Հայ -չինական գործարանի հիմնումը՝ իրատեսական

գետնատանձՆախատեսվում է գետնախնձորի արտադրանքն ամբողջությամբ արտահանել

 Նախորդ համարում անդրադարձել էինք, որ գետնախնձորի արտադրությունը Հայաստանում բավական հեռանկարային կարող է լինել: Մասնագետներն ու ոլորտի պատասխանատուներն արդեն ընդգրկված են այդ մշակաբույսի արտադրության և բազմացման գյուղատնտեսական աշխատանքներում: Արդեն խոսել ենք այդ մշակաբույսի օգտակարության և նրանից ստացվող այլ նյութերի ու բաղադրությունների մասին, որոնց կիրառումը լինելու է բազմոլորտ ու տարատեսակ: Պետությունը ևս պատրաստ է աջակցելու մասնավոր հատվածին, որպեսզի գյուղատնտեսական նշանակության այս կարևորագույն ծրագիրը կյանքի կոչվի: Հաշվի առնելով, որ գետնախնձորի մշակաբույսի արտադրությունը շատ քիչ երկրներում է զարգացած, ուստի պետությունը նպատակադրված է, այս առումով, որպես հետաքրքիր տարածաշրջան, նոր ներդրողներ ներգրավել:

Շուրջ մեկ ամիս առաջ այս նպատակով կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը գումար է տրամադրել միջազգային մամուլում հայտեր ներկայացնելու համար: Նախարարությունից տեղեկացանք, որ նրանց հանձնարարվել է ապահովել ներդրումային գործընթացը, հայտարարել մրցույթ, ամփոփել առաջարկները և իրականացնել կազմակերպչական աշխատանքներ: Նշենք, որ արդեն իրատեսական է երկրի ներսում ինուլինի արտադրություն սկսելը և նրա լայնածավալ արտահանմամբ զբաղվելը:

Նշենք, որ ծրագրով հետաքրքրված է Չինաստանը, որտեղ գետնախնձորի արտադրությունը զարգացման բավական լուրջ հիմքերի վրա է: Առաջին լուրջ ներդրողը լինելու է հենց չինական կողմը: Համատեղ գործարանի ստեղծումը կլինի նախագծի կարևորագույն բաղկացուցիչը, որի միջոցով գետնախնձորի խորքային մշակումից կստացվեն ֆրուկտոզ՝ պտղաշաքար, ինուլին, պեկտին և բիոէթանոլ, կենսագազ, կենսահումուս և այլն: Ինչքանո՞վ իրատեսական կլինի ծրագրի այս հատվածի իրականացումը, և ի՞նչ գործընթացներ են նախատեսվում համատեղ գործարանի կառուցման ուղղությամբ, զրուցեցինք «Գյուղկորպորացիա» ՓԲԸ տնօրեն Վահան Շիրխանյանի հետ:

– Պարո՛ն Շիրխանյան, ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ գործարան այնուամենայնիվ կհիմնվի:

– Գետնախնձորի արտադրությունը և՛ շահութաբեր է, և՛ հեռանկարային, որի իրականացումը կարող է քարշակ դառնալ ողջ գյուղատնտեսության համար` որոշակիորեն բարձրացնելով երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման աստիճանը:

Երկրի ներսում ունենալով ինուլինի արտադրություն` կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կավելանան հարկային մուտքերը, իրացման արդյունքում կավելանա առևտրաշրջանառությունը, իսկ ներքին շուկայում ինուլինի սպառումը որոշակիորեն կանդրադառնա այդ հումքով պատրաստված դեղատեսակների ինքնարժեքի սահմանման վրա:

Եկող տարվա աշնանն իրատեսական կդառնա ինուլինի գործարանի հիմնումը, ինչը նախապես ծրագրված է: Այն նոր շարժիչ ուժ է հաղորդելու ագրոարդյունաբերության զարգացմանը, և Հայաստանը դառնալու է տարածաշրջանում առաջին երկիրը, որը վերամշակելու և ստանալու է ինուլին, բիոէթանոլ, որը, կարծում եմ, կլինի այս դարի նորագույն վառելիքը՝ բենզինը: Երկու տարի հետո անհրաժեշտ ցանքատարածություններն ապահովելուց հետո գործարանը հնարավոր կլինի հումքով ապահովել: Իսկ առայժմ, նույնիսկ բարձր գների առաջարկի դեպքում, բերքը չի վաճառվելու:

– Այսինքն՝ տեղական շուկայում սպառումը կլինի փոքրածավալ, իսկ ինչպե՞ս է իրականացվելու արտահանումը, կա՞ն արդեն համապատասխան շուկաներ տոննաներով բերքի իրացման համար:

– Արտադրանքը հիմնականում ուղղված է լինելու արտահանմանը, և առաջին հինգ տարիների ընթացքում, ըստ ձեռք բերված համաձայնության, Չինաստանն է ամբողջությամբ իրացնելու արտադրանքը: Ծրագիրը բավական խոշոր է և արդյունավետ իրականացվելու պարագայում կարող է գյուղատնտեսությանը և գյուղերի ամրապնդման հարցում մեծ դեր ունենալ: Արտադրանքի սպառման խնդիր չի լինելու: Հողերը, որոնց վրա աճեցնում են գետնախնձորը, երկու տասնամյակ չեն մշակվել: Մենք ոչինչ չկորցնելով՝ միայն շահում ենք, վերադարձնում ենք գյուղատնտեսության մեջ շրջանառվող հողեր, ստեղծում ենք արտահանման ենթակա արտադրանք, ստեղծում ենք աշխատատեղեր:

– Որտե՞ղ է նախատեսվում ստեղծել գործարանը, այն նո՞ր, թե՞ հին հենքի վրա է կառուցվելու և, մոտավոր հաշվարկով, որքա՞ն զբաղվածություն է ապահովելու:

– Ինչ վերաբերում է գործարանի ստեղծմանը, ապա գյուղատնտեսության ոլորտում այս ծրագիրը կապահովի նաև զբաղվածություն, որի շնորհիվ աշխատանք կունենա մոտ 1800 մարդ, 300-ը` գործարանում: Այնտեղ տարեկան կվերամշակվի շուրջ 45 հազար տոննա գետնախնձոր և կապահովի 3-4 հազար տոննա բարձրարժեք արտադրանք, ինչը, ինչպես նշեցի, արդեն, հիմնականում արտահանվելու է՝ իհարկե ապահովելով նաև ներքին պահանջարկը:

Հավելեմ, որ գործարանը նախատեսվում է հիմնել Գագարինում, որտեղ պահպանված են տրանսպորտային և այլ ենթակառուցվածքները: Եվ առհասարակ, արժե նշել, որ ճանաչված և բարձրակարգ մասնագետների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները վկայում են, որ գետնախնձորը մինչև վերջերս, հիրավի, մոռացության էր մատնված:

– Բացի վերը նշվածից, ուրիշ ի՞նչ ուղղությամբ է կիրառվելու գետնախնձորից ստացված արտադրանքը:

– Արդեն ստացել ենք բավական լուրջ առաջարկներ մոտ 32 տեսակ սննդամթերքում այս մշակաբույսը կիրառելու և ներքին շուկայում սպառելու համար: Ինուլինի պարբերական կիրառումը օրգանիզմում կարգավորում է շաքարի պարունակությունը և նվազեցնում շաքարախտով հիվանդանալու վտանգը:

Տեղական արտադրանքը կվաճառվի ներմուծվող ինուլինից ավելի էժան և կլինի էկոլոգիապես ավելի մաքուր: Ինուլինից ստացված պտղաշաքարը, բացի շաքարայնությունից, ունի նաև առողջապահական և բուժիչ նշանակություն, որից հաբեր են պատրաստվում շաքարային դիաբետիկների համար և, որպես հավելում, կիրառվում նաև հյութերի մեջ: Այն օգտագործվում է նաև հացաթխման մեջ, որն օգնում է երկարացնելու հացի պահպանման ժամկետը, որակը: Ի դեպ, Չինաստանը հորդորել է բոլոր մանկական սնունդ արտադրող ընկերություններին` կերակրի, այդ թվում նաև` յոգուրտների և կաթի փոշիների մեջ որպես կենսահավելում կիրառել ինուլին, ինչի օգտագործումը բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Այդ պահանջը, ի դեպ, օրենսդրորեն գործում է Եվրոպայում:

Լ.Ն

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ԼՂՀ տարբեր ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերին

10656_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ:

Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արևածաղիկը, ստացվում է գործարանին պատկանող 220 հեկտար ցանքատարածքներից:
Վարչապետն այցելել է նաև արևածաղկի դաշտեր` ներկա գտնվել արևածաղկի հավաքման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն առաջիկայում պատրաստվում է ավելացնել բարձրորակ ձեթի արտադրական ծավալներն` արտահանում իրականացնելու նպատակով:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է գործարանի ստեղծման նախաձեռնությունը և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել վերջինիս զարգացման աշխատանքներին:
Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Տող գյուղի գինու գործարան: Տեղեկացվել է, որ գործարանը գինու արտադրությունն իրականացնում է իրեն պատկանող խաղողի այգիներից ստացվող հումքով: Տարեկան արտադրական ծավալը կազմում է 20 հազար շիշ: Գործարանն առայժմ արտադրում է երկու անուն գինի, սակայն առաջիկայում ծրագրում է ավելացնել դրանց տեսականին: Գործարանի արտադրանքի մի մասն արտահանվում է նաև Հայաստան:
Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը և ԼՂՀ վարչապետը հանդիպել են Արցախի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:
Վարչապետ Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի նախկին մետաքսի գործարանի տարածքում հիմնված գորգարծությամբ զբաղվող ընկերությունում: Այն ունի մոտ 50 աշխատող` միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Արտադրության հումքը ստեղծվում է ընկերությանը կից բացված թելի մանարանում:
Ամփոփելով ԼՂՀ կատարած այցը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն արդյունավետ է գնահատել և նշել, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ԼՂՀ-ի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: «Ծանոթացանք թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում իրականացվող նախագծերին: Առաջիկայում ենթադրվում են բազմաթիվ մասնավոր ներդրումներ, այդ թվում համագործակցություն ՀՀ ներդրողների հետ: Օրինակ, թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունը, որտեղ մենք այցելեցինք, նախատեսում է նոր հաստոցների շահագործում, նոր աշխատատեղերի ստեղծում, ինչը շատ կարևոր է:
Կարևոր է նաև գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, այդ թվում ձեթի արտադրությունը, որն ապահովում է բավականին մեծ ծավալի հումք, ինչն էլ իր հերթին խթանելու է, որպեսզի նոր ներդրումներ արվեն այդ բնագավառում` արտադրական հզորություններն ավելացնելու համար: Դրանով հնարավոր կլինի ապահովել ոչ միայն ԼՂՀ-ի բարձրորակ ձեթի պահանջարկը, այլև ՀՀ-ի: Դա կազդի նաև ձեթի ներմուծման ծավալների կրճատմանը և մենք կունենանք սեփական բավականին որակական հատկանիշներ ունեցող ձեթի տեսակներ»,
– ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր են դարձել իրականություն, լուրջ աշխատանքներ են տարվում նաև զբոսաշրջության բնագավառում: «ԼՂՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջային ոլորտին: Տեսանք, որ բազմաթիվ օբյեկտներ են հանձնվում շահագործման, ինչը մոտ տարիներին կխթանի ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից զբոսաշրջիկների ներգրավմանը:
Ծանոթացանք նաև զինվորի առoրյային, թե ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բանակում: Այն, ինչ մենք տեսանք, ակնհայտորեն վկայում են մեր լրջագույն առավելությունները պաշտպանական բնագավառում»,
– եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ ավարտվել է:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

3670

 Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
***

Համատեղ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ

Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ.
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:

Ս. Ա. Սարգսյանը և Վ. Վ. Պուտինը գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում և հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում և 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:

Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում:

Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը և երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաև երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև նոր լոգիստիկ և հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը:

Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Սարգսյան                                                    

Ռուսաստանի Դաշնության
Նախագահ
Վ. Պուտին

 

 

***

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահների
համատեղ հայտարարություն

 

Մոսկվա, 3-ը սեպտեմբերի, 2013 թվական

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ:

Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ Ռուսական կողմի պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Ա. Սարգսյան

Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Վ. Վ. Պուտին

 

 

***


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմա-նավորվածությունների համար:

Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:

Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա:

Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:

Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, և՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:

Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:

Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք և շարունակելու ենք բարեփոխումները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:

Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՆՊԱՍՏԵԼ ԵՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՍեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Շենգավիթի  բաժնի   ծառայողները  Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են  ներկայացրել  1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված  Վիոլետա  Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին:

Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Վիոլետա  Հ.-ին, Աստղիկ Ե.-ին, ոմն Սիրուշիկի, Աննայի և Անահիտի, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում, որտեղ նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև բացի օրական 5.000 դրամից, յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1.000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիրուշիկի, Աննայի և Անահիտի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի  բաժնի   ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի  մոտից, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:
Պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև, բացի օրական 5.000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում  մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթում մի շարք հանդիպումներ է ունեցել

471.Ambassador Charchoghlyan's meetings 03.09.2013Սեպտեմբերի 2-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց  Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար դոկտոր Նայֆ Ֆալլահ Ալ-Հաջրաֆի հետ: Դեսպանը շնորհավորեց պարոն Ալ-Հաջրաֆին նախարարի պաշտոնում վերանշանակվելու  կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց  կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների հարաբերություններում արձանագրված առաջընթացն ու քննարկվեցին փոխգործակցության հետագա խթանման հեռանկարները:  Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջբուհական համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույն ջանքեր գործադրել այն որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Շարիդա Աբդալլահ Ալ-Մաուշարջի հետ: Քննարկվեցին արդարադատության բնագավառում երկու երկրների միջև  համագործակցության ծավալման և ընդլայնման հեռանկարները:

Սեպտեմբերի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Մարզուկ Ալի Ալ-Ղանեմի հետ: Դեսպանը շնորհավորեց Մարզուկ Ալ-Ղանեմին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը:

Հանդիման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Քուվեյթի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան Քուվեյթի Ազգային ժողովի նախկին նախագահ Ալի Ռաշեդի՝ Հայաստան այցելության արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Երկուստեք  ընդգծվեց միջխորհրդարանական բարեկամություն խմբերի միջև շփումների ակտիվացման և շարունակականության ապահովման, պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների օրենսդիր կառույցների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման  կարևորությունը:

Հանդիպման քննարկվեցին նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀՀ-ի և ԼՂՀ-ի վարչապետերի գլխավորությամբ քննարկվել է Արցախում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ընթացքը

10655_am_1ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:
ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ Արցախում առաջացած հարցերի շուրջ իրենց առաջարկությունները, կիսվել հայաստանյան փորձով:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Կենտրոնական բանկին` կազմել պատվիրակություն, մոտ ժամանակներս այցելել ԼՂՀ` այս ոլորտում առաջացած տեխնիկական հարցերի շուրջ համատեղ ուժերով լուծումներ գտնելու համար:
Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության ծրագրերը: Տեղեկացվել է, որ ԼՂՀ-ում գյուղոլորտի զարգացման համար ներդրումները տարեցտարի աճում են, մասնավորապես, մասնավոր հատվածի կողմից այս տարի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման նպատակով ներդրվել է շուրջ 10 մլն դոլար: Գյուղտեխնիկայի ձեռքբերման համար էլ ներդրվել է 3,5 մլրդ դրամ. մեքենատրակտորային կայաններ են ստեղծվել Մարտունու և Ասկերանի շրջաններում:
Իրականացվել են նաև պարարտանյութերի և սերմերի ձեռքբերման, սուբսիդավորման ծրագրեր:
Խորհրդակցության ավարտին Հայաստանի և ԼՂՀ-ի վարչապետերի ներկայությամբ հայկական երկու հանրապետությունների գյուղատնտեսության նախարարությունների միջև կնքվել է փոխգործակցության զարգացման համաձայնագիր:

Հրամանատարաշտաբային դասընթացներ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի համար

7Y1F0009 copyՍ․թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության և կրթության նախարարության և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռքբերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը:

Դիմելով հրամանատարաշտաբային դասընթացի առաջին հոսքի ունկնդիրներին, պաշտպանության նախարար Ս․Օհանյանը ՀՀ ԶՈւ ապագա առաջնորդների պրոֆեսիոնալ կայացման կարևորագույն ուղենիշ հանդիսացող այս նոր դասընթացի մասնակիցներին հորդորեց «ցուցաբերել բանիմացության, հանձնառության և  բնավորության այնպիսի որակներ, որոնք նրանցից ակնկալում են հայ ժողովուրդը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, անմիջական հրամանատարները, կոլեգաները և ենթակաները»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

3668

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար և նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների և, իհարկե, ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կառուցված են մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա: Ես վստահ եմ, որ այսուհետ ևս այդ հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման հունով՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն: Համոզված եմ, որ հայերի և ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ: Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, և ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան: Դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Այդուհանդերձ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է լուծել այնպես, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի: Եվ այդ կապակցությամբ էլ ես եկել եմ Մոսկվա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով գործընկերոջը Մոսկվայում՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և այցի համար. «Սա Ձեր երկրորդ այցն է վերջին ժամանակաշրջանում: Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հարաբերություններն այդքան ինտենսիվորեն զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով: Հաճախակի են շփումները խորհրդարանների, կառավարությունների, գործարար կառույցների մասով: Ճիշտն ասած, այդ առումով ևս արդյունքը, հուսով եմ, դրական է: Մեզ մոտ տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճն ավելի քան 23 տոկոս է: Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, և այդ միտումը պահպանվում է»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բժշկի նկատմամբ մեղմ վերաբերմունքը հանգեցրեց մահվան երկրորդ դեպքին

բժիշկԵրևանի Էրեբունի-Նուբարաշեն  վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի  նախագահությամբ, Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան վերաբեյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ տուժողի իրավահաջորդի բացակայության պատճառով:

Ինչպես գրում է Pastinfo.am -ը, ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում պետք է հարցաքննվեր տուժողի իրավահաջորդը, ուստի դատական  նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը:

Գործով մեղադրվում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը, ով ըստ մեղադրական եզրակացության, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն,  որտեղ  վիժել էր,  նրա մոտ սկսվել էր արյունահոսություն,  վիրահատվել էր,  ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:   Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին  աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ  արյունահոսությունը դադարել էր, սակայն  2-3 ժամ անց  հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:

Նշենք,  որ Վ.Մարդանյանի բժշկական պրակտիկայում  էլի նման  դատական գործ է եղել, որն,   ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի,  քննել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Ա.Օհանյանի նախագահությամբ,  արագացված դատաքննության կարգով:   Ըստ  մեղադրանքի,  «Երևանի  «Գրիգոր Նարեկացի»  բժշկական կենտրոնի ՓԲԸ   բուժգծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը  2007թ. օգոստոսի 22-ին, ժամը 13-ի սահմաններում ԲԿ-ում լապորոսկոպիկ ասիստենցիայի եղանակով վիրահատել է Երևանի  բնակիչ Մարգարիտա Աբրահամյանին, որի ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարմանը վերաբերվել է անբարեխիղճ և անփույթ, վիրահատությունը կատարել է ոչ պատշաճ` տեխնիկապես սխալ և անզգուշությամբ վնասել է հիվանդի սիգմայաձև աղու միջընդերքը, դրա զարկերակը և երակի ճյուղերը, որից առաջացած արնահոսությունից Մարգարիտա Աբրահամյանը նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում մահացել է»։

2008թ. հուլիսի 1-ի դատավճռով Վարուժան Մարդանյանը  մեղավոր էր ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ մասով  առաջադրված մեղադրանքում՝  մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և դատապարտվել 3  տարվա պայմանական ազատազրկման՝  առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու՝ 2 տարվա փորձաշրջանով։

«Փաստինֆո»

 

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին, Ղազախստանի քաղաքացին զոհվել է

ԱԻՆ1Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
ԱԻՆ2Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02 ԱԻՆ4պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1962թ. ծնված Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Տուրսինբայ Կուլբաևի Նակիբեկովը տեղում զոհվել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից:

 

Լուսանկարները` Mes.am-ի

Երասխում անասնագոմ է այրվել

հրդեհՍեպտեմբերի 3-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի դպրոցի մոտկայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 47 տան հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին, մարվել` 07.11-ին:

Այրվել է Բ. Մ.-ին պատակնող անասնագոմի տանիքը (16 քմ), կից պահեստավորված աթար (16 քմ) և վառելափայտ (16 քմ):

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՍեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Վայոց ձորի մարզի 1000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող «Մանուշակ» պանկապարտեզի մոտակայքում այրվել է 10 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում` Ջրաբերի ավազի հանքերի մոտակայքում՝ 700 քմ, Երևանի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասում՝ 100 քմ, Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Սյունիք. Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ

դատախազությունՍիսիանի քաղաքապետարանում հայտնաբերվել են չարաշահումներ` հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում։

Քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա` օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա, գոտևորման նախագծով չնախատեսված հողամասեր` էական վնաս պատճառելով համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Լևոն Անանյանի հարազատներին ու գործընկերներին

Լևոն Անանյան

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ իր և Հանրային խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, որտեղ ասվում է.

“Մեծ ափսոսանքով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի գրող Լևոն Անանյանի մահվան մասին:

Նա մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում:

Նրա կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլև հասարակական կյանքում:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին”:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  17  դեպքից բացահայտվել է 12-ը, իսկ  շորթման` 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Չորս պատահար`4 վիրավոր

ավտոպատահարԵրևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդես Բենց» է շրջվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 146-րդ կմ-ին  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենա է  շրջվել, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում   վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Միցուբիշի»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ներքին Չարբախում իրար են բախվել   «ԳԱԶ-322132  և   «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են 3 ավտոմեքենա

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.45-ին, Երևանի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ճանապարհին իրար են բախվել  «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ»   և  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Մահվան ելքով պատահարներ Զորական-Հաղթանակ և Աշտարակ-Ապարան ճանապարհներին

ավտոպատահարՄահացել են վարորդները

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Զորական-Հաղթանակ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով  վարորդը` 1980 թ. ծնված Մհեր Ազատյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԴԱՖ»  մակնիշի  ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը  (ինքնությունը պարզվում է) տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ

Էդվարդ Նալբանդյան60 տարի առաջ, 1953թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա անվամբ։ Այս պայմանագիրը, անկասկած, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարն է: 60 տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավասության ներքո գտնվող անձիք օգտվել են այս եզակի իրավական գործիքից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի պահապանի, մի շարք շրջադարձային դատավճիռներն օգնել են նշանակալիորեն ամրապնդելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարությունը եվրոպական մայրցամաքում։

Ինչպես Պիեռ-Անրի Տայժենը՝ Եվրոպական կոնվենցիայի հիմնադիր հայրերից մեկը, ավելի քան 60 տարի առաջ նշել է՝ մեկ օրում ժողովրդավարությունները չեն վատթարանում, ոչ էլ օրենքի գերակայություն է կարող հաստատվել։ Մարդու իրավունքների խրախուսումը շարունակական գործընթաց է, և մեր ընդհանուր պատասխանատվությունն է ապահովել, որ Եվրոպական կոնվենցիան մնա եվրոպական հանրային կարգի արդյունավետ սահմանադրական գործիքը, ինչպիսին այն դարձել է տարիների ընթացքում։

Այդ պատճառով է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում վերջերս Կոնվենցիայի 15-րդ  և 16-րդ Արձանագրությունների ընդունումը, որոնք ամրապնդում են մուտքագրվող գործերին ընթացք տալու՝ Դատարանի կարողությունները և բարելավում՝ ազգային մակարդակով Կոնվենցիայի կիրառումը։  Հունիսի վերջին ստորագրման համար բացվելուց ի վեր, ոչ պակաս քան 22 անդամ պետություն ստորագրել է 15-րդ Արձանագրությունը։ Եվս մեկ կարևոր քայլ կլինի հոկտեմբերի 2-ին 16-րդ Արձանագրության բացումը ստորագրման համար։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն շարունակելու է առավելագույնն անել ապահովելու Կոնվենցիայում ամրագրված իրավունքների հարգումը և պաշտպանությունը ողջ Եվրոպայում։

 

 

 

Ջամալյանի գործը կարճվեց. բժշկի դեմ բողոքող հիվանդներն այլև չեն հավատում արդարության վերականգնմանը

Սմբատ Ջամալյան-1Պարբերաբար անդրադարձել ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում սրտի վիրահատության ենթարկված հիվանդներից մեկի՝ 64-ամյա Հովհաննես Կաթրջյանի բարձրացրած հարցին: Նրա պնդմամբ՝ կենտրոնում իրեն խաբել են՝ տեղադրելով ավելի կարճ ժամանակահատվածի համար նախատեսված սրտի խթանիչ սարք, որի դիմաց ինքը վճարել է ավելին, իսկ մեկ այլ վիրահատության ժամանակ՝ մահացած մարդու խթանիչ սարք: Վիրահատությունները կատարել է կենտրոնի հիմնադիր, վիրաբույժ Սմբատ Ջամալյանը:

2008 թ. Կաթրջյանի սրտին տեղադրված խթանիչ սարքի ժամկետը սպառվելու է 2014 թվականի հունվար ամսին, և նրա սիրտը կանգ է առնելու, մինչդեռ նա վիրահատվել է՝ իմանալով, որ սարքը ծառայելու է մոտ տասը տարի:

Կաթրջյանն արդեն չորս տարի է՝ պայքարում է, որ պաշտպանի իր իրավունքները և փոխհատուցում ստանա բժշկական կենտրոնից, քանի որ նյութապես ի վիճակի չէ 2014-ին կրկին վիրահատվելու (նախորդ վիրահատությունը կատարվել է պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ, քանի որ այդ ժամանակ Կաթրջյանի որդին ծառայել է ՀՀ զինված ուժերում):

2009 թ. հիվանդը դիմել է Երևանի գլխավոր դատախազին և հայտնել, որ կենտրոնում իրեն վիրահատել են և խաբեությամբ յուրացրել որոշակի գումար: Հարուցվել է քրեական գործ: Մեծ ջանքերի շնորհիվ Կաթրջյանը հասել է նրան, որ Ջամալյանը գործում ներգրավվի որպես մեղադրյալ, իսկ ինքը` որպես տուժող: Գործը քննվում էր Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից:

Ջամալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն նրան բերման ենթարկել չէին կարողանում, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չբացակայելը, մինչդեռ նա արդեն իսկ բացակայում էր երկրից՝ գտնվելով Դանիայում:

Մինչ հետաքննությունն ընթանում էր, Կաթրջյանը ևս մեկ ցնցող փաստ է բացահայտել, որը վերաբերում է 2004 թ. իր վիրահատությանը: Նա պարզել է, որ իր սրտին տեղադրված սարքը մեկ անգամ արդեն տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու, և դա է եղել պատճառը, որ այն ծառայել է ոչ թե 12 տարի, այլ 4 տարի, և 2008-ին իրեն կրկին վիրահատել են:

Նույն կենտրոնում՝ նույն Ջամալյանի կողմից վիրահատված մեկ այլ հիվանդ՝ 62-ամյա Արտյոմ Մելքումյանը, նույնպես պարզել է, որ իր սրտին օգտագործված սարք են տեղադրել: Այդ փաստերը ներկայացվել են քննիչ Եղիազարյանին՝ գործին կցելու և հետաքննելու համար:

Հիվանդները կարծում են, որ դա եղել է արտերկրի դիահերձարաններից մահացածների խթանիչները Հայաստան ներկրելու և դրանք օգտագործելու հանցավոր գործունեություն, որը կրել է շարունակական բնույթ:

Թվում էր, թե ապացույցներն այնքան ակնառու են, որ Ջամալյանը չի խուսափի պատասխանատվությունից, բայց հուլիսի 26-ին քննիչն անակնկալ որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու, Ջամալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին:

Ի՞նչ է պարզել քննիչը: 2012 թ. հունիս ամսին Եղիազարյանը համապատասխան բժշկական փորձաքննությամբ պարզել է, որ Կաթրջյանի մարմնում տեղադրված խթանիչի աշխատունակության ժամկետը 6 տարի է, և հաստատվել է, որ նրա սարքի ժամկետին մնացել է 2 տարի, 2 ամիս, այսինքն մինչև 2014 թվականը:

Սակայն քննիչի համար առավել համոզիչ է եղել Ջամալյանի ցուցմունքը, ըստ որի` Կաթրջյանի սրտում տեղադրված խթանիչի ծառայության ժամկետը կազմում է 8-10 տարի՝ ըստ ընկերության կողմից ներկայացված տվյալների, ինչը սակայն  կրում է զուտ տեղեկատվական բնույթ, և իրավական առումով որևէ երաշխիք սրտաբանական կենտրոնի կողմից չի տրվել: Ջամալյանը նաև նշել է, որ Կաթրջյանը չի հաճախել պրոֆիլակտիկ ստուգումների, չի հետևել վարող բժշկի խորհուրդներին, որի պատճառով էլ սարքի ժամկետը կրճատվել է:

Ինչ վերաբերում է Կաթրջյանի և Մելքումյանի դիմումներին, ըստ որոնց` Ջամալյանը տեղադրել է օգտագործած սարքեր, ապա քննիչը պարզել է, որ սարքերն իսկապես օգտագործված են եղել, ինչն անթույլատրելի է:

Կենտրոնի կողմից օգտագործված սարքերը ձեռք բերելու, վիրահատության արժեքը սահմանելու և գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քննիչը գրություն է ուղարկել առողջապահության նախարարին: Ստացվել է պատասխան, ըստ որի` առողջապահության նախարարությունը տեղեկություններ չունի այդ կենտրոնի կողմից օգտագործված սարքերը ձեռք բերելու վերաբերյալ, նման սարքեր ներկրելու համար օրենսդրությամբ սահմանված կարգ կամ թույլտվություն չի պահանջվում, այն որոշվում է համապատասխան բժշկական կազմակերպության գործադիր մարմնի կողմից, հիշյալ ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է և չի գտնվում առողջապահության նախարարության ենթակայության տակ, հետևաբար նախարարությունը չի կարող որևէ կերպ տեղեկատվություն պահանջել ընկերությունից:

Օգտագործված խթանիչներ օգտագործելու մասով հետաքննությունն այդքանով ավարտվել է:

Մի խոսքով, գրեթե երկու տարի տևած նախաքննության արդյունքում ձեռք բերված փաստերը համակցության մեջ գնահատելով՝ քննիչը գտել է, որ Ջամալյանի առնչությամբ բացակայում է խարդախության հանցակազմի  սուբյեկտիվ կողմը:

Քննիչը նաև գտել է, որ Կաթրջյանի, Մելքումյանի և «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի միջև ծագած գույքային հարաբերությունները կրում են քաղաքացիա-իրավական բնույթ և ենթակա են լուծման դատական կարգով:

2011-ին Կաթրջյանն առիթմոլոգիական կենտրոնի դեմ հայց է ներկայացրել դատարան, սակայն մինչ օրս դատական նիստերն անց են կացվում առանց պատասխանող կողմի ներկայության: Կաթրջյանը դատարանից մեծ սպասելիքներ չունի, բայց եթե անգամ նրա հայցը բավարարվի, ապա որոշումը կմնա զուտ թղթի վրա արձանագրված փաստ, և հիվանդին որևէ փոխհատուցում չի տրամադրվի: Բանն այն է, որ Հայաստանի առիթմոլոգիական կենտրոնը՝ որպես ՍՊԸ, այլևս գոյություն չունի. այս տարվա ապրիլի 23-ից կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն դե յուրե: Դե ֆակտո կենտրոնը գոյություն ունի, բայց գործում է «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ-ի Մալաթիա բժշկական կենտրոնի կազմում՝ որպես սրտաբանական բաժանմունք: Այսինքն` անցյալի հետ հաշիվները մաքրված են:

Ինչ վերաբերում է քննիչի որոշմանը, ապա Կաթրջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքարկել է այն, սակայն արդարության վերականգնման հույս չունի: «Ես միգուցե պարտված եմ, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ է կատարվել այդ կենտրոնում,- ասում է նա,- Ջամալյանը բժիշկ կոչվելու իրավունք չունի: Փողը տալիս ես, մաղարիչ անում ես, շնորհակալություն հայտնում ես, ջան ասում ես, քեզ հաշմանդամ է դարձնում, ուղարկում: Հիմա էլ գործը կարճեցին, Դանիայից հետ կգա, նորից կշարունակի իր հանցավոր գործունեությունը: Եվ էս տեսակի բժշկին դեռ մրցանակ են շնորհում»:

Հիշեցնենք, որ 2009 թ. Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Հովհաննես Կաթրջյանի և Արտյոմ Մելքումյանի խոսքով՝  ժամանակին իրենցից բացի Ջամալյանից տուժած ևս երկու հիվանդներ էին պայքարում արդարությունը վերականգնելու համար, սակայն նրանցից մեկն արդեն մահացել է, իսկ մյուսը, հույսը կտրած, լռել:

Արտյոմ Մելքումյանը նույնպես կարծում է, որ պայքարելն այլևս անիմաստ է. «Նորմալ երկրում կարելի էր հույս դնել արդար դատական գործընթացի վրա, բայց ինչպես տեսնում եք, իրավապահ համակարգն աշխատում է նմանների օգտին: Իմ տպավորությամբ, եթե Ջամալյանը մեղավոր ճանաչվի, կբացահայտվի մի մեծ հանցագործության կծիկ, որը շատերին ձեռնտու չէ: Դրա համար էլ գործը կոծկում են»:

 

Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

Լևոն ԱնանյանՍեպտեմբերի 2-ին 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ  Լևոն Անանյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։  Աշխատել է մի շարք պաչբերականներում: 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2001-ից մինչ օրս եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Լևոն Անանյանին 2008-ի մայիսի 26-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր Գործչի կոչումը:

«Անկախ»-ը ցավակցում է Լևոն Անանյանի ընտանիքին և հարազատներին ծանր կորստի կապակցությամբ: