Սարյան փողոցում մարդ են սպանել

հրազենՀունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր  Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է (նա հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն էր) :

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից`  «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:   Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ:  Կատարվում է նախաքննություն:

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով

ՄԻԵԴՄարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Այդպիսով՝ բավարարվել է դատավորների միջորդությունը դիմումները Եվրոպական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածով սահմանված հատուկ ընթացակարգի ներքո քննելու մասին՝  դրա համաձայն` դատարանն իրեն իրավունք է վերապահում որոշ դիմումների տալ առաջնակարգություն և դրանք քննել արագացված ընթացակարգով։
Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։
Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ,  որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:
Նման որոշում, ըստ նրանց,  ՄԻԵԴ-ը կայացնում է այն դեպքում, երբ համոզվում է, որ դիմումը բարձրացնում է  մարդու իրավունքների խախտման լուրջ հարց կամ համակարգային լուրջ խնդիրներ տվյալ պետությունում։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նայրիի և Հրազդանի  տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է :

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հայոց բանակը

հայոց բանակՀայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է: Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկը գետնեց Բելին, համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է:

Պատմությունը մեզ շիտակ դաս է տվել. երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես  մեր նախնիներինն է:

Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:

Որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը, և Պարույր Հայկազնը իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:

Մ.թ.ա. 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև և դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Մ.թ.ա. II դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած կարթագենցի Հաննիբալը հայ զինվորի բազկին միայն վստահեց և ապաստան գտավ Հայոց երկրում:

Տիգրան Մեծ արքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը: Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք… Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց: Բազմիցս ջարդեց հռոմեական լեգեոնները և աստվածացվեց սեփական ժողովրդի կողմից:

62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական անպարտ բանակը: Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի բանակի, ոչ մի զորավարի չի հաջողվել այդպես նվաստացնել Հռոմին: Եվ այդ հաղթանակով Տրդատ Ա Արշակունին նվաճեց Հայաստանում թագավորելու իրավունքը:

III դարում Խոսրով Գ Մեծ հայոց արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան դարձած Պարսկաստանը, և պարսից արքան միայն Անանկ Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը:

IV դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյամբ օծեցին հայոց հաղթանակները: Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց պարսից և բյուզանդական զորությունը, Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր  ոսոխի` Շապուհի հիացմունքին, Մանվել Մամիկոնյան սպարապետն օր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում… Ահա հայ զինվորի, նվիրյալ հրամանատարի կերպարը:

VII դարից հայոց այրուձին կանգնեցրեց իսլամի կանաչ դրոշի շարժը դեպ Եվրոպա: Եվ արաբական հորդաները, չկարողանալով տիրանալ հայոց հողին, դեպի Եվրոպա իրենց ուղին հարթեցին` նվաճելով ողջ Հյուսիսային Աֆրիկան, որտեղից էլ անցնելով Ջիբրալթարը` ոտք դրեցին եվրոպական մայրցամաք:

Եվ IX դարում Բագրատունի ասպետները սուր բարձրացրին իսլամի դեմ ու առաջնորդեցին հային դեպ ազատություն: Բագրատունյաց խոնարհված դրոշը փառքով պսակեցին Զաքարյան հսկաները, որ ազատության հաղթարշավ սկսելով Լոռուց` կարճ ժամանակում թոթափեցին ստրկության շղթաներն ու թագով զարդարեցին իրենց լուսավոր ճակատները:

Անգամ օտար հողում` Կիլիկիո երկրում հայոց զինվորը հայրենիք կերտեց ու պետականություն ստեղծեց:

Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը  իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը:Շարունակություը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Սևանի իշխանի վերականգնման ծրագրի շուրջ «կռիվը» դեռ նոր է սկսվում

ձուկՎերջին շրջանում բավականին ակտիվացան բնապահպանները, այս անգամ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման ծրագրի շուրջ:

 Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի` սեպտեմբերի 7-ին, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ցանցավանդակային մեթոդի կիրառման պիլոտային ծրագիրը հոկտեմբերին կներկայացվի կառավարության հաստատմանը:  Եվ շեշտել էր, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2021 թ. 50 հազար տոննա իշխան տեսակի ձուկ բուծել, դանիական կազմակերպությունների հետ համատեղ այդ ծրագիրը փորձարկվել է, ինչի արդյունքում պարզվել է, որ այն չի խախտում լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն ժամանակ ոչ մի արձագանք չեղավ: Հետո Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն ստորագրեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին: Նախագահն այդ ժամանակ խորհրդին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

 Ըստ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի»` ուսանելի համարվեց լճերի մակերևույթներին էկոլոգիապես մաքուր ձկան արտադրության միջազգային փորձը, մասնավորապես` ձկնաբուծություն լճերում, ծովերում կամ ջրամբարներում տեղադրվող ցանցավանդակներում, որոնք պատրաստված են էկոլոգիապես անվնաս նյութերից և չեն վնասում լճի էկոհամակարգը:

«Միայն Սևանա լճում, որի մակերեսը ներկայումս շուրջ 127 720 հա է, օգտագործելով լճի մակերևույթի առավելագույնը 0.1տոկոսը, հնարավոր է տարեկան արտադրել 50 000 տ ձուկ: Եվս 50 000 տ հնարավոր է աճեցնել ՀՀ արհեստական ջրամբարներում, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 930 021 հա է, և Արմաշի լճակային ձկնաբուծական տնտեսությունում` մոտ 1200 հա ջրային մակերեսով: Արդյունքում միայն ցանցավանդակային եղանակով Հայաստանում հնարավոր է արտադրել շուրջ 100 000 տ ձուկ»,- նշվում է ծրագրում:

Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման արտադրական և բնապահպանական արդյունավետությունը գնահատելու համար իրականացվում է փորձնական փուլ (15.08.2012-15.08.2014): Ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2011 թ. հոկտեմբերին, իսկ ցանցավանդակները Սևանա լճում տեղադրվել են 2012 թ. օգոստոսին: Փորձնական փուլն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն, որը նաև ներդրողն է: Փորձնական ծրագրի իրականացման նպատակով Սևանա լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, տեղադրվել է 4 ցանցավանդակ, յուրաքանչյուրը` 16 մ տրամագծով և 8 մ խորությամբ: Ցանցավանդակների գումարային ծավալը շուրջ 6400 խմ է, տնտեսության հզորությունը` շուրջ 50 տ: Սարքավորումների հիմնական մասը ներմուծվել է Դանիայից: Տնտեսության ստեղծման և շահագործման համար ներդրվել է շուրջ 290 մլն դրամ` 1 տ հզորության համար` շուրջ 6 մլն դրամ:

Ծրագրով նախատեսվում է 2015 թ. կառուցել 4 ցանցավանդակային տնտեսություն, 2016-ին` 10, 2017-ին` 18, 2018-ին` 20 և 2019-ին` 22: Արդյունքում ցանցավանդակային տնտեսությունների թիվը հասցվելու է 74-ի` յուրաքանչյուրը տարեկան մոտ 668 տ արտադրողականությամբ: Ցանցավանդակային տնտեսությունները պարտավորված կլինեն ձեռք բերել միայն մանրաձկան տնտեսության բուծած մանրաձուկը:

Ծրագրի բնապահպանական արդյունքներից մեկն էլ պետք է լինի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պաշարների վերականգնման ինքնաշխատ համակարգի ստեղծումը և վերականգնման կայուն ու արագ ընթացքի ապահովումը: Ամեն տարի նախատեսվում է լիճ բաց թողնել արտադրվող ձկան 1.5%-ը, ինչը ծրագրված հզորության ապահովման պարագայում կկազմի տարեկան 750 տ:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստին որոշեց  «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության: Նշենք, որ կառավարությունը հաստատել է նախագիծը, ըստ որի` նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023 թ. հասցնել տարեկան մինչև 50.000 տ-ի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի 50.000 տ արհեստական կեր, որն էլ կապահովի ձկան արագ աճը:

Կերի հարցը լուծվել է . Յու Ջավադյան

Ու ահա այդ ժամանակ բնապահպանները սկսեցին բարձրացնել խնդիրները: Դեկտեմբերի 21-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը քաղաքական ու հասարակական գործիչներին, գործարարներին, քաղաքացիական նախաձեռնություններին, ստեղծագործական միություններին, երկրի քաղաքացիներին ուղղեց բաց նամակ, որով կոչ էր  անում փրկել Սևանը էկոհամակարգին սպառնացող և չվերահսկվող ծրագրերից: «Բոլորին, բոլորին, բոլորին` Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի»,- այս խոսքերով էր սկսվում բաց նամակը, որում բնապահպանների հիմնական մտահոգությունը կապված էր առաջարկվող ծրագրով նախատեսված  ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրության հետ: Ինչպես նշում էին բնապահպանները, տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր, որոնց շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը:

«Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի և ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն` հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորն այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը»,- ասված էր բնապահպանների հայտարարության մեջ:

Դիմեցինք «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահին, որպեսզի գոնե նա պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում կերակրումից հետո: Սակայն «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ կարեն Աթոյանն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի զբաղվում Սևանի հարցով: Ձկնաբուծության ոլորտում էլ ոչ թե տեխնոլոգիական ու մասնագիտական հարցերով է զբաղվում, այլ իրավական-կազմակերպչական: Իսկ Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման ծրագրի մասին որևէ հայտարարություն անել չի կարող, քանի որ միավորումը դեռ բավարար տվյալներ չունի համապատասխան հայտարարությամբ հանդես գալու համար:

Մի խոսքով` ոլորտը ներկայացնող միավորման ներկայացուցիչը չգիտեր, թե ինչ կպատահի, բնապահպանները` ևս: Ուստի նորից դիմեցինք բուն ծրագրի` ռիսկերի գնահատման հատվածին: Այնտեղ նշված էր, որ ծրագրի ռիսկերը բաժանվում են երկու խմբի` բնապահպանական և տնտեսական:

Մի կողմ թողնելով տնտեսականը, ասենք, որ համաձայն ծրագրի` բնապահպանական ռիսկերը, ինչպես և փորձնական փուլում, հիմնականում կապված են արհեստական կերի օգտագործման հետ (ֆոսֆորի, ազոտի և օրգանական նյութի արտանետում և կուտակում ցանցավանդակների տակ, որն առաջանում է լճի հատակին ավելցուկային կերի և ձկան արտաթորանքի կուտակումից): Բայց և կան այդ կուտակումները նվազագույնի հասցնելու մի շարք հնարավորություններ. լճում ցանցավանդակների թիվը և ձկան արտադրության ծավալներն ավելացնել աստիճանաբար, ձևավորել հատուկ մոնիթորինգի հանձնաժողով, ցանցավանդակների տեղադրման համար օգտագործել լճի տարածքի անվտանգ օգտագործման 1.5 տոկոսի սահմանից 50 անգամ քիչ, օգտագործել օրգանական ձկնաբուծության համար նախատեսված ձկան կեր, զբաղվել բացառապես օրգանական ձկնաբուծությամբ, օպտիմալացնել կերակրման նորմերը և վերահսկել կերակրման գործընթացը, ցանցավանդակների տակ` լճի հատակին, աճեցնել խեցգետիններ, որոնք կյուրացնեն կերի մնացորդները, անհրաժեշտության դեպքում ցանցավանդակների տակ ամրացնել կոնաձև ափսեներ, որոնց մեջ կկուտակվեն կերի մնացորդները և ձկան արտաթորանքը, որոնք էլ պարբերաբար կմաքրվեն պոմպերի միջոցով, ցանցավանդակների տակ տեղադրել թթվածին մղող սարքավորումներ, ինչը կնպաստի օրգանական նյութի քայքայմանը, հնարավորության դեպքում օգտագործել լողացող կեր, որը չի սուզվում, հետևաբար` չի կարող կուտակվել լճի հատակին, և այլն:

Այս խնդրին տեղյակ է նաև «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը, որ մեզ հետ զրույցում նշեց, թե հիմանական խնդիրը կերն էր, ուրիշ խնդիր չկար, իսկ կերի խնդիրն էլ արդեն լուծվել է. հիմա օրգանական կերեր են բերելու ու դրանով կերակրելու բուծվող ձկներին: «Դե չգիտեմ, թե ինչ կերեր էր այն ժամանակ բերում, համենայն դեպս, բավարար չէր, իսկ հիմա արդեն բավարար է բերում, ու ոչ մի բնապահպանական խնդիր չկա: Բնապահպանները մեկ բաժակ ջրում փոթորիկ էին բարձրացնում, 120 հազար հեկտարի մեջ ընդամենը 34 հեկտարի մասին է խոսքը»,- նշեց Յուրի Ջավադյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

ձյունՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որՀանրապետության տարածքում`

Հունվարի 27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-31-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին արևմտյան` 2-5մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 27-ին հնարավոր է, 28-31-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ

հայոց բանակ

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած  այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:
Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց:  Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին  ներքին պատերազմն էր: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:
Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն  իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:)
ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

 

 

 

ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
«Հուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել ևʹ Կոռնիձորում, ևʹ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին, և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական անկախության, տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այսօրվա պայմաններում չեն  կարողանում գտնել իրենց տեղը կյանքում: Դուք գտաք այդ տեղը` ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն` ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ և կուզենայի ձեզ ներշնչել այդ բարձր ոգին, երազանքի ոգին: Երազանքի, որ մենք նորից պիտի դառնանք մի հզոր ազգ` արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին, և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը:Ողջույն ձեզ»:
«Հայք», թիվ 34, 9 հոկտեմբերի, 1990 թ.
Վազգեն Մանուկյանը հետագայում` պատերազմի տարիներին` 1992 թ. սեպտեմբերից մինչև  1993 թ. օգոստոսը, Հայաստանի պաշտպանության նախարարն էր:

Անկախ

Շիրակի մարզում արտակարգ դեպքերն աճել են

փրկարար2013-ին Շիրակի մարզում գրանցվել է արտակարգ իրավիճակների թվի զգալի աճ` 561 դեպք: Մինչդեռ 2012-ում արձանագրվել է 429 դեպք: ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից Անկախին հայտնում են, որ չնայած դեպքերի աճին` նվազել է զոհերի թիվը` 28: Մեծ է նաև մարմնական վնասվածքներ ստացածների թիվը` 354 մարդ:

Մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը նշում է, թե ուսումնասիրություն ցույց է տալիս, որ ամեն տարի ԱԻ դեպքերի թիվը 100-ով աճում է: Ու դա կապված է նրա հետ, որ մադիկ սկսել են ավելի շատ վստահել փրկարարներին, ուստի բոլոր դեպքերն արձագանք են ստանում:
“Արձանագրված 561 դեպքից 357-ը եղել են տեխնածին բնույթի, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ: Գրանցվել է տարերային բնույթի 80 դեպք, որոնցից զոհեր ու վիրավորներ չեն եղել: Տուժել են շուրջ 11 համայնքներ, իսկ պատճառված նյութական վնասի չափը կազմում է 487 մլն դրամ: Դեպքերից 70-ը ձնաբքի դեպքեր են եղել, որոնց հետևանքով տարհանվել է 564 մեքենա, 1463 ուղևոր”, – ասում է վարչության պետը:
Նրա խոսքով, նախորդ տարին աչքի է ընկել նաև թունավորման դեպքերով` շմոլ գազից թունավորման 37 դեպք, սննդային թունավորման 7, ալկոհոլային թունավորման 16 դեպք:

 

Անկախ

Դեսպան Վարդանյանը մասնակցեց «Հայրենի գարուն» միջոցառմանը

Չոնգ Տանգ Սանգ,ՀՀ դեսպան Ռաիսա ՎարդանյանՀունվարի 23-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց ՎՍՀ ԱԳՆ, Հանոյի քաղաքապետարանի և Վիետնամի հանրային հեռուստաընկերության կազմակերպած ամանորյա «Հայրենի գարուն» տոնակատարությանը: Արարողությանը պաշտոնական ելույթ ունեցավ ՎՍՀ Նախագահ Չոնգ Տանգ Սանգը:

Միջոցառման ընթացքում դեսպան Վարդանյանը կարճատև զրույց ունեցավ Վիետնամի Նախագահի հետ:

Անկախ

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում   ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները: Յուրի Խաչատուրովն իր ելույթում նշեց, որ անցած տարվա ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների բարձրացմանը նպատակաուղված աշխատանքները:
Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում   Զեկույցներով ու ելույթներով հանդես եկան նաև կոլեգիայի անդամները, ովքեր անդրադարձան ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա պլանի համաձայն իրականացված միջոցառումներին, տարաբնույթ զորավարժություններին ու մեթոդական պարապմունքներին: Կոլեգիայի անդամները փաստեցին նաև, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, 2013-ին բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը` մեր պետության սահմանների անվտանգության ապահովումը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ և թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար: Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ` 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր:

Առաջընթաց է արձանագրվել նաև ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013  թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ և բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՆԱՏՕ-ի հետ  իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսևորել են մարտավարամասնագիտական պատրաստության և փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարևորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի և երևույթների դեմ:

Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողների պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվո դրոշներ հանձնեց ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին:

Անկախ

Տավուշցիները մտադիր են ստեղծել սահմանապահ բրիգադ

110878Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի և նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակրպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

Ինչպես «Անկախին» տեղեկացնում է կամակերպությունը, վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք  սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը,  իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն:

Պատերազմի հավանական սկսվելու պարագայում Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ  հիմնադրել  «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ, որը անմիջական աջակցություն կցուցաբերի սահմանապահներին:

Անկախ

 

 

Coatofarms_milՀՀ պաշտպանության նախարարությունից , ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հայտնում են ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. հունվարի 26-28-ին տեղի ունենալիք հետևյալ միջոցառումների մասին.

 ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

Ժամը 11.00-ին`

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում:

 ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

Ժամը 12.00-ին`

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:

Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր մինչև ժամը 11.45-ը

   ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ

Ժամը 10.30-ին`

ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հիշատակի տուրքի և պսակադրության արարողություն:

 Ժամը 17.00-ին`

Տոնական համերգ   Ալ. Սպենդիարյանի անվան  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում:

 

Խորհրդակցություն` նվիրված ռազմաբժշկական խնդիրներին

պաշտպանԸստ ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության` «Անկախին»  հաղորդած տեղեկությունների, հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի  է ունեցել ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2013 թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվել են նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվել է, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:

Խորհրդակցության արդյունքում որոշվել է ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման  դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Անկախ

7 օր առաջնագծում

դիվերսիաՇաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել է իր ելման դիրքերը:

Ինչպես տեղեկացրեց «Անկախին» ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ և 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում:

Այսքանից կատարվելիք հետևությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները… Իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում, դժվար չէ կռահել…

Ինչ վերաբերում է դիվերսիային, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ,  առհասարակ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ: Դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է դիվանագիտական կարևոր միջոցառումներից առաջ: Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսևորել է Կազանում նախագահների հանդիպման և ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր ս.թ. հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994թ. մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:

Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ

Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՀունվարի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

 

 

Ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով հետախուզվող` Վարդանանց փողոցից

կալանքՀունվարի 24-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արամ Հ.-ին, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով:

 

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով

կալանքՀունվարի 24-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

 

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում. ևս մեկ հիշեցում ապօրինի զենք-զինամթերք պահողներին

1390636231,5773Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

***

Հունվարի 24-ին, ժամը 19.00-ին, մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Գավառի բաժին` կամավոր հանձնել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` դատարկ պահունակով:

***
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով երկփողանի հրացան, 2 հատ 24 մմ տրամաչափի «Շիլկա» տեսակի և 1 հատ 22 մմ տրամաչափի գնդացրի փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կապանի բաժին` կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, փողը և խզակոթը կտրած, մեկփողանի հարթափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 22, «ՊԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 24 և «Մակարով» ատրճանակի 7 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 15.45-ին, մի քաղաքացի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն:

 

Ինքնաձիգ և փամփուշտներ` մետրոյի կայարանի մոտ

զինամթերքՀունվարի 24-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի անհայտ տիպի ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանները այգու թփերի տակ հայտնաբերել են

Զենք-զինամթերքՀունվարի 24-ին, ժամը19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի այգու սկզբնամասում, թփերի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի կարճափող հրացան, «Վալտեր» տիպի գազային ատրճանակ, իտալական արտադրության թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 6 պահունակ, մոտ 2 կգ «Ամոնալ», մոտ 2 կգ «Տրոտիլ» և տարբեր տրամաչափի 1.805 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: