«Ատոմ 2013». հայ-ամերիկյան վարժանք Երևանում

ատոմՀուլիսի 9-11-ը Երևանում անցկացվեց ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Հայաստանում առաջին անգամ վարժանքին ներգրավված էին նաև ԱԻ նախարարության համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ատոմ 2013» շտաբային վարժանքի սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել վթար և վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր, որի հետևանքով բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում: Անհրաժեշտ էր իրականացել մոտակա բնակավայրերի բնակիչների տարհանում և իրականացնել պաշտպանական միջոցառումներ: Ըստ մտահղացման` իրավիճակը գնալով բարդանում է, և ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմում է միջազգային հանրությանը:

Կարևորելով հանրային իրազեկման խնդիրը` վարժանքի շրջանակներում խաղարկվեցին ճեպազրույց և մամուլի ասուլիս, որոնք նպատակ ունեին օգնել ոլորտի փորձագետ-խոսնակներին պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում հրատապ տեղեկություններ տրամադրել բնակչությանն ու լրատվամիջոցներին, ինչպես նաև կանխել հնարավոր խուճապային իրավիճակները:

Հուլիսի 10-ին «Ատոմ 2013» վարժանքի ուսումնական շտաբ էին այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ծանոթանալով վարժանքի աշխատանքային խմբերին ու ներկա գտնվելով խաղարկային ճեպազրույցին` ԱԻ նախարարը և ԱՄՆ դեսպանը գոհունակություն հայտնեցին վարժանքի ընթացքի ու կատարված աշխատանքի վերաբերյալ:

Դեսպան Հեֆերնը լրագրողների հետ զրույցում կարևորեց ատոմակայանի անխափան գործունեությունը` նշելով, որ Միացյալ Նահանգները ջանքեր է ներդնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և արդյունավետ համագործակցում ԱԻ նախարարության հետ:

ԱԻ նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության միջև փոխգործակցության վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է արագ արձագանքել նման պատահարների և մշտապես համագործակցում է մյուս գերատեսչությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ` կատարելագործելու համար մեր մասնագետների հմտությունները:

Վարժանքի վերջին օրը, ամփոփելով կատարված աշխատանքը, ամերիկյան կողմից վարժանքի ղեկավար Դայանա Ակուրիոն մասնավորապես ասաց.
– Շատ գնահատելի էր, որ աշխատաժողովի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների շրջանում աշխույժ ու անկաշկանդ քննարկում ծավալվեց, որն անկասկած օգնեց բացահայտել համագործակցության խնդիրներն ու ավելի սերտ կապեր հաստատել պետական կառավարման մարմինների պատասխանատու աշխատակիցների միջև: Մենք տեսանք, որ վարժանքի աշխատանքային խմբերում լուրջ մոտեցում կար գործի հանդեպ ու ղեկավար խմբի կողմից ներկայացված ոչ մի հարցադրում անպատասխան չմնաց:

Ավարտին աշխատաժողովի ու վարժանքի մասնակիցներին վկայականներ հանձնվեցին, իսկ ԱԻՆ ամերիկացի գործընկերները ևս մեկ անգամ հավաստեցին, որ պատրաստ են աջակցել թե մասնագետների պատրաստման, թե փորձի փոխանակման և թե իրական վտանգի դեպքում օգնություն տրամադրելու գործում:

Հրդեհներ և օձի խայթոց` Արցախում

ԼՂՀ փրկարար ծառայությունԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Հրդեհներ
Հուլիսի 6-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Կարվին» կոչվող տեղանքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Զորավանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 50 հա խոտատարածք:

Հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Քաշաթաղի շրջանի Մխանց համայնքի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք, հնձած արտեր և եղեգնուտ:

Հուլիսի 10-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Զորավանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա հնձած արտ:

Օձի խայթոց
Հուլիսի 10-ին տեղեկություն է ստացվել, որ օձը խայթել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ, 1982 թ. ծնված Զ. Վարդանյանի աջ ձեռքի մատներից մեկը։
Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց, վիճակը բավարար է:

Զինդատախազություն. Փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության

Զինդատախազություն20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:

Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, և ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը և նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:

10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հդվածով քննիչի որոշումը բողոոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը:

Զինվորական դատախազություն

 

Ապամոնտաժվում են օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակներն ու ցուցանակները

001 (21)Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ աշխատանքները խիստ կանոնակարգված են ընթանում, և խոչընդոտներից խուսափելու համար ապամոնտաժող աշխատանքային խմբերը տնտեսվարողներին նախապես են տեղեկացնում ապամոնտաժման օրն ու ժամը։

«Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն են հայտնում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աջակցությամբ տրամադրվում է անվճար խորհրդատվություն։ Տնտեսվարողներ կան, որ իրենց ուժերով են ապամոնտաժում օրենքի խախտումով իրենց վահանակները. դիզայներական աշխատանքներն ու խորհրդատվությունը նրանց տրամադրում ենք առաջնահերթությամբ»,- նշել է Արազ Բաղդասարյանը։

Մայրաքաղաքում գույքագրված, օրենքին չհամապատասխանող գովազդային միջոցները 3000-ն են եղել, որոնց մեծ մասը՝ 1300-ը, Կենտրոն վարչական շրջանում։ 12 վարչական շրջաններից 9-ում դրանց ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են։

Գովազդի և լեզվի մասին օրենքներին չհամապատասխանող գույքագրված ցուցանակների   ապամոնտաժումն ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոսի 1-ը, ընդ որում, այս օրերին բոլոր վարչական շրջաններում զուգահեռաբար ընթանում են կրկնակի ստուգումները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիլիջանի բնակիչը ոստիկանությանն է հանձնել նռնակ և ինքնաձիգի 320 փամփուշտ

փամփուշտՀուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «G-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 320 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Կողոպտիչները բնակարան մտան, բայց չհասցրեցին դուրս գալ. ոստիկանները վրա հասան

ոստիկանություն3Հուլիսի 4-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ե. Քոչարի փողոցի 9 շենքի մի բնակարանում գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Պերճ Մ.-ն և 1984 թ. ծնված Արամ Մ.-ն ժամը 02.30-ի սահմաններում հարմարեցված գործիքով փորձել են բացել պատուհանը և մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունը չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:
Դեպքի վայրից հայտնաբերվել են ռետինե ձեռնոցներ և հարմարեցված գործիք մետաղյա առարկա:
Կատարվում է նախաքննություն:

Հեծանվորդը և ավտոմեքենայի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՎրաերթՀուլիսի 11-ին, ժամը 11.25-ի սահմաններում, «ՈւԱԶ-220694-033» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեծամոր ճանապարհից ՀԱԷԿ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-րդ դասարանի աշակերտ հեծանվորդի:
Հեծանվորդը և ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՀուլիսի 11-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ՔՀԳՎ են ներկայացրել 1980 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու համար:
Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Հայ և ամերիկացի դատավորները քննարկեցին վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները

ADR LOI signing-Mtadrutyunneri storagrum_hulisi 11Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, անցկացրեց Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին բացի հայ դատավորներից՝ մասնակցեցին երկու դաշնային շրջանային դատավորներ Միացյալ Նահանգներից և ներկայացուցիչներ Հայաստանի գործարար համայնքից: Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որը կարևորում է Հայաստանում ՎԱԿ համակարգը զարգացնելու շուրջ կողմերի փոխգործակցությունը ՝ հայաստանյան բիզնեսներին և սպառողներին առաջարկելով այլընտրանք ավանդական դատական գործընթացներին:

Համաժողովի նպատակն էր Հայաստանում ՎԱԿ համակարգի բարեփոխումները քննարկել որպես գործարար միջավայրի բարելավման բաղկացուցիչ մաս, ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան փորձը և կազմակերպել արբիտրաժի ու դատական միջնորդության դատախաղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը և Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն իրենց ելույթներում ընդգծեցին ՎԱԿ համակարգի առավելությունները երկրի տնտեսության, տնտեսվարողների և սպառողների համար: ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը և ԱՄՆ դաշնային շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսն ու Ռոբերտ Լասնիկը ներկայացրեցին ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու նաև ամերիկացի փաստաբան և արբիտր/միջնորդ Թոմաս Մարգիոտիին, որը ներկայացրեցարբիտրաժի և միջնորդության գործնական ուղեցույցը և մեկնաբանեց արբիտրաժի և միջնորդության դատախաղը:

2013թ. հուլիսից մինչև 2014թ. դեկտեմբերը նախարարությունը, համագործակցելով «Ի-Դի-Էմ-Սի»-ի հետ, կիրականացնի մի շարք գործողություններ, այդ թվում՝ օրենքների նախագծերի մշակում, հանրային լսումներ և միջոցառումներ՝ ուղղված գործարար համայնքում ՎԱԿ համակարգի մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը և վստահության ամրապնդմանը:

Աբովյան փողոցում նորից մետաղյա կոնստրուկցիաներ են տեղադրել, քաղաքապետարանն էլ սկսել է ապամոնտաժել դրանք

աբովյան փողոցԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ հուլիսի 11-ին որոշ լրատվամիջոցներով հնչեցված ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նույն օրը եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:

Նշենք, որ ավելի վաղ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշում էր, որ հուլիսի 11-ին Աբովյան փողոցում նորից մետաղյա կոնստրուկցիաներ են տեղադրվել:

«Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների և սեփականատերերի` փակելով  քաղաքի հիմնական ճեմուղին:

Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:

Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից:

Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»,- ասված էր հաղորդագրությունում:

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

Զենք-զինամթերքՀուլիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժնի և Դիլիջանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում մի շարք բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են՝
– «ՄՊ 27-Մ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան և 20 փամփուշտ,
– «ԼՄ-Պ-27-ԲՄ» տիպի որսորդական ողորկափող հրացան, «Արբալետ» տիպի զենք` 4 նետերով և 16 մմ տրամաչափի 21 փամփուշտ,
– «ՄՊ-27-ԵՄ» տիպի երկփողանի որսորդական հրացան` պատյանով, 8 փամփուշտներով, 2 հատ արջի մորթի,
– գազային ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ,
– «ՄՌ 27-ՋՄ», «Բրաունինգ», «ՍԿՍ», «Բեննելի», «ՉԶ» տիպերի որսորդական հրացաններ, 12 մմ տրամաչափի 810 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 196 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 1.000 փամփուշտ, 452 պարկուճ, 340 ճայթիչ, որսորդական 3 դանակ, որից 1-ը՝ ինքնաշեն, օպտիկական 2 սարք:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Աբովյան քաղաքում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

վրաերթՀուլիսի 11-ին, ժամը 13.20-ի սահմաններում, 1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աստղիկ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 4, սպանության փորձի 1 և մաքսանենգության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հետախուզվողը հայտնաբերվել է

կալանքՀուլիսի 11-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Այվազովսկու փողոցի թիվ 56 հասցեից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վահան Մ.-ին, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ծեծի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:

Օգնության են հասել փրկարարները

big_1373570772_3Հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 7-րդ հարկի պատշգամբի երկաթյա կառուցատարրին կանգնած է քաղաքացի, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղք:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1959թ. ծնված Ասատրյան Մարգարիտան կախվել է Խաղաղ Դոնի թիվ 23 շենքի 23 բնակարանի պատշգամբի լուսամուտի բազրիքից:
Ժամը 16.44-ին փրկարարները և հրշեջ-փրկարարները անվնաս իջեցրել են Մ.Ասատրյանին և տեղափոխել տուն:

 

Ավտոպատահարներ

ավտոպատահարներ Բագրատունյաց 31 շենքի մոտակայքում

Հուլիսի 11-ին, ժամը 16.58-ին Խաղաղ Դոն փողոցի պատահարից վերադառնալիս ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը Բագրատունյաց 31 շենքի մոտակայքում նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «Մարի» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 15LO749 (վարորդ Վ.Ղազարյան, ծնվ.1978թ.), «Միթսուբիշի» մակնիշի 34SL469 (վարորդ Ա.Հովհաննիսյան, ծնվ.1965թ.) և «ԿՌԱԶ» մակնիշի 441UL26 պետհամարանիշներով (վարորդ Տ.Կարապետյան) ավտոմեքենաները:
Ժամը 17.05-ին փրկարարները փակել են գազի բալոնների փականները:

Գեղահովիտ գյուղում

Հուլիսի 12-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում

big_1373571684_19Հուլիսի 11-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Խաչատրյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 տան խոհանոցում (պատկանում է Վ.Մկրտչյանին) այրվել է օդատար խողովակը:
Հրդեհն ինքնամարվել է:

Ծրագիր, որ իրոք կարող է խթանել այգեգործությունը

այգիՆույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում 14 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի 4 տոկոսը կառավարությունն է սուբսիդավորում, ու գյուղացին վարկը ստանում է 10 տոկոսով, միևնույն է, այդ վարկերը մեր գյուղացիների համար թանկ են, քանի որ պետք է ձեռք բերեն վառելանյութ,  պարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմացու, անասունների ցեղական մայրեր, կեր, աշխատանքներ կատարեն իրենց գյուղացիական տնտեսությունների վրա:

 Զարգացնել գյուղատնտեսությունը, նշանակում է նորմալ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար

Դրա համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղացիական տնտեսությունների վրա: Այս կարծիքին են գյուղատնտեսության ոլորտի` կառավարության հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող մասնագետները: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, օրինակ, նշում է Եվրամիության երկրներում գյուղացիական տնտեսություններին պետության տրամադրած սուբսիդիաների չափն ու ձևերը` որպես օրինակելի ձևեր. «Եվրամիությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը` ծախսերի 35, 40, նույնիսկ 45 տոկոսի չափով: Եվրամիության ամբողջ բյուջեն, որ մոտավորապես 540 միլիարդ եվրոյի է հասնում, գրեթե կեսը գնում է գյուղատնտեսության սուբսիդավորմանը: Դրա համար էլ նրանք գյուղմթերքները ստանում են դեմպինգային գներով: Եվ որևէ մի երկիր, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե մի ուրիշը, իր գյուղմթերքները չի կարող եվրոպական շուկայում վաճառել, որովհետև նրանց մթերքներն ի սկզբանե դեմպինգային են, այսինքն` ինքնարժեքից ցածր գներով են ստացվում: Այդպիսին է գյուղի նկատմամբ մոտեցումը: Այն երկրները, այդ թվում նաև Հայաստանը, որոնք գյուղը դիտում են որպես շուկայական տնտեսության գործառույթի բաղադրիչ, այդպիսի երկրները ժամանակի ընթացքում պետք է վերանայեն իրենց մոտեցումները: Եվ կգան դրան»,- նշեց Սաֆարյանը:

Հայաստանում էլ սուբսիդավորումը կատարվում է փոքր-ինչ  միջնորդավորված: Օրինակ` դիզելային վառելանյութն է 100 դրամով սուբսիդավորում, պարարտանյութն է սուբսիդավորում: Բայց այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ` սահմանային գյուղերում ջրի վարձի համար  խորհրդանշական գին սահմանելը կամ խթանելը այնպիսի արդյունաբերությունը, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, դեռևս իրատեսական չէ մեր երկրի համար:

Բայց Հայաստանում գործում են նաև այնպիսի ծրագրեր, որոնք օրինակելի են և կարող են էապես նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Օրինակ` մի բավականին հետաքրքիր ծրագիր է այժմ  իրականացվում «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից: Հանրապետության երեք մարզերում`  Վայոց ձորում, Տավուշում և Արագածոտնում, այդ ծրագրի շրջանակներում, մոտ 300 հա հողատարածքի վրա հիմնվելու են նոր` ինտենսիվ տիպի այգիներ, որոնց համար Հայաստան կներկրվեն ժամանակակից սորտերի տնկիներ, ոռոգումն ապահովելու նպատակով կտեղադրվի ոռոգման կաթիլային համակարգ և կորիզավոր պտղատուները կարկուտից պաշտպանելու համար կներդրվեն հակակարկտային ցանցեր:

«Այցելելով մարզեր` մենք ընտրում ենք հողատարածքներ, որոնք բնակլիմայական տեսանկյունից հարմար են պտղատուներ աճեցնելու համար: Այդ հողատարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով, ունենան դեպի այգի տանող անցանելի ճանապարհներ: Յուրաքանչյուր հողակտորի չափը 1-2 հա է: Կողք-կողքի գտնվող փոքրածավալ ֆերմերային տնտեսություններ, որոնք համաձայն են ծրագրի պայմաններին, միավորվում են և ստեղծում մեկ ընդհանուր հողատարածք, բոլորի հողակտորները միասին դիտարկվում են, որպես մեկ այգի: Մենք արդեն ընտրել ենք այդպիսի 4 այգի: Մեկն արդեն հիմնված է. Տավուշի մարզի Արճիս համայնքում տնկված է 4 հա այգի: Մեկը նախապատրաստական փուլում է, համապատասխան աշխատանքները կատարվել են ու սպասում ենք տնկանյութի ձեռքբերմանը և կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ գարնանը տնկման աշխատանքները կիրականացնենք»,- պատմեց այս ծրագիրն իրականացնող «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Ալվինա Ավագյանը` հավելելով, որ 2014 թ. կկատարվեն ևս 50 հա այգու տարածքների նախապատրաստական ու այգիների տնկման աշխատանքները:

Ծրագիրն իրականացնողներն առաջարկում են հողի տեր գյուղացիներին, ըստ ցանկության, ստեղծել կոոպերատիվներ հետագայում այգիների կառավարելիությունը բարձրացնելու և իրացման ու պահպանման խնդիրները լուծելու համար: Այգետերերից հողի վարձակալության` գյուղատնտեսական հողատարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագրերը կնքվում են 12 տարի ժամկետով: Պայմանագիրը գրանցվում է կադաստրում: Ըստ պայմանագրի` առաջին 4 տարիներին հողատերը ստանում է 100 հազար դրամ մեկ հեկտարի դիմաց` որպես կանխավճար հետագա եկամուտների հաշվին: Իսկ 5-րդ տարուց սկսած` մինչև 12-րդ տարին ստանում է բերքի 25 տոկոսը կա՛մ ստացված մթերքի տեսքով, կա՛մ դրա արժեքին համապատասխան գումար` ըստ ցանկության: Հողատերերը, եթե ունեն ցանկություն, իրավունք ունեն աշխատելու իրենց հողերում:

«Որովհետև այգին միշտ աշխատուժի պահանջարկ ունի, պահպանումը պահանջում է և՛ ոռոգում, և՛ քաղհան, և՛ կուլտիվացիա և այլն, մշտական տեխնիկական միջոցառումներն իրականացնելու համար պահանջվում է բանվորական ուժ, և մենք առաջարկում ենք հենց հողատերերին այդ աշխատանքները: Քանի որ ամբողջ ընթացքում նրանք շարունակում են մնալ հողատեր, պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք այգին վերադարձնում ենք  նրանց»,- ասում է Ալվինա Ավագյանը:

Այսպիսի միջոցառման հիմնական նպատակն է ցույց տալ, որ այգեգործությունը կարող է լինել շատ եկամտաբեր: Որովհետև, օրինակ, ոռոգման կաթիլային համակարգերը և հակակարկտային ցանցերը մեղմում են այգեգործությանը սպառնացող ռիսկերը: Այս ծրագրով նաև ուզում են ներկայացնել մեր գյուղացիներին նոր տիպի այգիների մոդելը, որտեղ ծառերը կիսագաճաճ կամ գաճաճ տիպի են, պատվաստված ծառեր են, բացի այդ, կորիզավոր պտղատուների դեպքում մեկ հեկտարի վրա մոտ 1500 տնկի է տնկվում:

«Դա հնարավորություն է ստեղծում 1 հեկտարի` միավորի հաշվարկով ավելի շատ բերք ստանալ: Դրանք նոր տիպի այգիներ են, մշակության նոր կուլտուրա է, որ մենք ուզում ենք ներդնել մեր հանրապետությունում»,- ասաց «Հայկական միրգ» ընկերության տնօրենը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է  ունենալ 300 հա ցուցադրական այգիներ: Իսկ դրանք էլ, իրենց հերքին, կծառայեն նմանատիպ այգիների տարածմանը` այլ գյուղացիների մոտ ևս ցանկություն կառաջանա նմանատիպ այգիներ հիմնել, իսկ ծրագիրն էլ այդ դեպքում կտրամադրի խորհրդատվություն:

Երբ պտղատու այգիներ են տնկվում, ծրագրի շրջանակներում կոոպերատիվներ են կազմվում, սովորեցնում են, թե ինչպես կարելի է լավ այգի տնկել, պահպանել այդ այգին, հակակարկտային միջոցառումներ իրականացնել, հողը նախօրոք պարարտացնել ու բերել այն մակարդակին, որտեղ ծառը նորմալ կաճի, սա շատ լավ կուլտուրա է այգեգործությունը զարգացնելու համար: «Շատ լավ ծրագիր է: Նաև շատ օգտակար է այն գյուղացիների համար, որոնք իրենց հողերը միավորում են, կոոպերատիվներ են ստեղծում, հետո` 10 տարի հետո անվճար այդ նույն կոոպերատիվին են հանձնում իրենց հողերը: Սա մեծ կուլտուրա է` սահմանազատում են հողը` արգելապատնեշներ են ստեղծում, որ ոչ ոքի չխանգարի, պահակ են պահում, զուգարաններ են տեղադրում, կահավորում են աշխատանքային տարածքներ աշխատողների համար և այլն: Այսինքն` մեր ժողովրդին գյուղատնտեսական նորմալ կուլտուրա են սովորեցնում մաքուր ու որակյալ բերք ստանալու համար».- նշեց ՀԽ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Այլ խոսքերով` սա ծրագիր է, որն իրոք կարող է Հայաստանում խթանել ժամանակակից ու որակյալ այգեգործության զարգացումը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Քիշնևում մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին

3499

 

Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնևում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր:

Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, երկրում իրականացվող բարեփոխումներին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Նախագահը խոսել է նաև էներգետիկ համագործակցությունը էներգետիկ թելադրանքի վերածելու՝ ադրբեջանական քաղաքականության անթույլատրելիության մասին, երբ պարտադրում են լռել ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների խախտումների բացահայտ դեպքերի ժամանակ անգամ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական: Նա ընդգծել է, որ վստահ է՝ գագաթնաժողովն իր դրական ներդրումն ունեցավ ինչպես ԵԺԿ, այնպես էլ Արևելյան գործընկերության նպատակների իրականացման ճանապարհին: «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մոլդովական կողմին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք Երևանում հյուրընկալեցինք համանման միջոցառում և շնորհակալ ենք պարոն Մարտենսին, ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովների ավանդույթը և ձևաչափը ձևավորելու համար:

Գործընկեր պետությունների եվրամերձեցման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ գործակցությունն է, քաղաքական մշակույթի և ի վերջո՝ արժեհամակարգի մերձեցումը: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կարևոր դերակատարում ունի եվրոպական ինքնության տարածման, գործընկեր պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Այսօր մենք քննարկեցինք Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մեզ համար սրանք շատ շոշափելի, կոնկրետ հարցեր են: Արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության և ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից:

Արևելյան գործընկերության գոյության ավելի քան չորս տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը ցույց է տալիս, որ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության խորացման հարցերում: Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ»,-համատեղ մամուլի ասուլիսում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահականը 80 միլիոն դրամ է հատկացրել կարկտահարությունից տուժածներին

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 80 միլիոն դրամ է փոխանցել մայիսին կարկտահարությունից վնասված Արմավիրի մարզի տնտեսություններին օգնելու նպատակով ձևավորված հիմնադրամին։