Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՓետրվարի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Հրազդանի կիրճում` «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 5000 քմ բուսածածկ տարածք, ձիարշավարանի մոտակայքում՝ 5 հա խոտածածկ տարածք և 20 քմ եղեգ, Արարատի մարզի Շահումյան գյուղի Արազի փողոցում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Փ.Տ.-ին պատկանող հողատարածում` 2000 քմ խոտածածկույթ և 10 ծիրանենի, Ռ.Բ.-ին պատկանող հողատարածքում` 100 քմ խոտածածկույթ, 7 ծիրանենի և 8 փշատենի, Մասիս քաղաքի 5-րդ փողոցի թիվ 45 տան բակում՝ 1000 քմ խոտածածկույթ և 10 խնձորենի, թիվ 41 և թիվ 43 տների բակում` մոտ 1000 քմ խոտածածկույթ, Ռանչպար գյուղի 1-ին փողոցի մոտակայքում՝ 400 հակ պահեստավորված անասնակեր և 2000 քմ խոտածածկ տարածք, Հովտաշեն գյուղի 2-րդ փողոցում՝ մոտ 1 հա չոր խոտ, Էջմիածին-Մարգարա հատվածում՝ 1000 քմ խոտածածկույթ, Մյասնիկյան-Դալարիկ հատվածում՝ մոտ 1500 քմ, Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 7000 քմ խոտածածկույթ, Լոռու մարզի Լեջան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1,5 հա խոտածածկույթ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ մոտ 1 հա խաղողի այգի, մոտ 10 հա խոտ, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Կրիվոյ» կոչվող տարածքում՝ մոտ 2 հա խոտածածկ տարածք:

ԱԻՆ-ց Անկախին տեղեկացնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Ավտոպատահար Կապան-Սյունիք ճանապարհին

ավտոպատահարՓետրվարի 20-ին, ժամը 01.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ի. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա. Հ.-ինը` ծանր:

Անկախ

Գիրք գնելու համար անգամ վերջին կոպեկը չարժե խնայել

գրքի օրՀայաստանում փետրվարի 19-ին նշվեց գիրք նվիրելու օրը: Օրը խորհրդանշական է, քանի որ նաև Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:  Արդեն 6-րդ տարին է, որ այսօրը  նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:

Այդ օրվա կապակցությամբ գրախանութ «Բուկինիստը»  մի շարք միջոցառումներ անցկացրեց և անակնկալներ մատուցեց իր հաճախորդներին: Ժամը 13-ից 15-ը գրախանութի մուտքի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Հնչում էին գրականությանը վերաբերող հարցեր և մարդիկ դրանց սիրով պատասխանում էին: Երիտասարդներից շատերը գրախանութոում էին հենց գիրք գնելու և այն նվիրելու նպատակով:

«Գիրքն ինձ համար մի այլ աշխարհ է…ես կարդալիս կարծես վերանում եմ իրական կյանքից ու մոռանում առօրյա խնդիրնրս»,- մեզ հետ զրույցում նշեց Պետրոսյան Արմինեն, ով այդ պահին գիրք էր ընտրում իր սիրած էակի համար.

«Ես համոզված եմ, որ իմ ընտրյալն էլ է հիմա նույն գործով զբաղված:  Նա էլ է ինչ-որ գրախանութում իմ համար գիրք ընտրում… »:

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը կարծում է, որ նման օրերի առկայությունն անվիճելիորեն նպաստում է ընթերցանության զարգացմանը և գրքի նկատմամբ  դրական վերաբերմունքի աճին.

« Տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է, ավելի շատ գիրք են վաճառում ինչպես այս, այնպես էլ սրան նախորդող երկու օրերի ընթացքում »:

Նվեր-գրքերի թիվը մոտ 600 էր: Մեկական գիրք գնելու պարագայում հաճախորդը որպես նվեր ևս մեկ գիրք էր ստանում:  Մեծ թվով մանկական ու գեղարվեստական գրքեր էին վաճառվել, սովորաբար խանութոում բոնուսային քարտեր ստանում էին  10 հազար դրամ եւ ավելի գնումներ կատարողները, բայց այսօր ամեն մի գնում կատարողը ստացել է այդ քարտը:

55 ամյա Գարեգին Ստեփանյանի խոսքով մեծ տարբերություն կա այսօրվա եւ երեկվա սերունդների միջև: Նախկինում գիրք կարդալն ուղղակի անհրաժեշտություն էր, իսկ այժմ նորաձևություն, համեմատվելու միջոց: Տեխնոլոգիական նորամուծությունների պատճառով գիրքը կորցրել է իր նախկին հմայքն ու հետաքրքրությունը:

Նրա պնդմամբ հնում գիրքը գանձ էր, որը ընկերներով փոխանցում էին միմյանց ու փորձում էին ինչքան հնարավոր է արագ կարդալ ու  յուրացնել նրա պարունակությունը, որովհետեւ  դա էր զարգացվածության ու գրագիտության չափանիշը: Գիրք գնելու համար անգամ վերջին կոպեկը չարժե խնայել:

Գրախանութի գովազդային մենեջեր Անի Ղազարյանն էլ խոսեց գրախանութի կողմից կազմակերպված «Իմ ամենասիրելի գիրք» ծրագրի մասին.

«Մարդիկ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրում էին իրենց սիրած գրքի լուսանկարը կամ իրենց նկարը իրենց սիրած գրքի հետ, և ամենաշատ «հավանում» ստացած նկարներն այսօր կարժանան մրցանակների»,- ասաց նա` հավելելով, որ սրանով փորձում են ինչպես գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնել, այնպես էլ տեսնել, թե ինչ նախընտրություններ ունեն այսօր ընթերցասերները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

 

Հայաստանում կարելի է զարգացնել ալպինիզմը

տուրիզմՅուրաքանչյուրիս մոտ գալիս է մի պահ, երբ մենք ուզում ենք դուրս գալ մեր աշխատանքի վայրից կամ բնակարանից ու հայտնվել մի հետաքրքիր վայրում, որի մասին անգամ չէինք էլ մտածել կամ երազել,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում տուրիզմի մասին նշեց տուրմենեջեր Նինել Գալուստյանը:

Տուրիզմի տեսակներից մեկը` արկածային տուրիզմը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ եւ որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։

Նինել Գալուստյանի խոսքով եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։ Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն։ Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա։

Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը։

Հայաստանը եզակի երկիր է, որտեղ տուրիզմը ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն: Այստեղ բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար՝ ինչպես պատմա-մշակութային, այնպես էլ հոգևոր առումով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Լիցենզիաների ինչպիսի՞ տեսակներ կան

հհ դատախազություն«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (Օրենքն ընդունվել է 2001թ. մայիսի 30-ին¤24 հոդվածի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար կարող են տրվել լիցենզիաների հետևյալ տեսակները՝

1) պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ,
2) բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ:
Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:
Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:
Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար հիշյալ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:
Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով: Բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան: Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Լև Տոլստոյի բոլոր հատորները հասանելի են համացանցում

o_898870Լև Տոլստոյի ամբողջ գրական ժառանգությունը` շուրջ 90 հատոր, այժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով` ներառյալ ստեղծագործությունների սևագրերն ու նամակները: Նախագիծը ձեռնարկել է գրողի ծոռնուհի Ֆյոկլա Տոլստայան: Էլեկտրոնային տարբերակը բնօրինակի հետ ստուգելու աշխատանքներին մասնակցել են ողջ աշխարհից 1000-ավոր մարդիկ: Գրական  հարստությունը հասանելի դարձնելու համար նախ բոլոր 90 հատորները սկզբում սկանավորվել են. ապա, հատուկ ծրագիրը ճանաչել է տեքստը: Ամենաբարդը ստուգելն է եղել. ոչ ավելի ոչ պակաս` 46 հազար էջ: Այդ աշխատանքը որոշել են անել ողջ աշխարհում, դրա համար ներգրավվելով կամավորների: Հիմա մեծ ռուս դասականի գրական ժառանգությունը հասանելի է  Tolstoy.ru կայքում: Իր ժամանակին Տոլստոյը հրաժարվել է հեղինակային իրավունքից ու կտակել իր ստեղծագործությունները տարածել ամենուր ու անփոխհատույց :

Անկախ

Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննա-Երևան չվերթով

ձերբակալությունՓետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի և 258 (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Անկախ

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են , որ  հանրապետության տարածքում`

20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝
 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.00C

Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին

Էդվարդ ՆալբանդյանՓետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար ի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Անկախ

«Կարեն Ավագյանը, բացի ուսանողության փողերը մսխելուց, լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը»

imagesՀՀԿ և ԲՀԿ երիտասարդ պատգամավորների ֆեյսբուքյան բանավեճերը նոր թափ են հավաքում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հերթական հարվածն է հասցրել ՀՀԿ-ական կարկառուն ֆեյսբուքյան մարտիկ Կարեն Ավագյանին` գրելով.

«Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն մնացել է Կարեն Ավագյանի հույսին, և վերջին «հարձակումները» իրականացվում են նրա մակարդակով: Ես հասկանում եմ, որ կարելի է ֆանտաստիկայի ժանրը շատ սիրել, բայց նա, բացի մեր ուսանողության փողերը մսխելուց, լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը (հուսով եմ՝ տառաճանաչության մակարդակը թույլ կտա), որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ, ցավոք, հանձնաժողովը չկարողացավ պարզել այդ 10 սպանությունների հանգամանքները և այդ հարցը մնաց բաց: Այսօր շատ սլաքներ ուղղվում են սխալ հասցեներով և ակնհայտ է, որ ԲՀԿ-ն շահագրգռված է ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր՝ պարզելու այդ զոհերի մահվան հանգամանքները: Իսկ թե ովքեր դեմ կքվեարկեն այս անգամ, դրանից հասկանալի և պարզ կդառնա՝ ովքեր են ուզում պարտակել մեր պատմության այս արյունալի էջը:

Հ.Գ. Սնանկությունից խոսում է վաղուց արդեն հասարակության վստահությունը կորցրած մի ուժի ներկայացուցիչ, որը այսքանից հետո ավելի լավ է լռեր ու հեռանար ասպարեզից, համոզվելու համար էլ, որ ժողովուրդը իրենց չի ընդունում, կարող են մասնակցել կառավարության իրականացրած հարցումներին ու հետազոտություններին իրենց իսկ գործունեության վերաբերյալ, քանի դեռ նման հնարավորություն կա, մասնավորապես այդ պատգամավորը կարող է հարցախույզ անցկացնել մեր քաղաքում իր անձի մասին ու համոզվել իր քաղաքական սնանկության մեջ»:

 

Անկախ

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը չտվեց դրական եզրակացություն Նաիրիտի խնդրով ժամանակավոր հանձնաժողով գումարելու հարցին

նաիրիտԱյսօր կայացավ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում էր նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը մեկընդմիշտ հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Հիմնական զեկուցող պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում շեշտեց հանձնաժողովի կազմման կարևորությունը. «Մենք զրուցել ենք էներգետիկայի նախարարի հետ, սակայն վերջինս աննպատակահարմար է համարում այս պահին հարցի քննարկումը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են: Կարծում ենք, որ այս կարևորագույն հարցում Ազգային ժողովը պետք է արտահայտի իր դիրքորոշումը»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց Արծվիկ Մինասյանին. «Նման քննարկումը ընդամենը խոսակցությունների ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, փոխարենն առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին ՝ պատասխանատուներին պատժելու գործընթաց սկսելու համար, սպասել մինչև բանակցությունների ավարտը: Ինձ հավատու՞մ եք, չէ՞: Ես Ձեզ խոստանում եմ, որ այդ դեպքում հենց առաջին իսկ առաջարկի դեպքում այս հարցը կմտցնեմ մեծ օրակարգ»:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց`շեշտելով, որ բանակցությունների ավարտի ժամկետն անորոշ է և առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ՝ տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությմաբ հարցը մտցնել քառօրյա, սակայն քննարկել այն աշնանը: Այս տարբերակը հանձնաժողովը չընդունեց:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել հանձնաժողովի նախագահին՝ այս հարցի արտահերթ լսումների պահանջով:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 412,5 դրամ

դոլարՓետրվարի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 12,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Գյումրեցի պատգամավորը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգն անփոխարինելի է համարում

26 039Գյումրիում անցկացված «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» ակցիայի մասնակիցներին ընդունեց գյումրեցի պատգամավոր, ՀՀԿ Գյումրի-2 տարածքային կազմակերպության պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս երիտասարդների հետ բավական երկար զրույց ունեցավ: «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը պատգամավորին ներկայացնելով երիտասարդներին՝ նշեց. «Այստեղ այն անձնակազմն է, որ անմիջապես պարտադիր կենսաթոշակային համակարգի բացասական հետևանքները զգացել է իր վրա և մենք եկել ենք ձեզ մոտ հորդորով, որ  հրաժարվեք այդ օրենքից»:
«Իհարկե, նմանատիպ խորը բարեփոխում պահանջող օրենքը, ինչ խոսք նաև ունենում է որոշակիորեն ազդեցություն որոշակի խավերի վրա: Ես ինքս օրենքի քննարկումներին մասնակցել եմ դեռ 10 տարի առաջ: Ասեմ, որ ի սկզբանե շատ ու շատ ավելի մտահոգող օրենսդրական բացեր ենք մենք նկատել, որոնք տարիների ընթացքում փորձել ենք շտկել: Իհարկե, շատ մարդկանց եկամուտը պակասել է, Հայաստանում շատ բարձր աշխատավարձ ստացող մոտ 684 մարդկանց եկամուտը պակասել է, ինչպես նաև մի քանի հազար մարդու: Բայց նաև չէր կարող մեր կենսաթոշակային համակարգը նման ձևով շարունակվեր: Ես շատ ուրախ կլինեի, որ նմանատիպ օրենք ընդունվեր 20 տարի առաջ՝ անկախության ընդունումից հետո, և շատ հարցերում այսօր ավելի առաջավոր տեղերում կլինեինք, քան հիմա՝ կենսաթոշակների համակարգի առումով», – նշեց Սուքիաս Ավետիսյանը: Ապա երիտասարդներին բացատրեց, թե ինչու են օտարերկրյա կազմակերպությունները տնօրինելու ֆոնդերը, ինչու է համակարգը պարտադիր և այլն:

Ակցիայի մասնակիցներից մեկը հարցրեց, թե. «Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ ու արդար կլիներ, եթե նախևառաջ աշխատատեղեր ստեղծեին, նոր կուտակայինի հարցն առաջ քաշվեր»:
Ի պատասխան պաշտոնյան նշեց. «Շատ ավելի լավ կլիներ, բայց խնդրեմ, դուք հուշեք առաջարկ՝ Գյումրիում թեկուզ 10 աշխատատեղ ստեղծելու: Ես պատրաստ եմ կանգնել ցանկացած մարդու կողքը, որպեսզի կարողանա Գյումրիում 10, 20, 30 աշխատատեղ ստեղծել:  Այսօր ամենալավ տարբերակն այն է, որ ոչ թե 1:1 կամ 1:2 հարաբերակցություն լիներ, այլ լավագույն զարգացած երկրների պես՝ 5 աշխատողին մեկ թոշակառու լիներ, մենք էլ այս խնդիրը կարողանայինք լուծել: Մենք լավ օրից չենք գնացել սրան: Ուսումնասիրվել է մի քանի տասնյակ երկրների փորձ, թե ինչ արվի, ինչպես, որ սրա տակից կարողանանք դուրս գալ»:
«Ես ի սկզբանե ասել եմ և կրկնում եմ, այո, ծանր է, երբ մարդու ռեալ եկամուտը պակասում է և այն եկամտից է պակասում, որը մարդուն հազիվ բավարարում է կամ չի էլ բավարարում, իր նվազագույն կեսապահովման խնդիրները լուծելու համար: Բայց չկա նաև որևէ տարբերակ, որ կարողանանք մի քաղաքում կամ մի մարզում լրացուցիչ արտոնության խնդիր դնենք», – ասում է պատգամավորը:
Իսկ ակցիայի մասնակից Արսեն Վարդանյանը նշեց հետևյալը. «Քանի որ մեզ համար պետությունն ի սկզբանե չի ստեղծել սոցիալական պայմաններ, մենք մեզանով ենք ստեղծում, ես ի սկզբանե, չեմ պատրաստվում այդ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակայինը վճարել և համահայկական ընդվզման կոչ եմ անում բոլոր-բոլորին, ովքեր ինձ  պես առավոտից իրիկուն, չարչարանքով ստեղծել են այդ գումարը և ի վիճակի չեն իրենց մինիմալ կենսական պայմաններն ապահովել»: Երիտասարդները պատգամավորին հորդորեցին այսուհետ չընդունել նմանատիպ օրենքներ, որոնք կարող են բերել ներքաղաքական ընդվզումների. «Մենք մինչև վերջ գնացող ենք, մենք մեր իրավունքների հետևից գնալու ենք և քայլ առ քայլ պահանջելու ենք, որպեսզի այս ամենը լինի պարզ, թափանցիկ ու ի շահ մեզ»:
Սուքիաս Ավետիսյանը խոստացավ ԱԺ-ում այս մասին հայտարարությամբ հանդես գալ, իսկ որպես հետդարձի ճանապարհ՝ չի տեսնում, եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքը:

2013-ին մայրաքաղաքում հաշվառվել է 21 706 կարիքավոր ընտանիք, որոնցից 19 902-ին տրամադրվել է ընտանեկան նպաստ և հրատապ դրամական օգնություն

Ռուզաննա ԶաքարյանՔաղաքապետարանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է  պահում տարեցներին, հաշմանդամներին, արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, անօթևաններին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց, որոնց հետ սոցիալական կանխարգելման ուղղությամբ մի շարք աշխատանքներ է տանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Նրա տեղեկացմամբ` 2013-ին մայրաքաղաքում հաշվառվել է 21 706 կարիքավոր ընտանիք, որոնցից 19 902-ին տրամադրվել է ընտանեկան նպաստ և հրատապ դրամական օգնություն: 2013-ի փաստացի ծախսը կազմում է 4 մլրդ 945 մլն դրամ:

Երեխաներին տրվող ծննդյան նպաստների համար 2013-ին 13 065 ընտանքիներ դիմել են սոցիալական ծառայություններ:  Նախորդ տարի երեխաներին տրվող միանվագ նպաստները կազմել են 1 մլրդ 256 մլն դրամ:

«Կառավարության համապատասխան որոշմամբ` 2014-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին միանվագ ծննդյան նպաստներ հետայսու կվճարվեն սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմինների կողմից: Իսկ մինչ 2014-ը ծնված երեխաների նպաստները կշարունակվեն վճարվել սոցիալական ծառայության տարածքային բաժինների միջոցով: Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար 2013-ին 5522 մայրերի, որոնք գտնվում են երեխաների խնամքի արձակուրդում, վճարվել է 1 մլրդ 372 հազար դրամի չափով երեխայի խնամքի նպաստ»,- ասաց Ռուզաննա Զաքարյանը:

Նրա խոսքով`  Երևանում 5 ազգային հերոսների ընտանիքներ, 29-ը մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվածների ընտանիքներ և 11 մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվածների ընտանիքներ, թվով 45 ընտանիքներ, 59 մլն դրամի չափով պետական նպաստ են ստացել: Բացի այդ, 2013-ին 230 ընտանիքներ  ավանդների դիմաց 25 մլն դրամի չափով փոխհատուցում են ստացել:

2014-ին նախատեսված է աղետի գոտում շուրջ 1 280 բնակչի ապահովել բնակարաններով. Սամվել Թադևոսյան

 Արամի փողոց,բազմաբնակարան շենք«Սոցիալական բնակարանների ապահովման ծրագրով Մարալիկում և Ծաղկահովիտում շուրջ 10 շենք էկառուցվել, և առաջիկայում 195 ընտանիք բնակարան կստանա», – այս մասին այսօր լրագրողների հետհանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

Ըստ նախարարի` բնակարաններով ապահովման ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապեսանապահով ընտանիքները, տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքները,ինչպես նաև փախստականների կարգավիճակ ունեցողները և ժամանակավոր կացարաններում բնակվողընտանիքները։ Մարալիկն ու Ծաղկահովիտն ընտրվել են տարածքների համաչափ զարգացման սկզբունքով:

Անդրադառնալով աղետի գոտում բնակարանաշինությանը` նախարարը նշեց, որ 2014-ին նախատեսված է շուրջ1 280 բնակչի ապահովել բնակարաններով։

Անկախ

Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»

IMG_3134Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ փետրվարի 12-ին բողոքի դուրս ելած մետրոպոլիտենի աշխատակիցներից երեքի վրա ակցիան թանկ նստեց: Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանն ակցիայից երկու օր անց աշխատանքից հեռացվեցին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով (գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատակցի նկատմամբ անվստահության համար):

Շարժասանդուղքի մեքենավարները, որոնք իրենց երիտասարդության 15 տարիներն են տվել մետրոպոլիտենի աշխատանքին, որոնք երկարամյա աշխատանքի շնորհիվ վայելում էին վերադասի հարգանքն ու վստահությունը, հանկարծ մեկ օրվա մեջ դարձան անվստահելի և աշխատանքին ոչ պիտանի:

Երեքն էլ կատարվածից դեռ «շոկի» մեջ են, ասում են, որ ղեկավարության կողմից նման արձագանքի երբեք չէին սպասում, ուղղակի զարմացած են, որ դա որպես անձնական վիրավորանք է ընկալվել: Իրենք անգամ բողոքի ակցիայի մասին իրենց անմիջական ղեկավարին` Սամվել Մնացականյանին, նախապես տեղեկացրել էին, նա էլ ասել էր` ձեր իրավունքն է: «Մենք մտածում էինք, որ դա մեր ղեկավարության համար էլ է լուրջ խնդիր, նույնիսկ նամակում նշել էինք, որ պատրաստ ենք նրանց աջակցել, եթե իրենք իրենց հերթին վերևներում խնդիրներ ունեն: Նամակում մեր ղեկավարությանը ո՛չ վիրավորել ենք, ո՛չ կոկորդներից բռնել, ընդամենը մեր դիրքորոշումն ենք հայտնել և ասել, որ պատրաստ ենք իրենց կողքին կանգնել»,-ասում է Անդրանիկը, որը նրանցից ամենաավագն է, և որի վրա կուտակայինը չի տարածվում, սակայն նա իր պարտքն է համարել պաշտպանել ընկերների իրավունքները:

IMG_3175

Անդրանիկ Գևորգյան

Անդրանիկն այդ օրն ամենաակտիվն էր, քանի որ կարողանում էր ազատորեն շփվել լրագրողների հետ, արտահայտել բոլորին հուզող խնդիրները: Անդրանիկը նաև «համարձակվել» էր նամակը հանձնել ընդունարան, որպեսզի փոխանցեն ղեկավարությանը: «Որոշեցի` ես նամակը հանձնեմ, որովհետև մտածեցի` այսքան ժամանակ որևէ բիծ չեմ ունեցել, ղեկավարության մոտ հարգանք ունեմ, բացի այդ` ինչ-որ առումով չեզոք եմ, քանի որ իմ վրա կուտակայինը չի տարածվում»,- ասում է նա:

Աշխատանքից հեռացվածների նախկին ղեկավարը` Սամվել Մնացականյանը, «Անկախի» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ աշատողներին աշխատանքից հեռացրել են աշխատանքի ընթացքում իրենց պարտականությունների թերացման պատճառով. «Նրանց գործառույթը եղել է ուղևորների անվտանգ տեղափոխումը և շարժասանդուղքի անխափան աշխատանքը, և նրանք իրենց աշխատանքի ընթացքում թույլ են տվել այնպիսի թերացումներ, որոնք կարող էին հանգեցնել ուղևորների և սարքավորումների համար լուրջ խնդիրների: Իրենց աշխատանքից հեռացումը ակցիայի հետ որևէ կապ չունի, և եթե այդ ակցիան այսօր լիներ, միևնույն է, նրանց մի քանի օր առաջ արդեն ազատած կլինեին»:

Մնացականյանի խոսքով` իրենք պարբերաբար կատարում են ստուգայցեր, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են թերացումները: Հարցին, թե արդյոք տվյալ ստուգայցը ակցիայի օրն է իրականացվել, Մնացականյանը միանգամից պատասխանեց` ոչ: Այնուհետեև, երբ փորձեցինք ստուգայցի կոնկրետ օրը ճշտել, հանկարծ ասաց. «Այո, ակցիայի օրն է եղել: Մեր սովորական ստուգայցն էր, պարզապես համընկավ ակցիայի հետ»: Հարցին, թե նման ազատումներ մետրոպոլիտենում հաճա՞խ են լինում,  պատասխանեց` ոչ:

Նախկին աշխատողների ղեկավարն էլ փաստեց, որ ակցիայից առաջ տղաներն իրեն մոտեցել են, ներկայացրել խնդիրը, ինքն էլ ասել է, որ այդ հարցի պատասխանը չունի, թող դիմում պատրաստեն, ինքը կփոխանցի մետրոպոլիտենի ղեկավարությանը:

Չնայած Մնացականյանը պաշտոնապես ներկայացրեց աշխատողներին աշխատանքից հեռացնելու ոչ իրական պատճառները, հետագա զրույցն ինքնին ապացույց էր, որ աշխատողների նկատմամբ, մեղմ ասած, բավականին վատ տրամադրվածություն կա: Երբ նախկին ղեկավարին հիշեցրինք, որ աշխատանքից ազատվածներից մեկը չորս անչափահաս երեխաների հայր է, այսպես արձագանքեց. «Այդ երիտասարդն ընդհանրապես մեզ մոտ չպետք է աշխատեր: Ինքը չի տեսնում համարյա»:

Ինչպե՞ս են այդ դեպքում չտեսնող աշխատողին վստահել քաղաքացիների անվտանգությունը: «Պահում էի, որովհետև չորս երեխա ուներ,- ասաց Մնացականյանը, հետո էլ ավելացրեց,- դրա համար էլ նրան մենակ չէի թողնում, նրան կցել էի Անդրանիկ Գևորգյանին»:

Այնուհետև Մնացականյանը, ավելի բացվելով, խորհուրդ տվեց տղաներին հիշեցնել, թե երբ դարձան շարժասանդուղքի մեքենավար, ո՞վ էր այն մարդը, որը նրանց պատրաստեց, նրանց վրա այդքան ավանդ ներդրեց, չարչարվեց, որ մարդ դառնան. «Ես նրանց ընտանիքների մասին իրենց հայրերից ավելի եմ մտածել»,- ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, որ աշխատողները որևէ անձնական բողոք չեն ներկայացել, այլ ընդամենն արտահայտվել են կենսաթոշակային համակարգի դեմ, նախկին ղեկավարը չընդունեց. «Ես ամեն օր կարդում եմ մամուլը, գիտեմ, ինչ են խոսել»:

Մնացականյանն անգամ չհերքեց, որ իր նախկին աշխատակիցներից խիստ վիրավորված է և անգամ թշնամաբար է տրամադրված, որ ով էլ լիներ, այդքանից հետո կվիրավորվեր, կնեղանար ու թշնամաբար կտրամադրվեր:

IMG_3180

Սևակ Հովհաննիսյան

Ի դեպ, Սևակ Հովհաննիսյանը չժխտեց, որ աչքերի հետ կապված խնդիր ունի, սակայն ասաց, որ դա իրեն երբևէ չի խանգարել աշխատանքի մեջ: «Հա, ժամանակ առ ժամանակ գնում են բժշկի, ստուգվում, դեղեր ստանում, բայց եթե տեսողության լուրջ խնդիր ունենայի, ինձ ոչ ոք աշխատանքի չէր վերցնի»,- համոզված է նա:

Չորս անչափահաս երեխաների հայրն ընտանիքի միակ կերակրողն է: Կուտակայինը նրա վրա տարածվում է, և 100-110 հազար դրամ աշխատավարձից մի քանի հազար դրամի պահումն էլ լուրջ խնդիր է ընտանեկան բյուջեի համար: Սևակն ասում է, որ շատերն են արդեն օգնության ձեռք մեկնել, աշխատանքային առաջարկներ են արել, և հույս ունի, որ երկար ժամանակ գործազուրկի կարգավիճակում չի մնա:

IMG_3177

Գագիկ Գալստյան

Աշխատանքից հեռացված մյուս երիտասարդը` Գագիկը, որի վրա նույնպես կուտակայինը տարածվում է, երկու անչափահաս երեխա ունի և վարձով է ապրում:  Նա էլ հույս ունի, որ շուտով աշխատանք կգտնի, քանի որ, ինչպես իրենք են ասում, «բազմապրոֆիլ մասնագետ են, ձեռքներից ամեն բան գալիս է»:

Անդրանիկ Գևորգյանն էլ հիշում է, որ 15 տարի առաջ իրեն աշխատանքի է ընդունել նույն Սամվել Մնացականյանը, անգամ երկաթգծի ուսումնարանում դաս է տվել: Այո, չի ուրանում, որ առաջին քայլերը մետրոպոլիտենում արել է Մնացականյանի շնորհիվ: Բայց նաև հիշում է, որ Մնացականյանն իրեն կյանքի դասեր է տվել, որոնցից մեկն էլ եղել է այն, որ եթե ինչ-որ բան ես մտածում, պետք է  երես երեսի ասես, ոչ թե թիկունքից. «Ես կուտակայինին դեմ իմ դիրքորոշումը ասել եմ ոչ թե թիկունքից, այլ նրանց դեմքին նայելով,- ասում է Անդրանիկը,- բա չասեի՞`  ինչու են պահել մարդկանց աշխատավարձը, եթե սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել էր օրենքը, կամ ինչո՞ւ է օրենքը պարտադիր, եթե մարդիկ դեմ են»:

Նախկին աշխատակիցներն ասում են, որ եթե իրենց իրավունքները վերականգնվեն, ճակատները բաց կարող են աշխատանքի գնալ, քանի որ համոզված են, որ որևէ սխալ քայլ չեն կատարել: Նաև հավելում են, որ ակցիան կազմակերպել են բացառապես մետրոպոլիտենի աշխատակիցներով, և դրսից որևէ միջամտություն չի եղել: Ինչ վերաբերում է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին, որոնք այդ օրը միացել էին ակցիային, և որն էլ խիստ զայրույթ էր առաջացրել ղեկավարության մոտ, ապա նրանց իրենք չեն հրավիրել:

Ինչևէ, մետրոպոլիտենի աշխատողների աշխատանքից հեռացման լուրը ստանալուն պես «Դեմ եմ» շարժումը հանդես եկավ հայտարարությամբ` իր բողոքը հայտնելով դրա դեմ և տղաներին աջակցելու կոչ անելով:

Արձագանքը չուշացավ. երիտասարդների իրավունքները դատարանի միջոցով վերականգնելու համար իր աջակցությունը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը: Փաստաբան Քրիստինա Գևորգյանն արդեն թղթերն  է պատրաստում, որպեսզի հայց ներկայացնի դատարան` պահանջելով իր պաշտպանյալների աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել նրանց աշխատանքն ու պարապուրդի գումարը փոխհատուցել:

Մնում է, որ դատարանը անաչառ որոշում կայացնի:

 

Անի Գասպարյան

Անկախ

Հարգանքի տուրք հայ սպայի հիշատակին

IMG_9824 copyԲուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։

«10 տարի է անցել, և մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է, և ոճրագործն էլ խոստովանել է, որ ինքը պատրաստվել է հայ սպանելու համար»,-ասել է Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Գուրգեն Մարգարյանի շիրիմին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդուհետ այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, զրուցել ծնողների հետ։