Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Մ.-ն 2013թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Վ. Հ.-ին և Ա. Հ.-ին գումարով վարձատրության դիմաց թույլատրել է նստել իր կողմից շահագործվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Վ. Հ.-ն և Ա. Հ.-ն պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ:
Ա. Մ.-ն մեղադրյալի իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշում, չեն բացատրել իր իրավունքները, ինչի ազդեցության ներքո այդ օրը վերցրել են բացատրություն:
Բացի այդ, Ա. Մ.-ն նշել է, որ իր նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել նաև նույն քննչական բաժնի քննիչը:
Կատարվում է նախաքննություն:
«Մեզ ե՞ք ձեռ առնում, թե՞ ձեզ». Ռուբեն Հակոբյանը հորդորում է համաձայնագիրը քվեարկության չդնել
Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “ՀայՌուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:
Ժառանգություն խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի համար զարմանալի է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն իր հարցին, թե 300 միլիոն պարտք կուտակելը չի՞նշանակում, որ կոպտորեն խախտվել են Սահմանադրությունն ու օրենքները, պատասխանեց՝ ոչ, ինչպես նաև խախտում չի համարում այն, որ պետական գույքի մասնավորեցման ցանկում չկա քսան տոկոս բաժնեմասի մասին խոսք, սակայն դրա շուրջ բանակցություններ են ընթացել:
“Դուք մեզ ե՞ք ձեռ առնում, թե՞ ձեզ,-հարցրեց Հակոբյանը,-դուք ձեռ եք առնում մեր պետությանը, որտեղ բոլորս ենք”:
Պատգամավորի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ասում է՝ ճիշտ է՝ գործարքը սև է, բայց մեջն այնքան սպիտակ բաներ կան, որ պետք է նայեք՝ որպես սպիտակ:
“Բավական է մուրացկանությունը որպես առավելություն փաթաթեք այս ժողովրդի վզին: Լավ աշխատենք, որ պարտք չունենանք”,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ըստ պատգամավորի՝ տրամաբանական է, որ Ռուսաստանն իր ապրանքը առաջարկել է ինչ որ գնով, հայկական կողմն էլ սակարկել է, բայց դրանից հետո ենթադրվում էր, որ բանակցող հայկական կողմը պետք է ներկայանար ժողովրդին և ասեր՝ բանակցեցինք և այս պատկերը ստացանք, համաձա՞յն եք:
“ԱԺ-ն կամ կասեր՝ այո, կամ ոչ: Բայց դուք չեք տեղեկացրել մեզ, իսկ պարտքը կուտակվել է: Ուրեմն դուք էլ անձնապես վճարեք”:
Ռուբեն Հակոբյանը նաև չի ընդունում, որ գազի գնի բարձրացման մասին հարցումներին ի պատասխան՝ տրվել են բացասական պատասխաններ, սակայն իմանալով, որ խափում են: “Ո՞ւր եք գնում այսպես: Ես չեմ կիսում հակառուսական հիստերիան. լավ էլ արել են, կարողացել են արել են, դուք էլ արեք”:
Ռուբեն Հակոբյանը մտահոգություն ունի, որ այս նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող է այնքան պարտք կուտակել և գաղտնի պահել ժողովրդից, որ մի օր էլ գա և ասի. “Եկեք էս տասը հազար կիլոմետրը տանք, պրծնենք”:
Պատգամավորն ավելի ճիշտ է համարում այն, կառավարությունն ասեր ճշմարտությունը և նշեր, որ այո՝ համապետական ընտրություններ ունեինք, եթե հայտարարեինք գազի գնի բարձրացման մասին, ապա ձայն չէինք ստանա: “Դա ավելի տղամարդկային կլիներ,-կարծում է նա,-բայց դուք էս երեք ամիս է՝ մեզ ֆռռացնում եք: Ձեզ իրավունք եք վերապահել տնօրինելու պետության սեփականությունը և ասել, որ նման բան տեղի չի ունեցել: Ես էլ ձեզ հավատացի ու ծափահարեցի”,-հեգնեց նա:
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իսկապես վտանգավոր բան է կատարվում մեր պետության մեջ, որը վատ հեռանկար է խոստանում ապագա սերունդներին:
Նա հորդորեց հետ տանել այս նախագիծը, քանի որ ըստ պատգամավորի՝ արտահերթ կարգով չի կարելի այսպիսի կարևոր հարց քննարկել՝ փաստաթուղթն էլ պատգամավորների սեղաններին դնելով ընդամենը երեք ժամ առաջ:
Այնուամենայնիվ, եթե հարցը քվերակության դրվի, ապա նա տեղեկացրեց, որ Ժառանգությունը դեմ է քվեարկելու:
Նոր Հաջնի չորս բնակիչներ թունավորվել են շմոլ գազից
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի 4 բնակիչներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են բնակարանի սալօջախից շմոլ գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Հատուցման ժամ. ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին
Հանրապետության ավտոճանապարհներին երկու ավտոպատահար է գրանցվել, կա հինգ վիրավոր
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2009 թ. ծնված Մոնիկա Ա.-ն:
Պարզել է, որ երեխան վնասվածքը ստացել է դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 55 շենքի մոտ «ՎԱԶ-2101» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Մոնիկա Ա.-ն վթարի պահին գտնվել է «ՎԱԶ-2101»-ի սրահում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ջրառատ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը, «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները փորձում են հասկանալ՝ որտեղ է թաքնված շան գլուխը
Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “Հայռուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:
ՀՀ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ համաձայնագիրը կնպաստի գազի բնագավառում երկու երկրների միջև երկարաժամկետ փոխգործակցության զարգացմանը:
Նախարարին հարցեր տալու համար հերթագրվեց 25 պատգամավոր:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց Հայաստանի կուտակած 300 միլիոն պարտքով: Բացի այդ հարցրեց. «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետ ի՞նչ է մեզ սպասվում, հետագայում մենք կարողանալո՞ւ ենք այլընտրանքային գազի խնդիրը լուծել»:
Նախարարը պատասխանեց, որ 300 միլիոն դոլարի մի մասը պետք է վճարի Հայաստանը, մի մասը՝ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա նախարարը հավաստիացրեց, որ համաձայնագրով որևէ սահմանափակում դրված չէ: «Եթե որևէ այլ երկրից էժան գազ գնելու հնարավորւթյուն լինի, կարող ենք փոխարինել դա Ռուսաստանի գազով»,-ասաց նա:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցրեց, որ եթե վաղը մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսները վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպիսի՞ լծակներ ունի Հայաստանը դա կանխելու՝ հատկապես որ համաձայնագիրը մինչև 2043 թվականն է, և դրա հետ ծագող իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխության, լրացումների, հետկանչման առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման:
Նախարարը նշեց, որ ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը կարող է այդ բաժնետոմսերը վաճառել իրեն փոխկապակցված ընկերությունների, այն էլ՝ միայն հայկական կողմի համաձայնության:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր հարցը սկսեց այն նկատառումով, որ հնարավոր է, որպեսզի պետական գործիչը միշտ չասի իրականությունը, բայց երբեք պետք չէ ստել: «Այսօր ես որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, ինձ խաբված եմ զգում, որովհետև Դուք անձամբ բազմիցս այս ամբիոնից հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը բարձրացել է,-ասաց Օսկանյանը,-ակնհայտ է, որ տարիների ընթացքում կամ ամիսների, ՀՀ-ն պարտք է կուտակել, և ԱԺ-ն այսօր կանգնել է փաստի առաջ և պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը՝ մասնակից դառնալով այդ գործընթացին»:
Նախարարը պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, որ գազի գինը չի բարձրացել: «Ասել եմ, որ Հայաստանում գինը չի բարձրանալու և ասել եմ, որ բանակցություններ են գնում, վերջնական գինը կճշտենք և կասենք: Մենք պայմանավորվեցինք, որ ՀՀ-ում գազի սպառումը իրականացնում ենք նախկին գնով, մինչև բանակցությունները կավարտվեն: Հիմա էլ բանակցություններն ավարտվել են, և ասում ենք»:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնագրում անորոշ Ղարաբաղին գազ մատակարարելու հարցը՝ միաժամանակ նշելով, որ համաձայնագրում ամրագրված է, որ Հայաստանն արտահանման իրավունք չունի:
Նախարար պարզաբանեց, որ Ղարաբաղը դիտարկվում է որպես մեկ բաժանորդ Հայռուսգազարդ ընկերության համար, և դա այդպես էլ կշարունակվի: «Ճիշտ է՝ համաձայնագրում այդ մասով դեռ չինչ չկա, բայց հետո ավելի բաց տեքստով կլինի: Որևէ խոչընդոտ լինել չի կարող»:
Քոքոբելյանը արձագանքեց ՝ ասելով, որ պայմանագրում պարտավոր էր ինչ որ կետով նշել մեկ բաժանորդ լինելու հանգամանքը՝ գործընկերներին կոչ անելով չմասնակցել այս հակապետական գործարքի կայացմանը:
Այնուհետև ելույթ ունեցավ գազի թնջուկն ամիսներ շարունակ լուծել փորձող և վերջին օրերին իր բացահայտումներն արած Արամ Մանուկյանը: Նա հարցրեց, թե ինչո՞ւ այդ 300 միլիոն դոլլարը պետական պարտք չի ձևաակերպվել և որևէ տեղ չի երևացել, բացի այդ ո՞վ է գնահատել, որ 20 տոկոսը հավասար է 155 միլիոն դոլլարի:
Նախարարը պատասխանեց, որ իրենց գնահատմամբ՝ բավականին հաջող բանակցությունների արդյունքում է այդ թիվը որոշվել:
Արամ Մանուկյանը դիմեց նաև ՀՀԿ խմբակցությանն ու ԱԺ ղեկավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել այդ ոլորտի 22 արձանագրությունները, որոնք, ըստ նրա, գաղտնի են պահվում. «Ես վեց ամսվա արդյունքում տեսել եմ միայն մեկ արձանագրություն: Մինչև բոլոր արձանագրությունները չնայեք, քվեարկության մի դրեք այս հարցը, որովհետև հնարավոր է, որ շան գլուխը հենց այդտեղ է թաղված, ես համոզված եմ, որ Դուք էլ շատ բաներ չգիտեք, պարոն Աբրահամյան»,-ասաց Մանուկյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ Գազպրոմի գլխավոր տնօրենի կողմից հայտարարվեց, որ գազը սահմանին լինելու է 188 դոլար, սակայն 48 ժամվա կտրվածքով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գազի սակագինը անփոփոխ է լինելու, իսկ ԱԺ փոխխոսնակը հակտարարեց, որ գազի սակագինը ՀՀ քաղաքացին սպառելու է ավելի ցածր: «Դուք ի վերջո կարո՞ղ եք ասել՝ հայ քաղաքացին ի՞նչ սակագնով է սպառելու գազը»,-հարցրեց նա:
Նախարարը վերահաստատեց, որ սակագները որևէ փոփոխության չեն ենթարկվելու ինչպես ՀՀ-ում, այնեպս էլ ԼՂՀ-ում:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ հակապետական այս ակցիայի դեմ քաղաքացիները բողոքի ցույց են անում, և ոստիկանները տասնյակ մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաներ. «Ես պահանջում եմ ազատել այդ քաղաքացիներին, որպեսզի նրանք կատարեն սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները»,-ասաց պատգամավորը:
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ բազմիցս նախարարին հարցրել են գազի գնի սակագնի բարձրացման վերաբերյալ, սակայն նա հերքել է: «Եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը, բայց հազար ներողություն, ես չեմ կարծում, որ կրուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և Ազգային ժողովի հետ: Այս տեսակետից ես անիմաստ եմ համարում Ձեզ որևէ հարց տալը: Ես հարց չունեմ Ձեզ տալու, պարոն նախարար»,-ամփոփեց Փաշինյանը:
Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:
Խուզարկությամբ հայտնաբերվել են Մհեր Հ.-ի կողմից ապօրինի պահվող «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, իսկ մյուսում` 28 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ: Հայտնաբերվել է նաև 5.45 մմ տրամաչափի` 6, 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, երկաթե դետալ, որսորդական հրացանի փամփուշտի 9 դատարկ պարկուճ, գլանաձև մետաղ, փողը կարճեցված հրացան` օպտիկական նշանառու սարքով, 18 ինքնաշեն փամփուշտներով, «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 4 փակաղակ և դետալներ, ինքնաձիգի փամփշտակալ` լիցքավորված ուսումնական 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, 200 գ տրոտիլային պայթաղյուս, «ՌԳԴ-5» նռնակ, «ՈւԶՌԳՄ» 2 պայթուցիչ, «ՈւԶՌԳՄ» պայթուցիչի հարվածային մեխանիզմ, 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 29 փամփուշտ, ինքնաշեն 3 փամփուշտ, շինմոնտաժային 10 փամփուշտ, փամփուշտի 8 գնդակ, ինքնաշեն 7 արկ, հրապատիճի 1 ճայթիչ և հրահաղորդող 6 կապ քուղ:
Մհեր Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:
Հինգ մարդ բռնվեցին գողություն կատարելիս
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:
1961 թ. ծնված Արա Ս.-ն, 1964 թ. ծնված Սամվել Պ.-ն, 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1976 թ. ծնված Արմեն Ու.-ն և 1962 թ. ծնված Էդուարդ Գ.-ն բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, յուրացման կամ վատնման` 1, խարդախության 4 և մաքսանենգության 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 3-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը (Ուղիղ միացում)
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված հարցերին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:
Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին
Երևանի Մազմանյան փողոցում մեքենա է այրվել
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.02-ին:
Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 33ՍՏ171 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Մ. Հ.) շարժիչի հատվածը և սրահը ամբողջությամբ:
Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և UNICEF-ի միջև համագործակցության ներկայիս ընթացքը և շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին Ահրենսին՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող և առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման շուրջ ծավալված համագործակցության առնչությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքներն այդ և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ, որոնք կնպաստեն երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:
Իր հերթին տիկին Ահրենսը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում աշխատելը և հետագա գործունեությունը շարունակելը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Պայթյուն` Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Գ. Մ.-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը:
Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը և դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածում նշվում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի:
Փաստացիորեն այս կերպ «Գազպրոմ» ԲԲԸ-ն առանց որևէ խնդրի կարող է ՀՀ տարածքում գտնվող և ՀՀ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտի բաժնետոմսերն օտարել մեկ այլ պետության ու չկա որևէ երաշխիք, որ այդ պետությունը չի լինի ՀՀ-ի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրված երկիր: Իսկ Հայկական Կողմի, այսպես ասած, գրավոր համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարող ենք ասել առոչինչ է, քանզի նույն այս հոդվածում նշվում է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ առանց սույն հոդվածի 4-րդ պարբերությունում նշված՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության:
Մյուս վտանգավոր կետն այն է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայկական Կողմը երաշխավորում է ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթական չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս:
Այս կետով, փաստացիորեն, հարցականի տակ է դրվում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ առաքվող գազի խնդիրը, և այս ուղղությամբ որևէ երաշխիքներ այս կամ այլ համաձայնագրերով տրված չեն:
Համաձայնագիրը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ՀՀ գազի ներմուծման բացառիկ մենաշնորհ դիրք է տալիս, սրանով իսկ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ- 37 -Ն հրամանագիրը, որում շեշտվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանացում…»:
Ակնհայտ է, որ այս համաձայնագրով ՀՀ իշխանություններն հենց իրենք են նպաստում բնական գազի ներկրման շուկայում մենաշնորհի ձևավորմանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է նման բովանդակությամբ համաձայնագրի առկայությունը: Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների անհեռանկարային գործունեության արդյունքում ՀՀ կարևորագույն ռազմավարական օբյեկտները մաս-մաս տրվել են ռուսական կողմին: Իսկ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ այդ կարևորագույն օբյեկտներից վերջին մոհիկանն էր, որը տրվում է չափազանց խայտառակ և նվաստացուցիչ պայմաններում:
Անընդունելի է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, համաձայն որի վերանշյալ համաձայնագրերը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այս կերպ ՍԴ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ անաչառ ու անկախ մարմին չէ:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Ազգային ժողովին չվավերացնել այս համաձայնագրերը և գործել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու բարօրության:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արտահերթ նստաշրջանի օրակարգը`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
2. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
(Երկրորդ ընթերցում)
3. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
4. Միջազգային պայմանագրերի վավերացում`
1) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր
2) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիր
3) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր:
Երեկո՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին
Դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան։
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին։ Ներկա էին Հերունու հարազատները, աշակերտները, գիտնականներ, հյուրեր։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Պարիս Հերունու գիտական գործունեությունն ու նրա ավանդը հայ և համաշխարհային գիտության զարգացման գործում, ներկաները դիտեցին նաև գիտնականին նվիրված փաստավավերագրական ֆիլմ։
Արևիկ Սարգսյանը Պարիս Հերունու աշակերտներից է, գիտնականի քրոջ դուստրը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Անտենային համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ նախագահ։ Նա անգնահատելի է համարում Պարիս Հերունու ավանդը հայ գիտության մեջ. նրա աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքն աշխարհում։ «Պարիս Հերունու հեղինակությամբ գիտական մի շարք նոր ուղղություններ են հիմնվել աշխարհում՝ անտենայի պարամետրերի չափումը մոտակա գոտում, ռադիոհոլոգրաֆիան, բազմաճառագայթային անտենաների տեսությունը, վիճակագրությունը և չափումը, անտենային մետրոլոգիան՝ չափագիտությունը։ Կրթությունը ստանալով Մոսկվայում՝ Հերունին վերադարձել է Հայաստան և շարունակել իր գործունեությունը հայրենիքում։ Հերունու աշակերտները մինչ օրս շարունակում են նրա գիտական դպրոցի ավանդույթները»,- նշեց Արևիկ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ մեծ է նաև Հերունու ավանդը հայագիտության զարգացման գործում։
Նշենք, որ Պարիս Հերունու հոբելյանին նվիրված միջոցառումը կազմակերպել էին «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն, «ԱՐԱՐԷ» հայագիտական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ռուսական ալմաստը հայկական ադամանդ դառնալու ճանապարհին
Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հիշում ենք, ստորագրվեց 12 համաձայնագիր: Դրանցից մեկն էլ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, ըստ որի` Ռուսաստանը հանում է դեպի Հայաստան առաքվող ադամանդի հումքի համար նախատեսված մաքսավճարներն ու մաքսատուրքերը:
Ադամանդագործությունը կարող է լրջորեն զարգանալ
Այսուհետև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ադամանդի հումքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ գնի մեջ մտնող մաքսատուրքերն ու վճարները հանվելու են: Հայկական շրջանակներում այս լուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց: Սակայն ոչ թե ոգևորվել է պետք, այլ ուղղակի սթափ նայել իրավիճակին:
Հայաստանում ավելանում է ադամանդի արտադրությունը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 67 հազար կարատ ադամանդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 58 տոկոսով: 2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` հայկական ձեռնարկություններին ադամանդի հումք է մատակարարում ադամանդագործության ոլորտում հայտնի «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաև ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է:
Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, 1-ական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության 8 վարչատարածքային միավորները, ևս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
Այսինքն` գործ ունենալով ԱԼՌՈՍԱ-ի հետ` պետք է հասկանալ, որ գործ ունես ռուսական պետական բիզնեսի հետ, որը հումք է բերում Հայաստան, վերամշակում ու նորից արտահանում. այսինքն`մաքսատուրքերի ու մաքսավճարների վերացումը առաջին հերթին ձեռնտու էր հենց Ռուսաստանին:
Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Սահմանված քվոտաների շրջանակներում ԱԼՌՈՍԱ-ն տարեկան 300-500 հազար կարատ ադամանդի հումք էր մատակարարում հայկական ընկերություններին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին այս համագործակցությունը մի քիչ դանդաղ էր զարգանում: Սակայն 2011-ին նորից ջերմացավ:
Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի համաձայն` ԱԼՌՈՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարեր մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որը պետք է մշակման ենթարկվեր Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում:
Այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հույսերով` ԱԼՌՈՍԱ-ն պետք է ավելացներ ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, պետք է ավելանար նաև այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը, սակայն 2012 թ. Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող ադամանդի ծավալները նվազել են:
Հայաստանի համար ադամանդի տպավորությունը միայն փայլը չէ
Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2012 թ. առևտաշրջանառությունը կազմում է մեկ մլդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավելի բաժին է հասնում ներմուծմանը, մնացած հատվածն էլ` արտահանմանը: Հայաստանից արտահանված ապրանքների մեջ բավականին մեծ թիվ է կազմում ադամանդը` 24 մլն դոլարի ադամանդի հումք և որոշակի վերամշակված ադամանդ է արտահանվել:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ մաքսատուրքերի ու վճարների վերացման հանգամանքը կնպաստի, որ ադամանդի արժեքը նվազի և ադամանդը, որպես վերամշակված հումք, նորից արտահանվի: Ու այս պայմաններում, եթե հայ ձեռնարկատերերը շահույթը հումքի ինքնարժեքի նվազեցման հաշվին չավելացնեն, այլ գինը իջեցնեն, որ ավելի մրցունակ դառնան միջազգային շուկայում, ապա դրական արդյունք կլինի:
«Էֆեկտը կլինի այն, որ նախ` ոլորտի մարդիկ աշխատանք կունենան` կայուն աշխատատեղերը կպահպանվեն, և երկրորդ` կարելի է ադամանդի վերամշակման ու արտադրության ծավալները մեծացնել ու ավելի մրցունակ գներով մտնել շուկա: Բայց եթե պետք է մաքսատուրքի հաշվին շահույթի մեջ ավելացում անեն, մենք կմնանք նույն մակարդակի վրա, լուրջ առաջընթաց չենք ունենա»,- նշեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում արտահանման գները շատ մեծ թվեր էին կազմում. 300 միլիոն դոլարի ադամանդի հումք ներմուծում էինք ու մոտավորապես 350 միլիոն դոլար արդեն արտահանված ադամանդի գինն էր լինում, որի մեջ 50 միլիոնն աշխատանքի արժեքն էր: Իսկ վերջին տարիներին տարեկան մոտ 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի էր հասնում ադամանդի արտահանման արժեքը: Ու հիմա էլ տնտեսագետը կարծում է, որ նախկին թվերին վերադառնալու հնարավորություն կա:
«Բայց կրկնում եմ` պետք է ավելի մրցունակ գին առաջարկենք, որ հնդկական, բելգիական ընկերությունները, որոնք նախկինում գնում էին մեզնից, նորից դառնան մեր գործընկերը: Մենք հնարավորություն ունենք արտահանման ցուցանիշի մեջ ադամանդի արտահանման թիվը տարեկան հասցնել մինչև 100-150 մլն դոլարի: Որովհետև ադամանդը հիմնականում վաճառվում է դրսում, ներսում առանձնապես չի վաճառվում: Հիմա 12 անգամ նվազել են այդ թվերը, բայց ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կարելի է դա 100-150 միլիոնի հասցնել, միայն այս մաքսատուրքերն ու մաքսավճարները հանելու շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Իսկ ԱԺ-ում, պատասխանելով հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ միայն ադամանդի հումքի համար մաքսատուրքերն ու վճարները հանելը Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն կունենան: Ադամանդագործությունը կսկսի շատ արագ աճ ապահովել, և մոտ 5000 նոր աշխատատեղ բացելու հնարավորություն կարող է ստեղծվել:
Ի դեպ` այս տարվա 9 ամիսներին ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերությունը Հայաստան է արտահանել 4 մլն 900 հազար դոլարի չմշակված ադամանդ:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Կիսաապխտած կոկորդիլոսը մեծ պահանջարկ ունի Հայաստանում
SAS սուպերմարկետների ցանցում վերջին օրերին կիսաապխտած կոկորդիլոսի մեծ թվով պատվերներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ին ասել է սուպերմարկետի մսամթերքի բաժնի աշխատակիցը։
«Այս պահին ցանցում երեք հատ կա, բայց պատվերներ շատ ունենք, վերջին օրերին ենք բերելու»,- ասաց վաճառողուհին։
Կոկորդիլոսները ներկրվել են ԱՄՆ-ից։ Դրանց երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40 սմ, քաշը՝ 12 կգ։
Սուպերմարկետի աշխատակիցները պատմեցին, որ կոկորդիլոսը ձկան մսի համ ունի, պահպանման ժամկետը 3 ամիս է։ Մեր հարցին, թե ինչպես կարելի է երկկենցաղին պահել տան պայմաններում, որ չփչանա, սուպերմարկետում ասացին. «Կարող եք պատշգամբում պահել»։
Մեկ կիսաապխտած կոկորդիլոսն արժե 380 000 հազար դրամ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

