Այրել է կնոջ իրերն ու հագուստը

1366991325_hrdehՕգոստոսի 12-ին, ժամը 23.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել 75-ամյա մի կին   և հայտնել, որ իր եղբոր որդին` 1971 թ. ծնված  Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Բաբկեն Ս.-ն իր տան բակում,  դիտավորությամբ այրելով, ոչնչացրել է իր կնոջ իրերը և հագուստը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Կունենա՞նք ինուլինի արտադրություն.Կարծես թե հիմքեր կան այդպես մտածելու

գետնատանձԳետնախնձորն այն մշակաբույսն է, որը մեր երկրի գյուղատնտեսության բնագավառում  շատ քիչ է օգտագործվում: Գրեթե բոլորս էլ լսել ենք, որ գետնախնձորը` որպես բանջարեղեն, առողջարար և օգտակար հատկություններ ունի, հենց միայն այն առումով, որ օրգանիզմում կարգավորում է շաքարի պարունակությունը:

 Մեզանում այս մշակաբույսի արտադրությունը բավական փոքր ծավալներ ունի, գուցե այն պատճառով, որ վաղուց մոռացության է մատնված: Մասնագետների գնահատմամբ, գետնախնձորն այն մշակաբույսն է, որը սննդի մեջ կարող է  կիրառվել ամենատարբեր նպատակներով: Բացի այդ, կարելի է  օգտագործել թե՛ գյուղատնտեսական, թե՛ առողջապահական և թե՛ էկոլոգիական նպատակներով: Այս մշակաբույսի արտադրությամբ հետաքրքրված է ողջ աշխարհը:

 Այդ բույսը բավական հին ծագում ունի և  դարեր առաջ Եվրոպա է թափանցել Հյուսիսային Ամերիկայից: Սրա արտադրական ծավալներով բավական հարուստ են Ճապոնիան և Չինաստանը: Պարզվում է, որ մեր երկրում արդեն գտել են  գետնախնձորի վերամշակման և արտադրանքի արդյունավետ բաշխման բոլոր եղանակները: Արդեն երկու տարի է, ինչ պետություն–մասնավոր հատված համագործակցության  շնորհիվ փորձ է արվում Հայաստանում ևս զբաղվել այս բուսատեսակի խորը վերամշակմամբ: Ծրագիրն իրականացնում է «Գյուղկորպորացիա» ՓԲԸ–ն:

 Տեղեկանալու համար, թե ինչ կարելի է ստանալ այս մշակաբույսից և ինչ է  արվում այս ուղղությամբ` զրուցեցինք ընկերության գլխավոր մասնագետ, Անասնաբուծության գիտական կենտրոնի կերարտադրության բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ռազմիկ Սահակյանի հետ:

 – Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում  ծավալվում է այս բույսի վերամշակման արտադրությունը:  Առհասարակ ի՞նչ կարող է  տալ գետնախնձորի աճեցումը թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ սովորական քաղաքացուն:

– Ինուլինը պոլիսախարիդների խմբին պատկանող օրգանական նյութ է, որը բժշկության մեջ կիրառվում է  շաքարախտի դեպքում,  որպես օսլայի և շաքարի փոխարինիչ, ինչպես նաև ելման նյութ` արդյունաբերական ճանապարհով ստացվող ֆրուկտոզայի համար: Այս արժեքավոր մշակաբույսը մյուս բանջարեղեններից տարբերվում է ածխաջրային հազվադեպ բաղադրությամբ, որի հիմքում ֆրուկտոզան է: Եվ այն եզակի մշակաբույսերից է, որոնք տասնյակ տարիներ նույն տեղում բերք են  տալիս, աճեցնելու համար առանձնահատուկ մոտեցում չի պահանջվում, սրան չի սպառնում ո՛չ ցուրտը, ո՛չ երաշտը, աճեցումը չի պահանջում որոշակի կլիմա: Այն հարկավոր է  ցանել Արարատյան հարթավայրի ստորին գոտուց մինչև բարձրլեռնային հատվածներում, մասնավորապես` Ամասիայի շրջանում, Ապարանում, Սևանում, Աշոցքում: Այն միամյա բույս է, սակայն վերամշակման արդյունքում կարող է դառնալ բազմամյա:

– Իսկ ինչպե՞ս է  կազմակերպվելու գետնախնձորի արտադրությունը, ի՞նչ հիմքեր կան դրա համար, եթե հաշվի առնենք ազատ վարելահողերի սղությունը և դրանք շահագործելու հնարավորությունները:

– Գետնախնձորի արտադրությունն այսօր գյուղատնտեսության մեջ ռազմավարական կարևորություն ունեցող ծրագիր է, քանի որ կառավարության համար ևս խնդիր է չմշակվող հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը:  Տարեկան շուրջ 150 – 170 հազար հա հողատարածք մնում է  անմշակ, իսկ ընդհանուր հողերի մոտ 35%-ը`  անջրդի: Անմշակ հողերի շահագործմամբ, ի դեպ, շահելու է թե՛ սովորական գյուղացին, թե՛ պետությունը, թե՛ քաղաքացին: Արդեն վարձակալական հիմքերով ձեռք  է բերվել մոտ 40 հա հողատարածք: Այդ մշակաբույսը նախատեսվում է աճեցնել Հայաստանի չորս մարզերում՝ Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնում և Կոտայքում: Պայմանավորվածություն կա արտադրություն ծավալել նաև Սևանում, Կամոյի և Գավառի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենիսում: 40 հա հողատարածք կա վարձակալված նաև Լոռիում: Հանրապետության տարածքում անջրդի վարձակալվող հողերը փխրեցվել են, մշակվել, և ցանվել է գետնախնձոր, անթառամին և կանճրակին:

 – Իսկ մշակաբույսն աճեցման ջրարբի՞, թե՞ անջրդի պայմաններ է պահանջում, և արդյոք հե՞շտ է մշակումը:

– Այժմ դրանք ցանված են անջրդի պայմաններում: 1 հա անջրդի տարածքից կարելի է ստանալ 20-25 տոննա պալար, իսկ ջրային պայմաններում աճեցված մշակաբույսի բերքատվությունը կարող է կրկնապատկվել: Նշենք, որ մշակաբույսի սերմը ներմուծվել է Ռուսաստանից: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի գետնախնձորի մշակաբույս աճեցնել արդեն տեղական սերմով: Հատկացված հողատարածքներից մոտ 20%-ում ցանվելու է  անթառամին և կանճրակին, որոնք ոչ պակաս օգտակար բույս են սննդային, անասնակերային տեխնիկական ու բժշկության մեջ ամենատարբեր նպատակներով կիրառելու համար:

 – Որքա՞ն  գետնախնձոր կարելի է  ստանալ  1 հա հողատարածքից, և ե՞րբ է սպասվում առաջին բերքահավաքը:

– 1 հեկտարի վրա ցանված մշակաբույսի կանաչ զանգվածից ստացվում է  5-6 հազար կբ բիոգազ, և որպեսզի հնարավոր լինի գետնախձորից ստանալ նաև այս հումքը, Հայաստանում գետնախնձորի արտադրության ծավալները պետք է հասցնել մինչև 15 հազար հեկտարի: Օրական մոտ 100-150 գ թարմ գետնախնձոր ուտելը կամ  5-15 գ ինուլինի օգտագործումը բավական է, որ մարդ իրեն ապահովագրված զգա շաքարախտով հիվանդանալու վտանգից:  Ինուլինը սպիտակ չոր փոշի է և որպես կենսահավելում կարող է  օգտագործվել սննդամթերքում, հյութերի արտադրության, մանկական կերերի մեջ,  դրա առկայությունը սնդամթերքում բարձրացնում է  նրա որակն ու բուժիչ հատկություննները: Իսկ բիոէթանոլի արտադրությունից կարելի է  ստանալ բիոգազ  ու վերջինից էլ՝ բիոպարարտանյութ:  Ի դեպ, շատ երկրներում  բիոէթանոլն օգտագործվում է որպես բենզինի փոխարինիչ: Իսկ պտղաշաքարն իր քաղցրությամբ գերազանցում է գլյուկոզային և ճակընդեղից ստացվող շաքարին: Այս տարի աշնանը սպասվում է գետնախնձորի առաջին լուրջ բերքահավաքը, ինչը հնարավորություն կտա ցանքատարածությունները հասցնելու մի քանի հարյուր հեկտարի:

 – Իսկ ստացված բերքն ի՞նչ նպատակներով է օգտագործվելու:

– Բերքահավաքից ստացված ամբողջ հումքն ուղղվելու է  միայն վերամշակման:  Քանի որ բերքահավաքի ժամանակ հողի մեջ  եղած  բոլոր պալարները լիովին հավաքելու հնարավորություն չի լինում, դրանք հաջորդ տարի վերաճ են տալիս: Բույսի կանաչ զանգվածը, բացի տեխնոլոգիական կիրառումից, կարող է նաև որպես անասնակեր օգտագործվել: Ուստի, եթե կարողանաք արտադրությունը մեծ ծավալներով կազմակերպել և հասցնել մի քանի հազար հեկտարի, ապա արդյունաբերական վերամշակման և կողմնակի կերերի ավելացման առումով մեծ արդյունքներ կունենանք:

Ինուլինի բարձր պարունակություն ունի աշխարհում գրանցված երեք բույս, որոնցից առաջնայինն ու արդյունավետը գետնախնձորի մշակաբույսն է: Դրա մշակումը շատ ավելի դյուրին է ագրոտեխնիկական տեսանկյունից, բացի այդ, էկոլոգիապես մաքուր է: Գետնախնձորի  1 հա տարածքից  կրկնակի ավելի թթվածին է ստացվում, քան սովորական անտառից: Ի դեպ, տարածաշրջանում Հայաստանը միակն է գետնախնձորի մեծածավալ արտադրությամբ, և վրացիները համատեղ աշխատելու և ծրագրում ներառվելու ցանկություն են հայտնել:

 – Կարծում եք` գետնախնձորի արտադրությունն իսկապե՞ս լուրջ հեռանկաներ ունի մեր երկրում:

– Իմ կարծիքով` այո, Հայաստանը կդառնա տարածաշրջանում առաջատարը այս բույսի վերամշակման առումով: Այն բավական արժեքավոր բույս է, վերամշակումը Հայաստանում կարող է հեռանկարային լինել: Ծրագիրը, որ հավանության է  արժանացել ՀՀ վարչապետի կողմից, ընդգրկվել է տասն առաջնահերթ ծրագրերի մեջ: ՀՀ կառավարությունը նախաձեռնել է պետական մասնավոր համագործակցության շրջանակներում նպաստել Հայաստանում ինուլինի արտադրությանը, որն իրականացվելու է հենց  գետնախնձորի հիմքի վրա:

Հայաստանում գետնախնձորի արտադրությանը զարկ տալու այս ծրագիրը մշակվել է դեռ տարիներ առաջ և մեկնարկել է միայն  է 2011-ից, հանրապետության որոշ տարածքներում ցանվել է գետնախնձոր, և նպատակ կա արտադրական ծավալների ավելացման պարագայում հիմնել գործարան, որը հավանաբար իրատեսական կդառնա  եկող տարվա աշնանը:

  Լ.Ն

Գործարանի հիմնադրման  և արտադրական հեռանկարների շուրջ մեր զրույցը  «Գյուղկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Շիրխանյանի հետ կարդացեք հաջորդ համարում:

Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորը հայտարարել է, որ կամավոր է անցել ադրբեջանական կողմը (տեսանյութ)

g_image-էYouTube-ում տեղադրվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայկական բանակի՝ ադրբեջանական տարածք անցած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցի» տեսանյութը:

Տեսանյութում Հակոբը «հարցազրույց» է տալիս ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը և պատմում մանրամասներ, թե ինչպես է պատահել, որ հայտնվել է ադրբեջանական տարածքում։

Ըստ Panarmenian.net–ի՝ հայ զինծառայողն ասել է հետևյալը. «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։

Տեսանյութ

Մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը

g_imageՎարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը: Շնորհավորելով երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այս բացառիկ հավաքը: Կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ բազեական շարժումը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք՝ նպաստում են երիտասարդության շրջանում հայրենասիրության, տարբեր ազգային արժեքների և գաղափարների տարածմանը: Այդ առաքելության մեջ մաղթում եմ ձեզ հաջողություններ»:
Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է երիտասարդների հետ՝ պատասխանել նրանց հուզող հարցերին: Անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է, որ օրինագծի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է: Վարչապետը խորհուրդ է տվել բազեականներին հավաքի ընթացքում ևս քննարկել օրինագիծը և ներկայացնել իրենց առաջարկներն ու տեսակետները:
Բուհերի վարձավճարների բարձրացման հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը համապատասխան օրինագծի միջոցով սահմանելու է ուսման վարձի առավելագույն սահման, որի հիմքում պետք է դրվի այն տրամաբանությունը, թե ինչ սահմանից ավելի չպետք է լինի ուսման վարձը: «Այսօր մենք իրավունք չունենք միջամտելու բուհերի աշխատանքների կազմակերպմանը և թելադրել նրանց, թե ինչպես կարգավորեն գնային քաղաքականությունը: Սակայն դա մենք անելու ենք օրենքի միջոցով, որի մշակմանը հրավիրում ենք նաև երիտասարդներին»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ոլորտը գործադիրի գերակա ուղղություններից մեկն է, և կառավարության նպատակն է զբոսաշրջության տարեկան ծավալները ներկայիս 800 հազարի փոխարեն հասցնել 3 միլիոնի: Զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկայում կզարգացվեն ենթակառուցվածքները, ավիաոլորտում իրականացվելիք ռազմավարությունը ևս կնպաստի տուրիզմի զարգացմանն ու ընդլայնմանը:
Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվում է երիտասարդների անմիջական մասնակցությամբ: Ֆինանսական միջոցները տարբեր ծրագրերի իրականացման նպատակով հատկացվում են հենց երիտասարդներին և վերջիններս են որոշում դրանց բաշխման ուղղությունները:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ վարչապետին կից երիտասարդական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մեծ կարևորություն ունեցող երիտասարդներին բնակարաններով ապահովելու լայնամասշտաբ ծրագիրը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են 500 երիտասարդներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։

Ավետիք Իշխանյանի մեկնաբանությունը, թե ինչու վերադարձվեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար տուգանքի նախագիծը

g_image (1)Օրերս ոստիկանությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին։ Ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ ուղարկեց:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով այդ նախագծին՝ ասել է, որ նախ խոսենք այն մասին, թե ընդհանրապես ինչի համար էր այդ նախագիծը .«Դա զուտ ենթադրությունների ոլորտից էր: Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ իշխանությունները փորձեցին կուրծք ծեծել, իրենց ցույց տալ ազգային եւ հայրենասեր, որովհետեւ անընդհատ քննադատվում են տարբեր ուղղություններով եւ պաշտպանվելու ձեւ չունեն, դրա համար էլ փորձեցին ցույց տալ թե հայրենասեր են, ինչն արտահայտվում է տարբեր ձեւելով՝ ընդհուպ մինչեւ Թուրքիայից հողեր պահանջելով»:

Իշխանյանի մեկնաբանմամբ՝ ամենայն հավանականությամբ, նախագիծը կապված էր այնպիսի մտահոգության հետ, որ ցույց տան, թե ինչպես են մտածում ազգի մասին, կամ՝ «Քանի որ Ռուսաստանում այդպիսի նախագիծ ընդունվեց, սա Ռուսաստանին կապվելու ձեւ էր, թե մենք ռուսների կողմն ենք այս հարցում: Եթե այսպես են մտածում, ապա սա շատ պարզունակ մտածողություն է: Բայց սա շատ վտանգավոր նախագիծ կարող է լինել: Իսկ թե ինչու հանեցին այն շրջանառությունից, կարծում եմ, երեւի խելոք մարդիկ են եղել, որոնք ասել են՝ հիմա իզուր տեղը չարժե հերթական աղմուկը ստեղծել եւ ավելին ասեմ, արեւմուտքից, որը խոստացել է ասոցացման պայմանագրի դեպքում միլիարդներ նվիրի՝ գուցե բարկանան: Իմ կարծիքով այսպիսի պրագմատիկ մոտեցում է եղել»:

Հարցին՝ արդյոք Եվրոպա գնալու ճանապարհին մեզ նման նախագի՞ծ է պետք, Իշխանյանը պատասխանել . «Ինչ է նշանակում Եվրոպա ենք գնում, մի՞թե տոմսերը բոլորիս առել են, մենք էլ գնում ենք: Ես Եվրոպա գնալը չեմ ընդունում: Եվրոպական ասոցացման պայմանագիրը արդյոք նշանակո՞ւմ է Եվրոպա ենք գնում: Կամ միթե ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո հայաստանյան ընտրությունները չեն կեղծվելու, օլիգարխները չե՞ն լինելու, լիսկաները չե՞ն կրակելու …Ես հարց եմ տալիս: Գնում ենք ասոցացման պայմանագիրը ստորագրելու, որպեսզի միլիարդները ստանանք: Իսկ այդպիսի նախագծի ընդունումը կարող է խոչընդոտել այդ փողերի գալուն»:

www.aravot.am 

Շուրջ 650 երևանցի ծնողներ հանդիպել են ժամկետային զինծառայող իրենց որդիների հետ

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին ավելի քան 650 երևանցի ծնողներ մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ հանդիպելու  բանակում գտնվող իրենց ժամկետային զինծառայող որդիների հետ: Երևանի քաղաքապետի արդեն ավանդական դարձող այս նախաձեռնությունը, որքան սպասված, նույնքան 1l անակնկալ էր ծնողների համար:

Վերջինները հնարավորություն են ստացել հենց տեղում անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:

Ծնողների այցելության առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ:

Հանդիսավոր արարողությունների շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած ու պարտաճանաչ զինվորներին Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր են հանձնվել: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

POLICEEԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից  12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 15-ը, գողության 19 դեպքից` 9-ը, խարդախության   8  դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 8, խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու  2-ական  դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 4 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 11-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև` ծառին, ինչի հետևանքով ուղևորը`  1991 թ. ծնված  Մհեր  Չիբուխչյանը,  տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին  «ԳԱԶԵԼ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  գովազդային վահանակի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց, որտեղ վարորդը` 1986 թ. ծնված Ալիկ Ավետյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Օգոստոսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել  «Օպել»   և  «Մերսեդես ՄԼ-320»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ը  գլորվել է ձորը, ինչի հետևանքով  վարորդը  և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս  ուղևորուհին` 1993 թ. ծնված  Մարինե  Ավետիսյանը,  տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում  տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:
Պարզվել է, որ  «ԳԱԶ-53»  մակնիշի բեռնատարի վարորդը  Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում,   Երևանի Չարենցի փողոցի թիվ 119 տան մոտ «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  էլեկտրասյանը, ինչի հետևանքով  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում,  Երևանի  Մյասնիկյան պողոտայում  «Մերսեդես-Բենց ML-320» մակնիշի ավտոմեքենա է  բախվել է ճամփեզրին կայանված    «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 9 երթուղու միկրոավտոբուսին:
Վթարի հետևանքով միկրոավտոբուսի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցի թիվ 9/12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին, Մասիս քաղաքի մոտ, իրար են բախվել և շրջվել «Տոյոտա» և «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Տոյոտա»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Սարգսյան փողոցում «Մերսեդես Բենց Ե-230»  մակնիշի ավտոմեքենա է բախվել է էլեկտրասյանը և շրջվել, ինչի  հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում,  Գյումրիի Մարմաշենի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21104»-ի վարորդը  և  2  ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 13.20-ին,  Գյումրիի Խրիմյան Հայրիկ և Ղանդիլյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես բենց E-124»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց E-260»  մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց E-260»-ի վարորդը  և ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 10-ին, ժամը 21.30-ին, Երևանի Աճառյան փողոցում  «Մերսեդես-Բենց» մակնիշի   ավտոմեքենա է  բախվել  կայանված  «ՄԱԶ-5332» մակնիշի վերամբարձ կռունկին, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 10-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 37-րդ կմ-ին «ԳԱԶ-330210» մակնիշի ավտոմեքենա է շրջվել  ձորը:
Վարորդը և   2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 151-րդ կմ-ին իրար են բախվել   «Ֆորդ Մավերիկ»   և  «Միցուբիշի Գրանդիս»   մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Մավերիկ»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 08.20-ին, Մուսալեռ գյուղից բերման է ենթարկվել  1976 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը ս/թ օգոստոսի 8-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 11-ին, ժամը 18.00-ին, Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժանմունք բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Նաիրի Դ.-ն, որը ս/թ հուլիսի 2-ից ոստիկանության  Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 13.15-ին, կամավոր   ոստիկանություն է ներկայացել  1968 թ. ծնված Դավիթ Դ.-ն, որը 2001 թ. դեկտեմբերի 7-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից  հետախուզվում էր ՌԴ քրեական  օրենսգրքի  318 հոդվածի  1-ին մասի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ մեղադրանքով:

Մրցունակ Հայաստան նշանակում է գիտելիքի վրա հիմնված պետություն. ՀՀ վարչապետ

imagesՎարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին, ծանոթացել նրանց առօրյային, ճամբարի պայմաններին:
Վարչապետը զրուցել է ճամբարականների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ներկայացրել իր տեսլականը Հայաստանի զարգացման հարցում: «Մրցունակ Հայաստան նշանակում է գիտելիքի վրա հիմնված պետություն: Սա է մեր երկրի զարգացման հիմքը: Որպեսզի համարվենք զարգացած երկիր, պետք է արագորեն հարմարվենք արագ փոփոխություններին, ինչը թելադրում է նոր գիտելիքների ստեղծում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է գիտելիքի զարգացմանն ու նոր գաղափարների իրականացմանը ձգտող երիտասարդների առկայությունը, կրթական հաստատությունների կողմից որակյալ կրթություն տրամադրելու հնարավորությունը: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարության առաջնային նպատակներից մեկն առաջիկա տարիների համար առնվազն հինգ հայկական բուհի միջազգային հավատարմագրումն է, ինչը բարձրորակ կրթության առաջին նախապայմանն է:
Պատասխանելով վերջին տարիների ընթացքում մեր երկրում իրականացված կարևորագույն բարեփոխումների մասին հարցին՝ վարչապետն առանձնացրել է հատկապես կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որը կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք այս համակարգի ներդրմանը պատրաստվել ենք 10 տարի: Այն ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի և ընդգրկում է բոլոր ոլորտները: Այս մոդելը ենթադրում է մտածողության փոփոխություն և առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր հասարակության մտածողությունը որակապես կփոխվի: Այսուհետ ձեր կենսաթոշակի, բարվոք ծերության մասին պետք է մտածի ոչ միայն պետությունը, այլև դուք՝ ձեր աշխատելու առաջին իսկ օրվանից: Յուրաքանչյուր ամիս ձեր անհատական հաշվին պետք է փոխանցեք եկամտի 5 տոկոսը, ինքնուրույն ընտրելով նաև այն հիմնադրամը, որտեղ պետք է բացեք ձեր անհատական հաշիվը»,- դիմելով երիտասարդներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ընդգծել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է օրինակելի, քանի որ այս ոլորտում բարեփոխումները մեր երկիրն իրականացրել է՝ հաշվի առնելով տարբեր պետությունների դրական և բացասական քայլերը:
Որպես արդյունավետ բարեփոխում՝ վարչապետն առանձնացրել է նաև կենսաթոշակային ոլորտում էլեկտրոնային տվյալների բազայի ներդրումը, որի արդյունքում էապես նվազեցվել են չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը և տնտեսվել մեծածավալ միջոցներ:
«Բացի այդ, մեր երկրում այսօր ընդամենը 15 րոպեում ինտերնետի միջոցով հնարավոր է գրանցել ձեռնարկություն, ինչը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ունի մեծ նշանակություն: Մենք դասվում ենք աշխարհի առաջին չորս երկրների շարքին, որոնք հնարավորություն են տվել քաղաքացիներին աշխարհի յուրաքանչյուր ծայրից հետևել պետական բյուջեի ծախսերին: Սա ապահովում է հանրության վերահսկելիությունը բյուջետային միջոցների նկատմամբ, ինչը մենք մեծապես կարևորում ենք»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով այլ բարեփոխումներին ևս:
Այնուհետև երիտասարդների խնդրանքով կառավարության ղեկավարը խոսել է մշակույթի, կրթության և այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
«Արատավոր երևույթների դեմ պայքար. բարեփոխումներին աջակցություն» խորագրով անցկացվող Ճամբարին մասնակցում են «Միասին» երիտասարդական շարժման 200 ակտիվիստներ:

«Դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի». Տարոն Մարգարյանը` երիտասարդներին

Taron-MargaryanԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել  երիտասարդներին միջազգային օրվա առթիվ` նշելով.

“Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել  հասարակության զարգացման շարժիչ ուժը և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է  արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Համոզված եմ, որ այսօր էլ երիտասարդական ձեր ողջ եռանդով ու կարողություններով դուք պատրաստ եք արժանապատիվ մասնակցություն ունենալ մեր երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում օժանդակել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու  իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի մեր սիրելի Երևանի ու երևանցիների համար”:

«Երիտասարդությունն այսօր մեր երկրում հզոր ուժ է, ում հետ հաշվի են նստում». Կարեն Ավագյան

karenԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորական ուղերձ  հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Սիրելի երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունն այսօր մեր երկրում հզոր ուժ է, ում հետ հաշվի են նստում, հարգում են, ում վստահում են ամենապատասխանատու ծրագրերը։ Այսօրվա 20, 30 տարեկան երիտասարդներն են վաղը դառնալու Հայաստանի զարգացման ծրագրերի գլխավոր գործող անձինք։

Մեր երկրի ապագան խելացի, կրթված ու լայնախոհ երիտասարդներինն է։ Մաղթանքս է, որպեսզի կարևորեք այն պատասխանատվությունը, որ դրված է ձեզ վրա։ Երիտասարդությունը լավագույն տարիքն է գիտելիքներ կուտակելու համար։ Տքնաջան սովորեք ու աշխատեք, և հաջողությունն ինքը կգա ձեզ ընդառաջ։ Միշտ հավատացեք նրան, ինչ անում եք, եղեք համարձակ և մի վախեցեք նախաձեռնողականությունից ու պատասխանատվությունից։ Գիտեմ, շատ դժվար է կատարել առաջին քայլը, բայց արեք դա, և կգտնվեն մարդիկ, ուժեր, որոնք կկանգնեն ձեր կողքին ու կօգնեն իրականություն դարձնել ձեր և մեր բոլորի երազանքը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և ցանկանում հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում”։

 

Կարեն Ավագյան

 

ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ «…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»

The_Ottoman_Bank_TodayՀարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:

 Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների կողմից: Գործողության կազմակերպիչները ՀՅԴ անվանի գործիչներ, հայ ազատամարտի նվիրյալներ Արմեն Գարոն և Բաբկեն Սյունին էին: Ուսումնասիրողներից շատերը Բանկ Օտոմանի գործողությունը համարում են սխալ` մտածելով, որ այն Արևմտյան Հայաստանում հայերի նոր կոտորածների առիթ դարձավ: Այս տեսակետը հնարավոր չէ  արդարացի համարել, քանզի արդեն 1895 թ. Արևմտյան Հայաստանում սոսկալի ջարդեր էին: Եվ առհասարակ պատմությունը ցույց է տալիս, որ օսմանյան կառավարության համար հայերին կոտորելու  համար առանձնապես առիթներ պետք չէին: Դա նպատակադրված պետական ծրագիր էր, որ թուրք սուլթաններն իրականացնում էին ջանադրաբար: Հետևաբար հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական: Արտաքին ակնկալվող ազդեցությունից զատ, ՀՅԴ-ի որդեգրած այդ քաղաքականությունը նաև ներքին խնդիր ուներ` բարձրացնել հայի ազատատենչ ոգին:

Դեռևս 1895 թ. Ռուսաստանի և եվրոպական տերությունների ճնշման տակ Օսմանյան կառավարությունն ընդունեց մայիսյան բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսված էր ողջ Օսմանյան կայսրության տարածքում, հատկապես` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունքը պետք է լիներ ազգային ճնշումների դադարեցումը, տեղական կառավարման մարմիններում տեղաբնակների ներգրավումը, տնտեսական բարեփոխումները և այլն:

Սակայն թուրքական կառավարությունն ամենևին մտադիր չէր կյանքի կոչել Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, ավելին` 1895 թ. Արևմտյան Հայաստանում հետևեցին նոր կոտորածներ, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ:

Եվ ահա ՀՅԴ որոշմամբ` 1896 թ. օգոստոսի 14-ին 31 հայ զինյալներ, որոնց թվում`  Վարդան Շահպազը (Մինաս Տոնիկյան), Ավոն (Ավետիս Մաղաքյան), Զարեհ Խաչիկյանը, Մուշեղը (Ենովք Անուշյան), Հաճին (Հակոբ Խոճիկյան), Միհրան Կարապետյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստարմաջյան), Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), Հրաչը (Հայկ Թիրաքյան), Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի ղեկավարությամբ Կոստանդնուպոլսի կենտրոնում գրավում են օսմանյան կայսրության կենտրոնական դրամատունը և պատանդ վերցնում բանկի 150 աշխատակիցների: Հայ զինյալներն այս քայլով փորձում էին օտարերկրյա տերությունների ուշադրությունը բևեռել Հայկական հարցի վրա և ճնշում գործադրել Օսմանյան պետության վրա` կյանքի կոչելու Մայիսյան բարեփոխումների ծրագիրը:

Հայ վրիժառուները նախապես որոշել էին, որ բանկի գրավման օրը միաժամանակ մի քանի այլ գործողություններ էլ իրականացնեն Կոստանդնուպոլսի տարբեր հաստատություններում, սակայն վերջին պահին այդ պլանը մերժվում է:

Բանկը գրավելով` հայ զինյալները հայտագրեր ուղղեցին Կոստանդնուպոլսում հավատարմագրված եվրոպական դիվանագետներին` կոչ անելով ճնշում գործադրել Պոլսի կառավարության վրա` հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը:

Հայ վրիժառուների հետ օսմանյան կառավարության և եվրոպական դիվանագետների անունից բանակցությունների մեջ է մտնում ռուսական դեսպանատան թարգմանիչ Մաքսիմովը:

Հետագայում Բանկ Օտոմանի գործողության վերաբերյալ իր հուշերն է տպագրել նրա առաջնորդներից Արմեն Գարոն. «Կը բաւեր, որ 8-10 հոգի մտնէին բանկը եւ դռներ ներսէն գոցեին, եւրոպական պատերազմական նաւերը անմիջապես զինուոր պիտի հանէին ցամաք… թուրք զօրքին եւ խուժանին դէմ… եթե մեր յուսացածին պէս ձեռնարկը յաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւուած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական Հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը»:

Գրվածը վերլուծելով` կարելի է ենթադրել, որ նախքան գործողությունը  կազմակերպիչները որոշ խոստումներ ու հավաստիացումներ էին ստացել եվրոպական կամ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Նույն նոթերում Արմեն Գարոն գրում է. «Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»: Նենգ Եվրոպան ըստ երևույթին հերթական անգամ օգտագործեց հայ ազատագրական շարժումը, հայի արյունը իր տնտեսական, դիվանագիտական նպատակների համար` միգուցե ինչ-որ զիջումներ խլելով Թուրքիայից:

Շուրջ 13 ժամ տևած բանակցությունների արդյունքում զինյալները և Մաքսիմովը գալիս են համաձայնության, ըստ որի` եվրոպական դիվանագետները պարտավորվում են հետամուտ լինել, որ օսմանյան կառավարությունը իրագործի Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, իսկ վրիժառուներն իրենց տրամադրված ֆրանսիական «Ժիրտ» նավով մեկնում են Մարսել:

Օսմանյան բանկի գրոհի ժամանակ հայ վրիժառուներից զոհվում են Բաբկեն Սյունին և մի քանի այլ զինյալներ:

Այս գործողությունը ծանր հարված էր Օսմանյան Թուրքիայի միջազգային հեղինակությանը և բարոյականից զատ ուներ նաև տնտեսական նշանակություն, քանզի եվրոպական տերությունները մեծ ներդրումներ էին կատարում օսմանյան տերության մեջ և հետայսու նրանք անվստահությամբ կվերաբերվեին օսմանյան դրամատանը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին «Պորշ»-ով «շումախերություն» անելու համար տուգանվեց խոշոր չափի գումարով. նրա փախուստը կասեցվեց

eH0T6CDXBj6RfjeRiDRG_tnԱյսօր` օգոստոսի 11-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչների կողմից օրինական «կանգ առ» հրահանգին չենթարկվելու համար հետապնդվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 28-ամյա Վարդան Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները երբ նկատել են, որ «Պորշ Կայեն» մակնիշի 06 ԼՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, բարձրախոսով հրահանգել են, որպեսզի կանգնի: Սակայն նա, չենթարկվելով ՃՈ տեսուչի օրինական հրահանգին, դիմում է փախուստի:

Սակայն ինչպես ժողովուրդն է ասում` «կատվի խաղը` մկան մահը», այս դեպքում` օրինախախտ վարորդը չկարողացավ ճողոպրել «գայի» տղաներից: Սակայն մի որոշ ժամանակ խռովկան երեխայի նման չէր համարձակվում ավտոմեքենայի մգեցված ապակիները իջեցնել, որպեսզի տեսուչը ճշտի` ո՞վ է ղեկին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ այս դեպքում էլ նորից փորձում էր դիմել փախուստի, սակայն ՃՈ աշխատակիցը կանգնեց նրա ավտոմեքենայի առջեւ:

ksrLfcuVE1uz0TzrnjS2_tnԱյնուամենայնիվ, որոշ ժամանակ անց վարորդը երբ նկատեց, որ Ճանապարհային ոստիկանության լրացուցիչ ուժեր են ժամանում դեպքի վայր, այլ ելք չունենալով` իջավ ավտոմեքենայից, ներկայացրեց վարորդական իրավունքի վկայականը, որից հետո ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության` 200.000 դրամի չափով:

Տեսուչը առգրավեց նրա վարորդական իրավունքի վկայականը, եւ նրան տրվեց մեքենա վարելու համար ժամանակավոր կտրոն:

shamshyan.com

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Ակտիվիստների ցույցը,լուսանկարներ

Activists continue the sit-in in front of the Municipality of Yerevan«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցներն այսօր երթով Ազատության հրապարակից հասան Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ:

 

Նրանց միացան ազատամարտիկներ ու հաշմանդամություն ունեցող անձինք: Ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ ակտիվիսների պահանջը «Երեքի պահանջ» չէ, ինչպես նշել էր Տարոն Մարգարյանը իր վերջերս: Ակցիայի մասնակիցները կրում էին պաստառներ, պլակատներ՝ վրան գրված «Երեքից մեկն էլ ես եմ» ,«Մեկ , երկու, երեք, երեք , երեք , երեք, երեք» , «3+1+1+1+1

»։

Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին քննարկել են ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի հարցը

դավիթ-տոնոյանՕգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին և քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը:

Հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝  Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան

MHM80587 copyԱռնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել  Հայագիտական համահայկական 6-րդ  օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են 8 երկրներից ժամանած  150 դպրոցականներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին: “Օլիմպիադան արդեն դարձել է ավանդական միջոցոռում ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի դպրոցականների համար, ովքեր կարևոր առաքելություն ունեն պահպանելու հայ մարդու տեսակը`  անկախ երկրի գտնվելու աշխարհագրական դիրքից, վայրից ու հեռավորությունից: Նրանք  հայրենիք են եկել` իրենց ուժերն են չափելու արդեն վեցերորդ անգամ: Բոլորին ողջունում եմ և մաղթում հաջողություն”,- բացման խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:

Համահայկական 6-րդ օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ուղերձում մասնավորապես  նշվում է. “Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած հայագիտական համահայկական այս միջոցառումն աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում է միավորել այսքան երիտասարդների, ովքեր պատանեկան տարիքում կատարում են իրենց կյանքի առաջին կարևոր քայլերից մեկը, մասնակցում են ազգաճանաչողությանն ու հայ ինքնության բացահայտմանը նվիրված այս հետաքրքրական ստուգատեսին: Ձեր հետաքրքրությունը հայ ժողովրդի հարուստ մշակույթի, մեր գեղեցիկ լեզվի ու հերոսական պատմության նկատմամբ ոգևորիչ է: Այն դրական ազդակ է հաղորդում ձեր հազարավոր սերնդակիցներին, խթանում է նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ: Առաջիկա օրերին դուք հնարավորություն եք ստանալու գործնականում ապացուցել, որ ստացել եք համակողմանի գիտելիքներ: Այս դեպքում է տեղին նշելը, որ ձեզնից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու այնպիսի մրցակցությունում, որտեղ չկան պարտվողներ, որտեղից դուք կտանեք գիտելիքի նորացված պաշար և ձեռք կբերեք նոր ընկերներ: Հայաստանի կառավարության համար հայագիտության զարգացումը գիտական քաղաքականության ոլորտի առաջնայնություններից է: Մեր երկրում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով ստեղծել ենք վարչապետին առընթեր հատուկ խորհուրդ: Այս առումով օլիմպիադայի անցկացումն ամբողջովին համահունչ է մեր ծրագրերին: Մենք խրախուսելու ենք, որ դուք, մասնագիտական կողմնորոշումն ընտրելիս, նախապատվությունը տաք հայագիտությանը: Հուսով եմ, որ օլիմպիադայի արդյունքում դուք էլ ավելի լավ կճանաչեք Հայաստանը և բոլորիս կուրախացնեք ձեր նորանոր հաջողություններով”:
Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կազմակերպում է  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ անցկացվելու  է նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը:  Օլիպիդան կանցկացվի օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում:
Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:
Օլիմպիադային և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության և պատմության իմացության պահանջը մնում է ուժի մեջ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի ընդլայնման աշխատանքներին

002Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը “Երևան Ջուր” ընկերության տնօրեն  Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ հետևել է մայրաքաղաքում կառուցվող նոր ջրագծերի, ջրահեռացման համակարգի ընդլայնման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքներին: Մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ամբողջ երկարությունը 253 կիլոմետր է: Ցանցն ամբողջապես սպասարկվում է”Երևան Ջուր” ընկերության կողմից, սակայն ոչ բոլոր փողոցներն են ապահովված ջրահեռացման համակարգերով: Թեև ցանցն ընդհանուր առմամբ բավարարում է առկա պահանջներին, այդուհանդերձ առանձին հատվածներում առատ տեղումների ժամանակ ժամանակավոր որոշ դժվարություններ են առաջանում: Խնդրին աստիճանական լուծում տալու համար Երևանի քաղաքապետարանն ու “Երևան Ջուր” ընկերությունը լայնածավալ աշխատանքներ են իրականացնում: Կամո Արեյանը եղել է  քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվող 30 փողոցներից մի քանիսում, ուր, մինչ կապիտալ ասֆալտապատումը կկառուցվեն լրացուցիչ անձրևատար  համակարգեր: Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից և կշարունակվի մինչև տարեվերջ: Հալաբյան փողոցում, մասնավորապես, անցկացվում է ջրատար նոր համակարգ, իրականացվում են նոր դիտահորերի և անձրևընդունիչնրի  տեղադրման աշխատանքներ: Անձրևաջրերի կուտակման առումով խնդրահարույց հատվածներից մեկը Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց հանգույցն էր: Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, որի միջոցով կուտակված ջուրը կմղվի ջրահեռացման համակարգ: Հալաբյան փողոցի Կիևյան փողոցին հարող հատվածում կավելանա անձրևորսիչների թիվը: Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կապված ինչպես աշխատանքների որակի, այնպես էլ ժամանակացույցի հետ: Լենինգրադյան,Գյուրջյան, Գլինկայի և խնդրահարույց ևս 9 փողոցներում  անձրևաջրերի կուտակման սպառնալիքը վերացել է 2011-2012 թվականներին Երևանի քաղաքապետարանի և “Երևան Ջուր” ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված 2.2 կմ երկարությամբ ջրահեռացման նոր համակարգ անցկացնելու արդյունքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, “Երևան Ջուր” ընկերության հետ կազմվել է վերակառուցման և հեղեղատար նոր համակարգի կառուցման համաքաղաքային ծրագիր, որում ներառվել են 74 փողոցներ: Ծրագրի լիարժեք իրականացման համար կպահանջվի շուրջ 2.2 միլիարդ դրամի ներդրում:  Աշխատանքներ նախ կիրականացվեն հրատապ լուծում պահանջող փողոցներում: 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս թվով 33  փողոցներում վերակառուցվել է շուրջ 850 գծամետր հեղեղատար համակարգ: Գույքագրվել են նաև 22 փողոցներ, որոնցում դիտահորերի նիշային մակարդակը չի բավարարում ջրահեռացումն ամբողջ ծավալով կատարելու համար: Պատասխանատուների խոսքով  կխստացվի նաև վարչարարությունը , որպեսզի բնակիչներն ու տնտեսվարողները  ապօրինի գործողություններով չկարողանան խոչընդոտել ջրահեռացման համակարգերի բնականոն աշխատանքին:   Ջրահեռացման նոր համակարգերի կառուցման, վերակառուցման  և անձրևորսիչների  տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

պայթյունՕգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում,  «Մոսկվիչ ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենան  լիցքավորման համար գտնվել է  նշված գազալցակայանում, և այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված բալոնը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

ԵՐԵԽԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

շտապօգնություն1Օգոստոսի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 75-րդ կմ-ին  «Միցուբիշի Այտրեկ»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.55-ին, ուղևորներից մեկը` 2007 թ. ծնված  Արթուր Մկրտչյանը,   հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից  9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 13 դեպքից` 11-ը, իսկ կողոպուտի` 1 և խարդախության   9  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և մարմնական վնասվածք հասցնելու  1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

2 (1)ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության և համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը  գտնվում էր Հայաստանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:

Խմբի այցի նպատակն էր քննարկել «Բարեվարքության ամրապնդումը – Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերը և մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում: «Բարեվարքության Ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների և միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպնական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաև Հայաստանը` ի դեմս ՀՀ ՊՆ-ի:

Այցելության ընթացքում ՆԱՏՕ-ի խմբի անդամները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների բարեվարքության ամրապնդման հարցերի պատասխանատուներին ներկայացրին ծրագրի իրականացման փորձը, ծանոթացան այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերին: Նախքան բուն ծրագրի մեկնարկը խմբի անդամներին ներկայացվեցին ՀՀ ՊՆ կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված «Ազնվության փորձարկման» արդյունքները: Վերջինս նպատակ էր հետապնդում պարզել առանձին ստորաբաժանումների կողմից իրենց գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ընկալման և դրանց մասին խոսելու պատրաստակամության աստիճանը:

Խմբի անդամները առանձին հանդիպումներ ունեցան նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ: Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը` ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության Ռազմավարական Վերանայման և միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարևորվեց ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:

Նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, ի հայտ եկած հարցերը, անդրադարձավ հարցաշարի լրացման մեթոդոլոգիական խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջազգային փորձի շրջանակում ծրագրի իրագործման գործիքակազմի փոխառնման հնարավորությունները:

ՀՀ ՊՆ առաջարկությամբ ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ընդունեցին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները` գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ: Ներկայացվեցին բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարակից ուղղություններով ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ծավալված համագործակցության արդյունքները, խոսվեց հետագա համագործակցության ուղղությունների մասին:

ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, որտեղ ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը նրանց ներկայացրեց քաղաքացիական ծառայողների համար իրականացվող հակակոռուպցիոն դասընթացները և ինստիտուտի գործունեության այլ ասպեկտներ: