Դանակահարություն` Կապանում
Մարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
Նոր օրինագիծը «սպառնում» է դրական ազդել ՏՏ ոլորտի զարգացման վրա
Անցյալ շաբաթ կառավարությունն աննախադեպ քայլ արեց` հավանության արժանացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՏՏ ոլորտի մինչև 15 աշխատակից ունեցող և սկսնակ ձեռնարկություններին պետական աջակցություն ու հարկային արտոնությունների տրամադրում:
Հայաստանում առաջին անգամ հարկային ռադիկալ արտոնություն է սահմանվում
Ըստ նոր օրինագծի` ՏՏ ոլորտում սկսնակ ձեռնարկություններին, որոնք ունեն ոչ ավելի, քան 15 աշխատող, տրամադրվելու է պետական աջակցություն երկու ուղղությամբ: «Մեկը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին: Ներառվում են նաև ներդրումային ծրագրերը` դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, միասնական վենչուրային հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրեր: Երկրորդը վերաբերում է հարկային արտոնություններին` ՏՏ սկսնակ ձեռնարկությունները կստանան շահութահարկի արտոնություն, շահութահարկը սահմանվելու է 0 տոկոս, նաև եկամտահարկի արտոնություն, որի համար սահմանվելու է 10 տոկոս ֆիքսված դրույքաչափ»,- հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Հարկային արտոնությունները տրվելու են 3 տարով: Օրինագիծը նույնպես ժամանակավոր է, նախատեսված է, որ պետք է գործի մինչև 2020 թ.: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նոր օրինագծի կապակցությամբ նշեց, որ այն 7- 8 տարի առաջ` 2000-ականների սկզբներին պետք է ընդունված լիներ, երբ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների «բում» էր, և ՏՏ ոլորտում Հայաստանը հիմա ավելի լուրջ արդյունքների հասած կլիներ: Թեև ուշացումով, բայց օրինագիծն արդեն շրջանառության մեջ է, ու վերջնական ընդունումից հետո միայն կերևա, թե ինչպես կաշխատի:
«Սա ոլորտի համար ամենակարևոր բաներից մեկն է: Ոլորտի աճը երկու հիմնական հանգամանքից է կախված`մեկը որակյալ մասնագետների առկայությունն է, և երկրորդը ձեռներեցներն են, այսինքն` որոնք կազմակերպում են պատվերների հոսքը: Եվ առաջարկված օրենքն ուղղված է ձեռներեցներին խրախուսելուն, որպեսզի նոր ձեռներեցներ ի հայտ գան: Ու
դա շատ կարևոր է»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Այս նոր օրինագծից կառավարության ակնկալիքն այն է, որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ ապրեն: Սակայն ՏՏ ընկերությունների համար համաշխարհային մրցակցությունը շատ խիստ է: Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ տարբեր երկրներ աջակցության ու արտոնությունների տարբեր սխեմաներ են կիրառում, որպեսզի այս ոլորտում իրենց երկիրը համարվի գրավիչ: Հայաստանում այս նախաձեռնությամբ ակնկալվում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան ստեղծվեն 40-60 սկսնակ ձեռնարկություններ ու գործունեություն ծավալեն: Դրանց հիմնական նպատակը լինելու է այս ոլորտում ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը:
«Ակնկալում ենք նաև, որ այստեղ լինելու են այն ձեռնարկությունները, որոնք ՀՀ-ն կնախընտրեն այլ պետություններից, ու որոնցում կաշխատեն հիմնականում հայաստանցի աշխատողներ: Մենք չենք կարծում, որ Հայաստանում ֆորմալ գործող ձեռնարկությունները հնարավորություն կունենան այս արտոնություններից օգտվելու»,- ասաց նախարարը: Նա նշեց նաև մի կարևոր հանգամանք. ՏՏ ոլորտի արտադրանքը բնույթով շարժունակ է, արագ տեղաշարժվում է երկրից երկիր, և ամենակարևորն այն է, որ գործունեության 3 տարիների ընթացքում այդպիսի նորաստեղծ ձեռնարկությունները կա՛մ ցույց են տալիս արդյունք, կա՛մ ոչ:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, թե՛ ՀՆԱ-ի աճի կարևոր գործիքներից է, դա է վկայում Իսրայելի, Հոլանդիայի, Սինգապուրի փորձը:
«Ես կարծում եմ, որ կստեղծվեն ոչ թե տարեկան 40-60 ձեռնարկություններ, այլ ավելի շատ: Միգուցե առաջին տարին 40-50 կլինեն: Բայց ես կարծում եմ, որ 1-2 տարի հետո տարեկան մոտ 100 նորաստեղծ ձեռնարկություններ առաջ կգան»,- նշեց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ իրենց վերաբերմունքը այս օրինագծի վերաբերյալ շատ դրական է, մնում է սպասել, որ երիտասարդները նպատակ դնեն իրենց առջև, ձեռնարկություններ ստեղծեն, կարողանան լուծումներ գտնել, այդ լուծումները ճիշտ ներկայացնել, ճիշտ վաճառել:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այս պահին իր զարգացածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկություններով, իր հարաբերական առավելություններով գրավի իր հատուկ տեղը»,- կառավարությունում օրինագծի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա կարծիքով` օրենքի այս նախագիծը, այլ գործիքակազմի հետ միասին այդպիսի նախադրյալներ է ստեղծում: Վարչապետը մասնավորապես հիշատակեց վենչուրային հիմնադրամը, որի միջոցները նույնպես կարող են ուղղվել սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: «Մենք այսօր, ձեզ հետ միասին, բացառիկ հնարավորություն ենք ստեղծում այդ ոլորտի համար` ազատելով բոլոր տիպի հարկերից, թողնելով միայն եկամտահարկ` ֆիքսված 10 տոկոսով, ազատելով շահութահարկից: Դա լրջագույն խթան է լինելու start up-ների համար: Այս ոլորտում, կարծում եմ, կապահովվի նաև նոր առաջընթաց»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նոր օրինագծի թեր ու դեմ կողմերը
Իհարկե, այս դաշտում ռադիկալ փոփոխություններ են նախատեսվում, որ անկասկած դրական են, եթե կիրառվեն: Այս կարգի փոփոխություններով զարգացել է, օրինակ, Հնդկաստանի Բանգալորի գոտին, Հնդկաստանի ազատ տնտեսական գոտին, որտեղ վերջին 10 տարիներին ՏՏ ընկերությունների բում է:
«20-25 տոկոս եկամտահարկը փաստորեն իջնում է 10 տոկոսի, 25 տոկոս շահութահարկը զրոյացվում է, դա աննախադեպ բան է»,- ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Բացի հարկային արտոնություններից, ոլորտի սկսնակ ձռնարկություններին նախատեսվում է տրամադրել նաև նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն: Վահրամ Ավանեսյանն ասաց, որ կառավարության որոշմամբ հաստատված ծրագիր կլինի, որի համաձայն` կտրամադրվեն դրամաշնորհներ: Բացի այդ, կառավարությունն այսօր էլ իրականացնում է դոնորական մի շարք ծրագրեր, որոնցում նույնպես կան դրամաշնորհների տրամադրման գործիքներ: Այսօր ստեղծված է նաև վենչուրային հիմնադրամ, և ակնկալվում է, որ այդ հիմնադրամը ևս հետաքրքրված է լինելու այս ձեռնարկություններում ներդրումներ կատարելու հարցում: Դա, իր հերթին, խթան կարող է դառնալ կրթական, ֆինանսական, տնտեսական սեկտորների համար, քանի որ երբ մի ոլորտում ներդրումներ անելը դառնում է գրավիչ, միայն վենչուրային հիմնադրամները չէ, որ կարող են ակտիվ լինել, կարող են նաև ներդրումային հիմնադրամներ ձևավորվել, բանկերը ևս կարող են ակտիվանալ այս ոլորտում:
Տնտեսագիտական տեսանկյունից արտոնություն տալ մի հատվածի, նշանակում է այդ հատվածը դնել ջերմոցային պայմանների մեջ: Բայց քանի որ սա համակարգային` ենթակառուցվածքային ոլորտ է, կարող է նաև խթանել ավանդական հատվածներին: ՏՏ ոորտի ծառայությունների գները կիջնեն, քանի որ եթե հարկերը նվազեցվում կամ զրոյացվում են, շահույթները չեն հարկվում կամ քիչ են հարկվում, ոլորտի ծառայությունները պետք է էժանանան:
Այսօր այս ոլորտում զբաղվածների թիվը մոտ 4-5 հազար է: Ատոմ Մարգարյանը կարծում է, որ առաջիկա 2-3 տարիներին այդ թիվը կարող է եռապատկվել, եթե խաղի կանոնները չփոխվեն, եթե այս որոշումն ու փոփոխությունը կոնյուկտուրային չեն: Որովհետև կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակտիվ բողոքողները հիմնականում բարձր տեխնոլոգիական սեկտորի ներկայացուցիչներն են, որոնք նույնիսկ սպառնում են, թե կհեռանան Հայաստանից:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նոր օրինագիծը «Դեմ եմ կուտակայինին» շարժման մասնակիցների ֆինանսական կորուստները փոխատուցելու և նրանց «կողմ» դարձնելու միտում ունի, էկոնոմիկայի նախարարը նշեց. «Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն, որով «Դեմ եմ» շարժումը «կողմ» լինի, ապա ես կարող եմ պնդել, որ, այո, դրա համար ենք անում: Իսկ եթե ավելի լայն տեսանկյունով նայենք հարցին, ապա չեմ կարծում, թե այստեղ լինելու է այդ հնարավորությունը, որ ՏՏ ոլորտի այսօրվա աշխատողները, որոնք բարձր աշխատավարձեր ունեն ու աշխատում են տարբեր ընկերություններում, միանգամից սկսելու են իրենց ընկերությունները ստեղծել»,- ասաց Վահրամ Ավանեսյանը` ակնարկելով, որ այս քայլը «դեմ եմ»-ին «կողմ» դարձնելու համար չէ այնուամենայնիվ:
Շատ դժվար է ՏՏ ոլորտը վերահսկել այնպես, ինչպես ավանդական ոլորտները, ուստի այս ոլորտում ստվերը բավական մեծ ծավալներ ունի: Այս փոփոխությունների արդյունքում հավանական է, որ մի զգալի հատված դուրս կգա ստվերից: Ի վերջո, ստվերում գործելն իր բացասական կողմերն ունի. ստվերում գործողները չեն կարող լեգալ վարկային ռեսուրսներ ներգրավել, լեգալ իրավական պաշտպանություն ունենալ և այլն:
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կան այնպիսի խմբեր, որոնք այսօր ոչ ֆորմալ դաշտում են գործում, իրենց արտադրանքը ստեղծելու համար գործում են այն երկրներում, որտեղ այս դաշտում համապատասխան արտոնություններ կան: Ուստի, այս նոր օրինագծով այդ խնդիրը ևս լուծելու հնարավորություն կլինի:
Մի քանի հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Իսկ եթե արդեն իսկ գործող խոշոր ընկերությունները տրոհվեն ու հարկային արտոնություններից օգտվելու համար վերաձևակերպվե՞ն որպես սկսնակ ձեռնարկատերեր: Ինչպե՞ս են բացառվելու աութսորսինգն ու մանր` նորաստեղծ ընկերությունների միջոցով խոշոր ընկերությունների համար «հարցեր» լուծելու երևույթները:
«Այս ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը տրամադրվելու է ստեղծված հանձնաժողովի կողմից, որտեղ լինելու են 3 պետական ներկայացուցիչներ և 2 տվյալ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի դրանից` այս ընկերությունները պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Օրենքով նախատեսված է նաև այս ոլորտում գործող ձեռնարկությունների ռեգիստր, բացի այդ, լինելու է ռեեստր, որտեղ հնարավոր կլինի տեսնել այն աշխատողներին, որոնք աշխատում են և՛ այս ձեռնարկությունների համար, և՛ այս արտոնություններից չօգտվող ձեռնարկությունների համար:
«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:
Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:
<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:
«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:
Տեսախցիկն արձանագրել է խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակողին. արձագանքե՜ք, ճանաչողներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 20-ին, ժամը 12.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 20-ին, ժամը 09.15-ին, Երևանի Ավանի 4-րդ և Դ. Մալյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Սարալանջ փողոցից Ավետիսյան փողոց և Ազատության պողոտա տանող ճանապարհին «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատար և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Օմեգա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ
Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար
31 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:
Կաթ գնելու գնացած երիտասարդի գայթակղությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ՃՏՊ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության` 5, յուրացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տեսախցիկը արձանագրել է բանկից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իշխանություններից պետք է պահանջել հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները». Հայկազուն Ալվրցյան
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի դիտարկմամբ` ներկայումս ասպարեզում եղած բոլոր հարցերը սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ: Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական:
Նրա խոսքով` հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չարաբաստիկ արձանագրություններն օգտագործվելու են Հայաստանի դեմ: Թուրքիան հայտարարելու է, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կասկածի տակ է դնում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը:
«Ահա թե ինչու, պետք է պահանջել իշխանություններից՝ հետ կանչել այդ փաստաթղթերը: Իշխանությունները բազմիցս համոզված լինելով, որ այդ արձանագրությունները սպառել են իրենց, միևնույն է՝ հետ չեն կանչում դրանք»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Թուրքիայում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներառմամբ այդ երկիրը ցույց է տալու աշխարհին, որ հանդուրժողաբար է տրամադրված նրանց նկատմամբ:
«Հատկանշականն այն է, որ առաջադրված հայ թեկնածուների շարքում երկուսն աչքի են ընկնում թուրք-ազգայնական հայացքներով»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում բարձրանում է նաև Հայաստանի դերը:
«Ինձ թվում է` լավ երգն այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի». Արամ MP3
«Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթին Արամ MP3-ի «Not alone» երգը մեծ շանսեր ունի հաղթելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ հաղթանակի շունչը զգացել է ոչ միայն youtube-ում դիտումների քանակից, բուքմեյքերական ընկերությունների վարկանիշներից, այլ եվրոպացիների վերաբերմունքից։
«Եզակի տարիներից մեկն է, որ քիչ, թե շատ զգում ենք հաղթանակի շունչը` չնայած դեռ շատ աշխատանքներ կան անելու։
Արամ MP3-ի ցանկությունն է բարձր հորիզոնականներ գրավել: «Ելնելով վարկանիշային գործակիցներից, յութուբյան դիտումներից ու արձագանքներից, ինձ թվում է, առաջին հնգյակում կհայտնվենք»,- ասաց նա։
Արամ MP3-ին իր հիմնական մրցակիցն է համարում Հունգարիային, որի մասնակցի ձայնն իրեն դուր է եկել։
Անդրադառնալով երգի ոչ ստանդարտ կառուցվածքին, նշեց, որ իրենք առաջինը չեն, որ նման ոճի երգ են ստեղծել։ «Կան համաշխարհային շատ հիթեր, որ նման կառուցվածք ունեն, ունեն սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ, եթե խոսքը գնա պարային երգի մասին, ապա պետք է լիներ տուն, կրկներգ, տուն ու նորից կրկներգ։ Մեր դեպքում երգը հանգիստ է, բռնկվում է, հետո կրկին հանգստանում է։ Մեր հերոսները մեղադրում են իրար, հետո՝ իրենք իրենց, հետո արդեն գիտակցում, թե ինչն է թանկ իրենց համար»,- ասաց երգիչը` հավելելով, որ արձագանքները ցույց են տալիս, որ չեն սխալվել։
Երգիչը համամիտ չէ նաև այն մտքի հետ, որ երգում բացակայում են հայկական տարրերը: Նրա խոսքով` երգի սկզբնամասում՝ դաշնամուրային հատվածում, հայկական ժողովրդական երաժշտությանը մոտ տարրեր կան։ Մի փոքր հայկական ակցենտ կա։
Արամ MP3-ի խոսքով` մրցույթին գերակշռում են բալլադային երգերը, իսկ քաղաքականության շրջանակներում չի ուզում կանխատեսումներ անել։ «Եկեք չքաղաքականացնենք։ Ինձ թվում է` լավ երգն այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի»,- ասաց երգիչը։
Իսկ թե ի՞նչ կտեսնի հանդիսատեսը բեմի վրա, նրանց երկրորդ անակնկալն է։ Երգիչը միայն նշեց, որ բեք-վոկալ չի լինելու, քանի որ նախ տեղ չկա, հետո էլ ինքը մենակ է ուզում ցույց տալ իր ողջ հնարավորությունները։
Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում։
Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։
Դոլարի գինը բորսայում՝ 414,25 դրամ
ԼՂՀ վարչապետ. «Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն»
«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա եւ միջազգային հանրությունը կճանաչի եւ Արցախի ինքնորոշումը, եւ նրա անկախ պետականությունը»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում պատասխանելով գյուղացիների այն հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք ողջունում ենք բոլորի ինքնորոշումը: Կարճաժամկետ տիրույթում ճանաչումը գուցե ավելի կարեւոր է մյուսների համար, բայց Արցախի ընտրած ճանապարհն ավելի ճիշտ է,-ասել է Արա Հարությունյանը: Այս փուլում, ըստ ԼՂՀ վարչապետի, ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարեւոր չէ, առավել կարեւոր է «ճիշտ պետական շինարարությունը, ճիշտ երկիր կառուցելը»:
ԼՂՀ վարչապետը կարծում է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն: «Ստանդարտները երկակի չեն, բազմակի են, եւ դա շահեկան վիճակում է դնում Արցախին: Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին»,-ասել է Արա Հարությունյանը լրացնելով.-«Այսօր ամենակարեւոր գործոնը ուժի գործոնն է: Արցախի այսօրվա ստատուս-քվոն եւ զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ եւ երկրի տնտեսական զարգացմամբ: Պետք է շարունակել այդ ուղղությամբ արդյունք տալ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր, երկրի զարգացում ապահովել: Մեր հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից»։
Մարտական խնդիր կատարելիս զինվոր է զոհվել
Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է
2014 թվականի մարտի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3312.64 –ի դիմաց ,արտահանվել է 11406.03 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին Անկախին տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարությունից:
Այն հիմնականում առաքվել է ՝Վրաստանի Հանրապետություն- 8815.58 տոննա, Ռուսաստանի Դաշնություն- 2486.97 տոննա, Իրաք- 66.72 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ – 36.60 տոննա, Ուկրաինա- 0.16 տոննա:
Արգենտինահայ կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով
Մարտի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած երգերի կատարումով հանդես եկան Դանիել Դերեն, Մարալ Թորիկյանը և Արդո Կալջյանը, ցուցադրվեցին մի շարք հատվածներ մաեստրոյի ղեկավարած երգչախմբերի համերգներից։
Իր ելույթում դեսպան Մելիքյանը, բարձր գնահատելով մաեստրոյի անցած ստեղծագործական երկար ուղին, ընդգծեց, որ այն ևս մեկ ապացույցն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, նվիրվածության ու ջանադիր աշխատանքի, ապրելու և արարելու մեծ ձգտումների։ Այնուհետև, ՀՀ դեսպանն ընթերցեց ՀՀ անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ Ժան Ալմուխյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և հանդիսավոր պայմաններում մաեստրոյին հանձնեց բարձր պարգևը։ Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին նման գնահատականի արժանանալու համար՝ Ժան Ալմուխյանը նշեց, որ այսուհետ ևս հանձնառու է շարունակել իր հայրենանվեր ծառայությունը հայ արվեստի զարգացման և տարածման գործում։
Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ Կառլոս Հասասյանի «Ժան Ալմուխյան. երաժշտությունից անդին» գրքի շնորհանդեսը։




