Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին, վարորդը մահացել է

Երևան-սևանՀունիսի 5-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30 SU 668 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարրային:

Պատահարի հետևանքով վարորդ, 1980 թ. ծնված Արթուր Հարությունյանը (Սևանի բնակիչ), տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հարությունյանի դին:

Երբ «էլիտան»` ընտրանին, ընտրասերված չէ…

լիսկա2 Անցած շաբաթվա թիվ մեկ աղմկահարույց իրադարձությունը  դարձավ հունիսի 2-ի գիշերը Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի տան մոտ կատարված սպանությունը: Գլխավոր դերերում էլ մարզպետն ու նրա շրջապատն էին, թե կոնկրետ ո՞վ, հավանաբար կասեն իրավապահները:

 Սկանդալային միջադեպերից «աչք չենք» բացում

Միջադեպը, իհարկե, զվարճալիների ու զավեշտալիների շարքը չի կարելի դասել, քանի որ մի մարդ սպանվել, երկուսն էլ վիրավոր են, ընդ որում` մեկը ազգային բանակի գնդապետ: Չենք ուզում անդրադառնալ դեպքի «պատմական արմատներին» ու առավել ևս` մանրամասներին, քանի որ առանձնապես մանրամասներ էլ չգիտենք:

Մեզ համար, որպես հասարակության, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպես ազգի, պակաս կարևոր չէ, թե ինչու են Հայաստանում վերջին շրջանում այդպիսի միջադեպեր գրանցվում, և այս ամենը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի: Էլ Գյումրիում են կրակոցներ հնչում, էլ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք վարչապետին ու բարձրաստիճան հոգևորականին կտրում են իրենց տրամաբանական իրականությունից ու տեղափոխում այլ` անհասկանալի ու արատավոր իրականություն, մեկ էլ, երբ դեռ նախորդները չէինք հասցրել մարսել, նոր կրակոցներ են հնչում արդեն Սյունիքում, ու դարձյալ մարդկային կյանքի կորստով, ու դարձյալ գլխավոր դերերում են իրենք իրենց քաղաքական ու իշխանական «էլիտա» համարողները:

Կարծում ենք` Հայաստանում չկա որևէ ողջամիտ մարդ, որ համոզված չլիներ, թե Սյունիքի մարզպետի բոլոր «քաջագործությունների»` անպատժելիությունը նման հետևանքների է հանգեցնելու: Համոզված ենք` բոլոր նորմալ ու  բանական մարդիկ հասկանում ու համոզված էին, որ երբ Սուրիկ Խաչատրյանը ծեծում է երեխային ու անպատիժ մնում, երբ նա, տեսախցիկներից անգամ չխորշելով, հարվածում է կնոջը ու հետո շարունակում պաշտոնավարել, դեռ մի բան էլ «Մարտական խաչ» է ստանում, ապա մի օր այդ ամենը շատ վատ ավարտ է ունենալու: Ահա և վատ` շատ վատ ավարտը. մեկի կյանքն ընդհատվեց, մյուսն էլ կյանքի ու մահվան կռիվ է տալիս:

Արամ Մանուկյան«Հայաստանում իշխանությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ թույլատրվում է հանցագործություն անել ու չպատժվել: Այդպիսի տասնյակ դեպքեր կարող ենք նշել, որ կրակում են, թիկնապահները ծեծում են և այլն: Սա գնալով պիտի հաճախանա, քանի որ այս մարդկանց ապրելու ձևը սա է, այս մարդկանց ստեղծած մթնոլորտը, համակարգը սա է»,- անդրադառնալով միջադեպին` նշում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և շարունակում իր միտքը, թե կադրերն այստեղ մեղավոր չեն, անգամ` այդ կրակողները, նրանց հովանավորները` մարզպետը, քաղաքապետը, այլ ամենաթողությունն ու «բեսպրեդելն» է մեղավոր, որ ստեղծվել է իշխանության կողմից: ՀԱԿ-ի պատգամավորը հավելեց, որ այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հանկարծ վերցրել ու հանցագործություն է կատարել. «Ինքը չէր կարող չանել, ինքն այդ միջավայրում է, ու եթե այդպես չաներ, կարող էր ավելի վատ վիճակում հայտնվել»: ՀԱԿ-ի պատգամավորի այս դիտարկումն առավել քան ուշագրավ է, քանի որ  նրա նշած ամենաթողության ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հենց իր հարազատ կուսակցությունն էր` ՀՀՇ-ն, բեսպրեդելի հիմքերը ՀՀՇ-ի իշխանության տարիներին են դրվել, և Լիսկան էլ հենց այդ տարիների ծնունդն է: 1992 թ.` պատերազմի ժամանակ, երբ Լիսկան զինված մտավ և Գորիսի քաղաքապետարանը գրավեց, օրենքը և իրավապահ մարմինները ոչինչ չարեցին, քանի որ Լիսկայի հովանավորները  իշխանության ամենաառանցքային դեմքերից էին: Այն ժամանակ ընդհանրապես իշխանական թևից ոչ ոք չէր պատժվում, հիմա գոնե հույս կա, որ կարող է պատժվել:

«Ոճիր և պատիժ», եթե, իհարկե, պատժող դեռ մնացել է

Ստյոպա ՍաֆարյանԲայց սովորաբար իրենց ժողովրդավարական հռչակած երկրներում նման դեպքերը ոչ միայն աչքաթող չեն արվում, այլև կայծակնային արագությամբ ստանում են թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական: Իրավական` հետագայում նման դեպքերից խուսափելու համար և քաղաքական, որպեսզի նման միջադեպերը շղթայական ռեակցիայով իշխանական վերնախավի անդրկուլիսյան ինտրիգները չբացահայտեն: Բայց Հայաստանում…

«Նախադեպերը շատ են: Պարզապես, քանի որ Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր է իշխանությունների համար թե՛ ընտրությունները կեղծելու, թե՛ Սյունիքում բռնատիրություն հաստատելու առումով, բնականաբար, ոչ թե նա էր իշխանության պարտքի տակ, այլ իշխանություններն էին նրա պարտքի տակ մշտապես»,- այս դեպքի կապակցությամբ նշեց Ստյոպա Սաֆարյանը և շարունակեց, որ Սյունիքի մարզպետի գոյությունն իր պաշտոնում տարիներ շարունակ եղել է հիասթափության պատճառ շատ ու շատ նորմալ, արժանապատիվ մարդկանց համար:

Սյունիքի մարզպետի հայտարարությունը  («Լավ է, որ քնած եմ եղել, որ արթուն լինեի, մի 20 հատ էլ ես էի գլխին շարելու») վերջնականապես հունից հանեց գրեթե բոլորին: Զղջալու փոխարեն մարդը դեռ մի բան էլ հոխորտում էր: Որովհետև նախկին բոլոր «հերոսությունների» համար Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք օրենքի լեզվով չխոսեց:

Մարդիկ կարծես աչքաթող արեցին նաև այն հանգամանքը, թե ինչ գործ ունեին զինված թիկնապահները կամ պահակազորը մարզպետի տանը և կողքին: Օրենքով դա թույլատրված չէ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարզպետը թիկնազոր է պահում,  երբ դա ոչ միայն օրենքով նախատեսված չէ, այլև արգելված է: Հենց նման դեպքերից խուսափելու համար էր թիկնազորից հրաժարվելու մասին որոշումը կայացվել բարձր էշելոններում:

Հիմա արդեն եղածը փոխել ոչ ոք չի կարող: Բուդաղյան եղբայրներից մահացածին ոչ ոք հետ չի բերի, գնդապետ Բուդաղյանն էլ դեռ հիվանդանոցում է: Ու այս անգամ արդեն կարևոր է, թե ինչ քննություն կընթանա, իրական հանցագործն ըստ արժանվույն պատիժ կստանա՞, թե հերթական անգամ ծածկադմփոց կարվի հերթական աղմկահարույց պատմությունը: Էլ ավելի կարևոր է, թե ինչպիսի գնահատական կտան իրենց կուսակից ընկերոջն ու «զինակցին» իշխող կուսակցության անդամները, որովհետև հետագա զարգացումները, պարզից էլ պարզ է, կընթանան միայն սուբյեկտիվ` քաղաքական դիրքորոշման պայմաններում: Համենայն դեպս, այդպիսին է մեր երկիրը. պետք է վերինը որոշի, թե ստորինն ինչ պատիժ կկրի, ոչ թե օրենքը:

«Ժամանակից առաջ չընկնենք, եթե դեպք է պատահել, կարծում եմ` լավ չէ, որ հետաքննության ընթացքում գնահատականներ տանք կամ փորձենք ինչ-որ բան մեր վերլուծականով ներկայացնել: Եթե մարդը հանցանք է կատարում, բնականաբար, պետք է պատժվի,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` դեպքի կապակցությամբ հայտնելով իր կարծիքը:- Ինձնից սկսած` ցանկացած մարդ, որ հանցանք կկատարի, պետք է ադեկվատ պատիժ ստանա»:

Կարծես թե անցավ նաև այն փուլը, երբ փորձում էին Լիսկային արդարացնել, թե իբր նրա տան վրա է հարձակում եղել,  թե պաշտպանվել են: Ամեն դեպքում, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է առնելու:

 

 

 

 

Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

աածՍ.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

7 ՃՏՊ, 2 զոհ և 8 վիրավոր` մեկ օրում

ավտովթարԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  1  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

3 Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց հայ-լատվիական  միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում եւ բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը  զարգացնելու տնտեսական  համագործակցությունը: Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը  հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային եւ փոխշահավետ փոխգործակցության համար:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը  առաջին տեղում է:

ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը ընդգծեցին, որ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ  եւ բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես  էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվեց նաեւ այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին, կարեւորեցին տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: Երկուստեք ընդգծվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման արժեքներին,  Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի  հարեւան երկրներ Լիտվան, Շվեդիան եւ Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը եւ  հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները,  ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ծավալվեց անկեղծ եւ անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաեւ Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարեց նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ռիգայի ազատ գոտու գործունեւությունը եւ նավահանգստի կառավարման համակարգը:

Սյունիքի մարզպետարանը լիազորված չէ քրեական գործով հաղորդագրություն տարածել

դատախազություն«Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է», – հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը` անդրադառնալով հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության բովանդակության վերաբերյալ Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարությանը:

«Փաստինֆո»-ի թղթակցին Ս.Տռուզյանը պարզաբանեց, որ տեսագրության ամբողջականության մասին դատողություններ կարելի է անել միայն նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո: Ավելին նա ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ քրեական գործով տեղեկատվություն տրամադրելու լիազորությամբ օժտված է վարույթն իրականացնող մարմինը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

 

ՊՆ-ն հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում

պնՀիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։

Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար։

Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ,

ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ։

Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները մինչև ս.թ. հուլիսի 1-ը փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

ՀԽ քննարկումՀանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը, Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետևանքներ:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման հիմնավորումներին, սահմանի և բաժանորդներին հասնող գազի գնի միջև առկա մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում այդ տարբերությունը 40-50 տոկոս է) և այլ հարցերի:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ կան նաև օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել. նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային ծախսեր, գազօգտագործողների թվի աճ և այլն:

ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար:  Նա բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը` նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլև ընդգծեց օտարերկրյա անկախ փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման և գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:

ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին քննարկել:

Բարձրացվեց նաև մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝  հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) և այլն:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ ձևավորել ՀԽ անդամների և ՀԾԿՀ մասնագետների միջև և համատեղ շարունակել աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ:

 

ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին, մեկ մարդ զոհվել է, մեկը հիվանդանոցում է

ՃՏՊ երևան-երասխ ճանապարհինՀունիսի 5-ին, ժամը 22.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 31ՍՕ779 պետհամարանիշով (վարորդ՝ Վիլիկ Մարգարյան` ծնվ.1967թ. ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում, ինչից ուղևոր Տիգրան Վարդանյանը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները Վ.Մարգարյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Փրկարարները 4 օձ են հայտնաբերել և տեղափոխել անվտանգ տարածք

օձՀունիսի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:  Ժամը 23.42-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` զորամասի մոտակա խանութում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Նոր Գեղի գյուղի Գ.Նժդեհ փողոցի թիվ 1 շենքում` մթերային խանութում: Ժամը 18.14-ին տեղի ուժերով օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 5-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փևկարարական ջոկատը:  Ժամը 17.50-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 5-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չափնի գյուղի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Ժամը 18.00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել կարկտահարությունից առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին

10448_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Արմավիր համայնք՝ ևս մեկ անգամ ծանոթացել գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, համայնքների ղեկավարների կողմից կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակներին, ներկայացրել կառավարության կողմից առաջիկայում ցուցաբերվելիք օժանադակության ծրագրերը:
Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի կառավարության նիստում որոշում է կայացվելու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներում տեղ գտած գյուղացիական տնտեսություններին օժանադակել կանխիկ գումարով: «Օգնելու ենք, որպեսզի կարիքավոր ընտանիքները կարողանան լուծել կարագի, հացի, ձեթի հարցը: Ցուցաբերվելու է առարկայական օգնություն: Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ՝ ձեզ հետ միասին մտածել, թե ինչպես նվազեցվեն գյուղացիական տնտեսությունների ռիսկերը: Տրամադրելու ենք պարարտանյութ, վառելիք, սերմացու, կարիքավոր ընտանիքներին օգնելու ենք կանխիկ գումարով: Օգնելու ենք ձեզ այգիներում ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, կիրառել ցանցային տեխնոլոգիաներ: Բացի այդ, Արմավիրի մարզում ներդրվելու են 50 նոր հակակարկտային կայաններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարության անդամներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ են արել պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամին:
Անդրադառնալով գյուղացիների վարկային խնդիրներին՝ կառավարության ղեկավարը հորդորել է դրանց հետ կապված անմիջապես դիմել Կենտրոնական բանկի թեժ գծին և ներկայացնել բանկի կամ վարկային կազմակերպության հետ առկա հարցերը, որից հետո կառաջարկվեն համապատասխան լուծումներ: Վարչապետը վստահեցրել է, որ գյուղացիների վարկային բոլոր պայմանագրերը գտնվելու են մոնիթորինգի տակ՝ բացթողումները կանխելու համար:
10448_am_5Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Արմավիրի մշակույթի կենտրոն՝ ծանոթացել այնտեղ առկա պայմաններին: Գյուղացիներից մեկը նշել է, որ չնայած կենտրոնի վերանորոգմանը՝ այն չունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ ներկայացումներ բեմադրելու համար: Վերջինս խնդրել է կառավարության ղեկավարին՝ օժանադակել 1 մլն դրամով՝ բեմադրություններն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել անհրաժեշտ միջոցները և նշել, որ մեկ ամիս անց այցելելու է գյուղ՝ խոստացված ներկայացումը դիտելու համար:
Հանդիպման ավարտին գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ իրենց խնդիրներին զորավիգ լինելու համար:
Երևան վերադառնալու ճանապարհին վարչապետն այցելել է նաև կարկտահարությունից տուժած դաշտեր՝ ծանոթացել այնտեղ աշխատանքներ իրականացնող գյուղացիների խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը:

Իրական ժամանակում՝ ՃԿԿ-ի մոնիտորի վրա

ճկկՀայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են:Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ ՃԿԿ:

Ինչպե՞ս են իրականացվում ծնողական իրավունքները

ծնողական իրավունքՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Ծնողական իրավունքները դադարում են երեխաների 18 տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին: Նրանք պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:  Նրանք պարտավոր են նաև ապահովել երեխաների կրթություն ստանալը: Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա: Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

Ծնողական իրավունքների իրականացումն ունի որոշակի առանձնահատկություններ: Դա, մասնավորապես, դրսևորվում է նրանով, որ ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:

Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դարի հայազգի լուսանկարիչը` Հայաաստանում

գյուլերԱշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որին Թուրքիայում անվանում են նաև “Ստամբուլի աչք”, հունիսի 4-ին Երևանում էր` մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված իր լուսանկարներ “Բարև ձեզ” ցուցահանդեսի բացմանը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի այլ վայրերում արված շուրջ 100 լուսանկարներ: Գյուլերի տեսախցիկն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Սալվադոր Դալին, Ինդիրա Գանդին, Դասթին Հոֆմանը, Սերգեյ Փարաջանովը, Արամ Խաչատրյանը, Սոֆի Լորենը, Բրիջիտ Բարդոն և ուրիշներ: Նրա լուսանկարները տասնամյակներ շարունակ զարմացրել են աշխարհին` արժանացնելով լուսանկարչին բազմաթիվ մրցանակների և տիտղոսների ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհում:

2012 թվականին Ստամբուլում մշակույթի և արվեստի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Էրդողանը Արա Գյուլերից վերցրել է ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Այդ միջոցառման ժամանակ Գյուլերը ճանաչվել է դարի լուսանկարիչ:

Դարի լուսանկարիչը Հայաստանում մեծ ոգևորությամբ և մեծարանքով ընդունվեց: Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանի կողմից նրան շնորհվեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում:

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, որը նույնպես ծնվել է Ստամբուլում և Գյուլերի հետ նույն դպրոցում սովորել, հիշեց, որ դեռևս այն ժամանակ Արան տեսնում էր այն, ինչ ոչ ոք չէր տեսնում, և զգում էր այն, ինչ ոչ ոք չէր զգում: “Նա տաղանդ էր, որով բոլորս հիանում էինք: Ժամանակն ապացուցեց, որ նա իսկապես բացառիկ մարդ է”:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ աշխարհահռչակ լուսանկարչի արվեստը բոլոր ժամանակներում ապշեցրել է ամբողջ աշխարհին: Հետաքրքիր է, որ ինքը` Գյուլերը, լուսանկարչությունն ամենևին էլ արվեստ չի համարում:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները Արա Գյուլերը նվիրում է Հայաստանին: Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ լուսանկարները կախված են մնալու Ազգային պատկերասրահում, մինչև դրանց համար առավել հարմար վայր գտնվի:

Վարպետի մասին խոսք ասաց նաև լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը. “Աշխարհում կան բազմաթիվ լուսանկարիչներ, բայց ամբողջ աշխարհը ճանաչում է երեք հայ լուսանկարչի, որոնցից մեկն էլ Արա Գյուլերն է”,- ասաց նա:

Ի դեպ, նրա ելույթի ժամանակ միջադեպ եղավ նրա ու մշակույթի նախարարի միջև, որը հավանաբար մի քանիսը միայն նկատեցին, այդ թվում և մենք՝ մոտ կանգնած լինելով նրանց: Զավեն Սարգսյանը հայտարարեց` ամոթ է, որ մենք այսօր չունենք լուսանկարների պրոֆեսիոնալ թանգարան, որտեղ մեր մեծ վարպետների գործերը, վավերագրական կադրերը կհավաքվեին, և մենք այսօր ստիպված չէինք լինի նման անհաջող դահլիճում այս լուսանկարները ցուցադրել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այլայլված շշնջաց. “Что ты говоришь… “:

Լուսանկարիչը շարունակեց. “Երևանը չունի հատուկ դահլիճներ, ի՞նչ են մեր դահլիճները, միշտ զբաղված…:

“Միշտ մի դառը բան Զավենը չի կարողանում չասի:  Պրոբլեմ ա: Հնարավոր ամենալավ դահլիճը այս պահին մենք տրամադրեցինք, որ այս լուսանկարներն այսօր ցուցադրվեն”,- իր կողքի պաշտոնյային ասաց նախարարը:

Իսկ երբ Զավեն Սարգսյանն ավարտեց խոսքը և շրջվեց դեպի Հասմիկ Պողոսյանը` պարզելու, թե ինչու է նախարարն անհանգիստ, վերջինս ասաց. “Завен, отстань, это невозможно…: Ի պատասխան,  Զավեն Սարгսյանն ասաց. “Нельзя правду говорить?”

Նկատենք, որ դահլիճի անհարմարությունը նաև Արա Գյուլերն էր նկատել. “Ես հիմա մտածում եմ, թե այս աղմուկի մեջ ինչպես եք ցուցահանդեսը նայելու: Օրինակ` ես այսքան մարդու մեջ ցուցահանդես չէի կարող նայել, կփախչեի…”:

Ցուցասրահն իսկապես լեփ-լեցուն էր, և մարդիկ դժվարությամբ էին տեղաշարժվում: Ինչ վերաբերում է լուսանկարները դիտելուն, ապա դրանք դեռ 3 ամիս կախված են  մնալու այնտեղ, և հնարավորություն կա դրանք առավել խաղաղ պայմաններում դիտելու:

 

 

 

Օձ է նկատվել

GyurzaՀունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` զորամասի մոտակա խանութում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Նոր Գեղի գյուղի Գ.Նժդեհ փողոցի թիվ 1 շենքում` մթերային խանութում: Ժամը 18.14-ին տեղի ուժերով օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: *** Հունիսի 5-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փևկարարական ջոկատը: Ժամը 17.50-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: *** Հունիսի 5-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չափնի գյուղի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Ժամը 18.00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Սպասվում են կարճատև տեղումներ

big_1370424916_1017ՀՀ տարածքում`

Հունիսի 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-10-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան   36.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       4.40C  (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   20.30C

Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում

photoՀունիսի 5-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականին, ինչպես նաեւ ընդհանուր եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրին համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերն ու ծախսերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 2012թ. եկամուտների ձեւավորման ցուցանիշները, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

2012 թվականին պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը փաստացի հատկացվել է 2,6 մլրդ դրամ, կատարողականը՝ մոտ 79%, քաղաքաշինության նախարարությանը՝ 12,4 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,3%, տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ 33 մլրդ դրամ, կատարողականը՝ 57,6% (նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 7,5 մլրդ դրամով), էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը՝ 6,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 59,6% (նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 1,8 մլրդ դրամով), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 421 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ 250 մլն դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իրականացրել է 5 բյուջետային ծրագրեր, նախատեսված 4,4 մլրդ դրամից ծախսվել է 87%-ը:

2012 թվականին գրանցվել է 7,2% տնտեսական աճ: 2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%, միջին գնաճը՝ 2,6%:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 33,3 մլրդ դրամով (3,6%-ով) եւ կազմել 944,9 մլրդ դրամ, որից 922,2 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 22,7 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2012 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 946,2 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 65,3 մլրդ դրամով կամ 7,4% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 100,14% ով: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 920,5 մլրդ դրամ` ապահովելով 100,3% կատարողական: Հարկային եկամուտների (ներառյալ` պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները) կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100%, այլ եկամուտները ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցել են 28,3%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 82,9%:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտների 92,8%-ն ապահովվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք կազմել են շուրջ 878,4 մլրդ դրամ եւ 100,04% ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 725,5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 23.8 մլրդ դրամը` պետական տուրքերը եւ 129,1 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2011 թվականի համեմատ հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 13% ով կամ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի եւ ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

2012 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 18,7 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 82,2% ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել ավելի քան 4 մլրդ դրամ: Շեղումը մեծ մասամբ պայմանավորված է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 77,4%-ը` 6,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 68,6%-ով կամ 40,7 մլրդ դրամով:

2012 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 49,1 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5,2%-ը` նախորդ տարվա 5%-ի դիմաց:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրիլիոն, 44 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրն ավելացվել է 33 մլրդ դրամով (3.2% ով) եւ կազմել 1 տրիլիոն, 77 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն, 6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93,4% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ ու առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (60,6%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 97,1%:

2012 թվականի պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրով:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:

Աջակցություն երիտասարդ, բազմազավակ ընտանիքներին.

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի տեղ է հատկացվում ընտանիքի, մայրության և մանկության խնդիրներին: Նմանատիպ ծրագրերից է երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը:”Արծիվ” մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Վարուժան Զաքարյանի ընտանիքում վեցերորդ երեխայի՝  փոքրիկ Մանեի ծննդյան կապակցությամբ սոցիալական ծառայության տարածքային աշխատակցի ուղեկցությամբ նրանց տուն է այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով երեխայի ծննդյան կապակցությամբ, նա երեխայի մայրիկին՝ Անուշ Սարգսյանին է փոխանցել քաղաքապետարանի կողմից տրամադրված միանվագ դրամական աջակցությունը:

“Սա քաղաքապետարանի կողմից իրականացվող նմանատիպ հերթական միջոցառումն է, որի նպատակը ոչ միայն սոցիալական աջակցության ցուցաբերումն է, այլև երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ինքնատիպ զորակցություն հայտնելն ու ծնելիությունը խթանելն է”,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են, և աջակցությունը նման ընտանիքներին ցուցաբերվում է ոչ միայն դրամական, այլև պարենային և այլ ապրանքների տեսքով:

Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել նաև Կարինե Արզումանյանին, ով միանգամից երկու զավակների մայր է դարձել:

“Մեզ համար թեև անակնկալ էր այս այցը, սակայն մեր ընտանիքը մշտապես զգացել է քաղաքապետարանի ուշադրությունն ու աջակցությունը”,- նշել է Անուշ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով անակնկալ աջակցության համար:

Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ծրագրի այս փուլում  Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն  կցուցաբերվի շուրջ 70 ընտանիքի:

ի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

«Նվիրե՛նք անհոգ մանկություն» խորագրով բարեգործական միջոցառում-դրամահավաք

Օգնենք հայ մանուկներինՀունիսի 8-ին և 9-ին, ժամը 17:00-21:00, Մ. Բաղրամյան 21 հասցեում գտնվող Սիրահարների այգում «Օգնենք Հայ Մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է բարեգործական միջոցառում:

Միջոցառման նպատակը 6 տարեկան Մարիամ Այվազյանի վիրահատության համար դրամահավաքն է: Ակցիայի ընթացքում երեխաներին զբաղեցնելու և ուրախացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել պարի խմբի ելույթ, խաղեր, նվերների հանձնում, քաղցրավենիքի և խմորեղենի հյուրասիրություն, արձանիկների ներկում, նկարչություն, ինչից հետո այգին կզարդարվի երեխաների նկարներով:

Այս միջոցառումը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով երկրորդ նման միջոցառումն է: Կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին անցկացնելու հաճելի ժամանակ և դրանով իսկ բարի գործ կատարելու և կոչ է անում անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների նկատմամբ:

Փոքրիկ Մարիամը 6 տարեկան է: Ի ծնե տառապում է գանգադիմային հիվանդությամբ, ախտորոշումը՝ «Կռուզոնի» գանգադիմային դիզոստոզ: Երեխայի մոտ հիվանդությունը նկատվել է ծնվելուց անմիջապես հետո: Հետագայում հիվանդությունն ավելի է խորացել: Այն արտահայտվում է ներգանգային բարձր ճնշմամբ, ինչի հետեւանքով աչքերը դառնում են խիստ արտահայտիչ եւ դուրս են գալիս ակնախոռոչներից: Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Մոսկվայում, քանի որ ՀՀ-ում նման վիրահատություն չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը բավական մեծ է, որքան՝  ծնողները հստակ չգիտեն, քանի որ երեխան նախ պետք է հետազոտվի:

Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Areximbank – 23800 27361020100 : Հաշվեհամարները բացված են փոքրիկի  մոր՝ Լուսինե Մուրադյանի անունով:

՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

Նախագահը ստորագրել է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արդարադատության ակադեմիայի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Զինապատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: