Հունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Դայմլեր-Բենց» մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է կամրջի բետոնե հենասյանն ու կամրջի վրայից շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Մահափորձի գործով ամբաստանյալի շաքարի տոկոսը բարձրացել է
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի առողջական խնդիրների պատճառով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց համապատասխան քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքը, ըստ որի շաքարային դիաբետով տառապող ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին արյան մեջ շաքարի տոկոսի բարձրացման պատճառով՝ այն 13,6 տոկոս է: Դատական նիստին չէին ներկայացվել նաև մյուս ամբաստանյալները՝ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արամ Ամիրզադյանը հայտարարեց, որ ըստ իր տեղեկությունների, այսօրվա համար բժշկական ստուգում ու անալիզների հանձնում նախատեսված չի եղել, ինչպես նախօրեի դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Խ.Պողոսյանը: Այսինքն, ըստ մեղադրողի, ամբաստանյալը նախատեսել էր, որ չի ներկայանալու ներկա դատական նիստին: Ա.Ամիրզադյանը կասկած հայտնեց, որ ամբաստանյալը չի ընդունում հակադիաբետային իր դեղորայքը՝ հակառակ դեպքում շաքարի մակարդակն այդքան չէր բարձրանա:
Հունիսի 17-ին նշանակված հաջորդ դատական նիստին, ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, կհետազոտվեն գործի ապացույցները:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում՝ մի վտանգեք ձեր կյանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բորսայում դոլարի գինը`413 դրամ
Հունիսի 14-ից երթևեկելի կլինի Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը
Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա հատվածն է, որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Երթևեկը Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան: Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայ բնապահպաններն իրենց փորձը կներկայացնեն Գերմանիայում
Այսօր “Երիտասարդները եւ ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները. կայուն զարգացումը` որպես լուծման ուղի’’ թեմայով լրագրողների հետ հնդիպմանը խոսեցին Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ երիտասարդական թեւի նախագահ Լիանա Ներսիսյանը եւ Արեւելյան Եվրոպայի զարգացման եւ համագործակցության ցանցի խորհրդի անդամ Հմայակ Առաքելյանը:
Կ. Դանիելյանի խոսքով` այս ոլորտում կան բավականին ակտիվ երկրներ, որոնցից մեկն էլ Գերմանիան է` ում հետ համագործակցում են իրենք:Մայիսի վերջին Գերմանիայում եղել է մի հավաք, որտեղ եղել է փորձագիտական խումբ, Եվրամիության եւ մի քանի երկրների ներկայացուցիչներ:Հավաքի նպատակը եղել է դրական փորձի փոխանակումը, խնդիրների լուծումը:
՛՛Շուրջ 2 տարի անցկացվում է ծրագիր, որը փորձում է համախմբել երիտասարդների` մարզերից եւ Երեւանից, եւ նրանց տալ գիտելիքներ, որոնք իրենք չէին ստանա առօրյայում:Երիտասարդներն իրավաբաններ, տնտեսագետներ, լրագրողներ եւ էկոլոգներ են:Հուսով ենք, որ կունենանք շոշոփելի արդյունք՛՛,-ասաց Լիանա Ներսիսյանը:
Կարինե Դանիելյանը նշեց, որ Գերմանիայում պետք է լինի մեծ հավաք եւ մեր երկրի ներկայացուցիչը պետք է ներկայացնի մեր փորձը, այնուհետեւ` հոկտեմբերին, պետք է լինի միջազգային հավաք:
Մերի Բալասանյան
Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի համար 101 մանկապարտեզին
Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 101 մանկապարտեզի համերգային դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիպիլի աջակցությամբ։
Դեռևս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երևանում կազմակերպել էր իր «Սիպիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով հասույթը տրամադրել Երևանի մանկապարտեզներից մեկին։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ երգչուհու ցանկությամբ մանկապարտեզի ընտությունը կատարվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների ցանկից. որոշումը կայացվել է հաշվի առնելով մանկապարտեզի շենքային պայմաններն ու հաճախելիությունը։ Երևանի N101 մանկապարտեզ է հաճախում ավելի քան 230 երեխա։
«Ձեռքիցս եկածի չափով որոշեցի աջակցել։ Որքան երաժշտություն եմ սիրում, ավելին երեխաներին եմ սիրում. Համադրելով՝ որոշեցի հենց մանկապարտեզի դահլիճի նորոգումը հոգալ»,- նշել է երգչուհին, ով այս օրերին Երևանում է և այցելել է N101 մանկապարտեզ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանն այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մամլո ծառայությունից, հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն է եղել:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:
Իշխան Զաքարյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի խայտառակ չարաշաահումների մասին
Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված են բազմաթիվ խախտումներ, թերացումներ մի շարք ոլորտներում՝ մասնավորապես շինարարության և գնումների ոլորտում, որոնք էլ, ըստ Զաքարյանի, իրենց կողմից որպես հիմնական կոռուպցիոն ոլորտներ խիստ հսկողության տակ են:
ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Վերահսկիչ պալատի նախագահին ուղղեց հաշվետվության հետ կապ չունեցող, բայց հանրության ուշադրության տակ գնտվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի խայտառակ չարաշահումներին վերաբերող հարց:
«Մեկ ամիս ժամանակ եք տվել իսպանական ընկերություններին ուղղվելու համար: Իմ հաշվարկներով մեկ ամիսն արդեն ավարտվել է: Ե՞րբ և ի՞նչ չափորոշիչներով ենք մենք տեսնելու, որ ընկերությունը շտկվել է իր թերությունները, և ճանապարհը կունենա որակ»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Իշխան Զաքարյանը նախ հիշեցրեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն այս պահին մեր քաղաքաշինության ոլորտի ֆինանսական ամենամեծ ծրագիրն է՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկի կողմից ներկայացված բոլոր պահանջները կառավարությունը հստակ կատարել է. «Ի՞նչն է խնդիրը: Երբ մենք սկսեցինք մեր երկու-երեք հանձնախմբերով վերահսկողություն իրականացնել, պարզվեց, որ բավակնաի խնդիրներ արդեն իսկ Կապի և տրանսպորտի նախարարության կողմից արդեն բացահայտված են եղել: Մենք միասին շարունակեցինք ուսումնասիրությունները, և արդյունքում մեր կողմից կազմվեցին երեք՝ մեկը մեկից վատ արձանագրություններ, որից հետո ես խնդիրն անմիջապես զեկուցեցի հանրապետության նախագահին: Տասը օր հետո տնօրենն ազատվեց աշխատանքից»,-ասաց Իշխան Զաքարյանը:
Նա նաև տեխնիկական մանրամասներ ներկայացրեց խախտումներից՝ թվարկելով առաջացած խնդիրները:
Զաքարյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատի և Կապի և տրանսպորտի նախարարության կողմից բացահայտված խախտումները շտկվել են: «Կա շինարար, կա տեխնիկական հսկող, որը պարտավոր է կանգնեցնել և թույլ չտալ, որ նման ձևով աշխատանքը շարունակվի: Շինարարի հետ կապված էլ մենք ունենք բավականին շատ նյութեր հավաքած և մոտ ապագայում խոսելու ենք նաև դրա մասին: Այս պահին շտկումների աշխատանք է իրականացվում: Վերահսկիչ պալատի երկու աշխատակիցներ ամբողջ օրն այդ ճանապարհի շինարարությունը հսկում են»,-հավաստիացրեց նա:
Նաիրա Կարապետյանն, արձագանքելով Զաքարյանի պատասխանին, կարծիք հայտնեց, թե միգուցե ճիշտ կլինի մրցույթի չափորոշիչնե՞րը փոխել. «Էդ շինարարները, կներեք արտահայտությանս համար, ոնց որ խոպան եկած լինեն Հայաստան: Իսկ տնօրենին աշխատանքից ազատելը Հյուսիս-Հարավը չփրկեց»:
Իշխան Զաքարյանը, սակայն կարծում է, որ եթե վերահսկողությունը ճիշտ է ընթանում, կառուցողը չի կարող անընդհատ խախտումներ թույլ տալ:
Նա նաև հիշեցրեց, որ ութ միլիոն դոլլարի պայմանագիր է կնքված տեխնիկական հսկողություն կատարող ընկերության հետ, սակայն զարմացել է, երբ այդ ընկերության ներկայացուցիչը բողոքել է, թե ընդամենը ութ հսկող ունեն. «Ես էլ ասացի՝ դա մեր ի՞նչ խնդիրն է կամ դա ի՞նչ արդարանալու բան է, քսան հսկող պահեք, նման մեծ ծրագիր եք շահել»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ մինչ այս հայտարարվում էր, թե այդ ընկերություններն աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող ընկերություններից են և այլն. «Հենց գալիս են մեր պետություն, սկսում են վատ աշխատե՞լ»:
Իշխան Զաքարյանն էլ արդարացավ, թե իրենք երբեք չեն հայտարարել նրանց բարձր ռեյտինգների մասին, այլ ընդամենն ասել են, որ տարբեր երկրներում լավ գործեր արել են:
ԱՄՆ-ի կոկորդի ոսկորը Սիրիան է, այն անկախ է, իսկ ԱՄՆ-ը «անկախություն չի սիրում»
Այսօր կայացավ «Սիրիա: Անցյալը, ներկան և ապագան» խորագրով կոնֆերանսը: Քննարկմանը ներկա էին քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, Նորավանք գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ՀՀ-ում իրենց առաքելությունն իրականացնող բազմաթիվ դեսպաններ և դեսպանատների ներկայացուցիչներ:
Սիրիայում ստեղծված իրավիճակին անդրադառնալով` քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը մատնանշեց, որ այն, ինչ այսօր տեսնում ենք Սիրիայում, սկսվել է 1990-ականների առաջին կեսին, երբ Ադրբեջանն ագրեսիա էր կատարում Լեռնային Ղարաբաղում, և պաշտոնական Ստեփանակերտը զգուշացնում էր միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում տեռորիստական հրեշ է ծնվում, որը ուտելու է նաև իրենց: Խոսքը միջազգային տեռորիստական կազմակերպության մասին էր, որի մեջ էին մտնում զինյալներ Ռուսաստանից, Չեչնիայից, արաբական երկրներից, Պակիստանից, Թուրքիայից և այլն: Ներկայացնելով կադրեր, որոնցում տեռորիստական այդ կազմակերպությունները գերիներին գնդակահարում են, մահացած մարդկանց սրտերն ուտում, փոքր երեխային սովորացնում գերիների գլուխներ կտրել, գնդակահարում խաղաղ բնակչությանը` քաղաքագետը բնորոշեց այդ զինյալներին մարդակերներ, արնախումներ, որոնք իրենց տեռորիստական ճանապարհը սկսել են Ադրբեջանում:
«Սա Սիրիական ազատ բանակն է, որը այսօր դարձել է մի շարք պետությունների` Ֆրանսիայի, Թուրքիայի, Քաթարի, ԱՄՆ-ի գործընկերը: Այս երկրները որպես կանոնավոր իշխանություն սրանց են ճանաչում: Սիրիական ազատ բանակը սկսել է ձևավորվել 2011-ին, Թուրքիայի արևելքում: Այն ժամանակ բանակի մեջ էին մտնում Աիրիայի բանակի դասալիքներն ու ընդդիմադիրները, այժմ գրեթե սիրիացիներ չկան: Զենքը ստանում են Թուրքիայի տարածքով՝ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից և Թուրքիայից: Զինակոչվում են 9 տարեկանից: Սա է այն կազմակերպությունը, որին ԱՄՆ-ը ցանկանում է բերել Սիրիայի իշխանության գլուխ, այն ԱՄՆ-ը, որը ամենուր խոսում է մարդու իրավունքներից»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նկատեց, որ ԱՄՆ-ի կոկորդի ոսկորը Իրանն ու Սիրիան են: ԱՄՆ-ը այսօր եկել ու դեմ է եղել Սիրիային, որին չի կարողանում շրջանցել, քանի որ Սիրիան անկախ է, իսկ ԱՄՆ-ը «անկախություն չի սիրում»: Այդ պատճառով էլ նպատակ է դրել Սիրիան ոչնչացնելը, ինչին պետք է խոչընդոտել բոլոր հնարավոր միջոցներով:
Մեր երկրում լրագրողները անպաշտպան են
«Հայելի» մամուլի ակումբում Կենտրոն հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և Ազգ օրաթերթի Հակոբ Ավետիքյանը այսօր լրագրողների հետ քննարկեցին Հայաստանում լրագրողի ազատությանն ու իրավունքի սահմաններին վերաբերող խնդիրները` Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու վերջին իրադարձությունների համատեքստում:
Հակոբ Ավետիքյանը նախ անդրադարձավ ոլորտի ընդհանուր խնդրին` շեշտելով, որ մեր երկրում ցավոք լրագրողները պաշտպանված չեն ու հեռացվում են աշխատանքից իրենց հիմնական պարտականությունը կատարելիս, այն է` ճշմարտությունը փնտրելիս:
Պետրոս Ղազարյանը անցավ միանգամից վերջին աղմկահարույց իրադարձություններին. ««Շանթ» հեռուստաընկերությունը, ճիշտ է, նոր ֆորմատներ է բերել և մեծ լումա ունի հեռուստաոլորտում, բայց պետք է ընդգծել, որ մյուս կողմից վերջին դեպքը մտորելու տեղիք է տալիս: Ի վերջո սեփականատերը կարող է ընդունել աշխատանքի ու ազատել աշխատանքից իր լրագրողներին: Բայց զարմանքի տեղիք է տալիս հեռացման հիմնավորումը: Արմեն Դուլյանին հեռացրել են կարծիք հայտնելու համար, նույնն է թե` բժշկին հեռացնեն մարդուն բուժելու կամ հրշեջին` հրդեհը մարելու համար: Ընդ որում` կարծիքը Դուլյանը չի հայտնել հեռուստաեթերում, չի խախտել կորպորատիվ էթիկայի նորմերը: Ֆեյսբուքյան էջում` իր անձնական տարածքում, կատարել է գրառում, ինչն իր իրավունքն է: Եթե անգամ ընդունենք, որ այդ գրառումը Շանթ հեռուստաընկերությունում կարող էին իրենց վերագրել ու զայրանալ, ապա ինձ համար անհասկանալ է մնում հեռացման ձևը: Ցանկացած կոլեկտիվում թյուրըմռնումներ միշտ լինում են: Դրանց դեպքում պետք է բացատրություն պահանջել, և միայն եթե բացատրությունները չբավարարեն, աշխատողին հեռացնել աշխատանքից: Այս դեպքում նման բան չի եղել, Արմեն Դուլյանին միանգամից հեռացրել են: Հետո է նա մեկնաբանել, որ գրառմամբ չի հղել իր հեռուստատեսության ղեկավարությանը», – ասաց Պետրոս Ղազարյանը և փաստեց. «Մեր երկրում լրագրողները անպաշտպան են, ինքնապաշտպանությունը ևս լավ չի աշխատում, լրագրողները հետամուտ չեն լինում իրենց կոլեգաների իրավունքների պաշտպանությանը: Սրա մասին է վկայում այն, որ Դուլյանի հեռացման դեմ հենց թեկուզ սոց. ցանցերում շատ քիչ լրագրողներ դուրս եկան»:
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-18-ը հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը աստիճանաբար կբարձրանա` 4-6, 17-18-ը կնվազի` 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-18-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է:
Երևանի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.40C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.20C (1929թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.90C
Սամվել Կարապետյանը` «հայկական» անուն-ազգանունների մասին (տեսաբլոգ)
Ուղիղ միացում ԱԺ-ից
«Սրա վերջն ի՞նչ է լինելու». Հովիկ Աբրահամյանն ապշած է Վերահսկիչ պալատի բացահայտումներից
Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված են բազմաթիվ խախտումներ, թերացումներ մի շարք ոլորտներում։ Լուրջ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել հատկապես շինարարության և գնումների ոլորտում:
Հաշվետվության ներկայացումից հետո մինչ պատգամավորները հարցեր կուղղեին Իշխան Զաքարյանին, վերջինիս նախ հարց ուղղեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքն ուղղակի զարմացած է այս փաստաթղթից. «Փաստորեն, մենք գործ ունենք թալանչիների հետ,-ասաց նա,-ես ուղղակի զարմացած եմ, պարոն Զաքարյան: Էս մարդկանց բոլոր գործերը նախ պետք է ուղարկվի դատախազություն: Բայց կարծես այս ամենը շարունակական բնույթ է կրում: Սրա վերջն ի՞նչ է լինելու: Փաստորեն բյուջեի փողերը լափում են որոշ մարդիկ…»:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ պատասխան են տվել Վերահսկիչ պալատին այն պետական կառույցների ղեկավարները, որտեղ բացահայտվել են չարաշահումները:
Իշխան Զաքարյանը նախ պատասխանեց, որ բոլորն էլ իրենց բացահայտումներն ընդունել են, բացառությամբ երկու դեպքի: Բացի այդ, Հանրապետական կուսակցությունում երկարատև քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում հստակ խնդիր է դրված եղել, որպեսզի պետական գերատեսչությունների ղեկավարները պատասխանեն, թե ինչ է փոխվել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: «Վարչապետը մեկ առ մեկ բոլորին հարցրել է, թե այդ գործերն ինչ ընթացքում են, իսկ մեզ շնորհակալություն է հայտնել մեր կատարած աշխատանքի համար: Բացահայտումների 80 տոկոսի դեպքում մենք ունենք հստակ պատասխաններ, և այդ պատասխանները դրված են կառավարության կայքում»,-ասաց Իշխան Զաքարյանը:
Միաժամանակ նա նկատում է, որ կան նաև պատասխաններ, որոնք ընդամենը պատասխաններ են՝ օրինակ, Վերահսկիչ պալատին չի բավարարել բիոզուգարանների հետ կապված պարզաբանումները:
Վերահսկիչ Պալատի նախագահը ևս մեկ անգամ փաստում է, որ այս պահին ամենալուրջ խնդիրը շինարարության և գնումների ոլորտում է: Որպես օրինակ՝ նա նշում է պետական կարիքների համար գնվող հսկայական հացը: «Մինչև հիմա մենք նորմալ ստանդարտներ չունենք սահմանված»:
Իշխան Զաքարյանը ենթադրում է, որ հավանաբար տարիներ շարունակ այդ բարձիթողի վիճակը ձեռնտու է եղել որոշ մարդկանց, սակայն հիմա իրենք փորձում են շտկել իրավիճակը: «Գուցե պատժի առումով ինչ որ անում ենք, դեռ բավարար չէ, բայց ամեն դեպքում, այս ամենի մասին բաց, հրապարակային խոսելն այս իշխանության հստակ դիրքորոշումն է: Երեք տարի ես խոսում էի թոշակների մասին այս ամբիոնից, ոչ ոք չէր հավատում, որ ինչ որ բան կփոխվի: Բայց կարծես այսօր այդ թեմայով այլևսչեն խոսում»,-ասաց Զաքարյանը:
Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ուղղակի հանրության մոտ չստեղծվի տպավորություն, որ մենք հայտնաբերում ենք այդ թերությունները, բայց պատիժ չի լինում, որովհետև կստացվի, որ մենք էլ ենք մասնակից դրան: Վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի: Այս ացահայտումները պիտի լուրջ հետևանքներ ունենան: Կեղծիքներով, թալանով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից: Անփոխարինելի աշխատողներ չկան»:
«Խորքային առումով ես Ձեզ հետ համամիտ եմ, բայց կարծում եմ՝ որոշակի ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար: Կան խնդիրներ, որ տարիներ շարունակ կուտակված են եղել, պետք է դրանք վեր հանենք, խոսենք դրանց մասին, շտկենք և գնանք առաջ»,-պատասխանեց Իշխան Զաքարյանը:
Հանրային խորհրդի նախագահը «Խտրականության դեմ» օրենքի, միասեռականության և կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում տարակարծությունների և մտահոգության տեղիք է տվել: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների, կապված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված խտրականությունն արգելող դրույթների առավել արդյունավետ կիրառման, ինչպես նաև խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարի, հակազդման և կանխարգելման հստակ միջոցների սահմանման հետ: «Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից և կամ անձնական կամ սոցիալական բնույթից և այլ հանգամանքներից»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ:
Նշենք, որ նախագծի վերաբերյալ հայտարարության տեսքով իր մտահոգությունն է հայտնել նաև Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովը, որում մասնավորապես նշված է. «Օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրինագիծն անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլ հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան»:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն«Անկախի» հետ զրույցում նախ անդրադարձավ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշմանը, ապա ՀԽ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը: Նա ասաց, որ պաշտպանի աշխատակազմի նախագծին ամբողջությամբ ծանոթ չէ, ընդհանուր է թերթել, բայց կարծում է, որ նման անվանումով օրենքի անհրաժեշտություն այս պահին Հայաստանում գոյություն չունի: «Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ շատ հստակ են գրված նաև փոքր խմբերի շահերը, ավելին՝ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը հստակ ներկայացնում է, որ որևիցե խտրականություն պետք է բացառվի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած օրենք մինչև ընդունվելը պետք է անցնի Մարդու իրավունքների հռչակագրի և Սահմանադրության պրիզմայով: Այնպես որ հատուկ օրենք հնարելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա:
Մանուկյանը չի տեսնում նաև, որ հասարակության կողմից նման խնդիրների վերաբերյալ ահազանգ կա: Նա կարծում է, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում մարդկանց հանդուրժողականությունը տարբեր փոքրամասնությունների, խմբերի նկատմամբ ավելացել է, և արհեստական օրենքներ հնարելը որևէ կերպ գործին չի նպաստի:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը, ապա Հանրային խորհրդի նախագահը նախ հիշեցնում է, որ խորհրդում կա 70 ենթահանձնաժողով, որտեղ էլ՝ հազարավոր մարդիկ, և ցանկացած մարդ կամ խումբ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը. «Այդ առումով Հանրային խորհրդում լիակատար ազատություն է,- ասաց նա,- ճիշտ է, անձամբ ես կարծում եմ, որ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մեջ եղած ձևակերպումներն ու մտքերը չեն համապատասխանում XXI դարին, բայց ես լրիվ հասկանում եմ նրանց մտահոգությունը: Եթե մենք խոսենք ոչ թե հայտարարության տեքստի մասին, այլ մտահոգության, ապա իրոք իրականություն կա»:
Մանուկյանը, անդրադառնալով միասեռականության խնդրին, որի վերաբերյալ էր ենթահանձնաժողովն իր մտահոգությունը հայտնել, հիշեցնում է, որ ի տարբերություն Եվրոպայի, մենք այդ փորձն ունենք: 1920-ական թվականներին Խորհրդային Միությունը որդեգրել էր սեռական լիակատար ազատության սկզբունքը՝ անգամ հայտարարելով, որ ընտանիքը բուրժուական գաղափար է. «20-30-ականների այդ ազատությունը աշխարհը դեռ չի տեսել,- ասում է Մանուկյանը,- ազատություն տրվեց ազատ սեռական հարաբերություններին, միասեռականությանը, ինչն առաջ բերեց մի շարք խնդիրներ, նոր հիվանդություններ: Դրան հետևեց մյուս ծայրահեղությունը. բոլշևիկները միասեռականությունը համարեցին քրեական հանցագործություն»:
Խորհրդային Միության փլուզման հետ միասին քրեական հետապնդումը միասեռականների նկատմամբ վերացավ, ինչը նա ճիշտ քայլ է համարում, բայց միաժամանակ նկատում է, որ հիմա կարծես թե հակառակն է տեղի ունենում. միասեռականությունը քարոզվում է. «Նորից մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում: Եթե կոպիտ ասենք՝ խտրականություն է առաջանում մեծամասնության նկատմամբ,- ասում է նա:- Ընդհանրապես այն, որ եվրոպական մի շարք երկրներում օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ինձ համար անհասկանալի է, այն, որ օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել, ինձ համար անընդունելի է, իսկ որ հայր ու մայր հասկացությունները փոխարինվում ծնող մեկ, ծնող երկուսով, իմ կարծիքով՝ դա արդեն խտրականություն է մեծամասնություն կազմող ավանդական ընտանիքների նկատմամբ»:
Ինչ վերաբերում է «Խտրականության դեմ» օրինագծին, ապա Հանրային խորհրդի նախագահը հայտնեց, որ այն առաջիկայում քննարկվելու է Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում, որից հետո միայն Հանրային խորհուրդն իր կարծիքը կհայտնի:
«Խտրականության դեմ» օրենքի նախագծի վերաբերյալ «Անկախին» մեկնաբանություն տվեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ասաց, որ դեմ է այդ օրենքի ընդունմանը, քանի որ կարծում է, որ խտրականության վերաբերյալ դրույթները պետք է ամրագրված լինեն ՀՀ բոլոր օրենքներում: «Խտրականության դեմ սկզբունքը սահմանված է Սահմանադրությամբ, իսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ ընտանիքը հասարակության բնականոն բջիջն է, և ցանկացած բջիջ բազմանալու ունակություն ունի: Մեր երկրում, մեր Սահմանադրության համաձայն` չի կարող նման բան լինել»:
Նշենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բարձրացված աղմուկին զուգահեռ վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարություններով՝ պարզաբանելով նախագծի «բուն նպատակը», այն է` պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական ու աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Օրենքի նպատակն է նաև ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2005 թ. ընդունված աշխատանքային օրենսգիրքն անդրադարձ է կատարել աշխատանքային ոլորտում առկա բոլոր այդ խնդիրներին և այս ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների՝ հաշվի առնելով այդ խնդիրները. «Մեր աշխատանքային օրենսգիրքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններին, այդ թվում` Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին, որոնք ՀՀ-ն վավերացրել է, իսկ մենք վավերացրել ենք մի քանի տասնյակից ավելի կոնվենցիաներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` որպես լիազոր մարմին, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ, և եթե մենք ստանում ենք որևէ դիտողություն կամ մտահոգություն ինչ-ինչ դրույթների վերաբերյալ, ապա փորձում ենք լուծումներ տալ այդ խնդիրներին: Դա անընդհատ պրոցես է: Այս պահին մենք չունենք էնպիսի սուր հարց, որ պիտի լուծեինք, բայց չենք լուծել»:
Օրենքի նախագիծն առայժմ Ազգային ժողովում չէ, այն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու համար, սակայն փաստ է, որ այն արդեն իսկ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, և դրա վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են:
Արզնիում հայտնաբերված արկը պայթեցվել և վնասազերծվել է
Հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղի տարածքում հողը վարելիս արկի նմանվող առարկա են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մոտ 40 սմ երկարության, 80 մմ տրամաչափի, կոռոզիայի ենթարկված, անհայտ տեսակի արկ, որը հրավիրված ինժեներասակրավորային գումարտակի խմբի կողմից ժամը 21.43-ին պայթեցման եղանակով վնասազերծվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերն ու տանիքները
Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 1105 մուտքերից շուրջ 690-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 32387 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն, փոխվում են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 11578-ն արդեն վերանորոգված է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
ևհասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկ օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 13, գողության 17 և խարդախության 6 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 17 դեպքից`6-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






