Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերին

3187

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը երեկ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխարհահռչակ լուսանկարչի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:

Արա Գյուլերը Հանրապետության Նախագահին պատմել է երևանյան ցուցահանդեսի մասին, կիսվել Հայաստան իր այցի տպավորություններով, խոսել նաև հետագա ծրագրերի մասին: Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գյուլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա Նախագահին նվիրել է նաև իր աշխատանքներից մեկը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

3181Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ազգային անվտանգության խորհրդի նիստում

Բարև ձեզ:

Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստում մենք քննարկելու ենք մեր երկրի էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցեր: Կարևոր հարցեր: Մենք շարունակելու ենք ոլորտ առ ոլորտ այնպիսի լուծումներ գտնել, որոնք խթանելու են պետական շինարարության ողջ գործընթացը և նպաստելու են սահուն գործող միասնական համակարգի ստեղծմանը:

Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում:

Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր:

Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ:

Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել:

3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում:

Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին:

Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել:

Ռուսերենի միջին միավորը` 11,08 է, երկու դիմորդ էլ 20 է ստացել

դիմորդԳԹԿ-ն հրապարակել է հունիսի մեկին  կայացած Ռուսերենի միասնական քննության գնահատականները:

Ռուսերենից քննություն է հանձնել  հայտագրված 1209 դիմորդներից 1139-ը: Միջին գնահատականը 11,08 է:

Այս տարի ռուսերենից առավելագույն` 20 միավոր է ստացել 2 դիմորդ կամ 0,2 տոկոսը:

Այս տարի ռուսերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը, 7,5-12 միավոր է ստացել դիմորդների 46 տոկոսը, 13-17 միավոր` 27 տոկոսը, 18-20 միավոր` 12 տոկոսը:

Վաղը ժամը 9-18-ը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

Նշենք, որ նախորդ տարի` 2012-ին ռուսերենի միասնական քննության միջին միավորը  10,3 էր: Նախորդ տարի որևէ դիմորդ 20 բալ չէր ստացել, իսկ 17,5-20 բալ էր ստացել դիմորդների ընդամենը 2,7 տոկոսը: Նախորդ տարի ավելի շատ էր նաև անբավարար ստացողների թիվը` 22 տոկոս:

Արտգործնախարարի հանդիպումները Վաշինգտոնում

385. Minister Nalbandian meets Congress Armenian CaucusՀունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարևորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը և նշեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բարեկամության զարգացման:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց  կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցի օրակարգում էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի առաջատար քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, Միացյալ Նահանգներ իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ ունեցավ նաև Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ։

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանն ուղևորվեց Վիեննա, ուր հունիսի 6-ին նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում՝ որպես Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ։

Գնդապետ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամկիա

բուդաղյանՍուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամիկա. այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ , փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով` Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում,  գիտակցությունը տեղում է,   կարողանում է հարազատների հետ շփվել, սակայն շփումները սահմանափակված են: Նաև դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Փոխգնդապետն ասաց, որ առաջիկա օրերին, երբ Բուդաղյանի վիճակը  բարելավվի, նրան վերակենդանացման բաժանմունքից  սովորական  հիվանդասենյակ կտեղափոխեն:

 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկ է մեկնել

սեյրան Օհանյան2013թ. հունիսի 5-ին Մինսկում (Բելարուսի Հանրապետություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մինսկ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստում կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:

 

Կառավարությունը քաջատեղյակ է երկրի խնդիրներին, իսկ այ լուծումների հարցում, կարծես, հստակությունը պակասում է

DSCN3954«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և տնտեսագիտության թեկնածու Բագրատ Ասատրյանը այսօր անդրադարձան երկրի  սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

Բագրատ Ասատրյանը նկատեց, որ կառավարության բոլոր խոստումները այնքան ուռճացված են, որ թերևս չեն իրականանա,  եթե դրան էլ ավելացնենք գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները, որոնց կհետևեն լայնածավալ թանկացումներ ողջ շուկայում ու նկատի ունենանք աճող արտագաղթն ու ծնելության մակարդակի անկումը, ապա շուտով  կկանգնենք այն փաստի առաջ, որ Հանրապետական կուսակցության գործունեության արդյունքում մեր երկրում ծնվողների թիվը կլինի ավելի քիչ, քան մահացողներինը: Հակոբ Հակոբյանը միանշանակ համաձայնեց բարձրացված բոլոր խնդիրների հետ և հավելեց. «Թանկացումների ժամանակ պետության առաջնային ֆունկցիան է չթողնել, որ աղքատները տուժեն, դրա համար արդեն իսկ քննարկվում է աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման հարցը»:  Բագրատ Ասատրյանը  հակադարձեց` ասելով, որ պետության առաջնային ֆունկցիան է չթողնել, որ թանկացումներ լինեն, սակայն ԱԺ պատգամավորը նշեց, որ մեր կառավարությունը չէր կարող կանխել գազի թանկացումը, քանի որ այդ առումով մենք կախված ենք Ռուսաստանից ու դեռ երկար կախված կլինենք. «2013 թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կհասնի 45000-ի: Սա ուրվագծվող առաջին լուծումն է: Մյուս տարվանից ընդհանուր առմամբ կբարձրանան աշխատավարձներն ու կենսաթոշակները», – ասաց Հակոբ Հակոբյանը և հավելեց, որ խնդիրների լուծում իբրև պետք է փորձել նաև զարկ տալ արտահանմանը. «Ներմուծումը կրճատել է պետք, իսկ արտահանումը` կրկնապատկել»:

Հարցին, թե այս «պետք է» -ները, ով պետք է կյանքի կոչի, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իրականացնողը իշխանությունն է, ընդդիմությունը պիտի պարտադրի, որ առաջինը իրականացնի, իսկ ԶԼՄ-ները պիտի  հետևեն պրոցեսին»:

Մենք հո մեղավոր չենք, որ չենք զոհվել

DSCN3945

Ազատամարտիկ «Շուշի 92» ՀԿ-ի նախագահ Իշխան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ազատամարտիկների խնդիրների մասին, հիշեցրեց`  կառավարությանն իրենք սոցիալական փաթեթ են ուղարկել, բայց պատասխանները իրենց   չեն  բավարարում: «Այսօր անտեսված են այն տղաները, որոնց շնորհիվ փառքով ծածանվում է մեր երկրի դրոշը:  Կառավարության որևէ անդամ մտե՞լ է նրանցից մեկի տուն և բացել սառնարանը` տեսնի նա ապրու՞մ է, թե՞ գոյատևում: Պետական այրերը  ազատամարտիկների կենացն են խմում ու ծաղիկ դնում զոհվածների շիրիմներին… այս ամենի կարիքը չունենք: Ավելի լավ է փորձեն շտկել կենդանի հերոսների սոցիալական վիճակը», – ասաց Իշխան Սարգսյանը և հավելեց, որ հաշմանդամ ազատամարտիկների վիճակը շատ  ավելի ծանր է, քանի որ տրված թոշակով անգամ անհրաժեշտ դեղորայք հնարավոր չէ գնել: «Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է իր մարդասպան հերոսին,  իսկ մե՞նք ինչ ենք անում»,- վրդովված ու հուզված ասաց ազատամարտիկը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Արաբո» հԿ-ի անդամ Հակոբ Հակոբյանի խոսքով էլ  այն հերոսները, որ չեն զոհվել պատերազմի ժամանակ, երբեմն իրոք նախանձում են զոհված ընկերներին. «Մենք հո մեղավոր չե՞նք, որ չենք զոհվել», – վրդովվեց Հակոբ Հակոբյանը:

 

Արվեստի այս գեղեցիկ ճյուղը Հայաստանում պետք է զարգանա

vardan amiryan 4Հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի միության անդամ Վարդան Ամիրյանը տարիներ առաջ Իսրայելից ժամանեց Հայաստան` աճպարարության արվեստը հայրենիքում զարգացնելու, սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: Շատերս նրան հիշում ենք թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ներկայացումներից:

Նրա առաջին  ուսուցիչն ու ներշնչանքն այս արվեստում եղել է  աշխարհահռչակ Հարություն Հակոբյանը: Վարդան Ամիրյանը եղել է Երևանի էստրադային քոլեջի առաջին շրջանավարտը, ուսանել նաև Սանկտ Պետերբուրգի բարձրագույն  ստեղծագործական վարպետության էստրադային արվեստի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, արժանացել է «մոգության արքա» կոչման: Հայաստանում է 2005-ից: Մեկ տարի առաջ հիմնադրել  և ղեկավարում է Հայ աճպարարների միությունը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Վարդան Ամիրյանի հետ:

– Այսօր  հայտնի հայ աճպարարներից շատերն աշխատում են արտերկրում,  նրանց հաջողությունների մասին երբեմն տեղեկանում ենք: Պարոն Ամիրյան, ի՞նչը ստիպեց այդքան տարիներ Իսրայելում բնակվելուց հետո Հայաստան վերադառնալ:

– Իսրայելում անբարենպաստ իրավիճակ ստեղծվեց, երբ սկսվեցին ռմբակոծությունները: Շոուն արդեն աշխատում էր զբոսաշրջիկների համար: Ստեղծված իրավիճակի պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազեց, և դադարեց նաև մեր համատեղ աշխատանքը: Այնուհետև սկսեցի միայնակ աշխատել և Իսրայելում առաջին անգամ հիմնադրեցի աճպարարների դպրոց, որը գործեց մի քանի տարի և ունեցավ շուրջ երեք հազար սան: Կարոտը դաժան բան է: Եվ մի օր Հայաստան վերադառնալու միտքն իրականություն դարձավ: Թեպետ Իսրայելում ամեն ինչ լավ էր` վերադարձա: Ցանկություն առաջացավ նույն գործը կազմակերպել նաև հայրենիքում: Աճպարարության ճյուղը կարող էր Հայաստանում ավելի վաղ տարածվել ու զարգանալ, եթե վերացած լիներ կոռուպցիան ու մենաշնորհը: Մեր երկրում վաղուց տաղանդն ու շնորհը, մշակույթն ու արվեստը արժեզրկվել են: Կան շնորհաշատ երիտասարդներ, որոնք ստվերում են մնում: Այս տարիների ընթացքում կարողացա զարգացնել և արվեստի այս ճյուղի նկատմամբ սեր առաջացնել երիտասարդների շրջանում: Սկսեցինք բեմադրություններ իրականացնել: Այսօր շատ աղջիկներ և տղաներ տիրապետում են միկրոմագիայի ճյուղին, որն աճպարարության ժանրերից է և ցուցադրվում է  նեղ միջավայրում: Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որ նաև լիարժեք բեմադրություններ իրականացվեն:

– Ի՞նչնոր բացահայտումներ եղան միության գործունեության արդյունքում:

– Քանի որ ամբողջ աշխարհում կան և գործում են աճպարարության միություններ և կազմակերպություններ, նպատակ դրեցի հայրենիքում ևս հիմնադրել և զարգացնել արվեստի այս ճյուղը: Վերջապես ստեղծվեց այդ միությունը, որը համախմբում է աշխարհի բոլոր աճպարարության արվեստը սիրող հայերին: Միության բացումն արվեց անցած տարվա ապրիլի 1-ին: Պարզվում է, որ այս ժանրի շատ սիրահարներ կան մեր երկրում, որոնցից շատերին ես կտրել եմ իրենց ազատ կենսակերպից: Բացի արվեստի ճյուղ լինելուց, այն նաև դաստիարակչական մշակույթ է, քանի որ աճպարարը չի կարող խուլիգան կամ այլ վատ հատկանիշներով օժտված լինել: Աճպարարությունն ուսումնասիրելիս մարդը հարստացնում է իր գիտելիքները, ծանոթանում է գիտության տարբեր ճյուղերին՝ ֆիզիկայի, քիմիայի և այլն:

Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք հայտնի աճպարարներ Հայաստանում` Գևորգ Ղազարյան, Ռաֆայել Պետրոսյան: Իսկ այսօր Սոս Պետրոսյանի տղան՝ Կամո Պետրոսյանը, որ առաջին քայլերն ինձ մոտ է սկսել, աշխարհում, մասնավորապես Գերմանիայում բավական ճանաչված և սիրված աճպարար է, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աճպարարության մի ժանրի գերազանց տիրապետելու շնորհիվ: Նույնսիկ մանիպուլյացիայի ժանրին, որն ամենաբարդն է, երեխաները բավական լավ են տիրապետում, և վերջերս փոքրիկ Սոսերը դարձան աշխարհի չեմպիոն: Այս արվեստն աշխարհում շատ զարգացած և ընդունված է, օգտագործվում  է շոուներում, ինչը մեզանում բացակայում է: Հայաստանում շոուները սկսվում և վերջանում են միայն երաժշտական և պարային կատարումներով: Դա հոգնեցնող է: Շոուների մակարդակը բավական ցածր է, և ժողովուրդն այսօր ստանում է այն, ինչ իրեն հրամցնում են: Սեփական ուժերով հավաքել ենք այն երիտասարդներին, պատանիներին, որոնք մեծ սիրով հմտություններ են ձեռք բերում այս արվեստում:

–  Կնշե՞ք այն նախադրյալները, որոնց առկայությունը պարտադիր է աճպարարության արվեստի ճյուղին տիրապետելու համար:

– Դիմորդը պարտադիր երեք հնարք է ցուցադրում, եթե կարողանում է ճկուն լինել, մատներն աշխատեցնել և տրամաբանությունը քարացած չէ, ուրեմն նրա մեջ կա այդ շնորհը: Առաջին կարևոր նախապայմանը երևակայությունն  է,  երկրորդը` համբերատարությունը և սերը: Հնարք կա, որի ուղղությամբ նույնիսկ տարիներով է պետք աշխատել: Այս երեք գործոնների բացակայության դեպքում երեխան երբեք աճպարար չի դառնա: Այս արվեստն ուսումնասիրելու լավագույն տարիքն 9 տարեկանն է: Միությունում ուսումը երեք տարի է, որից հետո, հաջողություններ ունենալու դեպքում, սանը կարող է  անցնել փորձառուների շարքերը և դառնալ միության անդամ: Մինչ այդ երեխան հասցնում է մի քանի հնարքների տիրապետել և զարգացնել իր որոշ ունակություններ: Միության անդամ լինելը չի պարտադրում, որ նա հետագայում դառնա պրոֆեսիոնալ աճպարար: Միությունն ունի իր ներկայացուցչությունն ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Գերմանիայում, Հունաստանում: Նախատեսվում է դրանց թիվը մեծացնել:

 – Ի՞նչ  հեռանկար ունի մեր երկրում արվեստի այս ճյուղը:

– Աճպարարությունն աշխարհում արվեստի ամենագեղեցիկ ժանրերից է,  բայց մեր երկրում այն զարգացած չէ: Ինձ համար ցավալի է, որ հովանավորներ են գտնվում անորակ ու ոչ կարևոր նախագծերի իրականացման համար, բայց այս լուրջ ու գեղեցիկ ճյուղը մնում է  ստվերում, անտեսված: Այս ճյուղը Հայաստանում զուտ սիրողական հիմքերի վրա է, այն ավելի զարգացնելու համար պետք է զարգացած երկիր ունենալ: Այժմ դժվար է խոսել այն մասին, թե ինչ ճակատագիր կունենա աճպարարության ճյուղի զարգացումը, քանի որ առաջին լուրջ քայլերը նոր-նոր են ձեռնարկվում:

 – Քանի՞ հնարքի եք տիրապետում, և ճի՞շտ է, որ աճպարարները պետք է իրենց հնարքների հեղինակը լինեն:

– Աճպարարության ճյուղերը  շատ են, սակայն ամենատարածվածն ու կիրառելին իլյուզիան է, միկրոմագիան և ընդհանուր մոգությունը: Միայն խաղաթղթերով աշխարհում մոտ  7 հազար հնարք է  գրանցված: Ինչպես երաժշտության մեջ, աճպարարության մեջ էլ կան հնարք ստեղծողներ և պարզապես կատարողներ: Պարտադիր չէ, որ աճպարարը նաև հեղինակ կատարող լինի: Իմ հնարքներից բավական հետաքրքիր է հայկական տարազներով և հայկական գործիքներով բեմադրությունը: Իսկ թե որքան ժամանակ է պահաջվում մեկ հնարքի բեմադրության համար, դա կախված է հնարքի բարդությունից: Եթե այն կապված է մատների արագաշարժության հետ, ապա ավելի ժամանակատար է: Մի հնարքի բեմադրումը նույնիսկ կարող է 1-2 տարի տևել:

 – Կարծեմ ունեիք նաև հաղորդաշար, որը հեռուստադիտողին հնարավորություն էր տալիս ծանոթանալու աճպարարության արվեստի պատմությանը և միաժամանակ հնարքներ բացահայտել: Ինչո՞ւ դադարեցվեց նախագիծը:

– Այո, նման հաղորդում կար, սակայն դադարեցվեց հովանավորի բացակայության պատճառով: Հեռուստաընկերություններն առանց եկամտաբերության, սեփական միջոցների հաշվին չեն հեռարձակում նույնիսկ նման պահանջված հաղորդումներ:

 – Սպասվո՞ւմ են նոր նախագծեր:

– Պատրաստվում ենք առաջիկայում իրականացնել առաջին համահայկական աճպարարների փառատոն մրցույթը, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա աշնանը: Հայաստանի մշակույթի և պատմության մեջ այն կլինի աննախադեպ և առանձնահատուկ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայ աճպարարներ, որոնցից լավագույնները  համաձայնվել են ընդգրկվել նաև ժյուրիի կազմում: Այն բոլորովին նորույթ  է լինելու հայ հանդիսատեսի համար, ներկայացվելու են իմ բոլոր նոր համարները, մեկտեղվելու են մոդեռնն ու ազգագրականը: Իսկ այժմ «32 ատամի»  անձնակազմի հետ որոշել ենք մի հետաքրքիր ներկայացում պատրաստել, որում մեկտեղվելու են կատակերգությունն ու աճպարարությունը: Հետաքրքիր մտահղացումներ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն: Իսկ միջոցառման գաղափարն արդեն հավանության է արժանացել ակումբի տղաների կողմից: Կնոջս՝ Արևիկի հետ միասին պատրաստում ենք մի մոգական ներկայացում, որը կանվանենք մեր փոքրիկի՝ Եվայի անունով: «Եվա մաջիք» շոուն կընդգրկի աճպարարության արվեստի բոլոր ճյուղերը:

 Լ.Ն

 

Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

1 (1) (1)Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն : Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք :

Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ էր:

Լատվիայի Սաեյմայի նախագահը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին  իր հրավերը ընդունելու եւ Լատվիա այցելելու համար: Տիկին Աբոլտինան բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունները: Նա անհրաժեշտ համարեց  միջխորհրդարանական համագործակցության հետագա  զարգացումը եւ խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը:  Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ խորհրդարանների միջեւ գործակցության խորացմանը նպաստում են  բարեկամության  խմբերը եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ:  Նա բարձր գնահատեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը եւ  պատրաստակամություն հայտնեց փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարեւոր համարեց նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան:  Սաեյմայի նախագահը կարեւորեց համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ երկու  երկրների  բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:  Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին շրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել, ինչը միանշանակ վկայում է հարաբերությունները Էլ ավելի զարգացնելու երկուստեք ցանկությունը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` միջպետական հարաբերությունները խորացնելու գործում  կարևոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:  Նա նշեց, որ  Ազգային ժողովում  գործում է  Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի արդյունավետ  աշխատանքը խթանում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց,որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ համագործակցության խորացմանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովում նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերությանը և այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որը կարևոր հանգրվան պետք է հանդիսանա ԵՄ-Արևելյան գործընկերներ փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Մայիսի 16-ից Հայաստանը ստանձնեց  նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Սա  մեծ պատասխանատվություն է և, միաժամանակ, հնարավորություն մեր սեփական ներդրումն ունենալ կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այսօր, երբ Լատվիան  արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2015թ. ԵՄ նախագահության ստանձնմանը, ուզում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը և ցանկությունը ակտիվորեն ներգրավվելու Արևելյան գործընկերության օրակարգի ձևավորման գործընթացում»:

Առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով կողմերը կարեւորեցին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ Ռիգայում հունիսի վերջին կայանալիք հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները հանոզմունք հայտնեցին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հույս հայտնեց, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի և կդատապարտի ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը:

Հովիկ Աբրահամյանը տիկին Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան.հրավերը սիրով ընդունվեց:

Հանդիպումից  հետո Հովիկ Աբրահամյանը եւ Սոլվիտա Աբոլտինան լրատվամիջոցների համար  հանդես եկան հայտարարությամբ:

ԱԺ նախագահը Սաեյմայի նախագահի ուղեկցությամբ շրջայց կատարեց Լատվիայի խորհրդարանի շենքում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները այցելեցին  Ազատության հուշահամալիր,  որը հանդիսանում է Լատվիայի անկախության խորհրդանիշը:  Հուշակոթողի մոտ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ տեղի ունեցավ  հանդիսավոր արարողություն, հնչեցին երկու պետությունների օրհներգերը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի հետ: ԱԺ նախագահը շնորհավորեց  Ռիգայի քաղաքապետին վերընտրվելու կապակցությամբ եւ դրական գնահատեց Երեւանի եւ Ռիգայի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` հայ-լատվիական հարաբերությունների զարգացման եւ խորացման համատեքստում: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման միտումներ են արձանագրվում : Ռիգայի քաղաքապետը ներկայացրեց  քաղաքի կառավարման  համակարգը:  Նա տեղեկացրեց, որ 2014թ. Ռիգան հռչակվել է  Եվրոպայի մշակութային մայրաքաղաք  եւ այդ կապակցությամբ ակնկալում  է  Երեւանի քաղաքապետարանի մասնակցությունը  նախատեսվող տոնական միջոցառումներին։

Տեղի ունեցավ «Young stars» խորագիրը կրող միջբուհական փառատոնը

DSC_1351Հունիսի 4-ին «Young stars» խորագիրը կրող միջբուհական փառատոնը համախմբել էր ոչ պետական բուհերի շնորհաշատ ուսանողներին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող ուսանողական այս ծրագրում ընդգրկված էին երաժշտական ու պարային համարներ, որոնք ուղեկցվում էին նաև նորաձևության ցուցադրությամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ հիմնադրամը համագործակցության մեծ փորձ ունի Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի հետ։ ՙԵրբ մի քանի տարի առաջ սկսվեց ոչ պետական բուհերի հետ աշխատանքը, ընդամենը մի քանի բուհ էր ակտիվ և մասնակցում ուսանողական ծրագրերին, այսօր արդեն նրանց թիվը բավականին մեծ է, ինչը գալիս է ապացուցելու, որ նրանք կարող են մրցունակ լինել պետական բուհերի ուսանողական կառույցների հետ։ Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը կարողանում է բարձրացնել ուսանողների խնդիրները, գտնել դրանց լուծումները համապատասխան ծրագրերով՚,- նշեց Կարեն Ավագյանը։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանի տեղեկացմամբ փառատոնն այդ ձևաչափով առաջին անգամ է կայանում. մասնակցում էր մոտ 200 ուսանող 14 ոչ պետական բուհերից և օտարերկրյա բուհերի մասնաճյուղերից: Նա նաև նշեց, որ միջբուհական փառատոնի նպատակն ուսանողների արտալսարանային կյանքը ակտիվացնելն ու ժամանցը ճիշտ կազմակերպելն է:

Մշակութային ոլորտում տաղանդավոր երիտասարդներին բացահայտելու նպատակով Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը համագործակցել է մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների հետ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Վաշինգտոն

384. Minister Nalbandian met with the US Secretary of State John Kerry 05.06.2013Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում։

«Մենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես ուրախ եմ գտնվել Վաշինգտոնում և հանդիպել Ձեզ՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերությունն ամրապնդելու ուղիները:

Մեր երկու երկրները սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը, և, ինչպես Դուք նշեցիք, պարոն պետքարտուղար, խաղաղապահ գործողություններին մասնակցությունը՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան, ինչպես նաև այլ գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցերում:

Հայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության:

Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

Մենք կիսում ենք ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության տեսլականը։

Անցած քսան տարիների ընթացքում՝ մեր անկախությունից ի վեր, Միացյալ Նահանգները կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և մենք շնորհակալ ենք դրա համար:

Ես ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի արտահայտեմ մեր երախտագիտությունը նախագահ Օբամայի վարչակազմին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Մեր հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր բարձունքների հասցնել փոխգործակցությունը: Մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը և փոխըմբռնումը այն ընդլայնելու ամենալավ երաշխիքն է»։

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ջոն Քերին վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Պետքարտուղար Քերին ընդգծեց, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:

Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Ջոն Քերիին տեղեկացրեց, որ ցանկություն ունի այն իրականացնել այս տարվա ընթացքում։

 

Կինը պետք է վարորդ դառնա, որ հասկանա…

ԱթանեսյանԴեռևս տոհմային հասարակարգից, երբ մեր նախնիները հիմնականում մտածում էին գոյատևելու մասին, տղամարդիկ ֆիզիկական ուժի շնորհիվ պաշտպանում էին իրենց ցեղերը, ընտանիքները` թշնամու դեմ կռվի ելնելով, իսկ կանանց թողնում էին միայն երեխաներին մեծացնելու, կերակուր պատրաստելու և  նման այլ կենցաղային գործեր կատարելու աշխատանքը: Այդ ամենն արվում էր հաշտ ու համերաշխ, և կանայք կարծես չէին  էլ դժգոհում իրենց կյանքից: Սակայն մարդաբան Կլոդ Լևի–Սթրոսի ուսումնասիրության համաձայն` նախնադարյան տղամարդը կնոջն առաջ էր թողնում, քանի որ քարանձավից դուրս որևէ գազան կարող էր այդ պահին հարձակվել: Դա նշանակում է, որ առաջ կինը եղել է ֆիզիկապես ավելի ուժեղ և դեռ փոքրուց  տղամարդկանց պաշտպանել գազաններից կամ այլ հնարավոր վտանգաներից:

Այդքան ծեծված գենդերային թեմայի՝ երկու սեռերի դերերի  շուրջ փորձեցինք  զրուցել ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:

– Պրն Աթանեսյան, կինն ու տղամարդը հավասա՞ր են:

– Նրանք երբեք հավասար չեն եղել, նաև հստակ չի եղել, թե ով ումից է բարձր: Կարծում եմ, որ կին-տղամարդ ներքին կոնֆլիկտը միշտ էլ եղել է: Եթե երկու սեռերի միջև պայքար կա, ուրեմն նրանք հավասարազոր են, որովհետև միայն հավասարների միջև կարող է պայքար լինել:

– Այդ դեպքում ինչո՞ւ տղամարդիկ թույլ չեն տալիս կանանց սոցիալապես աճել:

– Կանանց ոչ ոք չի ստիպում կամ չի արգելում դառնալ նախագահ, պատգամավոր, վարորդ և այլն: Նրանք են որոշում՝ ինչ անել: Կնոջն արգելելու ոչ մի մեխանիզմ, կարծրատիպ չկա, նույնիսկ կենցաղում: Եթե կինը չի զբաղվում քաղաքականությամբ,  ապա միայն այն պատճառով, որ նա ունի այլ հոգսեր, որոնք պակաս ծանր չեն: Համոզված եմ, որ կանայք կարող են դառնալ ինչ ցանկանան, քանի որ պատմությունից գիտենք` քիչ չեն եղել հայտնի և հերոսական կանայք: Իսկ ո՞վ է ասել, որ ուժեղ կնոջ մոտ ուժեղ տղամարդ չի կարող լինել:

– Ինչպիսի՞ն է կնոջ սոցիալական կարգավիճակը մեր երկրում:

– Շատ բարձր: Այդ իրավունքը նա ստացել է սեփական ջանքերի, աշխատանքի և իմաստության շնորհիվ: Ցավոք, կինն այսօր խառը ֆունկցիաներով է օժտված և չես հասկանում՝ նա կի՞ն է, թե՞ տղամարդ, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց հետ շփումը: Երեխա ունենալն էլ մնացել է միակ ֆունկցիան, որով կինը տարբերվում է տղամարդուց:

– Իսկ տղամարդո՞ւ կարգավիճակը:

– Իրականում մեզ մոտ տղամարդկանցից դեռ շատ սպասելիքներ կան (հատկապես ֆինանսապես), բայց այսօր տղամարդու դեֆիցիտ կա: Եվ հիմնական պատճառը մայրն է, որ տղամարդը տղամարդ չի դառնում: Տղամարդը շատ լավ գիտակցում է, որ եթե չանի այն, ինչ հասարակությունն է պահանջում, կարժանանա այդ հասարակության և կնոջ վատ վերաբերմունքին: Միայն ֆինանսական սպասելիքների մասին չէ խոսքը, այլ հոգեբանական: Տղամարդը նույնպես սեր և հարգանք է ակնկալում կնոջից: Ուստի տղամարդկանց իրավունքները ևս պաշտպանության կարիք ունեն, հակառակ դեպքում դարձյալ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում:

– Շատ փիլիսոփաներ, գրողներ պնդում էին, որ կինն ընդամենը երկրորդական, ոչ կարևոր էակ է, որն անհրաժեշտ է միայն սերունդը շարունակելու համար:

– Բայց եղել են նաև հակառակը պնդող ականավոր մարդիկ, որոնց կարծիքով` կինը կյանքի իմաստն է: Իրականում ոչ ոք չի ստիպում կնոջը լինել երկրորդական, նա է ընտրում այդ դերը: Կինը պետք է դառնա նախագահ, պատգամավոր, վարորդ, որ հասկանա` դա ամենալավ տարբերակը չէ, և վերադառնա նախկին դերին: Երբեմն էլ կանայք մտածում են՝ եթե հնարավոր է ամեն ինչ ձեռք բերել տղամարդու միջոցով, ինչո՞ւ տանջվել: Մի խոսքով, հավասարությունը չի կարող պարտադրվել, կինն ունի խոսքի, մտքի ազատություն: Կարևորը` չխաբի ո՛չ իրեն, ո՛չ էլ ուրիշներին:

– Ինչպիսի՞ն պետք է լինեն երկու սեռերի իդեալական դերերը:

– Չկա իդեալական ոչինչ: Ճիշտ կլիներ, որ Հայաստանում տղամարդիկ ավելի շատ շփվեին կանանց, իսկ կանայք՝ տղամարդկանց հետ, քանի որ դրսում տղամարդկանց կամ կանանց բամբասող խմբակույտերը պոտենցիալ ագրեսիայի պատճառ են: Իսկ երկու սեռերի կապը, շփումը միմյանց հետ չեզոքացնում է բացասական էներգիան:

– Ինչի՞ց սկսել շտկել:

– Ծնողներից: Նրանք պետք է չթաքցնեն իրենց զգացմունքները երեխաներից, այլ միմյանց ձեռքից բռնեն և բացեիբաց համբուրվեն՝ դրական օրինակ ծառայելով նրանց: Այդ առումով ԶԼՄ-ները ևս շատ անելիք ունեն: Իսկ այն կարծիքը, թե կոնֆլիկտային վիճակի լուծման համար մի կողմը միշտ պիտի զիջի, կարծրատիպ է: Հավասարների միջև խաղաղությունն ավելի կայուն է:

 

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջական սկզբունքներն անհրաժեշտ է համաձայնեցնել հիմա. Հերման Վան Ռոմպեյ

1 (1)Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջական սկզբունքներն անհրաժեշտ է համաձայնեցնել հիմա: Այս մասին Եկատերինբուրգում Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարել է  ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Հերման Վան Ռոմպեյը նշել է, որ Ղաաբաղյան հակամարտությունը լուծելի հակամարտություն է, և իրենք կհամագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
 

 

Հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ

7837_bՇիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ`վարկային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վարկային կազմակերպության տնօրենը խախտել է աշխատանքային պայմանագրի և վարկային կազմակերպության տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված «Վարկային ձեռնարկ»-ի պահանջները: Մասնավորապես` իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելով` քաղաքացու հետ կնքել է 8000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ կոշտ գրավի պայմանագիր:

Ստանալիք վարկի ամբողջ ծավալով վերադարձն ապահովելու նպատակով վարկային կազմակերպության նախկին վարկառուներից մեկի վարկային փաստաթղթերի հիման վրա, կեղծելով վարկառուի ստորագրությունը, առանց հաճախորդի ներկայության, ենթադրյալ երաշխավորի անվամբ կազմակերպության մասնաճյուղի տնօրենը, ըստ նյութերի, կազմել է երաշխավորության կեղծ պայմանագիր ու այն վավերացրել իր ստորագրությամբ:

Այնուհետև ստացել է անհիմն ձևակերպված վարկային պայմանագրով հաճախորդի անվամբ դուրս գրված 8000 ԱՄՆ դոլար վարկից 4000 ԱՄՆ դոլար գումարը` ստանձնելով վարկից ստացած իր մասնաբաժնի մարման պարտավորությունը, ինչը, սակայն չի կատարել` ստացած գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Հետագայում քաղաքացին, ում անունով որ ձևակերպվել է ամբողջ վարկը, նույնպես չի կատարել վարկային պարտավորությունները:

Արդյունքում` վարկային կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ վարկառուի և երաշխավորի, որը դատարանն ամբողջությամբ բավարարել է և ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժնի կողմից արգելանք է դրվել որպես երաշխավոր հանդիսացող քաղաքացու գույքի վրա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:

Կարծում եմ` Թուրքիայում հեղաշրջում չի լինի. Արտակ Շաքարյան

3Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Գեզի այգու առնչությամբ բնապահպանների սկսած շարժումը այսօր արդեն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ  փողոց է դուրս բերել աջերին, ձախերին, միասեռականներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը և հավելեց. «Այսօր այգում են ֆուտբոլասերները, ովքեր հայտնի են որպես ազգայնականներ և ագրեսիվ տեսակ են: Սա մտահոգիչ է հայերիս համար, քանի որ Էրդողանը կարող է օգտվել առիթից ու շարժումը շեղել հայերի, հույների ու հրեաների ուղղությամբ: Կարող են ուղղորդել քանդելու ու թալանելու ազգային փոքրամասնությունների խանութները: Մյուս կողմից Թուրքիայում գլուխ բարձրացրած շարժումը շեղում է Թուրքիայի կառավարությանը արտաքին հարցերից՝ ԼՂ խնդրից, Հայոց ցեղասպանության հակածրագրերից»:

Ի տարբերություն ավելի վաղ` մեկ այլ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հայտնած  վստահությանը, թե Թուրքիայի այս  շարժմանն անուղղակիորեն աջակցում է Արևմուտքը` Արտակ Շաքարյանը գրեթե բացառեց արտաքին ուժերի ազդեցությանը. «Օտար ձեռագիր չեմ տեսնում: Կարող է այսօր փորձեն աջակցել արտաքին ուժերը, բայց ծագումը, կարծում եմ, զուտ թուրքական է», – ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է հնարավոր հեղաշրջմանը, թուրքագետը կարծիք հայտնեց, որ հեղաշրջում չի լինի, քանի որ Էրդողանը ազդեցիկ է,  բայց հնարավոր է նա փորձի հետ քայլ անել ու որոշ վերադասավորումների գնալ:

 

 

2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

socialakani byuje1Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության  2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես եկան առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են 10,23 մլրդ դրամ կամ ծրագրվածի 96,8%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2011 թ.-ի համեմատությամբ 2012թ.-ի համախառն արտադրանքն ավելացել է 9.5%-ով: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ծախսերը կազմել են 798.7 մլն դրամ կամ ծրագրվածի 93.2%-ը:

2012 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 110.5.%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի կատարողականով:

2012 թ.-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 26 ծրագիր: Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 97.2%, ինչը պայմանավորված է ծրագրերի իրականացման ժամանակ մրցույթային գործընթացներից առաջացած տնտեսումներով: Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 823 մլն դրամ:

ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 31 մլրդ 750 մլն դրամ, որից օգտագործվել է 29 մլրդ 525 մլն դրամը՝ ապահովելով 93% կատարողական:

 

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

2012 թ.-ի բյուջեով նախարարության եւ սոցիալական ապահովության բնագավառի ծախսերին հատկացվել է 278 մլրդ դրամ, որից օգտագործվել է 275.3 մլրդ դրամ՝ ապահովելով 99.1% կատարողական: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 94 ծրագերի կատարման համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: Նա նշեց, որ 2012թ.-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծումը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը

erit xorhrdarani nist (1)Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց  հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին  «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշեց, որ առաջարկվում է  օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով, այն է ՝ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  Օսմանյան կայսրությունում կամ Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը  հրապարակայնորեն  հերքելը , մեղմացնելը, արդարացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագծերը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաև  «ՀՀ Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

9 ՃՏՊ և 11 վիրավոր` մեկ օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության` 6,  մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3  և ավազակային հարձակման 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: