Կայացել է 1,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

Բանաձևային ճնշամիջոցների փորձեր` անորոշ քվեարկություններով

Շահան ԳանտահարյանԵվրախորհրդարանի ընդունած (կամ չընդունած` նկատի ունենալով քվեարկության հետ կապված անորոշությունները) բանաձեւը` Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, հայտնապես հայանպաստ չէ: Բնական է, որ առաջին հակազդեցությամբ մեկնաբանությունները իբրեւ շարժառիթ պիտի ընդունեն ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության որոշումը:

Քաղաքական իրադրությունները հետզհետե ավելի համոզիչ են դարձնում այն, որ խնդիրը կապված է բացարձակորեն քաղաքական ազդեցության գոտիների վերագծման հետ, եւ Հայաստանի թեքումը` այս կամ այն կողմ, արժանանում է  քաղաքական ճնշամիջոցների:

Եթե դեպի Եւրոպա ընթացող Երեւանի քայլերը ստանան արագակշռույթ բնույթ, ապա Մոսկվան կզինի Բաքվին եւ հատուկ ջերմություն կապահովի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Երբ Մոսկվայում Երեւանը իր մտադրությունը կբացահայտի մաս կազմելու ՄՄ-ին, Եվրախորհրդարանը կհիշեցնի Հայաստանի «գրավող կողմ» լինելն ու ՄԱԿ-ի այն բանաձեւերը, ուր արծարծվում են հայկական ուժերի «ադրբեջանական  տարածքներից» հեռանալու պահանջը: Եւ ճնշամիջոցները այսպես շարունակվում են անընդմեջ: Երեւանը կհայտնի իր պատրաստակամությունը` ստորագրելու ասոցացման փաստաթուղթը, ՄՄ-ի ճարտարապետներից հանդիսացող Բելառուսի նախագահը կշեշտի, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեսանելի ժամկետի մեջ չի տեղավորվում:

Քաղաքական ճնշամիջոցների միջեւ հայտնված Երեւանը փորձ  է կատարում շարունակելու «թե-թե»-ի արտաքին քաղաքականությունը: Մյուս կողմից, Բաքուն փորձում է լիարժեքորեն օգտագործել ԵՄ-ի եւ ՄՄ-ի տնտեսական -քաղաքական արեւելումների ճշտումի երկսայրաբանությունում (դիլեմա) հայտնված Հայաստանի դեմ առավելություններ ապահովելու իր քաղաքականությունը: Այս առավելությունները, թվում է, թե ո՛չ միայն քաղաքական են, այլ նաեւ` զինվորական: Իջեւանի ուղղությամբ կատարված ռազմական ոտնձգությունը իր տեսակի մեջ առանձնանում է: Այս մեկը դիպուկահարների ընդհանրացած երեւույթի մաս չի կազմում թե՛ իբրեւ ճակատ, թե՛ իբրեւ բնույթ, եւ թե՜ իբրեւ տարողություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր ճամբա փակել` քաղաքացիների անվտանգության հետ կապված մտահոգություններից մեկնած: Հիշենք, որ ռուսական «Ռեգնում» գործակալությունը խոսում էր Բաքվի կողմից իրականացված օդային հարձակման մասին: Հայկական պաշտոնական լրահոսը հարձակման բնույթը չէր հստակեցնում:

Քաղաքական հողի վրա Բաքուն կարող է անհրաժեշտություն չունենալ նման ժամանակահատվածներում լոբբիստական ներուժ կենտրոնացնելու: Ճնշամիջոցային քաղաքականությունը նման եզրակացության կարող է հանգել քաղաքական տրամաբանությամբ: Բայց նախ նայենք, թե ի՞նչ է ասում այդ անորոշ քվեարկության արդյունքով հրապարակված բանաձեւը:

«Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները։ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. չորս  բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ»:

Տարածքի բռնագրավման մասին հաստատում կատարող բանաձեւը իր առաջին բաժնով չէր ակնարկում միայն Արցախը: Արեւելյան գործընկերության մասնակից երկրները, որոնք տարածքային խնդիրներ ունեն` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ադրբեջանն են: Բայց այս նրբությունը հիմնական նշանակություն չունի, որովհետեւ խնդիրը մասնակիորեն կենտրոնանում է Արցախի վրա, նույն բանաձեւում:

Ճիշտ է, որ երբ տարածքի բռնագրավում բառակապակցություններն են օգտագործվում, թվում է, որ առաջին հերթին հակահայ բանաձեւ է ներկայացվածը` միակողմանի եւ Ադրբեջանի շահերը գերադասող: Սակայն մի պահ  նույնիսկ շրջանցելով քվեարկության անորոշության երեւույթը,  բանաձեւի համատեքստը կա՛մ ինքնահակասական է կամ էլ խառն ուղերձներ պարփակում: Անշուշտ, ՄԱԿ-ի բանաձեւեր վկայակոչելը ենթադրում է արծարծել հայկական ուժերի հեռացման պահանջը: Միաժամանակ, սակայն Աքվիլան վկայակոչելը ենթադրում է ուժերի հեռացման պահանջին առընթեր, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Ինչ որ նշված է նաեւ ա՛յս բանաձեւում իբրեւ իրավահավասար սկզբունք տարածքային ամբողջականության:

Օգտագործված բառապաշարն ու վկայակոչված բանաձեւերը դիվանագիտական ոլորապտույտների մաս են կազմում։ Հիմնականը այն է, որ եվրախորհրդարանականներն այժմ կարիքը զգացել են Արցախի մասին բանաձեւ որդեգրելու` Արեւելյան գործընկերության հետ հարաբերությունների ամրապնդման կարգախոսի տակ: Շարժառիթն էլ նույն բանաձեւի  նախագծում հստակորեն ընդգծվել է: «Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, ինչ  որ  անհամատեղելի է ասոցացման մասին համաձայնագրի հետ»:

Հիմա ավելի պարզ է դառնում, թե ինչու՛ եվրախորհրդարանականները հիշել են արցախյան խնդիրը: Քաղաքական նման ճնշամիջոցների դիմելու վարքագծի բացահայտում է արձանագրվածը: Պարզ է նույնքան, որ միայն Մոսկվան չէ, որ  ճնշամիջոց  է կիրառում Երեւանի վրա: Եւրոպան, իր ոճով, այս դեպքում բանաձեւային ճնշման փորձով, Երեւանին պատգամներ է փոխանցում: Երկու ուղղությունների վրա էլ ճնշամիջոցների թիրախը Արցախն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Փոփոխություններ գնումների ոլորտում

Լիանա ՀունանյանԱյսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները: Տկն. Հունանյանն անդրադարձավ ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այս ոլորտում բացահայտված թերություններին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին:

 Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների  դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը  չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի  շրջանակներում):  Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում  մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հավաստմամբ` այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:  Նա նաև տեղեկացրեց, որ մայիս ամսվանից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլևս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը:  Կանոնակարգվել է նաև դեղերի գնման ոլորտը: Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը և կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը  հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ: Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել և պարզեցրել է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը, գնումների պլանի պատրաստման գործընթացը ծրագրային ապահովման միջոցով դարձրել առավել պարզ և մատչելի:

Զուգահեռ հունիս-հուլիս ամիսներից սկսած կատարվել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես հունիս ամսվա համեմատ էականորեն կրճատվել է նախարարարության կողմից մերժված պայմանագրերի  քանակը՝ 61 տոկոսից հասնելով 23-ի:

Լիանա Հունանյանը հատկապես կարևորեց բողոքարկման խորհրդի դերի մեծացման և ոլորտում առավելագույն թափանցիկություն ապահովելու ուղղությամբ արդեն իսկ կատարված և կատարվելիք աշխատանքները: Նա միևնույն ժամանակ հորդորեց հասարակական կազմակերպություններին իրենց ներգրավվածությունն ունենալ բողոքարկման հանձնաժողովների կազմում, ինչը մեծապես կնպաստի բողոքարկման ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Հունիս ամսից ներդրվել է www.gnumner.am  կայքի շրջանակային համաձայնագրերի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր գնման առարկայի մասով գրանցված բոլոր մասնակիցների միաժամանակյա ծանուցման գործընթացի ավտոմատացումը` gnumner.am էլեկտրոնային փոստի միջոցով, բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող բոլոր գնումների վերաբերյալ տեղեկատվությունն ու պայմանագրերը այսուհետ տեղադրվում են www.e-gov.am կայքում, կայքի ինտերակտիվ բյուջեի բաժնում տեղադրվում են  նաև պետական գնումների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին և լրագրողների հարցերին պատասխանեցին նաև պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանն ու <<Գնումների աջակցման կենտրոնի>> պետ Արթուր Առաքելյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Միանշանակ դեմ ենք քվեարկելու. Նաիրա Զոհրաբյանը

նաիրա զոհրաբյանԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իր խմբակցությունը միանշանակ դեմ է  քվեարկելու Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին նախագծին:

«Այս փուլում չպիտի բարձրանա պետական պաշտոնյաների աշխատավարձերի հարցը, քանի որ այս իշխանությունը չի վաստակել նման քայլի իրավունք: Ինչ վերաբերում է առաջինից երկրորդ ընթերցմանը ներկայացվելիք առաջարկներին, դա տեղի կունենա միայն եթե հանկարծ նախագիծն ընդունվի առաջին ընթերցմամբ, ինչի դեպքում մենք կառաջարկենք այդ գումարներն ուղղել ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը», – ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Աշխարհում բարելավվել է կանանց իրավական դիրքը

i (5)Աշխարհում դիտվում է կանանց տնտեսական, քաղաքական ու իրավական դիրքի բարելավում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն, վերջին տարում աշխարհում ավելանում է  կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներ ունեցող երկրների թիվը: Ամենաբարենպաստ  վիճակը Իսլանդիայում, Ֆինլանդիայում ու Նորվեգիայում է ստեղծվել:

Սակայն, մինչև հիմա 50 երկրներում (հատկապես Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի)  գենդերային հավասարության  հարցում  մի առաջխաղացում չի նկատվում:

Իշխանություններն այս անգամ կարող են զոհաբերել Ղարաբաղն իրենց իշխանությունը պահելու համար. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ  արդեն դիմել է վարչապետին` ստանալու գազի մեծ պայմանագիրն ու կից քսաներկու համաձայնագրերը, քանի որ պարզվում է` համաձայնագիրը, որ ստացել է ավելի վաղ, ընդամենը մեկն է, ստորագրվել է այս տարի, բայց հինգ տարի առաջվա քսաներկու այլ փաստաթղթեր և ավելի վաղ ստորագրված մեկ մեծ պայմանագիր կա. «Հիմա գրավոր դիմել եմ, բայց դեռ չունեմ որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ: Չգիտեմ ինչու՞ են գաղտնի պահվում:  Սա արդեն մի ձև է, որով աշխատում է  այս իշխանությունը, իսկ գաղտնի գործընթացներն իրենց մեջ ռումբեր են պարունակում»:

Արամ Մանուկյանը նաև հայտնեց, որ վախենում է, թե իշխանությունները աթոռին մնալու համար կզոհաբերեն Ղարաբաղը. «Արդեն ամեն բան զոհաբերել են`  գույքը, սուվերենությունը, արժանապատվությունը, հաջորդ զոհաբերվող արժեքը կարող է Ղարաբաղը լինել: Սրա համար արդեն ֆոն են նախապատրաստում` մեջ գցելով Զորի Բալայանի նմաններին, որ հետո մարդիկ հարվածին պատրաստ լինեն»:

 

 

 

Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

10798_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: «Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ», – նշել է վարչապետը:
Իր հերթին դեսպանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը և շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար:
Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-չեխական համագործակցության ինտենսիվ զարգացման կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի աշխուժացումը և նոր ոլորտների բացահայտումը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է չեխ գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Եստրաբին հայ-չեխական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

 

Տեղի է ունեցել ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովը

001Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ  կայացած ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովին:   Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր ողջույնի խոսքում նշել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ Մարսելի ու Երևանի հարաբերությունները գնալով ընդլայնվում  ու նոր նվաճումներ են արձանագրում:

“Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին`պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար: Սա մեր բարեկամությունն ընդլայնելու ու  հետագա անելիքը նախանշելու ևս մեկ փայլուն հնարավորություն է: Ուրախ եմ, որ 2011 թվականին մենք պատիվ ունեցանք Ֆրանսիայում հյուրընկալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, իսկ  2012 թվականին Մարսելում հանդիպեցինք նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այժմ  արդեն Երևանում քաղաքապետի հետ ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով փաստեցինք մեր աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը”, – նշել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արևեյանը կարևորել է համաժողովի անցկացումը Մարսելի քաղաքապետի` Երևան կատարած այցի շրջանակում և նշել, որ Երևանի ու Մարսելի համագործակցությունն արդեն 2 տասնամյակի պատմություն ունի: Քույր քաղաքների միջև ձևավորվել են առևտրատնտեսական ու գիտամշակութային բազմակողմ հարաբերություններ: “Անցյալ տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության Մարսել կատարած այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք  հանդիպումներ, այդ թվում նաև ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հետ: Մի քանի ամիս անց կրկին հանդիպելու առիթ ընձեռվեց նաև Երևանում` երկրները մեկ հարկի տակ փառատոնի շրջանակում: Երևանի քաղաքապետարանը իր մասնակցությունն ունեցավ նաև Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու շրջանակներում գումարված համաշխարհային հայկական առևտրային ցանցի 3-րդ գլխավոր ասամբլեային”,- նշել է Կամո Արեյանը:

 

Քաղաքապետի առաջին տեղակալը հիշատակել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ օրեր առաջ Վալանսում գումարված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որտեղ 2 երկրների տնտեսական համագործակցությունը նշվել է որպես գերակա ուղղություններից մեկը: Քաղաքապետի տեղակալի գնահատմամբ՝ նման համաժողովները նաև գործարար ծրագրեր քննարկելու մեծ հնարավորություն են ստեղծում: Կամո Արեյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նաև երևանյան համաժողովի մասնակիցներին և քաղաքապետի անունից վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար, իսկ քաղաքային իշխանությունները՝ պատրաստ շահագրգիռ կառույցներին ներկայացնելու մայրաքաղաքում առաջարկվող ներդրումային ծրագրերը:

Երևանի քաղաքետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Գիտաժողով` նվիրված երիտասարդության դաստիարակության խնդիրներին

  KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ.  հոկտեմբերի 25-ին «Դինամո»  մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով:

 Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորեցին ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ: Ելույթ ունեցողները շեշտեցին նաև համակարգված և հետևողական համագործակցությունը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը  և  «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ:

«Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ». Աղվան Վարդանյան

Aghvan-Vardanyan23-e1344442118308Խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ հասցեին արված հայտարարությանը, ասաց, որ իր համար անընդունելի է, որ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել, գնահատել՝ ով է ընդդիմություն, ով ոչ. «Թող նախ նայեն իրենց խմբակցությանը»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև նա փորձեց հասկանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեխանիզմը. «Պարոն Մինասյանը ելույթ է ունեցել՝ հանգամանորեն ներկայացնելով մեր մոտեցումները և ասել, որ ովքեր դեմ են այս օրենքին, պոպուլիզմով են զբաղվում: Հիմա Նիկոլն իրեն չի կարող թույլ տալ, որ պոպուլիզմով է զբաղվում, պետք է իրեն արդարացնի, որ պոպուլիստ չէ, այլ լուրջ քաղաքական գործիչ է, և սա անելու համար իրեն իրավունք է վերապահել այս կտրվածքով նայել խնդրին»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այս օրինագիծը ՀՅԴ վերջին տասը տարվա ծրագրային դրույթներից է: «Մենք ունեցել ենք մի խառնաշփոթ, խառնափնթոր համակարգմ, որտեղ որևէ չափանիշ դրված չի, և վաղուց ժամանակ էր սա անելու»:

Աղվան Վարդանյանը հիշեցնում է, որ օրենքը չի տարածվում միայն բարձրաստիճան 300-500 պաշտոնյայի, այլ շուրջ 160 000 հոգու վրա: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջին վեց տարիների ընթացքում պետական ծառայության ոլորտում ոչ մի լումա աշխատավարձ չի բարձրացել. «Կողքից դատելը շատ հեշտ է: Գնացեք, խոսեք քաղաքացիական ծառայության աշխատողների հետ: Պատկերացնում ե՞ք, այդ մարդկանց աշխատավարձերը այդքան տարի չի բարձրացել այս գնաճի պայմաններում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից օրինակ բերված դատավորներին ու դատախազներին, ապա նշում է, որ այս օրենքով նրանց աշխատավարձերը չեն բարձրանում, այլ բերվում են ընդհանուր դաշտ. «Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին՝ և՛ իր նախկին ամենամոտիկ շրջապատին, և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, միշտ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել»:

Աղվան Վրդանյանի խորին համոզմամբ՝ սա այդ դեպքն է:

Նա Փաշինյանին ընկերաբար խորհուրդ է տալիս զբաղվել նրանով, ինչով կոչված է զբաղվել և չփորձել իրեն արդարացնել՝ ուրիշների վրա քար տենելով:  «Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ: Մենք փաստարկված ընդդիմություն ենք, անում ենք մեր գործը՝ առանց մեր շուրջը շատ նայելու՝ թեև նայում և տեսնում ենք ամեն ինչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խորհրդարանում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով նախագիծը, միաժամանակ քննադատել էր ՀՅԴ պատգամավորների տեսակետը, որ կողմ են նախագծին. «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն»,- ակնարկել էր Փաշինյանը:

Սպանեց սիրելիին՝ կուսությունը պահպանելու համար

բանտԲացառիկ հարցազրույց երիտասարդ տարիները բանտում անցկացրած աղջկա հետ

 Մարդը ծնվում է ազատ, բայց ծնված պահից ի վեր սկսում է պայքարել հանուն ազատության… Մեր հերոս Մարիաննա Սարգսյանը (անուն-ազգանունը փոխված է իր խնդրանքով,- հեղ.) պայքարել է իր ազատության համար ու թանկ վճարել: Դժվար է դեմ գնալ ցանկությանը, երբ սիրահարված ես, բայց կյանքը, հասարակության մեջ կարծրացած մտածողությունը երբեմն մարդուն դրդում է, այսպես ասած, «ակամա» հանցագործության:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Մարիաննան սպանել է սիրած էակին: Դեպքից րոպեներ առաջ զույգը դեռ երազում էր իդեալական ընտանիք ու պետությանը արժանի զավակներ տալու մասին:

25-ամյա նուրբ աղջկան կոփել է բանտում անցկացրած ժամանակը: Նա անազատության մեջ է անցկացրել դատարանի նշանակած գրեթե ամբողջ ժամկետը:

«Անկախ» շաբաթաթերթի զրույցը Մարիաննա Սարգսյանի հետ բավական երկար ստացվեց. նա  խոսեց իր անցյալից, անդրադարձավ իր մեղավորությանն ու մեղադրանքի պատճառներին, անազատության տարիներին և իր ներկա վիճակին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ

Մարիաննան, դպրոցի կարմիր ատեստատը ձեռքին, որոշում է մասնագիտանալ լեզուների գծով: Գործերը տալիս է երևանյան համալսարաններից մեկի անգլերեն-ֆրանսերեն բաժինը:

– Մայրս և հայրս երազում էին, որ ես լավ կրթություն ստանամ: Մաթեմատիկայի մեծ սեր ունեի, բայց քանի որ հասկացա՝ աշխատանք չեմ ունենալու, մտածեցի գնալ լեզուների գծով,- ասում է Մարիաննան:

Աղջկա ծնողների  եկամուտը բավարար չէր. ստիպված էր ինքնուրույն պատրաստվել ընդունելության քննություններին:

– Իմ որոշումը վճռական էր, ու հիշում եմ՝ օր ու գիշեր պարապում էի համալսարան ընդունվելու համար:

Նա լավ է հիշում հենց ուսանողական  առաջին սեպտեմբերի 1-ը: Օրը ոչ միայն հիշարժան էր ուսանողական կյանք մտնելու առումով, այլև` առաջին հայացքից սիրահարվելու…

– Երբ ինձ ասում էին` գոյություն ունի սեր առաջին հայացքից, չէի հավատում: Դե, պարզ է, որ լեզուների գծով գնացող աղջիկներից շատերն իրենց արտաքին տվյալներով ավելի համոզիչ են, չէ՞, լինում, ու տղաները հենց այդ պատճառով են խմբվում համալսարանի առաջ՝ տեսնելու` ֆակուլտետը լի՞քն է գեղեցիկ աղջիկներով: Հենց առաջին օրն ինձ մոտեցավ մի տղա ու սկսեց խոսացնել: Ես որևէ բան չէի խոսում, որովհետև էդ երևույթը ինձ համար շատ խորթ էր, անսովոր:

Տղան սկսում է «հետապնդել» աղջկան, հետևում է՝ տեսնելու ուր է գնում, ում հետ է հանդիպում: Այսինքն՝ անում է այն ամենը, ինչ հատուկ է առաջին հայացքից հրապուրված յուրաքանչյուր հայ երիտասարդին:

– Հիշում եմ՝ շատ երկար վարդեր բերեցին համալսարան իմ անունով, զարմացա: Բացիկում նշված էր. «Ես քեզ սիրում եմ. Արմեն» (տղայի անունը նույնպես փոխված է- հեղ.): Միանգամից հասկացա, որ դա այն տղան էր, որն ինձ հետևում էր, խոսացնում, գալիս-գնում: Նա արդեն հասցրել էր մտերմանալ մեր ֆակուլտետի տղաների հետ ու համակուրսեցիների հավաքույթներից մեկի ժամանակ նկատեցի, որ նա ևս ներկա է: Եկել էր համեստ հանդերձանքով ու շատ լուրջ դեմքով: Ես էլ, բնավորությանս համաձայն, սիրում եմ կատակներ անել, ծիծաղել, անեկդոտներ պատմել: Այդ օրը, կարելի է ասել, իմ ու Արմենի առաջին պաշտոնական հանդիպումն էր:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ

Մարիաննան, խորհրդակցելով ընկերների հետ, հասկանալով ու գիտակցելով, որ ինքը ևս զգացմունք ունի այդ տղայի նկատմամբ, թույլ է տալիս Արմենին անել առաջին քայլերը: Անակնկալներ՝ մեկը մյուսի հետևից:

Մեկ շաբաթ անց նրանք դառնում են ընկեր-ընկերուհի:

– Արմենն ամեն օր պարտաճանաչ գալիս էր ինձ ուղեկցելու՝ տնից համալսարան և համալսարանից տուն: Մենք այդ ընթացքում հասցնում էինք զրուցել, ճանաչել մեկս մյուսին: Բայց մեզ արդեն չէր բավարարում էն ժամանակը, որ անցկացնում էինք միասին, ու հանդիպումները սկսեցին հաճախակիանալ:

Մարիաննան ու Արմենը իրար հետ ընկերություն են անում մոտ մեկուկես տարի ու ծրագրում են միասին կառուցել իրենց ապագան:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ է գալիս:

– Դեպքից մի քանի շաբաթ առաջ, Արմենն ինձ հարցնում էր իմ դիրքորոշումը մինչամուսնական կապերի մասին: Երբ իմացավ իմ բացասական վերաբերմունքը, զգացի, որ իմ հանդեպ բացասաբար է տրամադրվել: Մի տեսակ ինքն իր նման չէր: Գնացել էինք ամառանոց: Այդ օրը Արմենը շատ վճռական էր, իր համար սովորական դարձած համբույրներին ուշադրություն անգամ չէր դարձնում, մտքին այլ բան կար: Հետո ականջիս շշնջաց. «Քանի որ մենք միասին ենք, կարող ենք մեզ այլ բաներ էլ թույլ տալ»: Ասածը դուրս չեկավ, ու հակադարձեցի` այսի՞նքն: Ասաց՝ դե կարող է այսօր մեր առաջին ամուսնական գիշերը լինել, ասացի՝ չէ, չի կարող, երբ կամուսնանանք` կլինի: Ու մի քանի րոպե վիճեցինք: Նա ինձ ամուր գրկեց ու խնդրեց. «Այսօր, գոնե մի անգամ»: Բայց իմ պատասխանը վերջնական էր:

Նա չէր էլ կարող պատկերացնել, որ սովորական սիրային խոսակցությունը՝ զուգորդված վեճ ու կռվով, կարող է ողբերգական ավարտ ունենալ:

– Նա ուզում էր բռնաբարել ինձ, կուսազրկեր (Մարիաննան չզսպեց արցունքներն ու լաց եղավ), իսկ ես չէի կարող նման բան թույլ տալ, սեղանին դանակ կար, ասացի՝ չգաս մոտիկ, կսպանեմ, ասաց՝ սպանիր ու մոտ եկավ, ես էլ չհասկացա` ինչպես ստացվեց, դանակով մի քանի հարված հասցրի: Մտածեցի՝ դե մարմնական վնասվածք կլինի, մենք կբաժանվենք, բայց երբեք չէի էլ կարող մտածել, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը:

 ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ  

Մարիաննային քրեականի աշխատակիցները ոստիկանին հատուկ առաջին հայացքից ասել են, որ դաժանաբար սպանություն է տեղի ունեցել:

– Դա ծանր ողբերգություն էր: Անգամ նրա թաղմանը չկարողացա մասնակցել, իմ կյանքը վտանգված էր, քանի որ նրա քույրն ու եղբայրը, անկախ ամեն ինչից, սպառնացին վրեժ լուծել: Գործով քննիչը, ծանոթանալով ոստիկանի արձանագրությանը, զարմացել էր: Ասաց՝ քեզ սպառնում ա 15 տարի կամ գուցե ցմահ:

Դատարանը որոշում է խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

– Ասես խելագար լինեի: Ոչինչ չէի հասկանում: Դատապարտված անձի կամ էլ կալանքի մասին միայն ֆիլմեր էի դիտել, որոշ բաների ծանոթացել թերթերից: Դա ինձ համար շատ խորթ միջավայր էր: Ես նստած էի իմ իրավունքների համար: Ես այդպես եմ դա ընկալում: Հիմա ցավ եմ ապրում, որ նա, ում հետ կապել էի ամբողջ կյանքիս գիծը, նա, ով պետք է իմ կյանքի ընկերը լիներ ու զավակներիս հայրը, չկա, չկա ֆիզիկապես, բայց նրա ձայնը, նրա կերպարը անընդհատ ասես հետևում է ինձ: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կյանքս կործանվեց ու ես կխելագարվեմ:

Կալանավայրում տեսակցություն թույլատրվում էր, բայց Մարիաննայի սրտով չէր. ինչպե՞ս էր նայելու հարազատ մոր ու հոր աչքերին, ինչպե՞ս էր նայելու Արմենի ծնողների աչքերին:

– Միայն սա կասեմ. շատ բան իրականում չեմ ուզում հիշել ու պատմել, քանի որ վերհիշելով դեպքերը` ծանր ապրումներ եմ ունենում: Մի անգամ ինձ այցի եկավ Արմենի հայրը: Եկավ ու խոսեց, ասես սեփական հայրս լիներ: Ես միայն լսում էի նրան, ոչինչ չէի կարող ասել, նա էլ չգնահատեց արարքս: Միայն հիշում եմ` ասաց. «Աղջիկս, գուցե դու ճիշտ ես վարվել, բայց կարող էիր ոստիկանություն դիմել, ի վերջո, նախքան դեպքն էլի էիք, չէ՞, քննարկել այս թեման, գայիր ինձ ասեիր, ու չէր լինի էս ողբերգությունը: Հասկացիր, այս ողբերգությունը երկկողմանի ա: Մի կողմում մենք ենք, մյուսում` դու: Ուզես թե չուզես` խիղճն ու տառապանքը քեզ ուղեկցելու է ամբողջ կյանքիդ ընթացքում»:

ՄԱՐԻԱՆՆԱՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ   

Արածն ու չարածը Մարիաննան այսօր չի վերլուծում, ուզում է մոռանալ ամեն ինչ, ու նորից սկսել: Չի հաջողվում, քանի որ սիրում էր, ու կատարվածն էլ որակում է ավելի շատ ինքնապաշտպանություն, քան այն, որ ուրիշի կյանքին դիտավորությամբ մահ է պատճառել:

– Հիմա ես ապրում եմ հոգևոր կյանքով, հիմնականում կարդում եմ հոգևոր գրականություն, ու գրեթե նույն մեկուսացված հոգեվիճակում են անցնում օրերս: Հավատացեք, մարդկանց հետ չեմ ցանկանում շփվել: Ընկերուհիներիցս մեկն ասաց` ինչ եղել, եղել է, պետք է առաջ նայես: Չեմ կարողանում, իսկապես չեմ կարողանում: Գուցե ապագայում վերանայեմ կյանքիս արժեքները ու փոխեմ կյանքի նկատմամբ գնահատականները, բայց այսօր, այս պահին դա անել չեմ կարող: Ընդհանրապես ես դարձել եմ տխուր մարդ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երևի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ շա՜տ դժվար է տրվել, կյանքն ինձ շատ բան է սովորեցրել:

Մարիաննան հիմա մտածում է նաև երկրից որոշ ժամանակով բացակայելու մասին` պատճառաբանելով, որ Երևանում իր տեղը չի կարողանում գտնել:

 

 

Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել:

դատախազությունԱյսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և ՀՀ դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն:

 

ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. Չգնահատված մեծություն, ում վաստակն այսօր էլ վերագրվում է ուրիշներին…

անտոն քոչինյանԼրացավ ՀԽՍՀ լավագույն  քարտուղարներից մեկի հարյուրամյակը: Անկախը նախկինում անդրադարձել է  Անտոն Քոչինյանի կյանքին ու գործունեությանը:Այժմ նորից նրա հոբելյանի առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկին:

Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 10 (25)-ին Լոռու Վահագնի (Շահալի) գյուղում:

Նա մեր ժամանակների եզակի գործիչներից էր,որոնք բարձրագույն կրթություն չէին ստացել:Սակայն  դա չի խանգարելԱ. Քոչինյանին լուրջ հաջողությունների հասնելու կառավարման և ժողովրդական տնտեսության բնագավառներում: Նա նաև աչքի ընկավ որպես երկարակյաց ղեկավար`լինելով ՀԽՍՀ Նախարարների խորհրդի  նախագահ շուրջ 13 տարի և13 տարի էլ երկիրը ղեկավարեց  ՀԿԿ Կենտկոմի 

առաջին քարտուղարի պաշտոնում: Նա լավ էր սերտել կառավարման դպրոցի դասերն ու ժամանակի  վարչահրամայական  ապարատի բարքերը:

 

Քոչինյանը 1935 թ.  ավարտել է Երևանի կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը և  1959 թ.` ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Առաջին քայլերն աշխատանքում կատարել է որպես լրագրող` աշխատելով Տավուշի և Վայոց ձորի տարածաշրջաններում: Շուտով նրա բնածին տաղանդն ու աշխատասիրությունը գնահատվում են և գլխապտույտ առաջընթաց ապահովում. 1939-1941 թթ. նա ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարն էր:

1953 թ. Անտոն Քոչինյանը դարձավ Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ և որպես հանրապետության վարչապետ պաշտոնավարեց 13 տարի: 1966 թ. նա ընտրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ևս 13 տարի ղեկավարեց երկիրն այդ պաշտոնում:

Նրա կառավարման տարիներն աչքի ընկան հանրապետության տնտեսական առաջընթացով: ԱնտոնՔոչինյանին է պատկանում Երևանի մետրոպոլիտենի կառուց-ման նախաձեռնության պատիվը,որը, սակայն, որքան էլ տարօրինակ է, այսօր կրում է մեկ այլ անձի` Կարեն Դեմիրճյանի  անունը:

Մետրոպոլիտենի կառուցման թույլտվությունը Կրեմլից դժվարությամբ տրվեց: Երբ Հայաստան է ժամանում ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, նրան օդանավակայանում բնականաբար դիմավորում է Անտոն Երվանդիչը: Եվ ահա քաղաք գալու ճանապարհին խցանում է առաջանում (դա արհեստականորեն էր կազմակերպված, Քոչինյանի մտահաղացումն էր): Անտոն Երվանդիչը, մատնացույց անելով շարված ավտոմեքենաները, Բրեժնևին ասում է. «Քաղաքը շատ է մեծացել, առանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ»: Նա հասավ նրան, որ միութենական կառավարությունն ամբողջովին իր վրա վերցրեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը:

Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորիատոմակայանը, որը ոչ միայն բավարարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հարաճունպահանջարկը և երկիրը, փաստորեն, էներգետիկ առումով անկախացրեց, այլև Հայաստանինէլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն տվեց:

Նրա կառավարման տարիների ծնունդն էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից  Ալավերդու լեռնաքիմիական գործարանը և Կիրովականի քիմիական գործարանը: Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չարենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին Սևանը, Դիլիջանը: Կառուցվեցին Երևան-Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները:

Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին նաև Սարդարապատի հուշահամալիրը, «Էրեբունի» թանգարանը, շատ ու շատ մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ: Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Նրա օրոք կառուցվեցին Գառնու ջրամբարը, Ապարանի ջրատարը, հազարավոր հեկտարներով այգիներ գցվեցին: Կառուցվեցին Երևան-Սևան մայրուղին, «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնը, Մխչյանի պոմպակայանը, Կապան-Գորիս ավտոճանապարհը, Երևանի, Կիրովականի, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Որոտանի կասկադը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը: 1973 թ. նա  նախաձեռնեց «Զվարթնոց» օդանավակայանի ընդարձակման աշխատանքները, նաև` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները, սակայն այդպես էլ չհասցրեց կյանքի կոչել:

1963 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվեց Արփա-Սևան 48-կիլոմետրանոց ջրատար թունելի կառուցումը: Պատմում են, որ թունելի շինարարության համար Ն. Խրուշչովի համաձայնությունը ստանալու նպատակով նա իշխանի որս էր կազմակերպել Սևանում նավի վրայից: Եվ երբ ԽՍՀՄառաջնորդը կարթը գցել է ջուրը, ջրասուզակը նավի տակ նրա կարթին է ամրացրել նախապեսորսած իշխանը: Եվ Ա. Քոչինյանը հիացած Ն. Խրուշչովին տեղում համոզում է սկսել Սևանալճի փրկության ծրագիրը:

1965 թվականը հայ ազգային զարթոնքի տարի էր: Խորհրդային երկաթե վարագույրը պատռվեց. Երևանում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ օրերին պատասխանատու դիրքորոշում բռնեցին երկրի ղեկավարները` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը և Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կանգնելով ժողովրդի կողքին: Հայաստանի ղեկավարությունն անգամ համարձակություն ունեցավ Կրեմլի առջև հարց բարձրացնելու Ցեղասպանության զոհերի հուշարձան-կոթող կառուցելու մասին: Անձամբ Անտոն Քոչինյանի ջանքերով առկա մի քանի տարբերակներից ընտրվեց հենց ներկայիս տարբերակը, որը նախապես հանված էր քննարկումից: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

1966 թ. նա համարձակություն ունեցավ Կրեմլում բարձրացնելու Արցախը մայր հայրենիքին միավորելու հարցը: Խնդիրը լուծման փուլում էր, սակայն…

Մինչև պաշտոնավարման վերջը Անտոն Քոչինյանը Կրեմլի ղեկավարության աչքում մնաց որպես նացիոնալիստ գործիչ:

Անտոն Քոչինյանը սիրում էր իր երկիրը և ջանք չէր խնայում Հայաստանի բարգավաճման համար: Նա «կաբինետային» ղեկավարներից չէր: Նրա աշխատանքային օրը սկսվում էր վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերն անց: Շատ էր ճամփորդում: Եղել է Հայաստանի բոլոր բնակավայրերում: Գիտեր ոչ միայն Հայաստանի բոլոր գյուղերի անունները, այլև դրանց աչքի ընկնող մարդկանց` շինականների, բանվորների, հողագործների, կթվորուհիների: Գիտեր շատերի կենսագրությունն ու անգամ ծագումը: Իր աշխատակիցներին միշտ կոչ էր անում դուրս գալ կաբինետից և շփվել հասարակ մարդկանց հետ: Ինքն էլ օրինակ էր ծառայում: Սիրով էր շփվում հասարակ մարդկանց, հատկապես` գյուղաբնակների հետ և երբեք չէր մերժում նրանց հետ մի կտոր հաց կիսելու առաջարկը:

1974 թ. պետական «անարյուն հեղաշրջմամբ» «ղեկավարման մեջ լուրջ թերությունների» պատճառաբանությամբ Անտոն Քոչինյանին գահընկեց արին: Եվ թափուր մնացած  աթոռը զբաղեցրեց Կարեն Դեմիրճյանը:

Պաշտոնանկությունից  հետո Քոչինյանին մեկուսացրին հասարակական աշխատանքներից,անգամ այլ աշխատանք չտվեցին: Նրա միակ սփոփանքը դարձան Ջրվեժի իր նորատունկայգին և Հայաստանի պետական արխիվը, ուր հաճախ էր գնում` ընթերցելու իր ստորագրածփաստաթղթերը:

Անտոն Քոչինյանը մահացավ 1990 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Փոստանջյանը պնդելու է, որ քրեական գործ հարուցվի, և Խաչիկ Ասրյանին կալանավորեն

Xachik-AsryanԽորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից «Անկախ»-ը հետաքրքրվեց, թե դեռ որքան են ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակելու ապահովել պատգամավորի ու նրա ընտանիքի անվտանգությունը:

Նա ասաց, որ իր կողմից հանցագործության մասին հաղորդում է տրվել, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, և երկու օր առաջ այնտեղից իրեն զանհագարել են՝ խնդրելով բացատրություններ ներկայացնել հանցագործության վերաբերյալ:

«Բայց ինչպես գիտեք՝ քառօրյան էր, և հավանաբար այսօր կամ վաղը տեղեկացված կլինենք, թե ինչ է վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում իրականացնել: Ես պնդելու եմ, որ  պարտադիր հարուցվի քրեական գործ, և այդ անձը, որը հրապարակավ սպառնալիքներ էր հնչեցրել, նույնիսկ վերցվի կալանքի տակ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր  եւ իր ընտանիքի անվտանգությունապահովելու նպատակով:

Նրա դիմումի պատճառը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին yerkir.am կայքին տված հարցազրույցն էր, որում նա ասել էր, թե Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես:

 

«Հովիկ Աբրահամյանն ընդամենը կատարողի դերում է». Զարուհի Փոստանջյան

arm138013404843Այսօր խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին  «Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը պարզաբանեց, թե ինչ դժվարին օրեր են սպասվում Հովիկ Աբրահամյանին ու նրա կուսակից ընկերներին։

«Սա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, Հովիկ Աբրահամյանն ընդամենը կատարողի դերում է, այդ խմբակի մեջ կատարողի դերակատարություն է ստանձնել, ինչ վերաբերում է դժվարին օրերին, այո, մենք բոլոր ճակատներում պայքար տանելու ենք, մեր համար սա առաջին անգամ չէ, սա ուղղակի աշխատանքային գործունեության մի դրվագ է: Սպասելի էր, որ նման վարք պետք է դրսևորվի»:

Նա տեղեկացրեց, որ իր կողմից արդեն նախաձեռնվել է բողոքարկման գործընթաց, իսկ  Ազգային ժողովի կողմից պաշտոնապես դեռ փաստաթուղթ չի ներկայացվել ԵԽԽՎ:

Հիշեցնենք, որ քառօրյա նիստերից մեկի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ դժվարին օրեր է խոստանում Հովիկ Աբրահամյանին: Պատճառը ԱԺ նախագահի որոշումն էր՝ ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից  «Ժառանգություն» խմբակցությունը հանելու վերաբերյալ:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը,  մաքսանենգության` 3, խարդախության` 11, խուլիգանության և կողոպուտի 1-ական  դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4  դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության  1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10  պատահար.  4 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Սեյրանը վիճել և վնասվածքներ է հասցրել Կարենին

ձերբակալելՀոկտեմբերի 24-ին, ժամը 20.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Կարեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Սեյրան Հ.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով (շամփուրով) հարվածել է Կարեն Հ.-ին:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին` Ոսկեհատ գյուղի վերջնամասում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, վթարից խուսափելու համար, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել. վերջինիս վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                           ***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                            ***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին` Արշալույս գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

                                                          ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին հյուրանոցում

ձերբակալվել էՀոկտեմբերի 24-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող հյուրանոցի համարում հայտնաբերել են 1954 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

68-ամյա կինը մահացել է վրաերթից

ՎրաերթՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սուսաննա Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: