Հայտարարվեցին ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

ԵՄ-ՀայաստանՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:

Առաջին մրցանակ նոութբուքը կստանա Անուշ Թորոսյանը Վանաձորից, երկրորդ մրցանակ նեթբուքը կլինի թարգմանչուհի Նինել Միքայելյանինը, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանողուհի վերժինե Մինասյանը:

Դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ վիկտորինայի յուրաքանչյուր մասնակից ինչ-որ նոր բան է սովորել Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության մասին: «Հաջորդ վիլտորինան առցանց կլինի հաջորդ տարվա ապրիլին», տեղեկացրեց դեսպանը` բոլորին առաջարկելով հետևել ԵՄ կենտրոնի կայքէջին և օգտակար տեղեկատվություն և հետաքրքրական փաստեր իմանալ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին:

Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:

Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով և ԵՄ կենտրոնի կայէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները և այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

Ի հավելումն հիմնական մրցանակներին` ԵՄ կենտրոնը 2014թ.-ի հունվարին կտրամադրի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երևանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

 ՀՀ ՊՆ,հանդիպում2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Ա.Բախինին, ով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վ.Պուտինի պաշտոնական պատվիրակության կազմում:

Հանդիպմանը ռուսական կողմից ներկա էին Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ա.Գալկինը, ՀՀ-ում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ա.Ռուզինսկին, իսկ հայկական կողմից` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենատ Մ.Գրիգորյանը և այլոք:

Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին պաշտպանական բնագավառի համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև նախանշվեցին պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

 

 

 

 

 

 

 

 

 

Արամ Մանուկյանը չհասցրեց ներկայացնել հանրությունից գաղտնի պահված պայմանագրի տվյալները

Արամ ՄանուկյանԱրամ Մանուկյանն այսօր Աժ հայտարարությունների ժամին որոշել էր տալ պարզաբանումներ գազի գնի վերաբերյալ կնքված 2009-ի պայմանագրից, որ ինքը ստացել էր վաղուց, սակայն հանրությանը այդ պայամնագրի որոշ կետեր մինչ օրս անհայտ էին: Արամ Մանուկյանը, սակայն, չէր հաշվարկել իրեն հատկացված ժամանակը: Երեք րոպեում նա միայն հասցրեց նշել, որ , ըստ այդ պայամանգրի, գազի գինը կարող է փոփոխվել գազի նվազագույն ջերմատվության ցուցանիշի փոփոխության համաձայն: Այնուհետև նա սկսեց մեջբերել թվեր. «2011 թվականի առաջին եռամսյանկին գազի գինը եղել է 180 դոլար, երկրորդ եռամսյակին՝ 180 դոլար, երրորդ եռամսյակին՝  205 դոլար, չորրորդ եռամսյակին՝ 217 դոլար: Ամենահետաքրքիրը 2012 թվականի տվյալներն են. առաջին եռամսյակ՝ 219 դոլար, երկրորդ եռամսյակ՝ 219 դոլար, երրորդ եռամսյակին՝  244 դոլար, չորորդ եռամսյակին՝ 255 դոլար…»: Այս պահին Արամ Մանուկյանի խոսափողն անջատվեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միայն արձանագրեց. «Ի՞նչ անեմ»:

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4­-6-ը կայցելի Ուկրաինա` Կիևում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով։

 

Կիևում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

 

Երևանի քաղաքապետի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

Տարոն ՄարգարյանՍիրելի բարեկամներ,

1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար:

Երևանի քաղաքապետարանն իր հերթին ևս փորձում է հետզհետե կյանքի կոչել ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մայրաքաղաքն առավել մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար:

Վստահ եմ՝ բոլորդ եք նկատել, որ հատկապես այս տարի մենք որոշակի աշխատանքներ իրականացրինք Երևանի փողոցներում, մայթերին, ինչպես նաև նորոգված պուրակներում ու հասարակական այլ վայրերում թեքահարթակների կառուցման ուղղությամբ: Ի դեպ, այս տարի առաջին անգամ հատուկ այդ նպատակով մենք նաև համայնքային բյուջեից միջոցներ հատկացրինք, ինչը սակայն բավարար համարել, անշուշտ, չենք կարող: Այդուամենայնիվ արձանագրենք, որ առաջին քայլն արված է ու, որ շատ ավելի կարևոր է, այն լինելու է շարունակական, ընդ որում, ոչ միայն թեքահարթակների կառուցման, այլև մի շարք այլ ուղղություններով:

Սիրելի բարեկամներ,

Համոզված եղեք, որ ձեզ հուզող խնդիրները քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և մենք անում ենք հնարավորը՝ դրանց շուտափույթ լուծում տալու ուղղությամբ: Քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

 

Հրանտ Բագրատյանը դեմ է խաղատների բիզնեսի հանդեպ խտրական մոտեցմանը

arm135305742678

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում խորհրդարանում ներկայացրեց իր հեղինակած «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան 7 Մեղրիի շրջան, ինչը սակայն չի վերաբերում օրենքով նախատեսված 40 մլրդ դրամի ներդրումները գերազանցող խաղատներին դա չի վերաբերում:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը սա համարում է կազինոների բիզնեսի խոշորացման, բիզնեսը վերահսկելի դարձնելու քայլ և նկատում, որ եթե կառավարությունը հատուկ մոտեցում է ցուցաբերում խաղատների նկատմամբ, ապա պետք է թողնի փոքրերն էլ աշխատե կա ինչո՞ւ պետք է 40 մլրդ ներդրման դեպքում թույլ տան Երևանում գործել: «Եթե կա սկզբունք, պետք է պահպանվի մինչև վերջ: Կա´մ սա բիզնես է, անկախ նրանից, կազինո է, ինչ է, եթե օրենքով թույլատրված է, չպետք է լինի սելեկցիա կամ էլ բարոյական հիմքեր ենք դնում, որի դեպքում  ընդհանրապես չենք անդրադառնում նման օրենսդրության փոփոխությանը»,- ասաց նա:

Վարդան Այվազյանն էլ կարծում է, որ ոլորտը խոշորացման և «ցիվիլ» դարձնելու խնդիր ունի, բացի այդ, դրանով լուծվում է կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունը, իսկ փոքր, համասփռված խաղատներին, որտեղ ամեն անկյունում քսան ապարատ է, Այվազյանը դեմ է, ուստի հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

Դոլարը սկսեց բարձրանալ

դոլարԴեկտեմբերի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.01 դրամ:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսում

653. Minister Nalbandian met with Iraqi FM 03.12.2013 (3)Բարև ձեզ,

 

Ուրախ եմ ողջունել Հայաստանում իրաքցի իմ գործընկերոջը, արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ պարոն Հոշիար Զեբարիին, ում հետ մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմաթիվ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել և ես հրավիրել էի պարոն  Զեբարիին այցելել Հայաստան: Ուրախ եմ, որ նա այսօր պաշտոնական այցելությամբ գտնվում է Երևանում:

Վերջին տարիների ընթացքում մեր հարաբերություններում տեսնում ենք բավական ակտիվ զարգացումներ. երկու դեսպանությունների վերաբացումը` մեր դեսպանությանը՝ Բաղդադում, նաև Իրաքի դեսպանության վերաբացումը Հայաստանում, երկու միջկառավարական հանձնաժողովների երկու նիստերը Բաղդադում և Երևանում, ինչպես նաև բազմաթիվ այցելություններ թե Հայաստանից Իրաք, թե Իրաքից Հայաստան:

Այսօր լավ առիթ է շարունակելու մեր բանակցությունները, երկխոսությունը, որն արդեն տարիների ընթացքում վարում ենք իմ գործընկերոջ հետ, և ես ուրախ եմ, որ այն, ինչ պայմանավորվում ենք՝ իրականություն է դառնում: Այսօր մենք անդրադարձանք իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը. երկու երկրների միջև դեռ առաջին քայլերն են արվում այս ուղղությամբ:

Կարևորում ենք առևտրատնտեսական կապերի աշխուժացումը: Որոշ դրական զարգացումներ կան, նկատվում է տոկոսային աճ, սակայն դա դեռ այն թվերը չեն, որոնք կարող են գոհացնել երկու կողմերին: Մենք շատ մեծ ներուժ ունենք, և երկուստեք ջանքերով, վստահ ենք, որ կարող ենք առևտրատնտեսական կապերն առավել զարգացնել:

Մենք խոսեցինք նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման մասին: Այսօր ստորագրեցինք երկու արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագիր, որը հնարավորություն կտա երկու երկրներին տարբեր միջազգային կազմակերպություններում համադրել մոտեցումները, իսկ մեր մոտեցումները շատ մոտ են տարածաշրջանային, միջազգային հարցերի վերաբերյալ:

Այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր միջազգային հարցերի շուրջ:

Պարոն Զեբարին ինձ ներկայացրեց Իրաքի կառավարության ջանքերը` ուղղված Իրաքում կայունության, անվտանգության ամրապնդմանը: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի` միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մենք նաև անդրադարձանք մշակութային կապերի ակտիվացմանը, համագործակցությանը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը: Այսինքն` շատ լայնածավալ թեմաների շուրջ ենք այսօր խոսել, և դեռ շարունակելու ենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ:

Ես ուրախ եմ նորից ողջունել իմ գործընկերոջը և խոսքը սիրով փոխանցում եմ պարոն Զեբարիին:

 

Արմենիա հեռուստաընկերություն. Պարոն նախարար, Վիեննայում հանդիպեցին մեր և Ադրբեջանի նախագահները: Ձեր դիտարկմամբ կա՞ բեկում բանակցային գործընթացում, առհասարակ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:

 

ԷդվարդՆալբանդյան. Դուք գիտեք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական հանդիպում և այդ հանդիպման ընթացքում նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին օգտագործել հանդիպման առաջին հնարավորությունը, շարունակելու բանակցությունները, աշխուժացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Սա 2012թ.-ի հունվարից ի վեր  նախագահների մակարդակով առաջին հանդիպումն էր:

Բոլորին հայտնի է, որ Հայաստանի պատճառով չէր, որ հանդիպումները չէին կայանում։ Այդպիսի հանդիպումներ կազմակերպելու մի քանի փորձեր եռանախագահների կողմից կատարվել էին: Վերջին այդպիսի փորձը եղել էր հունիս ամսին, անգամ տեղը և ժամկետը արդեն պայմանավորված էր, բայց  հանդիպումից երկու-երեք օր առաջ ադրբեջանցիները  հրաժարվեցին։ Հուսով ենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում:

Վիեննայից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին հնարավորությունը լինելու է վաղը կամ մյուս օրը Կիևում ՝ ԵԱՀԿ Նախարարական հանդիպման շրջանակներում:

Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, շատ կարևոր է  կողմերի կարգավորման ցանկության առկայությունը, բայց նաև կարևոր է իրատես մոտեցում ունենալ, թե  ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը: Այդպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում՝  լ՝Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս- Կաբոսում և Էնիսկլիենում:

Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում առկա առաջարկների, սկզբունքների և հիմնադրույթների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը և առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրաքի արտգործնախարարների հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Իրաք,Հոշիար ԶեբարիԴեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ, որ Երևանում է գտնվում պաշտոնական այցով։ ։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է և հույս հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Զեբարին ասաց, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հոշիար Զեբարին կարևորեց հայ համայնքի ներդրումը Իրաքի զարգացման և բարգավաճման գործում։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների խթանման՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներում փոխգործակցության  շուրջ։ Նախարարները արծարծեցին երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։

Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Հոշիար Զեբարին Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Իրաքում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկվող քայլերի մասին:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որին հետևեց համատեղ մամլո ասուլիս։

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ էր տարվել 110 անձ

ոստիկանությունԴեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 180-1 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 180-1 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172-2 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:

 

Արտգործնախարարն ընդունեց Նոր Զելանդիայի հատուկ բանագնացին

Էդվարդ Նալբանդյան,Նոր Զելանդիա,հատուկ բանագնաց,Ջիմ ԲոլջերԴեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջիմ Բոլջերին:

         Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա և Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիմ Բոլջերը նշեց, որ Նոր Զելանդիան կարևորում է հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի հետ և ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղիներին:

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շար միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Վերցնում եք գումար նրանցից, ովքեր երկար տարիներ աշխատել են, իսկ մյուսներին գրեթե ոչինչ չեք տալիս. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր Աժ-ում ներկայացրեց Կենսաթոշակների մասին օրենքում հերթական փոփոխության նախագիծը: Նա իր զեկույցում հստակ նշեց, որ կենսաթոշակները կբարձրանան` ըստ աշխատանքային ստաժի չափի,ընդ որում, որքան մեծ է ստաժը, այնքան քիչ տոկոսով կբարելավվի կենսաթոշակառուի գումարի քանակը: Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին` որքանո՞վ է արդար, որ 80 տարուց ավել աշխատած անձի կենսաթոշակը  չի բարձրանա առհասարակ, իսկ բավական փոքր ստաժ ունեցող անձի աշխատավարձը կբարձրանա, ասենք, 40 տոկոսով: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ այդ 40 տոկոս ասվածն էլ է իրականում չնչին մի բան. «40 տոկո~ս, 40տոկո~ս, բայց ստացվում , որ 20000 թոշակ ստացողի կենսաթոշակը ընդամնեը կդառնա 24000 դրամ, էդ ո՞նց է ստացվում, որ 30000 մարդ, ըստ Ձեր տվյալների,  դուրս կգա աղքատության շեմից: Իրականում Ձեր այս բարեփոխումից երկրում ստեղծված տխուր վիճակը չի պայծառանալու: Ստացվում է, որ դուք վերցնում եք գումար նրանցից, ովքեր երկար տարիներ աշխատել են,  իսկ մյուսներին գրեթե ոչինչ չեք տալիս», – շեշտեց  Նիկոլ Փաշինյանը: Նրա հարցին ի պատասխան պարզվեց, որ 10 տարվա ստաժ ունեցող անձի կենսաթոշակը կավելանա 6200 դրամով: Այդ թիվը հատուկ շեշտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավանբար մտածելով, որ6200 դրամը մարդկանց ծայրահեղ աղքատությունից դուրս բերելու իրական շանս կտա:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8,  խարդախության 2, խուլիգանության, յուրացման կամ վատնման և դրամանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՀԿԵ-ն մասնակցեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսին

ՀԿԵ ՓԲԸ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:

Ցուցահանդեսը բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Տիգրան Սարգսյանի խոսքերով, նման միջոցառումները կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:

Ննջավագոնի կուպեի տեսքով ձևավորված Հարավկովկասյան երկաթուղու տաղավարում հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահները զրուցեցին Ընկերոթյան գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Վարչապետը հետաքրքրվեց ՀԿԵ-ի կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքով և Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորություններով:

Հարկ է նշել, որ օրիգինալ ձևավորված ՀԿԵ-ի տաղավարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ցուցահանդեսի այցելուների, այլ նաև միջոցառման այլ մասնակիցների մոտ:

«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցել են նաև «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական համատեղ նախագծերը տրանսպորտի ոլորտում» կլոր սեղանին: Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է ՀԿԵ գործունեության հիմնական ուղղությունները, ուղևորա- և բեռնափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունները, անցած 5 տարիներին արձանագրված ձեռքբերումները:

 

 

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյան, Մաքսիմ Սոկոլով, հայ-ռուսական,ցուցահանդեսՏնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,– նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:
ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը և Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ:

 

Օդային հաղորդակցությունը կընդլայնվի, իսկ ավիատոմսերի գները կնվազեն

armanԱվիացիոն ոլորտի ազատականացումը վերջին շրջանում դարձավ հանրությանը հետաքրքրող   գերխնդիր: Թերթի նախորդ համարում ևս անդրադարձ է արվել «բաց երկնքի քաղաքականությանը»: Այն բոլոր տնտեսական ցուցանիշները, որոնք մեջբերվում են կառավարության ներկայացուցիչների կողմից, թերևս առիթ են տալիս մտածելու, որ հայ ավիացիոն ոլորտի բարեփոխման արդյունքում շահելու է թե՛ սովորական ուղևորը, թե՛ պետությունը:

Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում ՀՀ կառավարության ներսում` հասկանալու համար` մեզ պե՞տք է արդյոք ազգային փոխադրող, թե ոչ: Վերջապես քննարկումներն ավարտվեցին ի շահ հանրության: Այսինքն` շուկայի ազատականացման արդյունքում սպասվում են մի շարք փոփոխություններ: Եթե նախկինում խնդիր էին չվերթների և երթուղիների սակավությունն ու օդային հաղորդակցության սահմանափակումը, ավիատոմսերն էին թանկ, թանկ էր նաև օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների թիվը, իսկ ուղևորներից շատերը դեպի Եվրոպա ուղևորվելու համար ավիատոմս էին ձեռք բերում հարևան Վրաստանից, ապա ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը վստահեցնում է, որ նման խնդիրների ուղևորներն այլևս չեն բախվի: Նշենք, որ ՀՀ կառավարությունը ամիսներ առաջ հանաձայնագիր է կնքել հիմնադրամի և «McKisney» միջազգային խորհրդատվական ընկերության հետ` իրականացնելու ավիացիոն ոլորտին ուղղված բավական լուրջ մի ծրագիր:

Արման Խաչատուրյանը հիշեցնում է, թե նախկինում ինչպես էր աշխատում քաղավիացիան և սահմանափակ գործառույթներ իրականացնում: Ավիափոխադրումներ իրականացնելու համար կնքվում էին միջկառավարական համաձայնագրեր համապատասխան պետությունների հետ, որոնք, սակայն, չէին գործում: Այդ համաձայնագրերով սահմանվում էին երթուղիներ, նշանակվում էին համապատասխան ավիաուղիներ այդ չվերթներն իրականացնելու համար, սահմանվում էին ինքնաթիռների չվերթների հաճախականությունը և այլն: Այսինքն` քաղավիացիայի կողմից կիրառվում էին սահմանափակումներ երթուղիների շահագործման ուղղությամբ: Բոլոր միջկառավարական համաձայնագրերի մեջ ամրագրված են այն դրույթները, որոնց համաձայն` կողմերը պատրաստակամ են արդարացի և հավասար հնարավորություններ ապահովելու իրենց շահագործողների համար:

Սակայն, ըստ բանախոսի, հարց է ծագում, թե ինչպես կարող էր Հայաստանը փոխադրողների համար ապահովել նման պայմաններ, երբ երկրի ներսում չկար ազգային կամ ներքին փոխադրող: Տեսականորեն չէին կիրառվում կնքված համաձայնագրերը, և սահմանափակվում էր օդային կապակցվածությունը:

«Բաց երկնքի» քաղաքականության պարագայում արտերկրյա ավիաընկերությունների և փոխադրողների համար իսպառ վերացվում են բոլոր սահմանափակումները: Այսինքն` ստեղծվելու է ազատ կարգավորվող միջավայր, և որակավորում ունեցող բոլոր ընկերությունները չվերթներ են իրականացնելու իրենց կողմից սահմանված ժամերին և իրենց նախընտրած պարբերականությամբ: Ամբողջովին ազատականացվելու է այս ոլորտը թե՛ ներքին, թե՛ միջազգային ավիափոխադրող ընկերությունների համար»,- նշում է ՀԱՄՀ-ի տնօրենը:

Տարանջատվելու են նաև ոլորտում քաղաքականություն մշակող և այն իրականացնող մարմինների լիազորությունները: Մինչդեռ քաղաքականության մշակումը, իրականացումը և տեխնիկական վերահսկողությունը վերապահված էր միայն քաղավիացիայի վարչությանը: Այսինքն` քաղավիացիայի ոլորտում բոլոր գործառույթները կենտրոնացված էին մեկ կառույցի ներքո: Ուստի կառուցվածքային բարեփոխումներ են նախատեսվում նաև այս դաշտում:  «Անհրաժեշտ է ստեղծել պարզ, թափանցիկ և կարգավորված  բիզնես միջավայր և այնպիսի կարգավորիչ մարմին, որը կիրառի թափանցիկ գործիքներ դաշտի գործունեության համար: Այս գործոնը հնարավորություն կտա բոլոր որակավորված ընկերություններին հստակ պլանավորելու իրենց գործառույթները ավիափոխադրումների շուկայում»:

Նշենք, որ  «McKisney»-ին ավիացիոն ոլորտում գործող համաշխարհային հեղինակություն ունեցող ամենախոշոր ընկերություններից է, և ծրագրի իրականացման փուլում ընդգրկված են եղել աշխարհի 15 լավագույն փորձագետներ: Այն բավական խորը և համապարփակ ծրագիր է և պահանջում է խորհրդատուների լայն շրջանակ և տարբեր մասնագետների ընդգրկվածություն: Ծրագիրը միտված է նաև երկրի տնտեսության զարգացմանը, և Ա. Խաչաատուրյանը վստահեցնում է, որ մրցունակության պարագայում որոշ ուղղություններով ավիատոմսերի սակագները գուցե  նվազեն նույնիսկ մինչև 50 տոկոսով:

Կարևոր է նաև սպասարկման աշխարհագրությունը: «Մենք գիտենք, որ Հայաստանը սահմանափակ երթուղիներով է կապակցված արտաքին աշխարհի հետ, և ուղևորների համար այս գործոնը լուրջ խնդիր է:  Շատ կարևոր  է միաժամանակ և՛ հարմարավետության և՛ սպասարկման աշխարհագրության բարելավումը: Ծրագրով նախատեսված է ունենալ ոչ միայն ցանցային փոխադրողներ, այլև բյուջետային ավիաընկերություններ, որոնք մատուցում են բարձրակարգ ծառայություններ առավել մրցունակ գներով», – հավելեց Ա. Խաչատուրյանը:

Փաստորեն, բիզնես որոշումները կայացնելու են հենց գործող ընկերությունները, և պետությունը անհիմն սահմանափակումներ չի կիրառելու: Ազատականացման առանցքն այն է, որ պետությունը չի միջամտելու բիզնես գործառույթների և բիզնես որոշումների կայացմանը, այլ միայն կարգավորելու է բիզնես միջավայրը:

Բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Ավիաընկերությունների գործունեության պլանավորման և հստակեցման համար անհրաժեշտ է մոտ 6 ամիս, որպեսզի այդ ժամանակահատվածում կարողանան սպասարկել նոր երթուղիներ և լուծել բոլոր տեխնիկական խնդիրները: Առաջիկա ամիսներին միայն պարզ կդառնան այն ընկերությունների անունները, որոնք ցանկություն են հայտնել համագործակցել մեր ավիացիոն ոլորտի հետ:

«Նրանց մուտքից անմիջապես հետո ուղևորներն անմիջապես կզգան էական բարելավումներ թե՛ աշխարհագրության ընդլայնման, թե՛ սակագների էժանացման, թե՛ որակյալ ծառայությունների և թե՛ չվերթների գրաֆիկային հարմարավետության տեսանկյունից»:

Ի՞նչ չափորոշիչներով են մուտք գործող ընկերությունները լիցենզավորվելու: Ա. Խաչատուրյանն ասում է, որ կառավարությունը  խրախուսելու է անխտիր բոլորի մուտքը: Եթե տվյալ ընկերությունները լինեն  միջազգայնորեն ճանաչված և լիցենզավորված իրենց ավիացիոն իշխանությունների կողմից, ապա շուկան բաց կլինի բոլորի համար: «Հայաստանը բաց է լինելու ավիացիոն բիզնեսի համար, և մենք խրախուսելու ենք բոլոր հետաքրքրված և որակավորված ընկերությունների մուտքը: Շուկան ամբողջովին ազատականացված է նաև տեղական փոխադրողների համար, սակայն գործելու են հստակ չափորոշիչներ: Եթե նախկինում խոսվում էր երեք ավիաընկերության մասին, ապա այժմ այդ որոշումն ուժի մեջ չէ, դաշտում կարող են գործել անսահամանափակ տեղական փոխադրողներ»:

Մինչ այս ավիափոխադրող ընկերությունները շատ էին դժգոհում «Զվարթնոց» օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների թանկ գներից, ինչն էլ հանգեցնում էր ավիատոմսերի ինքնարժեքի բարձրացման: Մրցունակության հիմնադրամի տնօրենը նշում է, որ իրենք իսկապես գնահատել են օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների բոլոր սակագները, որոնք 10-20 տոկոսով բարձր են շատ երկրների համեմատ: Ըստ նրա` ծրագրի արդյունքում վերանայվելու են նաև գործող սակագները: Նա համոզված է, որ չվերթների ավելացման և օդանավակայանի ծանրաբեռնվածության արդյունքում հնարավոր է, որ ծառայության գները ևս նվազեն: Իսկ թե ուղևորները ոլորտում երբ շոշափելի կզգան էական բարելավումներ, Ա. Խաչատուրյանն ասում է` մի քանի ամսից:

 

Լ.Ն

Անկախ

 

ՄԻՊ. Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն մտահոգություն է հայտնել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա գրում է.

«Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝ տասնյակ քաղաքացիների ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ: Երևանի ոստիկանական բաժանմունքներում մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման ենթարկելու փաստը:

Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի: Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում:

Դեկտեմերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված նյութերը, լրատվամիջոցներում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները»:

Խորհրդարանում ավարտվեց 49 պատգամավորների պահանջով արտահերթ քննարկումը

ubZBF9IO5BSByUPr32VNvB9FxeԽորհրդարանում ավարտվեց դեկտեմբերի 2-ին ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն, 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկման դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քվեարկությունը կկազմակերպվի վաղը:

Մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը շարունակեց նախօրեին կիսատ մնացած ելույթը` մեկ անգամ ևս հայտարարելով, որ ՀԱԿ-ը մերժում է առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումը: Ըստ նրա, նման բարեփոխումները  շոկային թերապիայի բարեփոխումների դասին են պատկանում, որոնք կարող են իրականացվել միայն այնպիսի կառավարությունների կողմից, որոնք ունեն ժողովրդի անվերապահ վստահությունը, մինչդեռ ներկայիս հայաստանյան կառավարության դեպքում բարեփոխման հիմքում ընկած լավ գաղափարներն էլ կոչնչանան:

«Կուտակային հիմանդրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը կբերի չարաշահումների և յուրացումների»,-համոզված է Զուրաբյանը:

Նրա խոսքով` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների ֆեյսբուքյան խմբում կան այն բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, և անգամ ամենաունևորն ու հաջողակներն էլ այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ սա կարող է փլուզել նրանց ֆինանսական վիճակը:

Ինչ վերաբերում է 1974 թվականից հետո ծնվածների դեպքում օրենքի կիրառմանը, ապա Զուրաբյանը դա ակնհայտ խտրականություն է համարում:

Մատնանշելով ևս մի քանի բացասական կողմեր կառավարության կողմից առաջարկվող բարեփոխման մեջ, պատգամավորը հայտարարեց. «Այս գաղափարի հաջողության բանալին վստահությունն է, որը սակայն չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Պետք է ներդնել կամավոր սկզբունք, իսկ հանրությունը ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերի այդ հիմնադրամների նկատմամբ»:

Նա առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը ևս մեկ տարով և ձեռք բերված ժամանակահատվածում գտնել պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չեղյալ համարելու տարբերակ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, որ այս բարեփոխմանը  կարող է գնալ այն իշխանությունն ու կառավարությունը, որն ունի հանրության վստահությունը. «Ունի՞ այս կառավարությունը հանրության վստահությունը, պատասխանը մեկն է` ոչ: Դա է պատճառը, որ առ այսօր որևէ քաղաքացի կամավոր սկզբունքով չի օգտվել այս բարեփոխումից: Ինչ է, մարդիկ չե՞ն ցանկանում ունենալ բարեկեցիկ ծերություն, իհարկե ցանկանում են, բայց նրանք` ինչպես բոլորս, ունենք տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ»:

Նա նույնպես առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը և կազմակերպել լուրջ քննարկումներ` ներառելով շահագրգիռ կողմերին և ամենակարևորը` հանել պարտադիր բաղադրիչը և հարցը դնել հանրային հարցման` հանրաքվեի:

Ի դեպ, Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ մեծամասնությունը չի կարող ընդունել իրենց առաջարկը, քանի որ ճնշում ունի իր վրա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, Զոհրաբյանին կոչ արեց մեծամասնության անունից կարծիք չհայտնել` փոխարենը նշելով, որ հավանաբար իրենց վրա կա ճնշում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա նախ նկատեց, որ առաջին անգամ չորս քաղաքական ուժերը ստորագրել են մի փաստաթղթի տակ, ինչից շատ ոգևորված են:

Այնուհետև անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր իրենք խաբում են, զարմացած հարցրեց. «Հետաքրքիր է, մենք այդ ե՞րբ ենք սուտ ասել»:

Այս խոսքից հետո ընդդիմադիրներն այնքան բարձր ծիծաղեցի, որ մի պահ թված, թե նրանք դահլիճում մեծամասնություն են:

Հակոբ Հակոբյանը կրկնեց, որ մեր կենսաթոշակային համակարգը վատ համակարգ է և կա խնդիր այն բարեփոխելու, որի հետ համաձայն են նաև իրենց ընդդիմախոսները: Ավելին, այդ բարեփոխումը չանելն, ըստ նրա, հանցագործություն է: Բայց եթե ընդդիմադիր գործընկերները համաձայն չեն, որ բարեփոխումն իրականացնի գործող իշխանությունը, ապա ո՞վ պիտի անի. «Եղբայր, եղեք մեծամասնություն, արեք, ո՞վ է բռնել ձեր ձեռքը»,-ասաց նա:

Իսկ թե ով է բարեփոխման պատասխանատուն, Հակոբ Հակոբյանն ասում է` բարեփոխում իրականացնողը:

Նա այս քննարկումները դրական է համարում` նշելով, որ իրենք մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ռեֆորմի մեջ ճշմարտության մեջ, և որ պիտի ավելի աչալուրջ լինեն:

ՀՀԿ ներկայացուցիչը համաձայն է, որ խնդիրներ կարող են լինել և երբևէ չի ժխտել դա, սակայն միաժամանակ կարծում է, որ մտահոգությունները պետք է կիսեն ժամանակի մեջ: Ժամանակ իշխանությունը թողել էր, այժմ բարեփոխումն իրականացնելու փուլն է, իսկ ընդդիմադիրները թող այն ժամանակ ներկայացնեին պարտադիր բաղադրիչին հակառակ փաստարկ:

Նախաձեռնության հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, ամփոփելով քննարկումը, նախ նշեց, որ ռեֆորմ բառը շատ է չարաշահվում մեծամասնության կողմից. «Երբ մենք խոսում ենք դրա բացասական դրսևորումների մասին, խոսքը պարտադիր բաղադրիչին է վերաբերում: Որևէ մեկը ռեֆորմին դեմ չէ: Եթե դիտավորյալ փորձում եք խեղաթյուրել իրականությունը, դա լավ բան չէ»,-ասաց նա:

Նա կրկնեց իր կողմից բազմիցս բերված փաստարկները, որ թե ուզում են թոշակային ֆոնդին վճարումները շատանան, ապա պետք է աշխատատեղերն ավելանան, աշխատավարձի քաղաքականություն իրականացվի, տնտեսությունն աճի և այլն, մինչդեռ այսօր երկրում չկա արժեթղթերի շուկա, ներդրողների քանակը ահավոր ցածր մակարդակի վրա է, աղքատների թիվը մեծ է, կան բազմաթիվ խնդիրներ: Իսկ ամենակարևորը` քաղաքացիներն իրազեկված չեն հիմնադրամներից, չգիտեն, թե ում պետք է վստահեն իրենց գումարները հունվարի մեկից: «Նման պայմաններում այս համակարգի ներդրումը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ իրականացել ոտնձգություն: Գոնե ցածր տոկոսներից սկսեիք: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, բայց սա այդ դեպքը չպետք է լինի»:

Արծվիկ Մինասյանը չի ընդունում իշխող կուսակցության մերժողական, արհամարհական մոտեցումը` հիշեցնելով, որ սա ընդիմության և դիմության պայքար չէ, այլ Հայաստանի քաղաքացիների տարրական իրավունքների շուրջ բանավեճ:

Նշենք նաև, որ Ազգային ժողովի դարպասների դիմաց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը մեծ բողոքի ակցիա է կազմակերպել, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:

Ակցիայի նպատակն է քաղաքական մեծամասնությունից պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը և աջակեցել հանուն դրա խորհրդարանում պայքարող պատգամավորներին:

Դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը:

Ինչպես Անկախը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, Բագրատաշեն հասնելու համար խորհուրդ է տրվում երթևեկել Դիլիջան- Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով:

Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` ՊԵԿ աշխատակիցները, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կաշառք են ստացել

կաշառքՔաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` 2011 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ ոմն Վ.-ն և ինքնությունը չպարզված երկու այլ աշխատակիցներ` իր կնոջ մորը պատկանող ավտոտնակում մանրածախ առևտրով զբաղվելու համար վարչական պատասխանատվության չենթարկելու և ծառայության գծով հովանավորչության համար որպես կաշառք ամսական պահանջել են 60 000 ՀՀ դրամ:
Հարկային տեսչության աշխատակիցներին չենթարկվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներն ապօրինի վարչության ակտ են կազմել իր նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն: