Եղեգնաձորում ավտոմեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԴեկտեմբերի 27-ին, ժամը 10.32-ին ԱԻՆ-ում  տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ Արսենյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.32-ին, մարվել՝ 10.37-ին:

Այրվել են Վ.Հ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 19ՏՏ771 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Ալավերդու, Վայքի,Սիսիանի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից  Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Ամանորյա անակնկալները շարունակվում են (Տեսանյութ)

Ամանորյա հերթական ուրախալի անակնկալը սպասում էր Գյումրու 6- մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսիյանների ընտանիքին: «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա» միջազգային կազմակերպության աշխատակիցները ցանկություն էին հայտնել Ամանորի նախաշեմին իրենց աշխատավարձերից նվիրաբերած գումարներով օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող գյումրեցի այս անօթևան ընտանիքին` տրամադրելով ինչպես առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր, այնպես էլ վառելափայտ և ամանորյա սեղանին անհրաժեշտ մթերքներ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ևս միացան կազմակերպության բարեգործական ձեռնարկին և գործընկերների կողմից տրամադրված ձմեռային հագուստ ու համակարգիչ նվիրեցին Մովսիսյանների ընտանիքին:

Մովսիսյանների բազմանդամ ընտանիքի ապրելակերպի և բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Մարզպետը նախատեց պաշտոնյաներին

 Ֆելիքս ՑոլակյանՇիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով 2013 թվականը մատնանշում է, որ մարզի թիվ մեկ խնդիրը եղել և մնում է բավական վատ վիճակում գտնվող սոցիալական ոլորտը: “Մեր ցավոտ տեղն է սոցիալական ոլորտը: Գտնվում ենք ամենաաղքատ մարզում, ու դա իրականում այդպես է: Եվ հաշմանդամների թվաքանակով, և այս կարգի այլ հարցերով մենք առաջին տեղում ենք: Բնական է այդ վիճակը, որովհետև տեսել ենք աղետ, երկրաշարժ և դրանից հետո չենք կարողացել ուղղվել: Բայց կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել հավասարությամբ, մարդկային վերաբերմունքով: Ես ամեն օր աշխատանքի եմ գալիս, միջանցքում քաղաքացի է կանգնած, բարևում անցնում եմ: Ի՞նչ կարիք կա մարդուն քաշքշել, այս ու այն կողմ տանել, որ ես անցնեմ: Այսպիսի բաներ կան նաև ձեր կաբինետներում”, – մարզպետարանի վարչությունների աշխատակիցներին ու համայնքների ղեկավարներին ասում է մարզպետը, ապա իր կյանքից բերում մի օրինակ, երբ պաշտոնյայի անտարբերությունը մարդկանց հիվանդության պատճառ է դառնում: – “Շրջաններից մեկում էի աշխատում: Մի բանվոր մարդ, ամեն մի ձեռքն իմ երկու ձեռքի չափ, հսկա անձնավորություն, եկավ այն ժամանակ շրջկոմի մի բաժնի վարիչի մոտ: Տվյալ պահին ես էլ էի այդ աշխատասենյակում: Հարցրեց վարիչին` այս բանը կարո՞ղ եք անել, սա ասաց` չէ, հնարավորություն չունենք: Մեկուրիշ բան ասաց` էլի նույն պատասխանը, երրորդն ասաց` դարձյալ նույնը: Էս մարդն ինչ ասաց, պատասխանեց` չէ: Գոնե չասաց մի բան կանենք, կմտածենք, գնամ զեկուցեմ, բոլոր հարցերին պատասխանեց` հնարավորություն չունենք: Էս մարդը վեր կացավ, մի վատ խոսք ասաց, հետո էլ “բա ասում են ինֆարկտն ինչից կեղնի, ձեր էս դռները բացել-փակելուց կեղնի”: Զարկեց դուռն ու ապակիները ջարդեց, լցրեց վար գնաց: Բաժնի վարիչն անգամ հետևից չասաց` ինչու ջարդիր, որովհետև ասելու բան չուներ: Այսինքն, ամեն ինչ գալիս է մեզանից”, – իր խրատական խոսքն ավարտեց մարզպետ Ցոլակյանը:

Նրա գնահատմամբ նույնը տիրում է նաև բուժհաստատոթյուններում: “Չսափրված բժիշկ, ձեռքերը գրպանը բժիշկ, ինձ վրա շատ վատ ազդեցություն է թողնում: Սովորական վերաբերմունք հիվանդի նկատմամբ, մեր բնատուր կոպտությունը մեր տանեցիների վրա չպետք է թափենք, ոչ էլ հիվանդների, ինչը շատ հաճախ կրկնվում է մեր մարզում: “Ընչի՞ ես եկել”, “Դու ո՞վ ես”, այս հարցադրումները ոչ բժշկին են սազում, ոչ էլ պետական հիմնարկի որևէ պաշտոնյայի: Այ սա ես կուզենայի, որ վերանար: Այդ վերաբերմունքն առաջանում է, երբ մարդն առաջին հերթին կուլտուրայի պակաս ունի”:
Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանը միակ մարզպետը չէ, ով “դասեր” է տալիս մարզի պաշտոնյաներին: Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի համառ ջանքերի շնորհիվ բոլոր համայնքապետերը սովորեցին նիստերին ներկայանալ սափրված ու կոստյումով, և ամենակարևորը` կապել փողկապ: Գիզիրյանն ասում էր` գյուղապետարան գնացեք սափրված ու կոկիկ, որ բնակիչն իմանա իր դեմ պաշտոնյա, ղեկավար է կանգնած, սկսի հարգել: Որը, կարծես թե, ստացվել է:
Իսկ Ֆ.Ցոլակյանն անցնում է ավելի նուրբ քայլերի:

Անկախ

Ճանապարհների սպասարկման համար գումարն էլի քիչ է

Ալբերտ ՄարգարյանԿառավարության 2008թ. 112 որոշմամբ Շիրակի մարզի 814.9 կմ երկարության ավտոմոբիլային նշանակության ճանապարհներից 458 կմ-ն գտնվում է մարզպետարանի ենթակայության ներքո: Այս ներմարզային ճանապարհների զգալի մասն անցնում է սաստիկ ձմեռային պայմաններ ունեցող տարածքներով: Դրանց պահպանման և սպասարկման համար կառավարությունը միջոցներ է հատկացնում, բայց այն շատ քիչ է աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:

“Մարզի 5 տարածաշրջաններից մարզային ենթակայության 458 կմ ճանապարհ ունենք, որի համար 2014թ. պետական բյուջեից հատկացվել է 105 մլն 239 հազար դրամ: Այդ գումարով հնարավոր է իրականացնել միայն 150կմ երկարության ճանապարհի ձմեռային պահպանության աշխատանքները, որը կազմում է ճանապարհների 32.7%-ը”, – ասում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Ըստ պաշտոնյայի այդ գումարներով հնարավոր է իրականացնել Աշոցքի տարածարջանի 71.6 կմ երկարության ճանապարհների 49.5 կմ-ի պահպանումն ու սպասարկումը: Ամասիայի տարածաշրջանի 101 կմ ճանապարհից` 30 կմ-ի, Ախուրյանի տարածաշրջանի 92.7 կմ-ից`28.6 կմ-ն, Արթիկի տարածաշրջանում 34 կմ ճանապարհներից 15.6 կմ-ի, Անիի տարածաշրջանի 80 կմ-ից` 25 կմ-ի:
Մարզպետն առաջարկել է քննարկել մի տարբերակ, ըստ որի ճանշինները հավասար մակարդակով ապահովելու են բոլոր ճանապարհների սպասարկումը, թող միջին լինի, բոլորի համար լինի, եղանակով:
“Մարզի այս ճանապարհների սպասարկումն իրականացնում են 4 կազմակերպություններ, որոնք ունեն բավական տեխնիկական միջոցներ ձմեռային սպասարկում կատարելու համար: Չորսը միասին ունեն 11 ռոտոր, 11 ավտոգրեյդեր, 4 տրակտոր, 3 ամբարձիչ, 12 բուլդոզեր, 24 ինքնաթափ, 8 բանվորական ավտոբուս: Ունեն կուտակած 3020խմ ավազ, 122 տոննա տեխնիկական աղ և 40.5 տոննա դիզվառելանյութ”, – ասում է Ալբերտ Մարգարյանը:

Անկախ

Ֆելիքս Ցոլակյանն ընդդեմ անբարեխիղճ համայնքապետերի

Գյումրի,Ֆելիքս Ցոլակյան, համայնքապետերԱյսօր տեղի ունեցավ Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը: Ըստ հրապարակված թվերի թեև մարզի համայնքները 92.5%-ով կատարել էին սեփական բյուջեի հավաքագրումը, սակայն մարզպետն այնքան էլ գոհ չէր նրանց աշխատանքից:

Մարզպետարանի ֆինանսական վարչության պետը նշում է, թե այն համայնքները, որոնք միշտ ցածր արդյունքներ են ցույց տալիս, որոնց ղեկավարները փոխվել են` 100%-անոց հավաքագրում են ունեցել, մյուսները պահպանում են վատ ցուցանիշը: Այսինքն, ամեն ինչ կապված է համայնքի ղեկավարից, եթե ուզում է` հարկերն հավաքում է:
“Համայնքապետեր կան, որոնց հետ ես անձամբ հանդիպել, խոսել եմ, խոստում են տվել ՝ չեն արել, ավելի է վատացրել վիճակը: Ամոթ է, ի՞նչ խոսեմ 50%-ից քիչ հավաքագրում անողի հետ. ի՞նչ ես արել ժողովրդին, որ մի հատ էլ բերի մուծի: Իհարկե, կան ևաև շատ պարտաճանաչ, բարեխիղճ մարդիկ, ու եթե ոչինչ էլ չանես` նրանք բերում մոտ 30%-ը վճարում են, էլ ինչի՞ ես գնացել ընդեղ նստել”, – ցածր տոկոսի հավաքագրում կատարած համայնքապետերին դիմեց մարզպետը:
Հետո ավելացրեց. “Խոստանում եմ, որ հաջորդ տարի` տարեսկզբին, զբաղվելու ենք այդ համայնքներով՝ առանձին-առանձին: Թող իրենք վարկաբեկվեն իրենց գյուղում: Իմ ասելիքն այդ մարդուն հետևյալն է, դու չես աշխատում, բարեխիղճ չես, մենք քո հետագա աշխատանքը գտնելու ենք ոչ նպատակահարմար, և դա անելու ենք: Բազմաթիվ ստուգումներով այդ համայնքապետին դնելու ենք այնպիսի վիճակի մեջ, որ ինքը թողնի գնա”:
Ֆելիքս Ցոլակյանը նաև ավանդափոխություն էր արել ու հիասթափեցրեց համայնքապետերին: Ամեն տարի, տարեվերջյան նիստն ավարտվում էր տոնական սեղանի շուրջ: Նոր մարզպետն ուղղակի ամբիոնից շնորհավորեց նրանց, հորդորեց Նոր տարին իրենց տներում նշել և որ այսուհետ այդ ավանդույթը փոխվելու է: Համայնքապետերից շատերն այս լսելով ցածրաձայն ասում էին`”Իա~, յանի բան կենեիք, էդ էլ հանեցիք”:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները Չինաստանում

Սեյրան ՕհանյանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 26-ին հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները: Մասնավորապես` քննարկվել են ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլլիոն չինական յուանի չափով:

 Անկախ

Դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 5-ը պաս է հայտարարվել

Սոնիա ԹաշչյանՏոներն են մոտենում: Բազմաթիվ հայ կանայք արդեն ավարտել են գնումները, հասցրել են կիսով չափ կամ նույնիսկ լիովին պատրաստել տոնական սեղանները, ոմանք յուրօրինակ ուտեստներով են զարմացնելու հյուրերին, ոմանք հին ավանդական կերակուրներով, իսկ սեղանի թագուհի՝ խոզի բուդն արդեն սառնարանում է:

Ազգագրագետ Սոնիա Թաշչյանի խոսքով խոզի բուդ չպետք է լինի ամանօրյա սեղանին, որովհետև այս օրերին պաս է հայտարարվել քրիստոնեության կողմից: Այս ընթացքում կենդանիները սնվում են արմատներով, ընդեղենով կամ նոր ծլած բանջարներով.

 

«Դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 5-ը պաս է հայտարարվել: Հնում` նախաքրիստոնեական շրջանում, մարդիկ, լինելով այդ մշակույթի կրողը, իրենք պարզապես արմատներ են օգտագործել ու մատուցել Աստվածներին: Պատրաստել են պասուց դոլմա, լոբով, ավելուկով աղցաններ, այլ ոչ թե մսով ուտեստներ»:

Ինչ վերաբերում է խոզի բդին, ապա ըստ Սոնիա Թաշչյանի հայերը խոզի և տավարի միս աշխատել են չօգտագործել, հատկապես տավարի, որը սնող կենդանի է ընտանիքում: Ազգագրագետը խիստ քննադատորեն վերաբերվեց խոզի բուդը սեղանին դնելու սովորությանը, հատկապես եփված խոզի գոճին ամբողջությամբ սեղանին դնելու մեր ցանկությանը.

«Մենք մեզ համարում ենք քրիստոնյա ազգ, բայց տարրական հարգանք ու սեր չունենք բնության հանդեպ, երբ այդ նորածին գոճին բերում դնում ենք սեղանին: Դա պարսավելի է»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

Ազատազրկումը պատիժ է. Ժորժետա Մեսրոպյան

ՔԿՀ«Այսօր «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ես իմ ամենօրյա գործունեության ընթացքում հանգել եմ այս եզրակացությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրեակատարողական հիմնարկներում գործող գողական համակարգի մասին նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար  Ռոբերտ Ռևազյանը:

Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին.

«Դժգոհ եմ դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական հարաբերությունները»:

Նրա խոսքով նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել:
Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:

Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի համոզմամբ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը.

«Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը: Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հունվարի 31-ին Փայտե ձին կստանձնի իր իրավունքները. Ի՞նչ է խոստանում Կապույտ ձիու տարին

2014-Happy-New-Year2014-ը, չինական օրացույցի համաձայն, Ձիու տարի է:  Սնահավատ լինենք, թե ոչ, յույրաքանչյուրս էլ հետաքրքրվում ենք կենդանակերպերի նշանակությամբ և փորձում ենք հնարավորինս շուտ իմանալ գալիք տարում մեզ սպասող հաջողությունների և ձեռքբերումների  մասին: Այդ ուղղությամբ բազմապիսի հետևություններ են անում հին արևելյան ժամանակների օրացույցները: Շատերին է հետաքրքրում, թե իրենց համար որքանով բարենպաստ կլինի տվյալ կենդանակերպի հովանավորությունը:

Եվ այսպես, ճանապարհելով սև ջրային օձին` դիմավորում ենք Ձիուն: Ի դեպ, 2014-ը, ըստ հին չինական օրացույցի, Կապույտ փայտե ձիու տարի է: Ի՞նչ  է մեզանից յուրաքանչյուրիս այս կենդանակերպը խոստանում: Նախ նշենք, որ պաշտոնապես Ձիու տարին իր իրավունքների տերն է դառնում միայն հունվարի 31- ին և ավարտվում  2015-ի փետրվարի 18-ին:

Ըստ արևելյան օրացույցի` Փայտե ձիու տարին խոստանում է լինել բարենպաստ, հաջող և ձեռքբերումների տարի, սակայն միաժամանակ այն ստիպելու է որոշ դժվարություններ հաղթահարել: Մարդիկ վերականգնելու են իրենց հոգեկան հավասարակշռությունը երկարատև և եռանդուն աշխատանքներից հետո միայն: Կլինեն կոնֆլիկտներ, որոնք հաղթահարելու համար այս կենդանակերպը մեզ խորհուդ է տալիս լինել առավել ժրաջան: Գործերում հաջողություններ են ունենալու միայն այն մարդիկ, որոնք կլինեն համառ իրենց նախաձեռնություններում: Տարին հաջողություններ և ձեռքբերումներ չի խոստանում ծույլերի և ոչ աշխատասերների համար: Իսկ բոլոր մտավոր կարողությունների տեր մարդկանց սպասում են ձեռքբերումներ:

Նշենք, որ ձին բնատուր լավատես է, խաղաղասեր և կենսուրախ, շատ բարի կենդանի է, շփվող, մարդասեր, սիրում է հարմարավետությունը, աղմկոտ և ժամանցային  վայրերում գտնվելը, տանել չի կարողանում ասեկոսեները և սուտը: Փայտե ձին օժտված է անձնվիրաբար մարդկանց օգնելու և դժվար պահին նրանց հոգսը թեթևացնելու անսպառ բարությամբ: Բայց դրա հետ մեկտեղ կարող է ցույց տալ իր ամենավատ կողմերը, եթե նրան հանդիպեք բարկացած ժամանակ: Նա խիստ է և անհանդուրժող: Այս տարին նա խոստանում է վերականգնել վատ հարաբերությունները և խորհուրդ է տալիս ներողամիտ լինել այն  մարդկանց նկատմամբ, որոնց հետ նախկինում խնդիրներ եք ունեցել: Այս տարին բեղմնավոր է լինելու, և ընտանիքներում մթնոլորտը կարգավորելու և հարաբերությունները առավել ջերմացնելու լավագույն առիթը  լինելու է նոր երեխայի ծնունդը:

Տարին բարենպաստ կլինի սիրահար զույգերի համար: Սա լավագույն ժամանակաշրջանն է սիրահարվելու, բուռն և կրքոտ հարաբերություններ հաստատելու համար, սակայն միաժամանակ սպառնալու է անզուսպ խանդը:

Ձիու տարին ծնվածների համար նույնպես հեշտ չի լինի: Նրանք ևս կբախվեն դժվարությունների: Նրանց կհամակի անհադուրժողականությունը, անհամբերատարությունը, անհանգստությունն ու փոփոխականությունը: Փայտե ձիու տարին նրանց խորհուրդ է տալիս առավել երկար մտածել մասնագիտություն ընտրելիս: Հաջողություն է սպասում նրանց, ովքեր կընտրեն սպորտի և քաղաքականության բնագավառները: Նրանց սպասում են նաև հետաքրքիր և անակնկալ իրադարձություններ, սակայն խորհուրդ է տրվում լինել զուսպ և կարողանալ նվազագույնի հասցնել զգացմունքայնությունը, որը կխանգարի տարիների ընթացքում ձեռք բերածը պահպանելուն և կորուստների կհանգեցնի:

Ձիերը սիրում են ճանապարհորդել, այնպես որ այս տարի շատերին հնարավորություն կտրվի իրականացնելու վաղեմի երազանքները:

Իսկ այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է սպասվում ձիու տարում:

Առնետների համար տարին խոստումնալից չի լինի, հատկապես` ֆինանսական ոլորտում: Հնարավոր է` գոյանան պարտքեր և ֆինանսական կորուստներ լինեն:

Այծերի և աքլորների համար ընդհակառակը` երջանիկ և ուրախ տարի է սպասվում, տարին կանցնի թեթև և անհոգ: Ըստ արևելյան օրացույցի` այս կենդանակերպի նշանները միմյանց հետ բարեկամներ են:

Վարազի տարում ծնվածների համար սպասվում են ֆինանսական հաջողություններ, սակայն անհաջող ժամանակահատված է սիրային հարաբերությունների ձևավորման համար: Կարող են լինել ամուսնալուծություններ, բաժանություններ և աններդաշնակություն զույգերի միջև:

 Կապիկի տարում ծնվածները մի ամբողջ տարի կլինեն ուշադրության կենտրոնում: Նրանց համար սա լավագույն շրջան է կարիերայով լրջագույնս զբաղվելու կամ բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար: Այս տարվա մեջ նրանց ձեռնարկած յուրաքանյուր նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ:

 Ցուլերը կստանան եկամուտներ իրենց ներդրած աշխատանքից և, վերջապես, կվերականգնեն հոգեկան հանգստությունը:

 Վագրերի համար կլինի հանգիստ և հարմարավետ տարի, և բոլոր վտանգները կմնան նախորդ տարում: Նրանք լիարժեք կվայելեն կյանքը և կօգտվեն անսպասելի  առաջարկներից:

 Շան տարում ծնվածները ստիպված կլինեն քրտնաջան աշխատել ամբողջ տարվա ընթացքում: Բայց որքան էլ աշխատեն, միևնույն է, հակված են լինելու այն կարծիքին, որ իրենց պոտենցիալն ավելի մեծ է, և չեն բավարարվելու իրենց հնարավորություններով: Նրանք իրենց գնահատված չեն զգա:

Օձերին նոր փորձություններ են սպասում: Նրանք ստիպված կլինեն օգտվել իրենց իմաստությունից և համբերատարությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել բոլոր  դժվարությունները:

Ձիերը Վիշապներին հնարավորություն կտան օգտագործելու և իրացնելու սեփական հնարավորություններն ու նախաձեռնությունները: Նա կհայտնվի անհրաժեշտ տեղում  և անհրաժեշտ պահին: Եվ եթե նրանք չօգտվեն այդ ընձեռած հնարավորությունից, ապա  շատ բան կկորցնեն, հատկապես կշրջանցեն այն, ինչը մարդուն տրվում է կյանքում մեկ երկու անգամ միայն:

 Արևելյան հորոսկոպով Ճագարի կամ Կատվի  տարին ծնվածների համար այս տարին կլինի հաջողակ և ներդաշնակ: Բավական հեշտությամբ կկարողանան շրջանցել բոլոր տհաճ իրադարձությունները և դեպի իրենց  կգրավեն մարդկանց` իրենց շփվող բնավորության շնորհիվ: Նրանք կձգտեն հարմարավետության և կստանան թե՛ հոգեկան, թե՛ նյութական բավարարվածություն:

 

Լ.Ն

Անկախ

 

 

Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ընկել է ձորը

բեռնատարԴեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ավտոմեքենաներ շրջվել են ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

2014թ. հունվարի 1-ից կբարձրանա հիմնական կենսաթոշակի չափը

նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. Մաստեր Պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների:«Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում, որը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ-ում», – հարցի առնչությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից` զարգացնել զբոսաշրջությունը. սա մեզ համար գերակա խնդիր է»:
Վարչապետն անդրադարձել է նաև օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման կոնցեսիոների առաջարկին: Մասնաշենքի պահպանումը խիստ ծախսատար է, պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում: Բայց քանի որ մեր ճարտարապետներն այդ կառույցը համարում են սովետական շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի միջոցով դիմել է կոնցեսիոներին` խնդրելով հարցը նորից քննարկել: Վարչապետը ողջամիտ է համարել այդ տարածքում այգի հիմնելու առաջարկը. այգում կարող են տեղադրվել ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցող այլ կոթողներ ևս, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար»:
Գործադիրը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության միջոցով նպաստել միջազգային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, տարածքային տնտեսական համաչափ զարգացմանը: Ի պատասխան վարչապետի հարցերի նշվել է, որ զբոսաշրջության զարգացմանը արդեն իսկ նպաստում է Ազատ երկնքի քաղաքականությունը, որի շնորհիվ նկատելի է ավիատոմսերի մասնակի էժանացում: 2014 թվականն այս առումով շատ լուրջ փոփոխությունների տարի է լինելու, խնդրո առարկայի վերաբերյալ ասել է կառավարության ղեկավարը: Հայտնվելու են նոր ավիաընկերություններ, որոնց չվերթները ստեղծելու են զբոսաշրջության զարգացման լավ պայմաններ:

 2014թ. հունվարի 1-ից կբարձրանա հիմնական կենսաթոշակի չափը
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման հիմք և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման միջոցով ապահովել ինչպես նրանց ինտեգրումը հասարակություն, այնպես էլ ֆոնդի արդյունավետ կառավարումը:
Կառավարության որոշմամբ նախկինում ընդունված որոշումներից մեկում կատարվել է փոփոխություն, ըստ որի ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու միավորների շեմը իջեցնելու միջոցով ընդլայնվել է այն կարիքավոր անձանց շրջանակը, ովքեր կօգտվեն անվճար բուժօգնության իրավունքից. նրանց թիվը կհասնի 270 հազար մարդու:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը մտադիր է ապահովել ԱՊՊԱ համակարգի հուսալիությունը և վերահսկելիությունը, չապահովագրված մեքենաների հայտնաբերումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանք կատարելու համար ներգրավված վարկային միջոցների մարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացվել է 850 մլն դրամ: Սահմանվել է, որ սույն որոշմամբ հատկացված գումարի մասով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ազատվում է 2013թ. գործունեության արդյունքով ՀՀ 2014թ. պետբյուջե շահութաբաժնի վճարումից:
Կապահովվի պետական կայքերի անվտանգությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք ընդգրկում են տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանումն ու ապահովումը,
-«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014թ. ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը. ծրագրի նպատակն է պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում խթանել ՓՄՁ-ի զարգացումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-ՀՀ շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգին և դրանից բխող ժամանակացույցին,
-«Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգին»,
-ՀՀ գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին,
-«Օնիրա քլաբ» ՍՊԸ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով և, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, առաջին անգամ է գործում օրենքի այն դրույթը, որի համաձայն խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության սահմանած վայրին և չափանիշներին համապատասխան:
Հստակեցվում են սիրիահայերին բնակարան հատկացնելու սկզբունքները
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց նպատակն է աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին` նշված թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման և հատուցման կարգի մշակման հարցում` առաջարկելով որոշակի սկզբունքներ: Մասնավորապես, բնակելի տները (բնակարանները) կհատկացվեն կամավորության սկզբունքով` ՀԿ նախագահի և սիրիահայ ընտանիքների միջև կնքված պայմանագրերով, որոնցում կամրագրվեն մի շարք պայմաններ:
Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Հր. Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 հասցեներում գտնվող հանրակացարաններում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները` սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև «Աջակցություն առևտրին` Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Արևմտյան ԱՊՀ երկրների համար (Հայաստան)» ծրագրի համաֆինանսավորման համաձայնագրի նախագծին: 2012-2013թթ. այդ ծրագրով իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել Այրում, Բագրատաշեն, Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Տավուշ և Իջևան համայնքների չրագործությամբ զբաղվող 14 սուբյեկտի, Տավուշի մարզի Պտղավան և Տավուշ համայնքներում կառուցվել է կաթիլային ոռոգմամբ 29 ջերմոց և այլն:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին. փաստաթղթի նպատակն է նպաստել մինչև 1000քմ. տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:
Կկրճատվի արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի քանակը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխություններից և համապատասխանեցվել են այդ օրենքի դրույթներին: Փոփոխությունների արդյունքում կկրճատվի մաքսային գործի ոլորտում արտոնագրման ենթակա գործունեության տեսակների արտոնագրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին իրավունք է վերապահել` թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող 1987թ. կառուցված միջին ճնշման 159 մմ տրամաչափի 3 հազար 585 գծամետր և 219 մմ տրամաչափի 4 հազար 300 գծամետր երկարությամբ ստորգետնյա գազատար խողովակներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նշված գույքն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին: Որոշման արդյունքում կլուծվի մարզի Պտղավան և Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարման հարցը:
Կառավարության որոշումներով ՀՀ քաղաքաշինության նախարարության կառուցվածքում ստեղծվել է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմում` զորահավաքային բաժին: Փոփոխությունները կատարվելու են եղած հաստիքային միավորների և գումարների սահմաններում:
Ապահովագրական համակարգն ավելի կայուն կդառնա
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների, այլ մասնագետների կողմից տվյալ բնագավառում կիրառվող խաբեությունները, կեղծիքների խափանման միջոցով կպաշտպանվեն ապահովադիրների շահերը:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կամրապնդվի քննչական մարմինների անկախությունը, կմեծանա քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը և հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարությունում և ՀՀ ոստիկանությունում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:
Նիստում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկրճատվի հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը` եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը և Միքայել Մելքումյանը: Հաշվի առնելով երկրի գործարար և ներդրումային միջավայրի հետագա բարելավման անհրաժեշտությունը, նրանք առաջարկում են կրճատել ձեռնարկությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետները: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան, ըստ անհրաժեշտության, անդրադառնալ օրենքի հոդվածներից մեկի գործնական կիրառման արդյունքի վերլուծությունից հետո: Առաջարկը հիմնավորվել է կառավարության եզրակացությամբ:
Քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում և դրանով իսկ կանխել «միևնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորումը»: Կառավարության եզրակացության համաձայն նախագծով նախատեսված դեպքերը նպատակահարմար է սահմանել կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ ոչ թե օրենքով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է կառավարության անդամներին. «Հարգելի գործընկերներ, 2013 թվականի մեր աշխատանքների վերաբերյալ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների շնորհիվ հրապարակային հաշվետվություն են տալիս հանրությանը: Ըստ այդ հաշվետվությունների՝ մենք տեսնում ենք, որ կատարվել է մեծածավալ աշխատանք, և բավական ծանր տարի էր 2013 թվականը: 2014 թվականը մենք սկսելու ենք մեր հանրությանը գերակա խնդիրների ներկայացմամբ և ըստ դրանց մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որպեսզի կատարենք բոլոր այն խոստումները, պարտավորությունները, որոնք ստանձնում ենք: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի այն բոլոր ծրագրերը, նպատակները, որ դուք դրել եք ձեր առջև, ի կատար ածվեն, քանի որ այդ ծրագրերը մեկ նպատակ ունեն՝ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մեր քաղաքացիների կյանքը, բարձրացնել կենսամակարդակը: Բոլորիդ շնորհավորում եմ 2014 թվականի կապակցությամբ»:

Կայացել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարԴեկտեմբերի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

Անկախ

Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը լրագրողների մուտքն արգելված է,լուսանկարներ

պաշտպանությունԱյսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Մարգարյանը պաշտպանում է իր գիտական ատենախոսությունը` տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: Նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը, ինչպես սովորաբար լինում է, բաց է հանրության համար: Սակայն այսօր լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը:

Նշենք, որ ավելի վաղ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ ընդամենը ՏԻՄ ոլորորտում իր 8 տարվա աշխատանքի փորձն է հանձնել թղթին:  « Ութ  տարի շարունակ ես եղել եմ տեղական ինքնակառավարման համակարգում և 8 տարվա իմ փորձը ուզեցել եմ թղթին հանձնել, ու ես չէի կարծի, որ ես մտել եմ ուրիշ դաշտ, դա իմ դաշտում ա` Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մասով: Երբ որ 17 տարի տեղական ինքնակառավարման մարմինների հիմքը դրվել է, 17 տարուց 8 տարին այդ ճանապարհին եմ անցել:  Եթե 8 տարի չաշխատեի պատասխանատու պաշտոններում, համոզված եղեք, ես չէի առաջադրի»,- ասել է Մարգարյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՖԲ-ում  գիտնականները տարածել էին Տարոն  Մարգարյանի գիտական հոդվածների հղումները` առաջարկելով դրանցում գեթ մի քիչ գիտություն գտնել:

 Անկախ

Վարչապետը հանձնարարել է ևս մեկ անգամ քննարկել «Զվարթնոց»-ի քանդել-չքանդելու հարցը

1379596_10152035954930809_1982994149_nԱյսօր ՀՀ կառավարությունը հաստատել է  «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում է կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը նիստից առաջ վարչապետին է ներկայացվել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր:

Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:

Վազգեն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետը քաղավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է հարցը մեկ անգամ ևս քննարկել կոնցեսիոների և ճարտարապետների հետ: ՀԽ անդամի խոսքով՝ Հանրային խորհուրդը շարունակելու է հարցը պահել իր օրակարգում, քանի դեռ կառավարությունը վերջնական որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել էին ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:

Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի էր ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և եզրակացությունն ուղարկվել էր ՀՀ կառավարություն:

ՀԽ չորս ենթահանձնաժողովներ դեկտեմբերի 24-ին հրավիրել էին ընդլայնված նիստ՝ անվանի մի շարք ճարտարապետների մասնկացությամբ, որի ընթացքում վերահաստատվել էր Հանրային խորհրդի դիրքորոշումը՝ շենքի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ կոչ անելով կառավարությանը մերժել շենքը քանդելու վերաբերյալ կոնցեսիոների և քաղավիացիայի գլխավոր վարչության առաջարկը:

Անկախ

Որքան սնունդ է սպառում մեկ ընտանիքը` մեկ շաբաթում

Ամերիկացի լուսանկարիչ Պետեր Մենցելը եղել է աշխարհի 24 երկրներում, այցելել 30 ընտանիքի, որ լուսանկարի նրանց շաբաթական սպառած մթերքի պաշարը: Նախագիծը, որ նա անվանել է “Քաղցած մոլորակ”, սկսել է 2005-ին:

ՍուդանՍուդանցի ընտանիքը ծախսում է շաբաթական 1,23  դոլար:

ՃապոնիաՃապոնացու ընտանիքը ծախսում է շաբաթական 317,25 դոլար:

Այս նախագծի արդյունքներն այնքան տպավորիչ էին, որ հեղինակը 2 տարի անց թողարկեց 600 լուսանկարով նույնանուն գիրք` օրական յուրաքանչյուր ընտանիքի սպառած մթերքի զամբյուղով:

Նա լուսանկարում էր շուկայում, խանութում, ուտելիք պատրաստելու, մթերքը սառնարանում տեղավորելու ժամանակ:

Նախագծի նպատակը տարբեր երկրներում կենսամակարդակների ահռելի տարբերությունը ցուցադրելն է:

ԵգիպտոսԵգիպտոսցի ընտանիքը շաբաթական ծախսում է 68,53դոլար:

Հաճախ են մարդիկ բողոքում կյանքից, չիմանալով, որ այդ պահին մեկ ուրիշի համար շատ ավելի դժվար է. գուցե նա երազել է հենց քո ճակատագիրն ունենալու մասին:

Հյուսիսային ԿարոլինաԸնտանիքը Հյուսիսային Կարոլինայից շաբաթական ծախսում է  341,98 դոլար:

Ավստրալացի ընտանիքն իր կարիքների համար շաբաթական ծախսում է 376,45 դոլար:Ավստրալիա

Լուսանկարչի բոլոր աշխատանքները մեր կյանքի սոցիալական կողմի վերլուծությանն են ուղղված, դրա համար էլ հրապարակումից անգամ տարիներ անց էլ մեծ արձագանք են գտնում:

ԼեհաստանԼեհաստանցի ընտանիքը շաբաթական ծախսում է 153 դոլար:

 

Ի լրումն դեկտեմբերի 24-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում արձանագրված սպանության դեպքի

 սպանությունԻնչպես Անկախը տեղեկացրել էր` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության` 2, շորթման և յուրացման կամ վատնման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ