Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

զենքՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1961 թ. ծնված Արտակ Պ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 31 փամփուշտ և նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1975 թ. ծնված Արայիկ Օ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 1 դատարկ պահունակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 145 փամփուշտ, 3 ամունալ և ձեռքի ինքնաշեն 3 նռնակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1962 թ. ծնված Արա Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ազդանշանային 2 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1984 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ազդանշանային փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացիրի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1972 թ. ծնված Արայիկ Ե.-ն կամովին հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 37 փամփուշտ:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1967 թ. ծնված Սեդա Ս.-ն կամավոր հանձնել է որսորդական հրացանի խզակոթ, ինքնաշեն ատրճանակ և «ԴՇԿ» տիպի գնդացիրի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1966 թ. ծնված Անուշավան Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն 1 նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ, զենիթային հրանոթի 1 արկ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ, փամփշտային 1 ինալիցքավորիչ, փամփուշտի շղթա և 21 սմ երկարությամբ գլանաձև պայթուցիչ դետալ` «B1» գրառմամբ:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1949 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 65 փամփուշտ:

***
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1978 թ. ծնված Ռուզաննա Ս.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և 16 մմ տրամաչափի դատարկ 32 փամփուշտ:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1972 թ. ծնված Արմեն Թ.-ն կամավոր հանձնել է օդամղիչ ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի` 10, 7,62 մմ տրամաչափի` 13, լուսաձայնային 1 փամփուշտ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1989 թ. ծնված Համիկ Գ.-ն կամավոր հանձնել է «MADE IN ITALY C 1863» գրառումով ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Անկախ

Օդանավակայանում ուղեբեռ գողացողին հայտնաբերել են

«Զվարթնոց» օդանավակայանԱպրիլի 14-ին, ժամը 16.05-ին, 1956 թ. ծնված Վահրամ Կ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օդանավակայանի մեկնման սրահի մուտքի դռների մոտից գողացել են ուղեբեռը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Արամ Ե.-ն, որը բերման է ենթարկվել գծային բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հյուրը գողանալով տանտիրուհու բանկային քարտը` ծածկագրով, բանկոմատից հանել է ամբողջ գումարը

բերման է ենթարկվելԱպրիլի 14-ին 1968 թ. ծնված Սվետլաննա Ե.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում դիմում էր ստացվել, որ կորցրել է բանկային քարտը, որի մեջ եղել է 145.000 դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քարտը ոչ թե կորել, այլ գողացվել է:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Մհեր Զ.-ն:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սվետլաննա Ե.-ի տանը` հյուրասենյակի պահարանում դրված դրամապանակից գողացել է նրա բանկային քարտը` ծածկագրով, և գումարը բանկոմատից մաս-մաս հանելով` տիրացել է 145.000 դրամին:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

«Մտածում էի չտրորված ճանապարհով գնալ»

Սվազլյան ՎերժինեԲանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում` 25 գրքերի: Նա ծնվել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիական թեքումով դպրոցում: 1947 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան:

Վ. Սվազլյանի ծննդյան հոբելյանի և գիտական գործունեության 60-ամյակի առիթով «Անկախը» զրուցել է վաստակաշատ գիտնականի հետ:

– Տիկին Սվազլյան, ինչպե՞ս ընտրեցիք գիտնականի այս ուղին, ինչի՞ց սկսեցիք:
– 1955 թվականն էր, երբ գերազանց դիպլոմով ավարտել էի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Թեպետ միայն ես էի գերազանց ավարտել,դժգոհ էի ինձնից. մտածում էի` սովորեցի, գիտելիքներ ստացա, բայց դրանք պետք է նաև ծառայեցնեմ իմ հայրենիքին ու իմ ժողովրդին: Հայրս` եգիպտահայ հայտնի գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանը, ինձ պատգամել էր.
«Վերժինե՛, աղջի՜կս,
Կուզեմ ըլլաս դուն խելացի,
Աշխատանքով, վարքով բարի,
Պատիվ բերես քո ծնողքին
Եվ քո ազգին, հայրենիքին»:
Ահա այս պատգամն ինձ հանգիստ չէր տալիս. ուզում էի մի բան անել, բայց` ի՞նչ… Մտածում էի, եթե կարողանամ մեր զավթված երկրի բանավոր մշակույթը հավաքել, գրի առնել և ամփոփել գրքերի մեջ, ա՛յ դա կլիներ գործ:

Մտածում էի չտրորված արահետով գնալ, որով դեռ ոչ ոք չի անցել: Ես անքուն մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է իրականացնել այդ նպատակը: Հաջորդ օրն իսկ Նոր Մալաթիա թաղամասում էի, որը հայրենադարձներով էր բնակեցված: Դիմացի դեղատունը մտա և հարցրի, թե այդտեղ ամենադժվար բարբառով ովքեր են խոսում: Ասացին` մուսալեռցիները:
Դժվար ժամանակներ էին: Ստալինը նոր էր մահացել: Հայրենադարձները վախենում էին զրպարտվելուց և աքսորվելուց: Ես բացատրեցի իմ նպատակը, որ պիտի գիրք գրեմ իրենց մասին, իրենց բարբառով, բանահյուսական նյութեր պիտի գրանցեմ: Ինձ ներս ընդունեցին: Բայց տեսա, որ արագ-արագ էին խոսում իրենց խրթին բարբառով: Սկզբում հուզվեցի, վհատվեցի, բայց հիշեցի հորս խոսքերը. «Կամք, աշխատանք և կորով, երեք ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի, անպայման կհաջողի»: Եվ սկսեցի ձեռքով, բառ առ բառ գրի առնել (հեքիաթներ, զրույցներ, երգեր, առած-ասացվածքներ, օրհնանք, անեծքներ, հանելուկներ, աղոթքներ), քանի որ այդ ժամանակ դեռ տեխնիկա չկար:

Այսպես սկսվեց իմ ժողովրդագիտական բանահավաքչական գործունեությունը: Սկզբում այն եղել է անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով, իսկ 1960-ից ՀՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանու ներքո` կազմելով և հրատարակելով «Արցախ-Ուտիք», «Տարոն-Տուրուբերան», «Վան-Վասպուրական» հայ ժողովրդական հեքիաթների հատորները, որոնք ընդգրկվել են գիտական բազմահատորյակի մեջ: Զուգահեռաբար լույս է տեսել նաև «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984) գիրքս:

– Խորհրդային տարիներին ցեղասպանության թեման արգելված էր: Չէի՞ք վախենում այդ թեմայով նյութեր հավաքելուց:

– Ճիշտ է, այն ժամանակ չէր խրախուսվում Հայոց ցեղասպանության մասին խոսելը: Բայց ես գիտակցել եմ ժողովրդական այդ կարգի նյութերի պատմագիտական արժեքը և լավ է, որ այդ ժամանակ գրի եմ առել, քանի որ հիմա այլևս ականատես, վերապրողներ չեն մնացել:
Հետագայում շարունակեցի նյութեր գրի առնել նաև Կիլիկիայի (Զեյթուն, Հաճըն, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս)  հայության բանահյուսության վերաբերյալ: Այդ ամենն ամփոփվել է «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994)  հատորում: Բացի բանահյուսական նյութերից, այստեղ ընդգրկել եմ նաև կիլիկիահայ ականատեսների հաղորդած հուշ-վկայությունները Ադանայի կոտորածի, Հայոց ցեղասպանության, 1920 թ. Մարաշի, Այնթապի, Հաճընի ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին: Իսկ 1995 թ. լույս է տեսել «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» գիրքս:

– 1994-95 թթ. երկու գիրք եք հրատարակել, ի՞նչ միջոցներով:

սվազլյանի գրքերը– Այդ երկու գրքերս լույս տեսան այն տարիներին, երբ ընդհանրապես գիրք հրատարակելը շատ դժվար էր, տպարանները չէին աշխատում: Արցախյան ազատամարտի տարիներն էին: Այդ պայմաններում այս երկու գրքերի հովանավորությունը ստանձնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա գումար էր տրամադրել միայն մեկ գրքի համար, բայց խնայողաբար օգտագործելով այդ միջոցները` տպագրվեց երկու գիրք:

1995 թ. աշխատանքի անցա Ծիծեռնակաբերդում նոր հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նաև վերապրողներին տեսագրելու տեխնիկական հնարավորություններ կային: Այնտեղ 100-ից ավելի վերապրողի եմ տեսագրել և նրանց պատմածները վերծանել:

– Միայն Հայաստանում բնակվող վերապրողների հուշե՞րն եք գրի առել:

– Նաև արտերկրից: Մանավանդ երբ հրավիրվել եմ միջազգային գիտաժողովների Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ: Լոս Անջելեսի «Արարատ» տարեցների տուն-ծերանոց մուտք գործելու և նյութեր գրառելու համար կամավորագրվել եմ որպես նրանց օգնող և խնամող, որպեսզի նրանց հետ շփվելու հնարավորություն ունենամ:
Իսկ Թուրքիայում գիտաժողովից հետո մտածում էի մուտք գործել Ստամբուլի «Սուրբ փրկիչ» ազգային հիվանդանոցի ծերանոցը, որտեղ դեռ Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսներ էին ապրում: Բայց դռան առաջ կանգնած թուրք ոստիկանն ինձ թույլ չէր տալու ամեն օր գնալ-գալ, ուստի վիրահատման պատրվակով մուտք գործեցի հիվանդանոց, երկուսուկես ժամ իզուր տեղը նարկոզ ընդունեցի, իսկ երբ մեկ շաբաթից ոտքի կանգնեցի, կարողացա հետին դռնով մուտք գործել նաև կից ծերանոցը, որտեղ գաղտնի կերպով գրի առա շուրջ 40 հուշ-վկայություն:

Այնպես որ, Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրի տարբեր համայնքներից գրառված նյութերի թիվը հասել է 700-ի, որոնք ընդգրկում են Արևմտյան Հայաստանի 150 տեղավայրեր: Փաստագրական այդ նյութերը ներկայացնում են արևմտահայության ոչ միայն 1915 թ. և հետագա գաղթը դեպի Արևելյան Հայաստան, այլև Կիլիկիայի և Անատոլիայի հայության տեղահանություններն ու աքսորը դեպի սիրիական անապատներ, նրանց ջարդն ու կոտորածը Դեր Զորում, Սուրուճում, Մեսքենեում և այլ վայրերում:

– Հայոց ցեղասպանության մասին Ձեր գրքերը նաև Թուրքիայում են հրատարակվում: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ արձագանքներ կան:

– 2005 թ. լույս տեսավ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» ուսումնասիրությունս, որը ես իմ միջոցներով, նույնիսկ հարսանեկան զարդերս, հորիցս մնացած գորգերը և արվեստի գրքերս վաճառելով կարողացել էի թարգմանել տալ վեց լեզուներով: 2006 թ. այն արժանացավ ՀՀ նախագահի «Հայոց ցեղասպանության» գծով Վերժինե Սվազլյանը և Նիկոլա Զարկոզինառաջին մրցանակի, որը ես ամբողջությամբ տրամադրեցի հետագա գրքերս օտար լեզուներով թարգմանելուն: 2011 թ. Երևանում լույս տեսավ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, իսկ թուրքերենը` Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան, առաջավոր մտավորական Ռագըփ Զարաքօլուի «Բելգե» («Փաստարկ») հրատարակչության կողմից: Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց հայերեն, անգլերեն և թուրքերեն գրքերի շնորհանդեսը, որի ազդօրինակը Երևան էր բերել անձամբ Ռ. Զարաքօլուն: Թուրքիայում իր հրատարակած գրքի մասին նա ասաց. «Վերժինե Սվազլյանի սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը: Սույն աշխատությունն իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ է 1976 թ. հիմնադրված «Բելգե» հրատարակչության գործունեության մեջ: Գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեր՝ թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: Սրանք պարզ ժողովրդական վկայություններ են, որոնք բացելու են թուրք հասարակության աչքերը: 700 վկայություններն այն մարդկանց, որոնք վերապրել են այդ բոլորը, և որոնք կարդալով` ընթերցողը կտեսնի իր գյուղը, իր ծնողներին և այլն, որպես փաստարկ կառերեսվի իր անցյալի հետ: Վ. Սվազլյանի նախորդ աշխատությունները մեծ ճանաչում ունեն և արդեն պատվանդան են, իսկ օրերս հրատարակվածը յուրահատուկ հուշարձան կդառնա, որը տեսանելի կլինի նաև աշխարհին»:

– Հետագայում ի՞նչ աշխատանքներ եք ծրագրել հրապարակել:

– Հաջորդ աշխատանքը լինելու է «ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդությունը»: Քանի որ գիտաժողովի հանգամանքով չորս անգամ եղել եմ այդ երկրի տարբեր քաղաքներում և ժողովրդական բանահյուսության ու ազգագրության վերաբերյալ տարաբնույթ նյութեր եմ գրի առել: Աշխատությունը բաղկացած կլինի երկու մասից` գիտական ուսումնասիրությունից և սկզբնաղբյուրային նյութերից, որոնք կներկայացնեն հայ համայնքի տարբեր սերունդների լեզվամտածողության և ազգային ինքնության ընկալումների տարբեր մակարդակները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը

Աբրահամյան հովիկՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Այնթափում առուն վարարել ու լցվել էր բնակչի տուն

ավտոմեքենան հայտնվել է գետումԱպրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, և ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտաշատի ջրանցքի համայնքային ոռոգման համակարգի 10-րդ փողոցով անցնող առուն խցանվել է. ինչից տեղի է ունեցել ջրի հոսք դեպի Ռ. Ս.-ի թիվ 10 տուն:
Հրշեջ-փրկարարները վերացրել են խցանումը:
Ժամը 05.00-ի դրությամբ Արտաշատի ջրանցքից դեպի Մասիսի տարածաշրջան (շուրջ 20 համայնք) հոսող ոռոգման ջրի հոսքը բերվել է զրոյական մակարդակի:

Առաջիկայում անձրևի հավանականությունը փոքր է

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում  են, որ հանրապետության տարածքում`
Ապրիլի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:

Երևանում՝
        Ապրիլի 18-19-ին անձրևի հավանականությունը փոքր է, 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.90C (1972թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 2.50C (1999թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.30C

Անկախ

Վախճանվեց Գաբրիել Գարսիա Մարկեսը

o_932562Մեքսիկայում վախճանվեց արդի  հանճարեղ գրողներից մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Ապրիլի 16-ին Կոլումբիայի նախագահն ու գրականագետ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել էր, որ շշուկներ կան, իբր Մարկեսը քաղցկեղով է տառապում: Ու այդ խոսակցություններն անհիմն անվանեց: Մարկեսը վախճանվեց Մեխիկոյի իր առանձնատանը: Վերջին օրերին նա տանն էր բուժում ստանում:  Բժիշկներն ու նրա շրջապատից մտերիմ մարդիկ հավատացնում էին, որ գրողի վիճակը կայուն է, չնայած շատ թույլ է զգում:

Երեքշաբթի, ապրիլի 15-ին Մարկեսի ընտանիքը կոլումբիական ԶԼՄ-ներում մի հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր, որ նրա վիճակը կայուն է, սակայն տարիքի բերումով, բարդությունների վտանգը չի բացառվում: Միևնույն ժամանակ, մեքսիկական հրատարակություննեից մեկը հայտնեց, որ Մարկեսը հիվանդ է քաղցկեղով:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող է, լրագրող, հրատարակիչ ու քաղաքական գործիչ, 1982-ին արժանացել է Նոբելյան մրցանակի, “մոգական ռեալիզմ” գրական ուղղության ներկայացուցիչ է: Նրա առավել հայտնի ստեղծագործություններն են` “Հարյուր տարվա մենությունը”, Նահապետի աշունը”,”Գնդապետին ոչ ոք չի գրում” վեպերը:

Անկախ

Կառավարության նոր կաբինետը կձևավորվի մինչև մայիսի 3-ը

загруженноеԱյսօր երեկոյան ժամը 20:15 տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստը տևել է մոտ երկու ժամ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական,  մասնավորապես, կառավարության ձևավորման հետ կապված հարցեր: Նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիր մարմնի նիստին չի մասնակցել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

<<Կառավարության ձևավորման հետ կապված քննարկումներ տեղի ունեցան, ինչպես նաև այսօր մեր քաղաքապետի ծննդյան օրն էր՝ մենք շնորհավորեցինք>>,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Կուսակցության գործադիր կառույցի այսօրվա նիստը ապագա կառավարության կազմի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: <<Որևէ նախարարի անուն չի որոշվել>>,-ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Քննարկման արդյունքները, ըստ ՀՀԿ խոսնակի, կներկայացվեն օրենքով սահմանված կարգով: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ քաղաքական ուժերի, մասնավորապես` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարություններին` նշելով, որ Հանրապետականը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր գործընկերոջ որոշմանը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև <<Օրինաց Երկիր>> կուսակցության՝ կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ հայտարարությանը: << Իրենք են որոշում իրենց տեղն ու դերը քաղաքական համակարգում: Մենք հարգանքով ենք վերաբերվում ՕԵԿ-ի հայտարարությանը: Ուզում եմ նշել, որ հավերժ կոալիցիաներ չեն լինում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում այս կամ այն իրադարձության մեջ ինչպես իրեն դրսևորի>>:

Հարցին՝ անսպասելի՞ էր ՕԵԿ-ի որոշումը, Շարմազանովը պատասխանեց. <<Քաղաքական գործչի համար քաղաքականության մեջ անսպասելի որոշումներ չպետք է լինեն, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինեն: Եվ  ցանկացած քաղաքական ուժ, որը ներկայացված է ԱԺ-ում և իշխանության մեջ չէ՝ ընդդիմություն է>>:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարց ևս չի քննարկել:

ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը, հավանաբար, կլինի ապրիլի 28-ին մեկնարկելիք եռօրյայում: Համենայնդեպս, այս պահին, ըստ Խորհրդարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Էդուարդ Շարմազանովի, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ որոշման նախագիծ չկա:

Ինչ վերաբերում է ապագա կառավարության հնարավոր կառուցվածքային փոփոխություններին, ապա Խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ  այս մասին ճիշտ կլինի խոսել` Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո:

<<Կառավարության նոր կաբինետը կձևավորվի մինչև մայիսի 3-ը, այսինքն` սահմանադրությամբ նախատեսված վերջնաժամկետը>>:

Նաև նշենք, որ գործադիր մարմնի նիստին ընդառաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի, Տիգրան Մեծի, Արամի փողոցի բնակիչների հետ, ովքեր պնդում են, որ արդեն վեց տարի է` հայտնվել են փողոցում: Հովիկ Աբրահամյանը խոստացել է ուրբաթ օրն ընդունել նրանց, լսել նրանց պահանջները:


Անկախ 

Հանրային խորհրդում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումներ կիրականացվեն

ՀԽ-նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը: ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ:
ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված և այլ փոփոխություններ:
Այդ հարցերը նախ կքննարկվեն ՀԽ փոքր խորհրդի նիստերում, որից հետո բոլոր տեսակետները ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից կամփոփվեն և կձևակերպվեն որոշակի դիրքորոշման շրջանակներում, այնուհետև Հանրային խորհուրդը կկազմակերպի հանրային լայն քննարկումներ՝ այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:
Նշենք, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը:
Նիստի օրակարգի երկրորդ հատվածում խորհրդի անդամները քննարկել են մինչև սահմանադրական փոփոխությունները և դրանից բխող «Հանրային խորհրդի մասին» համապատասխան օրենքի ընդունումը ՀԽ կառուցվածքին և գործունեությանը վերաբերող հարցեր:

 

Անկախ 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտուղ- բանջարեղենի արտահանումն ավելացել է

պտուղ-բանջարեղենՀայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է: Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 17 հազար 319 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակի 5 հազար 302 տոննայի դիմաց:

Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում առաքվում է Ռուսաստան ,Վրաստան, Իրաք, ԱՄԷ:

 

 Անկախ

 

Մայրաքաղաքում 2014 թվականին կհիմնանորոգվի 23 փողոց

ասֆալտապատումԵրևանի , տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են  որ  2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով  ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման: Առանձին փողոցներում կկատարվի նաեւ մայթերի ասֆալտապատում, կկառուցվեն թեքահարթակներ ու  հին եզրաքարերը կփոխարինվեն նորերով: Շուրջ 200 թեքահարթակ էլ կներկառուցվի այն փողոցներում, որոնցում հիմնանորոգման ծրագիր չի իրականացվելու: Որպես մայթերի բարեկարգման այլընտրանքային տարբերակ, շուրջ 500 միլիոն դրամի սահմաններում կսալիկապատվեն կամ նոր սալիկներով կլրացվեն մի շարք փողոցների մայթեր:  Ճանապարհների ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ կիրականացվեն 780 հազար քմ տարածքում, որոնցից 395 հազար քմ-ն՝ փողոցներ և 380 հազար քմ-ն՝ բակային տարածքներ: Այս տարի ևս կշարունակվի հողային կամ գրունտային ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրվել է «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար:  Մինչ ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկը, այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  վերացվում են փոսերը: 2012-2013 թվականներին  ասֆալտապատված այս փողոցներում ի հայտ եկած որոշակի թերությունները, որպես պայմանագրային նորմ, ճանապարհաշինական ընկերությունները վերացնում են սեփական միջոցներով:

 

 Անկախ

Ինչ կրթություն են ստացել Հայաստանի 13 վարչապետները

varchapetnerՎազգեն Մանուկյան

1963-1968 թթ. – Երևանի պետական համալսարան
1966-1967 թթ. – Մոսկվայի պետական համալսարան
1969-1972 թթ. – Միութենական ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտուրա
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գագիկ Հարությունյան
1965-1970 թթ. Երևանի պետական համալսարան
1970-1973 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Իրավաբանական գիտությունների դոկտոր

Խոսրով Հարությունյան
1966-1972 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Հրանտ Բագրատյան
1975-1979 թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ
1982-1985 թթ. ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
Տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր

Արմեն Սարգսյան
1970-1976 թթ. Երևանի պետական համալսարան
1976-1978 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու

Ռոբերտ Քոչարյան
1977-1982 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Արմեն Դարբինյան
1981-1986 թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան
1986-1989 թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վազգեն Սարգսյան
1976-1980 թթ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Արամ Սարգսյան
1979-1981 թթ. Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարան
1984-1989 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Անդրանիկ Մարգարյան
1967-1972 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Սերժ Սարգսյան
1971 – 1979 թթ. – Երևանի պետական համալսարան
Տիգրան Սարգսյան
1977-1978 թթ. – Երևանի թիվ 14 տեխնիկական ուսումնարան
1978-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
1980-1983 թթ.- Ռուսաստանի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ (Լենինգրադ)
1983-1987 թթ. – Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա
1994 թ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. – ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Հովիկ Աբրահամյան
1980-1984 թթ. Երևանի ավտոճանապարհային տեխնիկում
1985-1990 թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ

 

Սահմանադրական փոփոխությունները մտահոգում են քաղաքագետներին ու քաղաքական ուժերին

նախագահի հետ հանդիպումԻնչպես գիտենք, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հանրությանն ու հանրապետության նախագահին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 4-ին, ըստ որի` այդ հանձնաժողովը պետք է մշակեր ու ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Թեև այդ նախագիծը, ինչպես նշեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս նախնական տարբերակն է ու անպայման պետք է դրվի լայն քննարկման` ողնաշարն արդեն տեսանելի է:

Հայաստանում քաղաքական ու կառավարման համակարգի խնդիրների հնարավոր լուծումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում կան խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով, առաջարկվում են հետևյալ մոտեցումները:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ուղղակի ներգրավված չլինի քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական լինի, անաչառ և կատարի առաջին հերթին հաշտարարի ու միջնորդի դեր` ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն:

Հաջորդիվ առաջարկվում է, որ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Ազգային ժողովը, որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը: Այդ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` առաջարկվող փոփոխությունները վատագույն տարբերակն են, քանի որ երկիրը կա՛մ պետք է նախագահական լինի` ԱՄՆ-ի տարբերակով, կա՛մ խորհրդարանական: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի պարագայում ճիշտ չի համարում: «Որովհետև Հայաստանում տևականորեն կուսակցություններ չեն կայանում: Իսկ երբ չկան կուսակցություններ, կուսակցությունների քաղաքական ղեկավարությունն օլիգարխանում է, այդտեղ ուրեմն, ոչ մի լավ բան չի ստացվելու: Ինձ թվում է` նախագահն իր հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն անաչառ է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթի նկատմամբ: Բայց այդպես կլինի՞, թե ո՞չ: Ոչ: Վաղը կարող է ասել, օրինակ` հանգամանքները փոխվել են, մտածելակերպս փոխել եմ: Դա դեռևս ոչինչ չի նշանակում»,- նշեց նա:

Հայաստանում, ասաց Շիրինյանը, ընդհանուր ճգնաժամ է, իսկ մնացած բոլոր քաղաքական գործընթացները` վարչապետի հրաժարական, սահմանադրական փոփոխությունների փաթեթ և այլն, կապված են ավտորիտար ռեժիմի զարգացման ուղիներ որոնելու հետ:

«Ծավալվող պրոցեսները փակուղին խորացնում են, արմատական լուծում չի առաջարկվում: Եթե Հայաստանում, դասական իմաստով, լիներ պոտենցիալով քաղաքական ղեկավարություն կամ շատ հայրենանվեր զինվորականություն, իշխանությունը դիկտատուրայով կսահմանափակեր, ճգնաժամը կհաղթահարեր ու հետո կմտածեր ժողովրդավարության և այլնի մասին»,- նշում է քաղաքագետն ու հավելում, որ ճիշտ կլիներ, եթե նախագահը դուրս գար ՀՀԿ-ից (3-4 տարի է մնում պաշտոնավարմանը), իշխանությունը, առանց ՀՀԿ-ի կողմը նայելու, կենտրոնացներ իր ձեռքերում, կոնսենսուսով գնար առաջ:

Այդ հնարավորությունը, սակայն, Շիրինյանի կարծիքով` չկա. «Հանրապետականն ինքը չի փոխվում, ինչպե՞ս կարող է երկիր փոխել, իսկ ով հենվում է ՀՀԿ-ի ռեսուրսի վրա, ի՞նչ է անելու»:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներն իրենց նախագծում նշում են, թե առաջարկվող համակարգով միասնական գործադիր իշխանություն կլինի` վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը, խորհրդարանի և հանրապետության նախագահի միջև առճակատում չի լինի, քանի որ հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ արբիտր կլինի, պատահական անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում` չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև:

Նշվում է նաև, որ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը, կբարձրանա խորհրդարանի` որպես օրենսդիր և վերահսկող մարմնի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը: Խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը, վերջապես, երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և նվազ չափով անձնավորված:

Քաղաքական ուժերից մեկը` ՀԱԿ-ը, հայտարարեց, որ կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխությունների գործընթացին ու ներկայացված նախագծին և կոչ արեց քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա:

«Կենտրոն» հեռուստաալիքի եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Մոտ երկու տարի առաջ խորհրդարանական կառավարման ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առթիվ հանրային քննարկումներ հրավիրած և օրենսդրական նախաձեռնություն հեղինակած «Ժառանգությունը» ևս կարծում է, որ այս պահին չպետք է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին և քննարկման դնել դրանք:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անձամբ խորհրդարանական համակարգի կողմնակից է, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից: «Առաջարկվածն իրենից կոմունիստական մոդել է ներկայացնում: Նվազագույն դեմոկրատական տեսքը պահվում է, բայց հիմա ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և ըստ էության` գենսեկի կարգավիճակով համակարգ է ձևավորվում: Փաստացի խորհրդային մոդել է, հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ այս համակարգում թե՛ հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ կողմից, թե՛ վարչապետը, որ տեխնիկական բնույթ պետք է ունենա, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ »,- նշեց Բոզոյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոփոխությունների փաթեթը հանրությանն ու նախագահին ներկայացնելու ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018-ին` նախագահական:

Բոզոյանն այս կապակցությամբ շեշտում է, որ սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների կողմից: Իսկ եթե իշխանություններն ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո արդեն կքննարկվի, թե որ համակարգն է ավելի ճիշտ Հայաստանի համար` պառլամենտակա՞ն, թե՞ կիսանախագահական, ու ամենավերջում նոր` սահմանադրական հանրաքվեն:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իր մոտեցումը հայտնի է. «Եվ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս` ես այդպես եմ կարծում»:

Բայց նախագահը նշեց նաև, որ Սահմանադրությունը սերունդների համար է, և անում է առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով, քննարկումների փուլը սկսելուց առաջ էլ պաշտոնապես հայտարարեց, որ անձամբ այլևս չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ Հայաստանում մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս հայտարարության առիթով քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հնչեցրել է սեփական մոտեցումը սեփական ճակատագրի վերաբերյալ, բայց մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Սահմանադրական փոփոխություններից հետո, այո, ստեղծվում է ավելի ուժեղ վարչապետի ինստիտուտ, բայց նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել: Մենք պետք է առնվազն ուրախանանք, որ նա չի ցանկանում երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, և փաստացի դա հայտարարեց: Դրա տակ ինչ-որ բան փնտրել կարելի է, բայց ես ինքս ոչինչ չեմ տեսնում: Չնայած դրա հետ մեկտեղ մի հանգամանք ևս կա. Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի և վարչապետի պաշտոնների մասին, բայց ոչ մի խոսք չասաց ԱԺ խոսնակի պաշտոնի մասին»:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին

սելֆիՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Թումոյի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը, որը նպատակ ունի ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական ՏՏ համայնքին հուզող մարտահրավերները:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ Նախագահն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:

Րաֆֆի Գրիգորյանը Նախագահին ներկայացրել է իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով, դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգևորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:

Ավարտվել են ծառերի էտման աշխատանքները

006Բոլոր վարչական շրջաններում մարտից մեկնարկած ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից: Փողոցներին հարակից մայթեզրյա հատվածներում, զբոսայգիներում ու բակային տարածքներում իրականցված էտը կազմակերպվել է ագրոպահանջներին համապատասխան: Դրանց հիմնական նպատակը ծառերի բնականոն աճն ապահովելն է: Էտման աշխատանքները նաև անվտանգության ապահովման նշանակություն ունեն:

Ընդհանուր առմամբ, վարչական բոլոր շրջաններում էտվել է շուրջ 18 հազար ծառ:

Էտի շրջանակում մայրաքաղաքի որոշ ծառեր, օրինակ գնդաձև ակացիաները, գեղարվեստական ձևավորում են ստացել:

Չորացած և կենսական նշանակությունը կորցրած էտված ճյուղերը  տեսակավորվել և  տեղափոխվել են: Ի դեպ, հավաքված փայտանյութը տրամադրվում է մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համակարգային փոփոխություններ իրականացնելու ՀՅ Դաշնակցության յոթ առաջարկները

հյդՀՅԴ-ն հրապարակել է իր 7 առաջարկները, որոնք անհրաժեշտ են համակարգային փոփոխության համար: Ստերև ներկայացնում ենք դրանք.

  1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի: Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ` բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը և պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը:
  2.  Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի:
  3. Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձևավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ: Ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարի, ինչպես նաև Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:
  4. Հստակ արտահայտված կամք դրսևորել և գործուն մեխանիզմներով տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը,  դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Կադրային քաղաքականության մեջ առաջնորդվել անձի արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներով, պետական կառավարման համակարգում հրաժարվել համատարած կուսակցականացման արատավոր գործելաոճից:
  5. Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեն, միջսերնդային և ներսերնդային համերաշխությունը: Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ և արդյունավետության գնահատման չափանիշ դարձնելով տնտեսական զարացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը, աղքատության կտրուկ նվազեցումը, միջին խավի տեսակարար կշռի մեծացումը և ատագաղթի կասեցումը:
  6. Երկրում արդարության ու վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով ապահովել արդար բիզնես միջավայր, բացառել քաղաքական շարժառիթներով հասարակական և տնտեսական կյանքին միջամտությունը, ոչ բնական մենաշնորհները, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին, քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը:Արագ լուծում տալ լայն հնչեղություն ստացած և ժողովրդին հուզող հրատապ խնդիրներին (օրինակ` պարտադիր կուտակային վճարներ, արագաչափեր, կարմիր գծեր, տրամսպորտի փոխադրավարձ, ԱՊՊԱ սակագին, գյուղատեսության վնասներ, փոքր ու միջին բիզնեսի հարկային դրույքաչափեր և այլն):
  7. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է բխի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: Ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:Ամրագրել, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ մասնակցությունը, կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը: Հարկ եղած դեպքում ԼՂՀ-ի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք:

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 

Անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Օմսկի մարզի ԱԱԾ կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Անկախ

Մուրճեր գողացած Գևորգին հայտնաբերել են

ՄուրճերԱպրիլի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել 1959 թ. ծնված Արմենակ Մ.-ն և հաղորդում տվել, որ Սարատովկա գյուղի հարակից հանքավայրի տարածքից գողացել են հարվածային 2 մուրճ, 2 ձեռքի մուրճ և 10 մ երկարության մալուխ` ընկերությանը պատճառելով մոտ 180.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Գևորգ Ք.-ն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Անկախ

ՕԵԿ-ը պատրաստվում է ընտրություններին. Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյան«ՕԵԿ-ը պատրաստվում է ընտրություններին, նախ` խորհրդարանական, ապա նաև նախագահական» , -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին պատգամավոր  Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ՕԵԿ դուրս գալը կոալիցիայի կազմից: Սակայն նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը, այնուամենայնիվ, իրեն որպես ընդդիմություն չի դրսևորում:

«Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ է կոալիցիա գաղափարին. «Կոալիցիա ստեղծում են պատերազմական իրադրության ժամանակ  և, երբ կա փաստացի իրական, ազգային համախմբում: Հայաստանում այդ իրավիճակը գոյություն չունի»:

Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանը`  Կարինե Հակոբյանը շեշտեց նոր նախարարների նշանակման կարևորությունը. «Հին անուններով փոփոխություն իրականացնել չի կարելի»:

Իսկ Լարիսա Ալավերդյանը խոսեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` ասելով, որ ողջունում է այդ քայլը: «Ես ողջունում եմ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Նա այդպես էլ չդարձավ քաղաքական պաշտոնական անձ: Նա քաղաքական կամքի կրողը չէր: Հովիկ Աբրահամյանն ունի այնպիսի ունակություններ, որ կարող է լինել օլիգարխիկ խոշոր սեփականատերերին համախմբող»: