«Ռուսաստանը իրավունք չուներ զենք մատակարարել Ադրբեջանին». Արա Պապյան

DSCN4207Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին աղմկոտ ռազմական համագործակցության, Հայաստանին սպառնացող վտանգների ու Ռուսաստանի դիրքորոշման մասին, այսօր լրագորղներին հայտնեց հարցի շուրջ իր կարծիքը. «Ռուսաստանը իրավունք չուներ զենք մատակարարել Ադրբեջանին, և սխալ են այն քաղաքագետները, ովքեր հայտարարում են, թե նա ազատ էր տնօրինելու իր ռազմական ռեսուրսը: Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է: Քաղաքագիտական այդ տերմինը մատնանշում է, որ ստրատեգիական դաշնակիցը պատրաստ է իր տնտեսական, երբեմն անգամ  քաղաքական շահը զոհել հանուն դաշնակցի: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը հավատարիմ դաշնակից է եղել Ռուսաստանի համար»:

Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանին թվա, թե մենք իրենից «փախչելու տեղ չունենք». Արա Պապյան

DSCN4207«Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունից արյան հոտ է գալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետին չի բավարարում Հայաստանի միակ պաշտոնական այն հայտարարությունը, թե Բաքվի գնած զենքերը չեն խախտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական  հավասարակշռությունը: «Պաշտոնական Երևանը պետք է բողոքի: Հասկացեք` զենքի մեջ արյուն կա: Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, բայց այս անգամ խմբաքանակը շատ մեծ է, իսկ զենքերը` հարձակվողական տիպի: Ռուսաստանի նման քայլը չի կարելի մեկնաբանել նրանով, թե նա վախեցնում է Հայաստանին՝ կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի  ստորագրումը և հարկադրելով  ավելի ակտիվ մասնակցության եվրասիական ինտեգրացիոն  նախագծում, քանի որ Ադրբեջանին նման կարգի զինամթերք տրամադրելը շատ լուրջ քայլ է, որը ցույց է տալիս, որ մեր «դաշնակիցը» մեզ արդեն իր գրպանում է համարում և ուզում է գործերը հարթել հիմա էլ Ադրբեջանի հետ: Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանին թվա, թե մենք իրենից «փախչելու տեղ չունենք»», – ասաց Արա Պապյանը և մեր հարցին, թե հատկապես ինչ քաղաքականություն պետք է այս պահին որդեգրել` նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն ինչ-ինչ հանգամանքների բերումով տնտեսապես կախված է Ռուսաստանից, պատասխանեց. « Հստակ քաղաքական դիրքորոշում է պետք: Իսկ այս պահին  Պետք էակտիվորեն զարգացնենք մեր այլըտրանքները: Օրինակ` մի երկրի Էներգամատակարարումը չի կարող ամբողջությամբ պատկանել մեկ այլ երկրի, թող Ռուսաստանը հասկանա, որ ինքը կարող է ունենալ դրա, օրինակ, երեսուն տոկոսը և ոչ ավել: Մեզ հակակշիռներ են պետք, քանի որ հիմա ավելի վատ վիճակում ենք, քան եթե լինեինք Ռուսաստանի իշխանության տակ, ով իբր մեր դաշնակիցն է, բայց, փաստորեն, չունի պարտավորություններ»:

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

408.  Armenia assumed BSEC chairmanship 21.06.2013aՍ.թ. հունիսի 21-ին Օդեսայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։

Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ  հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` “DigiTec 2013” ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների  և հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ:

Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը և միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

 

 

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ բուժաշխատողներին

001 (8)Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մայրաքաղաքի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների շուրջ երեք տասնյակ բուժաշխատողների՝  բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար։

Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կարևորագույն այս ոլոտում մեծ նվիրումով աշխատելու  համար և հավաստել, որ քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են։

«Վստահ եմ, որ միասնաբար կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու ստանձնած պարտավորությունները՝ ոլորտն էլ ավելի կայացած ու կատարելագործված տեսնելու համար»,– նշել է Դավիթ Օհանյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ոսկե ծիրան»-ը կհամագործակցի դեսպանությունների հետ

GOLDEN APRICOT_1Այսօր` հունիսի 21-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ-ում իր գործընկեր դեսպանությունների հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա փառատոնի շրջանակներում կայանալիք համագործակցությունը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պրն. Ջոն Ա. Հեֆերնը, ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ պրն. Ֆաբիեն Ներան, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին, ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտինը և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար տկն. Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակից են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Մասնավորաբար, ծրագրի որոշ մասը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:

Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը, անխոս, լեգենդար շանսոնիեի` Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակել դաշնակահարի վրա, Դընիս դը լա Պատելյիեի Թոբրուկ գնացող տաքսին և Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում:

Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր դարձավ ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին: Մասնավորաբար, որպես ժյուրիի կազմի անդամ ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ):  Ֆրանսիական արտադրության Երկու հոգու միջև վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված Տարվա հինգերորդ եղանակը խաղարկայինը, Լևիաթան վավերագրականը, Փետուրի խրոնիկա կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի Կորած հորիզոնները և Արտո Փեհլիվանյանի Վ…, այսինքն` Վեռնյոյ ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի Սև հինգշաբթի խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր Լուսանկարը ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի Թո՚ւհ (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի The Big Leap և Լուկաշ Օստալսկու Մայրը կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի Հաննա Արենդտ  (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի Dva, Էրիկ Շմիդթի Rhino Full Throttle, Էլմար Իմանովի  The Swing of the Coffin Maker գերմանական արտադրության և Էնգին Կունդակի Արարատ թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու Աղջիկը Գորիից գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:

Կարևոր է նշել, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:

Կարևոր է նշել, որ ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ը հիմնադրվել է 2009թ. «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և թուրքական Անադոլու Քյուլթուր (Anadolu Kultur) կազմակերպության համատեղ ջանքերով: ՀՊՖՆ-ը միտված է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ ֆիլմերի ստեղծման խթանմանը և երկու երկրների կինոգործիչների համար ստեղծագործելու յուրահատուկ հարթակ է: ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ և վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց,  թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ: Հարկ է նշել նաև, որ նախագծի կարևորությունն էականորեն ընդգծվեց անցյալ տարի, երբ ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբինը տարածաշրջանային այցից հետո Սենատում կատարված իր հաշվետվությունում խոսեց ՀՊՖՆ-ի նախաձեռնությունների` միջսահմանային հարաբերություններում ունեցած դերի և կարևորության մասին:

ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ  դ’Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում:   Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի Արյունակից եղբայրը վավերագրականը, Լիսան Սարտորի Six Letter Word կարճամետրաժը և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու All Together Now  խաղարկայինը` բոլորն ամերիկյան արտադրության:

Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

10491_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը:
Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել և արդյունքներն էլ ակնառու են: Եթե հիշենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինչպիսին էին արդյունքները հինգ տարի առաջ, ապա այսօր կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց: Ընդ որում, կարող ենք արձանագրել, որ դա առաջընթաց է նաև միջազգային համեմատությունների մեջ: Մենք կարողացել ենք էական առաջընթաց արձանագրել ՏՏ հասանելիության տեսակետից, ինչպես նաև նորարարական, նոր գիտելիքների, տաղանդաշատ երիտասարդների կողմից ստեղծված արտադրանքի ծավալների առումով: Դա ուրախացնում է և ոգեշնչում»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դրա վառ վկայությունն է նաև այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանի Հանրապետությանը և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ դրան մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում՝ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, որոնք մեր երկրին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում:
«Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ տարեկան 10-15 տոկոսանոց աճ ապահովող ՏՏ ոլորտն այսօր ՀՀ կառավարության առջև առաջին հերթին դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ մրցակցությունն այս բնագավառում ուժգնանում է առաջին հերթին բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Դրա համար կադրերի պատրաստման քաղաքականությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և պետական պատվերը տեղաբաշխելիս կամ բուհերի ծավալային ընդլայնման խնդիրները պլանավորելիս առաջնահերթություն է տրվում հենց ՏՏ բնագավառին:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է հանդիսանում այս ոլորտի զարգացման համար: «Այսօր եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ պետություն, ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա ակնհայտ է, որ առանց լայնածավալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման այդ մրցակցային առավելությունը չենք ունենա: Դրա համար այն ընկերությունները, պետական կառույցները, որոնք թափով ներդնում են տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բարձրացնում են իրենց արտադրողականությունը և դառնում մրցունակ: Սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն և այս ուղղությամբ մենք մասնավոր հատվածի հետ պետք է իրականացնենք համալիր ծրագիր»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև վարչապետը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք մեր քաղաքացիներին տվել են դրական, տեսանելի և շոշափելի արդյունքներ:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն առանձնացրել է ձեռնարկությունների պետական ռեգիստրում և կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը:
Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ՝ երրորդ ուղղությունը, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ-ի կիրառում՝ հարկային և մաքսային բնագավառն է, ինչը մի կողմից կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետ՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ այդ համակարգը դարձնում թափանցիկ և վերահսկելի:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Հայաստան: Բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 ՀԴՄ-ներ, որոնք ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս ոչ միայն իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, այլև քարտային վճարումներ, հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին:
Միաժամանակ, սկսած 2014 թվականի հունվարի մեկից 60 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ևս հնարավորություն կունենան օգտվել այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում:
«Աշխատանքների հաջորդ ուղղությունը մեր շփումներն են մասնավոր հատվածի հետ: Կարևոր է, որ մենք մշտապես ձեզնից ստանանք ազդակներ, թե ՀՀ-ում ինչ հանգամանքներ կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և կառավարությունն ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր լինի ու ՏՏ ոլորտը թափով զարգանա: Այդ տեսակետից, մենք նաև մեծ հույսեր ենք կապում այս բիզնես ֆորումի հետ ու մեծ ուշադրությամբ հետևում բոլոր քննարկումներին ու առաջարկություններին: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՏՏ ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Սա հաջողված պատմություն է մեր պետական ծրագրերի իրականացման բնագավառում, քանի որ ակնառու են արդյունքները: Մենք պարտավոր ենք այս ձեռքբերումների հիման վրա երաշխավորել ու ապահովել ավելի բարձր աճի տեմպեր, քանի որ ՏՏ-ի սերտաճումը բոլոր բնագավառների հետ մեզ դարձնելու է ավելի մրցունակ պետություն»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող քաղաքականության և ՏՏ բնագավառում ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցելու համար: Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը վարչապետ Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է ԱրմԹեք համաժողովին և նշել, որ այդ համաժողովը ամերիկյան և հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է: «ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որպեսզի ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,– ասել է Ջոն Հեֆերնը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ոլորտի զարգացմանը խթանելու և բազմաթիվ նորարարական ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:
ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:

Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

001 (7)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը.

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Գլենդելի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի միջև փոխըմբռնման հուշագրի առկայությունն ու Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Զարեհ Սինանյանը և, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Գլենդելում՝ երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ռուբեն Հակոբյանի նամակը Իշխան Զաքարյանին

briefings.-Ruben-Hakobyan0-e1347627553316Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում արձանագրված խախտումներն ու թերությունները, որոնց վերաբերյալ իրենց ելույթներում անդրադարձան ինչպես «Ժառանգություն» խմբակցության, այնպես էլ Աժ այլ պատգամավորներ, խնդրում եմ, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն:

Միաժամանակ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով՝ ակնկալում եմ 10-օրյա ժամկետում ստանալ գրավոր պատասխան:»

 

«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

 

Հանրային խորհուրդը քննարկել է Արմեն Աշոտյանի «խիստ նկատողությունը» ԲՈՀ-ի նախագահին

SAM_1862Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման և գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաև արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի և այլ հարցերի վերաբերյալ:

Օրակարգային հարցերից էր նաև Հանրային խորհրդի անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված “խիստ նկատողություն” կարգապահական տույժին:

Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, և իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաև ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին:

Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:

«Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում, մենք էլ իմանանաք, որ ունենք այդ տեսակ «դաշնակից»», – Արա Պապյան

DSCN4207Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին աղմկոտ ռազմական համագործակցության, Հայաստանին սպառնացող վտանգների ու Ռուսաստանի դիրքորոշման մասին այսօր լրագրողների հետ խոսեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Մասնագետը նախ շեշտեց, որ Մոսկվայի` Բաքվին տրամադրած զենքերը ունեն հարձակողական բնույթ, նորագույնն են իրենց տեսակում, իսկ հետխորհրդային  պետություններից այդ կարգի զենք ունեն միայն Ռուսաստանը  և Ուկրաինան:

Արա Պապյանը  հայտնեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին իր համար ամենացավալին հայկական քաղաքագիտական մտքի անկումն է. «Շատ հայ քաղաքագետներ ասես  արդարացնում են Ռուսաստանի  քայլը, մինչդեռ պետք է թողնել, որ իրենք մեկնաբանեն, հիմնավորեն ու արդարանան: Հարցը այն չէ` կխախտվի արդյոք ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև անգամ հավասարակշռության պահպանումը այս պարագայում կստեղծի վտանգավոր վիճակ: Հնարավոր պատերազմի դեպքում կրկնակի շատ զոհեր կլինեն: Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում, մենք էլ իմանանաք, որ ունենք այդ տեսակ «դաշնակից»:  Ի վերջո, չգիտենք` Ռուսաստանն  ինչ դիրք կունենա հնարավոր պատերազմի ժամանակ: Մենք դառը փորձ ունենք: Ռուսատանը մեզ մեկ անգամ չէ, որ մեզ մենակ է  թողել: Ի՞նչ երաշխիք կա, որ հիմա այդպես չի վարվի», – ասաց քաղաքագետը:

«Իսուզու»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը տեղում մահացել է

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1941 թ. ծնված Սերյոժա Ավագյանի վարած «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով Ս. Ավագյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

 

Մահացու պատահար Գեղադիր-Հացավան ճանապարհին. «ԳԱԶ-31105»-ը բախվել է էքսկավատորին

ավտովթարՀունիսի 20-ին, ժամը 19.00-ին, Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական աշխատանքներ կատարող «JCB ZCX SITE» էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981 թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, յուրացման կամ վատնման` 2 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հունիսի 22-ի գիշերը Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-25-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում`

Հունիսի  22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան  39.00C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  7.10C   (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  22.30C

Տերով անտերություն

պռոշյան (1)6000 հազար բնակիչ ունեցող Պռոշյան համայնքն  առավել հայտնի դարձավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ օրը ցերեկով գյուղապետարանի մոտ սպանեցին   ազատամարտիկ գյուղապետին: 40 օր անց  պանթեոնի հուշակոթողին, որտեղ թաղված է գյուղի 7 ազատամարտիկ, այդ թվում նաև  գյուղապետը, ստահակը թողեց իր արյունոտ`«ավարտվեց հանդեսը» ուղերձը:

Ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնելը  թուրքին բնորոշ ձեռագիր է, ուստի ոչ միայն պռոշյանցու,այլև բոլորիս ողբերգությունն է:  Պռոշյանցիները սիրում էին իրենց գյուղապետին, ուստի լարված իրավիճակը  միանգամայն հասկանալի է: Այն էլ ավելի սրվեց, երբ մարզպետ Շահգալդյանը դպրոցի խորհրդի անդամ, բուժքույր Արմինե Մելիքյանին գյուղապետի նոր պաշտոնակատար նշանակեց, որին գյուղացիները մեղադրում են դպրոցի տնօրենի ընտրություններն  արդեն 3-րդ անգամ բոյկոտելու մեջ:

Համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը լավ գիտի, որ «ՏԻՄ-երի մասին» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` մարզպետը 40-օրյա ժամկետով ժամանակավոր պաշտոնակատար պիտի նշանակի` մինչև նոր ընտրությունը: Իսկ այն նշանակված էր հուլիսի 14-ին:

Առանց այն էլ անչափ ծանր իրավիճակում հայտնված և  7 ամիս էլ  անտնօրեն մնացած դպրոցի և դրա շուրջ ծավալվող իրոդարձություններն ամեն պռոշյանցի իրենն է համարում, որովհետև   իրենց զավակներն են այնտեղ սովորում: Թեև քիչ չեն մայրաքաղաք հաճախողները:  Մի կերպ ուսումնական տարին փակեցին հույսով, որ, ի վերջո, տնօրեն կընտրվի, ամառային արձակուրդին էլ զուգարանների չգոյության խնդիրը կլուծեն: (Բնական պահանջը բավարարելու համար աշակերտը հաճախ տուն է վազում կամ  դասամիջոցը հերթում անցկացնում):

«Անչափ նեղվածք է, բավական չէ 350 տեղանոց մասնաշենքում 700 աշակերտ է սովորում,- սրտնեղում է 43 տարվա մանկավարժ Արմեն Խաչատրյանը,- դպրոցի 12 զուգարանից ընդամենը 4-ն է աշխատում, այն էլ սեփական նախաձեռնությամբ, նախկին գյուղապետի աջակցությամբ մի կերպ կարգի ենք բերել այս տարի: Դպրոցի վատթար վիճակից է, որ 100 աշակերտ Երևան է հաճախում: Այո, դժվար չէ պատկերացնել, թե 700- աշակերտանոց դպրոցի 5-10 րոպեանոց դասամիջոցները ի~նչ «էֆեկտիվ » են անցնում: Այս դեպքում «կարգի» բերելն էլ հարաբերական է, քանզի դպրոցը կոյուղի չունի և 700 աշակերտի կեղտաջրերն անարգել բակ են դուրս գալիս` ոչ միայն գարշահոտություն, այլև հազար տեսակ վարակ տարածելով շուրջբոլորը»:

Թերևս չէր խանգարի, որ կոճակ սեղմող մեր այդ պատգամավորները, մանավանդ նրանք, որ կողմ են քվեարկել  Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցին հարկային արտոնություն տալու օգտին,  սեփական աչքերով տեսնեին այս «գորշ» իրավիճակն ու հետևություն անեին:  Եթե գնալու քաջություն ունենան, չմոռանան իրենց հետ տանել նաև մարզպետին ու նախարարին, որոնց համառ ջանքերով էլ, ըստ կառավարման խորհրդի նախագահ Խաչատրյանի, բոյկոտվում են տնօրենի ընտրությունները:

Իսկ դպրոցի խառնաշփոթը ստեղծվեց  2012 թ. նոյեմբերի կեսից, երբ նախկին տնօրեն, հայոց լեզվի և գրականության մասնագետ Մարիամ Պետրոսյանը ֆինանսական խախտում թույլ տվեց և սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից` 60 հոգանոց կոլեկտիվին ու բնակիչներին կրակի մեջ գցելով: Տնօրենի ժամանակավոր պարտականությունը դրվեց Աննա Մկրտչյանի վրա, նա էլ բացեց  փակագծերը: Ըստ նրա,  60 աշակերտի առկայության դեպքում միայն տնօրենը  3 դասարան  պահելու իրավունք ունի, պակասի դեպքում` 2:  Թեև հունվարից  աշակերտների թիվը պակասել էր, բայց դասարանների թիվը Պետրոսյանը 3-ն  էր թողել:

պռոշյանԸստ կանոնակարգի` երեք ամիս անց նոր տնօրեն պիտի ընտրվեր: Ճակատագրական այդ օրը հունվարի 17-ը դարձավ, որ շարունակվում է մինչ օրս: Եթե ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մկրտչյանը  3 ընտրությունների ձախողումը մարզպետարանի ներկայացուցչի և նախարարության փորձագետի բացակայությամբ պայմանավորեց, ապա այդքանից հետո տարօրինակ էր նրա  լավատեսությունը. «Հուլիսի 8-ին  երրորդ ընտրությունն է նշանակվել: Այս պահին մայրաքաղաքից երկու թեկնածու ունենք: Երկուսն էլ` մեր դպրոցից:  Չգիտեմ` 10 տարի այս դպրոցի տնօրեն աշխատած Դավիթ Դավթյանն իր թեկնածությունը կդնի, թե ոչ: Մեկն էլ մեր տնօրենի տեղակալն է (մասնագիտացված աջակցությունների գծով), որ նոր է հավաստագիրը վերցրել: Մեր միջոցներով նորոգած 4 սանհանգույց ունենք, այնպես չէ,որ չունենք, ինչպես ներկայացնում են…»:

Տիկին Մկրտչյանի` Դավիթ Դավթյանի թեկնածությունը դնել չդնելու մտահոգության առնչությամբ արժե հիշել, որ հունվարի 17-ի ընրությամբ  Դավթյանն արդեն ընտրվել է,  սակայն ընտրության արդյունքը ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ մարզպետարանը չեն ընդունել: Հիմա Դավթյանը արդարություն է փնտրում դատարանում: Ի դեպ, հունվարյան ընտրությանը մասնակցել է նաև Տաթևիկ Կյուրեղյանը, որը 1 ձայն է ստացել, իսկ Դավթյանը` 4:  «Քանի որ ընտրական կանոնակարգի 28-րդ կետը  երկրորդ ընտրություն անցկացնելու հնարավորություն տալիս է, որին կարող են մասնակցել  2 և ավելի ձայն ունեցողները, ապա  Տաթևիկը հաջորդ օրվա ընտրությանը չմասնակցեց, քանի որ 1 ձայն էր հավաքել: Իսկ Դավիթ Դավթյանը 5 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրվեց»,- պարզաբանում է մաթեմատիկայի ուսուցիչ պրն Խաչասրյանը: Քվորումն ապահովված էր,որովհետև 8 անդամն էլ մասնակցել են ընտրությանը: Բայց մարզպետն այդպես էլ չհաստատեց,որովհետև մարզպետի և նախարարության ներկայացուցիչները հատուկ կարծիք  էին հայտնել` իբր փոքր տարածքում է ընտրությունը կատարվել, ինչի պատճառով էլ ընտրության գաղտնիությունը չի ապահովել:

Ի վերջո, նախարարությունում երկու հանձնաժողով  է ստեղծվել: Դավթյանն էլ որոշել է իր իրավունքը  դատարանի միջոցով վերականգնել:

Հանելուկ է մնում, թե ինչո՞ւ ընտրվածին չեն ընդունում, մյուս ընտրություններն էլ բոյկոտում են: Ո՞րն է նախարարության ու մարզպետարանի կողմից բեմադրված երեք արարանոց այդ ներկայացման տրամաբանությունը:

Ի վերջո, 43 տարվա մանկավարժի նյարդերը տեղի տվեցին, ու նա խոստովանեց ողջ ճշմարտությունը.

Պարզվում է՝ առաջին անգամ ընտրված Դավիթ Դավթյանին մարզպետը չի հաստատել, որովհետև երկրորդ ընտրությամբ ուզում էին  տնօրեն ընտրել Ռուզան Վարդանյանին, որը  մինչ այդ հավաստագիր չուներ: Այդ ընթացքում նա դասընթացների է հաճախել, քննություններ հանձնել:Հավաստագիրը մայիսի 20-ից հետո է ստացել: Բոյկոտել են այնքան ժամանակ, մինչև մարզպետի ներկայացուցիչը` Ռուզաննա Խաչատրյանը, հավաստագիր ստանա:

Մարտ ամսին 262 ծնողի ստորագրությամբ մի նամակ են ուղարկել նախագահին,վարչապետին, թե ինչ վիճակում է Արցախում զոհված հերոսի  անվան դպրոցը: Խիստ են գրել: «Գրել ենք` պ-ն նախագահ, Դուք նրա հետ միասին խրամատում եք եղել, ճանաչում եք  Պետրոս Ղևոնդյանին, մի՞թե անհնար բան ենք խնդրում,- դառնացած ներկայացնում է բազմավաստակ մանկավարժն ու հիշեցնում, որ 1000 ստորագրությամբ մի նամակ էլ նոր պիտի ուղարկեն:-  Մենք ի՞նչ անենք, ինչպե՞ս  յոլա տանենք, երբ 15 միլիոն դրամ է անհրաժեշտ  հարցը կարգավորելու համար:  Հասկացանք` 350 տեղանոց դպրոցում 700 աշակերտ  մի կերպ խցկել ու յոլա  ենք տանում, երբ դպրոցի մասնաշենքերը, 1 հա ուսումնա-փորձնական հողամասը պ-ն մարզպետի թեթև ձեռքով վաճառված է: Թեև բալանսով մերն է, բայց սեփականության վկայականները տրված են ուրիշներին: Տարին երկու անգամ մարզպետը կարմիր կնիքով հաստատում է, որ մենք  9960 քմ. այգի ունենք, բայց իրականում այդ այգին մասնատված ու բաժանված է մարդկանց միջև: Քանի անգամ բարձրաձայնել ենք, գլխավոր դատախազին գրել, բայց ձայն բարբառո հանապատի: Ո՞վ է հաշվի առնում: Ո՞վ է տերը»:

Երբ գյուղամիջում զրուցեցի նաև մի քանի պռոշյանցիների հետ, համոզվեցի, որ դպրոցի  կարգավիճակը նրանց ոչ թե հոգնեցրել,այլ «զզվեցրել» է: Նորիկ Քոչարյանի ցավն էլ նույնն է, որի թոռնիկը նույնպես այդ դպրոցի սան է:«Երեք անգամ դպրոցի ընտրություն է եղել, բայց 7 ամիս է` այն անտեր է: Տնօրեն չի ընտրվել, որ դպրոցին տիրություն անի: Միակ ելքը երեխաներին դպրոց չթողնելն է, որ մեր կառավարությունը խելքի գա»: Նորիկի խոսքը մեկ այլ համագյուղացի կտրեց. «Ամեն օր փափուկ բարձ էին դնում գլխներիս տակ, թե այսօր, վաղը կանենք, ու չարին,իսկ հարևան Քասախում նոր դպրոց են կառուցում: Ոչինչ, սեպտեմբերի 1-ը յոթը սարի հետևում չէ, այն դասադուլով կսկսվի, նոր խելքի կգան»:

Որպեսզի նյութը միակողմանի չլիներ, ցանկացա նաև գուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինեին հանդիպել: Սակայն  նա ինձ հետ հանդիպել չցանկացավ փաստելով, որ «ծախու լրագրողների հետ հանդիպելու ցանկություն չունի»: Որոշեցի արձանագրել տ-ն Արմինեի պաշտպան մի երիտասարդի տրտունջը: Նա խնդրեց ձայնագրիչն անջատել, անունն էլ չասաց: Մատնացույց արեց գյուղի՝ Շահումյանում անհայտ կորած Կարոտ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի շենքը՝ ասելով, որ 700 միլիոնը կերան, շենքն այդպես էլ անավարտ մնաց: Չհավատացի, այդքա~ն գումար փոքրիկ շենքը վերականգնելու համար: Ինչպես հետո իմացա, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Վովա Սահակյանից, ոչ թե 700, այլ` 60-70 մլն:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ, հունիսի 17-ից Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Մնացականյանը, որը մարզպետի օգնականն է: Այս նշանակումից հետո, ինչպես ասում են, համայնքում հարաբերական հանգիստ է:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով

Taron-MargaryanՍիրելի բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական ​​տոնի առթիվ: Դուք՝ պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով, ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար:

Քաղաքային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով շոշափելի գումարներ տրամադրվեցին բժշկական նոր սարքավորումների ձեռքբերման ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերազինման նպատակով:

Տարեցտարի արդիականացող մեր բուժհաստատությունները, մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված փորձի փոխանակման տարբեր, այդ թվում նաև միջազգային ծրագրերը, ավելի ու ավելի են բարձրացնում ձեր մասնագիտական հմտություններն ու, դրանով իսկ, մեր բնակչությանը մատուցվող բուժծառայությունների որակը: Հետզհետե ավելի շատ բուժհաստատություններ են ընդգրկվում քաղաքապետարանի կողմից իրականացվող նորոգման ու հիմնանորոգման  ծրագրերում: Ու վստահեցնում եմ, որ առողջապահության ոլորտն այսուհետ նույնպես լինելու է Երևանի քաղաքպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա  կապակցությամբ, քաջառողջություն, բարեկեցություն  ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

 

Ավագ սպան մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ

7856_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտպանության նախարարության ավագ սպա, կոչումով` կապիտան Կ.Միրզոյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Միրզոյանը 2013թ. մարտի 2-ին իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակով պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ և 99-րդ կետերի պահանջները:

Նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ` Կ.Միրզոյանը ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Զազ-ՍԵՆՍ» մակնիշի ավտոմեքենային, բախվել վերջինիս, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ԿԳ նախարար. Մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են

DSCN8343Այսօր հանրապետության տարածքում  ձևավորված  19 քննակենտրոններում 2457 դիմորդ քննություն է հանձնում ՛՛հայոց պատմություն՛՛ և 1302 դիմորդ ՛՛քիմիա՛՛ առարկաներից:  Սա միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրն է:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում ՛՛հայոց պատմության՛՛ քննությանը ներկայացել է 235 դիմորդներից 211-ը, 24-ը բացակայում են:

Ռեինա Գևորգյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 18,25 է ստացել, ՛՛անգլերենից՛՛`19,5: Ասում է, որ քննությունների ընթացքից գոհ է և նմանատիպ գնահատական էլ այսօրվա քննությունից է ակնկալում: Ռեինան նշում է, որ թեստերը դժվար չեն, եթե շտեմարանները լավ սերտել ես:

Մարիամ Վարդանյանն էլ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դիմորդ է: Քննությունների ընթացքից գոհ է, նախորդ երկու  քննություններից`՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 19,5, իսկ ՛՛անգլերենից՛՛`20 է ստացել: Չնայած բարձր գնահատականներին`ասում է, որ կրկնուսույցի մոտ ընդամենը 6 ամիս է պարապել: ՛՛Ինձ թվում է, որ այսօրվա քննությունը հեշտ կլինի: Նախորդ երկու քննություններն էլ ավելի հեշտ էին, քան մտածում էինք՛՛,- ասում է նա:

DSCN8349Քննակենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նախ հարցուփորձ արեց դիմորդներին, թե գոհ են արդյոք քննությունների ընթացքից, ապա պատասխանեց նաև ծնողների հարցերին(մանրամասները տեսանյութում):

Աշոտյանն ասում է, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտում ենք հաջողությամբ:  ՛՛Հաջողությունը պայմանավորում եմ այս գործընթացի դրական և բարձր հանրային ընկալումներով, բացասական լրահոսի, խոսակցությունների չնչին տոկոսով և մեր երեխաների  ցուցաբերած բարձր առաջադիմությամբ,- ասում է Աշոտյանը:-  Իհարկե, այս մեդալը երկրորդ երես էլ ունի, որովհետև շատ են բարձր  գնահատականները, հատկապես հումանիտար առարկաներից ունենք չափից շատ բարձր գնահատականներ, դա նշանակում է, որ մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ  է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են, հատկապես անվճար ուսուցման համար՛՛:

Աշոտյանի խոսքով`թեստերի հեղինակները հիմա էլ այլ ծայրահեղության մեջ են ընկել և քննական առաջադրանքների զգալի մասը ավելի հեշտ են, քան կարող էին լինել, մինչդեռ   չափից ավելի բարդ և չափից ավելի հեշտ թեստերը խոչընդոտում են գործընթացը:

ԿԳ նախարարը նշեց,ո ր հաջորդ տարվա համար ԳԹԿ հետ  աշխատելու են շտեմարանների բազան ավելացնելու ուղղությամբ. ՛՛Առաջադրանքների քանակը պետք է ավելանա, որպեսզի անգիր անելու հավանականությունն նվազի, երկրորդը`թեստերի կառուցվածքում կլինեն փոփոխություններ, որոնք կդժվարացնեն առանց հասկանալու ճիշտ պատասխանը որոնելու և գտնելու հնարավորությունը՛՛:

Հուլիսի 15-ին բուհերը կամփոփեն արդյունենքերը և կփակցնեն ընդունվածների ցուցակները:

Նախորդ տարվա պես  որևէ տեղ չընդունված, բայց դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան լրացուցիչ դիմել առկա թափուր տեղերի համար:

՛՛Այս հնարավորությունը  վերաբերելու է բացառապես թափուր տեղերի առկայությամբ մասնագիտություններին և ֆակուլտետներին: Այսինքն, եթե թափուր տեղի խնդիր չլինի և մրցույթն ավարտված լինի, լրացուցիչ տեղեր չեն հատկացվի՛՛,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ արդեն իսկ ակնհայտ է, որ նման մասնագիտություններ են լինելու, օրինակ, իրավագիտությունը,  միջազգային հարաբերությունները, տնտեսագիտական ողջ բլոկը ԵՊՀ-ում և ԵՊՏՀ-ում, ԵՊԲՀ բոլոր մասնագիտությունները:

Աշոտյանի խոսքով`ոչ թե բոլոր դիմորդները կընդունվեն, այլ բոլոր դրական գնահատական ստացած դիմորդները ընդունվելու հնարավորություն կունենան:

Սպառողները տեղյակ չեն հանրային ծառայությունների ոլորտում իրենց իրավունքներից

ՀԵՑԱնցյալ շաբաթ Բաղրամյան 1-ին փակուղի 9 հասցեում գտնվող «Անկախի» խմբագրությունը ստիպված էր երկու աշխատանքային օր դադարեցնել աշխատանքը հոսանքազրկման պատճառով: Հայաստանի Էլեկտրացանցեր ընկերության թեժ գծին արված մեր բազմաթիվ զանգերին ստանդարտ պատասխան էր տրվում. մեկ ժամից հոսանքը կվերականգնվի: Սակայն ոչ մեկ, ոչ մի քանի ժամից, ոչ էլ մի ամբողջ օր հոսանքը չվերականգնվեց: Վերականգնվեց հաջորդ աշխատանքային օրվա ավարտին՝ շուրջ 24 ժամ հետո:

Տուժեց ոչ միայն մեր խմբագրության, այլև հարակից տարածքում գտնվող բազմաթիվ այլ ընկերությունների աշխատանքը, քաղաքի ամենաբանուկ  հատվածներից մեկը՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը, ուղղակի վերածվել էր քաոսի լուսանցույցների խափանման հետևանքով, իսկ թե ով էր փոխհատուցելու մարդկանց պատճառված անհարմարությունն ու վնասը, հայտնի չէր:

Այդ իրավիճակը պատճառ դարձավ ուսումնասիրելու ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու որոշումները և պաշտպանել խմբագրության իրավունքները: Հայաստանի էլեկտրացանցերից մեզ և հարևան սպառողներին խոստացան փոխհատուցել ՝ չնայած այդ փոխհատուցումն ավելի շուտ բարոյական է, քանի որ չի կարող ծածկել պատճառված վնասի իրական չափերը:  Սակայն օրենքն այս պահին ավելին չի նախատեսում:

Հայաստանում էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի փոխհարաբերությունները կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» որոշմամբ:  Այդ կանոններով կանոնակարգվում են նաև էլեկտրամատակարարման պլանավորված և չպլանավորված ընդհատումների դեպքում մատակարարի պարտականություններն ու սպառողի իրավունքները:

Կանոնների չորրորդ գլխում ամրագրված են սպառողի էլեկտրամատակարարման և վերականգնման պայմանները:

Եվ այսպես, մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին: Պլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել ընդհատմանը նախորդող օրվա ընթացքում վերջինիս հասու հեռուստաալիքով, 2 անգամ: Ինչպես գիտենք, այդ գործառույթը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն իրականացնում է Հ2 հեռուստաընկերության միջոցով՝ լուրերի թողարկումից անմիջապես հետո: Արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել  տվյալ կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով. մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան պարզաբանում ստանալ նաև էլեկտրամատակարարման դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների վերաբերյալ:

Aram Grigoryan

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ: Արտապլանային ընդհատման դեպքում էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`

1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. բազմաբնակարանային շենքերի սպառողներինը` 2 ժամում.

բ. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

գ. մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,

2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

բ. մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,

Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը վերականգնելուց հետո պարտավոր է նրա հետ կազմել ակտ` էլեկտրամատակարարման ընդհատման և վերականգնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ: Ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է սպառողին, իսկ մյուսը պահվում է մատակարարի մոտ:

Մատակարարի և սպառողի միջև ծագած վեճերը լուծվում են Հանրային ծառայությունները կարգավորող անձնաժողովի միջոցով կամ դատական կարգով:

Կանոնների 16-րդ գլխում սահմանված են նաև կանոնների պահանջները խախտելու համար մատակարարի նկատմամբ կիրառվող տույժերը: Օրինակ` մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ՝ ծախսված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամ, այն դեպքերում, երբ խախտել է էլեկտրամատակարարման պլանային  ընդհատման համար սահմանված ժամկետը կամ էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով:

էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին ՀԾԿՀ որոշումը գտանք Հասարակական պաշտպանների միության կայքում (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջը տևական ժամանակ է՝ չի գործում): Միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանի խոսքով՝ մատակարարի կողմից կանոնները խախտելու դեպքում սպառողն իր իրավունքները պաշտպանելու և փոխհատուցում ստանալու համար պետք է դիմի ընկերությանը. «Սակայն ոչ դիմում են, ոչ էլ փոխհատուցում են ստանում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հանրությունն իրազեկված չէ իր իրավունքների և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների պարտականությունների մասին: «Բայց եթե մարդիկ իրազեկվում են, ապա նրանց մի մասը գոնե փորձ է անում պաշտպանել իր իրավունքները»:

Իսկ ովքե՞ր են պարտավոր իրազեկել հանրությանը: Ըստ նրա` իրազեկելու պարտականություն ունեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու իշխանությունները: Հասարակական կազմակերպությունները նույնպես իրազեկում են, սակայն դա նրանց իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Համենայն դեպս, իրենց հնարավորության սահմաններում իրազեկում են:

Հասարակական պաշտպանների միությունը համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ ներկայացնելով սպառողների իրավունքները: Սակայն Արամ Գրիգորյանը նշում է, որ գոյություն ունի իրավահավասարության խնդիրը, որը լուծված չէ. «Հանրային ծառայություն մատուցող ընկերությունն իրավական կառույց է, մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, իրավունքներ ունի, հարցեր է դնում, պատասխաններ է ստանում, իսկ սպառողներն այդ իրավական կարգավիճակը չունեն»,- ասում է նա:

Հասարակական պաշտպանների միությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի իրավահավասարության հարցը լուծվի, և սպառողները նույնպես կարողանան մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, հարցեր բարձրացնել, պատասխաններ ստանալ. «Ինձ թույլ տան` կխոսեմ, թույլ չտան՝ չեմ խոսի: Ավելին, երբեք սպառողի կողմից բարձրացրած դիմում հանձնաժողովը չի քննարկել, իսկ ընկերության կողմից դիմած խնդիրը չի կարող չքննարկել: Արդեն իսկ խախտվում է հավասարակշռության սկզբունքը, խտրականություն է առաջանում»:

Մենք փորձեցինք լսել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսակետը, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով պայմանավորված հարցազրույցը չկայացավ, ինչն էլ ավելի հիմք է տալիս կարծելու, որ այդ ոլորտում թափանցիկության խնդիրը լուծված չէ: Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ մարմին է, օժտված բավական լուրջ լիազորություններով ու գործառույթներով, որոնք պարտավոր է իրականացնել կարգավորման սկզբունքները պահպանելով. մատակարարների և սպառողների շահերի հավասարակշռում, թափանցիկ աշխատաոճ, հովանավորչության, խտրականության բացառում և այլն:

Հասարակական պաշտպանների միությունը դիմել է հանրապետության նախագահին և կառավարությանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները վերանայելու նպատակով: Արամ Գրիգորյանի խոսքով՝ այդ գործառույթներն օրենքով սահմանված են, սակայն չեն իրականացվում, քանի որ հանձնաժողովը դրանք իրականացնելու ընթացակարգեր չունի:

Գյումրին քաղաքապետարանը որոշեց հանձնել ոստիկանությանը

IMG_0463“Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս քաղաքի բոլոր խաչմերուկներում տեղադրել անհրաժեշտ քանակի լուսացույցեր, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, վերանորոգել և թարմացնել նախկինում տեղադրված նշանները, անընդհատ կատարել փողոցների գծանշումները, իսկ կառավարության կողմից քաղաքապետարանին համապատասխան միջոցներ չեն հատկացվում: Ուստի, նպատակահարմար է այդ աշխատանքների կազմակերպումը փոխանցել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նշված գույքը` փաստացի վիճակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը”, – այսպիսի ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանը: Խոսքը վերաբերում է Գյումրու համայնքային հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցերը և այլ տեխնիկական միջոցները` փողոցային երթևեկության բոլոր նշանները, ՀՀ-ին նվիրատվությամբ հանձնելու մասին ավագանու համաձայնությունը ստանալուն:

Ըստ ոլորտի պատասխանատուի ամբողջ հանրապետությունում միայն երկու քաղաքում է, որ այս տեխնիկական միջոցները գտնվում են համայնքային հոգածության ներքո`Գյումրի և Վանաձոր քաղաքներում, մնացած բոլոր բնակավայրերում դրանք վաղուց հանձնված են ճանապարհային ոստիականությանը:
“Մենք որոշ չափով քաղաքի տեխնիկական միջոցների վիճակը բարելավել ենք, մասնավորապես, քաղաքում գործող 12 լուսացույցերից 11-ն արդեն փոխարինվել են թվային-ցուցիչային լուսացույցերով, իսկ որտեղ դեռ չեն փոխարկվել, մեկ շաբաթվա ընթացքում կկատարվեն: Սակայն մեր քաղաքին մոտ 30 լուսացույց է հարկավոր, դրանք բավական թանկ հաճույք են: Պիտի ասեմ, որ մինչև հիմա քաղաքի լուսացույցերը փոխվել են քաղաքապետի անձնական միջոցների հաշվին, քաղաքապետարանի բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվել”, – ասում է Կնյազ Մանասյանը:
Այս տարի քաղաքային բյուջեից ոլորտը սպասարկելու համար հատկացվել է 14,5-15 մլն դրամ, արդեն պատվիրվել են շուրջ 83 նոր նշաններ:
“Ճանապարհային ոստիկանության կողմից նախնական հաշվարկներ են կատարվել և դա ներկայացվել է ֆինանսների նախարարությանը, որ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ճանապարհային երթևեկության միջոցները իդեալական վիճակում լինեն, անհրաժեշտ է 480-ական մլն դրամ գումար: Ես չեմ կարող ասել, այդ չափի գումարը կհաստատվի, թե ոչ, բայց մեր այսօրվա ունեցած միջոցներից որ շատ կլինի”, – ավագանու անդամներին զեկուցեց բնակկոմունալ բաժնի պետը:
Խնդրին անդրադառնալով քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ես առաջարկեցի այդ 480 մլն-ի 50 տոկոսը մեզ տան, և մենք կատարենք աշխատանքները, բայց չհամաձայնեցին: Բայց ավելի լավ է մենք կարողանանք վերահսկողություն կատարել: Եթե այդքան գումար է հատկացվում, ապա պիտի որակ ապահովվի. եթե փողոցների գծանշումները կատարելու համար 1 կգ ներկն արժե 700 և 13,000 դրամ, բնականաբար այդ էժանն անորակ է և շուտ է ջնջվում”:
Գյումրու ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը նախագծին դեմ արտահայտվեց, նշելով, թե նախևառաջ, ոչ մի համայնք իրավասություն չունի վերահսկողություն սահամանել կառավարության աշխատանքներին, առավել ևս նրանց պարտավորեցնել լուսացույց նորոգել և այլն. “Այդ պատճառով, առաջարկում եմ ոչ թե կառավարությանը նվիրաբերել համայնքի սեփականությունը, այլ ինչ-որ ժամկետով կառավարության պահպանությանը տրամադրել”:
Սակայն, ավագանու մյուս անդամները կողմ քվեարկեցին և ավագանու որոշմամբ Գյումրի քաղաքի լուսացույցերն ու տեխնիկական միջոցները նվիրաբերվեց ՀՀ կառավարությանը: