Դոլարի գինը բորսայում` 414,25 դրամ

դոլարՄայիսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

Մենք դարձել ենք արևմտյան արժեքների գերին. սոցիոլոգ

ընտանիքՄայիսի 15-ը ամբողջ աշխարհում տոնվում է որպես ընտանիքի օր: Ժամանակակից հայ ընտանիքներում եղած խնդիրներից լրագրողների հետ խոսեցին  հոգեբան Հռիփսիմե Պետրոսյանը և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Արտակ Խաչատրյանը:

«Բավականին ողջունելի քայլ է, որ Հայաստանը փորձում է ընդունել  այս օրը որպես տոն, որովհետև ընտանիքը մեր հասարակության մի մասն է, և դրա փոփոխությունները անդրադառնում են ընտանիքի վրա: Սակայն միայն այս քայլը բավարար չէ», – ասաց Հռիփսիմե Պետրոսյանը, նշելով, որ մտահոգված է ավանդական և ժամանակակից ընտանիքներում ստեղծած իրավիճակով. «Ավանդական, հին ընտանիքը,  իր դրական կողմերը չկարողանալով պահել, ներմուծում է եվրոպականը, ինչը քաոսային իրավիճակ է ստեղծել:  Պակասում է այն կարգավորող օղակի դերը, որը նախկինում կատարում էին ծնողները: Այս գործընթացը պետության կողմից պետք է վերահսկվի»:

Հոգեբանը նշեց, որ կան շատ հանգամանքներ, որ ազդել են ընտանիքների վրա, որոնցից ամենաբացասական ազդեցությունը թողել է արտագաղթը. «Սա անդրադառնում է  ընտանիքի գործառույթների վրա, դրա ներքին հարաբերությունների վրա: Շատ դեպքերում երեխայի ուսերին է դրվում ընտանիքը պահելու հոգսը և նման այլ խնդիրներ»,-ասաց նա:

 

Հայկական ընտանիքի համար արտագաղթի ավերիչ հետևանքներից խոսեց նաև  Արտակ Խաչատրյանը. «Արտագաղթի պատճառով շատ ընտանիքներ կիսվեցին: Վերարտադրության տարիքի արական սեռի ներկայացուցիչները հեռացան երկրից: Նրանց սեզոնային արտագաղթը ընթացքում դարձավ  հիմնական: Պատկերացրեք, թե ծնողներից մեկի բացակայությունը ինչպես կարող է ազդել երեխայի դաստիարակության վրա: Հետսովետական ծանր իրավիճակը ազդեց ընտանիքի սոցիալական և կենսսաբանակ վիճակի վրա: Ընտանիքը չի կարողանում ինքն իրեն վերարտադրել: Սոցիալական վատ պայմանների պատճառով շատ երեխաներ հայտնվել են խնամքի կենտրոններում»,- ասաց նա:

Արտակ Խաչատրյանը ընդգծեց նաև Արևմտյան արժեքների բացասական ազդեցությունը հայկական ընտանիքի վրա. «Դրանց ներթափանցումը Հայաստան  անխուսափելի է, որքան էլ բարձր պատեր ստեղծենք: Դրա հետևանքով այսօր շատացել են ամուսնալուծությունները, խառը ամուսնությունները: Ցավալի է, որ մենք դառնում ենք այդ արժեքների գերին: Այս ամենի պատճառը այն է, որ 90-ականներին, երբ նոր էին ներթափանցում եվրոպական արժեքները վերահոսկողություն չեղավ և պետական արժեքային համակարգ չստեղծվեց: Մենք ընդունում ենք այն արժեքները, որը հենց Արևմուտքը մեծ դժկամությամբ է ընդունել»:

Անկախ

«Թանգարանների գիշեր 2014-ի» շրջանակում կանցկացվի «Գեղադիտակ» թվային ծրագիրը

photo_tangaranՍ. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը  հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները /«սելֆի»/:

Ս. թ. մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել «Գեղագիտակ» ծրագրին և տարածել «թանգարանային իրենց սելֆին»՝ ամբողջ Եվրոպայով։

Այս ծրագրին մասնակցելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները. բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ից ակտիվացնլել NDM14 գաղտնաբառը, ապա, լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն  ու վայրը և լուսանկարն ուղարկել՝ MobilActif հավելվածի միջոցով։

Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8

http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

«Թանգարանային սելֆիի» մասին պատմող հոլովակին կարող եք ծանոթանալ http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation հղումով։

Ռուսաստանին կարելի է հրամցվել միայն մեր պետության համար գործ անելու և ոչ հպատակ դառնալու համար. Լևոն Շիրինյան

 

 

g_imageԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձին անդրադառնալով՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Երևանում Անաստաս Միկոյանի արձանի կառուցման խայտառակ նախաձեռնությունների  փոխարեն մոսկվահայերին առաջարկեց լոբբինգ անել, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը:

 

«Ոչ ոք  իրավունք չունի Հայաստանը ծառայեցնել իր շահերին: Արցախի վիճակը տաքացվում է. ԱՄՆ-ն Կովկասում ցանկանում է երկրորդ ճակատ ստեղծել, քանի որ պարտվում է Ուկրաինայում: Ռուսաստանի հայերը թող հայտարարեն, որ Հայաստանից բացի Ռուսաստանը Կովկասում այս պահին ոչ մի այլ դաշնակից չունի, և օգտվելով առիթից՝ պետք է  բարձրացնել այս հարցերը Ռուսաստանի նախագահի առջև»,-նշեց քաղաքագետը:

Ըստ Լևոն Շիրինյանի՝ «Մեզ մոտ չպետք է «հպատակության քաղաքական մշակույթը» ծաղկի: Ես կողմ եմ Մաքսային Միության հետ մերձեցմանը: Մենք պետք է ծաղկեցնենք մեր անկախ պետականությունը: Քանի որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ապագայում կշատանան, մենք դառնում ենք Ռուսաստանի համար այն բազան, որով Ռուսաստանը տնտեսական և այլ կապեր կհաստատի ամբողջ աշխարհի հետ: Ուստի Ռուսաստանին պետք է հրամցվենք մեր պետության համար  գործ անելու և ոչ հպատակ դառնալու համար»,-նշեց քաղաքագետը:

Խոսելով Ուորլիքի հայտարարության մասին` Լևոն Շիրինյանը նշեց, որ այն ոչ հայամետ էր, ոչ էլ ադրբեջանամետ, այլ «Արցախի հարցի տաքացումն էր ՝ Ռուսաստանի համար խնդիր առաջացնելու նպատակով, սակայն այստեղ մենք ենք խառնվելու, մեր հայրենիքն է, և հարցն այն է, որ մենք ենք տուժելու»:

Քաղաքագետը նշեց նաև, որ Ուկրաինայում ներքին գործերի նախարարի պաշտոնում հայի՝ Արսեն Ավակովի նշանակումը դիտավորյալ է եղել և սա մահ է ժողովրդի համար, քանի որ ուկրաինական հատուկ ծառայությունները վաղուց արդեն ռուսական ազդեցության տակ են և միայն ներքին գործերի նախարարությունը կարող է պատժիչ գործողություն կատարել և այստեղ հայ են նշանակել, այն դեպքում, երբ Ռուսաստանում միլիոնավոր հայեր կան: Ուստի, ըստ քաղաքագետի, Ավակովին դիտավորյալ խառնում են այդ գործի մեջ:

Քաղաքագետը խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` նշեց, որ պետք է հարմար պահն օգտագործել և հրաժարվել Մինսկի խմբի կողմից առաջարկվող  բոլոր 6 կետերից և օգտագործել Ռուսաստանի հետ բարեկամության հնարավորությունը ՝ պարզելու Ռուսաստանը դրան կգնա ՞, թե ոչ: Բայց  մեկ բան պարզ է. պետք է դրանցից հրաժարվել հարմար պահին: «Էդվարդ Նալբանդյանը մտածում է, որ գնում-գալիս են, այդ թվերը մնում են օդում, բայց միջուկային պետությունը վաղ թե ուշ այդ խոսքը կարող է շղթա դարձնել, ուստի, դրանից պետք է հրաժարվել»,-ավելացրեց բանախոսը:

 

Այս հարցերի արմատները, ըստ նրա, գնում են դեպի ՀՀՇ-ի ակունքները. «Փաստեր չունեմ, բայց ենթադրում եմ, որ մի ժամանակ նրանք ինչ-որ համաձայնության են եկել, որ Արցախը անկախ չի լինելու: Պետք է նրանից հարցնել, թե ի ՞ նչ են խոստացել»,-նշեց քաղաքագետը:

 Անկախ

ՀՀ քաղաքացիները Մոնտենեգրո և Ալբանիա կկարողանան գնալ առանց մուտքի արտոնագրի

Tigran Balayan  tbalayan  on TwitterՄոնտենեգրոն (մինչև 30.11.14) և Ալբանիան տեղեկացրել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը

կինոՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ` ս. թ. մայիսի 16-ին, Ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին /հեղինակ՝ Արա Շիրինյան/:

«Ժամանակի ժամանակը» ֆիլմի ցուցադրությունը երևանյան այն միջոցառումների շարքից է, որոնք կոչված են ամփոփելու օրաթերթի հիմնադրման 100-ամյա հոբելյանը:

Ս. թ. մայիսի 17-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ – Մատենադարանում կմեկնարկի գիտաժողով, որի շրջանակում տեղի կունենա նաև «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսակ Գոչունյանի հրապարակախոսական գործերը ներառող «Օրվա մտորումները» ժողովածուի շնորհանդեսը:

Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

Դելփյան խաղերՍկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով՝ Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային  առաջին տեղը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ՝ ս. թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից:

Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին  Բարսեղ Թումանյանը /դասական երգեցողություն/, Արմեն Բաբախանյանը /դաշնամուր/, Ավետիկ Գինոսյանը /կրկես/, Նունե Աղբալյանը /հագուստի դիզայն/:

Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների.

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Սարգսյան Ջուլիետտա /«Կրկես» անվանակարգ/,

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Խալաթյան Սուսան /«Կրկես» անվանակարգ/,

Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Առուշանյան Անահիտ /«Դաշնամուր» անվանակարգ/,

Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս /«Դասական երգեցողություն» անվանակարգ/,

Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Միրզոյան Աննա /«Հագուստի ձևավորում» անվանակարգ/,

Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Աբրահամյան Մարիաննա /«Դաշնամուր» անվանակարգ/,

Դիպլոմ – Արիստակեսյան Լուսինե /«Կրկես» անվանակարգ/:

 

«Հովեր» պետական կամերային երգչախումբը մասնակցել է Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնին

Hover_photoԱպրիլի 15-ից մայիսի 9-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո՝ Մոսկվայում կայացել է «Զատիկ» XIII հոգևոր փառատոնը:

«Զատիկ» XIII հոգևոր փառատոնը /գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիև/ ընդգրկել է Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաք՝ Կալինինգրադից Վլադիվաստոկ: Ավանդաբար, փառատոնի շրջանակում կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ս. թ. մայիսի 4-7-ը երգչախումբը ելույթներ է ունեցել Դմիտրովի Ուսպենսկի Կաթողիկե տաճարում և Մոսկվայի Սուրբ Երրորդության տաճարում, ինչպես նաև՝ բարեգործական համերգով ներկայացել Կորոլյովի վերականգնողական կենտրոնում:

Մայիսի 7-ին Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի երգչախմբային արվեստի գալա համերգը, որին մասնակցել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև երգչախմբեր՝  Ռուսաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Վրաստանից։ Ծրագրում ընդգրկված էին Ի. Բախի, Ք. Պենդերեցկու, Ս. Ռախմանինովի, Ա. Լոտտիի, Ֆ. Պուլենկի, Ռ. Շեդրինի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի հոգևոր ստեղծագործությունները, ինչպես նաև՝ ռուսական ժողովրդական երգի կատարումներ՝ Ջ. Գյոզալյանի մշակմամբ: Ծրագրում ընդգրկված էին նաև հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, հոգևոր և աշխարհիկ շարքեր, որոնք արժանացել են առանձնահատուկ ուշադրության: Հանդիսատեսի բարձր գնահատականին է արժանացել ոչ միայն երգչախմբի բազմաժանր ծրագիրը, այլև՝ բարձր պրոֆեսիոնալիզմը:

 

Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ կառավարությունը ցանկանում է օրինական երանգ տալ կոռուպցիոն երևույթները քողարկելուն

Ազգային ժողովում շարունակվում են ՛՛Պետական գնումների մասին՛՛ և “Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոթեթների քննարկումները: Ընդդիմադիր պատգամավորներն անհանգստացած են՝ գտնում են, որ այս փոփոխությամբ կառավարությունը ցանկանում է օրինական երանգ տալ կոռուպցիոն երևույթները քողարկելուն, քանի որ փոփոխություններով նախատեսվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում:

նաիրա զոհրաբյանՆախագծի մասին խոսելիս ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեց նախկին վարչապետին. ՛՛Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին և այդ ծախսերը չէին երևում: Այդ ծախսերը չպետք է գաղտնի լինեն: Ծախսեր են անում գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի»:

լևոն զուրաբյանՊատգամավոր Լևոն Զուրաբյանը մտքերի փոխանակության իր հերթին նկատեց, որ շատ ժողովրդավար երկրների նախարարներ կամ վարչապետեր հրաժարական են տվել հենց անհիմն ծախսերի բացահայտման արդյունքում. ՛՛Սրա կողքին մենք քննարկում ենք նախագիծ, որը նպատակ ունի քողարկել ծախսերը հարկատուներից` ՀՀ քաղաքացիներից, գաղտնիության շղարշի տակ չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ անել: Սա նշանակում է մեկ բան, որ մեր երկրում կոռուպցիան պահպանվում է պետության կողմից», – ասաց Լևոն Զուրաբյանը:

բիշարյան հեղինե“Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար ևս անընդունելի է օրենքի այս նախագիծը. ՛՛Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սա արվում: Ի՞նչ է փոխվել: Մենք երբեք չենք կենտրոնացել մեր ղեկավար մարմինների ծախսերի վրա: Լրատվամիջոցներն են երբեմն անդրադարձել դրանց, սակայն սա նորմալ է, ես չեմ կարծում, որ հիմքեր կան նման նախագիծ բերել և արտահերթ, հրատապ ռեժիմով քննարկել… Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին՝ համարելով, որ շատ ավելի կարևոր օրենքներ կան, որ մենք պետք է քննարկենք և ընդունենք, քան այս նախագիծը, որը, չգիտես ինչու, բերվել ու քննարկվում է արտահերթ ռեժիմով՛՛, – եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

 Անկախ

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց լուսամուտները բացել, որ «սովետիզմի» հոտը դուրս գա

ալեքսանդր արզումանյան«Այս նախագծի ի՞նչն է հրատապ, որ բերել եք խորհրդարան: Ինչ որ մեկն առանց մեդալի՞ է մնացել, որ էդպես շտապում է»,-զարմացած հարցրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, երբ խորհրդարանն արտահերթ նիստում սկսեց քննարկել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների մասին» և «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքները:

Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչ երկրների փորձի հիման վրա է կատարվում այս փոփոխությունը. «Կարո՞ղ եք գեթ մեկ երկիր ներկայացնել, բացի նախկին Խորհրդային միության երկրներից, որտեղ կա արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր կոլեկտիվ կամ նման աբսուրդ հասկացություններ: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, որ լինի Մեծ Բրիտանիայի վաստակավոր Բիթլզ»,-հարցրեց նա՝ նշելով, որ բոլոր նախկին սոցիալիստական երկրները նույնպես հրաժարվել են այս սովետական անախրոնիզմից:

Հիմնական զեկուցողն, անդրադառնալով միջազգային փորձին, նշեց, որ նախագծի հիմնավորման մեջ նման վերլուծություն չկա, այլ նշված է, որ օրենքն ընդունված է գոյություն ունեցող Պետական պարգևների մասին օրենքների միավորման հետևանքով, և ըստ էության մեկ օրենքով կարգավորվում է  առանձին-առանձին օրենքներով կարգավորվող ոլորտները:

Ալեքսանդր Արզումանյանը շարունակեց իր միտքը. «Մենք այլևս անկախ պետություն ենք և  փորձում ենք կամաց-կամաց ձերբազատվել այն ատավիզմներից, որ ժառանգել ենք խորհրդային կայսրությունից: Պետք է ոչ թե լրամշակել խորհրդային ժառանգությունը, այլ հրաժարվել դրանից: Բոլոր մեր նախկին բախտակիցները անկախությունը հռչակելուց հետո անմիջապես հրաժարվել են այս աբսուրդից: Կարծեմ, Վիետնամում են պահպանել դեռ: Իսկ եթե մեկը գնա արտերկիր և ասի՝ ես վաստակավոր կոլեկտիվ եմ ներկայացնում, ուղղակի կծիծաղեն»:

Նրա կարծիքով՝ սա խորհրդային կայսրությունում արտիստներին կաշառելու ընդունված ձև է:

Շքանշանների և մեդալների գծով, սակայն, Արզումանյանը որևէ խնդիր չունի: «Ես լավ արտիստին դեմ չեմ: Լավ արտիստին կարելի է շքանշանններ տալ: Մեդալ տվեք, թող գնա: Մեր շքանշանների պատիվը բարձրացնենք, ոչ թե մարդկանց այս հիմար ձևակերպումներով իբր խրախուսենք»:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ սա հակասում է նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքներին. «Եթե նա կենդանի լիներ, կտարակուսեր, որ ՀՀԿ-ն պաշտպանում է մի բան, որը Խորհրդային միությունից է գալիս»:

Նա հորդորեց ՀՀԿ մեծամասնությանը վերհիշել իրենց կուսակցութան հիմնադրի անցած ճանապարհը և կամաց-կամաց հրաժարվել սրանից:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ կարծիք հայտնեց, որ այս նախագծից սովետիզմի հոտ է փչում:

«Ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում են»,-արձագանքեց Արզումանյանը,-առաջարկում են լուսամուտները բացել»:

Նախագիծը շտապեց պաշտպանել հանրապետական Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ որևէ վատ բան չկա նրանում, որ մարդիկ տասնյակ տարիներ մաքառել են Խորհրդային Հայաստանում և ստացել են բարոյական խրախուսանք պետության կողմից. «Մենք նրանց նվաճած բարոյական բարձունքները փորձում ենք ներկայացնել ատավիզմ, սա արդարացի չէ: Այո, մենք հպարտ ենք մեր վաստակավոր շինարարներով, ճարտարագետներով: Սա նաև սերունդների կապն է իր մեջ արտացոլում: Պետք է շատ զգույշ լինել, որ ակամայից չվիրավորենեք մարդկանց»,-ասաց նա:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել՝ նշելով, որ հարցը հրատապ չէ, սակայն մտել է արտահերթ նիստի օրակարգ. «2013 թվականի նոյեմբերից սա խորհրդարանում է,-ասաց Նաղդալյանը,-այո, հրատապ հարց չէ, պարզապես կուկատում է գոյացել, որը հիմա փորձում ենք վերացնել»:

 

Անկախ

Մայիսին չամուսնանալու ավանդույթը եկել է նախահայկյան ժամանակներից

Գրիգոր ԲրուտյանՀայաստանում շարունակում է տարածված իրողություն մնալ մայիսին չամուսնանալու ավանդույթը: Մարդիկ խուսափում են մայիսին ամուսնանալուց: Առաքելական եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալը, և դա համարում է սնահավատություն:  Այս թեմայով այսօր լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:

«Նման ավանդույթները հիմնականում կապում են կրոնական պատկերaցումների հետ: Այս դեպքում դա այդպես չէ: Մենք պարզել ենք դրա ակունքները, երբ ծանոթացել ենք նախահայկյան օրացույցի հետ: Բանն այն է, որ տարեմուտը այն ժամանակ համարվում էր ամառվանից մեկ շաբաթ առաջ, և դրանից առաջ սկսվում էր 70-օրյա արգելքների շրջանը: Ապրիլի 5-ից հունիս 10-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում արգելվում էր մսամթերքի, կաթնամթերքի գործածությունը, արգելվում էին նաև ամուսնական հարաբերությունները, պսակադրությունները: Սրա մնացորդները մնացել են ոչ միայն մեր կյանքում, այլև հարևան երկրների կենսակերպում»,-ասաց Գրիգոր Բրուտյանը, հավելելով, որ իրեն հայտնի չէ` որևէ անհաջողություն եղել է այն ընտանիքների հետ, որոնք պսակադրվել են մայիս ամսին:

301 թվականին քրիստոնեությունը ընդունելուց հետո հին կրոնի հետ կապված շատ ավանդույթներ վերացան, սակայն շատ բեկորներ դրանցից, այնուամենայնիվ, մնացին: «Ես կողմնակից եմ ավանդույթները պահպանելուն: Այն պահպանելը հիմք ունի. դրանք ստեղծվել են իմաստուն մարդկանց կողմից և դիմացել են ժամանակի քննությանը:

 

Այն հարցին, թե հնարավոր է, որ այս ավանդույթը այլ ազգերից փոխառված լինի, աստղագետը պատասխանեց. “Հայագիտությունը ձևավորվել է Հայաստանից դուրս և հայագետների մեծ մասը կրթություն է ստացել դրսում: Այնտեղ իշխում էր այն միտքը , թե Հայաստանում ինքնուրույն ոչինչ չի եղել: Սակայն, եթե տեսնում ենք , որ նույն երևույթը գոյություն ունի տարբեր տեղերում, պետք է նայել պատճառաբանությանը. տվյալ դեպքում մենք հստակ տեսանք մայիսին չամուսնանալու ավանդույթի ակունքները”:

Կնոջը խեղդամահ արած սերժանտը կամավոր ներկայացել է ոստիկանություն

պարանով խեղդամահ անելՄայիսի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը կնոջը խեղդել է: Գյուղացիները Անկախի  լրագրողին տեղեկացրել էին, որ սպանության պատճառը խանդն է եղել և որոշ մանրամասներ էին պատմել Մերուժանի ընտանիքի մասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, տանը` ննջասենյակի անկողնում, Մ. Հարությունյանը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:
Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Մայիսի 13-ին Մերուժան Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 14-ին, ժամը 21.35-ին, նա կամավոր ներկայացել է բաժին:
Խափանման միջոցը` կալանք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ

 հոշոտված տղամարդու դիակՄայիսի 13-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արթիկի սարում գայլերը մարդ են կերել:
Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրիկ Մարտիրոսյանն է, ով 2013 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

Անկախ

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

քննարկումԻնչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:

Դասախոսություն-քննարկումն անցկացվեց «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» ծրագրի շրջանականերում: Այն իրականացնում է «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգում:

«Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու խնդիրն ու նշեց. «Մեր հարևան պետությունը ժխտողական քաղաքականություն է վարում և կամավոր չի ցանկանում ճանաչել այդ փաստն ու վերացնել հետևանքները` կապված հատուցման հետ: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում այլ ելք չի մնում ՀՀ-ին, քան փորձել դատական կարգով լուծել այդ խնդիրը. հացը տեղափոխել իրավական հարթություն, քանի որ պատմական առումով խնդիրն արդեն հանգուցալուծված է»: Պարոն Մարուքյանը շեշտեց, որ պետք է իրավական նորմերի հիման վրա ստեղծել հայցադիմումն ու թղթածրարը, որպեսզի հնարավոր լինի հարցը տեղափոխել իրավական հարթություն: Արմեն Մարուքյանը նախադեպային համարեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանականերում հարցին նման կարևորություն է տրվում ու մանրամասնեց. «Ուրախալի էր այն, որ հենց թղթածրարի պատրաստման անվանակարգ կար, և դա էր դրդող հանգամանքը, որ որոշեցինք մեր բաժնի աշխատակիցներով դիմել դրամաշնորհի»:

Ծրագրի համակարգող Համո Սուքիասյանն էլ տեղեկացրեց, որ այժմ գիտական ուսումնասիրություններով զբաղվող խումբը նյութերի հավաքման փուլում է և նախատեսում են նոյեմբերին տպագրել եռալեզու (անգլերեն, հայերեն, ռուսերեն) մի աշխատություն, որտեղ ընդգրկված են լինելու տեսական հիմնավորումներ, ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք հետագայում կօգտագործվեն թղթածրարի պատրաստման աշխատանքներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պետական կառույցների հետ ձկնարտադրողների ընդհատված համագործակցության վերականգնման հարցը մնում է բաց

«Մենք առաջարկում ենք ձկնարտադրության ոլորտում պետական բարձրաստիճան կառույցների նախաձեռնած միջոցառումների, հանձնարարականների իրականացումն ավելի վերահսկելի դարձնելու համար այդ գործընթացներում ընդգրկել մեր կազմակերպության ներկայացուցինչներին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ձկնաբուծության ոլորտի նոր զարգացումների մասին՝ հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:

maxresdefault

“Իսկ ինչու՞ հենց մեր կազմակերպությունը. քանի որ ուսումնասիրությունների արդյունքերը վկայում են, որ մեր կազմակերպությունը իրավական, տնտեսական շահերի ներկայացման տեսանկյունից մրցակցությունից դուրս է: Չթերագնահատելով մյուս կազմակերպությունների գործունեությունը՝ նշեմ, որ մեր կազմակերպությունն իր գործողությունների համար կրել է, կրում է և կրելու է պատասխանատվություն: Մեր բոլոր հայտարարություններն ու գործողությունները մշակված են, ոլորտի բոլոր շահագրգիռ կառույցների շահերի հետ համաձայնեցված, և երբևէ անիրատեսական, պատահական հայտարարություններ չենք անում”,-նշեց Արթուր Աթոյանը:

Արթուր Աթոյանը  նշեց, որ իրենց կազմակերպության ահազանգերի հիման վրա պետական բարձրաստիճան կառույցների կողմից այս ոլորտում աջակցության, օգնության ձեռք մեկնելու միտում է նկատում, սակայն իր մտահոգությունն այն է, որ այդ միջոցառումները մինչև կյանքի կոչվելը ձևափոխվում են, ավելին՝  նենգափոխվում, դառնում տնտեսվարողների համար ոչ շահավետ: Ըստ հկ-ի նախագահի՝ որպեսզի պետական կառույցների հանձնարարականները և նախաձեռնած միջոցառումները պահպանեն իրենց օգտակարությանը, նպատակահարմար է, որ այդ նախառեձնությունների կազմակերպման, իրականացման գործընթացներում ներգրավվեն     «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» կազմակերպության ներկայացուցիչները:

Ըստ նրա՝ նախագահի անձնակազմից, կառավարության կողմից՝ ի դեմս վարչապետի, լինում են հանձնարարականներ կազմակերպության կողմից ներկայացված փաստերի, հիմքերի, առարկությունների հիման վրա, սակայն երբ գործը հասնում է կոնկրետ տեղերին, կատարող անձանց կողմից հանձնարարականները ենթարկվում են փոփոխությունների, շատ դեպքերում՝ նենգափոխում:

«Այս խնդիրների լուծումը ավելի վերահսկելի դարձնելու, դրանք ըստ էության իրականացնելու համար, ուստի, առաջարկում ենք, որ  գործընթացներում ներգրավեն կազմակերպության ներկայացուցիչներին: Սա բխում է ոչ միայն ձկնարտադրողների, այլ նաև մեր ազգային, պետական շահերից.սա արդարացնում է իրեն ամենուր»,-նշեց Արթուր Աթոյանը՝ որակելով սա նոր՝ «բազմաշահավետ գործընթաց» արտահայտությամբ:

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ այս հարցը բարձրացվել է դեռ 2011թ.-ին, երբ նախագահի կողմից հանձնարարական տրվեց, որ ոլորտի խնդիրների քննարկումները կատարվեն անպայման այս կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա տևել է մինչև 2013թ.-ի առաջին եռամսյակը ՝մինչև այն պահը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անօրինական միջամտություն է կատարել կազմակերպության աշխատանքներում»,-նշեց Արթուր Աթոյանը և չնշելով այդ պաշտոնյայի անունը՝ միայն հայտնեց, որ դրա հետևանքով համագործակցությունը ընդհատվել է, ի ճիգ դարձել և առայսօր համագործակցության վերականգնման հարցը մնում է բաց:

Հանձնաժողովն աշխատում է նախարարի անմիջական հսկողությամբ

Արմեն ՄուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցավ քննարկում մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի  անդամները, ինչպես նաև «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։

Նախարարին զեկուցվեցին հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ տվեց և հստակ հրահանգեց զերծ մնալ «կոլեգիալ» քողարկումներից։ Նախարարը նաև նշեց, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։

«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։

Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք

գյումրիԳյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում միայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Ավելացնենք, որ այդ այգում դեռևս պահպանվել են մի շարք սլացիկ բարդիներ, որոնց կատարներին բույն դրած ագռավների ներքև նետած ճյուղերն էլ հենց հանդիսանում են այդ տնակային ավանի բնակիչների ձմռան վառելիքը:

Անկախ

Ընդունելություն Գյումրու քաղաքապետարանում Ընտանիքի օրվա կապակցությամբ

DSC_0154Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց  գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ)  Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, մանկավարժների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին  դրամական պարգևներ և  նվերներ:

Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց  հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն զարգացման գործում, ինչպես նաև, խոսեց գյումրվա ընտանիքի կերպարի մասին, որտեղ քաղաքապետը կարևորեց ավանդապաշտությունն ու սերը սեփական քաղաքի հանդեպ:

Տավուշի նոր մարզպետը Հովիկ Աբովյանն է

The new governor of Tavush marz Hovik AbovyanԿառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով

11299_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր աշխարհով մեկ նշվում է ընտանիքի միջազգային օրը», – դիմելով ներկաներին, ասել է վարչապետը: – Ընտանիքը մեր պետության հիմքն է, իսկ ամուր ընտանիքն ուժեղ պետության երաշխիքն է: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում եմ բոլորին սեր, համերաշխություն և միասնություն»:
Այնուհետև գործադիրն հաստատել է օրակարգն ու ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:

Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը: Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի ֆաբրիկաներից մեկի հետ և ներմուծել հումք և օժանդակ նյութեր: Ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում պատվիրատուին առաքեր պատրաստի արտադրանքը, սակայն վերջինիս կողմից մոդելների վերջնական հաստատման ձգձգումը հնարավորություն չի տվել պատվերը կատարել սահմանված ժամկետում: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով երկարաձգել մաքսային ռեժիմի ժամկետը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2017թ. մայիսի 27-ը հետաձգել է «Մավաս գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և կատարելով շուրջ 1 մլրդ 250 մլն դրամի ներդրում, ստեղծելով մոտ 60 աշխատատեղ:
Դիմելով կառավարության անդամներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երեկվա իր հանդիպմանը. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մինչև 2017թ. հունիսի 1-ը հետաձգել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում ձեռնարկությունը ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով: Ընկերությունը նախատեսում է վերակառուցել վերարտադրման վառարանը՝ կատարելով 1.71 մլն դրամի ներդրում: Իրացվող արտադրանքի շուրջ կեսը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Վրաստան և Բելառուս: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը վճարում է պետությունը

ՀՀ կառավարությունը շարունակում է աջակցել ՀՀ անձնագիր ստացող սիրիահայերին: Այսօրվա որոշմամբ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն հատատել է ՀՀ դիվանագիտական այն ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014թ. ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր: Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Հաագայում, Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Աթենքում, Մոսկվայում, Կիևում ՀՀ դեսպանություններին և Լոս Անջելեսում, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններին թույլատրվել է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության դեպքում տրամադրել և փոխանակել վերը նշված որոշմամբ նախատեսված անձնագրեր:

Հաստատվել է կառավարական ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոհաճախականության կառավարական նշանակության սպեկտրի իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ ընդգրկելով ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառավարության նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման ընթացակարգի ամբողջական կանոնակարգումը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը իրավականորեն կարգավորել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել այդ ՊՈԱԿ-ից և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին «Փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
Գործադիրը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006թ. հունիսին և ստեղծման օրից գործունեություն չի ծավալել: ՀՀ կառավարությունը 2008թ. հունիսի 12-ին հավանություն է տվել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին, որն ուղղված է Երևանի և մարզերի անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Այս ժամանակ էլ սկսվել է Գյումրու տեխնոպարկի՝ որպես Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկի, ծրագրի իրականացումը: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն իր սահմանափակ ներուժի և ընդլայնման սուղ հնարավորության պատճառով չի ընդգրկվել Գյումրու տեխնոպարկի ծրագիր: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Նշված տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու առաջիկայում:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերը, ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունեցող ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից: Բացի այդ, վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է տուգանքների չափերը, ուստի խնդրին կարելի է անդրադառնալ ուսումնասիրության արդյունքն ամփոփելուց հետո: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը թանգարաններն աշխատում են անվճար՝ մասնակցելով ամբողջ աշխարհում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:
Մայիսի 23-ին Հայաստանի դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության անդամներն այս տարի ևս կմասնակցեն նշված միջոցառումներին: