Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին և Նվեր Մնացականյանին:
Երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի և մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների և ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած իր աշխատանքային այցից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Շիրակ հայրենակցական միավորման» ակտիվ ներգրավվումը մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում և հանձնարարել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ներկայացված ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մշակել կոնկրետ առաջարկություններ:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկում՝ Հրազդանում
«Սահմանադական բարեփոխումների անհրաժեշտություն կա այսօր: Հրազդան քաղաքում կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:
Նա առանձնացրել է երկու կարևոր հանգամանք՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու կառավարման ձևի փոփոխությունը: Նա կարևորել է նաև երկրում ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտությունը: «Մենք պետք է սահմանենք այնպիսի վիճակ, որ անձերի փոփոխությունը չազդի համակարգի վրա: Կառավարման ձևի փոփոխությունը պետք է երկրում հանգեցնի կուսակցական համակարգի կայացմանն, ինչը կբերի կուսակցական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրագրմանը»,-հավելել է Հանձնաժողովի անդամը:
Խոսելով դատական համակարգի մասին՝ նա նշել է, որ քննարկվում է անցում կատարել երկաստիճան դատական համակարգի, որն ավելի արդյունավետ կլինի:
«Եռաստիճան դատական համակարգի կիրառման ընթացքը ցույց է տալիս, որ երկաստիճանի անցնման կարիքը կա: Դատական ակտի բեկանման ժամանակ, մենք կորցնում ենք որակը: Դատարանակազմությունն ինքնին հանգեցրել է դրա փոփոխման անհրաժեշտությանը»,-նշել է Գևորգ Կոստանյանը:
Հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը շեշտել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այն կկարգավորի անհատ-պետություն հարաբերությունները:
Վարդան Պողոսյանը զուգահեռներ է անցկացրել ներկայիս և 1995թ-ի Սահմանադրության միջև՝ նշելով, որ այդ Սահմանադրությունը իշխանակենտրոն էր, որով իշխանության ինստիտուտների կայացման խնդիր էր դրվել:
«2005թ-ի փոփոխություններն ուղղված էին 1995թ-ի Սահմանադրության շեղումների շտկմանը, բայց դրանով էլ բոլոր խնդիրները չլուծվեցին: Այն իրավունքները, որոնք անմիջականորեն պետք է իրականացվեն և պաշտպանվեն՝ տարանջաման կարիք ունեն, ինչը գործող Սահմանադրությամբ չի ապահովվում»,- նշել է Հանձնաժողովի անդամը՝ շեշտելով, որ պետք է ստեղծվի սահմանադրական այնպիսի գործուն համակարգ, ըստ որի՝ այդ հիմնական իրավունքները կսահմանափակվեն Սահմանադրությամբ:
Վարդան Պողոսյանի խոսքով՝ ներկայացված հայեցակարգով առաջարկվում է անցում կատարել պառլամենտական կառավարման ձևին՝ իշխանության գերկենտրոնացման վտանգի պատճառով:
«Բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը երկրի սոցիալ-քաղաքական իրողության փոփոխությունն է, այլ պատճառ չկա, որից օգտվելու են բոլորը»,-ասել է Հանձնաժողովի անդամը:
Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվել են սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման անցկացման գործընթացից, մարդկանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներից:
Հարցադրումներ են եղել նաև Ազգային ժողովն արձակելու խնդիրների, Նախագահի ընտրության, մարդու իրավունքների իրականացման երաշխիքների ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Հայեցակարգի վերաբերյալ հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարությունների միջև
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, լատվիական կողմից` ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստիպրայսը:
Հայ և լատվիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նույն օրը լատվիական պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը: Նշված հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի:
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն
Հուլիսի 7-11-ը աշխատանքային այցով Լոնդոնում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի հրավերով:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից՝ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Ժառանգությունից՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՕԷԿ-ից՝ Լևոն Դոխոլյանը:
Այս այցելությունը պատասխանն էր Բրիտանական խմբի պատվիրակության՝ ս.թ. փետրվարի 17-21-ը Հայաստան կատարած այցելության:
Պատվիրակությունը հանդիպեց Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլին, Լորդերի պալատում ՄԹ ԱԳՆ՝ Ֆորին օֆիսի խոսնակ Լորդ Ուոլեսին, Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի, ԵԽԽՎ-ում ՄԹ պատվիրակության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Այցի ընթացքում բրիտանական խորհրդարանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որը նախագահում էր Մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահ, պահպանողական պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը:
Քննարկմանը մասնակցող Համայնքների և Լորդերի պալատների անդամները հանարավորություն ունեցան հայ խորհրդարանականներին հարցեր ուղղելու, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Եվրասիական միությանը անդամակցելուն, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Ուրկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին:
Պատվիրակությունը հանդիպեց նաև Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հետ՝ վերջինիս տարեկան ժողովի ամփոփումից հետո: Խմբի արդեն նախկին նախագահ Բարոնուհի Քոքսը, ողջունելով ԱԺ պատգամավորներին, տեղեկացրեց, որ խումբը ընդունել է իր հրաժարականը և ընտրել նոր նախագահ՝ Ջոն Ուիթինգդեյլին: Խմբի փոխնախագահ է ընտրվել ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Փաունդը: Կողմերը հույս հայտնեցին, որ նորընտիր խմբի ու ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բերեկամության խմբի համատեղ ջանքերով կակտիվացվի ու կխորացվի միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում պատրաստակամություն հայտնվեց` ներդնել բոլոր ջանքերը՝ քաջալերելու երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը:
Պատվիրակության պատվին ընդունելություն կազմակերպեց Լոնդոնում ՀՀ դեսպանությունը, որին հրավիրված էին բրիտանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, բրիտանացի խորհրդարանականներ և դիվանագետներ:
Ողջունելով ներկաներին՝ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շնորհավորեց Բարոնուհի Քոքսին, ով ընտրվել է Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ցկյանս պատվո նախագահ, և Հայաստանի ու բրիտանահայ համայնքի անունից երախտագիտություն հայտնեց նրան` հայ-բրիտանական բարեկամության ամրապնդման, Արցախի խնդիրը ՄԹ-ում հանրայնացման ու Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: Խորհրդարանական պատվիրակության անունից շնորհակալական խոսք ասաց Թևան Պողոսյանը:
Հայ խորհրդարանականները նաև ճանաչողական այցելություն կատարեցին Օքսֆորդ, որտեղ նրանց հյուրընկալեց Ռեդինգի ընտրատարածքից Համայնքների պալատի պատգամավոր ընտրված Անոկ Շարման:
Պատվիրակությունը այցելեց նաև Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոն, որտեղ հանդիպեց ամբիոնի վարիչ, հայտնի հայագետ Թեո վան Լինթին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ Կոմիտասի 55 և Քոչարի 17 բակային տարածքների բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն՝ բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված. «Մենք յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգում և հանձնում մեր բնակիչներին:
Այս տարի բարեկարգվող բակերի թիվը կարող է հասնել մինչև 600-ի, քանի որ համայնքային բյուջեով նախատեսված շուրջ 400 բակերին կարող է ավելանալ նաև մասնավորի կողմից մինչև 200 բակերի բարեկարգումը: Անշուշտ, սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ևս մեկ հրաշալի ապացույցը կդառնա, ինչը մշտապես ողջունվել և ողջունվելու է մեր կողմից: Բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, որ մասնավորի կողմից նախաձեռնվող յուրաքանչյուր աշխատանք, որը միտված է Երևանի զարգացմանն ու երևանցիների միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն, մեր լիազորությունների շրջանակում մշտապես ստանալու է մեր աջակցությունը: Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ բակերի բարեկարգման ծրագիրը մեր կողմից իրականացվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով ու, ըստ այդմ, այդ աշխատանքներն իրականացվում են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կոմիտասի 55 հասցեում բարեկարգված բակի կանաչապատման գոտում Երևանի քաղաքապետը եղևնիներ է տնկել:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Արաբկիրի բարեկարգվող մի շարք բակերի շինհրապարակներ: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել և բարեկարգել 63 բակ: Դրանցից 23-ում աշխատանքներն արդեն ավարտված են: Զեկուցվել է, որ բարեկարգմանը զուգահեռ՝ ընթանում են նաև կանաչապատման աշխատանքներ: Տարեկան ծրագրով նախատեսվում է ազատել և ընդհանուր օգտագործման ծառայեցնել 12800 քմ տարածք: Հարկ է նշել, որ այս տարի ևս բարեկարգման ծրագրերում ներառվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Արդյունքում կնկարազարդվի ևս 5500քմ մակերես. «Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարևորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք՝ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին»,- շեշտել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Առանձնակի կարևորելով բակերի համալիր բարեկարգման ծրագրի իրականացումը՝ բնակիչներն իրենց հերթին նշել են, որ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին և հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Օրինակ հենց Արաբկիրում, որտեղ այս տարի կառուցում ենք 60-ից ավելի բակ, ապամոնտաժվել է շուրջ 80 ավտոտնակ: Մի խոսքով, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի առաջիկա տարիներին լիարժեք ավարտենք բակերի բարեկարգման ծրագիրն ու մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չունենանք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բակերի համալիր բարեկարգման ծրագրից բացի, բնակիչների հանգստի կազմակերպման համար հարմարավետ են դառնում նաև պուրակներն ու հանգստի գոտիները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել նաև Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետում, և հանգստի այս գոտին ևս կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ի դեպ, կառուցվող այս պուրակում կտեղադրվի նաև Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:
Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Սարաջյանի անվան երաժշտական դպրոց: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքի բոլոր երաժշտական դպրոցների ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ընդունելության քննությունների արդյունքները հայտնի են
Հրապարակվել է 2014-2015 ուստարվա դիմորդների անվանացանկը՝ ըստ անցողիկ միավորների և մասնագիտությունների:
Ընդունելության քննությունների անցողիկ միավորներին և դիմորդների անվանացանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ http://www.ysu.am/entrant/hy/entrant-2014:
Արդյունքների հրապարակումից հետո դրական միավորներ ունեցող, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմելու թափուր տեղերի համար և սովորելու վճարովի հիմունքներով:
ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վիրահայոց թեմ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» մշակութային կենտրոն: Դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով:
Սրբազանը նախարարին ներկայացրել է, որ արդեն իսկ կատարվել են եկեղեցու ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջևում է: Նա հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:
Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՂՀ Շահումյանի շրջանում ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ
ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <КМС> տեսակի <TD 2042> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի <ПМ> տեսակի <ВА 0033> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու <Ф-1> տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <АКМС> տեսակի <TF 7373> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի <ПМ> տեսակի <СН 3478> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:
Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Ես նա չեմ». Թուրք կինոգործիչների ակտիվ մասնակցությունը «Ոսկե Ծիրանին» շարունակվում է
«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված ֆիլմերի շարքում է թուրք ռեժիսոր, սցենարիստ և գրող Թայֆուն Փիրսելիմողլուի «Ես նա չեմ» գործը։
Ֆիլմը պատմում է միջին տարիքի ամուրի և միայնակ Նիհաթի մասին, ով աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Երբ երիտասարդ գործընկերուհի Այշեն հրավիրում է նրան իր տուն՝ ընթրիքի, նա գնում է, չնայած այն լուրերին, որ նրա ամուսինը՝ Նեջիփը, լուրջ հանցանքի պատճառով բանտում է: Ամուսնական լուսանկարում Նիհաթը նկատում է, որ Այշեի բանտարկյալ ամուսինը շատ նման է իրեն: Այս վտանգավոր հարաբերությունը Նիհաթի կյանքում տեղիք է տալիս շատ ավելի խոր փոփոխությունների, քան նա երբևէ կպատկերացներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի հեղինակը, խոսելով Թուրքիայում կինոյի ոլորտում տիրող իրավիճակի մասին, պատմեց, որ վերջին 10 տարվա ընթացքում այդ երկրում կինոարտադրությունը 10-50 տոկոսով զարգացում է ապրել. «Սակայն որակը այնքան լավ չէ, մեծացել է միայն արտադրվող ֆիլմերի քանակը: Տարեկան միայն 3-4 լավ ֆիլմ է արտադրվում է: Մշակույթի նախարարությունը փորձում է աջակցել և դրամաշնորհներ է տրամադրում, սակայն շատ երիտասարդներ չեն օգտվում այդ հնարավորություններից»։
Անդրադառնալով իր ֆիլմերին՝ Փիրսելիմողլուն պատմեց, որ տարված է անհատականության փոփոխությունների թեմայով։ Այդ թեման նա արծարծում է ոչ միայն ֆիլմերում, այլև գրական ստեղծագործություններում։
Նա խոստովանեց, որ անձի փոփոխության հարցը սուր է դրված երկրում, քանի որ շատ ազգություններ, այդ թվում՝ հայերը, երկար ժամանակ ստիպված են եղել թաքցնել իրենց ինքնությունը։
Խոսելով այն մասին, թե ինչպես է գրականությունը ազդում ֆիլմերի վրա, Թայֆուն Փիրսելիմողլուն նշեց, որ իր ստեղծագործությունների վրա ազդել են Ֆյոդոր Դոստոևսկին, Էդգար Ալան Պոն։ «Ճիշտ է, Ալան Պոյից և Հիչքոքից եմ ոգեշնչվել։ Սակայն աշխատելու ընթացքում դրա մասին չէի մտածում: Կարևորը երևի թե հենց այդ է, որ ոգեշնչվում ես, բայց ինքդ դրա մասին տեղյակ չես լինում»։
Ռեժիսորն ընդգծեց, որ աշխատում է իր ֆիլմերում չօգտագործել իր պատմվածքները կամ վեպերը, սակայն իր նոր նախագծի սցենարի համար հիմք է հանդիսացել Փիրսելիմողլուի վերջին պատմվածքը։
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես սենտիմենտալ խնդիր չէ. Ամոս Գիտայ
«Երկար տարիներ մտածել եմ Երևանը այցելելու մասին։ Համակարանք եմ տածում հայ ժողովրդի հանդեպ, որը մեծ տառապանք է ապրել և խնդիր ունի դա աշխարհին ցույց տալու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ և հրեա ժողովրդի ճակատագրերի ընդհանրության մասին, ասաց հանրահռչակ իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայը։
Ամոս Գիտայը ծնվել է 1950 թ, Հալֆայում (Իսրայել): Նա ճարտարապետություն էր ուսանում ՝ հետևելով իր հոր ուղուն, սակայն արաբա-իսրայելական չորրորդ պատերազմն ընդհատեց նրա ուսումը: Ուղղաթիռով առաջադրանքներ կատարելիս Super-8 տեսախցիկի օգտագործումն էր, որ Գիտային մղեց կինոռեժիսուրայով զբաղվելու: Այժմ Գիտայն արդեն հեղինակ է մի քանի տասնյակ ֆիլմերի, որոնք համարվում են Իսրայելի կինեմատոգրաֆիայի լավագույն գործերը։
«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հետահայաց ցուցադրություններ ծրագրով կներկայացվեն Ամոս գիտայի «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի» և «Ավետյաց երկիր» ֆիլմերը։
Ռեժիսորը հաճախ է անդրադառնում իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը ու, թեև հարցը քաղաքական է, նա չի գնում է, որ իր ֆիլմերում պարտադիր է պահպանել օբյեկտիվությունը։ «Ես կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը տեսնելն է, թե ինչ տեղի է ունենում մեր շրջապատում: Սակայն կինոն ժուռնալիստիկա չէ, այն չպետք է միայն ինֆորատիվ լինի. պետք է արտահայտի ռեժիսորի վերաբերմունքը: Իսրայելի պատմությունն ամբողջացած չէ և այդ խնդիրը արտահայտվում են իսրայելական կինոյում; Ֆիլմերում ես ներկայացնում եմ իմ անձնական մոտեցումը. ես պաշտոնական խոսնակ չեմ, մյուս կողմից, եթե լրատվական հաղորդումներ նայենք, կտեսնենք, որ բոլորն էլ սուբյեկտիվ են։ Այն, ինչ անում եմ ես, հնարավորություն է տալիս անկախ կարծիք ձևավորել», – ասաց նա:
Այնուհանդերձ կինոգործիչը նշում է. որ չի ատում այն մարդկանց, ովքեր իր կարծիքի հետ համաձայն չեն։ Եվ հակամարտության մասին ֆիլմեր նկարահանելիս նա հասկացել է, որ երկխոսություն պետք է ստեղծվի երկու կողմերի միջև, որի շնորհիվ ընդհանուր լուծում կտրվի հարցին. «Հակամարտության վերաբերյալ ֆիլմեր նկարահանելիս ես հասկացել եմ՝ կողմերից ոչ մեկն էլ հրեշտակ չէ կամ սատանա. Երկու կողմերում էլ կան և՛ հրեշտակներ, և՛ սատանաներ»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գիտայը՝ որպես նույն ճակատագիրն ունեցեղ ազգի ներկայացուցիչ, հայտարարեց, որ լիովին արդարացի է համարում հայերի պահանջը. «Երբեք չեմ հասկացել, թե ինչու թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը: Լիովին արդարացի եմ համարում հայերի պահանջը. սա պարզապես սենտիմենտալ խնդիր չէ անցյալի հետ կապված: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները՝ հնարավորություն կստեղծվի կանխել դրանք ապագայում»,- նշեց նա։
Ակնհայտ է, որ խաբեցին մեզ…Ստեփան Գրիգորյան
“Ռուսաստանը ներեց Կուբայի 30 միլիարդը, բայց հիշեցի, որ երբ Հայաստանն էր Ռուսաստանին 100 միլիոն դոլլար պարտք, սկսեցին վերցնել մեր գործարանները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Կուբայի պարտքը ներելը քաղաքագետը լավ լուր է համարում, քանի որ մեր հասարակությանն այս դեպքը կսթափեցնի, կհասկացնի, որ նույն Ռուսաստանը պատրաստ է Կուբային ներել 30 միլիարդ, մեզ` ոչինչ:
“Մինչև սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը մեր իշխանություններին համոզում էր չստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, խոստանում լուրջ գումարներ /խոսվում էր12-15 միլիարդ դոլլարի մասին/, իսկ Արգենտինայում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր մտահոգությունը հայնտնեց Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ. սա ցույց տվեց, որ մեզ խաբեցին”,-նշեց Ստեփան Գրիգորյանը:
Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը նման իրավիճակում հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանում է. “Կարծում եմ` Հայաստանը Ռուսաստանի պես պրագմատիկ պետք է լինի: Պետք է վերադառնալ ԵՄ ասոցացման պայմանագրի քննարկմանը, ի պաշտոնե պետք է հայտարարել, որ Հայաստանը վերականգնում է հարաբերությունները Եվրոպայի հետ”:
“Անկախի” այն հարցին՝ ունի՞ այսօր Հայաստանը լծակներ որևէ ազդեցություն ունենալու այս գործընթաների վրա ստեղծված իրավիճակում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. “Իրական լծակն այլընտրանքն է` էներգետիկ և այլ քաղաքականության հարցում: Եթե չուենք այլընտրանք, մենք հետաքրքիր չենք: Պետք է զարգացնել այլընտրանքները, օրինակ` Իրանի գազամուղի միջոցով էներգետիկ այլընտրանքային աղբյուր ստեղծել, ՄԱԿ-ում, ԵԱԿՀ-ում Հայաստանի քվեարկության իրավունքն օգտագործել որպես լծակ և այլն”:
Ըստ բանախոսի՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ ճիշտ չեն աշխատում, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ընդդիմությունը: “Մեզ ասում էին` ԼՂ-ի հետ կապված որևէ արգելք չկա ՄՄ-ին անդամակցության պարագայում, իսկ տեսնում ենք, որ իրականում կա: Իսկ էլիտան, այդ թվում` ընդդիմությունը, լռում է. արդյո՞ք սա այն պահն, որ էլիտան լռի”: Քաղաքագետի գնահատմամբ այս պահին լռությունը վտանգավոր է, իսկ խնդիրը էլիտայի ընդհանուր մակարդակի մեջ է:
Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրադրության մասին` քաղաքագետը նշեց, որ այսօր նախագահին էլ է մտահոգում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, իսկ Ադրբեջանը ակնհայտ ոգևորվել է իրադրությամբ և սահմանին առկա լարվածությունը դրա վկայությունն է:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանը, ճիշտ է, շահագրգռված չէ ԵՏՄ անդամակցմամբ, բայց Ռուսաստանը սպասում է, օգտագործում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանին այս գործընթացներում ներգրավելու համար: Սա խաղ է, որը, սակայն, մեծացնում է Ադրբեջանի պրովակացիաների ինտենսիվությունը:
Ասիական կինոյի գլուխգործոցները կցուցադրվեն Երևանում
«Ոսկե ծիրան»-ի Հետահայաց ցուցադրությունների շնորհիվ այս տարի հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալ ասիական կինոյին:
Կիմ Կի-դուկի 18-րդ`«Պիետա» ֆիլմի ցուցադրությամբ երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: Հարավկորեացի կինոռեժիսորը, ներկայացնելով ֆիլմը, նշեց, որ այստեղ տեղ են գտել իր մտորումները մոր, նրա բնույթի մասին:
«Ֆիլմը քաղցր մոր մասին չէ, այլ դաժան ու վախենալու մոր մասին: Այն մայրական վրեժի մասին է»,- ասաց Կիմ Կի-դուկը:
Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են Կիմ Կի-Դուկի վեց ֆիլմեր`«Պիետա», «Դատարկ տունը», «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն», «Հասցեն անհայտ է», «Առափնյա պարեկ»:
Հետահայաց ցուցադրություններ ծրագրով հայ հանդիսատեսին կներկայացվեն նաև իսրայելական կինոռեժիսոր Ամոս Գիտայի «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի» և «Ավետյաց երկիր» ֆիլմերը, ինչպես նաև չինացի հանրահայտ կինոռեժիսոր Ցզյա Չժանկեի «Քաղաք 24», «Կուզեի իմանալ», «Հասարակկան վայրեր», «Գրպանահատը», «Բեմահարթակ», «Նատյուրմորտ» և «Աշխարհը» ֆիլմերը:
Դեսպան Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելեց, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:
Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման վստահություն հայտնեց, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:
Նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:
Նախագահ Օբաման ընդգծեց նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:
Զրուցակիցները ընդգծեցին, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային հիվանդություն
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ սեռավարակներ չեն հայտնաբերվել: «Հրազդանի» բժշկական կենտրոնում ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետների մասնակցությամբ Արսենին բուժզննության ենթարկելուց հետո վերցվել էր արյան նմուշ` պարզելու` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե՞ ոչ: Հերթական հետազոտության արդյունքում սեռավարակներ չեն հայտնաբերվել, սակայն հաստատվել է մաշկային հիվանդություն` փսորիաս: ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժնի ղեկավար Տիգրան Գևորգյանի խոսքով, մաշկային այս հիվանդությունը վարակիչ չէ, զարգանում է սթրեսի, նյութափոխանակության խանգարման, մի շարք այլ պատճառներով, պայմանավորված է լինում նաև արտաքին ազդեցությամբ: Արսեն Խոջոյանին նշանակվել է դեղորայքային բուժում: Ըստ անհրաժեշտության` Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բժշկական հետազոտության:
«Երևանյան ամառ 2014». Նոր Նորքում ամփոփվել է բակային ճամբարների առաջին փուլը
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Երևանյան ամառ 2014» ծրագրով իրականացվող բակային ճամբարների առաջին փուլն ամփոփվել է համերգային մեծ ծրագրով։ Տիգրան Մեծի այգի հարյուրավոր նորնորքցիներ էին եկել՝ վարչական շրջանի տարբեր զանգվածներից։ Միջոցառումը մեկնարկել է մի քանի բակային ճամբարների երեխաների, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի ու արվեստի դպրոցի սաների ելույթներով, այնուհետ շարունակվել է հանրահայտ երգիչների կատարումներով. Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հրավերով միջոցառմանը ելույթ են ունեցել Նարեկ Բավեյանը, Վարդան Բադալյանը, Օլգա Այվազյանը, Լիաննան։ Համերգային ծրագրում ներառված էր նաև կրկեսային ներկայացում։
Համերգի ավարտին բակային ճամբարների պատասխանատուներն ու ամենաակտիվ մասնակիցները, ինչպես նաև շարադրության, նկարչական, շախմատի մրցույթներում հաղթողները պարգևատրվել են և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ստացել խրախուսական նվերներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Գայլային բիզնեսը սկսում է մուտք գործել արվեստի միջազգային առևտրի մեջ». Մովսես Հերկելյան
Լիբանանահայ արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի), որը 2000-ից ի վեր միջազգային հայտնի ցուցահանդեսներում ներկայացնում է հայ կերպարվեստը իր «Նոյան տապան» ցուցասրահի միջոցով, այս տարվա ցուցահանդեսների շարքը սկսել է Բեյրութից: Ցուցահանդեսը բարեգործական է, Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվել է սիրիական ճգնաժամի հետևանքով ծննդավայրը լքած և Բեյրութում հանգրվանած սիրիահայ աշակերտների հիմնադրամին:
Այնուհետև հայ նկարիչների աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում՝ հին դղյակներից մեկում, որի սեփականատերը հայաստանցի Հրայր Հակոբյանն է: Արվեստաբան Հերկելյանը կարևորում է այդ ցուցահանդեսը, քանի որ հնարավորություն է ունեցել տեղի հասարակությանը ներկայացնելու ժամանակակից հայ գեղանկարիչների արժեքավոր գործերը:
Ապրիլ ամսին գալերիստն իր ավանդական մասնակցությունն է բերել Մոնակոյի ամենամյա միջազգային ցուցահադեսին, որն աշխարհում ամենահեղինակավորներից է: Ինչպես միշտ, հայ նկարիչների աշխատանքները շատ բարձր են գնահատվել:
Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսին մասնակցել է ևս երկու հայկական ցուցասրահ՝ Երևանի «Բարձր արվեստը» և Բեյրութի «Էսքիզը»:
Փայլուն հաջողություն է ունեցել «Բարձր արվեստը», որի կողմից ներկայացված աշխատանքներից մեկը՝ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի «Խաչելություն» կտավը, արժանացել է ցուցահանդեսի բարձրագույն մրցանակին՝ աշխարհից ներկայացված շուրջ 4000 նկարների մեջ համարվելով լավագույնը: Այդ հաջողությունը կարևոր է նաև նրանով, որ կտավը խորհրդանշում է Հայոց մեծ եղեռնը, և ցուցահանդեսի ժամանակ դա նույնպես շեշտվել է՝ մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Հայոց ցեղասպանության խնդրի վրա:
Մոնակոյին հաջորդել է Սինգապուրի միջազգային ցուցահանդեսը, որին «Նոյան տապանն» առաջին անգամ է մասնակցել՝ ներկայացնելով տասը ժամանակակից հայ նկարչների աշխատանքներ: Այս ցուցահանդեսն իր չափորոշիչներով տարբեր էր մյուսներից. նախ` նկարների հեղինակները պետք է ողջ լինեին, բացի այդ, կտավի արժեքը չպետք է գերազանցեր 10 հազար դոլարը: Ցուցահանդեսի նպատակը եղել է արվեստասերի, հավաքորդի համար մատչելի գնով բարձրարվեստ նկարներ գնելու հնարավորության ընձեռումը: Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվել է՝ «Մատչելի արվեստ»:
Որպես արվեստաբան՝ Մովսես Հերկելյանը կարևորում է այս ցուցահանդեսը, քանի որ այնտեղ արվեստասերը՝ գնորդը, շատ ավելի պաշտպանված է: Բանն այն է, որ այժմ աշխարհում արվեստի գործերի գները հաճախ արհեստականորեն բարձրացվում են, և հավաքորդները, արվեստասերները կանգնում են լուրջ խնդրի առջև: Բացի այն, որ կտավի գինն է շատ բարձր, գնորդը նաև վստահություն չունի՝ տվյալ ստեղծագործությունն իսկապես արժեքավո՞ր է, թե ոչ: Իսկ ահա վերոնշյալ սկզբունքներով ու չափորոշիչներով զսպվում է գներն արհեստականորեն բարձրացնելու միտումը:
«Արվեստի առևտուրը պետք է իր բարոյականությունն ունենա, այժմ այն չոր, գայլային բիզնեսի վերածվելու միտում ունի, որն արդեն չափն անցնում է»,- ասում է արվեստաբանը,-մինչդեռ արվեստի առևտուրն այն բնագավառն է, որտեղ ցանկացած խաբեություն վաղ, թե ուշ բացահայտվում է»:
Դրա համար էլ առավել մեծ հաջողություն ունեն այն գալերիստները, որոնք համապատասխան որակավորում ունեն և իրենց փորձով ու հեղինակությամբ վստահություն են ներշնչում:
Հերկելյանին շատ է օգնում այն հանգամանքը, որ ինքն արվեստաբանության դոկտոր է, գործից հասկանում է, կարողանում է գնորդին հավուր պատշաճի տեղեկություն հաղորդել ստեղծագործության և ընդհանրապես արվեստի մասին: Հերկելյանը համագործակցում է նաև միջազգային այնպիսի հեղինակավոր ամսագրերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքում հրատարակվող «Ֆայն արտ մագազինը», Մոնակոյում և Ֆրանսիայում հրատարակվող եռալեզու «Լյուքս իմմոնը», «Լի Արտը» և այլն, իր մասնագիտական հոդվածներով նույնպես ներկայացնելով հայ կերպարվեստն աշխարհին: Երբեմն նաև նրան է վստահվում միջազգային ցուցահանդեսների կատալոգների առաջաբանը գրելու պատիվը: Օրինակ՝ Բուենոս Այրեսի «Արտդեկլասիկա» (2007), «Լա գազետ դե զԱր» (Մոնակո, Կրիմալտի ֆորում 2012), «Փոստ սովիեթ փեինթինգ» և այլն:
Խոսելով միջազգային ասպարեզում հայ նկարիչների ներկայության մասին՝ նա նշում է, որ հայերն ունեն այդ ռեսուրսը, որակը, սակայն չունեն համապատասխան կապեր ու փորձառություն, որով կարողանան դուրս գալ հայաստանյան սահմաններից:
Այդ հարցում նա կարևորում է ոչ միայն արվեստագետի դերը, այլև արվեստաբանի: Որպես միջազգային ոլորտում բարձր հեղինակություն և փորձ ունեցող գալերիստ-արվեստաբան՝ նա լավ գիտի, թե արվեստաբանն ինչ ազդեցություն ունի սեփական երկրի վարկը միջազգային հարթակներում բարձրացնելու, երկրի արվեստը ներկայացնելու և երկրի շահերը նման բարդ ու բազմաշերտ ոլորտում պաշտպանելու գործում:
Ցավոք, եթե նկարիչների դեպքում մենք ունենք միայն ներկայացման խնդիր, ապա արվեստաբանների դեպքում՝ որակյալ մասնագետների:
Հայաստանում Հերկելյանը մշտական համագործակցության մեջ է 5 նկարիչների հետ՝ Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան, Էդիկ Բերդյան և Վահան Ռումելյան, որոնց ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեն դրսում: Վահրամ Դավթյանը, օրինակ, 2000 թ. Ժնևում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում ժյուրիի կողմից ընդգրկվել է աշխարհի ժամանակակից 40 նկարիչների ցանկում, ապա այդ 40-ի մեջ ճանաչվել լավագույնը: Սակայն Վահրամ Դավթյանին Հայաստանում գրեթե չեն ճանաչում:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հերկելյանը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսված երեք ցուցահանդեսների կազմակերպումը Բեյրութում, Եվրոպայում և աշխարհի մի շարք կարևոր քաղաքներում: Հերկելյանը սիրով է ընդունել երեք առաջարկներն էլ` պայմանով, որ ներկայացված աշխատանքներն իրենց որակով լինեն մրցունակ և խորհրդանշեն ոչ միայն ցեղասպանությունը, այլև հայ ժողովրդի զարթոնքն ու վերածնունդը:
Արվեստի գործերի կեղծում. հանցանք, որ Հայաստանում և Լիբանանում դեռևս պատժելի չեն
Հայտնի արվեստագետների աշխատանքները կեղծելն ու դրանց միջոցով մեծ գումարներ աշխատելը հին արհեստ է: Պարզվում է՝ դրանով անգամ հանճարներն են երբեմն զբաղվել: Հերկելյանը բերում է օրինակներ՝ Միքելանջելո, Գոյա, Ռոդեն…
Այո, անհավատալի է, բայց հանճարեղ Միքելանջելոն, երբ ապրելիս և աշխատելիս է եղել Ֆլորենցիայի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի դղյակում, որտեղ հին հունական քանդակներ կային, մի օր որոշել է նմանատիպ մի քանդակ էլ ինքը պատրաստել և իբրև հելլենիստական դարաշրջանի նմուշ վաճառել: Հետագայում այդ քանդակը Ֆլորենցիայից տեղափոխվել է Հռոմ, ապա վերավաճառվել և ի վերջո հանգրվանել Վատիկանի թանգարանում: Տարիներ անց, երբ Միքելանջելոն արդեն հռչակավոր էր, Վատիկանի կարդինալներից մեկը, որը հասկանում էր արվեստից, զգացել է, որ այդ քանդակը տարբերվում է հելլենիստական դարաշրջանի քանդակներից և շատ է նման Միքելանջելոյի ոճին: Նա գնացել է Միքելանջելոյի մոտ և հարցրել, թե դրա հեղինակը նա՞ է: Միքելանջելոն չի ժխտել: Այդ ժամանակ, սակայն, նրա քանդակները շատ ավելի արժեքավոր էին, քան հելլենիստական դարաշրջանի որևէ քանդակ:
Նույնն էլ Ռոդենը: Տեսնելով, որ իր ուսուցչի քանդակներն ավելի լավ են վաճառվում, քան իրենը, որոշել է ուսուցչի անունից քանդակներ պատրաստել ու գաղտնի վաճառել: Հիմա մասնագետները փորձում են Ռոդենի` ուսուցչի անվամբ ստեղծած քանդակները գտնել և վերականգնել իբրև ռոդենյան գործեր:
Գոյան էլ, որը դիմանկարների շատ պատվերներ էր ստանում և չէր հասցնում պատվերները կատարել, երբեմն իր աշակերտներին էր հանձնարարում, որ իր փոխարեն նկարեն, իսկ վերջում կամ դիպչում էր դրանց, կամ ոչ:
Հերկելյանն ասում է, որ գրեթե ամեն տարի հոդված է գրում արվեստի կեղծարարների մասին: Քանի որ երևույթը հնարավոր չէ իսպառ վերացնել, կարծում է, որ գոնե պետք է պայքարել այն հնարավորինս նվազեցնելու համար: Որպես լիբանանահայ արվեստաբան՝ նա հատկապես շատ է հանդիպում Հայաստանում ու Բեյրութում կատարվող կեղծումների, ինչը, նրա խոսքով, վնասում է հայ արվեստի զարգացումն ու տարածումը: «Ում ասես չեն կեղծում, Սուրենյանց, Բաշինջաղյան, Սարյան, Մինաս, Փոլ Կիրակոսյան: Կեղծում են նաև երկրորդական արվեստագետներին, նույնիսկ՝ ժամանակակից նկարիչներին, որոնք ողջ են: Օրինակ` Բեյրութում ես Վահրամ Դավթյանի կեղծ կտավը բռնեցի: Կեղծում են նաև Գևորգ Եղիազարյանին, Վահան Ռումելյանին, Սուրեն Ոսկանյանին: Պետք է ասեմ, որ այս գործում էլ մերոնք վարպետ են»:
Դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն այս պահին արվեստաբանը համարում է համապատասխան օրենքի մշակումն ու կիրառումը: Ասում է՝ Հայաստանն ու Լիբանանը չունեն ոլորտը կարգավորող օրենք, մինչդեռ միջազգային օրենքներով արվեստի ստեղծագործությունը կեղծելը հավասարազոր է դրամ կեղծելուն, ինչը համարվում է ծանր հանցագործություն:
Հայաստանում այդ երևույթն առայժմ անվերահսկելի է:
Անի Գասպարյան
Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը,տեսանյութ
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից:
Հայաստանի ԱԳ նախարարը ներկա գտնվեց Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված զորահանդեսին Փարիզում
Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա էին շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցեցին նաև ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։
Ֆրանսիայում առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Գիրքը» ֆիլմի պրեմիերային
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերային: Ռուս կինոռեժիսոր Վիտալի Մանսկու այդ ֆիլմը կայացել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր/երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում: |








