Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։
Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ Կառավարությունը պատրաստ է քննարկել ընդդիմության առաջարկը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն ծագում են նաև մի շարք խնդրահարույց հարցեր՝ չի՞ տուժի արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել և քննարկել օրենքների նախագծերը: Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային Ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել և դրա հետևանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները:
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել վերջին շրջանում սոցիալական ցանցերում մեծ տարածում ստացած կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն բովանդակող տեղեկատվության տարածումը կանխելու միջոցներ, մասնավորապես՝ լրատվական միջոցների պատասխանատվությունը: Կարևորելով և ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրն, այնուամենայնիվ, արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաև այլ կարևոր միջոցառումների, ինչպիսին է օրինակ՝ «Ռոզ-Ռոթ» սեմինարների շարքը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ Նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը: Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:
|
Սևանից 240 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը հասավ խորհրդարան
Խորհրդարանում քննարկվում էր “Սևանա լճի էկոհոմոկորգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով:
Նրա խոսքով` հատկապես Սև ջուր ջրավազանային տարածքում` շուրջ 29 բնակավայրերի հողատարածքներում, ջրի լուրջ դեֆիցիտ է առաջացել, և այլընտրանքային ռեսոուրսների բացակայությունը ստիպում է կառավարությանը դիմել Սևանա լճին:
Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել, ասենք, 2-3 տարվա համար, ոչ թե հինգ: Անդրեասյանը պարզաբանեց, որ 240 միլիոնը դա ամենամեծ թիվն է, և հնարավոր է, որ բանը դրան չհասնի:
Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց, թե արդյո՞ք հարցը քննարկվել է բնապահպանների հետ, և հաշվի են առնվել նրանց դիտողություններն ու առաջարկները:
Անդրեասյանը պատասխանեց, որ բնապահպանների հետ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ձևաչափերով, բայց, ցավոք, խոսակցությունը մտել է էմոցիոնալ դաշտ: Ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն երկխոսություն միշտ եղել է:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կարևորելով ձկնաբուծությունը որպես շահավետ ու հեռանկարային բիզնես, հարցրեց, թե ինչո՞ւ կառավարությունը նախօրոք չի կանխատեսել այն հետևանքները, որոնք ի հայտ են եկել Արարատյան դաշտավայրի ջրային ավազանում, ինչո՞ւ բիզնեսը համապատասխան ձևով չի կարգավորել և անվերահսկելի է թողել դաշտը:
Պատասխանողի խոսքով` Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգը հնարավոր է, որ միայն պայմանավորված չլինի ձկնաբուծարաններով, քանի որ երկրաբանական խորը ուսումնասիրություններ դեռևս արված չեն: Ինչ վերաբերում է կառավարության կողմից ոլորտի վերահսկմանը, ապա նա հավաստիացրեց, որ ոլորտը կարգավորման դաշտում է, պարզապես որպես լիբերալ տնտեսության ուղենիշի կրող, կառավարությունը որոշակի սահմանից սկսած ազատ է թողել տնտեսվարողներին: Այնուամենայնիվ, Անդրեասյանը վստահ է, որ այժմ տարվող միջոցառումները` ուղղված Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կարգավորմանը, դրական արդյունք են տալու:
Ջրամբարների կառուցման անհրաժեշտության հարցը բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ասելով. «Վախենամ, հենց մենք քվեարկենք, հինգ տարի ոչ մի ջրամբար չկառուցվի, և հինգ տարի հետո նորից գաք, ասեք` Սևանից ջուր է պետք բաց թողնել»:
Պատասխանողը հայտնեց, որ երկու ջրամբարների նախագծային աշխատանքները սկսված են, իսկ Եղվարդի ջրամբարը նախանախագծային փուլում է:
Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ջհանգիրյանին հուսադրեց. «Ես խոսել եմ Հանրապետության նախագահի հետ, պարոն Ջհանգիրյան, այդ ջրամբարները ՀՀ նախագահի վերահսկողության տակ են իրականացվելու»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ խիստ կասկածեց, որ առաջիկա հինգ տարում այդ ջրամբարների ծրագրերը կյանքի կկոչվեն: Փոխարենը նա առաջարկեց գումարները ծախսել ոչ թե մեծ ու անիրականանալի խնդիրների ուղղությամբ, այլ գոնե փոքր խնդիրների լուծման:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Արարատյան դաշտավայրում ապօրինի ձկնային տնտեսություններ կառուցած և դաշտավայրի ջրային ավազանը վնասած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: «2007 թվականից էդ պրոցեսը սկսված է: Ես զարմանում եմ, էդ փաստերի առթիվ որևէ քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ն ձերբակալվածներ: Հիմա ձեր իսկ կողմից թույլ տված հանցագործությունը կոծկելու համար դնում, Սևանից հերթական ջուրն եք բաց թողնում: Եթե մարդիկ պատասխանատվություն չկրեն, Սևանն էլ նույն հաջողությամբ կցամաքեցնեք»:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ ձկնաբուծարանների սեփականատերերի մեծ մասն այս դահլիճում և ԱԺ նախագահությունում նստած է:
Այնուհետև, մեջբերելով Հովիկ Աբրահամյանի խոսքը, թե ինքը խոսել է Հանրապետության ղեկավարի հետ, և այդ ջրամբարների կառուցումը նրա վերահսկողության տակ է, Փաշինյանն ավելացրեց. «Լեզվի տակ ոսկոր չկա, դուք նաև ասում էիք` էն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, պիտի հրաժարական տա, ձեր ասածի մեջ գյոլ չկա…»:
«Ձեր լեզվի տակ էլ փուշ չկա, ինչ ուզում ասում եք»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:
Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյայի աշխատանքների ավարտի պատճառով և կշարունակվի արդեն ապրիլ ամսին:
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:
Այնուհետև ՀՀ վարչապետը և «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը և նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը:
Քննարկվել են Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ֊ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի մասում` անձրև:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն
ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել
Մարտի 27-ին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:
Երևանի պետական համալսարան այցելած պատվիրակության կազմում էին Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը, Ուսումնական հարցերով պրոռեկտոր տիկին Ֆիրյալ Բու Ռաբիան, Բժշկագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ադել Այեդը, աշխատակազմի ղեկավար Մուհամմադ ալ-Սուլեյմանը և ռեկտորի խորհրդական Մուհսեն ալ-Մուալլիմը:
Քուվեյթի պատվիրակությունը Հայաստան է ժամանել միջբուհական համագործակցության, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները քննարկելու համար:
Մինչ քննարկումներին անցնելը կողմերը վերակնքեցին երկու բուհերի միջև գործող համագործակցության պայմանագիրը և պարտավորվեցին աշխատանքային պայմանագրերի միջոցով կյանքի կոչել այն:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ Մայր բուհի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի համալսարանի հետ համագործակցության վերականգնմանն ու զարգացմանը:
Արամ Սիմոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ պատմության, միջազգային համագործակցության, ուսումնական ու գիտական գործընթացների, ինչպես նաև մշակութային և ուսանողական կյանքից:
Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը նույնպես խոսեց իրենց երկրի գլխավոր բուհից և վստահություն հայտնեց, որ երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքները գոհացնող կլինեն:
Հարկ է նշել, որ Քուվեյթի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմությունի ունի, մասնավորապես արաբագիտության ոլորտում: Արդեն մի քանի տարի է, ինչ համալսարանական արաբագետ ուսանողները կրթություն են ստանում Քուվեյթի համալսարանում:
Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ Քուվեյթի համալսարանի ղեկավարությունը միշտ գոհունակությամբ է խոսում հայ ուսանողների մասին՝ ընդգծելով նրանց ընդհանուր գիտելիքների և մասնավորապես արաբերենի իմացության բարձր մակարդակը:
Նախատեսվում է համալսարանների միջև ծավալված համագործակցությունը հետագայում ներառելու է նաև բնագիտական ոլորտները. «Քուվեյթի համալսարանի բնագիտական ֆակուլտետները բավականին հզոր են ոչ միայն գիտելիքների, այլև լաբորատոր սարքավորումների տեսանկյունից»:
ԵՊՀ ռեկտորը հավելեց նաև, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը հետաքրքրված է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտնականների փոխանակման ծրագրերով:
«Քուվեյթի համալսարանն Արաբական ծոցի երկրներից ամենահզոր կրթական կենտրոններից է, որը և՛ կադրային, և՛ տեխնիկական ռեսուրսներով բավականին հագեցած է: 40.000-ից ավելի ուսանող ունեցող բուհում դասավանդում են հրավիրյալ հայտնի պրոֆեսորներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ուստի մենք շահագրգրված ենք, որ այս համագործակցությունն էլ առավել ամրապնդվի ու զարգացում ունենա, քանի որ դրա միջոցով մենք կապ կհաստատենք Արաբական ծոցի այլ երկրների կրթօջախների հետ»,- ամփոփեց Արամ Սիմոնյանը:
Հանդիպման վերջում կողմերը միմյանց հուշանվերներ ու տեղեկատվական բուկլետներ հանձնեցին:
Արջուտ գյուղում տնակ է այրվել
Մարտի 26-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արջուտ գյուղում տնակ է այրվում:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1927 թ. ծնված Ղուշիկ Հ.-ի տնակի մոտակայքում չոր խոտածածկույթ է այրվել, որտեղից կրակը տարածվել և այրվել է նաև տնակը:
Հրդեհը մարվել է ժամը 16.30-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Նյութերով զբաղվում է Լոռու մարզային հրդեհային տեսչությունը:
«ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր». նամակ ՄԱԿ-ին
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները, սիրիահայերը և Երիտասարդ ուսանողների միության ներկայացուցիչները այսօր նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` ի պաշտպանություն քեսաբահայության և ի դատապարտում Թուրքիայի ագրեսիայի: Ակցիայի մասնակիցների ձեռքին «Թուրքիա դուրս արի Քեսաբից», «ՄԱԿ մի՜ լռիր» գրառումներով պաստառներ կային: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Քեսաբ հայահոծ տարածքի վրա Թուրքիան երեք անգամ ոտնձգություն է կատարել՝ 1909, 1915 թվականներին և հիմա:
«Թուրքիայի այս երեք գործողությունները միտված են ոչնչացնելու Քեսաբի հայ բնակչությանը: Թուրքիան շարունակում է հայերի ցեղասպանությունը: Միջազգային հանրությունն իր կրավորական կեցվածքով, անտարբերությամբ, լռությամբ սատարում է Թուրքիայի հակահայ քաղաքականությանը, խրախուսում է Թուրքիային՝ շարունակելու ցեղասպանությունը: ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր»,- ասաց Գերասիմ Վարդանյանը՝ պահանջելով միջազգային հանրությունից համապատասխան գնահատական տալ, միջամտել և պահանջել Թուրքիայից՝ զերծ մնալ պատերազմի հրահրումից, հակահայկական գործողություններից: Ելույթով հանդես եկան նաև քեսաբահայ երիտասարդներ և շահագրգիռ այլ անձինք, որից հետո նակամը հանձնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնյային:
Մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակում է սկսվել Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:
Մարմնական վնասվածքներ պատճառողներից մեկը ներկայացել է ոստիկանություն, մյուսը որոնվում է
Մարտի 25-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Արտակ Հ.-ն:Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ ժամը 19.40-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 9 շենքի բակում երկու անծանոթ տղամարդիկ ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն` դեմքի և որովայնի մասում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 26-ին 1971 թ. ծնված Վարդան Ա.-ն (օտարերկրյա քաղաքացի) ներկայացել է բաժին և խոստովանել, որ Արտակ Հ.-ին վնասվածքները պատճառել են ինքը և 1984 թ. ծնված Վահե Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահե Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տրանսպորտային միջոցներ է ստանում
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվել են ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ճանապարհային ոստիկանության ծառայություն և ՀՀ բանկեր առցանց ռեժիմով փոխադրամիջոցների համար գույքահարկի հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ տեղեկության տրամադրման ձևը և ժամկետը: Ակնկալվում է, որ որոշման գործադրմամբ կվերանա կամ հնարավորինս կնվազի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաև կկանոնակարգվի այդ գումարների ծրագրման և հավաքման գործընթացը: Ըստ որոշումներին կից տեղեկանքների դրանց ընդունմամբ իրավական այլ ակտերում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում՝ նույնպես, իսկ սահմանված դրույթներն համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒԱԶ 31519» մակնիշի տրանսպորտային երկու միջոցը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որն զբաղվում է քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական, կենցաղային ոլորտի բարելավմանն ուղղված գործունեությամբ:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Անկախ
ՀՀ գլխավոր դատախազն ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը
Մարտի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը դատապարտվել են 12 տարի ազատազրկման: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանում վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպը` այսօր կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Հարսնաքար»-ի գործով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն` արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասի՞ն, թե՞ ոչ»:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը: Հարցին` արդյո՞ք քրեական դատավարության մասին նոր օրենսգրքով առաջարկվող նախաքննական ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը չի նպաստի նախաքննական մարմնի կողմից ճնշումների ավելացմանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտի ներդրումը կարող է որևէ մեկի մոտ, հատկապես մասնագիտությամբ իրավաբանի, նման ընկալման հիմք հանդիսանալ: Նման բան չկա»:
Բալասանյանը փակում է Ղուկասյաններին պատկանող ևս մեկ երթուղի
Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետն այսօր մարզային ոստիկանության պետի աջակցությունը հայցեց, քաղաքի 22 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսների պայմանագիրը լուծարելու գործում:
«Քաղաքապետի՝ թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու պայմանագիրը լուծելու մասին որոշումն ուղարկել ենք ձեզ: Որոշման հիմք է հանդիսացել «Սրընթաց ուղիներ» ՓԲԸ-ի կողմից կառավարության թիվ 762 որոշմամբ հաստատված կարգի խախտումները, մասնավորապես՝ 65 և 67 կետերը: Այսինքն, մրցույթով անցած մեքենաների քանակն այսօր 50 տոկոսով պակաս է պահանջվածից: Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն և կարելի՞ է ակնկալել մարզային ոստիկանության աջակցությունը՝ խնդիրը հարթ լուծելու նպատակով», – հարցրեց մասնագետը:
Ինչին ի պատասխան Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Վադարյանը խոստացավ. «Համ ուսումնասիրել եմ, համ պատրաստակամ եմ. քաղաքապետի հետ քննարկել ենք հարցը: Գծերը, աշխատանքները սպասարկող ոլորտները, որոնք չեն համապատասխանում օրենքին, կառավարության որոշումներին, ազգաբնակչության պահանջներին և տեղի ինքնակառավարման մարմինների որոշումներին, մոտեցումներին հակառակ են գործում, միանշանակ, մենք պատրաստ ենք բոլոր այդ խնդիրներին՝ մեր գործառույթների սահմաններում, ապահովել կարգուկանոն, ձեռնամուխ լինել և խնդիրները լուծել: Դա խնդիր չէ, մեր համատեղ աշխատանքն է, որն անընդհատ լինելու է»:
Հավելենք, որ թիվ 22 համարը սպասարկող երթուղին պատկանում է Ղուկասյան ընտանիքին, իսկ բոլորովին վերջերս, նրանց ևս մեկ երթուղի՝ թիվ 20 համարը, նորից քաղաքապետի հրամանով դադարեցրեց իր գործունեությունը: Այս երկու երթուղիների համար կազմակերպվելու են նոր մրցույթներ և բերվելու են հարկային դաշտ. նշենք, որ այս երթուղիների համար Ղուկասյանները համայնքային բյուջեում վճարումներ չեն կատարել:
Մինչեւ 2017թ.-ը Հայաստանում նախատեսվում է ստեղծել 60 000 նոր աշխատատեղ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը: Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, երկարաժամկետ այս ծրագիրն ունի երեք խոշոր նպատակ: Ըստ նախարարի` ծրագրի հիմնական նպատակներից է զբաղվածության խթանումը` բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: «Նախատեսվում է մինչեւ 2017 թվականն ունենալ շուրջ 60 000 նոր աշխատատեղ»,-ասել է Վ.Ավանեսյանը:
Բացի այդ, ծրագրով նախատեսվում է նվազեցնել աղքատությունը: «Ծրագրի երկրորդ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, պետական եկամտային քաղաքականության միջոցով շարունակաբար նվազեցնել աղքատությունը: Աղքատության նազեցման ցուցանիշները ծրագրում նույնպես թիրախային են ներկայացված »,-ընդգծել է նախարարը:
Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները:
«Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն իրականացնելու համար համապատասխան քայլեր չեն արվում». բնապահպան
Հայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքներին բավական իրազեկ են պատկան մարմիններն ու համապատասխան ղեկավարները: Բոլորն էլ տեղեկացված են, քանի որ մի քանի գիտական աշխատություններ կան` նվիրված Դեբեդ գետի, Ախթալայի հանքավայրի ուսումնասիրություններին, հայտնի է, թե ինչպիսի նյութեր են այնտեղ հայտնաբերված` մանգան, պղինձ, ցինկ, և սահմանային թույլատրելի նորմերից որքան բարձր են: Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:
«Բնապահպանության նախարարությունը եկել է հանդիպման, ու նախարարության ներկայացուցիչը տեղյակ չէ ոչ մի խնդրից: Միայն անտարբեր, տգետ, անգրագետ մարդը կարող է նման վերաբերմունք ցուցաբերել հայրենիքի հանդեպ: Հանքարդյունահանման համար դրսից եկած բիզնեսմենները պարզ է, որ այստեղ փորձում են շահույթ հետապնդել: Ես բնապահպանության նախարարին էլ եմ ասել, որ ամեն ինչ է, բացի Բնապահպանության նախարարից, որովհետև դուք չեք հասկանում` բնապահպանությունն ինչ է,- ասաց Սիլվա Ադամյանը:
Ըստ բնապահպանի` փաստացի չի աշխատում նաև բնապահպանական տեսչությունը, ոչ մի տեսուչ պատրաստ չէ հակամարտության մեջ մտնել հանքի տիրոջ հետ, գալիս են լուռ, հանցավոր համաձայնության:
«Չգիտեմ, թե պետությունն ու կառավարությունը, երկրի նախագահը ի՞նչ պետք է անեն, ինչ լծակներ պետք է օգտագործեն այս իրավիճակը շտկելու համար, այլապես մեր բոլոր ելույթներն ու նախաձեռնություններն իզուր կանցնեն»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Պատասխանատու հանքարդյունաբերությունը, թեև գիտականորեն կարելի է հիմնավորել, բայց Սիլվա Ադամյանի հավաստմամբ, Հայաստանում այն իրականացնելու համար համապատասխան քայլեր չեն արվում:
«Ես կոչ եմ անում մեր բոլոր պատկան մարմիններին` լուրջ վերաբերվել այս խնդիրներին, սա առաջին կոչը չէ, երկրորդը չէ, անընդհատ նման կոչեր արվում են»,- ասաց բնապահպանը:
Դ!ԵՄ ԵՄ – Լուռ ակցիա Սահմանադրական դատարանի մոտ
Մարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա:
Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:
Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:
Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:
Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի և հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց և որևէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:
Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
«Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է». Նաիրա Զոհրաբյան
Բարձրագույն և հետբուհական կրթության մասին կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ելույթ ունենալով` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը»:
Հիշեցնենք, որ երեկ այս նախագծի քննարկման ժամանակ վիճաբանությունէր ծավալվել Նաիրա Զոհրաբյանի և Արմեն Աշոտյանի միջև, և նրա քննադատությունը միտված էր հենց վերջինիս:
«Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ ճիշտ կլինի գոնե աշխատեք, որ Ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածը հերքել չեմ կարող»,-հավելեց պատգամավոր Զոհրաբյանը,-չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ, օրինակ, երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են սխալ լինել: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ինքնուսույցներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց: Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է: Դատելով որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից` նրա դեմ պատվաստումը դեռևս գտնված չէ, առողջ եղեք»:
Այս ելույթից հետո խորհրդարանիի նախագահը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Հանրությանը շեղում եք, այլ հարց ենք քննարկում: Հանրությունն է, որ Ձեր խոսքերին դիմանում է` ձեր կարկառուն մտքերին»:
Յուրի Վարդանյանի կոչը լրատվամիջոցներին
Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթից` 2014 թվականի մարտի 21-ին ստացված զանգին, ըստ որի, իբր, նախարարությանը սպորտդպրոցներից ամսական գումարներ են փոխանցվում (որը նախարարության կողմից պաշտոնապես հերքվել և հերքվում է) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Յուրի Վարդանյանն այդ օրերին գտնվում էր հանրապետությունից դուրս ու նոր է ծանոթանում լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներին, ցանկանում ենք հայտնել նախարարի կարծիքը նմանատիպ հարցերի վերաբերյալ:
Յուրի Վարդանյան. «Հարգելի՛ լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որևէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետևողական եղե՛ք բացահայտելու և պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՛ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ և մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:
Նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան

