություններն ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին ու չվերացրեցին Վրաստանի սիրտը. ասեմ, որ շատ զբոսաշրջիկների հետաքրքրում է Թբիլիսիի հին տեսքը, այն, ինչ իրենք կարդում են, տեսնում հին նկարներում: Թե չէ նորը, շքեղը միշտ էլ կա: Հարուստ եվրոպացիներ կան, որոնք նախընտրում են ավելի շատ հանգստանալ համեստ տնակներում, քան շքեղ հյուրանոցներում:

Մի փողոց այն կողմ «Ջորջիա փալասն» է, որը շատ շքեղ հյուրանոց է, ու ասեմ` ամեն մեկի բանը չէ: Շատ հարուստ մարդը միայն կարող է իրեն թույլ տալ հանգստանալ «Ջորջիա փալասում»:

– Էդվարդ, մեկ–երկու հարց քաղաքականությունից: Ասում են` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեդիա բիզնես ունի:

– Հա, լսել եմ նման բան: Բայց կարծեմ իր ընտանիքին է պատկանում: Դա այստեղ հեռարձակվող «9-րդ ալիքն» է: Մի քանի օր առաջ լուրերով տեսա, թե ինչպես էր երկրի նախագահը խոսում մեդիայի մասին: Նա ասաց, որ լավ է շատ հեռուստաալիքներ ունենալը, դա հնարավորություն կտա իմանալ ճշմարտությունը: Ասում են նաև, որ Իվանիշվիլիի ընտանիքն իր մեդիա գործունեությունը պետք է դադարեցնի:

 – Առաջիկայում նախագահի ընտրություններն են, ո՞ւմ է վստահում վրացի ժողովուրդը:

– Նա, ով իրոք մտածում է ժողովրդի մասին: Գիտեք, տրամադրությունները շատ տարբեր են: Դեռ բավական ժամանակ կա մինչև ընտրությունները, իսկ մինչև այդ մենք մտածում ենք գումար վաստակելու մասին: Այս օրերին մեր քաղաքը լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով:

 

Կրթական համակարգի սեպտեմբերյան անակնկալները

Արմեն-ԱշոտյանՀայաստանում վիճակագրական տվյալներ չկան բուհ ընդունված, սակայն վարձավճարը չվճարելու պատճառով բարձրագույն կրթական համակարգից դուրս մնացած ուսանողների մասին: Այնուամենայնիվ, առանց  դրա էլ տեսանելի է, որ ցուցանիշներն այնքան էլ մխիթարական չեն: Իհարկե, արտասահմանյան երկրներում էլ այսպիսի խնդիրներ կան, սակայն այնտեղ այս  խնդիրը կարգավորվում է պետության կողմից, և բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ, այսպես թե այնպես, գործընթացից դուրս չի մնում:

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ

Ամռան տապին, երբ բոլորը վայելում էին իրենց երկար սպասված հանգիստը, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ հայտարարություն տարածեցին այն մասին, որ գալիք ուսումնական տարվա մեկնարկի հետ վարձավճարները թանկանալու են: Թերևս ո՛չ ռեկտորները, ո՛չ էլ առավել ևս կրթության և գիտության նախարար Աշոտյանը չէին կարող ենթադրել հանրային արձագանքն ու վերաբերմունքը:

Protesters rally in front of the RA Government buildingԱմենուր և ամեն տեղ ուսանողները հանդես էին գալիս ուսանողական ակցիաներով՝ պահանջելով ոլորտի պատասխանատուներից հետ կանգնել այդ մտքից և չբարձրացնել ուսման վարձավճարները: Ռեկտորները, իհարկե, պատճառաբանելու շատ բան ունեին, բայց դա այնքան էլ երիտասարդների սրտով չէր: Շարժման ակտիվ մասնակիցներ էին նրանք, ովքեր բուհ են եկել ոչ թե դիպլոմ ստանալու և, մեղմ ասած, այդ դիպլոմն «օժիտ» տանելու, այլ գիտելիք ստանալու համար:

Առաջին ամենամեծ հարվածը ստացան մայր բուհի ուսանողները, որոնք արդեն իսկ բավական թանկ էին վճարում իրենց կրթության համար: Քաղաքացիական նախաձեռնությունը տեղին էր, առավել ևս, որ դրան որևէ մեկը չտվեց քաղաքական բովանդակություն:

Հետաքրքիր է, որ տարբեր բուհերի ռեկտորներ սկսեցին PR ակցիաներ անել, հարցազրույցներ տալ, «երևալ» ուսանողական շրջաններում և ամեն կերպ համոզել, որ բարձրացված գումարը ծառայելու է հենց նրանց օգտին:

Այս օրերին մայրաքաղաքում դեռ շարունակվում են համանման ակցիաները, ուստի այս պահի դրությամբ երևույթին գնահատական տալ չենք շտապում:

 ՏԻԿԻՆ ԳՐԵՏԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Տիկին Գրետան երեք զավակի մայր է, ասում է՝ երեքն էլ տղա են, Աստված թող պահապան լինի: Մի տղան այժմ բանակում է, երկուսն էլ՝ ուսանող:

– Ամուսինս շուտ է մահացել, մենակ պահել-մեծացրել եմ երեխաներիս: Դժվար է մենակ կնոջ համար երեք երեխա մեծացնելը: Բարեկամներ էլ չունեմ, որ ասեմ` օգնում են: Ես եմ իմ գլխի ճարը տեսնում,- շարունակում է տիկին Գրետան:- Երկու երեխաներս էլ ուսանող են: Արմանս գյուղինստիտուտ (Հայաստանի Ագրարային համալսարան) է ընդունվել, վճարովի, Տիգրանս էլ պետհամալսարանի կենսաբանության  ֆակուլտետում է սովորում: Ճիշտ է՝ երկուսն էլ ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում են, որ կարողանանք և՛ ապրել, և՛ ուսման վճարները տալ: Պատկերացրեք՝ էդ գումարը մի կերպ ենք տալիս, հիմա էլ որոշել են էս թանկուկրակ ամեն ինչի մեջ մի հատ էլ ուսանողների փողն ավելացնել: Չգիտեմ՝ ինչ եմ անելու: Բա կարելի՞ է, էս պետությունը չի ցանկանում հաշվի առնել, որ միջին ու ցածր խավ էլ կա, մի կերպ յոլա ենք գնում, ուղղակի գոյատևում ենք, բա սա անելո՞ւ բան է:

Տիկին Գրետայի նյարդերը տեղի են տվել, իսկ տղաները, ասում է, ավելի հանգիստ են տանում. «Մամ ջան, կաշխատենք, կտանք»:

– Բայց մեր ժամանակ էսպիսի բան չկար: Մենք նորմալ կրթություն ենք ստացել սովետի ժամանակ: Հիմա երեխաներս աշխատում են, վարձ են տալիս, բայց մի կողմից էլ կասկածում եմ՝ նորմալ մասնագետ կդառնա՞ն: Մենք միսենյականոց փոքր, խարխուլ տան մեջ ենք ապրում, որևէ հարմարություն չունենք, ախր հազիվ ծերը ծերին հասցնելով յոլա ենք գնում, էն տղես էլ` Սաքոս բանակում է, էս հարուստների լակոտների տեղն ա ծառայում, էրեխեն պրոբլեմներ ուներ, բայց մեկ ա` տարան:

Ո՞րն է ելքը: Տիկին Գրետան ասում է.

– Իմ վերջին հույսը ջահելներն են, որ էսօր կառավարության շենքի դիմաց իրենց ոտնահարված, խախտված իրավունքներն են ուզում պաշտպանել: Ուրիշ հույս ես չունեմ: Եթե մի բան կարողացան անել, հենց էս սովորող էրեխեքը կարող են անել, թե չէ հարուստների հեչ պետքն ա, պապաները կտան էլի: Հիշում եմ՝ Արմանս առաջին կուրսում էր, գիշերը ցերեկ էր արել, առավոտը գնում էր դասի, գալիս, երկու տեղ էլ աշխատում էր, հետն էլ պարապում էր, մեղքս գալիս էր, ասում էի՝ մի նորմալ երիտասարդություն էլ էրեխեքս չեն տեսնում, հետո կամաց-կամաց գործերը մի քիչ լավացան, բայց, օրինակ, մեր ընտանիքը էդքան փող չի կարողանա տալ: 

ԼՈՒՍԻՆԵՆ ԴՐՍՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ

Ակցիայի ակտիվիստ աղջիկներից Լուսինեն (սովորում է մայր բուհում), ասում է, որ այլևս իր ապագան տեսնում է Եվրոպայում: Իր պատմելով, խախտելով բոլոր օրենքները, իրեն անվճար համակարգից զրկել են, որ իրենց կուրսի տղաներից մեկին բանակից ազատեն:

– Մի հարուստի պատճառով ես այսօր նորմալ կրթություն էլ չեմ կարողանում ստանալ, սովորելուն զուգահեռ աշխատում եմ, որ ծնողներիս օգնեմ` վարձը տանք: Դե, գիտեք, դասախոսներն էլ մի տեսակ են լինում, երբ իմանում են, որ սովորելուն զուգահեռ աշխատում ենք,- ասում է Լուսինեն:- Առաջին օրը, երբ իմացանք, որ մեր հարգարժան ռեկտորը որոշել է վարձավճարները բարձրացնել, նամակով դիմեցինք իրեն: Սփոփելու համար պրոռեկտորն ասաց, թե բոլորի վրա հո չի տարածվելու սա: Բայց եթե ոչ իմ կամ իմպեսների, ապա էլ ո՞ւմ վրա պետք է տարածվի:

Լուսինեն կտրական էր տրամադրված: Անգամ ցանկանում էր դատի տալ կրթության և գիտության նախարարին և բուհի ռեկտորին: Ասում է՝ ծնողներն են հետ պահել:

– Էսօր քի՞չ են ուտում, որ ավելին են ուզում, ի՞նչն ա պակաս: Իրոք: Մի կերպ ենք վճարում էս փողը: Աղջիկ եմ, բայց տարին մի անգամ եմ շոր առնում, շորի ու կոշիկի փող չունեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ պայուսակում անգամ աղջկա համար նախատեսված պարագաներ չկան, ռոբոտացել ենք, աշխատում ենք, որ ապագա ունենանք, բայց ես արդեն հույսս կորցրել եմ ու այստեղ էլ ապագա չեմ տեսնում:

Լուսինեն, իր ասելով, հրաշալի տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին ու ցանկանում է մշտական բնակության անցնել Եվրոպայում, այնտեղ ապրել ու սովորել:

– Անկեղծ ասած, ես արդեն Հայաստանում ապագա չեմ տեսնում: Եվրոպայում էլ հեշտ չէ, բայց գոնե սովորողին տեղ են տալիս, մարդու տեղ են դնում: Չեմ կարծում` դեկանները մերոնց նման մուննաթ-զուննաթ գան, ինչ է մեզնից հավելյալ կաշառք չեն ստանում: Իմ միակ հույսը, վերջին հույսը հանրապետության նախագահն է, գոնե նա պետք է ստիպի, որ նման քայլի չգնան ռեկտորները:

«Անկախի» այն հարցին, թե որքանով է հնարավոր  Եվրոպայում ուսանելը, ասում է.

– Ընկերս անցած տարի գնաց Ֆրանսիա՝ Մարսելի համալսարաններից մեկը, ու շատ գոհ է: Ասում է՝ այստեղ ես զգում, թե ինչպիսին պետք է լինի ուսանողը: Հայկական բուհը նա համեմատեց հայկական դիսկոտեկների հետ, ասում է. «Հայաստանում սովորելը, այստեղի հետ համեմատած, ուղղակի խաղուպար է»: Ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել ու դա կանեմ Եվրոպայում: Հիմա ինձ անգամ պետք էլ չեն «Լույս» հիմնադրամի փողերը: Նման բան կա, չէ՞, ուսանողներին փող են տալիս դրսում սովորելու համար: Ամենակարևորը՝ ծնողներս արդեն համաձայն են որոշմանս:

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զարմանում է, թե ինչու են ուսանողները հենց այս օրերին բողոքի ակցիաներ անում և ոչ թե, ասենք, ապրիլ ամսին, երբ կայացվել է որոշումը: Դրան ուսանողներից մեկը պատասխանեց, որ նախաքննական շրջան է եղել, և դրա ժամանակն իրենք չեն ունեցել:

 Վերջապես օրերս նախարարության շենքում տեղի ունեցավ մի խումբ ուսանողների և նախարար Աշոտյանի սպասված հանդիպումը: Ուսանողները դժգոհում էին ուսման վարձերի բարձրացումից և հորդորում նրան միջամտել և  վեց համալսարանների ռեկտորների կայացրած որոշումն ապօրինի համարել:

 Աշոտյանը հորդորեց ուսանողներին իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնել նաև գրավոր տարբերակով, ինչին նա ևս գրավոր պատասխան կտա:

Այնուհետև ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ ուսման վարձավճարների հետ մեկտեղ մի շարք բուհերում ավելանալու է զեղչերի և պետպատվերի քանակը:

 

 

Ընկերության մեջ Ազատի չափն անչափելին էր

AZAT SILVA 2Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է  նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:

– Մեծ արտիստի հետ մեր ծանոթությունը 30 երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Առաջին անգամ նրան տեսա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում. բուլղար դրամատուրգ Պանչո Պանչևի «Չորս նմանակ եղբայրները» պիեսում մարմնավորում էր չորս եղբայրներին: Ցնցվել էի… Այդ օրվանից ուղղակի փնտրում էի այդ դերասանին, դա 1975 թվականն էր. հետո «Երջանկության մեխանիկան» ֆիլմի Ռուբենը, որ յուրաքանչյուր հայի սիրելին դարձավ, այնքան հմայիչ էր, էլ չեմ ասում հեռուստաթատրոնում նրա անձնավորած բազմաթիվ դերերը` Շոշիան, հատկապես Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսում, որ նրա դերասանական տաղանդի մասին շատ բան էր ասում: Չգիտեմ` որ մեկը թվեմ…

Ազատ Գասպարյանը պոեզիայի գիտակ էր և բեմից հրաշալի էր ներկայացնում Չարենցի, Սևակի պոեզիան: Հատկապես երբ բեմադրիչները նրան չէին ուզում նկատել, այդ պարապը նա լցնում էր չափածո տողով, էստրադան նրան հնարավորություն էր տալիս շփվելու հանդիսատեսի հետ:

Ինքս էլ սկսել էի բեմերից արտասանել և պատճառը հենց դա էր, որ իմ սիրած արտիստի հետ միևնույն բեմերում հայտնվելու բարեբախտություն ունեցա` թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում: Անշուշտ, բեմադրիչները մեղքի իրենց բաժինն ունեն, այդպիսի հզոր դերասանին պարապ թողնելը, իհարկե, մեղք էր, նրա համար պիտի ռեպերտուարային պիեսներ բեմադրեին, որ տոմս գնեինք և գնայինք հատուկ վայելելու նրան… Բարեբախտաբար, կինոն շռայլ եղավ, հրաշալի կերպարներ արձանագրեց Ազատ Գասպարյանը հայ կինոյի պատմության էջերում, փայլուն դերակատարումներ: Նա հազար մարդ էր, կարող էր հանճարեղ կերպով ամենատարբեր բնավորությամբ մարդկանց կաշվի ու էության մեջ մտնել ու անճանաչելի վերափոխվել: Դրա համար, իհարկե, բնածին տաղանդ է պետք: Ես խենթանում եմ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գյումրեցի միլիցիոներ Մեսրոպի համար, նա գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին այդ դերում չի զիջում, նույնքան սիրելի է, միայն քայլվածքը բավական է: Էլ չեմ խոսում հանճարեղ Չարենցի` վերամարմնավորման մասին, որ դարձավ նրա ոգու և տարերքի կրողը: Ավելի լավ ասել է մեծն Հրանտ Մաթևոսյանը.«Չարենցիանան գտել է իր պատվախնդիր ու քանքարավոր տիրոջը` Ազատ Գասպարյանին, ում հայացքով ենք տեսնելու Չարենցի աշխարհը, ինքը մեր նոր ու նորոգ վերաբերմունքի, հիացումի ստեղծիչը եղավ և լինելու է…»:

– Փաստորեն Ազատ Գասպարյանը Չարենցի լավագույն մեկնաբաններից էր:   

– Այո:  Նա պատմում էր, որ 10-րդ դասարանում է իմացել, թե ով է Չարենցը: Ասում էր՝ այդքան ուշացումով: Պատմում էր, որ 1963-ին ձեռքն էր ընկել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին», այն էլ առաջին հրատարակությունը:

Ինստիտուտում՝ սովորելու տարիներին նրա երազանքն էր Չարենց խաղալ, և այդ մասին գիտեին բոլորը. դա գիտեր նաև իր կուրսի ղեկավարը՝ Վարդան Աճեմյանը: Ազատն ասում էր. «Ես այն ժամանակ չգիտեի էլ, թե ինչ-որ նմանություն ունեմ նրա հետ: 1967-ին Չարենցի 70- ամյակի տոնակատարության ժամանակ Վարդան Աճեմյանը ծիծաղելով ինձ ներկայացրեց Նորենցին ու ասաց. «Սրան տես, ուզում է Չարենց խաղալ»: Նորենցը բաց արեց ծոցատետրը ու կարդաց. «Հասակը 1 մ 64 սմ»: Ես էլ գոռալով ցատկոտեցի՝ համընկնում էր, հետո էլի ինչ-որ բաներ ճշտեց, ասաց, որ արտասանեմ: Իմ արտասանությունն էլ նրան դուր եկավ, ասաց. «Կարող ես խաղալ»: Դրանից բավական անց ինձ կանչեցին «Հայֆիլմ»՝ «Երկունք» ֆիլմի փորձնական նկարահանումներին»:

Ազատն այն ժամանակ չգիտեր էլ, թե ինչ է վերցնում ուսերին: Առաջին անգամ ամբողջ ուժգնությամբ զգաց, երբ արդեն ընտրված էր Չարենցի դերակատար և նստած էր գրիմանոցում: Ասում էր. «Նայեցի հայելու մեջ, ու սարսուռ անցավ մարմնովս, առաջին անգամ նա երևաց ինձ իր ողջ խորությամբ, կարծես հոգուս աչքերով տեսա»:

Մահից մի քանի օր առաջ ասաց, որ ուզում է գալ և ֆոնդի համար ձայնագրվել, ասացի` եթե հրաշքով բարձրանա 2-րդ հարկ, որտեղ ստուդիաներն են, ռադիոյի ղեկավարությունն իր ոտքերի տակ գորգ կփռի: Բարեբախտաբար, ռադիոյի ոսկե ֆոնդում ունի բավական կտորներ պահված… Եթե պոեզիայի երեկո էր լինում, ինչքան էլ ցանկությունդ մեծ լիներ Չարենց հնչեցնելու, Ազատի ներկայությամբ քաշվում էիր, ինձ երբեմն ինքն էր առաջարկում, միևնույն է, Չարենցը իր տարածքն էր…

– Կա՞յին դերեր, որոնք նա կցանկանար մարմնավորել, բայց...

ազատ գասպարյան– Իհարկե, կային: Երազում էր Սարոյանի Վեսլի Ջեքսոնը խաղալ, բայց չի իրականացել, տարիքն անցել էր, ինքը շատ նման էր մարդկային նկարագրով Վեսլիին, Վեսլիի նման ինքն էլ մարդկային զգացումների շռայլություն էր` խիղճ ու բարություն, ուրախություն ու ցավ: Թվում էր` Ազատը արտաքուստ ամենաուրախ մարդն է, բայց տխուր լինելու բազմաթիվ պատճառներ ուներ հոգու խորքում… Մի առիթով գրել է. «Ոզում էի Վեսլի Ջեքսոն խաղալ, չեղավ, Սիրանո դը Բերժերակ խաղալ` չեղավ»:

– Ինչպիսի՞ ընկեր էր Ազատը:

– Հայ մարդու, երկրի, ընկերոջ, ընտանիքի բախտով հրճվող ու տառապող էր, միաժամանակ անսպառ հումորի տեր, կատակող, իմաստուն սեղանակից էր: Կարծես ազգային մշակութային արժեքները պահող շտեմարան էր, ե՞րբ էր հասցրել այդքան կարդալ, հրաշալի գրում էր, նկարում, նստում դաշնամուրի առջև, քայլող բանահյուսություն էր: Վստահ եմ ասում` որտեղ հայտնվեր, տոն էր, շենացնող, հավերժ երիտասարդ, միշտ մանուկ… Ես նրա հետ շփվելիս միշտ Համո Սահյանի տողերն էի հիշում. «Երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ…»:

Իր մեջ ամբարված  սիրո հսկայական պաշարից լիուլի հասցնում էր բոլորին և ամեն մեկը մտածում էր, թե ինքն է նրա ամենասիրելին: Ընկերության մեջ նրա չափն անչափելին էր: Ե՛վ նվիրումն էր շատ մեծ, և՛ հավատարմությունը, դա մի քիչ դժվար է, գիտե՞ք, երկուսը միասին հազվագյուտ մարդիկ ունեն, ավաղ՜…

 

– Հիվանդության մասին գիտե՞ր:

– Մեջքը ցավում էր: Կես տարի առաջ գնացել էինք Լատինական Ամերիկա, հայ համայնքին հյուր, այնքան առույգ էր, կենսախինդ, դե, հանդիպումներ, ելույթներ, հյուրասիրություններ, պտույտներ, ես տրտնջում էի և այդ ռիթմին չէի դիմանում, ինքը հանդիմանում էր, չնայած իր թևը ցավում էր: Ասում էր, որ թատրոնի բեմում ներկայացման ժամանակ վայր է ընկել փոսի մեջ և ժամանակ առ ժամանակ ցավը զգացնել է տալիս: Այս ձմռանը մեկ ամիս չէի տեսել, հեռախոսով ասաց, որ այդ թևի պատճառով գնում է մերսումների, բայց վիճակը նույնն է, հիմա էլ մեջքն է ցավում: Մայիսի 31-ին միասին Կամերայինի դահլիճում ելույթ ունեինք, ասաց, որ հաջորդ օրը բժշկական զննության է գնալու…

Հունիսի 1-ին իմացանք իր անբուժելի հիվանդության մասին: Ինքը չգիտեր, որ թոքի քաղցկեղ ունի և տարածված է, նույնիսկ խորհուրդ չտվեցին տեղափոխել արտասահման: Հիմա ես կարծում եմ, որ ինքը գիտեր, գլխի էր ընկել, մենք իր կողքին, կարելի է ասել, կապիկություն էինք անում, բայց ավելի շատ ինքն էր զվարճացնում ընտանիքին, ընկերներին:

Ի դեպ, վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց առաջ, որտեղ օրուկես մնաց, ես և նկարիչ Հաղթանակ Շահումյանը իր տանն էինք, 100 տարվա կոնյակ մեզ հետ խմեց, կատակեց, երգեց, ոտքի վրա, երբեք անկողնում չպառկեց, ես հրաժեշտ տալիս շատ ուրախ փաթաթվեցի և ասացի Վեսլիի խոսքերը. «Ապրի՛ր Ազատ ջան, քանի դեռ չի ընդհատվել շնչառությունը, մտիր վարդերի պարտեզը, շնչիր բույրը….»:

Շատ էր սիրում այդ խոսքերը: Հիվանդանոց երկու օրն էլ գնացի, ներս չմտա, պատմեցին, որ վարչապետ Սարգսյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այցելել են, այդ պահին արթուն է եղել,  երգել  ու արտասանել է: Նա երգելով գնաց այս աշխարհից, համոզված եմ` հիմա դրախտում է… 

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943-ին, Երևանում:

1970 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը:

1969-ից սկսած`  խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի, Երևանի դրամատիկական թատրոններում, Հայկական հեռուստաթատրոնում, «Մետրո» թատրոնում, Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1984 թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976 թ.), «Մեր մանկության տանգոն», (1984 թ.), «Կարոտ» (1990 թ.) «Հեղնար աղբյուր» (1970 թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:

1999 թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն:

2000-2004 թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980-ից` վարչության անդամ: 2005 թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

2006 թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009 թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների:

2003 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը:

2011 թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում: Մահացել է Երևանում: