«Երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovannisian 18.02.14«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես գալով տարեկան ազգային ուղերձով` հայտարարեց, որ երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության։

«Մենք ոչ մի տեղ չենք գնա, կազատագրենք և ժողովրդին կվերադաձնենք նրա ոտնահարված իրավունքները։ Հայ ժողովուրդը գիտի՝ ինչպես դա անել: Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել, մեր խնդիրը կամքի ազատ արտահայտության համար պայմաններ ապահովելն է։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ոչ՝ հնարավոր է»,-իր ուղերձում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այսօր տարբեր ուժեր ու միավորումներ աշխատում են կորցրածը հետ բերել և նոր իրավիճակ ստեղծել` շատերն անհնազանդության ալիք բարձրացնելով, շատերն էլ այլընտրանքային իշխանության ստեղծելու կոչերով:

«Անցյալ ընտրություններին մի մազաչափ հնարավորություն էր պակասում: Գոնե ընտրատեղամասերում բոլոր ընդդիմադիրներն իրենց պարտականությունները կատարեին, իհարկե, շատերը կուրծք տվեցին, շատերն էլ տրվեցին գայթակղությանը: Ինչպես առաջ, այնպես էլ այսօր ես այն կարծիքին եմ, որ պետք է իջեցնել քաղաքական դրոշները: Դա պայքարի արդյունավետ միջոց է, վստահ եմ՝ իրական քաղաքական ուժերն էլ այդ պայքարի ձևին կհանգեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հրամայական է դարձել ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական ու քաղաքացիական լայն համագործակցություն հանուն ինքնիշխանության շահի, հանուն սուրբ նահատակների ու երեխաների։ Օդ ու ջրի պես անհրաժեշտ է միացյալ հրապարակի կայացումը:

«Մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovhannisyan delivers the national annual address at Ani Plaza Hotel «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ազգային տարեկան ուղերձով։ Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության։

«Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա ճգնաժամից դուրս գալու համար: Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ճգնաժամն է։ Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո»,-իր ելությում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որևէ կերպ «Ժառանգությանը», «Բարև Երևանին» և մեր գործընկերներին հետ պահել արդար պայքարի ուղուց։ «Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքերում:

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը. այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային, փոխզիջումային գործընթացը։

«Մի գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կատարված տևական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային Միության մշուշոտ ապագայի, որտեղ, ինչպես պարզվեց, մեզ այդքան էլ չէին սպասում: Գոնե Արցախի անկախության հեռանկար լիներ, դա էլ չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք սկզբունքային ուժ ենք և հավատարիմ ենք մնալու կոալիցիոն համաձայնագրին». ՕԵԿ դիրքորոշումը կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

բիշարյան հեղինեՉորս խմբակցությունները հանդես են գալիս կառավարության հրաժարականի պահանջով, իսկ թե ինչու «Օրինաց երկիր» կուսակցությունն այս հարցում չի արտահայտում իր դիրքորոշումը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսպես պատասխանեց. « ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն համաձայնագիր և, որպես սկզբունքային քաղաքական ուժ, դեմ չի գնա իր սկզբունքներին: Մենք կոալիցիոն համաձայնագրի վերանայման ինվենտարիզացիոն խնդիր չենք տեսնում: Դա անընդունելի է, առավել ևս, որ մենք սկզբունքային քաղաքական ուժ ենք և հավատարիմ ենք մնալու կոալիցիոն համաձայնագրին»:

Ըստ Բիշարյանի` կառավարությանն անվստահություն չհայտնելով հադերձ  որևէ մեկը չի ասում, թե մեր երկրում բազմաթիվ խնդիրներ չկան, որ բոլորը լուծված են: Պարզապես խնդիրներն ավելի արագ թափով են շատանում, քան կառավարությունն է քայլեր կատարում: Կառավարությունը պետք է դանդաղ մտածի, բայց արագ գործի:

«Խնդիրների հետևից հասցնելու համար պետք է հորդորենք կառավարության անդամներին, անկախ այն բանից Հանրապետական կուսակցության անդամներ են, թե ՕԵԿ-ական, որ ավելի արագ գործնական քայլեր անել »,-խորհուրդ տվեց Հեղինե Բիշարյանը:

«Գազի խնդիրներով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կտա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները». Հեղինե Բիշարյան

հեղինե բիշարյանՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերի որոշման համաձայն Ազգային Ժողովում կձևավորվի գազի խնդիրներով զբաղվող Գազամատակարաման համակարգերի գործունեությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի և կտա գազի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանները:

«Փետրվարի 21-ին բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության են լինելու ԱԺ նախագահի մոտ, իսկ փետրվարի 24-ից արդեն հանձնաժողովը կանցի աշխատանքի, այն կունենա նախագահ, տեղակալ և բաղկացած կլինի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը կաշխատի մինչև նոյեմբեր ամիսը: Հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանը կտա հանրությանը»,-վստահեցրեց Հեղինե Բիշարյանը, ապա հավելեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն` հանձնաժողովի անդամներից չորսը կլինեն ՀՀԿ-ից, մեկական անդամ էլ մնացած կուսակցություններից:

Հարցին` ինչո՞ւ իշխող կուսակցությունն ընդառաջ չգնաց հանձնաժողով ձևավորելու ընդդիմադիր ուժերի ավելի վաղ արած առաջարկին, արդյո՞ք հակառակվելու պատճառ կա՞ր, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Հակառակվելու պատճառ չկա, պետք չէ հակադրության մեջ դիտել այս խնդիրը: Ուղղակի կոալիցիոն ուժերը աշխատեցին մեկ համալիր նախագծի վրա, ավելի շատ մանրամասնեցին գազի հետ կապված խնդիրները, որպեսզի որևէ թիրախ բաց չմնա: Բացի գոյացած պարտքից ու գազի գնից, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն ու հանրությանը ներկայացվեն: Երբ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները, այլևս կարևոր չի լինի, թե ո՞ւմ կողմից է ձևավորված այդ հանձնաժողովը»:

Այն նկատառմանը` արդյո՞ք համամասնությունը խախտված չէ, երբ ՀՀԿ-ն ձևավորվող հանձնաժողովում ունի 4 անդամ, իսկ մնացած խմբակցությունները մեկական, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է իրենց խմբակցությունից երկու անդամ ներգրավվել, որովհետև իրենք համամետաբար մեծաքանակ ուժ են ԱԺ-ում, ԱԺ նախագահն էլ, կարծես թե, սկզբունքորեն դեմ չէ դրան: Իսկ մեր կուսակցությունից հանձնաժողովի աշխատանքերին կներգրավվի Հովհաննես Մարգարյանը»:

«Բարության ղողանջներ» համերգի բարի արդյունքները

բարեգործական համերգՎեցամյա Լիզա Պողոսյանի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» բարեգործական համերգին ներկա մարդիկ ոչ միայն վայելեցին հրաշալի երաժշտություն, այլև մեծապես աջակցեցին փոքրիկին:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը`  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի գխավորությամբ հանդես եկավ համերգով, որի ողջ հասույթը՝ շուրջ 400.000 դրամ, ուղղվեց վեցամյա Լիզայի բուժմանը: 85000 դրամ էլ հավաքվել էր հանգանակության արդյունքում:

Համերգին ներկա էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը, ով խոստացավ, որ փոքրիկի բուժման այս փուլի համար պակասող գումարը կտրամադրի «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Նախկինում ևս հիմնադրամը փոքրիկին տրամադրել էր 5000 ԱՄՆ դոլար:

Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:

Լիզան մինչ օրս շարունակական աջակցություն է ստանում բարեսիրտ մարդկանցից, ովքեր մշտապես դրամական աջակցություն են ցուցաբերում:  Ճառագայթումից հետո փոքրիկը կստանա ևս մի քանի քիմիաթերապիա, որից հետո ծնողների հետ կվերադառնան Հայաստան:

Եթե ցանկանում եք աջակցել փոքրիկի հետագա բուժմանը, ստորև ներկայացված են Լիզա Պողոսյանի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անվամբ բացված հաշվեհամարը:

ՎՏԲ – Հայաստան Բանկ

AMD 16004052756801

USD 16004052756802

EUR 16004052756803

RUR 16004052756804

Aրտերկրից փոխանցումների համար

VTB BANK (ARMENIA) CJSC

Yerevan, Armenia

SWIFT: ARMJAM22

ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

Լիզա Պողոսյանի հայրիկի` Դավիթ Պողոսյանի հեռախոսահամարն է 0079653930701, https://www.facebook.com/HelpLiza

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

005Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետևել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովմանը. «Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արագածոտնում, Գորիսում և Իջևանում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1951 թ. ծնված Մովսես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի կարճեցված փողով և խզակոթով հրացան և 9 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, 1973 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, 1983 թ. ծնված Սուրեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 65, 5.45 մմ տրամաչափի 105 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Միլիոնը չմարսեցին

գողությունՓետրվարի 16-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին է դիմել 1953 թ. ծնված Զոհրաբ Թ.-ն և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ավտոմեքենայի 30 մարտկոց և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են փաստաթղթեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ն և 1984 թ. ծնված Աղասի Փ.-ն, որոնք գողոնը վերջինիս «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են Արտյոմ Ն.-ին պատկանող Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բակում տեղակայված ավտոտնակում:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գողոնն առգրավված է:
Արտյոմ Ն.-ն և Աղասի Փ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ

001 (4)Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

«Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչը առավելագույն անաչառություն է ապահովում։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, և նկատելի է աճը ոչ միայն աշակերտների մասնակցության ցուցանիշում, այլ նաև գիտելիքների, պատրաստվածության առումով»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։

Երևան քաղաքի դպրոցներում փետրվարի 1-ին մեկնարկած ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը կեզրափակվի փետրվարի 19-ին, Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, «Գրականություն» առարկայի օլիմպիադայով։ Մարզային փուլը կանցկացվի փոտրվարի 22-ից մարտի 11-ը՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի։ Օլիմպիադաների այս փուլին կմասնակցեն նաև ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանը, Շիրակացի ճեմարանը, ԱՅԲ կրթահամալիրը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է». Սերգեյ Մինասյան

սերգեյ մինասյանՈչ իշխանական չորս քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն փորձում են սկսել մի գործընթաց` շատ լավ գիտակցելով, որ դա պարզապես գործընթաց է գործընթացի համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժի, հատկապես ընդդիմադիր, նպատակն է գալ իշխանության, և դրա միջոցներից է, օրինակ, իշխանության քննադատությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով չորս քաղաքական ուժերի նախաձեռնությունից` ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով` այն, ինչ ուզում են անել չորս քաղաքական ուժերը Խորհրդարանի ներսում, տեսականորեն անհնար է, քանի որ ՀՀԿ-ն այս իրավիճակում, նույնիսկ առանց համախոհների` ի դեմս «Օրինաց երկրի», ունի միանձնյա մեծամասնություն խորհրդարանում: Հետևաբար, եթե  անգամ այդ նախաձեռնությունը գործողության փուլ մտնի, քաղաքական իմաստ չի ունենա:

«Հայաստանի քաղաքական զարգացման առումով շատ ավելի լավ կլիներ, որ չորս ուժերի այս նախաձեռնությունը տեղի ունենար ո’չ թե 2014-ի փետրվարին, այլ 2013-ի փետրվարին: Այդ դեպքում մենք կունենայինք ավելի իրական նախագահական ընտրություններ: Այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն, որն այսօր փորձում է որպես այլընտրանք  հանդես գալ, կհավակներ դառնալ այն երկրորդ քաղաքական բուրգը, որը հավակնում է լինել այս տարի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` նրանք, ովքեր պահանջում են քաղաքական-տնտեսական բարեփոխումներ, նպատակ ունեն ոչ թե կառավարության կամ նախագահի փոփոխության, այլ քաղաքական համակարգի:

«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն փորձում են իշխանափոխություն անել խորհրդարանական քաղաքականության միջոցով: ԲՀԿ-ն, օրինակ, այն ուժն է, որն այլ կերպ մենք անվանում ենք կոնստրուկտիվ ընդդիմություն: Իհարկե, ԲՀԿ-ն դա անվանում է ոչ թե կոնստրուկտիվ, այլ ալտերնատիվ, բայց իրականում իմաստը նույնն է: Իսկ ահա ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» իշխանափոխությունը տեսնում են ոչ խորհրդարանական քաղաքականությունից դուրս: Բայց, պետք է նկատել, որ այս պահին երկու տարբերակներն էլ չեն կարող աշխատել: Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 5, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 7 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորում է Սասունիկի մանկապարտեզի կառուցումը

Հայաստան-համահայկական-հիմնադրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մանկապարտեզ է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է Սասունիկի գյուղապետարանը:
Երկհարկանի մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 90 երեխա: Ընթացքում են հիմքերի փորման աշխատանքները:

Գյուղի նախկին մանկապարտեզը 1998թ.-ից չի գործում: «Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային ամեն օր Աշտարակ տանել-բերել, դեռ մի բան էլ ավելի բարձր վարձավճարով»,- մտահոգություն հայտնեց համայնքի ղեկավար Արման Մարգարյանը: Համայնքի խնդիրների մասին խոսելիս գյուղապետը կարեւորեց նաեւ ոռոգման ջրի համակարգի անցկացումն ու գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Որպես ձեռքբերում գյուղապետը նշեց, որ տարեսկզբից գյուղում արդեն 23 ամուսնություն է եղել:

Սասունիկ համայնքի կազմում ընդգրկված է նաեւ Բաքվի փախստականներով վերաբնակեցված Կարին գյուղը: Համայնքի շուրջ 4000 բնակիչները հիմնականում զբաղված են խաղողագործությամբ եւ անասնապահությամբ: Ավելի քան 100 մարդ աշխատում է Սասունիկի /Armenia Wine/ գինու գործարանում:

Իրանական բանկը Բրիտանիայից 4 մլրդ դոլար է պահանջում

an3001392708755Իրանական մասնավոր “Մելաթ” բանկը Բրիտանիայից 2009-ին  մտցված պատժարգելքի դիմաց 4 մլրդ փոխհատուցում է պահանջում:

Բրիտանացիները բանկը մեղադրել են Իրանի միջուկային ծրագրին մասնակցելու մեջ, սակայն, կես տարի առաջ, Բրիտանիայի Գերագույն դատարանը պարզեց, որ այդ որոշումը սխալմունք է, քանի որ կառավարությունն Իրանի միջուկային ծրագրերին բանկի մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:

“Մելաթ”-ն էլ պնդում է. այդ  պատժարգելքի պատճառով,  լուրջ տուժել է ու դատարանի որոշումը հիմք ընդունելով, պահանջում է փոխհատուցում: Նույնիսկ եթե  այդ գումարը նվազեցվի, ապա այդ գործով որոշումն էական նշանակություն կունենա ԵՄ անդամ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժարգելքի ամբողջ համակարգի վրա: Դրանք հիմնականում ամերիկյան ճնշման հետևանք են ու սահմանվել են  առանց ապացույցների:

Իրավիճակը ներկայում  բոլորովին այլ է. հիմա ոչ միայն խստացված պատժարգելքները, այլև դրանց պահպանումն առաջվա ծավալով դարձել է խնդրահարույց, գրում է iSRAland –ը:

Անկախ

 

Միլիոնանոց բողոք.ամերիկացի նկարիչըը կոտրել է արժեքավոր սկահակը

o_897465Ամերիկացի նկարիչները պայքարում են օտար արվեստների ազդեցության դեմ ու, բառիս բուն իմաստով`  ոչնչացնում անվանի մրցակիցների գլուխգործոցները: Նման պայքարի հետևանքով օրերս կոտրել են չինացի դիսիդենտ նկարիչ Այ Վեյվեյայի աշխատանքը: Նա Խան դինաստիայի ժամանակների սկահակը, որի տարիքը գերազանցում է 2000-ը,  վերականգնել էր ու ցացուդրության ներկայացրել Մայամիի թանգարանում:

Այցելուներից 51-ամյա Մաքսիմո Կամիներոն, տեսնելով 1 մլն արժողությամբ սկահակը. վերցրել է ցուցադարակից ու կոտրել` գետնին գցելով: Հիմա նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ  մասնագետներին` վերականգնողական տքնաջան աշխատանք:

 Անկախ

Հանձնարարականներ ճանապարհային ոստիկանությանը` ի շահ վարորդների

ճանապարհային ոստիկանությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:
Բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 010- 56-45-88 հեռախոսահամարով:

Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք

Armenian and Iraq FMs press conferenceՓետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևեց նախարարների կարճատև առանձնազրույցը։

Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ըդնգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: “Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է։”

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբեյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայքնին` Նուրի Ալ-Մալիքին ասաց. “Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման։”

Նույն օրը կայացավ Հայաստանի արտգործախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի փոխնախագահը նշեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին և այդ գործում կարևորեց Բաղդադում և Երևանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը և բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծեց, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգյանի ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրաքի Նախագահ Ջալալ Թալաբանիին։

Հանդիպանն անդրադարձ կատարվեց քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության բանագավառներում երկկողմ համագործակցությանը ։

Իրաքի փոխնախագահը ներկայացրեց երկրում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը։

Փետրվարի 17-ին Բաղդադում կայացան Հայաստանի և Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշիար Զեբարիի բանակցությունները։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բաղդադ՝ Հոշիար Զեբարին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցությանը։ “Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով և այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առևտրաշրջանառության շեշտակի աճ”, ասաց Իրաքի արտգործնախարարը։

Շնորհակալություն հայտնելով Բաղդադ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նշեց. “Իրաքի և Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը, ինչն էլ ամուր հիմք է հանդիսանում երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար:”

Նախարարների հանդիպմանը անդրադարձ արվեց երկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Էդվարդ Նալբանդյանն ու Հոշիար Զեբարին գոհունաթյամբ արձանագրեցին տարբեր բնագավառներում հայ-իրաքյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական պայմանաորվածությունների իրագործման դինամիկան։

Նախարար Նալբանդյանն իրաքցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության գործադրովող ջանքերը՝ բարձր գնահատելով Իրաքի հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի վերաբերյալ։

Նախարար Զեբարին մանրամասն ներկայացրեց իրաքյան կառավարության ջանքերն` ուղղված Իրաքում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխանքները:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Իրաքի արտործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։

Նախարար Նալբանդյանն այցելեց Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում ունեցավ Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք լայնորեն լուսաբանվեց տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների կողմից։

Նախագահ Սերժ Սարգսյանը պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

5511Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ  ընդունել է միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկին, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին, ով ՀՀ անկախության հռչակումից հետո տարիներ շարունակ ակտիվ իրավախորհրդատվական գործունեություն է ծավալել մեր երկրում:

Հանրապետության Նախագահը, բարձր գնահատելով պրոֆեսոր Լուխթերհանդթի նշանակալի ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ամրապնդման գործում, Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մխիթար Գոշի մեդալով: Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ իրավունքի ոլորտում պրոֆեսոր Լուխթերհանդթի երկարամյա գործունեության, ակադեմիական արժեքներին նրա նվիրվածության, ինչպես նաև հայ ժողովրդի ու Հայաստանի համար իր մասնագիտական արժեքավոր խորհրդատվությամբ, Օթթո Լուխթերհանդթն այն գիտնականն է, ով հատկապես արժանի է այդ պարգևին: