Մեղադրանքը` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

կալանքՍեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1973 թ. ծնբած Բենիկ Ս.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Խափանման միջոցը` կալանք:
Բենիկ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին:

Ավտոպատահարներ Երևանում, կան վիրավորներ

ավտոպատահարԲախվել են «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան Մաքսիմա»-ի ուղևորուհին և «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար խաչմերուկում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Տոյոտա»-ն բախվել է էլեկտրասյանը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երեկ զանազան տեսակի զենքեր են հանձնվել ոստիկանություն

Ինքնաշեն հրազեն և 65 փամփուշտ

Սեպտեմբերի 20-ին, ժամը19.56-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Եռաբլուրի տարածքում` ծառերի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն և 5,45 մմ տրամաչափի 65 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Փամփուշտներ և նռնակի պայթուցիչ

զենքեր են հանձնվելՍեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հանձնել 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 65, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» ինքնաձիգի 59 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

«Ֆ-1» նռնակ, ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, 45 փամփուշտ և ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.45-ին, Արևիկ գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ձեռքի ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ և ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Մատաղիսի» գործով տուժողների իրավահաջորդների ճակատամարտը շարունակվում է

դատարան«Մատաղիսի» գործը անցել է պատմության գիրկը՝ շուրջ 9  տարվա դատական ճանապարհն ավարտվել է արդարացման դատավճռով, որն, ի դեպ արդեն մտել է օրինական ուժի մեջ: Սակայն «Մատաղիսի» գործի, արդարացման դատավճռի, տուժողների իրավահաջորդների միջև հակասությունների  մասին  հիշեցնում  է արդեն քաղաքացիաիրավական դաշտում վերջիններիս  դատական վեճը:
Այսպես,  «Մատաղիսի գործով»  տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը և իրավահաջորդը՝ Մովսես Մկրտումյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ինքը ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ «Մատաղիսի» գործով 2012թ.դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռից հետո լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների ժամանակ հայտնել է, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում է, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն որդու սպանության հետ:
14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդներ՝ նրա հորեղբայրն ու մայրը, համապատասխանաբար՝ Արթուր Եղիազարյանը և Գոհար Մելքոնյանն  իրենց դժգոհությունն են արտահայտել կայացված դատավճռից, ինչն, իհարկե, իրենց իրավունքն է: Սակայն պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանք ի թիվս այլնի հայտարարել են, որ ինքը «հազար տոկոսով ծախված է», «Հովսեփի հայրը իր հետ չի քայլում, իրեն ուզում են առնեն…, ինքը ոչ մի բանից չի վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է», որ իբր ինքը փորձել է փողով իրենց լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել, նաև նշել են, թե իբր ինքը ասել է` «եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տունը»: Հայցվորը գտել է, որ պատասխանողների կողմից թույլ տրված այդ արտահայտությունները հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն:
Պատասխանողներն առարկել էին հայցադիմումի դեմ և հայտնել, որ 14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում արտահայտել են իրենց դժգոհությունը՝ արդարացման դատավճռի հետ կապված:  Սակայն «նա  հազար տոկոսով ծախված է» և այլ արտահայտություններ իրենք նշված օրը չեն արել, դա զրպարտություն է նրա կողմից, և դրա «վառ ապացույցն է տվյալ օրվա «ձայնային կրիչը»-ը»:  Պատասխանողները գտել են, որ հայցադիմումը ենթակա է  մերժման՝  անհիմն  լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը գտել  է, որ հայցվոր կողմը հայցադիմումի մեջ պատասխանողների կողմից արված արտահայտությունները ներկայացրել է առանձնացված բառերի կամ արտահայտությունների տեսքով և դուրս է հանել ընդհանուր նախադասությունից և մտքից, ինչով բառերը կամ արտահայտությունները փոխել են իրենց նշանակությունը: Հետևաբար դրանք պետք է դիտվեն ընդհանուր կոնտեքստում և որպես մեկ ամբողջություն:
Դատարանը գտել է, որ պատասխանողներն իրենց մամլո ասուլիսի ժամանակ չեն կատարել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտող, կտրուկ կամ զգացմունքային արտահայտություններ: Պատասխանողների կողմից հնչեցրած արտահայտությունները հիմնվել են դատողությունների, կարծիքների, ենթադրություններ վրա` հիմք ընդունելով շուրջ ինը տարի տևած ամբողջ գործընթացները:
Վերոհիշյալ իրավական վերլուծությունների հիման վրա էլ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր  Ա.Մարգարյանի նախագահությամբ, 2013թ. մայիսի 31-ի վճռով մերժել է Մովսես Մկրտումյանի հայցը` պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Մովսես Մկրտումյանը վճռի դեմ բողոք է ներկայացրել Քաղաքացիական  վերաքննիչ դատարան,  և այն քննվում է  դատավոր Նարինե  Բարսեղյանի նախագահությամբ:
Հեղինակ:
«Փաստինֆո»

Հանրայի խորհուրդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկելու է նաև Մաքսային միությանն անդամակցելու հարցը

ՀԽ փոքր խորհրդի նիստՍեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով  ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթները:

Մանուկյանն առաջարկել է նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտի խնդիրները:

Հանրային խորհրդի անդամներ Վլադիմիր Մովսիսյանն ու Յուրի Ջավադյանն առաջարկել են քննարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ սահմանային ջրերի օգտագործման հարցը: Մովսիսյանի խոսքով` շատ շուտով թուրքերը կկուտակեն սահմանային ջրային ահռելի պաշար, որի դեմ Հայաստանը պետք է հակաքայլեր անի: Նրանց խոսքով`  հակաքայլեր իրականացնելու լուրջ հնարավորություններ կան, և իրենք պատրաստ են այդ առումով գործնական առաջարկներ անել,  որոնք էլ կներկայացվեն հանդիպման ժամանակ:

ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը բարձրացնել նաև Տաղավար տոները ոչ աշխատանքային օրեր դարձնելու, փոխարենը դրանք շաբաթ օրեր տեղափոխելու հարցը` նշելով, որ դա խաթարում է բնականոն աշխատանքային հունը և խնդիրներ առաջացնում թե՛ գործատուների, թե՛ աշխատողնների համար:

Նիստի ավարտին Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացվող խնդիրներն առավել համակողմանիորեն ուսումնասիրել և մինչ վարչապետի հետ հանդիպմանը ևս մեկ նիստ գումարել` որոշակիացնելու ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Արտգործնախարարը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարին

Minister Nalbandian meets Archibishop MambertiԷդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում

 

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։

Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունեց և կարևորեց Վատիկանում Հայաստանի դեսպանության բացումը և տեղեկացրեց, որ Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում  է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դոմինիկ Մամբերտին վստահություն հայտնեցին, որ Վատիկանում ՀՀ դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույց ունեցան Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։

 

Ministe Nalbandian lecture at the IRIՆույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որին ներկա էին Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հռոմում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Արձագանքելով Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչի հարցին՝ նախարար Նալբանդյանը խոսելով Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից քարոզվող հայատյացության, Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների, ռազմատենչ հայտարարությունների և պատերազմի սպառնալիքի մասին, ասաց. «Նույնիսկ այսօր, մարդասպան Սաֆարովի հերոսացումից և այդ քայլի համար ողջ աշխարհի, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր  միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտվելուց մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ, հակադրվում դրան և գլուխ գովում թե ճիշտ է արել։  Իսկ ի՞նչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ զավեշտալի քայլին։ Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Ամոթալի է, որ որևէ երկրի ղեկավար մարդասպանի հերոսացումը կարող է լավ բան համարել»։

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշներին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի:

«Սրանում է կայանում միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության ընկալումների տարբերությունը, այդ պատճառով են միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում տարբեր լեզուներով, այդ պատճառով է  Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում քաղաքակրթական անդունդը», – շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

ԳԱԳԻԿ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

գագիկ ա

 Գագիկ Ա թագավորը (990-1020) Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր:

Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ու Սմբատաշեն պարիսպների կառուցումը:

Գագիկ Բագրատունին, ենթադրաբար, Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) կրտսեր որդին էր: Աշոտ Շահնշահի որդիներից երկուսը` Սմբատը և Կյուրիկե-Գուրգենը, թագ ունեին: Վերջինս հիմնադիրն էր Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության: Գագիկը հորից ժառանգություն չի ստացել: Նրա պատանեկության և երիտասարդության տարիների մասին պատմությանը ոչինչ հայտնի չէ:

Սմբատ Բ-ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով: Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները: Պատմիչները փաստում են, որ Սմբատը փորձում է պատերազմ սկսել արաբական էմիրությունների դեմ, սակայն նրան դավում է արքաեղբայր Գագիկը, որ արդեն Անիում էր հաստատվել:

Սմբատ արքայի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար: Նա ամուսնացել էր հարազատ քրոջ դստեր հետ, ինչը առաջացրել էր բնակչության և հոգևորականության դժգոհությունը: Գագիկ արքաեղբայրը, օգտվելով այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց. սպանելով եղբորը` գրավեց հայոց գահը: Այդ մասին ակնարկում է Գագիկ Առաջինի պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը, որ ընդհանուր առմամբ գովաբանելով Գագիկ Առաջինին` գրում է. «Ավաղ, միում չարին, որ արգել զբանս գովեստի իւրոյ…»

Ինչևիցե, Գագիկ Առաջինը դավադրաբար սպանում է եղբորը և տիրանում հայոց գահին: Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում: Քանի որ Սմբատ Բ-ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Առաջինը (962-990) կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը, որ թագավորեց Լոռիում 990-1048 թթ.: Սա էլ պատճառ դարձավ Լոռվա թագավորության ապստամբության: Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը: Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մի արձանագրության մեջ Դավիթ Անհողինին կոչում է ինքնակալ արքա: Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը:

Գագիկ Առաջինի դեմ մեծ հուզումներ առաջացան նաև Անիում: Ժողովուրդն ըմբոստանում է: Անգամ լուրեր են շրջում, թե Սմբատ արքան չի մահացել, ողջ է: Ժողովրդական հուզումները հանդարտեցնելու համար Գագիկ Առաջինը կարգադրում է բացել Սմբատ Բ-ի շիրիմը և ի ցույց դնել ժողովրդին, որ բոլորը համոզվեն արքայի մահվան հարցում և հանդարտվեն: Սա ևս մեկ վկայություն է, որ Գագիկը պետական հեղաշրջմամբ է տիրացել հայոց գահին, քանզի կարգադրել էր անհապաղ թաղել Սմբատի դին և արագ թագադրվել էր` առանց պաշտոնական արարողակարգի:

Գահ բարձրանալով` Գագիկ Առաջինը նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը: Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի: Մատթեոս Ուռհայեցին Գագիկի բանակի մասին գրում է. «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։

Կառավարման առաջին տարիներն անցկացրեց շարունակական պատերազմների մեջ: 992 թ. նա արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից: Ապա որոշ նվաճումներ  ունեցավ Վասպուրականում` իր թագավորությանը միացնելով Ծաղկոտն և Կոգովիտ գավառները, գրավեց նաև Վայոց ձորը, Բասենը: Մի խոսքով, Գագիկ Առաջինն Անիի թագավորության տարածքն ընդլայնեց հայկական մյուս թագավորությունների տարածքների հաշվին:

Շուտով` 998 թ. Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստանի վրա: Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեց Տայքի զորեղ տիրակալ Դավիթ Կյուրոպաղատի, վիրա-աբխազական թագավորության հետ և Ծումբի ճակատամարտում ջախջախեց թշնամուն: Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը:

1001 թ. Գագիկ Առաջինի դեմ ապստամբեց եղբորորդին` Լոռվա երիտասարդ թագավոր Դավիթ Ա Անհողինը, որն ուզում էր տիրանալ իր հայրական ժառանգությունը համարվող Անիին: Գագիկը մեծ զորքով շարժվեց Լոռի, սակայն երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո այդպես էլ չհանդիպեց Դավթի բանակին: Պատմիչներն առհասարակ մշուշոտ են ներկայացնում այս դեպքերը: Հավանաբար Դավիթն իր բանակով նույն միջոցին ներխուժել էր Շիրակ` Գագիկ Առաջինի տիրույթները: Ամեն դեպքում, գործը բախման չհասավ և կողմերը նստեցին բանակցությունների: Ցավոք, Շիրակավանի բանակցությունների մասին էլ շատ բան հայտնի չէ: Պարզ է մեկ բան. արդյունքում Գագիկ Առաջինը Լոռիում ձեռք բերեց Կայան և Կայծոն ամրոցները:

Արտաքին հարաբերություններում Գագիկ Առաջինն իրեն բավական ամուր էր զգում: Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ: Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը: Այդ նպատակով 1000 թ. Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ Բուլղարասպանը: Շատ հայ գահակալներ և իշխաններ ընդառաջ գնացին և դիմավորեցին Բյուզանդիայի կայսերը: Բայց Գագիկ Առաջինն իր պատվից վեր համարեց դա և արհամարհեց Վասիլին:

Գագիկ Առաջինի թագավորությունը բավական ընդարձակ էր և ուժեղ: Անիի թագավորությունը միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն ուներ:

Նրա օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը: Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկի թագավորության շրջանում: 1001 թ. նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթողիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ: Բացի Կաթողիկե տաճարից, նրա օրոք Անիում ու թագավորության տարածքում այլ շքեղաշուք աշխարհիկ ու հոգևոր շինություններ էլ կառուցվեցին:

Գագիկ Առաջինը մահացավ 1020 թ., ծեր հասակում: Նա երեք որդի թողեց` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Ավագության իրավունքով հայոց գահը պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը: Սակայն նա հսկայամարմին, բայց թուլակազմ մարդ էր, չէր սիրում զենք բռնել: Նրա հակապատկերն էր եղբայրը` Աշոտը, որ խիզախ էր ու քաջ:

Հայոց ավագանու մի մասը ցանկանում էր հայոց գահին տեսնել քաջ Աշոտին, իսկ մյուս մասը, որին ձեռնտու էր թագավորական իշխանության թուլացումը, Հովհաննես-Սմբատին:

Շուտով երկու եղբայրների միջև պատերազմ է սկսվում հոր թողած ժառանգությանը տիրանալու համար: Աշոտը հաղթող է դուրս գալիս, ճակատամարտի ժամանակ գերում ավագ եղբորը և հանձնում իր իշխաններից Ապիրատ Պահլավունուն` հրամայելով նրան մահվան դատապարտել: Սակայն Ապիրատ իշխանը Հովհաննես-Սմբատին հասցնում է Անի և ազատ է արձակում:

Պատերազմը եղբայրների միջև շարունակվում է, ի վերջո հայ իշխանների միջամտությամբ խաղաղություն է հաստատվում և պայմանագիր կնքվում: Համաձայն պայմանագրի` Անին իր շրջակայքով ժառանգում է Հովհաննես-Սմբատ Գ-ն (1020-1041), իսկ թագավորության մնացյալ հատվածի վրա թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041): Քանի որ Հովհաննես-Սմբատը ժառանգ չուներ, նրա մահից հետո թագավորությունը պիտի ժառանգեր Աշոտը: Սակայն 1041 թ. գրեթե միաժամանակ մահանում են Հովհաննես-Սմբատ Գ-ն և նրա եղբայրը` Աշոտ Դ-ն: Մեկ տարի անց հայոց ավագանու աջակցությամբ գահ է բարձրանում Աշոտ Դ որդին` 18-ամյա Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքան:

Նրա օրոք ավելի է մեծանում բյուզանդական ճնշումը Հայաստանի վրա: Գագիկը Վահրամ Պահլավունի սպարապետի աջակցությամբ մի քանի անգամ ջարդում է բյուզանդական բանակները Անվո պարիսպների տակ: Բյուզանդիան, չկարողանալով զենքով ծնկի բերել Հայաստանը, դիմում է խարդախության:

Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի աջակցությամբ ու խորհրդով Գագիկ Երկրորդին հրավիրում է Կոստանդնուպոլիս և արգելափակում: Միայն այդ գնով Բյուզանդիան կարողացավ ծնկի բերել հայոց թագավորությունը, և արյան գնով ձեռք բերված անկախությունը հայոց կաթողիկոսը վաճառեց Բյուզանդական կայսրությանը:

 

 

 

Անկախության հանրաքվե

անկախություն1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

1.         Ռումինիա – 11.11.1991

2.         Ռուսաստան – 16.12.1991

3.         Թուրքիա – 16.12.1991

4.         Մոնղոլիա – 20.12.1991

5.         Ուկրաինա – 21.12.1991

6.         Շվեյցարիա – 23.12.1991

7.         Կոստա-Ռիկա – 23.12.1991

8.         Բուլղարիա – 23.12.1991

9.         Ղազախստան – 23.12.1991

10.       Աֆղանստան – 24.12.1991

11.       Մեքսիկա – 25.12.1991

12.       Իսրայել – 25.12.1991

13.       Կանադա – 25.12.1991

14.       Կուբա – 25.12.1991

15.       Իրան – 25.12.1991

16.       Թունիս – 25.12.1991

17.       Պերու – 26.12.1991

18.       Թաիլանդ – 26.12.1991

19.       ԿԺԴՀ – 26.12.1991

20.       Հնդկաստան – 26.12.1991

21.       Բրազիլիա – 26.12.1991

22.       Ավստրալիա – 26.12.1991

23.       ԱՄՆ – 27.12.1991

24.       Եգիպտոս – 27.12.1991

25.       Չինաստան – 27.12.1991

26.       Ուրուգվայ – 27.12.1991

27.       Ալժիր – 27.12.1991

28.       Սլովենիա – 27.12.1991

29.       Վիետնամ – 27.12.1991

30.       Լեհաստան – 27.12.1991

31.       Հորդանան – 28.12.1991

32.       Ինդոնեզիա – 28.12.1991

33.       Ճապոնիա – 28.12.1991

34.       Բանգլադեշ – 28.12.1991

35.       Օման – 28.12.1991

36.       Կամբոջա – 29.12.1991

37.       Ֆինլանդիա – 30.12.1991

38.       Հարավային Կորեա – 30.12.1991

39.       Լիբանան – 30.12.1991

40.       Բելգիա – 31.12.ա1991

41.       Արգենտինա – 31.12.1991

42.       Դանիա – 31.12.1991

43.       Նիդեռլանդներ – 31.12.1991

44.       Հարավսլավիա – 31.12.1991

45.       Մարոկկո – 31.12.1991

46.       Գերմանիա – 31.12.1991

47.       Մեծ Բրիտանիա – 31.12.1991

1992 թ. ճանաչման գործընթացը շարունակվեց, և էլի տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նրա հետ:

 

 

 

Էթիկայի հանձնաժողովը նոր կազմով կքննարկի Հերմինե Նաղդալյանի հարցը

աժՍեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կգումարի աշնանային նստաշրջանի առաջին նիստը:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ հանձնաժողովի կայքէջից, օրակարգում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության սեպտեմբերի 9-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
Կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը:
Դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ա/Ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ, ի լրումն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արգելքի խախտման, օրենսդրական և ձեռնարկատիրական գործունեության զուգակցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում պատգամավորի կողմից պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու և շահերի բախման ռիսկերի հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ:
Ի դեպ՝ ԱԺ չորրորդ նստաշրջանում գործող Էթիկայի հանձնաժողովի կազմը որոշակի փոփոխություններ է կրել: Այն կունենա 5 անդամ՝ ի տարբերություն նախորդ նստաշրջանի 7 անդամի: Հանձնաժողովի կազմում ոչ ընդդիմադիր ու ընդդիմադիր խմբակցությունները կունենան երկուական՝ նախորդ նստաշրջանի երեքականի փոխարեն, այլընտրանք համարվող «Բարգավաճ Հայաստան»-ը՝ մեկ ներկայացուցիչ:
Թվակազմի փոփոխությունը պայմանավորված է հանձնաժողովում իր տեղից  այս նստաշրջանում հրաժարվելու մասին ընդդիմադիր՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության որոշմամբ:
Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի, Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թիվը պետք է հավասար լինի, մեկ անդամ կարող է ունենալ իրեն ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր չհայտարարած խմբակցությունը:
ՀԱԿ-ի որոշմամբ պայմանավորված ևս մեկ փոփոխություն է կատարվել. այս նստաշրջանում հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր կլինի: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին, և այս նստաշրջանում այդ իրավունքն անցնում էր ամենամեծաթիվ ընդդիմադիր ՀԱԿ-ին:
Ըստ այդմ՝ հանձնաժողովը կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես և նախորդ նստաշրջանում, կներկայացնեն համապատասխանաբար Վահան Բաբայանը և  Հովհաննես Մարգարյանը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին փոխել են: ՀՅԴ-ն կներկայացնի Արծվիկ Մինասյանը, իսկ «Ժառանգություն»-ը՝ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Վերջին երկուսն ավելի վաղ այս հանձնաժողովում աշխատանքի փորձ ունեն:
«Փաստինֆո»

 

Իեն Գիլանի սարսափազդու հիշողություններն ու Գյումրին

IMG_1074Ջոն Դի, մեծանուն երաժիշտ և մարդ, ով կարող է արցունքներով արտասվել մի պարզ երաժշտական դպրոցի բացման կապակցությամբ: Իեն Գիլան, աշխարհահռչակ, բայց հասարակ մարդ, ով երկրից երկիր է գնում առանց թիկնապահի, շփվում, ուրախանում, կիսվում է հասարակ քաղաքացու հետ` առանց մեծամտության:

IMG_1076Գյումրին արվեստի, մշակույթի քաղաք է, մշակութային մայրաքաղաք, ով աշխարհին տվել է բազում մեզում մեծանուն զավակներ: Ինչ ևս իր գիրկն է առել համաշխարհային լեգենդների: Իսկ վերջին 25 տարին այս հանճարները չեն կարող անտարբեր անցնել ու որևէ կերպ իրենց լուման չներդնել աղետի հետևանքները թոթափելուն:
Նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկան նաև ռոքի համաշխարհային աստղերը ու դա շարունակվում է մինչ օրս: 2009 թվականին այցելելով Գյումրի Թոնի Այոմին, Իեն Գիլանը, Ջեֆ Դաունսը և Ջոն Դին, իրենց առջև խնդիր դրեցին` օգնել վերակառուցել երկրաշարժից ավերված թիվ 6 երաժշտական դպրոցը:
“24 տարի առաջ` սարսափելի տխուր մի պահի մեկնարկեց “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագիրը: 1990 թվականին էր, որ ես ու Իենն առաջին անգամ աղետի գոտում եղանք: Մինչդեռ այսօր բոլորս հավաքվել ենք ուրախ առիթով: Երեխաներ, դու հիմա մի ընծա եք ստանում և պիտի լավագույնս օգտվեք դրանքից, որովհետև շատ մարդիկ շատ ջանքեր են ներդրել դրա մեջ”, – դպրոցի շահագործումից հետո սաներին դիմեց Ջոն Դին:
Նրան լրացնում է Իեն Գիլանը. “Անհավատալի հաճույք է այստեղ կանգնել և ականատես լինել այս ամենից հետո մեր նախագծի ավարտին: Իմ անձնական ներգրավվումն ու գործունեությունը սկսվեց 1990 թվականի հունիս ամսին, երբ մեքենայով Երևանից ուղևորվեցինք Սպիտակ, իմ աչքերով ականատես եղա ավերածություններին: Այնքան սարսափազդու էին տեսարանները, որ չեմ ուզում հիշել ու արտաբերել դրանց մասին: Բայց մի բան տպավորվել է իմ մեջ. մի պառավ կին խմբային լուսանկար էր բռնել ձեռքին: Իր ամբողջ ընտանիքը զոհվել էր` 28 հոգի, երեխաները, թոռներն ու ծոռները: Նա չէր կարողանում խոսել: Ես մտածեցի` հնարավոր չէ այս ամենից դուրս գալ, հաղթահարել…
Հետո ես զրուցեցի Սպիտակի քաղաքապետի հետ, և նա հայտնեց, որ մեկ տարի է քաղաքում երաժշտություն չի հնչել. եկեղեցում, դպրոցներում ոչ մի մեղեդի, ռադիոյով երաժշտություն չկա և այն տպավորությունն է, որ նույնիսկ թռչուններն են դադարել դայլայլել: Ու ես ընդամենը կարողացա ասել, որ երբ դուք նորից պատրաստ կլինեք երաժշտության, մենք մի բան կանենք:
Այն ժամանակ մտածում էինք միգուցե համերգ տանք: Սկսելու համար “Ռոքն օգնում է Հայաստանին” ալբոմը թողարկեցինք: Դա ավելի շատ միջազգային իրազեկությունը բարձրացնելու և դրամահավաքին կոչված նախաձեռնություն էր: Այն ժամանակ BBC-ներ չկային: Բայց ընդամենը մի 2-3 տարի առաջ մեր մտքով անցավ, որ երաժշտական դպրոցը կարող է վերածնունդի առանցքը դառնալ: Բոլոր կոճակները սեղմեցինք ու մեկնարկեց ծրագիրը”:
Այսօր արդեն երկհարկ դպրոցն իր հյուրընկալ դռները բացել է աշակերտների ու մանկավարժների առաջ, ովքեր խոստանում են աշխարհում բարձր պահել ոչ միայն Գյումրու, այլև իրենց բարերարների արդեն փառապանձ անունները:

Նախագահը անցկացրեց փակ խորհրդակցություն և հանդիպեց Վարդան Ղուկասյանին

IMG_1111Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկա գտնվեց թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, ապա մասնակցեց Գյումրիում մեկնարկած «Արտէքսպո 2013» և «Արհեստագործական ավանդույթների ներկայացում – փառատոնին», որն անցկացվում է Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում:

Երկրի ղեկավարը շրջեց տաղավարներում, դիտեց ներակայցված աշխատանքները, զրուցեց արվեստագետների ու մասնակիցների հետ: Մի պահ կանգ առավ նաև Սբ. «Ամենափրկիչ» եկեղեցու մոտ: Այստեղ նախագահին դիմավորեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և առանձնացան եկեղեցու ներսում:
Փառատոնային շրջայցից հետո նախագահը փակ խորհրդակցություն անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, որից հետո համատեղ ասուլիսով հանդես եկան քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
«Հանրապետության նախագահին ամբողջությամբ զեկուցվեց ընթացակարգի մասին: Շինարարական աշխատանքները սեպտեմբերի 14-ից սկսված են: «Մուշ 2» թաղամասում իրականացվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ և բնակարաններով կապահովվի շուրջ 425 ընտանիք: Շինարարության դադերցման խնդիրը կայանում էր վերանախագծման հետ: Քանի որ կառավարության 432 որոշմամբ ժամկետ էր սահմանվել մինչև 2011 թվականը, մարզպետարանի և քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունն ընդառաջ գնացք այդ խնդրանքին և շահառուների ճանաչման գործընթացի և փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները երկարացվեցին: Դրանից ելնելով` վերանախագծման խնդիր առաջացավ: Նախագծման աշխատանքներն ամբողջությամբ «Գլենդել Հիլզն» արդեն ավարտել է և աշխատանքները սկսվել են», – խորհրդակցությանը տեղի ունեցածի մասին ասում է քաղաքաշինության նախարարը:
Իսկ խորհրդակցության մյուս թեմաների մասին փակագծեր է բացում Շիրակի մարզպետը. «Խոսել ենք այն պետական ծրագրերի մասին, որոնք այսօր իրականացվում են Գյումրիում և մենք առաջարկել ենք այն ծրագրերը, որոնք կուզենայինք տեսնել: Հանրապետության նախագահը լսել է մեր առաջարկները, եղել են կոնկրետ հանձնարարականներ և խոստացել է, որ հաջորդ տարվա համար կատարվող աշխատանքներին լրացուցիչ գումարներ կհատկացվեն: Հիմնականը վերաբերում է կոյուղու կառուցմանը, ճանապարհաշինությանը, և կոնկրետ մի քանի շինությունների մասով, որոնք չէր ուզենա շարունակեինք: Կոնկրետ պահանջ է դրվել տնակային տնտեսություններից քաղաքը մաքրելու. մարդիկ ովքեր բնակարաններ են ստացել, այնպայման պետք է ազատեն տնակները: Աշխատատեղերի հետ կապված` ներդրումների ուղվածությունը փոխելու խնդիր ունենք: Այսօր նախագծեր ունենք աշխատատեղերի ավելացման, կան կոնկրետ ծրագրեր, ներդնողներ և առաջարկություններ: Դրանց հետ կապված մենք առաջիկայում ելույթներ կլինեն»:

Ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

508.  Reception dedicated to the independence day of Armenia  20.09.2013            Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի եւ Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները:

 

ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնեւիչը:

 

Միջոցառմանը հանդես է եկել հայ համայնքի ՞՞Էրեբունի՞՞ պարի համույթը, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

 

3833Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան և Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան 22 տարի, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ բոլոր տարիներին բարոնուհի Քոքսը եղել է արցախահայության կողքին, այդ թվում՝ ամենաօրհասական պահերին և հաճախ վտանգվելով կյանքը, անգնահատելի աջակցություն ցուցաբերել արցախցիներին: «Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր արիությունը, մարդասիրությունը, ազնվությունն ու խաղաղության և ազատության պաշտպանության դիրքերում Ձեր հաստատուն կեցվածքը, կարևորում Ձեր յուրաքանչյուր այցը: Ձեր գործադրած հսկայածավալ ջանքերը մեծ արժեք ունեն նաև Ղարաբաղյան պատերազմի տարեգրությունն ամրագրելու տեսանկյունից: Դուք վայելում եք և մշտապես վայելելու եք հայ ժողովրդի ճանաչումը, մեծարանքն ու սերը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բարոնուհու դերը նաև հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բարոնուհի Քոքսը Նախագահի հետ խոսել է Արցախ և Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից անկրկնելի տպավորությունների մասին և ընդգծել, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության և նաև Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս իր հնարավորությունների սահմաններում աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների

001 (2)Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի նոր ու հարմարավետ առանձնատներում: Բազմազավակ երկու ընտանիքների համար, օրն իսկապես սպասված էր:
Շնորհավորելով նրանց նոր բնակարններ ստանալու կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին՝ մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար. «Մենք ուսումնասիրել էինք այդ երկու ընտանիքների պայմանները և բարերարի հետ միասին փորձեցինք աջակցել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին, որ ստեղծեցին այս թաղամասը և Երևան քաղաքի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքները, որոնք չունեին բնակարաններ, հնարավորություն ստացան ապրել հարմարավետ բնակարաններում»,- նշել է քաղաքապետը:
Հույսի Ավանում այսօր արդեն շուրջ 79 ընտանիքներ են բնակվում: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական այս ծրագրի շարունակականության ապահովման հարցում. «Մենք հույս ունենք որոշակի ժամանակ հետո այստեղ ապրող ընտանիքների թիվը հասցնել մինչև 200-ի: Քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել ծրագրին աջակցելու հարցում և վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք շարունակելու ենք սատարել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրին աջակցելու համար, նկատել է, որ այսօրը ինչ-որ առումով նաև խորհրդանշական է, քանզի դեռևս 2001թ-ին, երբ մայրաքաղաքում առաջին անգամ մեկնարեց այս ծրագիրը, թաղամասի առաջին բնակիչներին բանալիները հանձնել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքի բազմաբնակարաններն արտաքին նոր տեսք են ստանում

001 (1)Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է։ Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը և արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նշված «պանելային» բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։

«Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրել ենք ճարտարապետի լուծումների վրա, դրանք գործածել ենք այս տիպային շենքերին յուրահատկություն հաղորդելու, այն ընդգծելու համար»,– նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին և հավելել, որ ծրագրում ընդգրկվելիք շենքերի գունային համադրություններն ու լուծումները տարբեր են լինելու։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նվեր՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին

001Երևանի Սուրբ Աստվածամայ բժշկական կենտրոնը Գերմանիայի Նոյենհաուս քաղաքի «Օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպության կողմից ռեանիմոբիլ է նվեր ստացել։ Մեքենան կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ մանկահասակներին առաջին անհապաղ բուժօգնությունը ցուցաբերելու համար։

«Ռեանիմոբիլ, իհարկե, ունեինք, սակայն այս մեկը ավելի համալիր է, արդիականացված ու հագեցած անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ «Սուրբ Աստվածամայրը» համապետական նշանակության բժշկական կենտրոն է, քանի որ մանկական բուժօգնության ծառայությություններ կան, որ միայն մեր կենտրոնն է իրականացնում։ Այս տեսանկյունից՝ ցանկացած այսօրինակ արդիականացում, ձեռքբերում շատ մեծ նշանակություն ունի, քանի որ շատ դեպքերում կարիք է լինում ծանր վիճակում գտնվող հիվանդներին նույնիսկ մարզերից մեր կենտրոն տեղափոխել, այն էլ համապատասխան մասնագետների՝ ռեանիմատոլոգների, նեյրովիրաբույժների ուղեկցությամբ»,– նշել է Սուրբ Աստվածամայ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
Ռեանիմոբիլը Գերմանիայից Հայաստան տեղափոխել, ապա բժշկական կենտրոնին հանձնել է Նոյենհաուսի քաղաքապետ Յոհան Արենդսը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Աշխարհահռչակ երաժիշտները Գյումրիի դպրոցի բացմանը

IMG_1101Այսօր Գյումրիում մեծ հանդիսությամբ բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը «Do Something» կազմակերպության ղեկավար Ջոն Դին, բարերար Էդվարդ Մարդիգյանը և, իհարկե, «Deep Purple» խմբի մենակատար, լեգենդար Իեն Գիլանը` կնոջ հետ:

Թիվ 6 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին: Մինչև 1988 թվականի երկրաշարժը դպրոցում սովորել է 480 աշակերտ: Երկրաշարժից երկու տարի անց` 1990 թվականից դպրոցը վերսկսել է գործել տնակային պայմաններում:
2009 թվականին «Մեդիմաքսի» հրավերով Հայաստան այցելած աշխահրահռչակ երաժիշտներ Իեն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը և Ջոն Դին պատրաստակամություն են հայտնում օգնել դպրոցի նոր շենքի կառուցմանը:
Նրանց համերգներից ու նախագծերից ստացված հասույթների, «Մեդիամաքսի» ու ՀՕՖ –ի հետ համագործակցության շնորհիվ անցած տարի մեկնարկեց դպրոցի շենքի շինարարությունը: Ուղիղ մեկ տարի անց երկհարկանի նորակառույց դպրոցն իր դռները բացեց 250 աշակերտի համար: Այս ողջ ընթացքում դպրոցին նվիրաբերվել են նոր երաժշտական գործիքներ:
IMG_1071«Հեռավոր 1989 թվականին, երբ Ջոն Դին նախաձեռնեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը, նա ընդամենը 24 տարեկան էր: Բայց դա չխանգարեց իրեն համախմբել ռոքի ամենաազդեցիկ աստղերին: Ասեմ ավելին, Ջոնի գաղափարն այնքան ազդեցիկ էր, որ այն կենդանի է մինչև այսօր:
Չորս տարի առաջ մենք այստեղ եկանք Ջոն Դիի, Թոմի Այոմիի, Իեն Գիլանի հետ և խոստացանք վերակառուցել այս դպրոցը:
Պետք է անկեղծ ասեմ, որ դպրոցի տնօրենը մի քիչ թերահավատ էր: Ասում էր` այս 20 տարիներին շատ մարդիկ են եկել, շատ բաներ են խոստացել, բայց մենք մեր խոստումը կատարեցինք», – գոհունակությամբ նշեց ծրագրի նախաձեռնող «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը:
«Վերջապես հասանք մեր նախաձեռնության ավարտին. Երբ տեսա այս շենքը` աչքերս թրջվեցին, որովհետև սքանչելի, գեղեցիկ, շատ լավ է ստացվել շենքը: Ես արդեն կարողանում եմ լսել երաժշտությունը:
Շենքն արդեն ավարտված է, բայց մենք Կանադայում մի բարեկամ ունենք Թիմ Էրվին անունով, ով մի անհավատալի նպաստ է բերել այս դպրոցին. նա մատակարարել է երաժշտական գործիքներ: Ես վստահ եմ, որ այստեղ կլինեն սաներ, որոնք վիրտուոզներ կդառնան: Այս մի փուլը մենք վստահաբար ավարտել ենք», – իր հերթին ասում է Իեն Գիլանը:
Բարերար-հյուրերին դպրոցի սաները բացօթյա համերգ նվիրեցին` որպես շնորհակալություն այս գեղեցիկ ու կարևոր քայլի:
Հավելենք, որ աղետից հետո երաժշտական դպրոցը գործում էր տնակներում` նեղլիկ, անհրապույր, ցուրտ ու խոնավ դասարաններում, որտեղից 1000-ավոր սաներ հնարավորություն են ստացել մուտք գործել երաժշտական ասպարեզ:
Միջոցառման ավարտին Իեն Գիլանը, Ջոն Դին և Սերժ Սարգսյանը դպրոցի բակում ծառ տնկեցին:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

 3809Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում:

38251976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ և 1990թ.-ից ուսումնական գործընթացը վերսկսել տնակային պայմաններում, կառուցվել է 2012-2013թթ. «Մեդիամաքս» մեդիա ընկերության, Հայ օգնության ֆոնդի և «Do something» կազմակերպության համատեղ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Դպրոցի կառուցման նախաձեռնությանն աջակցել են գլխավոր նվիրատուներ Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, նաև բազմաթիվ այլ նվիրատուներ՝ ՀՀ կառավարությունը, բարերարներ, մի շարք մասնավոր ընկերություններ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Գյումրու «Արագած» ճեմափողոց, որտեղ նրան ներկայացվել են փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախագահին զեկուցվել է, որ 1960-ական թթ. կառուցված «Արագած» ճեմափողոցը, որը միացնում է Հաղթանակի պողոտան Վարդանանց հրապարակին, 1988թ. երկրաշարժից հետո մինչև 2012թ. բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքների չի ենթարկվել: Գյումրի համայնքի բյուջեի միջոցների հաշվին 2012թ. հունիս-նոյեմբեր ժամանակահատվածում և 2013թ. իրականացվել են ճեմափողոցի հիմնանորոգման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ:
Սերժ Սարգսյանը Գյումրիում այցելել է նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում բացված «Խաչքարերի պուրակ», որտեղ ներկա է գտնվել «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արհեստների և արվեստների փառատոնին», այնուհետև Վարդանանց հրապարակում դիտել է «Արտ էքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը: Շրջայցի ճանապարհին Նախագահն այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ևս, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու քաղաքապետարանում՝ քաղաքի զարգացման ծրագրերի, իրականացված աշխատանքների, այդ թվում՝ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի և առկա խնդիրների վերաբերյալ: Ընդգծելով, որ շարունակվելու է Շիրակի մարզին, այդ թվում՝ Գյումրի քաղաքին պետական աջակցությունը բնակարանաշինության, քաղաքի բարեկարգման և մի շարք այլ ուղղություններով՝ Նախագահը միաժամանակ կարևորել է տեղական իշխանությունների ակտիվ աշխատանքը ինչպես առկա խնդիրների լուծման, այնպես էլ զարգացման ծրագրերի իրականացման գործում: Զեկույցներով հանդես են եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ, Նախագահի աշխատակազմի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահը պատասխանել է խորհրդակցության թեմայի վերաբերյալ մասնակիցներին հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան հանձնարարականներ: