«Թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի». Գալուստ Սահակյանի մաղթանքը մայդան ցանկացողներին

TH_Galust-Sahakyan1ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հանրապետականն իր կարծիքը կհայտնի քվեարկությունից առաջ: Այնուամենայնիվ, նա իր ելույթում բացահատեց ՀՀԿ դիրքորոշումը. «Կանխավ մտածում էինք գնալ ընդառաջ ձեր առաջարկին, բայց հիմա մտածում ենք` արժե՞ գնալ պրովոկատորների առաջարկին ընդառաջ: Դուք սա հատուկ եք արել, որպեսզի գրգռեք ժողովրդին: Դուք արդեն կայքերով հայտարարել եք, որ մարտի մեկի հավաքից հետո կասենք` էստեղ մայդան կլինի՞, թե չէ: Էն մարդիկ, որ մտածում են, որ էստեղ կարող են մայդան անել, թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի»:

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին` նա դրանք որակեց պրովոկացիոն, մայդանական ոճի և խորհուրդ տվեց չոգևորվել մադանով. «Մեր մայդանն արդեն եղել է 88-ին և ավելի հզոր` կայսրության դեմ, որից հետո մենք ստեղծել ենք պետություն, և դա ղեկավարում են պետություն ստեղծողները: Հակադրե´ք մեզ և ուկրաինացիներին: Նրանք, փաստորեն, ամբողջապես վերացրին իրենց պետությունը, և էսօր պետություն չի, չենք իմանում, թե ինչ է: Եվ էսօր դրսից փողեր են տալիս, որ ոտքի կանգնեն: Իսկ մեր դառը վիճակում մեր ձեռքը ոչ ոք չէր սեղմում, բայց մենք դարձանք պետություն»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի դուրս գար և ասեր` շնորհակալություն ԲՀԿ, շնորհակալություն, քանի որ. «Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա մտածում եք` ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է, դուք դարձրել եք ընտրանքային, դուք էլ դարձել նրանց ընտրյալները: Ո՞վ ասեց, որ մենք քննարկելու բան չունենք, մենք շատ քննարկելու բան ունենք: Բայց դուք նույնիսկ զոհերին եք մասնավորեցրել: Մեր զոհերն են, դո՞ւք ով եք, որ: Հիմա մենք գալու ենք քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի»:

Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարն ակնարկեց, որ էսօրվա գործիչների բոլորի ականջներին կարող է ասել, թե ժամանակին ով որտեղ էր, որ դիրքով էր ու ինչ էր արնում: «Շատերը, որ էսօր բղավում են, էդ թվերին բուլավկով մայկա էին հագնում: Աքլորը որ աքլոր է, միայն առավոտյան է կանչում: Սրանք համ առավոտյան են կանչում, համ կեսօրին են կանչում, համ էլ իրիկունը»:

Գալուստ Սահակյանը համոզված է, որ մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների միջոցով, այլ լուրջ մարդկանց, որը ՀՀԿ-ն է և շատ քաղաքական ուժեր ընդդիմությունից:

 

Անկախ

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի մի մասը հատկացվել է ԵԿՄ-ին

նիստ2ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:

Բելառուսի դեսպանատունը կտեղակայվի Առինջ գյուղում

բելառուսԱյսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:

Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին

թվային հեռուստատեսությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը  հաստատել է   ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:

Արարատյան դաշտում շարունակվում է ջրօգտագործման տեսչական ստուգումը, կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը

նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը` ՀՀ վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումներին, որոնց արդյունքում որոշ հարցադրումներ, բացահայտումներ են արձանագրվել: Խնդրի առնչությամբ պարզաբանում է տվել ՀՀ բնապահպանության նախարարը:
Արամ Հարությունյան. «Պարոն վարչապետ, վերջին օրերին իսկապես եղան մի շարք անհիմն, անհեթեթ մեկնաբանություններ: Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք արել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում նաև օրենսդրական և մնացած բոլոր առումներով: Ըստ էության այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: Բնականաբար, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ: Եվ եթե համեմատենք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:

Հիմնվում է հերթական ազատ տնտեսական գոտին
Ընդլայնվում են լոլիկի, վարունգի և հոլանդական վարդի ջերմոցային տնտեսությունները
Հիմք ընդունելով «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել ԱՏԳ` «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում (Երևան, Կաշեգործների փ. 70), օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը մեր երկրում, ոլորտի ԱՏԳ հիմնումը և դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: «Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, – հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: – Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց: Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը: Ընկերությունը, որը զբաղվում է հոլանդական բարձրակարգ վարդերի աճեցմամբ և իրացմամբ, արդեն հաջողությամբ իրականացրել է ներդրումային երկու ծրագիր: Այս ծրագրով 3 հեկտարով ընդլայնվելու է գործող ջերմոցային տնտեսությունը, ստեղծվելու են նոր աշխատատեղեր:
ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների վերաբերյալ: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ. և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կառուցում է ջերմոցային տնտեսություն, որը հոլանդական տեխնոլոգիայով տարեկան արտադրելու է շուրջ 700 մլն դրամի լոլիկ և վարունգ:

Անկողնային խնամք ստացող անձանց պայմանները կբարելավվեն
Պայքար կմղվի այգիների վնասատուների դեմ
Տարածք է տրամադրվում երկրապահ կամավորականների միությանը
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ թույլատրել է սկսել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի նախահաշվային փաստաթղթերի մշակումը և բացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվը: Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Գործադիրը որոշել է կառավարության ավելի վաղ ընդունած «Գույք օտարելու մասին» որոշմամբ գույքի վաճառքից առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ տալ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին` նպատակ ունենալով բարելավել ընկերության ֆինանսական վիճակը:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:

Նպատակը հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացումն է
Ֆինանսական աջակցություն կստանան ջրօգտագործողների ընկերությունները
Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին 
ՀՀ կառավարությունը հաստատել է `
-ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները,
-բնապահպանական ծրագրերի մշակման կամ նախագծման կարգը,
-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, որով նախատեսվում է զգալիորեն բարելավել հաճախորդների սպասարկման որակը, պարզեցնել ընթացակարգերը, կրճատել դիմումների սպասարկման ժամանակը,
-ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2014 թ. ծրագիրը, 2014 թ ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները,
-ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:
ՀՀ կառավարությունը սահմանել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման որոշման լրացումները, որոնցով կապահովվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը:

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը
Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ
Կառավարության որոշմամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Գործադիրը հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին, որի նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը:
Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:

Օրենսդրական փոփոխության նախագիծը կընդունվի կառավարության առաջարկներն ընդունելու դեպքում
Նպաստի խնդրին կարելի է անդրադառնալ 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ
Նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան մահացած է ծնվել: Նկատի առնելով, որ երբեմն կենսաբանորեն բարդ է սահմանազատել` երեխան մահացած է ծնվել, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, նախագծով առաջարկվում է հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Սկզբունքորեն ընդունելով արծարծված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` գործադիրն անհրաժեշտ է համարում միանվագ նպաստի նշանակման և վճարման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների հետ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ: Գործադիրը նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ԱԺ մի խումբ պատգամավորներին առաջարկել է օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, լուսանկարներ

Սերժ Սարգսյան

5615

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:

Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:

Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:

Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:

Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:

 
***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:

Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:

Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում:

Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:

Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:

Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:

Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:

Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը:

 

Անկախ

«Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանԳործատուների միության  նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում: Թարմ մրգերի, բանջարեղենի դեպքում էներգակիրների թանկացումն էականորեն չի ազդում գնի վրա, սակայն պահածոների և այլ ապրանքերի դեպքում ստիպված են բարձր գներով արտահանել, ինչի հետևանքով էլ հայկական ապրանքը դրսում պահանջարկ չի ունենում:

Գագիկ Մակարյանի կարծիքով` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի գազի գնի վերաբերյալ իր որոշումը:

«Մասիս քաղաքում գործող «Ալիշան» պահածոների գործարանը, որն իր արտադրանքը արտահանում է ԱՊՀ երկրներ, գազի սակագնի բարձրացման պատճառով ստիպված էր փակվել: «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է հասկանա, որ իր գործելաոճը խանգարում է հայկական տնտեսության զարգացմանը և, եթե Ռուսաստանը բարյացակամ է վերաբերվում Հայաստանին, ապա պետք է գազի գինն իջեցնի»,- ասաց Գործատուների միության նախագահը` հիշեցնելով, որ հենց սկզբից Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հայտարարել էին, որ գազի գինը չի փոխվի, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը:

Փաստորեն, «Ալիշան» գործարանը միակ տուժած ընկերությունը չէ: Գործատուների միությանն արդեն մի շարք ընկերություններ են դիմել, որոնք բողոքում են «Գազպրոմ Արմենիա»-ի անօրինական քայլերից: Գագիկ Մակարյանի խոսքով` իրենք այս պահին բանակցում են Գազպրոմի հետ և համաձայնության չգալու դեպքում կբարձրաձայնեն բոլոր խախտումների մասին:

 Անկախ

«Հայաստանում ստեղծված է հեղափոխական իրավիճակ, ամեն օր կարող է Մայդան հավաքվել». Պետրոս Մակեյան

ԱյսօրՊետրոս Մակեյան Հայաստանում տեղի են ունենում իմիտացիոն գործընթացներ: Հայաստանում ստեղծված է հեղափոխական իրավիճակ, ամեն օր կարող է Մայդան հավաքվել, և դրան պետք է օգնի ընդդիմությունը, իսկ ընդդիմությանը խանգարում են այսօրվա ոչ իշխանական ուժերի իմիտացիոն գործողությունները, որոնք ինչ-որ չափով ուղղորդվում են դրսից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա իմիտացիոն համարեց նաև «Նաիրիտ» գործարանի շուրջ ծավալվող գործընթացները։

«Հերթական իմիտացիոն գործընթացն է, որն այս անգամ Դաշնակցությունն է վերցրել իր վրա՝ նպատակ ունենալով մաքրել Ռոբերտ Քոչարյանին, ամեն ինչ կուտակելով Տիգրան Սարգսյանի շուրջ»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով` Հայաստանի ներկա և նախկին երեք նախագահներն էլ պետք է դասեր քաղեն Ուկրաինայի դեպքերից։ Իշխանավորները պետք է հասկանան, որ այն, ինչ հավաքել ու դիզել են ժողովրդի հաշվին, պետք է վերադարձնեն ժողովրդին:

«Ես առաջարկում եմ, որ մեզ մոտ, իտարբերություն Ուկրաինայի, ոչ թե հետախուզում հայտարարեն Հայաստանի իշխանավորների նկատմամբ, այլ նրանց ունեցվածքը վերցնեն և ստիպեն ապրել Հայաստանում այնպես, ինչպես 16 տարի առաջ։ Կարճ ժամանակ անց կտեսնենք, թե ինքնասպանությունների թիվն ինչքանով կավելանա»,-ասաց Պետրոս Մակեյանը։

Անդրադառնալով մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքին և հնարավոր մասնակցությանը` Պետրոս Մակեյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում եղել է, ինքն ամեն դեպքում ՀԱԿ-ի հետ հանրահավաքի չի մասնակցելու, այլ գնալու է Մյասնիկյանի արձանի մոտ և հարգելու է զոհերի հիշատակը։

«Եթե 2008-ին ամբողջ 18 կուսակցություններով էինք հավաքվել, այսօր միայն նախկին ՀՀՇ-ն է, ով համագործակցում է դահիճի հետ։ Այսօր նրանց գործընկերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Դաշնակցությունն են։ Եթե նրանք 2008-ին չլինեին, չէր լինի նաև մարտի 1-ը։ Մենք այդ ուժերի հետ անելիք չունենք»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Անկախ

Սայլակավոր քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցներն աստիճանաբար առավել մատչելի են դառնում

թեքահարթակԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում 2014 թվականին կառուցվելու է շուրջ 175 թեքահարթակ, ընդ որում՝ այս թվում ընդգրկված չեն այն թեքահարթակները, որոնք կառուցվելու են փողոցների հիմնանորոգման տարեկան ծրագրում ներառված փողոցներում։ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ՝ այս տարի համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման առանձին ծրագրին՝ 2013թ. հատկացվածի համեմատ կրկնակի ավելի։

Կառուցվելիք թեքահարթակների բոլոր հասցեները Երևանի քաղաքապետարանը որոշել է շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Ցուցակում ներառված են հասարակական ակտիվ վայրեր, բուժհաստատություններ, բանուկ փողոցներ, ինչպես նաև շահառուների առաջարկած առանձին հասցեներ։

Թեքահարթակների կառուցումը կսկսվի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո։

Ներկայում ընթացքի մեջ է նաև տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար նախատեսված վերելակների տեղադրման համար հայտարարված մրցույթը։ Այս տարի նախատեսված է շուրջ մեկ տասնյակ ավտոբուս կահավորել հատուկ վերելակներով։ Ծրագրին 30 մլն դրամ է հատկացվել։

 

 Անկախ

Նոր պոմպակայաններ`մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման որակը բարձրացնելու նպատակով

պոմպակայաններԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են,որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, համատիրությունների հետ համատեղ, «Երևան Ջուր» ընկերությունը գույքագրում, այնուհետ  նաև իրականացնում է  հրատապ միջամտություն պահանջող աշխատանքները: Այդ համատեքստում փետրվար ամսին թվով 18 ջրամղիչ նոր  պոմպեր են  տեղադրվել`45 միլիոն դրամ արժողությամբ: Արդյունքում զգալիորեն բարելավվել է բազմաբնակարան շենքերում բնակվող  շուրջ 1500 բաժանորդների, կամ  շուրջ 5000 քաղաքացիների ջրամատակարարումը: Նոր, գերժամանակակից պոմպերի տեղադրումից հետո տվյալ տարածքների  բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման տևողությունը հասել է 24 ժամի:  Այսպիսով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը ջրով ապահովող 365 պոմպերից 320-ն արդեն փոխարինվել են նորերով, ինչը զգալիորեն բարելավել է մատակարարվող ծառայությունների որակը: Ընդ որում,  «Երևան Ջուր» ընկերության մասնագետները փաստում են, որ ժամանակակից ու նաև էներգիա խնայող  պոմպակայանները անխափան կգործեն նվազագույնը 6-7 տարի: Իսկ  խորհրդային տարիներին տեղադրված ու դեռևս գործող մյուս 45 պոմպերը նորերով կփոխարինվեն 2 տարվա ընթացքում:

Անկախ

«Մեր պայքարի թիրախը համակարգի փոփոխությունն է». ՍԴՀԿ ատենապետ

Նարեկ ԳալստյանՀայաստանում պետք է լինեն համակարգային փոփոխություններ, քանի որ երկրի սոցիալ տնտեսական վիճակը վատ է, և այդ փոփոխությունը պահանջում է ՀՀ քաղաքացին: Հայաստանում այսօր հասարակությունը բաժանված է երեք մասի: Առաջին մասում իշխանություններն են, որոնք ականջալուր չեն հասարակության խնդիրներին, երկրորդ մասում ընդդիմությունն է կամ, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ժողովդրի բողոքի ձայնն արտահայտողի դերում են, երրորդ մասում հասարակությունն է, որը համակարգային փոփոխություններ է ուզում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ ներքաղաքական կյանքից` ասաց Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` ժողովրդի բողոքի ձայնն արտահայտելու նպատակով էլ իրենք այս պահին խորհրդակցում են մի քանի ձախ սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող ուժերի հետ։

«Նպատակ ունենք համագործակցել և առաջիկա տաս օրերի ընթացքում կհայտարարենք մեր անելիքները։ Մենք պայքարելու են մոնոպոլիայի, օլիգարխիկ համակարգի դեմ և բարձրացնելու ենք հասարակությանը հուզող խնդիրները»,-ասաց Նարեկ Գալստյանը` այսլ մանրամասներ չներկայացնելով և միայն հավելելով, որ այս պահին համագործակցող ուժերից կարող է տալ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անունը։ Ըստ բանախոսի` իրենց պայքարի թիրախը համակարգի փոփոխությունն է։

ՍԴՀԿ ատենապետը տեղեկացրեց, որ մարտի 1-ին իրենք չեն միանալու «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հանրահավաքին, այլ գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ են դնելու զոհերի հիշատակին։

«Հայ ազգային կոնգրեսի հետ մեր կապերը խզվեցին նրա դավաճանական քայլի պատճառով»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Նրա համոզմամբ` մարտի 1-ի հանրահավաքը բազմամարդ է լինելու, բայց ոչ «Հայ ազգային կոնգրեսի» շնորհիվ, այլ այն պատճառով, որ հանրության շրջանում բողոքի ընդվզումը մեծ է և այն պարպելու անհրաժեշտություն կա։

 

Անկախ

«Դեմ եմ»-ն ահազանգում է ակտիվիստների նկատմամբ ահաբեկման փորձերի մասին

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարևաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որևէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ:

Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից որևէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Այս ամենին մենք պատրաստ ենք դիմակայելու և օգտագործելու ենք դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները՝ արձանագրելու ենք բոլոր փորձերը, կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ

գրադարանԵրևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Նկատենք, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432  գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ զգալի աշխատանքներ են տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Մասնավորապես, Ավետիք  Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Այստեղ աճել է նաև ընթերցողների թվաքանակը:  Եթե 2012-ին գրադարանն ունեցել է 26227 ընթերցող, ապա 2013-ին 36269:

Գրադարանային ֆոնդի արդիականցման և համալրման աշխատանքներին զուգահեռ աճում է հաճախումների թիվը: 2012 թվականի  627352-ի համեմատ նախորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 655146:

 

 

Հետախուզվող` «Զվարթնոց» օդանավակայանից

ձերբակալելՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Մանվել Մ.-ին, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

ավտովթարՓետրվարի 26-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում աղջկան վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «10-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին և հայտնել, որ Թումանյան փողոցում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Երևանի Կողբացու և Թումանյան փողոցների խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 18.40-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 110 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 13-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 20.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 27-ին, ժամը 00.05-ին, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 153/3 տան դիմաց բախվել է էլեկտրասյանը, ապա գազատար խողովակին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի դիմաց իրար են բախվել «Մոսկվիչ» և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԶԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 20.20-ին, «Հագեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տուժողին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խուդյակովի 4-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ` Խուդյակովի փողոցի թիվ 14 շենքի մոտ կայանված «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների, ապա էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել

ձերբակալվելՓետրվարի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի բնակարաններից մեկից բերման են թարկել ԻԻՀ քաղաքացի, 1970 թ. ծնված Ասադ Փ.-ին, ով 2013 թ. հունիսի 9-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հարությունը սուպերմարկետից կանացի զուգագուլպաներ է գողացել

զուգագուլպաՓետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Հարություն Շ.-ին: Նա ժամը 19.00-ի սահմաններում սուպերմարկետից գողացել է կանացի զուգագուլպաներ:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հիմնարկության դռները կոտրելով` 4 գրասեղան է գողացել և մի քանիսն օգտագործել որպես վառելափայտ

սեղանՓետրվարի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել մի հիմնարկության տնօրեն և հայտնել, որ հունվարի 20-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի և ներսում գտնվող 3 սենյակի դռները կոտրելով` գողացել են 4 գրասեղան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Նաիրի Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է, իսկ մյուս մասը Նաիրի Բ.-ն օգտագործել է որպես վառելափայտ:
Նաիրի Բ.-ն բաց է թողնվել:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Գյումրիում ամուսինը խոհանոցային դանակով սպանել է կնոջը

դանակահարությունՓետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա, վիճաբանել է իր կնոջ` 1986 թ. ծնված Լիանա Մանուկյանի հետ և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Լ. Մանուկյանը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ` արյան հետքերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գրիգոր Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

«Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր». Բաբուխանյանը հիշեցրեց անցյալը

02.10.16ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց բողոքի ակցիայի կազմակերպիչներին նույնպես պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա խոսքով՝ ժամանակն է ոչ թե նեղացնել ուսումնասիրության առարկան, այլ ընդհակառակը՝ ընդլայնել: «Լավ է, որ երեկ Ջհանգիրյանը համաձայնեց, որ մենք ուսումնասիրենք նաև կազմակերպիչների հարցը»,-ասաց նա՝ առաջարկելով նախագծի մեջ մտցնել նաև այն կետը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է ստեղծվելիք հանձնաժողովում պարզաբանում տա, և նաև մի կետ, որ պետք է կազմակերպիչների գործունեությանը տրվի քաղաքական գնահատական:

Այնուհետև Հայկ Բաբուխանյանը, վերհիշելով անցյալը, հայտարարեց, որ եթե Լևոն Տեր-Պետորսյանը ժամանակին չփակեր ՀՅԴ-ն և այլ կուսակցությւններ, որոշ լրատվամիջոցներ, չէր լինի նաև 1996 թվականը, երբ կիրառվեց ուժ ընդդիմության, ցուցարարների, ժողովրդի դեմ: «Եղան վիրավորներ, կիրառվեց բանակի ուժը: Եվ եթե մենք ուսումնասիրում ենք, թե արդյոք կարո՞ղ է կամ եղե՞լ է մարտի մեկին բանակային միջամտություն, պետք է դա համալիր ձևով ուսումնասիրենք»:

Բաբուխանյանը, մեջբերելով քառօրյանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե մահաբեր զենքի կիրառումը իշխանությունների կողմից հանցագործություն է, ասաց. «Ուրեմն Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր և մինչ օրս պատիժ չի կրել: Էլ չենք ասում, թե քանի անմեղ մարդ հայտնվեց բանտում՝ ենթարկվելով խոշտանգումների, բայց հետո պարզվեց, որ նրանք մեղավոր չեն: Իհարկե, պարոն Ջհանգիրյան, դուք չեք ցանկանա բացել այդ էջերը, որովհետև փակել եք այն»:

Բաբուխանյանի խոսքով՝ քանի դեռ զանգվածային անկարգություններ կազմակերպող առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու  իշխանությունների կողմից ուժ կիրառող Ռոբերտ Քոչարյանը չեն քննվել, իր համար հարցը պարզ չէ: «Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը, երբ կազմակերպում էր զանգվածային անկարգություններ: Սա պետք է ուսումնասիրվի»-ավելացրեց Բաբուխանյանը:

 

Անկախ