«Առաջարկությունների արկղեր»-ի տվյալներն ամփոփվել են

արկղԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանի վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում տեղադրվել են  «Առաջարկությունների արկղեր»: Դրանք հնարավորություն են տալիս երևանցիներին մայրաքաղաքի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ուղղել քաղաքապետարանին։ Այդ առաջարկներից շատերը թեև ընդգրկվել են քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում, այդուհանդերձ, առանձին դեպքերում, օրինակ, բակերի բարեկարգման մասով, կյանքի են կոչվում` հաշվի առնելով առաջարկներում նշված  բաղադրիչները:

Արդեն ամփոփվել և պատասխանատու ստորաբաժանումներին են հասցեագրվել  հուլիս ամսվա և օգոստոսի առաջին տասնօրյակին ստացված առաջարկները, որոնք, չնայած տարվա ոչ այնքան աշխույժ ժամանակահատվածին, դարձյալ քիչ չեն եղել: Առաջարկների գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքում  կանաչ գոտիների ընդլայնմանը, այգիների ու պուրակների ստեղծմանը, ինչպես նաև նոր հեծանվուղիների կառուցմանը: Ըստ այդմ, 2013 թվականից Երևանում հեծանվային մշակույթի տարածման միջոցառումների համատեքստում, այժմ ավարտական փուլում է Մաշտոցի պողոտայից մինչև Էրեբունի արգելոց-թանգարան ձգվող հեծանվուղու կահավորման և տեխնիկական զինման գործընթացը: Հեծանվուղին լավ նվեր կլինի հեծանվորդների համար և կներառի նաև Երևանի փողոցներով երթևեկելու ճամփորդական բաղադրիչը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնմանը, ապա այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում մշակվել է ծրագրային փաթեթ, որը մինչև տարեվերջ կյանքի կկոչվի:

Պատահար Ստեփանավանում

ապակիՕգոստոսի 12-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ստեփանավանի Միլիոնի և Սուրբ-Նշան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Աստրա ՋԻ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա ՋԻ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

մոտոցիկլՕգոստոսի 12-ին, ժամը 14.20-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետի: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի

վրաերթՕգոստոսի 12-ին, ժամը 04.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն:

Ծաղկաձորից Թեղենիս սարը բարձրացող ճանապարհին կվադրոցիկլից 20-ամյա երիտասարդ է ընկել

շտապօգնությունՕգոստոսի 12-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքից Թեղենիս սարը բարձրացող դաշտամիջյան ճանապարհին 20-ամյա երիտասարդ է ընկել իր վարած կվադրոցիկլից և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են. Ա. Հովհաննիսյան

Արծրուն ՀովհաննիսյանԴիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

”Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը”,- գրում է Հովհաննիսյանը:

Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։

2

Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում ակտիվ երիտասարդների ու երիտասարդական խմբերի նախաձեռնությունների բացահայտմանն ու աջակցմանը։

1

Համաժողովը նպատակ ունի ինտեգրել ակտիվ երիտասարդներին արդի խնդիրների լուծման գործընթացին։

Միջազգային երիտասարդական համաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Խաչիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն՝ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքականություն, կրթություն և դաստիարակություն, ինֆորմացիոն համակարգեր, տնտեսություն և ձեռներեցություն, զբոսաշրջություն, արվեստ և մշակույթ, որոնց շուրջ անցկացվում են քննարկումներ։ Մեր պատվիրակության անդամները քննարկումների ընթացքում ներկայացնում են նշված ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները։

Օգոստոսի 12-ին «Մաշուկ-2014» համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցել է թեմատիկ քննարկումներին և պատասխանել երիտասարդների հարցերին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Հովհաննես Այվազովսկի1896 թ. ամառային մի օր Թեոդոսիայի բնակիչները մի զվարճալի տեսարանի ականատես եղան: Արդեն անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին ծովանկարչի շունն է, որի վզին մեդալներ են կախված: Լուռ, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ` ծովանկարիչը շան հետ ծովափ իջավ, նավակ նստեց ու թիավարեց դեպի ծովը, ապա շան վզից արձակեց կապած մեդալներն ու շպրտելով` հետ վերադարձավ…

Մեծ ծովանկարիչը ծովի խորքերը նետեց թուրքական սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի պարգևները, որ ստացել էր նրանից թուրքական պալատների նկարազարդումների և Բարձր դռան պատվերով արված կտավների համար: Մեծ հայորդին այդպես իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց Արևմտյան Հայաստանում սկսված զանգվածային կոտորածների դեմ:

Երբ տակավին պատանի Հովհաննես Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա ընդունակությունները, փորձում է նրան՝ ասելով.
– Ուսումնարանի առաջին հարկում ջրավազան կա, գնա և այնտեղից դույլով ջուր բեր:
Պատանին գնում է, տեսնում, որ ջրավազանն իրականում պատի վրա արված նկար է: Նա նկարի վրա ավելացնում է ջրի մեջ խեղդվող շուն, առանց ջրի գնում տնօրենի մոտ և արդարանալով ասում. «Ավազանի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Տնօրենը գնում տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շունն ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:

Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսական կայսերական ակադեմիայի անդամ, Ամստերդամի, Շտուտգարտի, Ֆլորենցիայի, Հռոմի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի բարձրագույն` Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվզովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 29-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:

Տեղի ծխական քահանայի ծխամատյանում գրանցված է որպես Օաննես Այվազյան: Հետագայում` մինչև 1843 թ., իր կտավները մեծ ծովանկարիչը այդպես էլ ստորագրում էր` հայերեն:

Հովհաննես Այվազովսկին դեռ երիտասարդ ժամանակ նվաճեց ծովանկարչության առաջամարտիկի դիրքը ու մինչ օրս պահպանեց այն: Աշխարհում ոչ ոք չկարողացավ այլևս ծովանկարչության ասպարեզում ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կարողանային չափվել հայորդու ստեղծածի հետ: Նա արտակարգ տեսողական հիշողություն ուներ և տարբեր երկրներում տեսածը ամիսներ անց կարողանում էր արագ վերարտադրել իր կտավներում:
Նրա հայրը Մոլդովայից Ղրիմ գաղթած Գեորգի Այվազն էր, ով հետագայում անհայտ պատճառով փոխեց իր անունը` Կոստանդին:
Մանկությունն ու պատանեկությունն անցան հայրենի քաղաքում, որտեղ Հովհաննեսը հաճախեց տեղի հայկական ծխական դպրոց:
Հովհաննեսը սիրում էր նկարել ու հաճախ էր ածուխի կտորներով «մրոտում» քաղաքի պատերը, զանազան շինություններ:

Տեսնելով որդու հակումը` հայրը նրան ուսման տվեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, ուր սովորեց 1830-1833 թթ.: Այստեղ նա նվաճեց առաջին պարգևը. իր «Անդորր» կտավի համար արժանացավ գիմնազիայի առաջին կարգի ոսկե մեդալի: Հետագայում` 1837 թ. Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան:

Այնուհետև ,Այվազովսկին շրջագայեց Եվրոպայում` կատարելագործելով իր արվեստը: Նա եղավ Եվրոպայի մշակութային կենտրոններում` Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, մասնակցեց բազում ցուցահանդեսների, ինչը ճանաչում բերեց ծովանկարչին:

Չորս տարի անց` 1844 թ. վերադառնալով Ռուսաստան` նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: Չնայած նոր նշանակմանը` նա չհաստատվեց մայրաքաղաքում, այլ մշտական բնակության մեկնեց հայրենի քաղաք` Թեոդոսիա: Այվազովսկին չէր պատկերացնում կյանքն առանց ծովի:

Ղրիմի պատերազմի ծանր օրերին նա գործուն աջակցություն ցույց տվեց Սևաստոպոլի պաշտպաններին: Անգամ պատերազմի թոհուբոհը չխանգարեց, որ նա քաղաքում ցուցահանդես բացի, ոգևորի պաշարված քաղաքի բնակիչներին:
Պատերազմից հետո նա մեկնեց երկարատև ճամփորդության. եղավ Եվրոպայում, ամերիկյան մայրցամաքում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Կովկասում, Հայաստանում:

Հենց նրա ջանքերով 1869 թ. Թիֆլիսում բացվեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրության դրեց իր կովկասյան բնանկարները և հայ իրականությանն առնչվող կտավները:

Հովհաննես Այվազովսկին նյութապես ապահովված մարդ էր և միշտ իր միջոցներից բաժին էր հանում կարիքավորներին: Նա նաև նյութական աջակցություն ցույց տվեց Ղրիմի հայ փախստականներին: Առհասարակ, Հայկական հարցը նրա ուշադրության կենտրոնում էր, և շուտով ծնվեցին «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Հայերի ջարդը Տրապիզոնում» ու այլ կտավներ: Նա հայկական թեմաներով ստեղծել է նաև «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Արարատ լեռան հովիտը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Սևանա լիճը», «Բայրոնի այցը սուրբ Ղազար կղզի», «Ադանայի ջարդը», «Վարդան զորավար», այլ կտավներ, որոնցում պատկերված են թիֆլիսյան բնանկարներ, հայության կենցաղը…
Հայաստանի ազատագրության և լուսավորության համար պայքարող հայկական կազմակերպություններն էլ անմասն չեն մնացել Հովհաննես Այվազովսկու նյութական աջակցությունից: Նրա նյութական աջակցությունից զուրկ չմնացին նաև ազատության համար պայքարող հույներն ու իտալացիները:Նա հայրենի քաղաքում հնագիտական թանգարան և գեղարվեստի դպրոց բացեց, համերգային դահլիճ, պատկերասրահ:

Այվազովսկու տարերքը ծովն էր: Նա իր կտավներում պատկերել է ծովն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ` տարբեր եղանակների, տարբեր ժամերի, փոթորկի պահին, խաղաղ ծփալիս…
Իր բեղուն կյանքի ընթացքում Այվազովսկին ստեղծեց շուրջ 6000 կտավ: Նրա գլուխգործոցն է «Իններորդ ալիքը», որ վրձնեց 1850 թ.: Պակաս արժեքավոր չեն նաև «Փոթորիկ Նիցայի ափին» կտավը (1885 թ.), «Սև ծովը» (1881):
Առհասարակ Այվազովսկին աշխարհի ամենահարուստ ժառանգություն թողած նկարիչներից է: Նրա որոշ կտավներ վաճառվել են մինչև 2 մլն ԱՄՆ դոլարով և ավելի արժողությամբ: Վերջին աշխատանքը խորհրդանշական էր` «Թուրքական նավի պայթյունը»:

Նա մահացավ 1900 թ. մայիսի 5-ին և զինվորական պատիվներով թաղվեց Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Շիրիմին հայերեն արձանագրված է քերթողահայր Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» տողը:

Նրա մահից հետո Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անվանական թոշակ սահմանեց Հովհաննես Այվազովսկու անունով:

 

 

 

«Շարժվող Երևան»` հայկական պարարվեստը քաղաքի ռիթմին ներդաշնակ (լուսանկարներ, տեսանյութ)

2 (12)Հունիսի 24-26-ը Երևանում նկարահանվեց «Շարժվող քաղաքներ» (“Moving Cities”) կարճամետրաժ, արտիստիկ ժանրի ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանական “Wind & Foster” շահույթ չհետապնդող ընկերության հիմնադիր Ջիվան Քոուդհարին, ով 2014 թվականից իրականացնում է «Շարժվող քաղաքներ» նախագիծը: Վերջինս իրենից ներկայացնում է մի ֆիլմաշար, որը պատմում է տարբեր մարդկանց մասին: Նրանք շարժվում են, աճում, փոփոխվում, զարգանում իրենց իսկ քաղաքներում: Նախագիծը նպատակ ունի ներկայացնել պատմամշակույթային արժեքներ ունեցող որոշ քաղաքների դինամիկայի և պարողների շարժման ներդաշնակությունը:

4 (4)Լոնդոնի, Փարիզի, Լիոնի և Բրյուսելի ազգային բալետի պարողների մասնակցությամբ ֆիլմերի նկարահանումից հետո ռեժիսոր Ջիվան Քոուդհարը որոշեց իր հաջորդ ֆիլմում ներկայացնել Երևանը: Այդ նպատակով ընտրվեցին 47 պրոֆեսիոնալ պարողներ Երևանի պարարվեստի մասնագիտացված գրեթե բոլոր կենտրոններից, ինչպես նաև միջազգային մրցաշարերում հաջող հանդես եկած մարմնամարզիկներ, ակրոբատներ: Նկարահանման համար ընտրվեց երևանյան 23 տեսարան: Ռեժիսորի կարծիքով` նախագծի երևանյան տարբերակը առանձնանում է մյուսներից, քանի որ Հայաստանը շատ ավելին ունի ներկայացնելու աշխարհին: Նա ֆիլմում ներառել է հայկական ազգային հագուստը, պարերը, որոնք հետաքրքիր ներդաշնակության մեջ ներկայացնում են զարգացող հնամյա քաղաքը:

3 (9)Անկախ-ի լրագրողը «Շարժվող Երևան» նախագծի մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Նարէ Աղաբաբյանի հետ: «Նկարահանումից դեռ երկու ամիս առաջ անհավանական բան էր, որ կկարողանանք իրականացնել այս նախագիծը: Ես կարճ ժամանակում շրջեցի Երևանի պարարվեստի բոլոր կենտրոններով, ընտրեցի ֆիլմի ձևաչափին համապատասխանող պարողների: Բոլորը սիրով համաձայնեցին մասնակցել նախագծին, ինչը զարմանալի էր, քանի որ այս ոլորտում աշխատող մարդիկ սովորաբար շատ զբաղված են լինում: Այնուհետև քաղաքի մի շարք հասարակական վայրերում, պատմամշակույթային հուշարձաններում նկարահանումներ անցկացնելու թույլտվություն ստացա և այդ մասին հայտնեցի Ջիվանին, որն էլ շտապեց Երևան գալ: Բավական դժվար աշխատանք էր 3 օրում 23 տարբեր տեսարաններ նկարահանել երևանյան 40 աստիճան շոգի պայմաններում: Սակայն մենք աշխատել ենք մեծ սիրով ու ոգևորությամբ` մշտապես ունենալով բարձր տրամադրություն: Ֆիլմը ինքնին մեծ ասելիք ունի, մենք աշխարհին ներկայացնում ենք մեր մշակույթը, պատմությունը, պարարվեստը, մեր քաղաքը, որը լույս է շնչում: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա իմ մասնակցությունն ու ներդրումը ունենալ այս նախագծում` աշխատելով Գոռ Սահակյանցի (ռեժիսորի օգնական, երկրորդ օպերատոր) և Ալեքսանդր Բաղդասարյանի (ֆիլմարտադրության օգնական) նման երիտասարդ և հաջողակ մասնագետների հետ»,-նշում է ֆիլմի պրոդյուսերը:

1 (12)Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Քոուդհարը, մոր կողմից ունենալով հայկական արմատներ, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է իրականացրել ֆիլմի նկարահանումները, քանի որ միշտ երազել է լինել Երևանում: Նա նշել է, որ շատ բախտավոր է իրեն համարում Երևանում ֆիլմ նկարահանելու հնարավորություն ստանալու համար: «Ես մեծապես շնորհակալ եմ բոլոր արտիստներին, որոնք իրենց ժամանակն ու տաղանդը ներդրեցին այս նախագծում: Սա ինձ համար հերթական ֆիլմը չէ, այլ բացահայտումն է իմ ժառանգության և այն ժողովուրդի, որին այսքան մոտ դեռ երբեք զգացել ինձ: Հուսով եմ, որ ֆիլմը հանդիսատեսին հուզում է այնպես, ինպես ինձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր մաստակիցներին և Նարէ Աղաբաբյանին, առանց որի անհնար կլիներ այս նախագիծը: Մենք կարճ ժամանակում հասցրել ենք անել ահռելի մեծ աշխատանք: Ես հպարտ եմ իմ երկրորդ հայրենիքով և հուսով եմ, որ աշխարհը կգնահատի այն»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

5 (2)Նշենք, որ “Moving Cities” նախագիծն արդեն ընտրվել է Փարիզում, Լոնդոնում, Հռոմում և Սան Կարլոսում որպես ֆիլմերի փառատոնի պաշտոնական ծրագրերի մաս: Մասնավորապես “Moving Brussels” ֆիլմը կհեռարձակվի որպես Բրյուսելի հեռուստատեսային միջազգային ծրագիր, կներկայացվի մի շարք միջազգային փառատոներում: «Շարժվող Երևանը» նույնպես կմասնակցի մի շարք միջազգային կինոփառատոների, ինչպես նաև կհեռարձակվի հայկական և եվրոպական հեռուստաալիքներով:

 ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տաթևիկ Սարգսյան

Անկախ

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

Armavir1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով:
Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի աննախադեպ առողջ բերք է ստացվել: Ներկայացնելով գյուղի առաջնահերթ խնդիրները՝ համայնքի բնակիչները խնդրել են Հովիկ Աբրահամյանին աջակցել գյուղի ծայրամասում գտնվող պոմպի համար տրանսֆորմատոր, ինչպես նաև տրակտոր ձեռք բերելու հարցում: Կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված խնդիրներին՝ հանձնարարականներ տալով պատասխանատուներին:

Արգավանդ համայնքի բնակիչները Հովիկ Աբրահամյանին են դիմել համայնքի մանկապարտեզը վերակառուցելու խնդրանքով, ինչին գործադիրի ղեկավարը դրական է արձագանքել և հանձնարարել ներկայացնել նախագիծ-նախահաշիվ: Տանձուտ համայնքում, անդրադառնալով գյուղացիների բարձրացրած հարցին, վարչապետը խոստացել է ևս մեկ խորքային հոր օգտագործելու հնարավորություն ստեղծել:

Տանձուտից ուղևորվելով Ալաշկերտ համայնք՝ վարչապետ Աբրահամյանն այցելել է գյուղի բնակիչներից մեկի խաղողի այգի, ծանոթացել 5 հա հողատարածքում իրականացվող ծրագրին: Արձագանքելով գյուղացու խնդրանքին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել խաղողի տնտեսության զարգացմանն աջակցելու բիզնես ծրագիր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողմից ներկայացվող նման բիզնես ծրագրերի իրականացմանը: Իսկ Սարդարապատ համայնքում գյուղացիները խնդրել են կառավարության ղեկավարին վերամշակող գործարանների հետ քննարկել ընդունվող ապրանքների գների փոքր-ինչ բարձրացման հարցը, քանի որ ներկայիս գինը ցածր է, և ստացվող եկամուտը չի ծածկում գյուղացու ծախսերը:

Armavir10Արմավիր քաղաքում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերից Արմավիրի պահածոների գործարանի վերանորոգված վարչական շենք տեղափոխված բնակիչներին: Շենքը վերանորոգվել է 2012 թ. Արմավիրի մարզպետարանի կողմից, ստեղծվել են բնակարանային հարմարավետ պայմաններ, սակայն մինչ օրս այստեղ տեղափոխված շուրջ 50 ընտանիք սեփականաշնորհման վկայագիր չի ստացել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը բոլոր բնակիչներին տրամադրել սեփականաշնորհման վկայագրեր:

Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել բանջարեղենի վերամշակմամբ և պահածոյացմամբ զբաղվող «Լևոն» ՍՊ ընկերությունում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Գործարանի արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Բելգիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, իսկ 10 տոկոսը մատակարարվում է Հայաստանի Հանրապետության բանակին: Ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկությունը խնդրել է ՀՀ կառավարությանը՝ շրջանառու միջոցների համար վարկ տրամադրել:

Կառավարության ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները՝ նշելով, որ գյուղացիները բարձրացրել են խորքային հորերի օգտագործմանը, վերամշակող գործարանների կողմից ընդունվող գյուղմթերքի գնի փոքր-ինչ բարձրացմանը, գյուղտեխնիկայի տրամադրմանը, վարկավորման պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Այս խնդիրների կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլրդ 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել՝ Արմավիրի մարզում 119 խորքային հորի վերականգնման նպատակով, այսօր քննարկվում է նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման ավելացման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը երկարաժամկետ վարկեր տրամադրելու և ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ծրագրեր է մշակում: «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որը տրամադրելու ենք գյուղացիներին ջերմոցներ կառուցելու համար: Դա մեծ հնարավորություն է՝ աշխատատեղեր ստեղծելու և արտադրանքն արտահանելու համար», – հավելել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով սահմանային միջադեպերին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը տեղեկացրել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է:

 

Անկախ

Հակառակորդի կրակոցներից տներն այրված այգեպարցիներին բնակարան են տվել

10537168_784998098189448_2442819822149409741_nOգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին Տավուշի մարզպետարանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ բնակարանները տրամադրվել են գույքով: «Թե’ Վարդազարյանների, թե Գևորգյանների’ ընտանիքին Այգեպարի բազմաբնակարան շենքում տրամադրել են երեք սենյականոց բնակարաններ, որոնցից մեկին նաև ավտոտնակ է պատկանում»:

10603280_784996874856237_7091441163111472040_nԱյգեպարցի տուժած բնակիչներից Արշալույս Գևորգյանը մեր թղթակցին ասել է, որ այժմ փաստաթղթային հարցերն են լուծվում, ինչից հետո իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: «Ջուրը, հոսանքն էլ միացնենք, կտեղափոխվենք: Քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ է ընկնում»,-ասել է Արշալույս Գևորգյանը:

10615658_784996344856290_1985185821_nՄինչև այդ, Արշալույս Գևորգյանը, կինն ու նրանց որդին գիշերում են հարևանի տանը: Ի դեպ, հենց հարևաններն են գնդակոծության օրը այլ համագյուղացիների հետ միասին փորձել օգնել Արշալույս Գևորգյանին, մարել հրդեհը: «Ես էի, բազմաթիվ այգեպարցիներ, նաև գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, դուրս եկանք, որ դույլով ջուր տանենք, էնքան ուժգին խփեցին դիմացի ծառին, որ չկարացինք մոտենանք»,-պատմում է Լյուդվիգ Խաչատրյանը:

10609301_784996494856275_874462292_nՆշենք նաև, որ Արշալույս Գևորգյանն ասել է, որ  հրդեհի հետևանքով իր ձեռքերի և որդու պարանոցի այրվածքներն աստիճանաբար ապաքինվում են, ընտանեկան բժիշկն ամեն օր այցելում, մշակում վերքերը:

 

Անկախ

Բելառուսի գործընկերները ծանոթացել են Պետռեգիստրի աշխատանքներին

IMG_4872

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին և իրավախորհրդատու Իննա Լեուսին:

Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկիի ողջույնները և առաջիկայում հանդիպելու վերաբերյալ ցանկությունը: Բելառուսի ռեգիստրի պետը շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց խնդրանքը չմերժելու և գործընկերային ձևաչափով Հայաստանի պետռեգիստրի աշխատանքներին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

новый коллаж

Նախարարը հյուրերին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հորդորելով քննարկումների ժամանակ վեր հանել ոչ միայն դրականը, այլև փոխանակվել երկու երկրների ռեգիստրի համակարգում առկա խնդիրներով և միասին փորձել լուծումներ գտնել: Այնուհետև հյուրերը փոխնախարար Արման Թաթոյանի և նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ այցելել են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ծանոթացել աշխատանքի կազմակերպման մեթոդներին, էլէկտրոնային գրանցման հնարավորություններին: Պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Արմեն Մաշինյանը, Գրանցման բաժնի պետ Արմեն Առաքելյանն ու Վերակազմակերպման և հիմնադրամների գրանցման բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել են էլեկտրոնային գրանցման կարգն ու ընթացակարգերը:  Բելառուսական պատվիրակության ներկայացուցիչները անդրադարձել են իրենց երկրում գործող պետական ռեգիստրի վարման ձևերին ու եղանակներին:

Գործընկերները քննարկել են իրենց ամենօրյա աշխատանքում ծագող խնդիրները, ինչես նաև համեմատել ոլորտին առնչվող երկու երկրների օրենսդրական կարգավորումները: Երկուստեք մտքեր են փոխանակվել կատարելագործման մեխանիզմների ներդրման, օնլայն գրանցման արդյունավետության, տվյալների բազայի վարման վերաբերյալ:  Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում առկա համակողմանի հարցերին, որոնք, ըստ Արմեն Առաքելյանի, անընդհատ շտկվում են աշխատանքի ընթացքում: Խոսվել է նաև էլեկտրոնային համակարգի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք օգնում են բացահայտել և ուղղել առկա սխալները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել նաև քաղաքացիների սպասարկման որակի կատարելագործման մեխանիզմների քննարկումը:

Մենք կհայտնվենք ՙԿարմիր գրքում՚. Շիրակի եզդիներ

Հյուսիսային մարզերի եզդիների միավորում հկ

Այսօր Գյումրիում մամուլի ասուլիս էին հրավիրել Հյուսիսային մարզերի եզդիների միավորում հասարակական կազմակերպության անդամները: Նրանք իրենց անհանգստությունն էին հայտնում արդեն երկու շաբաթից ավել Հյուսիսային Իրաքում կատարվող իրադարձությունների շուրջ: Այս դեպքերն ուղղված են տեղի այլակրոն ազգային փոքրամասնությունների դեմ, գտնում են բանախոսներն ու հավելում, որ իրենց քույրերն ու եղբայրներն իսլամիստ ծայրահեղականների պատճառով կանգնել են ցեղասպանման եզրին:

ՙԱյս պահին Հյուսիսային Իրաքում կոտորած է գնում, ցեղասպանություն: Արաբ իսլամիստները սպանում են եզդիներին, խաղաղ բնակչությանը, չեն խնայում ոչ ծերերին, ոչ փոքրերին. երեխաներին մորթում են: Ժողովրդի մեծ մասը բարձրացել է Շանգալի լեռները, առանց օգնության, առանց սննդի ու ջրի՚, – ասում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորում ՀԿ նախագահ Հուսիկ Ֆերոյանը: Վերջինիս դիտարկմամբ, եթե գերտերությունները ժամանակին Թուրքիային պատժեին Հայոց ցեղասպանության համար, ապա այսօր Իրաքում եզդիների ցեղասպանություն չէր լինի:

Այս ամենի շուրջ աշխարհի հզորները լռում են՝ չնայած եզդիների պաշտոնական գրություններին. ՙԺողովուրդ է կործանվում, այն էլ փոքր ժողովուրդ, որն ընդամենը աշխարհում 2 մլն էլ չկա և սփռված է ամբողջ աշխարհով: Միակ երկիրը Հայաստանն է, որտեղ եզդիները գտել են իրենց ազատությունը. օգնում են մեզ զարգացնել մեր մշակույթը, կրթությունը, հոգևոր կյանքը՚, – շարունակում է ՀԿ նախագահը:

Նրանք այսօր ուղերձով դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի նրանք խնդրանքով դիմեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի նախագահներին ու Հռոմի պապին, որպեսզի սաստեն իսլամիստ ազգայնականներին: Հայաստանի եզդիները Շանգալ հումանիտար օգնություն ուղարկելու համար բացել են նաև հաշվեհամար: Իսլամիստները ոչ միայն սպանում են եզդիներին, այլև ոչնչացնում նրանց մշակութային արժեքները: Հուսիկ Ֆերոյանի փոխանցմամբ, այս պահին եզդիներին միակ պաշտպանողը տեղի քրդերն են, բայց նրանք էլ իսլամիստների դեմ անզոր են:

ՙԷսպես որ շարունակվի՝ մեր ազգը կհայտնվի Կարմիր գրքում՚:

ՙՄենք խնդրում ենք Հայաստանի իշխանությունների աջակցությունը, ի վերջո այնտեղ կան նաև հայկական գյուղեր, նրանք էլ են մեր ազգի հետ սարերը բարձրացել՚, – նշեց ՀԿ անդամ Քյարամ Թամոյանը:

Այս օրերին իրենց ազգակիցների փրկության համար տարբեր երկրների եզիդներ իրենց ձայնն են բարձրացրել, դիմել պատկան մարմիններին, անգամ ՄԱԿ-ին, սակայն որևէ արձագանք մինչ օրս չկա:

Եզդիներն էլ հայերի նման սփռված են աշխարհով մեկ՝ ամենամեծ եզդիական համայնքներ կան ՌԴ-ում՝ մոտ 300 հազար եզդի, Գերմանիայում՝ 250 հազար, Ֆրանսիայում 100 հազար: Թուրքիայում ապրում է 15 հազար եզդի, իսկ Իրանում 100 հազար, սակայն, ինչպես Հուսիկ Ֆերոյանն է ասում նրանք ձայնազուրկ են, անգամ չեն կարող բարձրաձայնել, որ իրենք եզդի են: Հայաստանում այսօր ապրում է շուրջ 60 հազար եզդի, որից 1000-1100-ը Շիրակի մարզում՝ 200 ընտանիք: Նրանք հիմնականում հաստատվել են մարզի Ազատան համայնքում: Գյումրիում էլ ժամանակին բավական մեծ եզդիական համայնք կար, սակայն երկրաշարժից հետո՝ 90-ականներին, շատ-շատերը արտագաղթել են, 100-ից մնացել է 20-25 ընտանիք:

ՙԱրդեն 1000 տարի՝ 10 դար, մենք հայերի հետ կողք-կողքի ապրում ենք, այստեղ մեզ լավ ենք զգում, մեզ լավ են վերաբերում, շատ հարցերում ընդառաջում: Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացիները, ծնվել ենք այստեղ: Ուրիշ ոչ մի երկրում եզդիների հանդեպ այսքան ջերմ չեն՚, – ասում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորում ՀԿ անդամ Բադր Բրոյանը:

Ումուտ Բոզյըլ. հայերից ներողություն եմ խնդրում իմ և ողջ քուրդ ժողովրդի անունից

«Սպասում» վավերագրական ֆիլմ 10608887_698948333475794_1406035777_n

Երիտասարդական ակումբների դաշնության «Թուրքերեն լեզվի ուսուցման» ակումբը եզակի հնարավորություն ընձեռեց դիտելու Դիարբեքիրի հայերի մասին պատմող «Սպասում» վավերագրական ֆիլմը: ԵԱԴ գրասենյակը վերածվել էր փոքրիկ կինոթատրոնի, որտեղ բոլորը համակ ուշադրությամբ դիտում էին ֆիլմը` փորձելով բաց չթողնել և ոչ մի ակնթարթ: Ֆիլմը դիտելու էին եկել ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` երիտասարդ թուրքագետներ, տնտեսագետներ, լեզվաբաններ: Ֆիլմի ցուցադրությունը կարևոր էր ոչ միայն նրանով, որ Հայաստանում առաջին անգամ հնարավորություն տրվեց դիտելու այս ֆիլմը, այլ նաև եզակի շանս էր հանդիպելու, ծանոթանալու և հարցեր ուղղելու ֆիլմի` ազգությամբ քուրդ ռեժիսորին, ինչպես նաև հենց Դիարբեքիրի հայերին. հայեր, որոնք չնայած բոլոր դժվարություններին` շարունակել են պահպանել հայ ինքնությունը և բարձրաձայնել դրա մասին: Ֆիլմի ավարտից հետո երիտասարդ ռեժիսորը` Ումուտ Բոզյըլը, պատմեց իր մասին, անդրադարձ կատարեց ֆիմի առանձին հատվածների և պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Գազիանթեպի (Այնթափ) համալսարանի ուսանող Ումուտը կիսվեց ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին` ավելացնելով, որ, անշուշտ, հեշտ չի եղել «Ցեղասպանություն» բառը պարունակող, հայ համայնքի խնդիրների մասին պատմող ֆիլմով ներկայանալ Թուրքիայի հանդիսատեսին:

10609196_698948346809126_1497025443_nՈւմուտը նաև ընդգծեց, որ ամեն անգամ ֆիլմի դիտումից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրում: Ֆիլմը մարդկանց ստիպում է մտածել և բարձրաձայնել այնպիսի հարցերի մասին, որոնց մասին խոսելը տարիներ շարունակ Թուրքիայում արգելված է եղել: Երիտասարդ կինոռեժիսորի խոսքերով` ֆիլմի միջոցով իր և ողջ քուրդ ժողովրդի անունից հայ ազգից ներողություն է խնդրում: Վերջին տարիներին վերանորոգված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի գեթ մեկ անգամ այցելած ամեն մարդ գիտի Արմեն Դեմիրճյանին (հայկական անուն), ում համար եկեղեցին դարձել է երկրորդ տուն: Դիարբեքիրում հայկական մշակույթն ու երգը վառ պահող Ուդի Երվանդը (բեմական անուն) նույնպես ներկա էր միջոցառմանը: Կինոդիտմանը ներկա գտնվողները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալու նրանց հետ և լսելու նրանց պատմությունները: Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ողջունելով նախաձեռնությունը` կարևորեց ֆիլմի գոյությունն այն առումով, որ նախ Թուրքիայի հասարակությունը դիտելով ֆիլմը` իրազեկվելով կիմանա ճշմարտությունը իր կողքին ապրող հայերի մասին, և երկրորդ` հայ հասարակությունը կկարողանա հասցեական աջակցություն ցուցաբերել Թուրքիայի տարածքում ապրող հայերին` օգնելով վերադառնալ իրենց արմատներին

Վարդուհի Բալյան

Ռոբին Ուիլյամսի կյանքի կանոնները

50840742.crop3103x4278x507x0-fitcrop443x600-q9.Williams3-Մեզանից յուրաքանչյուրին խենթության մի փոքրիկ կայծ է տրված:Փորձեք չհանգցնել այն:

-Անճաշակությունն այն է, երբ մարդկանց համար այլևս ծիծաղելի չէ:

-Ինչ կարող եմ ասել Մայքլ Ջեքսոնի մասին: Բարեկամ, սկզբում կողմնորոշվիր, թե որ ռասային ես պատկանում. սկզբում նեգր էիր, հետո` Դայանա Ռոս, հիմա էլ Օդրի Հեպբյորն:

-Ես ապրում եմ Սան Ֆրանցիսկոյում. դա նույնն է, թե ապրես Շվեյցարիայում` միջուկային պատերազմի ժամանակ:

-Մեր նախագահն այնքան էլ չի տիրապետում անգլերենին: Նա ասում է` «Մենք պարտավոր ենք աշխարհն ազատել բռնապետներից»: Սակայն նա ինքն է նրանցից մեկը:

-Ես ձեզ հավատացնում եմ` սատիրան կենդանի է ու բնակվում է Սպիտռակ Տանը:

-«Պոլիտիկա” բառը լատիներեն «պոլի”` բազմություն ու «տիկա» բառերից է, որն էլ նշանակում է արյունախում ճիվաղներ:

-Երբեք մի կռվեք տգեղ մարդկանց հետ` նրանք կորցնելու բան չունեն:

-Ինչ էլ մարդիկ ձեզ ասելու լինեն` բառերն ու գաղափարներն աշխարհը չեն կարող փոխել:

-Ինձ թվում է, թե ռուսները սիրում են Բրուք Շիլդսին, քանի որ նրա ունքերը նման են բրեժնևյանին:

-Եթե ես մեռնեմ, ապա պարեք իմ շիրիմին ու ջրեք ծաղիկները նրանով` ինչ խմում եք: Արեք ինչ ցանկանում եք, միայն ինձ չկլոնավորեք, քանի որ իմ կլոնը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին ես էի:

-Երբեմն ես ցանկանում եմ  բացարձակ խենթություն ու տարօրինակ բան անել, օրինակ` իմ առնանդամին սովորեցնել խոսել:

Հիշեցնենք, որ այսօր հանրահայտ դերասանն ինքնասպան է եղել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Կեղծ անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալով` ՌԴ-ում կատարել է խոշոր չափերի խարդախություն

կեղծ անձնագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պարզում է լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը: Վերջինս կեղծ անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալով` այն օգտագործել է Ռուսաստանի Դաշնությունում և կատարել խոշոր չափերի խարդախություն:
Նշված անձի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն հետևյալ հեռախոսահամարներով` 010-56-48-21, 010-55-31-61, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

ԿԲ խորհրդի նիստում կատարված փոփոխություններն ու լրացումները

Կենտրոնական Բանկ

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում օգոստոսի 12-ին կայացած արտագնա խորհրդի նստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևերը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները հաստատելու մասին» որոշման մեջ, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում, «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու»  կարգում, «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ում, «Ապահովագրական ընկերության ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 3/13-ում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ ստեղծելու, տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, ժամկետները և տեղեկատվական համակարգի օգտագործման» կարգում:

Խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները,  ուժը կորցրած ճանաչել «ՎԵՄ և ՎԻԳ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 171 և «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 799 լիցենզիաները: Վերաձևակերպվել են Ա/Ձ Լիաննա Դանիելյան գրավատան կազմակերպման լիցենզիան և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան:

«ԲՄՎ»-ն դուրս գալով երթևեկելի գոտուց` հայտնվել է Աբովյան պուրակում

ավտովթար

Օգոստոսի 11-ին, ժամը 03.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան պուրակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բարձրացել պուրակի կանաչապատ գոտի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վերականգնվել է Այվազովսկու արձանի վրձինը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և քանդակագործ, արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։

Այվազովսկու արձան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Պետրոսյանին՝ քաղաքապետի նախաձեռնությանն արագ արձագանքելու համար և հույս է հայտնել, որ երևանցիներն այսուհետ առավել աչալուրջ կլինեն վանդալիզմի նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Այվազովսկու արձան

Նշենք նաև, որ Հովհաննես Այվազովսկու արձանը ևս, «Անվտանգ Երևան» ծրագրով, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է այսուհետ՝ հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով: