ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այցելել է «Ջրվեժ» անտառապարկ

001ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկ:  Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. ««Ջրվեժ» անտառապարկը մոտ է մայրաքաղաքին և պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այնուամենայնիվ, այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ  խնդիրներ տարածքի պահպանության իրականացման, վարձակալված տարածքներում տիրող իրավիճակի և հարակից շրջանների բնակչության հետ կապված: Սրանք լուծելի խնդիրներ են, որոնք կամք և հետևողական մոտեցումներ են պահանջում»:

Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին` դժվարին պայմաններում աշխատանքներ իրականացնելու համար, Արամայիս Գրիգորյանը հորդորել է վերջիններիս լինել առավել ուշադիր, մշակել և նախարարությանը ներկայացնել ծրագրեր «Ջրվեժ» անտառապարկն իր բացառիկ և անհետացող բուսատեսակներով պատշաճ կերպով պահպանելու և որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Այցի ավարտին նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը` նշելով, որ շատ մոտ ապագայում ակնկալում է որակական լուրջ փոփոխություններ, որոնց անձամբ հետևելու է հետագա այցելությունների ընթացքում:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ

001 (8)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման, մասնավորապես, հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների ուղղությամբ: Զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Մայրաքաղաքում մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն ոչ բավարար: Այստեղ մեր մոտեցումն ու դիրքորոշումը պետք է լինի առավել կոշտ: Հրավիրեք սանմաքրման կազմակերպությունների պատասխանատուներին և պահանջեք աշխատանքների պատշաճ կազմակերպում: Ի դեպ, տեղեկացնեմ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ բանակցություններ է տանում մայրաքաղաքում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ և մինչև տարեվերջ, կարծում եմ, բանակցություններն ըստ ամենայնի ավարտված կլինեն, և արդեն հաջորդ տարի այս ուղղությամբ կիրականացնենք առավել կոնկրետ քայլեր, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին քրոնիկ այս խնդիրը ևս կվերանա մայրաքաղաքում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում բնակիչների կողմից համատիրությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված դժգոհություններին և հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել այդ աշխատանքների նկատմամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին նաև հանձնարարել է բնակիչների հետ միասին քննարկել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել համատիրությունների նախագահների հետագա  աշխատանքի նպատակահարմարությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սփյուռքի 9 կրթօջախ ներկայացնող 30-ից ավելի երիտասարդ այցելեցին Մայր բուհ

07-21-2014 (1)Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռությամբ 20-րդ ուսանողական ֆորումի շրջանակներում ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Բրազիլիայի, Վրաստանի, Կիպրոսի տարբեր բուհեր ներկայացնող շուրջ 33 հայ երիտասարդներ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին հյուրընկալության համար և նշեց, որ Մայր բուհ այցելությունը ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: «Այս հայրենաճանաչ ծրագրի շրջանակներում ԵՊՀ այցելությունը մեծ առաքելություն ունի, քանի որ Մայր բուհն այն կրթօջախն է, որը Հայաստանի և Սփյուռքի համար կրթել է բավականին նշանավոր անհատներ, ովքեր լուրջ դերակատարություն են ունեցել ամենատարբեր բնագավառներում: Այսօր էլ Երևանի պետական համալսարանը ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններից է, որը շարունակում է կրթել սերունդներին: Եվ քանի որ ես նույնպես համալսարանական եմ, հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնելու Մայր բուհին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Արամ Սիմոնյանը ողջունեց երիտասարդներին, ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ուսանողական և մշակութային կյանքը, ինչպես նաև Մայր բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններն ու առավելությունը: «Մեր երիտասարդությունը շատ բանիմաց է և խելացի: Պետք է նշեմ, որ հրաշալի ուսանողներ ունենք, հատկապես բնագիտական թևի շրջանավարտները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում լուրջ հաջողություններ են ունենում: Ցավով պետք է ասեմ նաև, որ այսօր սփյուռքահայ ուսանողների թիվը մեծ չէ, սակայն մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին հյուրընկալելու մեր բուհում, քանի որ ԵՊՀ կրթական ծրագրերը համապատասխանում են եվրոպական չափանիշներին, իսկ այստեղ կուտակած կրեդիտները կարող եք օգտագործել եվրոպական ավելի քան 40 համալսարաններում»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտորը, այնուհետև պատասխանեց ծրագրի մասնակիցների հարցերին:

07-21-2014Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումն այս տարի մեկնարկել է հուլիսի 19-ին և տևելու է 17 օր՝ մինչև օգոստոսի 4-ը։ Ծրագիրն աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ երիտասարդներին համախմբելու, ինչպես նաև ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ ունի։

Սփյուռքահայ ուսանողներն առիթ կունենան հանդիպելու հայաստանաբնակ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, հայաստանցի իրենց հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ և այլն։

Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ դասախոսություններ կլսեն «Ո՞վ է հայը. ինքնության խնդիրներ», «Հայ դատ, 100-ամյակ, հատուցում», «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Հայկական ժառանգությունը Ջավախքի և արդի Վրաստանի մեջ», «Ազգային նվագարաններ» և այլ թեմաներով։

Ուսանողական ֆորումը, որին, ի դեպ, մասնակցում են նաև Հայաստանի և Արցախի երիտասարդները, քառօրյա ծրագրով կայցելի նաև Արցախ, ինչպես նաև կհյուրընկալվի Ազգային ժողովում և տարբեր զորամասերում։

Հավելենք, որ հանդիպման վերջում սփյուռքահայ ուսանողներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ  մանրամասն ծանոթացան Մայր բուհի պատմությանը և զարգացման փուլերին:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է ընձեռվել: Իհարկե, դեռ ծնողներիս հետ չեմ խոսել, սակայն կուզենայի կրթությունս հայրենի երկրում շարունակել»,- ասում է Ֆրանսիայից ժամանած 18-ամյա Օտէմիս Մատլէնը:

 

Անկախ

Իջևանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

10566277_734369099934921_825408099_nՍահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջևան քաղաք:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցել են մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ներկայում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարդուն, նրա իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: «Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքից` Գևորգ Դանիելյանը նշել է, որ նախապատվությունը տրվում է համայնքների խոշորացմանը, սակայն դրա համար պետք է հստակ նպատակներ սահմանել. արհեստականորեն խոշորացնել հնարավոր չէ:

10555199_734364343268730_510965596_n (1)«Այժմ քննարկվում է շրջանային համայնքների վերականգնման տարբերակը, իսկ գյուղական համայնքներն ունենալու են վարչական շրջանի կարգավիճակ, սակայն սա դեռևս հստակ չէ և վերջնական որոշումը պարզ կդառնա հանրային քննարկումների արդյունքում ստացված առաջարկներից հետո»,- տեղեկացրել է բանախոսը:

Գևորգ Դանիելյանը կարևորել է նաև Սահմանադրությամբ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հանրաքվեի ինստիտուտի ներդրման հարցը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, խոսելով կառավարման ձևի փոփոխությունից, նշել է, որ անցում պետք է կատարվի պառլամենտական ձևին, որի պարագայում քաղաքական կոնֆլիկտների ռիսկը կնվազեցվի: «Դատական իշխանության գործունակությունը պետք է բարձրացվի, և Արդարադատության խորհուրդը պետք է դառնա դատավորների անկախության երաշխավորը` որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Նա, կարևորելով դատական համակարգի աստիճանակարգության խնդիրը, ընդգծել է, որ երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան, և մարդն ավելի արագ կսպառի դատական ինստանցիաները:

Ընտրական համակարգից խոսելիս` Գրիգոր Մուրադյանը ներկայացրել է  համամասնական ընտրական համակարգին անցնելու տարբերակը, սակայն դա, ըստ նրա, պետք է լինի ոչ թե կուսակցության լիդերի որոշմամբ ցուցակների կազմման տարբերակով, այլ` «փրայմերիզի» (նախնական ընտրություն) սկզբունքով:

Քննարկման ավարտին հարց է բարձրացվել կուսակցությունների և ՀԿ-ների ֆինանսավորման մասին, իշխանության ճյուղերի տարանջատման ու զսպման մեխանիզմների ամրագրման, համայնքների խոշորացման կիրառման սկզբունքների վերաբերյալ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Գագիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ

NA Const CourtՀուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:

Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին  տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ ՍԴ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Պարոն Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Անկախ

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է

Նելլի Դուրյան2014 թվականի առաջին վեցամսյակում գրանցվել է  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան:

Արձանագրվել է անչափահասի կողմից կատարված 180 հանցագործություն: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 212: Եթե 2013-ին անչափահաս հանցագործների թիվը կազմում էր 180 անձ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է 20-ով:  160 իրավախախտ երեխաներից միայն 10-ն է գտնվում քրեակատարողական հիմնարկում:

Նման հանցագործություններ ամենից շատ տեղի են ունեցել Լոռու և Շիրակի մարզերում, ինչը գնդապետը պայմանավորում է բնակչության ընդհանուր քանակով:

Այս տարի նվազել են գողության, թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Փոխարենը ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը. 2013-ին գրանցվել է 4 դեպք, իսկ 2014-ին` 7 դեպք: «Այս տարի ունենք սպանության դեպք: Հայտնաբերվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք»,- տեղեկացրեց Նելլի Դուրյանը:

Կրկնահանցագործության դեպք անչափահասների կողմից չի եղել:

Ըստ Դուրյանի` երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը չի ազդում նրա հետագա քայլերի վրա. «Ես գիտեմ երեխաներ, ովքեր սոցիալական ամենածանր վիճակում անգամ երբեք հանցագործության չեն դիմի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահասը իր քայլը գիտակցում է միայն հանցագործությունը կատարելուց հետո: Օրինակ, երեխան ցանկանում է ճագար ունենալ և գողանում է հարևանի կենդանուն: Դա ծիծաղելի, անմեղ միջադեպ է թվում, սակայն ամեն դեպքում կա տուժող. կատարվել է գողություն: Խնդիրը դաստիարակության հարցն է: Ծնողը պետք է զգոն լինի և փորձի ճիշտ ուղի ցույց տալ երեխային»:

Անկախ

Մի´ մոռացեք լվանալ ձեր ձեռքերը

Լ. ԹորոսյանԱմառային սեզոնում իրենց ծաղկուն շրջանում են լինում վարակային հիվանդությունները:  Սա պայմանավորված է  մի շարք հանգամանքեերով: Դրանց մասին, ինչպես նաև կանխարգելման միջոցների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշեց, որ այս սեզոնին առավել հանդիպող հիվանդություններն են աղիքային վարակները: Նման հիվանդությունների պատճառ կարող են դառնալ ջուրը, բանջարեղենը չլվանալը կամ վատ լվանալը և գյուղում հանգստի ժամանակ չեռացրած կաթ խմելը:

Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց պատահական ցայտաղբյուրներից ջուր չխմել. դրանց պարունակությունը ստուգված չէ և կարող են վնասակար մանրէներ պարունակել: Տանը կարելի է ծորակից ջուր խմել, իսկ դուրս գալիս շշով վերցնել: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ, թեև դեկորատիվ լողավազաններում  լողալը արգելվում է, շատ երեխաներ լողում  են դրանցում: Ծնողները պետք է թույլ չտան դա, քանի որ այդ լողավազանների ջուրը աղտոտված է. կենդանիները նույնպես շոգում են և  մտնում է այդ ջրի մեջ: Ջրում կարող են լինել նաև վտանգավոր միջատներ:

«Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության, հատկապես աղիքային վարակների հիմքում ընկած է հիգիենան: Ձեռքերը պետք է լվանալ: Այս պարզ գործողությանը մարդիկ հաճախ մատների արանքով են նայում: Սակայն չպետք է թերագնահատել դա, հակառակ դեպքում ոչ միայն ինքներդ կարող եք վարակվել, այլև դառնալ վարակի հարուցիչ», – ասաց Լիանա Թորոսյանը:

Նա շեշտեց, որ  պետք է բանջարեղենը լվանալ հոսող ջրի տակ և դա անել  մանրակրկտորեն, ոչ թե պարզապես թրջելու համար: Պետք է խուսափել նաև շուտ փչացող սննդամթերքից. կրեմային հրուշակեղենից, արագ պատրաստվող սննդամթերքից, քանի որ շատ հաճախ սառնարանային պայմաններում չի պահպանվում սննդամթերքը ու կարող է պատճառ դառնալ այս կամ այն վարակային հիվանդության համար:

Կաթնամթերք օգտագործելիս պետք է ուշադիր լինել հատկապես գյուղերում, քանի որ թարմ կաթի մեջ կարող են լինել բրուցելիոզ հիվանդության հարուցիչներ:

 Անկախ

«Օպել»-ը բախվել է շենքի պատին

ավտոպատահարՀուլիսի 20-ին, ժամը 22.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երևանյան թիմի անդամներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես սատարելու է ինչպես այս, այնպես էլ մյուս մարզական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Երևանը ներկայացնող պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին Երևանի քաղաքապետին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը գտնվում է լավ մարզավիճակում և ամեն ինչ կանի Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար:

Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ թիմերը ուժերը կչափեն նաև հրաձգություն մարզաձևում: Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց հինգ ընտանիքներ։ Չարենցավանից և Վարդենիսից հաշմանդամություն ունեցող ևս մեկական  ընտանիք  հանդես կգան Երևանի մարզական պատվիրակության կազմում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Տավուշը կմեծարի արձակագիր Մաթևոս Դարբինյանին

10268515_748473278508597_449937820610795378_nՏավուշի մարզի Տավուշ գյուղում` վաղուց արդեն լուռ ջրաղացի հարևանությամբ, փայտե, սև, նախշազարդ պատշգամբով, հնաոճ փոքրիկ երկհարկանին լքված է: Հուշատախտակ, որի վրա գրված լինի, թե այս տանն է ապրել «Կիկոսի» կամ «Ջրաղացպան Անտոնի» հեղինակ Մաթևոս Դարբինյանը, չկա: Տան մեջ ու շրջակայքում երբեմն սարսռեցնող լռությունը չի էլ հուշում, որ նախորդ դարի սկզբներին այս տանն են մեծացել Կարապետյանների ինը զավակները, որոնցից ավագը Մաթևոսն էր: Գյուղում արդեն գրեթե մարդ չի մնացել, որ կարող է հիշել ու պատմել Մաթևոս Դարբինյանի հետ իր ապրած օրերի, նրա ստեղծագործությունների մասին: Անգամ հայտնի չէ` որտեղ է գրողի շիրիմը: Գյուղի ակումբի գրադարանում գրողի մեծադիր լուսանկարն է, գզրոցներում` սև շապիկով գիրքը:
Արձակագրի քույրը` Լուսյա Դարբինյանը, շատ բարեկիրթ կին էր, բանիմաց, հայոց լեզվի գանձարանին փայլուն տիրապետող: Նրա «ելարանը», «դույլը», «ծորակը», «սալորն» ու բացառիկ գրական հայերենով հաղորդակցումը շատ դեպքերում անհասկանալի էին մնում շամշադինյան բարբառով խոսող համագյուղացիների համար: Դպրոցում տիկին Լուսյան երգեցողություն էր դասավանդում, շրջապատում առանձնանում իր համեստ կերպարով: Դպրոցահասակներով տունն անմիջապես դահլիճի էինք վերածում, նստարանները շարում ու վայելում Մեծ լոռեցու «Անուշը»` Լուսյա Դարբինյանի կատարմամբ: Մենք գիտեինք, տիկին Լուսյան առանձնահատուկ ընտանիքում է մեծացել, ավագ եղբոր` անհատի պաշտամունքի տարիներին զոհ գնացած Մաթևոսի մասին տիկին Լուսյան միշտ լուռ էր: Խորհրդային երկաթե վարագույրը խանգարեց Մաթևոսին ազատ ստեղծագործել: Միայն լսել էինք, որ Մաթևոս Դարբինյանը Եղիշե Չարենցի հետ միևնույն բանտախցում է անազատությունն անցկացրել, ավելին չգիտեինք:
2014 թ. հուլիսի 14-ին կլրանա հայ գրող, արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մաթևոս Դարբինյանի ծննդյան 125-ամյակը: Նա ծնվել է Տավուշի մարզի Թովուզ, ներկայիս Տավուշ գյուղում: 1908-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և հայկական տարբեր դպրոցներում զբաղվել ուսուցչությամբ: 1918-ին ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմա-լեզվաբանական համալսարանը, սակայն չի ավարտել համալսարանը փակվելու պատճառով: Նրա առաջին ստեղծագործությունները` մանկական պատմվածքները, տպագրվել են 1908-ին «Հասկեր» ամսագրում, երգիծական պատմվածքները` «Խաթաբալա»-ում: 1915-ից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական թերթերին, իսկ 1921-ին «Կարմիր աստղ»-ին, «Մարտակոչ»-ին և «Կարմիր ծիլեր»-ին: Գրել է գլխավորապես պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիետոններ, հեքիաթներ, պատմվածքներ: 1921-ին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը: Առաջին պատմվածքը` «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը», լույս է տեսել 1907-ին, «Հասկեր»-ում: Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» կատակերգությունը: Բեմադրվել են նաև «Ջրաղացպան», «Ոճիր», «Լեյլի և Մաջնուն» պիեսները:
Մաթևոս Դարբինյանի ստեղծագործության գլուխգործոցը «Կիկոս» վիպակն է, որի հիման վրա 1932-ին «Հայֆիլմում» ֆիլմ է նկարահանվել, որում խաղացել է նաև ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյանը:
Մաթևոս Դարբինյանը մահացել է 1937-ին, աքսորում: Բերդի թանգարանն այժմ մտադիր է գրողի հոբելյանի առիթով համախմբել գրողի ազգականներին, համագյուղացիներին ու ստեղծագործության երկրպագուներին:
«Կիկոսը» վիպակում պահպանվել է մեկ դար առաջվա Թովուզ գյուղը, նրա կենցաղը, ապրելակերպը, մարդկանց խոսակցական լեզուն, որոշակի լեզվական մտածողությունը, նույնիսկ բնության պատկերները: Գրքում պատկերված գյուղամիջյան վշշացող առուն հիմա չկա: Նկարագրված են գյուղի տոհմերը, գերդաստանների պատմությունները` համեմված գեղարվեստական պատկերներով: Բերդի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, որ պատրաստվում է նախաձեռնել գրողի հոբելյանին նվիրված մեծարման ցերեկույթ, նշում է, որ Մաթևոս Դարբինյանի «Կիկոսը» մեծարժեք գործ է: «Առաջաբանում գրողը հերոսին համեմատում է Հաշեկի Շվեյկի հետ, և իրականում շատ նմանություններ ունեն Կիկոսն ու Շվեյկը: Կիկոսի կերպարը մեր գյուղերին տիպական կերպար է, մտածողությունը, փիլիսոփայությունը: Ես իմ մայրիկից եմ լսել, որ Թիֆլիսում Մաթևոս Դարբինյանը պատահական հանդիպել է Բերիային, միամտաբար ու անզգուշաբար նրան ասել, թե մի քանի օր առաջ հրացանը ձեռքիդ այստեղ վազվզում էիր, հիմա դարձել ես տերուտիրական: Եվ տեղում վերացրել են Մաթևոս Դարբինյանին»,- ասում է թանգարանի տնօրենը, որի մայրը գրողի հեռավոր ազգականն է:
Մաթևոս Դարբինյանի «Կիկոսը» ժամանակի հոգևոր դասի ու գյուղական վերնախավի բացասական գծերն է նաև ի հայտ բերում, թե ինչ նեղություն են պատճառել դրանք գյուղացիներին: «Շատ տիպիկ մի հատված էլ կա արձանագրված, որ բնորոշ էր Թովուզին. կապը Բաքվի հետ, Թիֆլիսի, մեծ քաղաքների հետ: Հետաքրքիր է, որ գրողը մեծ թշնամությամբ չի հիշում գյուղի զոռբաներին, ներողամիտ է: «Ջրաղացպան Անտոնի» մեջ էլ կա, Անտոնին զենքը տալիս են, ասում` սպանիր, չի սպանում, իր տունը քանդողին, ունեցվածքը խլողին չի սպանում: Հեղինակը ցանկացել է ասել, որ ոխակալությունը շամշադինցիներին բնորոշ չէ»:
Մաթևոս Դարբինյանի գրականությունն անմահացրել է շամշադինյան բառուբանը և հասցրել այսօրվա սերունդներին: Կան տիպիկ բառեր, որոնք միայն այդ շրջանին են բնորոշ, արտահայտություններ կան, որոնք այսօր էլ պահպանել են իմաստը, սակայն օգտագործված բառերից շատերը մոռացվել են, գյուղացիները չեն էլ կիրառում: «Մաթևոս Դարբինյանը երևում է, որ շատ կիրթ անձնավորություն է եղել: Հայկական Շվեյկի կերպարի հեղինակը գրքում չի մոռացել էշին, որը գրքում առանձին կերպար է: Հետաքրքրականը դարձյալ ասեմ, որ բարբառների, լեզվամտածողության պահպանումն է, որը հետագայում ևս տարբեր սլենգների մեջ չի անհայտացել»:
Մաթևոս Դարբինյանի ստեղծագործական ժառանգությունը միայն Շամշադինի համար չէ, որ մեծ արժեք է ներկայացնում: Գյուղագիրը ստեղծել է գրականություն, որի վրա սոցռեալիզմի ազդեցությունը գրեթե չկա: «Կիկոսի» մեջ մի շատ կարևոր առանձնահատկություն էլ կա` մեր ժողովրդի ռուսասիրությունը, ռուս ժողովրդի հանդեպ մեծ վերաբերմունքը, թե Հայաստանի համար որքան կարևոր է Ռուսաստանը»:
Բերդում նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով, որը կզբաղվի գրողի ծննդյան 125-ամյակի միջոցառումների կազմակերպմամբ: Մեծարման միջոցառման առիթով կազմկոմիտեն կոչ է անում գրողի բարեկամներին, ազգականներին, բոլոր ցանկացողներին համախմբվել և աջակցել Մաթևոս Դարբինյանի մոռացված էջերը ընթերցողին վերադարձնելու գաղափարի շուրջ:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մանկատնից` փողոց

ՏիգրանԳյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:

Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին և նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այդ «մոդուլներից»  մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է  մանկատներից մեկում:  20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել: Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:

Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրմադրվեց Կանադայի «Գոլոլեան Հիմնադրամի» և ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը:

Վահագն Չախալյանը դատապարտել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակում

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցիՍույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:

Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:

Արդ, Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական եւ ազգային հողի վրա  իրականացված  հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը եւ օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:

Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում եւ զարգացումներում, հետեւողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության եւ Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների եւ անվտանգության պաշտպանության համար:

 

                                                                                           Վահագն Չախալյան  

 21.07.2014

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում

խախտումներՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,
2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,
3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,
4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց,
5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,
6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,
7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,
8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,
9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,
10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 19-ից 21-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 35-ը, խարդախության` 10, խուլիգանության՝ 4 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Վարորդը վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է հիվանդանոց

ՈստիկանությունՀուլիսի 20-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Ավան-Առինջի 1-ին թաղամաս տանող փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Հ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են

մեդալՇարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի  ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:

«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և  Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/:

«Ինֆորմատիկա» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /«Քվանտ» վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:

Անկախ

Օրակարգում` Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքը

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր: Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը և դեսպան Տրայան Հրիսթեան  քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող  կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր:

Անկախ

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա

Logo_Diocese_Transparent2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների  պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգևորականը և թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել և զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով, եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգևորականի և Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը և նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ հեռացել են:

Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ:

Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաև մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել: Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչև ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ և հանդարտեցրել կռվողներին:

Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել և ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լևոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և  թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:

Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային և միջկրոնական հարաբերությունները և կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն,  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով:

 

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ

​Հակառակորդի կրակոցի պատճառով Մովսեսում քիչ առաջ դադարեցրել են հացահատիկի հունձը,լրացված

1927009_774350419254216_71408784_n Քիչ առաջ Անկախի թղթակցին հայտնի է դարձել, որ հակառակորդը կրակ է բացել Մովսես գյուղի հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Մովսեսի գյուղապետ Արարարատ Ավալյանի խոսքով` ցորենի` 10-15 հա ցանքատարածությունը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի մոտ` ամենավտանգավոր մասում< Ճոճեր> կոչվող տարածքում: Այդտեղ ցորեն են ցանել Մովսես գյուղի մոտ 20 տնտեսություն: Մովսեսում հացահատիկի բերքահավաքը սկսվել է այսօր, մինչև այդ ինչպես Չինարիի, այնպես էլ Մովսեսի գյուղապետերը նամակ են գրել Կարմիր խաչի գրասենյակին բերքահավաքի անվտանգ կազմակերպումն ապահովելու նպատակաով: Կարմիր խաչի ներկայացուցիչները կայցելեն սահմանամերձ տարածաշրջան հուլիսի 25-ին: Իսկ այս պահին Մովսեսում կոմբայնավարը կրակահերթի պատճառով դադարեցրել է աշխատանքները,մեր տեղեկություններով տուժածներ չկան:

Մովսես գյուղի հացահատիկի դաշտից րոպեներ առաջ դուրս է բերվել գնդակոծված կոմբայնը: Կոմբայնավար Արթուր Վարդանյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ արտը սկսել են հնձել առավոտյան 8:30-ից: <1,5 հա հնձել էինք , ժամը 15:30-ի կողմերն էր, ադրբեջանցիները սկսեցին կրակել կոմբայնի ուղղությամբ: Մի 10, 15 հոգի էինք, ես ու ևս մեկ կոմբայնավար և 10, 15 հոգի էլ արտի տերերն էին, թողել , փախել ենք: Հենց մութն ընկավ, գնացինք կոմբայնը հանեցինք դաշտից, ահագին վնասել են, բայց վնասները բացահայտ կեևան առավոտյան: Մի բեռնատար մեքենա էլ ա մնացել դաշտում, փորձում ենք դա էլ հանենք>: Ի դեպ հակառակորդն այսօր գնդակոծել է այն կոմբայնը, որը հուլիսի 15-ին Մովսեսը նվեր է ստացել կառավարությունից:

 

Անկախ

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է ձմերուկային փառատոն,լուսանկարներ

ձմերուկի փառատոնԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել է «Երևանյան ամառ 2014» ծրագրով:

Ձմերուկ ձևավորելու յուրօրինակ տարբերակներ են առաջարկել ֆուրշետային ընկերությունները: Քարվինգի մասնագետների ինքնատիպ աշխատանքներն անցորդներին անտարբեր չեն թողել, և վերջիններս շտապել են լուսանկարել ու հետաքրքվել արվեստի այս գաղտնիքներով: Ի դեպ, աշխատանքներում ներկայացվել են նաև երևանյան ձևավորման մաս հանդիսացող խորհրդանիշները:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ, որոնց աշխուժորեն մասնակցել և միմյանց հետ են մրցել պատանիները, երիտասարդներն ու  մեծերը:

Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել տաղավարներում կազմակերպված հյուրասիրությամբ ձմերուկ համտեսելու սիրված երգիչ-երգիչների, դերասանների  ու հաղորդավարների մատուցմամբ:

Երեկոյան Կարապի լճի տարածք է այցելել և փառատոնին միացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զրուցելով երևանցիների հետ, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել քաղաքապետին՝ միջոցառումը կազմակերպելու և մայրաքաղաքում ամառային այս օրերն առավել հետաքրիր դարձնելու համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ «Երևանյան ամառ» ծրագրով ամռան ամբողջ ընթացքում վարչական շրջաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ այդկերպ ապահովելով մայրաքաղաքում հանգիստն անցկացնող երևանցիների ու Երևանի հյուրերի հետաքրքիր ժամանցը:

«Ձմերուկի» փառատոնը շարունակվել է մինչև ուշ երեկո և ուղեկցվել համերգային ծրագրով, իսկ այնուհետ՝ եզրակափվել դիսկոտեկով: