Վրաստանի քաղաքացի Հովհաննեսը Ռոստովի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության ծառայողները Դավթաշեն թաղամասից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը 2011 թ. հուլիսի 29-ից ՌԴ Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 1-ից 3-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, տեղակալ՝ Միքայել Մելքումյանը

աժԱյսօր Ազգային Ժողովում գումարվել է գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել Հանրապետական խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Արամ Մանուկյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, տեղակալ՝ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունն առաջացել էր դեկտեմբերի 2-ից հետո, երբ ստորագրվել էին Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայանագրերը ու հասարակության մեջ մի շարք հարցեր էին առաջացել:

Ավելի վաղ խորհրդարանական չորս խմբակցություններն առաջարկել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նախաձեռնությունը չէր ընդունվել: Դավիթ Հարությունյանը նշել էր, որ  ժամանակավոր հանձնաժողովը դիտարկելու է հարցեր, որոնք կապված են ներկայիս իրավիճակի ու գազի սպառողների շահերի պաշտպանության, գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգման և այլնի հետ: Երկրորդ կարևոր հարցը գազի պարտքին է վերաբերում: Հանձնաժողովի օրակարգում է լինելու նաև սպառողների համար գազի գնագոյացման խնդիրը: Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը ենթադրվում է անցկացնել դռնփակ ռեժիմով:

 Անկախ

Երևանի քաղաքապետը կայցելի բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ

բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ2014թ. մարտի 4-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կկատարի Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում ՙԵրևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում՚ հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ:
Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետը կշրջի շինարարական հրապարակում, կծանոթանա կառուցվող շենքերի ճարտարապետական լուծումներին, շինարարական աշխատանքների որակին և տեմպերին:
Հաշվի առնելով այն, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին նշված տարածքը բավականաչափ խիտ բնակեցվելու է և դրա հարակից տարածքում տեղակայված ՀՀ ներքին զորքերի զորամասը տեղափոխվում է այլ վայր, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ զինվորական ավանի տեղում հիմնվելու է քաղաքային պուրակ և կառուցվելու է մանկական նախակրթարան:
Քաղաքապետի այցի շրջանակում տրվելու է նաևքաղաքային պուրակի ձևավորման և մանկական նախակրթարանի կառուցման աշխատանքների մեկնարկը:
Պուրակի ձևավորումը կավարտվի ընթացիկ տարվա մայիս ամսին, իսկ նախակրթարանը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո նշված հասցեներում իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:
Ծրագրերի շրջանակում կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են ՀՀ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, մարզիկներին, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական և հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետներին:
Բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար ձեռք բերված (գնված) հողամասն ունի 35000 քմ. ընդհանուր մակերես:
Բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենքեր, որոնցից հինգը (338 բնակարաններով)ª շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած յոթը (490 բնակարաններով)ª 2015թ. հուլիս ամսին:
Համալիրների կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙԷյ Դի Էյ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրենª Վահրամ Մելքումյան):
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն):
Շենքերի հարակից տարածքներն ամբողջությամբ բարեկարգվելու են, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրերի իրականացման ընթացքում ստեղծվել են ավելի քան 1600 աշխատատեղեր:

Անկախ

Հայաստանի կողմից ՄՄ անդամակցության նպատակով իրականացվել է ավելի քան 70 միջոցառում

կառավարություն,ասուլիսԵվրասիական տնտեսական խորհրդի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետևում է «ճանապարհային քարտեզով» սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ, Տեխնիկական կարգավորման հարցերով, Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Կարինե Մինասյանը: Նա տեղեկացրել է, որ օրերս կայացել է այս աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որտեղ ներկայացվել է «ճանապարհային քարտեզի» կատարողականը: «Այսօր ավելի հստակ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվել է ավելի քան 70 միջոցառում»,-նշել է Կ. Մինասյանը: Ըստ նրա`աշխատանքային խմբի նիստի ժամանակ արձանագրվել է, որ բոլոր աշխատանքները իրականացվում են սահմանված ժամկետում: Փոխնախարարը հայտնել է, որ մարտի 4-ին Աստանայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Շավարշ Քոչարյանը նշել է, որ իրենք նախապատրաստելու են ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը: «Բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, երբ պատրաստ կլինի պայմանագիրը` կներկայացվի ՀՀ ԱԺ–ի վավերացմանը: Վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ն կդառնա ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի անդամ»,-ասել է Շ.Քոչարյանը:

Անկախ

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո

Հայաստան-ԱդրբեջանՌազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի և 5 վիրավորի մասին։

2014-ի փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 5 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 44.4 տոկոսով:

2014-ի փետրվարին, ինչպես և 2013-ի փետրվարին, հայտարարվել է առաջնագծում մարտական 2 կորստի մասին, երկուսն էլ՝ «հայկական գնդակից». պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևը սպանվել է փետրվարի 7-ին, իսկ կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն՝ փետրվարի 26-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:

Մնացյալ 3 ոչ մարտական զոհերից 2-ը, համաձայն ադրբեջանական կողմի վարկածի, փետրվարի 26-ին ողջ-ողջ այրվել են Թովուզի շրջանում ավտովթարի հետևանքով բոցավառված «Մերսեդես» ավտոմեքենայում: Զոհերից մյուսն էլ Ադրբեջանի ԶՈւ մայոր Բեքիր Ռահիմովն է, որի՝ Բաքվում տեղակայված ԶՈւ  գլխավոր կլինիկական հոսպիտալում մահանալու մասին հայտնի է դարձել փետրվարի 16-ին: Մայորի մահվան տեղեկությունն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, սակայն մինչ օրս մահվան պատճառների անգամ նախնական վարկած չի ներկայացրել:

Նշենք, որ 2014-ի փետրվարի 5 կորուստներն էլ պաշտոնապես հաստատվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի վիրավորներին, ապա 2014-ի փետրվարին դրանք 5-ն են: Եթե զուգահեռներ անցկացնենք 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա վիրավորների թիվը չի փոխվել:

Փետրվարին հայտարարված 5 վիրավորներից 1-ը տուժել է Բաքու-Ղուբա ճանապարհին ավտովթարից, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով, 1-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Միջադեպերից 1-ը գրանցվել է Նախիջևանում, 1-ի վայրը չի հաղորդվել, 1-ն արձանագրվել է Գանձակի զորամասերից մեկում, 1-ը՝ առաջնագծում (Առավել մանրամասն կարդացեք Ռազմինֆոյում):

Ըստ Ռազմինֆոյի` Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել է 1 զոհ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 2-ով։

2014 թվականի փետրվար ամսվա միակ կորուստը ոչ մարտական է:

Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Արշակ Զադայանը: Ավելի վաղ զինծառայողը հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբ ախտորոշմամբ:

Զինծառայողը Գորիսից էր, բանակ էր զորակոչվել անցյալ տարվա գարնանը։ Ծառայում էր Արարատի զորամասերից մեկում։

Նշենք, որ Արշակ Զադայան մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Ռազմինֆոյին հայտնել են, որ դեռևս ձերբակալվածներ չկան։

2014 թվականի փետրվարին  թե Պաշտպանության բանակը, թե Պաշտպանության նախարարությունը զինված ուժերում վիրավորի մասին չի հայտարարել (Առավել մանրամասն կարդացեք Ռազմինֆոյում):

«Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա». Ռուբեն Եգանյան

Ռուբեն ԵգանյանԺողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց` նշելով, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանում գտնվող հայ միգրանտները, որոնց վրա կտարածվի ՌԴ միգրացիոն քաղաքականությունը, արդեն փաստի առաջ են կանգնել:

«Այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտք Ռուսաստանի Դաշնություն արգելված է: Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության որոշմամբ` առաջիկա 2-3 ամսում ևս 170 հազար հայ միգրանտներ կհամարվեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտածներ, և մոտ 220 հազար հայ միգրանտի խնդիր կունենանք»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Ժողովրդագրագետի խոսքով` եթե այդ 220 հազար հայերը չկարողանան պահել իրենց ընտանիքները, գումար վաստակելու համար կմեկնեն Եվրոպա, ինչի արդյունքն էլ կհանգեցնի միգրացիայի: Մասնագետի բերած տվյալներով` վերջին 10 տարում երկրից հեռացել է բնակչության 10 %-ը:

Ռուբեն Եգանյանի կարծիքով` այս խնդրի լուծումներից մեկն այն է, որ պայմանագիրը թարմացվի, ինչը, սակայն, տևական գործընթաց է և կարող է մեկ տարուց ավել տևել: Հարցի մյուս կողմն էլ այն է, թե որքանո՞վ այդ պայմանագրի վերանայմամբ կտրվեն հայ միգրանտներին ձեռնտու լուծումներ:

Հարցին` արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հնարավոր է Ռուսաստանն ավելի բարյացակամ լինի Հայաստանի նկատմամբ, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Դուք մինչև հիմա Ռուսաստանի կողմից որևէ սիրաշահում տեսե՞լ եք: Ռուսաստանը ռազմավարական գործընկերությունը մի ձևով է հասկանում, մենք՝ մեկ այլ»:

Անկախ

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին

երթևեկությունՄարտի 2-ին, ժամը 21.40-ին, Երևանի Խուդյակովի և 6-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2174» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վերջին ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել»-ի:
«ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 00.50-ին, «Դայվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 21.00-ին, Գյումրիի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 1-ին, ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ ձախ անրակի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Խաչիկ Ս.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հատվածում, ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ճանապարհի 78-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես E 124» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես E 124»-ի ուղևորը` Խաչիկ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

***
Մարտի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններոմ, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշներին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես-Ե 320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Ե 320»-ի ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 15.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մոսկվիչ Իժ 2715» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել առվի մեջ:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21074»-ը ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին

ԱվտովթարՄարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված և շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արսեն Մկրտչյանի պատասխանը «երիտմունդռիկներին»

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արսեն ՄկրտչյանԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արսեն Մկրտչյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ իր կարծիքն է հայտնում ԲՀԿ-ի մասին հնչեցված կարծիքների ու գնահատականների մասին: «Անկախ»-ը հաղորդագրությունը ներկայացնում է ամբողջությամբ:

Մկրտչյանը գրում է. «Փաստորեն հանրապետական կուսակցության խորհրդի կազմում մանր-մունր մունդռիկներ կան, որոնց հիմնական գործը ապուշություններ դուրս տալն է ու վիրավորանքներ հասցնելը ժողովրդի կողմից հարգված գործիչներին ու կուսակցություններին:

Վիճակն արդեն պարզ է: Դրանց վերադաս՝ տերերը պետության ու ժողովրդի հանդեպ գործածի հետևանքով արդեն պատասխանատվության հոտը լիարժեք առնում են: Իրապես սարերի հետևում չէ այդ պահը, դրանք էլ հասկանալով, որ հարգված գործիչներին ժողովրդի պրոբլեմներից շեղելու համար վիրավորելիս արժանանում են հենց ժողովրդի կողմից էլ ավելի թեժ անեծքների, դիմում են վերջին միջոցին՝ բաց են թողնում իրենցից երբեմն-երբեմն կերակրվող հանրապետական խուլիգան երիտմունդռիկներին:
Նշեմ, որ բոլորդ նկատված եք և օրենքով սահմանված պատասխանատվությունը բոլորիդ համար է»:

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

օհանյանը հոսպիտալումՄարտի 2-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում  առկա խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների և հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմի և զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը, տվել է հստակ հանձնարարականներ լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու և կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան«Ժառանգություն»  կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի մոտ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքի ելույթը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մարտի 1-ի ելույթն  ըստ Անահիտ Բախշյանի՝ նախորդ տարիների ելույթների և գործողությունների հետ համեմատած իր մեջ շատ իրարամերժ հասկացություններ է պարունակում:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի, չէի կարողանում գտնել այն հարցի ատասխանը, թե ինչ պիտի լինի մեր վաղվա օրը: Ինձ համար անհասկանալի էր Մաքսային միությանն անդամակցության դրական արձագանքը, Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու միջև արված համեմատությունը: Հենց մարտի 1-ի թնջուկի հետ կապված խոսվում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ են այդ գործողություններին մասնակից  եղել: Այս ֆոնին անհասկանալի էին Լևոն ՏերՊետրոսյանի ասածներն այն առնչությամբ, թե Գագիկ Ծառուկյանին է տեսնում Հայաստանին այս իրավիճակից դուրս բերողի դերում»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այստեղ քաղաքագիտական և քաղաքական առումով շատ թաքնված բաներ կան:

Անդրադառնալով «Ժառանգություն»-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամեն դեպքում լինելով համագործակցությունների կողմնակից, լավ չի պատկերացնում այդ համագործակցությունը, որովհետև ԲՀԿ-ն այսօր այլ ձևաչափով է հանդես գալիս, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»:

«Ես չգիտեմ՝ որքանո՞վ են ազնիվ Բարգավաճ Հայաստանի մղումները, ինչպե՞ս հավատալ դրանց, և արդյո՞ք դրանց հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջները չեն երևում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը

աժՀայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նիստն այս պահին դեռ չի ավարտվել:

Նշենք, որ հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ֆինանսավարկային  և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում են Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, «Օրինաց երկիր»-ը՝ Հովհաննես Մարգարյանը, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ն՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն»-ը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

«Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին և նպատակ ուներ ցույց տալ, որ կողմնակից է ՄՄ անդամակցությանը». Վահան Շիրխանյան

Վահան ՇիրխանյանՀՀ պաշտպանության  նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ մարտի 1-ի հանրահավաքին ներկա չի եղել և ցանկություն էլ չի ունեցել: Հարյուրավոր հանրահավաքների է մասնակցել, և ակնկալիքներ էլ չի ունեցել, որ այս մեկն ինչ-որ բանով կտարբերվի մյուսներից:

«Քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի գաղափարի վրա, եթե չկա գաղափար, ապա դա պայքար է աթոռի համար: Այս հանրահավաքին էլ չերևաց ընդդիմության ծրագրային գաղափարախոսությունը: Ընդդիմությունը չունի իր քաղաքական գաղափարախոսությունը, որի մեջ ժողովուրդը կտեսնի իր ապագան, խնդիրների լուծումը, և կգնա այդ շարժման հետևից: Իսկ այդ ծրագրի հիմքում պետք է լինի համակարգի փոփոխությունը, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենահետաքրքրական հատվածը, որը գրավել է Վահան Շիրխանյանի ուշադրությունը, Մաքսային միությանն անդամակցությանը դրական արձագանքն էր:

«Մարդ, ով միշտ դեմ է եղել Մաքսային միությանը, հայտարարում է, որ կողմ է: 1993-1994 թվականներից Մաքսային միությանն անդամակցության հարցը քննարկվել է, և ամեն անգամ մերժվել է ընդհանուր սահման չունենալու պատճառաբանությամբ: Իրական պատճառաբանությունն, իհարկե, ուրիշ էր: Այն ժամանակ դեմ էին Մաքսային միությանը, որովհետև Հայաստանի վզին փաթաթվել էր լիբերալ-դեմոկրատական համակագը, որը, իբր, մեզ պետք է տաներ դեպի Եվրոպա: Բայց, ժամանակը ցուց տվեց, որ այդ համակարգը բացի ժողովրդի 90-տոկոսի սննկացումից, ոչինչ չտվեց»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ հավելելով, որ, եթե մենք հրաժարվենք Մաքսային Միությանն անդամակցությունից, դա խիստ բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա: Վահան Շիրխանյանը որևէ պատճառ չի տեսնում Մաքսային միությունից հրաժարվելու: Ըստ նրա՝ դա վերջին տարիների լավագույն քայլերից է: Մաքսային միությունը Հայաստանի համար անհրաժեշտ քայլ է և միակ ճիշտ քայլը, Արևմուտքն ու Եվրաասոցացումը Հայստանը դեպի կործանում կտանեին:

«Հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հինական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին և նպատակ ուներ ցույց տալ, որ կողմնակից է Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Վահան Շիրխանյանը:

 Անկախ

Տուգանային հրապարակ տեղափոխված 70 մեքենաներից 18-ի վարորդները եղել են անսթափ վիճակում

ճանապարհային ոստիկանությունՓետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում, 18 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ճանապարհային ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Մարտունիում, Իջևանում և Դիլիջանում զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՄարտունի քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն:

Փետրվարի 28-ին Գանձաքար գյուղի մի բնակիչ ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի` 65, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Դիլիջան քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 60, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 3, «ՏՕԶ» տիպի հրացանի` 1 փամփուշտ և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 2 դատարկ փամփշտակալ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Իրան-Հայաստան զբոսաշրջային հոսքերը կաճեն

iranԻնչու՞ նվազեցին զբոսաշրջային այցելություններն այդ երկրից

Զբոսաշրջությանը թերթերը հաճախակի է անդրադառնում` ներկայացնելով այդ ոլորտում մեր երկրի ունեցած հնարավորությունները: Անընդհատ մեջբերվում են ցուցանիշներ այն մասին, որ ավելանում են զբոսաշրջային այցելությունները տարբեր ուղղություններով: Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների` մեր երկրում 2013 թ. զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 9,7 տոկոս աճ` կազմելով 924 965 զբոսաշրջային այցելություն: Իսկ ըստ կանխատեսումների` այս տարի նախատեսվում է ապահովել տուրիստական այցելությունների շուրջ 10 տոկոս աճ:

Վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունները նվազել են` ազդեցություն ունենալով ընդհանուր զբոսաշրջային ցուցանիշների վրա: Այս հանգամանքը բացատրվում էր ամենատարբեր պատճառներով:
Մասնագիտական գնահատականների համաձայն` վերջին տարիներին Իրանից զբոսաշրջային այցելությունները դինամիկ աճ էին արձանագրում, որոնք հետագայում սկսեցին կրճատվել:

Սկսած 2009-ից` զբոսաշրջային այցելությունները դեպի Իրան աճել էին` հասնելով նույնիսկ 130 հազարի: Անցած տարի Իրան այցելած հայ զբոսաշրջիկների թիվը կազմել է 5400, իսկ Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը` 110 հազար: Այցելությունների կտրուկ անկում է արձանագրվել հատկապես 2012-2013 թթ.: Ըստ մասնագետների` այդ նվազումը պայմանավորված է Իրանում տարադրամի փոխարժեքի անկմամբ, ինչն առհասարակ հանգեցրել է Իրանից արտագնա զբոսաշրջության կրճատման:

Բացի այդ, դիտարկելով վիճակագրական տվյալները, պարզ է դառնում, որ հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքերի բավական մեծ անհամամասնություն կա: Այսինքն` Իրան ուղևորվող զբոաշրջիկների թիվն անհամեմատ քիչ է երկրից մեկնողներից: Այս հանգամանքն Իրանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները պայմանավորում են մի քանի գործոններով և մասնավորապես ինֆորմացիայի պակասով: Այդ խնդիրը քննարկելու, զբոսաշրջության ոլորտում երկուստեք փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով օրերս Հայաստանում էր գտնվում ԻԻՀ-ի պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավար, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մարկետինգի և զբոսաշրջության զարգացման գրասենյակի գլխավոր տնօրեն Սեյեդ Մոհամմադ Քազեմ Խոլդի Նասաբը կարծիք է հայտնել, որ ժամանակն է նոր խթան հաղորդել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:

Նշենք, որ երկու երկրներն էլ ունեն զբոսաշրջության և մշակութային որոշ ընդհանրություններ, որոնք հաշվի առնելով` զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը հաղթահարելու և վերացնելու առկա բոլոր խնդիրները, նպաստելու զբոսաշրջիկների փոխադարձ այցելություններին: Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այս տարիների ընթացքում միտումները փոխվել են նաև զբոսաշրջության ոլորտում, և իրենք նպատակադրված են զբոսաշրջության ուղղությամբ համագործակցությունը հասցնել առավել բարձր մակարդակի: Նախկինում, իհարկե, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցելու վերաբերյալ, որը, սակայն, վերանայման կարիք ունի:

Իրանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչը նշել է, որ հատկապես հիմա, Իրանի նոր կառավարության ձևավորման պարագայում, շեշտը առավելապես դրվելու է Իրանի և հարևան երկրների միջև զբոսաշրջությունն ընդլայնելու վրա: «Այս խնդիրը հատկապես կարևորվում է հասարակական դիվանագիտական քաղաքականության համատեքստում: Հայկական կողմի հետ հանգել ենք համաձայնության` ներկայացնելու մեր կարևորագույն նպատակները զբոսաշրջության բնագավառում» – նշել է Սեյեդ Մոհամմադ Քազեմ Խոլդի Նասաբը:
Հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցելությունների միջև առկա այս տարբերությունը Իրանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչը վերագրում է ոչ բավարար տեղեկացված լինելու հանգամանքին: Ըստ նրա` հայ քաղաքացիներից շատերը տեղեկացված չեն Իրանի հանգստի վայրերի և զբոսաշրջային բազմազանության ու արժեքների մասին: Նշենք, որ Իրանն ունի 7-հազարամյա պատմություն ու քաղաքակրթություն և իր պատմամշակութային գործոնով դասվում է աշխարհի 10 երկրների շարքը, իսկ էկոտուրիզմի զարգացման առումով ներառված է աշխարհի 5 երկրների մեջ:
Հայկական կողմի հետ հանդիպման ժամանակ ներկա են գտնվել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք հայտնել են իրենց կարծիքը, առաջարկներն ու դժգոհությունները: Հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում առանցքային է եղել հատկապես հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցելությունների հավասարակշռության պահպանման թեման:
Հայ և իրանցի զբոսաշրջիկների շրջանում տեղեկատվության փոխանակման նպատակով Իրանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները որոշել են այս տարվա ընթացքում երկու երկրներում էլ կազմակերպել բազմազան ծրագրեր և միջոցառումներ, այդ թվում նաև`
ցուցահանդեսներ ու փառատոներ: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն վերականգնելու զբոսաշրջության կայուն աճը, նպաստելու միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Ստորագրվել է նաև մի փաստաթուղթ, որով ամրագրվել են բոլոր գործողություններն ու իրականացվելիք միջոցառումները:

Լ.Ն

Անկախ

Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում բուք է սկսվել

 բուք, ցածր տեսանելիությունՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 3-ին՝ ժամը  11:00–ի  դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում  (Մարտունու կողմից) և Կապան – Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուք է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ լեռնանցքներում կատարվում են   ինտենսիվ մաքրման աշխատանքներ:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Վագոն-տնակներում էլ են վարձով ապրում

Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» ամենօրյա ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք անօթևան ընտանիքներ բնակվում են ոչ թե սեփական վագոն-տնակներում, այլ վարձով:

Նրանց թվում կան այնպիսիները, որոնք Գյումրի են տեղափոխվել այլ համայնքներից, այդ թվում նաև այլ մարզերից: Կան նաև ընտանիքներ, որոնց վագոն-տնակները վաղուց շարքից դուրս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի, և նրանք ստիպված տեղափոխվել են բնակվելու համեմատաբար բարվոք վիճակում գտնվող այլ ժամանակավոր կացարաններ:

Այդ անօթեւանները հիմնականում ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում և երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայացվող տեսանյութը բազմազավակ մի ընտանիքի մասին է, որն 8 անձով, իր վագոն-տնակն ամբողջովին շարքից դուրս գալուց հետո վարձակալել և տեղափոխվել է նույն տնակային ավանում գտնվող մեկ ուրիշ ժամանակավոր կացարան, որի իրական տերը վաղուց գտնվում է արտերկրում:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրան,ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: