ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդների Թագավորությունում: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախատեսվում է նաև դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի ներկայացուցիչների և հոլանդահայ համայնքի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա նաև հանդիպում “Միջազգային բակալավրիատ” /ՄԲ/ կազմակերպության ղեկավարության հետ:
Պաշտոնանկություններ` Արարատի մարզպետարանում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ու Սամվել Մինասյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոններից։ Աշխատանքից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը և Աշոտ Վարդանյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալներ։
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայման հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:
Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:
Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:
Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:
«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:
«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը:
Պատմության այս օրը
Այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրն է: 2008-ից փետրվարի 19-ը Հայաստանում հռչակվել է Գիրք նվիրելու օր:
Այսօր նաև Ծովային կաթնասունների պաշտպանության համաշխարհային օրն է (Կետի օր):
Այն նշվում է 1986-ից սկսած, երբ ուժի մեջ մտավ կետորսի արգելքը, ինչը նշանակում է, որ ողջ աշխարհում կետի որսն ու կետամսի վաճառքն արգելված է:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Այս օրն է ծնվել ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Արսեն Գալստյանը:
Մահացել է Նոբելյան մրցանակակիր, նորվեգացի գրող Կնուտ Համսունը:
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
Նապոլեոն Բոնապարտ
Կարծիք կա, որ անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին, բայց ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն…
Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում: Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում (13 երեխա են ունեցել) երկրորդ երեխան էր: Նապոլեոնի հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին ուսում ստանալու բաղձանքով:
1779 թ. Նապոլեոնն ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը: Նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր հատկապես մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Սակայն դպրոցում երիտասարդ կադետը մեկուսի կյանք էր վարում, քանզի սովորող ազնվազարմ ֆրանսիացիներն այնքան էլ բարեհաճ չէին հայրենասեր կորսիկացու նկատմամբ:
Շուտով աչքի ընկած առաջադիմության համար Նապոլեոն Բոնապարտին տեղափոխում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Այստեղ երիտասարդ կորսիկացին նոր ոգևորությամբ է շարունակում ուսումն ու հարստացնում իր գիտելիքները: Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ:
Բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը, սակայն, ընկնում է Նապոլեոնի ուսերին, և երիտասարդ զինվորականը լավ վարձատրվող աշխատանք որոնելով` իր ծառայություններն է առաջարկում ռուսական բանակին:
Ռուսական բանակի շտաբում Նապոլեոնին ասում են, որ կարող է ծառայության անցնել իրենց մոտ պայմանով, որ պետք է մեկ աստիճանով կոչումազրկվի. այդպիսին էին ռուսական օրենքները: Եվ զայրացած Նապոլեոնը, դուրս գալով գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի մոտից, ասում է. «Ես իմ սուրը կվաճառեմ պրուսական թագավորին»:
Սակայն օտար երկրում ծառայություն անցնելու հարկը չեղավ:
1789 թ.` Ֆրանսիական հեղափոխության եռուն շրջանում, նա մեկնեց հայրենի Կորսիկա: Այստեղ շարժում էր սկսվել կղզին Ֆրանսիայից անկախ հռչակելու համար: Նապոլեոնը գրավիչ առաջարկ է ստանում` միանալ ազատագրական պայքարին: Սակայն ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված երիտասարդ զինվորականը մերժում է և անմիջապես վերադառնում Ֆրանսիա` հեղափոխության բոցերի մեջ գտնելու իր բախտը:
Եվ բախտը նրան ժպտաց: Ֆրանսիան հեղափոխության բոցերի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ էր: 24-ամյա Նապոլեոնը Տուլոն քաղաքի պաշտպանության համար ստանում է բրիգադի գեներալի զինվորական կոչում:
Սակայն սև ամպեր են կուտակվում Նապոլեոնի գլխին: 1794 թ. հուլիսի 23-ի Տերմիդորի հեղաշրջումից հետո նրան պաշտոնաթող են անում: Մահապատժի է ենթարկվում Նապոլեոնի հովանավորը` Մաքսիմիլիան Ռոբեսպիերը: Դատ է բացվում նաև երիտասարդ գեներալի նկատմամբ: Բայց Նապոլեոնը կարողանում է պաշտպանվել և խույս տալ գիլյոտինից: Շատ չանցած` նրան վերականգնում են բանակում, որից հետո նա ճնշում է միապետականների խռովությունը:
1796 թ. գարնանը Նապոլեոնը մեկնում է Իտալիա որպես ֆրանսիական բանակի հրամանատար: Սա թերևս փրկություն էր երիտասարդ հրամանատարի համար, քանզի անընդհատ ներքաշվում էր ներքին դավադրությունների մեջ: Իտալիայում Նապոլեոնը փառքի է արժանանում: Մի քանի փայլուն ճակատամարտերում նա ջախջախում է ավստրիական ու սարդինական թագավորության բանակները և Իտալիայում հաստատում Ֆրանսիայի գերիշխանությունը:
Իտալական արշավանքի արդյունքում Նապոլեոնի հեղինակությունը կտրուկ աճեց, նա դարձավ Ֆրանսիայի քաղաքական առանցքային դերակատարներից մեկը: Սակայն նրան ծանր փորձություն էր սպասում: Չկարողանալով Եվրոպայում հարված հասցնել Անգլիայի տիրապետությանը` Փարիզը որոշեց դա անել գաղութներում: Եվ Նապոլեոն Բոնապարտին հանձնարարվում է ձեռնարկել եգիպտական արշավանքը:
Սկսվում է ծանր ու հոգնատանջ արշավանքը: Արդեն Եգիպտոսում ափհանման պահին ֆրանսիական բանակը քայքայվել էր ժանտախտի և մալարիայի պատճառով: Այսուհանդերձ, Նապոլեոնը տպավորիչ հաղթանակ տարավ Բուրգերի ճակատամարտում` ջախջախելով մամլուքների զորաբանակը: Բայցևայնպես, եգիպտական արշավանքը կատարյալ ձախողում էր Նապոլեոնի համար և օգտվելով առիթից, որ Ֆրանսիայում դարձյալ իշխանափոխություն է եղել, նա լքեց բանակն ու 1799 թ. հոկտեմբերին վերադարձավ Փարիզ:
Փարիզում նա ձեռնամուխ եղավ պետական հեղաշրջման և նոյեմբերի 10-ին տապալելով Դիրեկտորիայի իշխանությունը` դարձավ Ֆրանսիայի կոնսուլ և իր ձեռքում կենտրոնացրեց երկրի իշխանությունը: Եվրոպայում սկսվեց Նապոլեոնի դարաշրջանը:
Նա շարունակ պատերազմներ էր վարում Եվրոպայում և մեկը մյուսի հետևից ծնկի բերում Ֆրանսիայի թշնամիներին: Հատկապես տպավորչ հաղթանակ տարավ Մարենգոյի (1800 թ.) ճակատամարտում: Կարճ ժամանակում նա ամրապնդեց իր իշխանությունը` 1802 թ. դառնալով ցմահ կոնսուլ, իսկ 1804 թ. հռչակվեց Ֆրանսիայի կայսր:
Շարունակելով հաղթական ճակատամարտերը Եվրոպայում, 1805 թ. Աուստերլիցի, 1806 թ. Էնայի և 1809 թ. Վագրամի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով` Նապոլեոնը նվաճեց ողջ կենտրոնական Եվրոպան: Սա Նապոլեոնի և Ֆրանսիայի փառքի գագաթնակետն էր:
Նապոլեոնին մնում էր ծնկի բերել իր գլխավոր ախոյանին` Անգլիային, որի տիրապետությունը ծովում անհաղթահարելի էր թվում: Այդ նպատակին հասնելու համար Նապոլեոնը ձգտում էր դաշինք կնքել Ռուսաստանի հետ: Դաշինքը կայացավ, սակայն Նապոլեոնի ծրագրերը Անգլիայի հարցում հօդս ցնդեցին: Դեռևս 1805 թ. Տրաֆալգարի ծովամարտում անգլիական ծովակալ Հորացիո Նելսոնն ուղղակի ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը, ինչը ստիպեց Նապոլեոնին փոխել մարտավարությունն Անգլիայի դեմ:
Եվ ահա 1807 թ. հուլիսի 7-ին Տիլզիտի պայմանագրով Նապոլեոնը կարողացավ Ռուսաստանի հետ հակաանգլիական ռազմական դաշինք կնքել: Ռուսաստանը միացավ ցամաքային բլոկադային, որ նախաձեռնել էր Նապոլեոնն Անգլիայի դեմ, և խզեց հարաբերությունները Ֆրանսիայի թշնամու հետ:
Տիլզիտը նապոլեոնյան փառքի գագաթնակետը եղավ: Նա տիրապետում էր գրեթե ողջ Եվրոպայում: Իր ընկերներին և հարազատներին բազմեցրել էր եվրոպական գահերին, այդ թվում և իր փեսային` հայազգի Յոհակիմ Մյուրատին, որին բաժին էր հասել Նեապոլիտանիայի թագը: Բացառությամբ Անգլիայի` նրա հետ հաշվի էր նստում ողջ աշխարհը: Անգլիան մնաց այն ոսկորը, որն այդպես էլ խրվեց Նապոլեոնի կոկորդում:
Ռուս-ֆրանսիական հարաբերությունները հետզհետե սրվում են, և Նապոլեոնը որոշում է կատարյալ դարձնել իր տիրապետությունը եվրոպական մայրցամաքում, նվաճել նաև Ռուսաստանը:
1812 թ. ֆրանսիական 650 -հազարանոց մեծ բանակը` Նապոլեոնի հրամանատարությամբ, մտավ Ռուսաստան: Չնայած նախնական հաջողություններին և Մոսկվայի գրավմանը` Նապոլեոնի ռուսական արշավանքը տապալվեց: Մեկ տարի անց նրա բանակի մնացորդները` 30 հազար հոգի, խելակորույս փախան Ռուսաստանից:
Կայսրն արագ նոր բանակ հավաքագրեց և մի քանի տպավորիչ հաղթանակներ տոնեց ռուս-գերմանական միացյալ զորքերի դեմ: Սակայն պատմության անիվն այլևս անշրջելի էր: Ալեքսանդր Առաջին կայսեր գլխավորությամբ դաշնակից բանակները մտան Փարիզ:
Ստորագրելով գահից հրաժարվելու մանիֆեստը` Նապոլեոնը թույն ընդունեց: Բայց տարիների ընթացքում պահված թույնը կորցրել էր իր ազդեցությունը: Գալարվելով ողջ գիշեր` նա ողջ մնաց:
Դաշնակիցները, պահպանելով Նապոլեոնի կայսերական տիտղոսը, նրան որպես տիրույթ տվեցին Էլբա կղզին, իսկ Ֆրանսիայում վերահաստատվեց Բուրբոնների հարստությունը:
Սրանով Ֆրանսիայում հակասությունները չավարտվեցին: Հեղափոխական Ֆրանսիան չէր հանդուրժում Բուրբոնների վերադարձը, և հանձին Նապոլեոնի` շատերը տեսնում էին Ֆրանսիայի փառքը: Ահա 1815 թ. մարտի 1-ին Նապոլեոնը կրկին ափ դուրս եկավ Ֆրանսիայում և իր կողմը գրավելով ֆրանսիական բանակը` արագ երթով շարժվեց Փարիզ ու վերահաստատվեց գահին: Գրավելով կայսերական գահը` նա սուրհանդակներ ուղարկեց եվրոպական արքունիքներ` առաջարկելով խաղաղություն և դաշնակցություն: Սակայն եվրոպական գահակալները վախենում էին Նապոլեոնից ինչպես ժանտախտից: Նրանք միավորվելով` արշավեցին կայսեր վրա: Մի քանի հաղթանակներից հետո Նապոլեոնը 1815 թ. հունիսի 10-ին Վաթեռլոյի ճակատամարտում պարտվեց և գերեվարվեց անգլիացիների կողմից: Գահը գրավելուց 100 օր անց` 1815 թ. հունիսի 22-ին, նա կրկին հրաժարական տվեց և աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի:
Նապոլեոնը մահացավ 1821 թ. մայիսի 5-ին (շատ ուսումնասիրողների կարծիքով` թունավորումից)` իր հետ տանելով նաև Ֆրանսիայի փառքը: Նապոլեոնի աճյունն ամփոփված է Փարիզի Հաշմանդամների տանը:
Lինելով փառավոր զորահրամանատար` Նապոլեոն Բոնապարտը աշխարհին հայտնի է նաև իր տարօրինակություններով: Նա օպերային արվեստի մեծ սիրահար էր, բայց երբեք չէր ծափահարում օպերայում և ուրիշներին էլ արգելում էր: Նա գերտոկուն անձնավորություն էր. օրական քնում էր երկու-երեք ժամ: Սակայն կյանքի մայրամուտին արդեն հոգնում էր հաճախ և քնկոտության պահեր էր ունենում:
Մեր օրերում Նապոլեոնի կյանքն ուսումնասիրողներն այն համեմատեցին մեկ այլ պատմական դեմքի` Ադոլֆ Հիտլերի հետ և գտան ուշագրավ զուգադիպություններ. այսպես, Նապոլեոնը ծնվել է 1760 թվականին, Հիտլերը՝ 1889-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնի կառավարման տարիները սկսվեցին 1804-ին, Հիտլերինը` 1933-ին, տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնը մտավ Վիեննա 1812-ին, Հիտլերը՝ 1941-ին: Տարբերությունը ՝ 129 տարի: Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա, երբ 52 տարեկան էին: Երկուսն էլ պատերազմում պարտություն կրեցին, երբ 56 տարեկան էին:
Շատ է խոսվել նաև Նապոլեոնի կանանց մասին: Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց: Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո և կրքի:
Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին:
Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կրկին գնդակոծվել է
Այսօր կեսօրին մոտ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Բարեբախտաբար, կրակոցների ժամանակ այդ ուղղությամբ երթևեկ չի իրականացվել, զինվորական ու քաղաքացիական ավտոմեքենաներ չեն անցել, ուստի հայկական կողմից տուժածներ չկան: Հայ դիրքապահները հակառակորդին տվել են համարժեք հակահարված:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը Անկախի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին կրակոցներ չկան: Նա հրադադարի ռեժիմի խախտումների մասին հարցին խուսափել է պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններն ավելի լավ է ճշտենք Բերդի տարածաշրջանից: «Մի սար էն կողմ զանգահարեք»,-կես կատակ ասել է Բադիրյանը:
Այնուհետև մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել Պառավաքարի համայնքի ղեկավարի հետ: Նրա վարորդը հայտնել է, որ գյուղապետը սարերում է, հեռախոսը չի կարող փոխանցել: Իսկ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով հաճախ`գրեթե ամեն օր, երթևեկող վարորդներից հնարավոր է եղել ճշտել, որ գնդակոծությունների մասին լուրերը արդեն երկու օր է՝ պտտվում են: Եվ չնայած դրան, Բերդից Իջևան կամ Երևան ու հակառակ ուղղությամբ երթևեկությունը իրականացվում է Վազաշենով: «Դե Աստծո հույսին, էլի, կարելի ա ասել՝ ճամփեն կիսափակ ա, մեկ էդտեղով ենք գնում-գալիս, մեկ՝ Ճամբարակով»,-նշել են Բերդից Երևան ուղևորներ տեղափոխող վարորդները:
Ավելի ուշ Անկախ-ի հետ զրույցում ճանապարհահատվածի գնդակոծման մասին լուրը հաստատել է նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր 535, 7 մլն դրամ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի ամռանը:
Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին ՄԻՊ խորհրդականին
Քիչ առաջ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց էին անում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ: Բողոքի ցույցի մասնակից աշխատակիցների աշխատավարձերից հունվար ամսին 5 տոկոսի չափով պահումներ են արվել:
Ատոմակայանի աշխատակիցները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված մոտ 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին Մադու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանին: ՄԻՊ խորհրդականն էլ խոստացավ աշխատանքային 10 օրվա ընթացքում պատշաճ կարգով պատասխանել դիմում-նամակին:
Մեզ հետ զրույցում ատոմակայանի երիտասարդ աշխատակիցներից Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հունվար ամսվա իր աշխատավարձից 20 000 դրամի չափով պահում է արվել:
«Մենք բողոքում ենք ոչ թե մեր ղեկավարությունից, այլ մեր իշխանությունից: Մենք պայքարում ենք ոչ թե մեր ղեկավարության դեմ, այլ մեր իշխանությունների: Մենք մեր ղեկավարության հետ խնդիրներ չունենք, նրանք մեզ չեն վախեցնում կամ չեն սպառնում աշխատանքից հեռացնել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Ատոմակայանի աշխատակցներն անընդհատ կրկնում էին, որ իրենք ստրուկներ չեն և թույլ չեն տա, որ այս իշխանությունները նման օրենքների ընդունմամբ իրենց ստրուկի տեղ դնեն:
«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, ատոմակայանի աշխատանքը մեր պայքարից չի տուժի, ատոմակայանը կշարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է նախկինում»,- ասացին աշխատակիցները:
Զրույցն ավարտվել է վեճով
Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ին, 1986 թ. ծնված Արգիշտի Ե.-ից և 1989 թ. ծնված Արգամ Վ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմում է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.20-ի սահմաններում, զրուցելու նպատակով այցելել են Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակարաններից մեկը, սակայն բնակարանի բնակիչ Վահան Ա.-ն անհիմն վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում բնակարանում ու շենքի մոտ ձեռքերով, ոտքերով հարվածել է իրենց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Գյումրիում անցկացված ուժեղացված ծառայության արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 55-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գողը վեց բնակարաններից միայն երեքում էր «տանելու բան» գտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հյուրանոցի միջանցքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, որ օտարերկրացու սենյակից գողությունը կատարել է շվեյցարը
Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, հյուրանոցում օթևանած օտարերկրյա քաղաքացի Ֆ.-ն իրեն հայտնել է, որ իր սենյակից գողացել են 2.300 դոլար, որից հետո աշխատակիցը միջանցքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը դիտելով պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Ֆ.-ի սենյակ ապօրինի մուտք է գործել հյուրանոցի շվեյցարը` 1991 թ. ծնված Գոռ Գ.-ն:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ:
Գոռ Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Քննարկել են հայ-իտալական տնտեսական համագործակցության հեռանկարները
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարևոր օղակ:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեց ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Մասնավորապես խոսվեց «Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցացիայի» շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու և տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:
Թե նախարարը, և թե դեսպանը պատրաստակամություն հայտնեցին անել հնարավորը՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար:
Մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը
ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ձմեռային ուսումնական փուլը:
Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին: Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ զորամիավորումն իր առջև դրված խնդիրները կկատարի պատվով և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:
Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ի. Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ: Զորամասի բուժկետում Ս. Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ և ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ:
Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում
Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։
Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղեվորվեցին դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Մարսելում, Լիոնում և հայաշատ այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:
***
Փետրվարի 16-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Մոսկվայի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցում:
Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ռուսաստանի Հայերի միության, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության, «Արարատ» մշակութային միության ղեկավարությունը և բազմաթիվ այլ հյուրեր:
Կիրակնօրյա պատարագին և դրան հաջորդած հոգեհանգիստին հետևեց ՌՀՄ և «Արարատ» միության կողմից ծաղկեպսակների դրման արարողությունը` եկեղեցական համալիրի բակում տեղադրված խաչքարի մոտ:
Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ
Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում:
Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, անշուշտ, նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը:
«Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն այսօր մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելն է, և այդ ուղղությամբ իրականացվում են ներդրումային բազմաթիվ ծրագրեր: Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումն ու նաև այդ երկու քաղաքներում կազմակերպված Երևանի օրերի շրջանակում տեղի ունեցած համաժողովներն ու հանդիպումները եղել են արդյունավետ և հիմք դրել համատեղ ծրագրերի: Վստահ եմ, որ մեր այս երկու հանդիպումները ևս կբերեն շոշափելի արդյունքներ»,- ընդգծել է Արմեն Հարությունյանը:
ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, իր հերթին կարևորելով նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը, նշել է, որ փոխգործակցության է՛լ ավելի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցային կապերի ամրապնդմանը և նոր հնարավորություններ կստեղծի այլ ոլորտներում ևս համագործակցությունը խորացնելու համար:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ուսումնասիրել ներկայացված առաջարկներն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով խոշոր բիզնես է ծավալվում
Սևանա լճում, Շորժայի մոտակայքում իրականացվող պիլոտային ծրագրով նախատեսվում է առաջիկայում ընդլայնել և լճում տեղադրված նոր ցանցավանդակներում իշխանի արհեստական աճեցումը հասցնել տարեկան 50 000 տոննայի: Արհեստական աճեցումն ապահովելու նպատակով պահանջվելու է 50 000 տոննա արհեստական կեր, որը լիճը լցվելու դեպքում ջուրը կթունավորի ֆոսֆորով և ազոտով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ, ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասաց, որ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով ստեղծվում է ձկնային խոշոր տնտեսություն, այսինքն` ծավալվում է բիզնես:
«Մենք առաջարկեցինք պիլոտային ծրագիրը չփորձարկել Սևանա լճի վրա, այլ օգտագործել արհեստական ջրամբարները` խմելու ջրով, օրինակ, Սպանդարյան ջրամբարը, Ապարանի ջրամբարը և այլն: Պետք չէ փորձարկում անել Սևանի վրա: Պիլոտային ծրագրով նախատեսվում է տարեկան 50 000 տոննա ձուկ ստանալ, որը պահանջում է ճիշտ 50 000 տոննա արհեստական կեր: Արհեստական կերի պատճառով ազոտն ու ֆոսֆորը լրացուցիչ կաղտոտեն Սևանի քաղցրահամ ջուրը»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:
Ըստ բանախոսի` Սևանա լիճն առաջին հերթին պետք է դիտել որպես քաղցրահամ ջրի պաշար` առայժմ 34 մլրդ խմ ջրի ծավալով, ջուրն ավելացնել, բարձրացնել նրա մակարդակը, չէ որ այսօր շատ երկրներում քաղցրահամ ջուրը նավթից էլ թանկ է:
Գագիկ Սուխուդյանի հավաստմամբ` եթե Սևանա լճի ջուրը չապականվի, մոտ 15 տարի հետո ոսկու գնին կհավասարվի:
«Կառավարությունը, սակայն, անտեսում է այս իրողությունը, Սևանա լճին վնասող նրա քայլերը հաջորդում են միմյանց»,- ասաց բանախոսը:
