Յուտիշակի Ատունագա. «Ընկերս ասաց, որ ոտքդ ընկնի Հայաստան` սիրահարվելու ես ու հայ աղջա հետ ամուսնանաս»

ճապոնացիՅուտիշակի Ատունագան արդեն երկրորդ անգամ էՀայաստանում: Ասում է` առաջին անգամ եկավ մեծ տպավորություններով, հայկական մշակույթն իրեն հետաքրքրեց, ու այն ուսումնասիրելու մեծ ցանկություն ուներ:

Ատունագան մշակութաբան–ազգագրագետ է: Տոկիոյի համալսարանում ուսանելուց հետո գնացել է Եվրոպա ու Լիոնի համալսարանում ուսումնասիրել ազգագրություն և մշակույթի պատմություն: Ճապոնացու ուսումնասիրությունների առանցքը լայն է` մարդկանց կենցաղից մինչև մշակութային կոթողներ:

Յուտիշակիի հետ ծանոթացա Ծաղկաձորում` Կեչառիս վանքային համալիրի մոտ: Նա հիացած էր հայկական ճարտարապետությամբ, անդադար լուսանկարում էր Կեչառիսը: Նրա հետ զրուցեցի հենց «Կեչառիս» կոչվող սրճարանում:

– Յուտիշակի, արդեն պատմեցիք, որ երկրորդ անգամ եք Հայաստանում: Ի՞նչն է Ձեզ երկրորդ անգամ բերել մեր երկիր:

– Այս հիասքանչ, չքնաղ, աստվածային կառույցները (ցույց է տալիս Կեչառիս վանական համալիրը): Առաջին անգամ երբ եկա` հիմնականում ուսումնասիրում էի հայերին ու հայկական կենցաղը: Արթնանում էի առավոտյան 7-ից ոչ ուշ ու զբոսնում. իհարկե, ֆոտոխցիկը ձեռքիս: Առաջին անգամ իմ այցը համընկավ Երևանի տոնի հետ, ու տեսա, թե մարդիկ ինչքան ուրախ են, որ ապրում են Հայաստանում: Ինձ ասացին, որ անգամ տոնին մասնակցելու էին եկել հեռավոր շրջաններից: Առաջինն ինձ գրավեց Սանահինը: Դա ճարտարապետության ու մշակույթի իսկական լիդեր է, պարզապես վատ է, որ մի քիչ անխնամ տեսք ունի: Գուցե պահպանելը միլիոններ արժե, ու դրա համար պետությունը գումարներ չունի:

Հետո ինձ ոգեշնչեց Գառնին: Գառնու տաճարն էր պատճառը, որ ուսումնասիրեցի նաև հեթանոսությունը: Անգամ տաճարի մասին մի վավերագրական հետաքրքիր ֆիլմ գտա ինտերնետում ու նայեցի: Շլացուցիչ բան էր:

Մի հետաքրքիր ընկեր ունեմ, Ֆրանսիայում եմ ծանոթացել: Երբ նրան գրեցի, որ ցանկանում եմ Հայաստան գնալ և ուսումնասիրություններ անել, ասաց, որ մի լավ հայ ընկեր ունի: Ու մենք շուտով ծանոթացանք: Անունը Արմեն էր, արդեն 30 տարի է` Ֆրանսիայում է: «Ամեն ինչ քեզ կգրավի, բայց դու պետք է լինես նաև Գանձասարում»,- ասաց Արմենը: Երբ առաջին անգամ էի Հայաստանում, հյուրանոցի պատասխանատուներին տեղեկացրի, որ ցանկանում եմ գնալ Գանձասար: Ճանապարհը երկար էր. իսկ ժամանակն ինձ համար` շատ թանկ: Երևի երկու օր ծախսեցի, բայց հիացած եմ, պարզապես հրաշք էր: Երբ հասա Գանձասար, մի անցորդի խնդրեցի, որ նկարի ինձ, ու  նկարը դրեցի իմ էջում: Արմենը մեկնաբանություն էր գրել. «Դա ինձ հիշեցնում է երիտասարդ տարիներս, որին երբեք չի կարող փոխարինել անգամ եվրոպական ամենաշքեղ առանձնատունը»:

– Մինչ հարցազրույցը սկսելն ասացիք, որ բացի ճարտարապետական գործերից, ուսումնասիրել եք նաև հայի կենցաղը, նիստուկացը:

– Առաջինն ինձ հետաքրքրում էին հայ կանայք: Ոչ թե մայրաքաղաքի կանայք, որոնք սիրում են «Շանել», այլ գյուղի կանայք: «Շանել» բուրող կանանց ես Եվրոպայում էլ եմ տեսել: Ես հետաքրքրվեցի ու իմացա, որ այն, ինչ ցանկանում եմ իմանալ, ինձ կասեն Կեչուտ գյուղում: Թարգմանչի հետ ճամփա ընկանք: Ինձ հետ զրուցել ցանկացան միայն գյուղի մեծահասակները, երիտասարդները կա՛մ ամաչում էին, կա՛մ էլ նպատակահարմար չէին գտնում պատմելը: Անկեղծ ասած, ինձ հենց դա էլ պետք էր, որ խոսեին պատկառելի տարիքով կանայք:

– Ու Ձեզ ի՞նչ պատմեցին մեր տատիկները:

– Նախ` պետք է ասեմ, որ նրանք չափազանց ուշադիր ու շռայլ էին, հյուրասեր: Տատիկն ասաց. «Մինչև իմ տանը հաց չուտես, ոչինչ չեմ ասի»: Ստիպված էի ենթարկվել: Այդ տատիկի անունը Աշխեն էր, ասաց` հին հայկական անուն է: Իմացա, որ ավանդույթի համաձայն, կին թե տղամարդ դաստիարակվում են իրենց դերին համարժեք: Տան կինը, օրինակ, պարտավոր էր հետևել ավանդական որոշ չափանիշների. հավատարմություն, հնազանդություն, տնային աշխատանքներին նվիրվելու պատրաստակամություն, նոր ընտանիքին հարմարվելու կարողություն և այլն: Ծիծաղս մի պահ եկավ այն ժամանակ, երբ ասաց, որ աղջկան հավանում էր նախ փեսայի մայրը, որն անպայման պետք է աղջկան բաղնիք տաներ: Ես արդեն մտածեցի, որ դա ավելի քան ժամանակակից է: Բայց թարգմանչուհին հասցրեց պարզաբանել. ամեն աղջկա տուն չեն տանում, մեծի խոսքն արժեք է, ու բաղնիքում է միայն պարզվում աղջկա առողջական վիճակն ու սերունդներ ունենալու կարողությունը: Երբ տատիկն անդադար պատմում էր, մեկ էլ խմբվեցին գյուղի մեծահասակներն ու, քանի որ հասկացան, թե ինչի մասին ենք խոսում, սկսեցին իրենք էլ մասնակցել զրույցին:

Օրինակ` մեկն ասաց, որ ամուսնուն հնազանդվելը կնոջ կարևոր, հիմնական պարտականություններից է: Ամուսինը կնոջից պարտավոր է հնազանդություն պահանջել, նա այդ իրավունքն ունի: Կնոջ հնազանդության մասին ես մինչ գյուղ հասնելը հասցրել էի կարդալ կրոնական մի գրքում, որում մանրամասն նկարագրվում էր, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը: Մայրաքաղաքում, օրինակ, կանայք ավելի եվրոպական մոտեցումներ ունեն, գյուղերում հետևում են ավանդույթներին:

– Բայց հատկապես ի՞նչը Ձեզ գրավեց հայ կանանց մեջ:

– Երևի տղամարդկանց նկատմամբ հատուկ ուշադրությունը: Օրինակ` Եվրոպայում ես ապրել եմ մոտ մեկ տասնամյակ, այնտեղ կանայք այդպես չեն մտածում: Նրանք ավելի կյանքի մարդիկ են, ցանկանում են կյանքը հնարավորինս շատ վայելել, իսկ Հայաստանում կանայք ավելի հոգսաշատ են, տղամարդիկ` նույնպես: Գուցե պատճառը կենցաղը կամ էլ ապրուստի միջոցներն են:

– Յուտիշակի, երկրորդ անգամ Հայաստան գալուց հետո Ձեր տպավորությունները փոխվեցի՞ն:

– Գիտեք, ես մնում եմ նույն կարծիքին, Հայաստանը հետաքրքիր ու զարմանալի վայր է: Մինչ հեռակա կարգով ծանոթանալս Հայաստանի հետ կարդացի, որ այն թանգարան է բաց երկնքի առաջ: Դա իրոք այդպես է: Ես մոտ մեկ շաբաթ Դիլիջանում էի,  լավ հանգստացա: Քչերը թերևս կարող են ինձ ճիշտ հասկանալ: Օրինակ` մարդիկ նախընտրում են լինել Դուբայում կամ Հռոմում, բայց ինձ համար Դիլիջանը մի ուրիշ աշխարհ էր. օդը, ջուրը, բնությունը. աստվածային վայր է:

– Հնարավո՞ր է, որ Ձեզ էլի տեսնենք Հայաստանում:  

– Անշուշտ, երբ ընկերս ասաց, որ ոտքդ ընկնի Հայաստան` սիրահարվելու ես ու հայ աղջա հետ ամուսնանաս, չէի հավատում:

– Դուք ցանկանում եք ամուսնանա՞լ հայուհու հետ:

– Ես արդեն 43 տարեկան եմ, ու երևի եկել է ժամանակը, որ մի քիչ էլ մտածեմ անձնականիս մասին: Չգիտեմ` ինչպես կստացվի, բայց, իհարկե, հայ աղջիկներն ինձ շատ են դուր գալիս, նրանք անչափ խելացի են, համեստ, անկեղծ, աշխատասեր ու բարի: Առաջիկայում Վիեննայում գործեր ունեմ: Ազգագրության մասին մեծ գիտագործնական հանդիպումներ են լինելու, ես ևս պետք է մասնակցեմ: Հաջորդ անգամ ցանկանում եմ ձմռանը գալ Հայաստան: Եթե այս տարի ստացվի` անպայման հնարավորությունը բաց չեմ թողնի ու կգամ: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ կծանոթանամ իմ կյանքի երկրորդ կեսի հետ, նրա, ում մասին այսքան ժամանակ երազել եմ:

 

Հարցազրույցը վարեց Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

«Բարին հաղթել է». Հայդուկ Շամլեան

images (4)«Սիրտն ու հոգին նա նվիրում է բոլորին: Մարդկային եւ բարոյական հոգատարություն է: Մեծատառով մարդ է, հայրենասեր: Իբրեւ գրող իր ստեղծագործություններում հազար ու մի պատգամ կա, հոգեւոր ուղղվածություն, խորհուրդ,  կա կոչ, դեպի համախմբվածություն: Ուշացած հայրենասիրական կենացները թող իրականություն դառնան եւ մենք անցնենք գործնականի»,-այսօր մեզ հետ զրույցում Հայդուկ Շամլեանի «Շ» գրքի շնորհանդեսի մասին նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

«Մենք 1000 տարվա ծանոթներ ենք, գիրքը շատ հարազատ է: Այն Շուշիում ապրող մարդկանց եւ երեխաների համար է: Նրանք ունեին առաքելություն, եւ դա հենց Շուշիում էր, նրանք ապրում ու արարում էին»:

Գիրքը նվիրված է Շուշիին՝ նրա բոլոր կողմերով հանդերձ: Հայդուկ Շամլյանը փորձել է ներկայացնել այդ գողտրիկ քաղաքն իր լուսավոր իրականության մեջ: Հայդուկ Շամլյանը մասնագիտությամբ իրավաբան է, նաև հրապարակագիր: Ունի հրապարակված երեք գրքեր, որոնցից երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են, դրանցից մեկը հրատարակվել է Ստեփանակերտում: Հայդուկ եւ Աիդա Շամլյանները դեռևս 2004թ.-ին այցելել են Արցախ և սիրահարվել այդ հողին ու ջրին: Աիդա Շամլյանի նախաձեռնությամբ Շուշիում հիմնադրվել է «Արամ Մանուկյան» ճամբարը, որոնց մասնակից երեխաների թիվը տարեցտարի աճում է՝ հասնելով 400-ի:

Գրող Հայդուկ Շամլեանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր «Շ» գրքից 600 օրինակ կա.

«Շուշի քաղաքը վատ վիճակի մեջ էր, ուրվականների եւ փլատակների քաղաք էր: Ես զորեղ կերպով զգացի նրա հմայքն ու գեղեցկությունը, այդ երեւույթական խավարից այն կողմ կար ներքին գեղեցկություն: Նա արցախյան պատերազմի խորհրդանիշ էր հանդիսանում, հաղթանակի հանգրվանն էր: Թուրքերն էլ երեւի զգացել էին այդ քաղաքի առանձնահատկությունը: Բոլորը կարծում էին, թե սեւ, մռայլ, մթին գիրք պետք է գրեմ, բայց առանց խաբկանքի եմ գրել: Տիրապետողը լույսն էր, հավատը, ապահովությունն եւ վստահությունը: Մարդկային ձեւով է մաքրվել Շուշին, մեկ թուրք անգամ այնտեղ գոյություն չունի: Բարին հաղթել է»:

Նարեկ Հարթունյանի խոսքով Հայդուկն առաջին հերթին բանաստեղծ է, իբրեւ մարդ շնորհված է բացառիկ առավելություններով: Ունի մեծ սեր, իսկ ընտանիքը ամենավեհն է: Խստապահանջ է, պարկեշտ, բարի, վեհ: Կանադայում ամբողջ տարին աշխատելով, իրենց չարչարանքի արդյունքը բերում ու նվիրում են Շուշիի բնակիչներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Ամփոփվել են “Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք – 2013” համաքաղաքային բակային փառատոնի արդյունքները

0001“Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական փառատոնի նախնական փուլին այս տարի ներգրավված են եղել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 295 թիմեր` 4389 մասնակիցներով: Թվով 84 թիմերի 636 երեխաներ ուժերն են չափել նաև տարբեր մարզաձևերի եզրափակիչ փուլում: Մրցումները կազմակերպվել են 7 մարզաձևերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ և ֆուտբոլ: Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչները պարգևատրվել են դիպլոմներով ու մեդալներով, իսկ առաջին տեղ գրաված թիմերը՝ նաև գավաթներով:  Փառատոնին ընդհանուր հաշվարկով 63 միավորով առաջին տեղը գրավել և Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին է արժանացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Երկրորդ տեղում 60 միավորով հանգրվանել է Շենգավիթ վարչական շրջանը և երրորդ տեղում՝ 57 միավորով`Կենտրոն վարչական շրջանը:  Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կառավարության և IFAD-ի համատեղ ծրագրերը լուրջ առաջընթաց են ապահովել գյուղատնտեսության ոլորտում

10608_am_2ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին:

Ողջունելով հյուրին, կառավարության ղեկավարը կարևորել է IFAD-ի հետ համագործակցությունը, մասնավորապես դիտարկելով այն որպես կարևորագույն շարժիչ ուժ՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն առաջ տանելու համար:«Գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, և ունենք մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար»,-ասել է վարչապետ Սարգսյանը:
Մ. Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած և նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ներկայացված նոր ծրագրին առնչվող հարցեր: IFAD-ի հայաստանյան ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԳԶՄՀ-ի պատվիրակության նախորդ այցելության ընթացքում համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախապես քննարկվել և նախանշվել են նոր ծրագրի նախնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները:

Դոլարը իջնում է

դոլարՕգոստոսի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,000,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

3 Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյր

ան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ.Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը ամառային ուսումնական փուլի մեկնարկելը դիմավորել է սահմանային զորամասում

9Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղելու նպատակով  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:

Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` նախարարը նշեց, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: «Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից»,- ասաց Ս.Օհանյանը: Նախարարն անդրադարձավ նաև ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղավ զորամասի սպաների համար կառուցվող հանգստի և ժամանցի գոտու շինհրապարակում: Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող շինությունը  ապահովված է լինելու լողավազանով, թենիսի և բիլիարդի սեղաններով:

Նախարարը ներկա գտնվեց նաև գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի և կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը: Դիմելով զինանձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով անում է ամեն հնարավորը զինվորների և սպաների կենցաղային պայմանները բարելավելու համար: Նախարարը նկատեց նաև, որ մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը: Զորանոցի բացումը ազդարարող կարմիր ժապավենը համատեղ կտրեցին գումարտակի լավագույն զինվորը, սերժանտն ու սպան: Շրջելով զորանոցի և ճաշարանի տարածքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումանական պայմանները: Սեյրան Օհանյանը եղավ նաև զորամասի մարտական հենակետերում: Հանդիպեց ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա սահմանագոտու  պահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվեց նրանց կենցաղային պայմաններով: Բարձր գնահատելով զինծառայողների ծառայողական պարտականությունների իմացությունը՝ նախարարը նրանցից մեկին՝ Կոլյա Սարդարյանին պարգևատրեց ԶՈՒ զինանշանը պատկերող ժամացույցով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկեց թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Ս.Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշեց զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվեց զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այդուհետ նախարարը շրջեց ճաշարանի տարածքով, ծանոթացավ դրա պայմաններին:

Հանդիսավոր միտինգին դիմելով զորամասի զինանձնակազմին՝ նախարարը նշեց, որ մենք պատմության ամբողջ ընթացքում ստիպված ենք եղել անընդմեջ ուշադրություն դարձնել ռազմարվեստին:  Որպես արդյունք՝ որտեղ էլ որ հայտնվել է հայը, նա մշտապես հանդես է եկել որպես առաջնակարգ մարտիկ և ստրատեգ: Սեյրան Օհանյանը պատվիրեց գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ դրանից է կախված առկա փխրուն խաղաղության հարատևությունը:

Աշխատանքային շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը եղավ Վահան գյուղում, որտեղ հանդիպեց գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրեց Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Խաղաղության կորպուսը մեկնարկեց

images (3)«Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ, երեք առաքելություն՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալվող երկրին, օգնել հյուրընկալել երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին եւ օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին»,-այսօր 31 ԱՄՆ Խաղաղության կորպուսի /ԽԿ/ կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի եւ կաշխատեն ԽԿ-ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում: Միջոցառումը նաեւ տոնում էր 11 շաբաթյա հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաեւ սովորել էին ինտենսիվ հայերեն:

Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ, եւ հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները: Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

Դեսպանի խոսքով կամավորներն ապրելու են հայ ընտանիքների հետ, նրանք մեր լավագույն դեսպաններն են:  Ամերիկացի կամավոր Լիեմ Զաերը մեզ հետ զրույցում նշեց, որ անգլերենի ուսուցիչ է աշխատելու Սեւանում 2 տարի: Հայաստան այցելում է առաջին անգամ եւ շատ է հավանել մարդկանց, երաժշտությունը, պատմությունն, ուտելիքը եւ լեզուն: Լեզուն շատ դժվար է, նրանք զրոյից ամեն ինչ սովորելու են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

«Սատանայի սլաքներն ուղղված են այստեղ». Տեր Գրիգոր

__54355988_640000«Այսպիսի մարդիկ չեն կարող պահել իրենց հողը: Այս բազայի վրա զարգանում են համասեռամոլների եւ այլասերումների համակարգը: Փոփոխություններն երեւում են եվրոպական հողում, այն կանգ չի առնում, մեր արժեհամակարգն այդպիսի տարրերից զուրկ է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների օրենքի ծուղակների, և հայ ավանդական ընտանիքին ուղղված մարտահրավերների մասին նշեց ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը:

Մայիսի 20-ին ընդունվել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայ ժողովրդի մոտ:

Բանախոսի պնդմամբ Հայաստանում հասարակության մեջ մեծամասնությունն օտարում է այս ուղղությունը, եթե օրենքում կա միջազգային օրենքի գերակայությունը, ապա այդ փաթեթը նույնպես պետք է դրվի սեղանին: Ոչ մեկին օրենքի չիմացության համար աշխատանքից չեն ազատելու:

Հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով օրենքն իր սրով ուղղված է ընտանիքի դեմ:  Այնտեղ կանայք եւ տղամարդիկ չեն հիշատակվում, այլ գենդերը, որը սոցիալական սեռ է: Գենդերային օրենքներն ընդունվել են ամենուր, որի հետեւից գալիս են միասեռության պահպանման, արյունապղծություն եւ այլ տարբեր այլասերումներ: Ամոթ այն 108 հոգուն, ով կողմ է քվեարկել:

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Արման Բոշյանն էլ պնդում է, որ գենդերը ոչ գիտություն է, ոչ էլ ուղղություն, այն գաղափարախոսություն է.

«Գերմանիայում, Շվեդիայում, Շվեցիարիայում բաժանումների եւ ծննդաբերության թիվը կրճատվել է երկու անգամ, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից ոչ մեկին ձեռնտու չէ, որ մեր երկրում ներքին հակասություններ սկսվի: Այսօր այլասերվածության բոլոր տեսակներն իրականացվել են: Մենք խոսում ենք մարդու կենդանի դառնալու մասին: Սա համամարդկային պայքար է, ինձ համար ընտանիքը սրբություն է»:

Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ Տեր Գրիգորի համոզմամբ եկեղեցու հիմնական առաքելությունը դաստիարակությունն է, քարոզչության միջոցով.

«Սա մեղք է` պղծության օրինականացում, ավելի լավ է հալածվել, քան թե արժանանալ Աստծո պատժին: Երբ փողը, դրամը, ոսկին թագավորում է, ապա այսպիսի վիճակի է գալիս երկիրը: Ընտանիքն ամենապարզ բջիջն է, ամեն ինչ սկսվում է ընտանիքից: Սատանայի սլաքներն ուղղված են այստեղ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում

456.Discussion at the UNSC 07.07.2013Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած այս քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների միություն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցություն) ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ միջեւ ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:
Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձեւաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջեւ 1994թ. ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:
Տեղեկացնելով, որ Հայաստանն ընթացիկ տարվա մայիս ամսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային միջկառավարական այս կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր որոնք առաջնային են համարվում նաեւ ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ պետությունների համար:
ՄԱԿ-ոմ ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ արեց խրախուսել եւ սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջեւ կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության եւ անվտանգության:

«Էլ ի~նչ տուրիստ, որին գոնե մեկ անգամ չեն խաբել»

վրաստան1Ամռան ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ամառային արձակուրդներն անմոռանալի կազմակերպելու հարցը: Ու սա, անկախ սոցիալական, հասարակական դիրքից, կարգավիճակից ու կարողություններից: Այսինքն` յուրաքանչյուրն էլ փորձում է իր հանգիստը կազմակերպել` սեփական գրպանի պարունակությանը համապատասխան: Ամառային հանգստի աժիոտաժի մեջ արդեն մի քանի տարի է, ինչ իր ուրույն տեղն ունի հարևան Վրաստանը, մասնավորապես, Աջարիայի ծովափնյա բնակավայրերը` Բաթումին, Քոբուլեթին, Ուրեկին, Սարփին և այլն: Սրա համար մի շարք պատճառներ կան, իսկ առաջինը` հենց այդ ուղղությամբ է ամենակարճ, ամենաէժան ճանապարհը դեպի ծով: Սրանում կարելի է համոզվել ամենահասարակ` հայտարարությունների կայքերում ու սոցցանցերում հանգստի կազմակերպման համար համապատասխան որոնումների ընթացքում. նման կայքերում արդեն պարզ է դառնում, որ ծովափնյա հանգստի բոլոր առաջարկվող ուղղություններից Աջարիայի լողափերի համար, հիմնականում, ամենաքիչ ծախսերն են պահանջվում: Երբեմն, նույնիսկ, ավելի քիչ, քան հենց Հայաստանում հանգստի անցկացման համար: Թողնենք Հայաստանի ու Վրաստանի տուրիստական ոլորտների գների ու ծախսերի համեմատությունը ու անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի:

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում ամառային արձակուրդն անցկացնել Աջարիայում, մի բնական ու տրամաբանական հարց է ծագում. իսկ արդյոք առաջարկվող ծառայություններն ու գները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ իրականությունն այլ է` արդյոք չե՞ն խաբում իրենց:

Այս առումով տուրիզմի համար մի հին ասացվածք կա. «Էլ ի~նչ տուրիստ, որին չեն խաբել…»: Աջարիայում հանգստի որակի, առաջարկվող ծառայությունների գների ու, առհասարակ, ծախսերի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում միշտ: Բայց նաև բավական հաճախակի են հանդիպում այնպիսիք, ովքեր պնդում են, որ Աջարիայում խաբեությունը շատ է:

Հանուն արդարության նշենք, որ խաբեություն, իհարկե, պատահում է, ինչպես և Հայաստանում: Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, որ Հայաստանում Աջարիայի հյուրանոցների ուղեգրեր վաճառողները հաճախորդներին վաճառում են մի փաթեթ, բայց հաճախորդները տեղում հանդիպում են այլ պայմանների: Օրինակ` հենց այն հյուրանոցում, ուր կանգ էինք առել մենք, նույն օրը եկան նաև 3 այլ հայ ընտանիքներ: Միջանցքում հանդիպեցինք ընտանիքների տղամարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից դժգոհ էին ու «ակտիվ բանակցությունների» մեջ էին հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Պարզվեց, որ նրանք Երևանում տուրիստական ընկերությունում պատվիրել են 3 հատ 4 տեղանոց համարներ, բայց Քոբուլեթիի հյուրանոցում նրանց ասում էին, թե իրենց պատվիրել են 4 հատ 3 տեղանոց համարներ:

Հայերից Կարենը, արդեն հայերենով, ասաց, որ եթե տուրիստական ընկերության աշխատակցուհին հենց իր ներկայությամբ զանգած ու ճշտած չլիներ պատվերի մանրամասները, ապա ինքը կհավատար, թե իրոք տուրիստական ընկերությունն է վրիպել: Մի խոսքով` նրանց փորձում էին պարտադրել 4 համարներն էլ զբաղեցնել, քանի որ պատվերն այդպիսին է եղել: Հետո, իհարկե, համաձայնության եկան, սակայն երևույթը ամենևին էլ հաճելիներից չէր: Նման «պատահական թյուրըմբռնումներ» վրացիների մոտ, կարծես, շատ են պատահում: Օրինակ` մենք էլ, ծանոթ լինելով այդ հյուրանոցին, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ հենց այնտեղ ենք հանգրվանում, պատվիրել էինք երկու տեղանոց մեկ համար` անպայման պատշգամբով: Բայց մեզ առաջարկում էին համար առանց պատշգամբի: Մեր դեպքում, որպես հին հաճախորդների, հարցը շատ արագ լուծվեց, սակայն էլի վրիպակի համար հղում կատարեցին տուրիստական գործակալությանը: Համենայն դեպս, մասնավոր զրույցներից դատելով էլ, բավական շատ են դժգոհությունները, որ վրացի հյուրանոցատերերը շատ են խաբում, այլ բան են ներկայացնում, այսպես ասած` վաճառքի, սակայն վերջում փորձում են այլ բան վաճառել: Ի դեպ, եթե հյուրանոցում համարն էլ նախօրոք չես պատվիրել ու դրա համար վճարել, տեղում կարող է պարզվել, որ բոլորովին այլ գին պետք է վճարել: Սա նույնպես, կարծես, օրինաչափություն է, որը հունից հանում է հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Աջարիայում անցկացնում իրենց հանգիստը: Մի փոքր այլ է պատկերը մասնավոր բնակարաններ կամ տներում սենյակներ վարձելու առումով: Սակայն այստեղ էլ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել բնակարանատիրոջ կողմից նախօրոք` առանց կացարանը տեսնելու առաջարկած պայմանները, քանի որ վրացիները, ինչպես արևելյան բոլոր ժողովուրդները, իրենց ապրանքը գերագնահատելու սովորությունից զերծ չեն: Մի խոսքով, փոքրիկ աչալրջությունը ոչ ոքի էլ, բոլոր դեպքերում, չի խանգարում:

Այլ տեսանկյունից նայենք Աջարիայում հանգստի անցկացմանը. «Էժան գներով բնակարան չե՞ք ուզում, մատչելի գներով տաքսի~, լավ պայմաններով տուն` հենց ծովի ափին, 100 մետր հեռավորությամբ…»,- ու էլի բազմաթիվ նման` կոտրած ռուսերենով բացականչություններ, որ լսում են Աջարիայի ծովափնյա բնակավայրերում ավտոբուսներից, մեքենաներից, գնացքից իջնող հայերը: Արևի այրող ճառագայթների ու ծովի խոնավ օդի հետ միախառնվելով` այս բացականչություններն արևելյան խառնաշփոթ շուկայի կերպարանք են ստանում երկար ճանապարհից հոգնած, մի քանի օր ինքնամոռաց ծովի ալիքներին ու ափի արևին տրվել վրաստան2ցանկացող հովեկների համար, ովքեր դեռ չեն էլ հասցրել թոթափել ճանապարհի փոշին ու հոգնությունը: Ծով, ծովափ ու արև երազող հայացքները ավտոբուսների, գնացքի, մեքենաների դռների հետևում հանդիպում են ոչ թե տուրօպերատորների կեղծավոր, արհեստական, բայցևայնպես քաղաքավարի ու բարեհամբույր ժպիտներին, այլ մարդկային դեմքերի մի ամբողջ հեղեղի` իր գունեղ առաջարկություններով և վրացական առոգանությամբ ռուսերենի տարափով. «զդայուտցա կվարտիրի, խառոշի կոմնատ, ս կոնդիցիոներ, պո սամոյ նիզկոյ ցենե, տաքսի, բիջո, նե խոչիշ տաքսի, դավայտե յա բուդու պամագատ վաս ս վեշամի»: Հովեկները չեն էլ հասցնում ուշքի գալ, թե արևախանձ դեմքով վրացին ինչ է ուզում իրենցից` բերանում կարծես տաք կարտոֆիլ պահած ինչ-որ անհասկանալի բառեր արտաբերելով:

Ու մեկ էլ տեսնում ես, որ ճամպրուկներդ արդեն, անկախ քո կամքից ու ցանկությունից, հենց այդ «բիջոյի» թեթև ձեռքով ուղևորվում են դեպի իր «տեխնիկայի վերջին ճիչ» ավտոմեքենան, իսկ վրացին էլ դեռ գոռգոռում է. «Դավայ, յա պամագու, բիջո…»: Մեզ մի անգամ «բախտ» վիճակվեց նկատել, թե ինչ ջանասիրությամբ է մեր ճամպրուկները իր` նախորդ դարի 80-ականների արտադրության փոքրիկ ԲՄՎ-ի մեջ խցկում մի կարճլիկ վրացի, ընթացքում վրացերեն շաղակրատելով ու աչքերը խորամանկորեն փայլեցնելով: Փորձեցի առարկել, թե մեզ իր տաքսին պետք չէ, քանի որ շատ փոքր է, ես մենակ չեմ, այլ ևս հինգ հոգու ուղեկցությամբ, որ բոլորի իրերը տեղավորելուց հետո մեզ էլ տեղ չի մնա և այլն… Վրացին էլ` իր ջանասիրությամբ ու գործնականությամբ «համոզեց», թե իր մեքենան մենք իրենից լավ չգիտենք, ու դեռ կարող ենք մի երկու հոգու էլ կողքից հրավիրել` միասին տեղ հասնելու համար: Հետո, երբ փորձում էի առարկել, նա վճռականորեն շրջվեց, թե բոլոր տաքսիստներին ինքը կասի, որ մեզ չտանեն, եթե մենք իր մեքենայով չուղևորվենք հյուրանոց, քանի որ ինքը, զբաղված լինելով մեզանով ու մեր իրերով, չի կարողացել իր համար այցելու «ապահովել»:

Լուրջ չընդունեցինք ու սկսեցինք կայարանի մեծ ավտոկանգառում, ուր այդ պահին մոտ 20-30 տաքսի կանգնած կլիներ, այլ մեքենա փնտրել: Բայց, ո~վ զարմանք, ոչ ոք չի համաձայնում մեզ տեղափոխել` բոլորը հայացքով ցույց են տալիս մեր «հին բարեկամի» ուղղությամբ: Ստիպված համաձայնեցինք ու մի կերպ` խցկված, հասանք հյուրանոց: Բայց տեղում էլ պարզվեց, որ պետք է վճարենք ոչ թե նախօրոք պայմանավորված գումարը, այլ կրկնակին, քանի որ վարորդը միանգամից երկու մեքենայի ուղեբեռ և ուղևոր է տեղափոխել…

Նման տարաբնույթ առաջարկություններից առաջին անգամ օգտվողները, ովքեր ծանոթ չեն տեղական գներին, վրացիների կողմից դիտարկվում են ճիշտ այնպես, ինչպես պարսիկ տուրիստները` հայ տաքսիստների աչքին` որպես փողի քսակ: Նման դեպքերում, իհարկե, տաքսին, օրինակ, 1 վրացական լարի վերցնելու փոխարեն հանգստացողից վերցում է 2-3, երբեմն էլ 4 կամ 5 լարի: Եվ համեստ ու ամոթխած հովեկները շատ են ընկնում այս թակարդը:

Հատուկ ուշադրության է արժանի Աջարիայում` Հայաստանից տուրիստական հոսքի մեծանալուն զուգընթաց դիտարկվող «գնային վարիացիաների» երևույթը: Օրինակ` հուլիսի կեսին, երբ տուրիստական հոսքերը դեռ փոքր են, շուկայում 1 կիլոգրամ լոլիկն արժեր 70-80 տետրի (վրացական մանրադրամ, մոտ 175-200 ՀՀ դրամին համարժեք), արդեն հուլիսի երկրորդ տասնօրյակում լոլիկի գինը հասավ 1 լարիի (250-260) դրամ, իսկ հուլիսի վերջին, երբ արդեն սկսվում է Հայաստանից տուրիստների ամենամեծ հոսքը, նույն վաճառողի մոտ լոլիկն արդեն արժեր 1,5 լարի (մոտ 360-370 դրամ): Այսինքն` ընդամենը 10 օրում գինը բարձրացավ 50 տոկոսով ու դեռ ավելի կբարձրանա օգոստոսին: Նշեցինք միայն լոլիկի օրինակը, սակայն նույնը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին:

Բոլոր հայ տուրիստներն էլ, ովքեր մեկնում են Աջարիա, պետք է հաշվի առնեն մեկ հանգամանք. նույն ապրանքը տուրիստների համար մի գին ունի, տեղացիների համար` մեկ ուրիշ: Անձնական օրինակից ելնելով` նշեմ, որ, օրինակ` վաճառողը խաշած եգիպտացորենը մեզ վաճառեց 2 լարիով (50-520 դրամ), իսկ անմիջապես մեր հետևից մոտեցած վրացուն, աչքով-ունքով հասկացրեց, որ թաքուն տա 1 լարի: Սա արդեն խաբեություն էլ չէ, այլ հայերի համար` աջարական առօրյա…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ, Երևան-Քոբուլեթի-Բաթումի-Երևան

Գյումրու տնակներում կյանքն անտանելի է

Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններ կոչվող վագոն-տնակներում:  Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու առավել մեծ տնակային ավաններից մեկում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա,  երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, Մանուկյան ամուսինների կացարանային պայմանների  մասին է:

http://www.youtube.com/watch?v=AM_45hq0aKw&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը

3551

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Սերժ Սարգսյանը երեկոյան մասնակցել է նաև Իրանի Նախագահի անունից՝ ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը:

 

«Հեռուստասերիալներով մարդիկ բթանում են». Լիանա Զուրաբյան

Liana4_ts1323257311 (1)«Ըստ իս` այժմ մարդիկ ավելի մոտ են կանգնած ասմունքին և թյուր է այն կարծիքը, որ տարիների ընթացքում նրանք հեռացել են պոեզիայից: Ասմունքի աշխարհում ամիսը երկու անգամ պոեզիայի երեկոներ են լինում ու դահլիճը լեփ-լեցուն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդները որքանով են մոտ կանգնած ասմունքին եւ պոեզիային թեմայի շուրջ նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը:

Բանախոսի համոզմամբ եթե նա լսող չունենա, այլեւս չի ասմունքի: Պոեզիան ավելի մտերմիկ լսարաններ եւ փոքրիկ կոլորիտ է սիրում:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով մեր երկրում քիչ ասմունքողներ կան, ովքեր գնահատում են խոսքը: Շատ են նրանք, ովքեր նույն ինտոնացիայով միապաղաղ ասմունքում են կամ գոռում.

«Մի թերություն կա ևս. Շեշտը դրվում է մեծամասամբ Պարույր Սևակի, Համո Սահյանի, Չարենցի պոեզիայի վրա: Ես կարծում եմ, որ ասմունքողն արհամարհում և խուսափում է ժամանակակից պոեզիայից: Ամենասարսափելին այն է, որ այսօր երկուսից մեկը գրում է»:

Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ ասմունքը պետք է ունենա ուսուցելու մշակույթ, կրթելու, զարգացնելու միտք: Խնդիրը մատուցման մեջ է. ասմունքողները պետք է կարդան, ոչ թե դերասանություն անեն: Կա մարդկանց մի մաս, ով գրավվում է այսօրվա ասմունքով, իսկ մի մասն ամբողջովին խուսափում է դրանից: Ասմունքողների մասին ասելը, որ ավելորդ են, դա ապուշություն է համարում: Գրականությունը թռիչքի մեջ է,  կարծում է, որ ասմունքի դպրոցը չի ուզում թռչել:

Ասմունքող Լիանայի պնդմամբ պետք է ասելիքով գործն ընտրել: Շատ բարդ է հանդիսատեսի ուշադրությունը երկու ժամ պահելը, երգելը ավելի հեշտ է, երաժշտությունն ունի գործիքավորում: Երաժշտությունը տալիս է հագուստ խոսքին, իսկ խոսքը մերկ է՝ պետք է այնպես ասմունքել, որ այն հոգի ներթափանցի ու հուզի.

«Մենք` ասմունքողներս, գրի և գրիչի միջնորդներ ենք: Ես կարդում եմ ժամանակակից բանաստեղծություն, միայն այն պարագայում, երբ այն հանգավորված է: Ժամանակակից գրողների գրածը խուճուճ է: Ես կարող եմ այն զգալ, բայց, եթե գործը չհասկացա, չեմ կարող մատուցել: Եթե մարդը սիրում է գիր-գրականություն, նա չի կարող չլսել ասմունքը»:

Լիանա Զուրաբյանը նշեց, որ դեմ չէ պաթետիզմին և ավելորդ տոնայնությանը: Նրանք ասմունքը չեն երգում և չեն թողնում մարդիկ բթանան: Հեռուստատեսությունը եթեր չի տալիս ասմունքը և թողնում է, որ հեռուստասերիալներով մարդիկ բթանան: Ամեն մարդ պոեզիա չի լսում, իսկ նրանք, ովքեր լսում են, երբեք Արմենչիկ չեն լսի:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Գորիս քաղաքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի

ձերբակալությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ԼՂՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, Գորիս քաղաքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված  Մարատ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի /սպանություն/ մեղադրանքով:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել են քրեական գործեր

 ՀՀ ՊՆ քննչական ծառայությունՕգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել  N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը:

Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին:

Օգոստոսի 5-ին, ժամը 23:00-ի սահմաններում նույն մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակած կրակոցից՝ ձախ ազդրի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել զորամասի մեկ այլ զինծառայող, որին վտանգավոր գոտուց տեղափոխելու ընթացքում հակառակորդի մարտական հենակետից կրակ է արձակվել զորամասի մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զինծառայողը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Նշված երկու դեպքերով էլ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:

ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

imagesՈստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության  ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված  Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող  հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով  օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված  Ռիմա Ա.-ին:

Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին,  Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000  դոլար, իսկ մնացած 8.000  դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր  վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:
Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանների կողոպուտը կանխվել է ոստիկանների կողմից

imagesՕգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան ստացվեց. Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից էր:

Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ հասավ, այնքա՛ն արագ, որ հանցամիտները նույնիսկ չէին հասցրել մտնել սրահ:
Ոստիկանները վնասազերծեցին նրանց ու բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվեց, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:
Ցավալի դեպք է, բայց ոստիկանությունը նաև այսպե՛ս է ինքնամաքրվում՝ ցավո՛վ, վիրահատական միջամտությա՛մբ, հիվանդը առողջից զատելու հաստատակամությա՛մբ, քանզի անթույլատրելի է, որ իր պարտականությունները անձնվեր ու արժանապատվորեն կատարող ոստիկանի հետ նույն համազգեստը կրի անարժանը, անպատիվը, դավաճանը: Անթույլատրելի է, որ <ոստիկան> անունը կրեն և՛ պահպանության դասակի այս հրաշալի տղաները, և՛ այս երկուսը, որոնք ոտնձգել են նրա դեմ, ինչի պաշտպանությանը կոչված էին: Սա ոստիկանության սկզբունքն է՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ իր պարտքն ու պատասխանատվությունը չգիտակցող ոստիկանը տեղ չունի համակարգում:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Իսկ ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության   ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արփենիկ Թադևոսյանը /համակարգում է 1999 թվականից/, դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը /համակարգում է 1994 թվականից/ և վաշտի ավագ Համլետ Խուրշուդյանը /համակարգում է 1998 թվականից/, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացել են պարգևների:

 

Դոլարն իջնում է

դոլարՕգոստոսի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,080,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:

Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում զինվոր է վիրավորվել

զինվոր է վիրավորվելՏավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն  հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն: